Կենսագրություն
Լի եմ վճռականությամբ՝ ծառայելու իմ Արարչին
ՊԱՏՄՈՒՄ Է ԿՈՆՍՏԱՆՍ ԲԵՆԱՆՏԻՆ
Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ։ Վեց օրվա ընթացքում մեր դստրիկի ջերմությունը բարձրացավ, և նա մահացավ։ Մեր աղջնակը երկու տարեկան էլ չկար։ Իմ վիշտն անտանելի էր։ Ես նույնպես ցանկանում էի մահանալ։ Ինչո՞ւ Աստված թույլ տվեց այդ բանը։ Ես փշրված էի։
ԾՆՈՂՆԵՐՍ ներգաղթել էին Կաստելլամարե դել Գոլֆո քաղաքից, որը գտնվում է Իտալիայի Սիցիլիա կղզում։ Նրանք բնակություն էին հաստատել Նյու Յորքում, որտեղ էլ ծնվեցի ես 1908 թ. դեկտեմբերի 8–ին։ Մեր ընտանիքում կային ութ երեխա՝ հինգ տղա և երեք աղջիկ։a
Հայրս՝ Սանտո Կատանձարոն, սկսեց հաճախել մի փոքր խմբի՝ Աստվածաշունչ ուսումնասիրողների (ինչպես նախկինում կոչվում էին Եհովայի վկաները) հանդիպումներին։ Մի իտալացի եղբայր՝ Ջովաննի դե Չեկկան, որը ծառայում էր Նյու Յորքում՝ Բրուքլինի գլխավոր վարչությունում (կոչվում է Բեթել), հանդիպումներ էր անցկացնում Նյու Ջերսիի մոտակայքում, որտեղ մենք էինք ապրում։ Ժամանակի ընթացքում հայրս սկսեց քարոզել և ապա անցավ լիաժամ ծառայության՝ շարունակելով այն մինչև իր մահը՝ 1953 թ.–ը։
Երիտասարդ տարիքում մայրս ցանկացել էր միանձնուհի դառնալ, սակայն նրա ծնողները թույլ չէին տվել։ Սկզբնական շրջանում գտնվելով մորս ազդեցության տակ՝ ես հորս չէի միանում Աստվածաշունչ ուսումնասիրելու հարցում։ Սակայն շուտով հայրիկիս մեջ փոփոխություններ նկատեցի։ Նա դարձավ ավելի մեղմ ու հանգիստ անձնավորություն, իսկ մեր ընտանիքի խաղաղությունն ավելացավ։ Այդ ամենը ինձ շատ դուր եկավ։
Որոշ ժամանակ անց հանդիպեցի իմ տարիքի մի երիտասարդի՝ Չարլզին, որը ծնվել էր Բրուքլինում։ Նրա ընտանիքը նույնպես Սիցիլիայից էր եկել։ Շուտով մենք նշանվեցինք։ Եվ երբ 1931 թ.–ին հայրիկը վերադարձավ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում կայացած Եհովայի վկաների համաժողովից, մենք ամուսնացանք։ Մեկ տարուց ծնվեց մեր դստրիկը՝ Կամիլլեն։ Իսկ երբ նա մահացավ, ես ուղղակի փշրվեցի։ Մի օր Չարլզը արտասվելով ինձ ասաց. «Մենք երկուսս էլ հավասարապես ցավում ենք Կամիլլեի համար։ Ինչո՞ւ չշարունակենք ապրել ու մխիթարել միմյանց»։
Ընդունում ենք Աստվածաշնչի ճշմարտությունը
Չարլզն ինձ հիշեցրեց, որ Կամիլլեի թաղման ժամանակ ելույթ ունենալիս հայրիկը խոսում էր հարության հույսի մասին։ Ես Չարլզին հարցրեցի. «Դու իրո՞ք հավատում ես հարությանը»։
«Հավատում եմ,— պատասխանեց նա։— Ինչո՞ւ չփորձենք իմանալ, թե ինչ է ասվում Աստվածաշնչում»։
Այդ գիշեր ես չկարողացա քնել։ Առավոտյան ժամը վեցին, նախքան հայրիկը աշխատանքի կգնար, ես մոտեցա և ասացի նրան, որ ես և Չարլզը ցանկանում ենք Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա անչափ ուրախացավ և գրկեց ինձ։ Մայրիկը, որ դեռ անկողնում էր, պատահաբար լսեց մեր զրույցը։ Նա հարցրեց ինձ, թե ինչ է պատահել։ «Ոչինչ,— ասացի,— պարզապես ես և Չարլզը որոշել ենք Աստվածաշունչ ուսումնասիրել»։
«Մենք բոլորս կարիք ունենք Աստվածաշունչն ուսումնասիրելու»,— ասաց նա։ Այսպիսով, բոլորս՝ 11 հոգուց բաղկացած մեր ամբողջ ընտանիքը՝ ներառյալ եղբայրներս ու քույրերս, սկսեցինք ուսումնասիրել Աստվածաշունչը։
Աստվածաշնչի ուսումնասիրությունը մխիթարեց ինձ, և վիշտս կամաց–կամաց փոխվեց հույսի։ Մեկ տարի անց՝ 1935 թ.–ին, Չարլզը և ես սկսեցինք պատմել աստվածաշնչյան ճշմարտությունը ուրիշներին։ 1937 թ. փետրվարին Բրուքլինի գլխավոր վարչությունում լսեցինք մի ելույթ, որում բացատրվում էր ջրի մկրտության սուրբգրային նշանակությունը։ Այնուհետև շատերի հետ միասին մկրտվեցինք մոտակա հյուրանոցի լողավազանում։ Ինձ այդ քայլին մղեց ոչ միայն դստրիկիս կրկին տեսնելու հույսը, այլ նաև իմ մեծ ցանկությունը ծառայելու մեր Արարչին, որին սկսել էի ճանաչել ու սիրել։
Լիաժամ ծառայություն ենք սկսում
Ես մեծ բավականություն էի ստանում, երբ պատմում էի ուրիշներին այն, ինչ սովորել էի։ Դա մի վարձահատույց գործ էր՝ հատկապես այն պատճառով, որ այդ ժամանակ շատերն էին դրականորեն արձագանքում Թագավորության պատգամին և միանալով մեզ՝ հռչակում բարի լուրը (Մատթէոս 9։37)։ 1941 թ.–ին ես և Չարլզը դարձանք ռահվիրաներ, ինչպես կոչվում են Եհովայի վկաների լիաժամ ծառայողները։ Որոշ ժամանակ անց մենք շարժատնակ գնեցինք։ Անդրավարտիքի գործարանը, որ պատկանում էր մեր ընտանիքին, Չարլզը հանձնեց եղբորս՝ Ֆրենկին։ Իսկ մի օր մենք անչափ հուզվեցինք, երբ ստացանք մի նամակ այն մասին, որ նշանակվել ենք որպես հատուկ ռահվիրաներ։ Սկզբնական շրջանում մենք ծառայում էինք Նյու Ջերսիում, իսկ ավելի ուշ մեզ ուղարկեցին Նյու Յորք նահանգ։
1946 թ.–ին, երբ ներկա էինք Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում տեղի ունեցող համաժողովին, մեզ խնդրեցին Եհովայի վկաների կազմակերպության հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատմել մեր ծառայության մասին։ Այդ հանդիպմանը ներկա էին Նաթան Նորը և Միլթոն Հենշելը։ Նրանք մեզ հետ զրուցեցին միսիոներական ծառայության՝ մասնավորապես Իտալիայում ծառայելու հնարավորության մասին։ Նրանք մեզ առաջարկեցին խորհել «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում սովորելու շուրջ։
«Մտածեք այդ մասին և տվեք ձեր պատասխանը»,— խնդրեցին նրանք։ Գրասենյակից դուրս գալով՝ ես և Չարլզը լուռ նայեցինք միմյանց, ետ շրջվեցինք ու նորից ներս մտանք։ «Մենք մտածեցինք։ Մենք պատրաստ ենք սովորելու Գաղաադում»,— հնչեց մեր պատասխանը։ Տասը օր անց մենք արդեն «Գաղաադի» յոթերորդ դասարանի ուսանողներ էինք։
Ուսումնառության ամիսները ուղղակի անմոռանալի էին։ Մեզ հատկապես տպավորել էին այդ դպրոցում դասավանդող ուսուցիչների սերն ու համբերատարությունը։ Նրանք նախապատրաստեցին մեզ հաղթահարելու օտար երկրի դժվարությունները։ 1946 թ. հուլիսին՝ դպրոցն ավարտելուց հետո, մենք ժամանակավորապես նշանակվեցինք քարոզելու Նյու Յորք քաղաքում, որտեղ իտալախոս մեծ համայնք կար։ Ապա եկավ այդ անմոռանալի օրը։ 1947 թ. հունիսի 25–ին մեկնեցինք Իտալիա՝ կատարելու մեր միսիոներական ծառայությունը։
Հարմարվում ենք նոր նշանակմանը
Մենք ճանապարհ ընկանք մի նավով, որը մի ժամանակ օգտագործվել էր ռազմական նպատակներով։ Տասնչորս օր հետո մեր նավը հանգրվանեց Իտալիայի Ջենովա քաղաքի նավահանգստում։ Քաղաքը դեռ չէր ապաքինվել Երկրորդ համաշխարհային պատերազմի հասցրած վերքերից։ Պատերազմն ընդամենը երկու տարի առաջ էր ավարտվել։ Կայարանում, օրինակ, ռմբակոծության պատճառով փշրվել էին բոլոր ապակիները։ Ջենովայից բեռնատար գնացքով մենք մեկնեցինք Միլան, որտեղ գտնվում էին մասնաճյուղի գրասենյակն ու միսիոներների տունը։
Իտալիայում ետպատերազմյան տարիներին կենսապայմանները չափազանց խղճուկ էին։ Վերակառուցման գործընթացն արդեն սկսվել էր, սակայն ամենուրեք դեռևս աղքատություն էր տիրում։ Շուտով ես առողջական լուրջ խնդրի բախվեցի։ Մի բժշկի կարծիքով՝ իմ սիրտն այնքան վատ վիճակում էր, որ պետք է վերադառնայի Միացյալ Նահանգներ։ Ուրախ եմ, որ նրա ախտորոշումը միանգամայն սխալ էր։ Այդ ժամանակվանից արդեն հիսունութ տարի է անցել, բայց դեռ Իտալիայում եմ՝ իմ նշանակման մեջ։
Ընդամենը մի քանի տարի էր, ինչ ծառայում էինք Իտալիայում, երբ Միացյալ Նահանգներում բնակվող հարազատ եղբայրներս որոշեցին մեզ մեքենա նվիրել։ Բայց Չարլզը որոշեց հրաժարվել նրանց առաջարկից։ Այդ որոշումը ես բարձր գնահատեցի։ Մենք գիտեինք, որ այն ժամանակ Իտալիայում ոչ մի Վկա մեքենա չուներ, ուստի Չարլզը կարծում էր, որ ավելի լավ կլիներ, եթե մենք էլ ապրեինք այնպես, ինչպես մեր հավատակիցները։ Միայն 1961 թ.–ին մենք մի փոքրիկ մեքենա ձեռք բերեցինք։
Միլանի մեր առաջին Թագավորության սրահը գտնվում էր նկուղում՝ հողե հատակի վրա։ Այնտեղ լվացարան չկար, իսկ ջուրը տեսնում էինք միայն մեր ոտքերի տակ, այն էլ, երբ անձրև էր գալիս։ Մեզ նաև ընկերակցում էին մի քանի մկնիկներ, որոնք անվերջ այս ու այն կողմ էին վազվզում։ Իսկ երկու էլեկտրական լամպ ապահովում էին լուսավորությունը ժողովների ժամանակ։ Չնայած այս բոլոր անհարմարություններին՝ քաջալերական էր տեսնել անկեղծ անհատների, որոնք հաճախում էին մեր հանդիպումներին և ժամանակի ընթացքում միանում մեզ ծառայության գործում։
Դեպքեր միսիոներական ծառայությունից
Մի օր մի տղամարդու տվեցինք «Խաղաղություն. կարո՞ղ է այն հարատև լինել» գրքույկը։ Երբ արդեն հեռանում էինք, նրա կինը՝ Սանտինան, պայուսակներով բեռնավորված, վերադառնում էր նպարեղենի խանութից։ Նա մի փոքր նյարդայնացած էր և ասաց, որ իրենց հոգածության տակ ութ աղջիկ ունեն և ավելորդ ժամանակ չունեն։ Երբ հաջորդ անգամ ես այցելեցի Սանտինային, նրա ամուսինը տանը չէր, իսկ նա ինչ–որ բան էր գործում։ «Ժամանակ չունեմ Ձեզ լսելու,— ասաց նա։— Բացի այդ, ես կարդալ չգիտեմ»։
Ես մտքում աղոթեցի Եհովային, ապա հարցրեցի այդ կնոջը, թե կարող եմ վճարել նրան, որպեսզի ամուսնուս համար մի սվիտեր գործի։ Երկու շաբաթից սվիտերը պատրաստ էր, իսկ ես ու Սանտինան արդեն սկսել էինք կանոնավորաբար ուսումնասիրել Աստվածաշունչը «Ճշմարտությունը կազատի ձեզ» գրքի օգնությամբ։ Նա կարդալ սովորեց և, չնայած իր ամուսնու հակառակությանը, հոգևորապես առաջադիմեց ու մկրտվեց։ Իր դուստրերից հինգը նույնպես դարձան Եհովայի վկաներ, իսկ ինքը՝ Սանտինան, օգնեց շատերին ընդունելու աստվածաշնչյան ճշմարտությունը։
1951 թ. մարտին մենք երկու միսիոներների՝ Ռութ Քենոնիb և Լոյս Քալահանի հետ (վերջինս հետագայում ամուսնացավ Բիլ Ուենգերտի հետ) տեղափոխվեցինք Բրեշիա, որտեղ ոչ մի Վկա չկար։ Մենք մի կահավորված բնակարան գտանք, բայց երկու ամսից տանտերը խնդրեց, որ քսանչորս ժամվա ընթացքում ազատենք բնակարանը։ Քանի որ այդ տարածքում ոչ մի Վկա չկար, մեզ ուրիշ ելք չէր մնում, քան հյուրանոցում ապաստարան գտնել, որտեղ մնացինք մոտ երկու ամիս։
Մեր համեստ սննդակարգը հետևյալն էր. նախաճաշին՝ կապուչինո սուրճ և բուլկիներ, ճաշին՝ միրգ, չորահաց ու պանիր, իսկ ընթրիքին՝ միրգ ու չորահաց։ Չնայած դժվարություններին՝ մենք մեծապես օրհնվում էինք։ Ժամանակի ընթացքում մենք մի փոքրիկ բնակարան գտանք, իսկ 1952 թ.–ին Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն անցկացրեցինք փոքր սենյակում, որն օգտագործում էինք որպես Թագավորության սրահ։ Երեկոյին ներկա էին 35 հոգի։
Հաղթահարում ենք դժվարությունները
Այդ տարիներին հոգևորականները դեռևս մեծ ազդեցություն էին բանեցնում մարդկանց վրա։ Օրինակ՝ երբ քարոզում էինք Բրեշիայում, քահանաների դրդմամբ մի քանի տղաներ մեզ վրա քարեր էին նետում։ Ժամանակի ընթացքում, սակայն, մենք աստվածաշնչյան ուսումնասիրություններ սկսեցինք 16 հոգու հետ, և շատ չանցած նրանք Վկաներ դարձան։ Իսկ ո՞վ էր նրանց թվում. այն տղաներից մեկը, որը քարեր էր նետում մեզ վրա։ Իսկ հիմա նա Բրեշիայի ժողովներից մեկում ծառայում է որպես երեց։ Երբ 1955 թ.–ին մենք հեռացանք Բրեշիայից, այնտեղ արդեն 40 քարոզիչ կար։
Դրանից հետո մենք երեք տարի ծառայեցինք Լիվորնոյում, որտեղ Վկաների մեծամասնությունը կանայք էին։ Դա նշանակում էր, որ մենք՝ քույրերս, ժողովում պետք է կատարեինք այն պարտականությունները, որոնք սովորաբար եղբայրներին են տրվում։ Հետո տեղափոխվեցինք Ջենովա, որտեղ 11 տարի առաջ սկսել էինք մեր քարոզչական գործունեությունը։ Այնտեղ արդեն ժողով էր հաստատվել։ Թագավորության սրահը գտնվում էր այն շենքի առաջին հարկում, որտեղ մենք էինք բնակվում։
Ջենովա վերադառնալուն պես ես ուսումնասիրություն սկսեցի մի կնոջ հետ, որի ամուսինը բռնցքամարտիկ էր եղել և բռնցքամարտի մարզահամալիրի տնօրենն էր։ Այդ կինը հոգևորապես առաջադիմեց և շուտով դարձավ մեր քույրը։ Բայց նրա ամուսինը երկար ժամանակ հակառակվում էր նրան։ Սակայն հետո սկսեց իր կնոջը ժողով ուղեկցել։ Սրահ մտնելու փոխարեն՝ նա նստում էր դրսում և լսում։ Հետագայում, երբ մենք արդեն հեռացել էինք Ջենովայից, իմացանք, որ նա Աստվածաշունչ ուսումնասիրելու ցանկություն էր հայտնել։ Ավելի ուշ նա մկրտվեց, ապա ժամանակի ընթացքում դարձավ սիրալիր վերակացու։ Նա մինչև մահ հավատարիմ մնաց Եհովային։
Ես Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցի նաև մի կնոջ հետ, որի փեսացուն ոստիկան էր։ Սկզբում նա որոշակի հետաքրքրություն էր ցուցաբերում, բայց ամուսնությունից հետո նրա վերաբերմունքը փոխվեց։ Նա սկսեց հակառակվել իր կնոջը, և վերջինս դադարեցրեց ուսումնասիրությունը։ Երբ կինը հետագայում վերսկսեց Աստվածաշնչի ուսումնասիրությունը, ամուսինը սպառնաց նրան՝ ասելով, որ եթե երբևէ տեսնի մեզ ուսումնասիրելիս, երկուսիս էլ կսպանի։ Այնուամենայնիվ, կինը հոգևորապես առաջադիմեց և մկրտվեց։ Կարիք չկա նշելու, որ նրա ամուսինը մեզ այդպես էլ չսպանեց։ Տարիներ անց, երբ ես ներկա էի Ջենովայում անցկացվող համաժողովին, ինչ–որ մեկը հետևից մոտեցավ ինձ, փակեց աչքերս և հարցրեց, թե կարող եմ կռահել՝ ով է։ Ես չկարողացա զսպել արցունքներս, երբ տեսա այդ կնոջ ամուսնուն։ Գրկախառնությունից հետո նա ինձ ասաց, որ իր նվիրումը Եհովային նա այդ օրը խորհրդանշել էր մկրտությամբ։
1964–1972 թթ.–ին ես առանձնաշնորհում ունեցա ընկերակցելու Չարլզին, երբ նա այցելում էր ժողովներն ու հոգևորապես ամրապնդում մեր հավատակիցներին։ Մենք ծառայեցինք Իտալիայի գրեթե ողջ հյուսիսային մասում՝ Պիեմոնտում, Լոմբարդիայում և Լիգուրիայում։ Հետո մենք կրկին անցանք ռահվիրայական ծառայության՝ քարոզելով Ֆլորենցիայի մոտակայքում, իսկ ավելի ուշ՝ Վերչելիում։ 1977 թ.–ին Վերչելիում միայն մեկ ժողով կար, սակայն երբ 1999 թ.–ին մեկնեցինք այնտեղից, արդեն երեք ժողով էր կազմավորվել։ Այդ տարի բոլորեց իմ 91 տարին, և մեզ առաջարկեցին ապրել Հռոմում գտնվող միսիոներական տանը։ Այն մի գեղեցիկ, փոքր տուն էր, որը համեմատաբար ավելի խաղաղ տարածքում էր գտնվում։
Ցավալի իրադարձություն
Չարլզը երբեք չէր բողոքում իր առողջությունից։ Սակայն 2002 թ. մարտին նրա առողջական վիճակը կտրուկ փոխվեց։ Նրա ինքնազգացողությունը սկսեց օր օրի վատանալ, ու 2002 թ. մայիսի 11–ին նա մահացավ։ Մեր համատեղ կյանքի 71 տարիների ընթացքում մենք լաց ենք եղել միասին տխրության պահերին և ուրախացել օրհնություններ ստանալիս։ Նրա մահը շատ մեծ ու ծանր կորուստ էր ինձ համար։
Ես հաճախ եմ հիշում Չարլզին՝ իր երկքղանցք պիջակով ու երեսունականների գլխարկը գլխին։ Նրա ժպիտը կարծես աչքիս առաջ լինի, ու թվում է, թե լսում եմ նրա ծիծաղի ձայնը։ Եհովայի օգնության և քրիստոնյա եղբայրներիս սիրո շնորհիվ կարողացա դիմանալ այդ ցավին։ Ես անձկագին սպասում եմ այն օրվան, երբ նորից կտեսնեմ Չարլզին։
Շարունակում եմ ծառայությունս
Իմ Արարչին ծառայելը ամենահրաշալի բանն է եղել իմ կյանքում։ Տարիներ շարունակ ‘ճաշակել և տեսնել եմ, որ Եհովան քաղցր է’ (Սաղմոս 34։8)։ Ես անձամբ զգացել եմ նրա սերն ու տեսել նրա հոգատարությունը։ Թեև կորցրել եմ մանկիկիս, սակայն Եհովան տվել է ինձ բազմաթիվ հոգևոր որդիներ ու դուստրեր, որոնք բնակվում են ողջ Իտալիայով մեկ։ Նրանք ոչ միայն իմ, այլ նաև Եհովայի սրտի բերկրանքն են։
Իմ Արարչի մասին մարդկանց պատմելը միշտ էլ ամենասիրելի գործն է եղել։ Այդ իսկ պատճառով շարունակում եմ քարոզել և աստվածաշնչյան ուսումնասիրություններ անցկացնել։ Երբեմն ափսոսում եմ, որ առողջությանս պատճառով չեմ կարողանում ավելին անել։ Բայց ես հասկանում եմ, որ Եհովան գիտի հնարավորություններս։ Նա սիրում է ինձ և գնահատում այն ամենը, ինչ կարողանում եմ անել (Մարկոս 12։42)։ Ձգտում եմ ապրել Սաղմոս 146։2–ում արձանագրված խոսքերի համաձայն. «Տիրոջը կ’օրհնեմ ես իմ կեանքումը. իմ Աստուծուն սաղմոս կ’ասեմ քանի որ կամ»։c
[ծանոթագրություններ]
a Եղբորս՝ Անջելո Կատանձարոյի կենսագրությունը տպագրվել է «Դիտարանի» 1975 թ. ապրիլի 1–ի համարում, էջ 205–207 (անգլ.)։
b Նրա կենսագրությունը տե՛ս «Դիտարանի» 1971 թ. մայիսի 1–ի համարում, էջ 277–280 (անգլ.)։
c Քույր Բենանտին կյանքից հեռացավ 2005 թ. հուլիսի 16–ին, մինչ այս հոդվածը պատրաստվում էր տպագրության։ Նա 96 տարեկան էր։
[նկար 13–րդ էջի վրա]
Կամիլլե
[նկար 14–րդ էջի վրա]
1931 թ.–ին՝ մեր հարսանիքի օրը
[նկար 14–րդ էջի վրա]
Թեև սկզբում մայրս հետաքրքրություն չէր ցուցաբերում, սակայն հետո համաձայնվեց, որ բոլորս Աստվածաշունչ ուսումնասիրենք
[նկար 15–րդ էջի վրա]
Եղբայր Նորի հետ՝ «Գաղաադի» ավարտականի օրը, 1946 թ.
[նկար 17–րդ էջի վրա]
Չարլզի հետ՝ իր մահից կարճ ժամանակ առաջ