Հիսուսին ընդօրինակելով՝ հոգատար լինենք աղքատների հանդեպ
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ ու կեղեքումը գրեթե նույնքան հին են, որքան որ մարդկությունը։ Այն Օրենքը, որ Աստված տվել էր իսրայելացիներին, խրախուսում էր նրանց պաշտպանելու աղքատներին և մեղմելու նրանց տառապանքը։ Սակայն իսրայելացիները հաճախ չէին կատարում Օրենքի պահանջները (Ամովս 2։6)։ Նրանք աղքատներին վատ էին վերաբերվում, և Եզեկիել մարգարեն դատապարտեց դա։ Նա ասաց. «Երկրի ժողովուրդը զրկանքներ է որ գործում է՝ յափշտակութիւններ է որ անում է, եւ խեղճին ու աղքատին հարստահարում, եւ օտարականին զրկում անիրաւութեամբ» (Եզեկիէլ 22։29)։
Իրավիճակը չէր փոխվել այն ժամանակ, երբ Հիսուսը երկրի վրա էր։ Կրոնական առաջնորդներին բոլորովին չէին հետաքրքրում աղքատներն ու կարիքավորները։ Աստվածաշունչն ասում է, որ նրանք «արծաթասէր», այսինքն՝ փողասեր էին, «որբեւայրիների տներն ուտում» էին և ավելի շատ հետաքրքրված էին իրենց ավանդությունները պահելով, քան թե տարեցներին և կարիքավորներին հոգ տանելով (Ղուկաս 16։14; 20։47; Մատթէոս 15։5, 6)։ Հետաքրքրական է, որ բարի սամարացու մասին Հիսուսի պատմած առակում քահանան և ղևտացին, տեսնելով վիրավոր մարդու, օգնելու փոխարեն անուշադրության մատնեցին նրան ու շարունակեցին իրենց ճանապարհը (Ղուկաս 10։30–37)։
Հիսուսը հոգատար էր աղքատների հանդեպ
Ավետարանները ցույց են տալիս, որ Հիսուսը լիովին հասկանում էր աղքատների դժվարությունները և անչափ զգայուն էր նրանց կարիքների հանդեպ։ Թեև ապրում էր երկնքում, նա թողեց երկնային կյանքը ու եկավ երկիր՝ որպես մարդ, և ‘հանուն մեզ աղքատացավ’ (Բ Կորնթացիս 8։9)։ Մարդկանց բազմությունը տեսնելով՝ Հիսուսը «գթաց նորանց վերայ, որ յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին» (Մատթէոս 9։36)։ Աղքատ այրու մասին դեպքը ցույց է տալիս, որ Հիսուսին այդ կնոջ աննշան նվիրատվությո՛ւնը տպավորեց և ոչ թե հարուստների առատ ընծաները, որ տալիս էին «իրանց աւելացածներիցը»։ Նրա արածը ալեկոծեց Հիսուսի սիրտը, քանի որ այրին «իր կարօտութիւնիցն իր բոլոր ապրուստն՝ որ ունէր՝ գցեց» (Ղուկաս 21։4)։
Հիսուսը ոչ միայն կարեկցանք էր զգում աղքատների հանդեպ, այլև անձամբ հետաքրքրվում էր նրանց կարիքներով։ Նա և իր առաքյալները ընդհանուր գանձանակ ունեին և այնտեղ գցված դրամից բաժին էին հանում կարիքավոր իսրայելացիներին (Մատթէոս 26։6–9; Յովհաննէս 12։5–8; 13։29)։ Հիսուսը նրանց, ովքեր ուզում էին դառնալ իր հետևորդները, խրախուսեց գիտակցել, որ իրենք պարտավոր են աջակցելու աղքատներին։ Նա հարուստ երիտասարդ իշխանին ասաց. «Ամեն ինչ որ ունիս՝ ծախիր, եւ աղքատներին տուր, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ»։ Այն փաստը, որ այդ մարդը չցանկացավ հրաժարվել իր ունեցվածքից, ցույց է տալիս, որ նա հարստությունն ավելի շատ էր սիրում, քան Աստծուն և մերձավորին։ Նա չուներ այն հատկությունները, որոնք անհրաժեշտ էին Հիսուսի աշակերտը դառնալու համար (Ղուկաս 18։22, 23)։
Քրիստոսի հետևորդները հոգատար են աղքատների հանդեպ
Հիսուսի մահից հետո նրա առաքյալները և մյուս հետևորդները շարունակեցին հոգատարություն ցուցաբերել աղքատների հանդեպ։ Մոտավորապես 49 թ.–ին Պողոս առաքյալը հանդիպեց Հակոբոսին, Պետրոսին և Հովհաննեսին ու նրանց հետ խոսեց այն հանձնարարության մասին, որ ստացել էր Տեր Հիսուս Քրիստոսից, այն է՝ քարոզել բարի լուրը։ Նրանք համաձայնվեցին, որ Պողոսն ու Բառնաբասը գնան «հեթանոսների մէջ»՝ գլխավորապես քարոզելու ոչ հրեաներին։ Միևնույն ժամանակ Հակոբոսն ու իր ուղեկիցները հորդորեցին Պողոսին և Բառնաբասին ‘հիշել աղքատներին’, և Պողոսը ‘ջանք արեց հենց դա անելու’ (Գաղատացիս 2։7–10)։
Կլավդիոս կայսեր օրոք Հռոմեական կայսրության տարբեր մասերում սաստիկ սով էր ընկել։ Այդ ժամանակ անտիոքցի քրիստոնյաները «որոշեցին որ իրանցից ամեն մէկն, որքան որ կարող էր, օգնութիւն ուղարկէ Հրէաստանումը բնակուած եղբայրներին. որ արին էլ, եւ ուղարկեցին երէցների մօտ՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռովը» (Գործք 11։28–30)։
Նմանապես այսօր ճշմարիտ քրիստոնյաները գիտակցում են, որ Հիսուսի հետևորդները պետք է հոգատար լինեն աղքատների, կարիքավորների և հատկապես աղքատ ու կարիքավոր հավատակիցների հանդեպ (Գաղատացիս 6։10)։ Ուստի նրանք հոգատարությամբ են վերաբերվում զրկվածներին։ Օրինակ՝ 1998 թ.–ին Բրազիլիայի գրեթե ողջ հյուսիսարևելյան մասում երաշտ էր։ Այն ոչնչացրեց բրնձի, լոբու և եգիպտացորենի բերքը, ինչի հետևանքով ամենուրեք սկսեց տարածվել սովը, որը վերջին 15 տարիների ընթացքում ամենասաստիկն էր։ Որոշ վայրերում նույնիսկ խմելու ջուր չկար։ Երկրի մյուս մասերում ապրող Եհովայի վկաները անմիջապես օգնության կոմիտեներ կազմակերպեցին և կարճ ժամանակում տոննաներով սննդամթերք հավաքեցին ու, վճարելով ճանապարհածախսը, տեղ հասցրեցին։
Օգնության ձեռք մեկնած Վկաները գրեցին. «Անչափ երջանիկ ենք, որ կարող ենք օգնել մեր եղբայրներին, բայց առանձնապես ուրախ ենք այն պատճառով, որ Եհովայի սիրտն ենք ուրախացնում։ Մենք երբեք չենք մոռանում Յակոբոս 2։15, 16 խոսքերը»։ Աստվածաշնչի այդ խոսքերում ասվում է. «Եթէ մի եղբայր կամ քոյր մերկ լինին կամ օրուայ կերակրին կարօտ. եւ ձեզանից մէկն ասէ նորանց. Գնացէք խաղաղութեամբ, տաքացէք եւ կշտացէք. եւ մարմնի պէտք եղածը չ’տաք նորանց, օգուտն ի՞նչ կ’լինի»։
Մի խոնարհ և եռանդուն Եհովայի վկա, որը ծառայում է Սան Պաուլու քաղաքի Եհովայի վկաների ժողովներից մեկում, աղքատ է և հազիվ է ծայրը ծայրին հասցնում։ Նա ասում է. «Թեև ապրում եմ աղքատության մեջ, այնուամենայնիվ Աստվածաշնչի պատգամը իմ կյանքն իրական իմաստով է լցնում։ Չգիտեմ՝ ինչ կլիներ ինձ հետ, եթե հավատակիցներս չօգնեին»։ Մի որոշ ժամանակ առաջ այս աշխատասեր քրիստոնյա կինը պետք է վիրահատվեր, բայց ի վիճակի չէր ծածկելու բուժման ծախսերը։ Նրա ժողովի անդամները կարողացան օգնել նրան այդ հարցում։ Ամբողջ աշխարհում ճշմարիտ քրիստոնյաները օգնում են կարիքի մեջ գտնվող իրենց հավատակիցներին։
Իհարկե, նման դեպքերը քաջալերական են, բայց մի բան պարզ է. այդ ձևով աղքատությունը արմատախիլ անել հնարավոր չէ։ Նույնիսկ հարուստ երկրներն ու խոշոր միջազգային կազմակերպությունները, չնայած որոշակի հաջողություններին, ի վիճակի չեն վերացնելու այս դարավոր խնդիրը։ Ուստի հարց է առաջանում. «Ինչպե՞ս կարելի է վերջնականապես լուծել աղքատության, ինչպես նաև մարդկության առջև ծառացած մյուս հիմնախնդիրները»։
Աստվածաշնչյան ուսմունքները հարատև օգուտներ կբերեն
Ավետարանները հայտնում են, որ Հիսուս Քրիստոսը միշտ բարի գործեր էր կատարում աղքատների և կարիքավորների համար (Մատթէոս 14։14–21)։ Սակայն ո՞ր գործունեությունն էր նրա համար առաջնահերթ։ Մի անգամ Հիսուսը որոշակի ժամանակ հատկացրեց կարիքավորներին օգնելու համար, այնուհետև իր աշակերտներին ասաց. «Գնանք այն գիւղաքաղաքներն էլ, որ այնտեղ քարոզեմ»։ Ինչո՞ւ Հիսուսն ընդհատեց հիվանդներին և կարիքավորներին օգնելը, որպեսզի դարձյալ սկսեր իր քարոզչական գործունեությունը։ Նա բացատրեց. «Սորա [այսինքն՝ քարոզելու] համար եմ եկած» (Մարկոս 1։38, 39; Ղուկաս 4։44)։ Թեև կարիքավոր մարդկանց օգտին բարի գործեր անելը կարևոր էր Հիսուսի համար, այնուամենայնիվ, նրա գլխավոր առաքելությունը Աստծու Թագավորության մասին քարոզելն էր (Մարկոս 1։14)։
Աստվածաշունչը հորդորում է ‘հետևել Հիսուսի հետքերին’։ Ուստի, քրիստոնյաները ուրիշներին օգնելու հարցում կարողանում են ճիշտ առաջնահերթություն դնել (Ա Պետրոս 2։21)։ Հիսուսի պես՝ նրանք օգնում են կարիքավորներին։ Բայց դարձյալ Հիսուսի պես՝ նրանք Աստծու Թագավորության մասին բարի լուրը, որ գրված է Աստվածաշնչում, իրենց կյանքի ամենակարևոր գործունեությունն են համարում (Մատթէոս 5։14–16; 24։14; 28։19, 20)։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Աստծու Խոսքի պատգամը քարոզելը պետք է գերադաս լինի ուրիշներին օգնելու մյուս ձևերից։
Բազմաթիվ իրական դեպքեր, որ տեղի են ունենում աշխարհի ամենատարբեր վայրերում, ցույց են տալիս, որ երբ մարդիկ հասկանում և կիրառում են Աստվածաշնչի գործնական խորհուրդները, ապա ավելի պատրաստված են լինում հաղթահարելու կյանքի խնդիրները, այդ թվում նաև աղքատությունը։ Բացի այդ, Աստծու Թագավորության մասին աստվածաշնչյան պատգամը, որ քարոզում են Եհովայի վկաները, մարդկանց ապագայի հույս է տալիս, հույս, որը նրանց հավաստիացնում է, որ նույնիսկ ամենածանր իրավիճակներում արժե շարունակել ապրել (Ա Տիմոթէոս 4։8)։ Ի՞նչ հույս է դա։
Աստծու Խոսքը մեր ապագայի վերաբերյալ վստահեցնում է. «[Աստծու] խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. որոնցում արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13)։ Աստվածաշնչի որոշ համարներում «երկիր» բառը վերաբերում է երկրի վրա ապրող մարդկանց (Ծննդոց 11։1)։ Ուստի խոստացված արդար ‘նոր երկիրը’, որ պիտի գա, ներկայացնում է Աստծու հավանությունն ունեցող մարդկանց մի հասարակություն։ Աստվածաշունչը խոստանում է, որ Քրիստոսի իշխանության ներքո Աստծու հավանությանն արժանացած մարդիկ կստանան հավիտենական կյանքի պարգևը և գոհացուցիչ կյանք կվայելեն երկրային դրախտում (Մարկոս 10։30)։ Այդ սքանչելի ապագան կարող են տեսնել բոլորը, նաև աղքատները։ Այդ ‘նոր երկրում’ աղքատության խնդիրը մեկընդմիշտ լուծված կլինի։
[շրջանակ/նկար 7-րդ էջի վրա]
ԻՆՉՊԵ՞Ս ՀԻՍՈՒՍԸ «Կ’ՓՐԿԷ.... ԱՂՔԱՏԻՆ» (Սաղմոս 72։12)
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ։ «Նա իրաւունք անէ ժողովրդի աղքատներին. խեղճերի որդիքը փրկէ եւ զրկողներին ջարդէ» (Սաղմոս 72։4)։ Քրիստոսի իշխանության օրոք երկրի վրա բոլորի համար արդարություն կլինի։ Ընդհանրապես չի լինի կաշառակերություն, մի չարիք, որի պատճառով աղքատության ճիրաններից չեն կարողանում դուրս գալ շատ երկրներ, որոնք այլապես կարող էին հարուստ լինել։
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ։ «Նորա օրերումը ծաղկի արդարը. եւ շատ խաղաղութիւն՝ մինչեւ որ լուսին էլ չ’լինի» (Սաղմոս 72։7)։ Աշխարհում աղքատության հիմնական պատճառներից մեկը հակամարտություններն ու պատերազմներն են։ Քրիստոսը լիակատար խաղաղություն կբերի երկրին՝ վերացնելով այդ պատճառը։
ԿԱՐԵԿՑԱՆՔ։ «Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ։ Նենգութիւնից [«Հարստահարութենէ», ԱԱ] եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կ’լինի նորա առաջին» (Սաղմոս 72։12–14)։ Խեղճերը, աղքատները և հարստահարվածները երջանիկ մարդկային ընտանիքի մաս կկազմեն՝ միավորված՝ Թագավոր Հիսուս Քրիստոսի իշխանության ներքո։
ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ։ «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ» (Սաղմոս 72։16)։ Քրիստոսի իշխանության ժամանակ նյութական բարիքների առատություն կլինի։ Այլևս չեն լինի սննդի պակաս և սով, որոնք այսօր հաճախ աղքատության պատճառ են։
[Նկար 4-րդ և 5-րդ էջերի վրա]
Հիսուսը անձամբ հետաքրքրվում էր աղքատների կարիքներով
[նկար 6-րդ էջի վրա]
Աստվածաշնչի պատգամը իրական հույս է տալիս