Հիսուսի ծնունդը ինչպես է խաղաղություն բերում
ՀՐԵՇՏԱԿԻ խոսքերն այն մասին, որ Աստծու բարեհաճությունը վայելող մարդիկ խաղաղություն կունենան, Հիսուսի ծննդյան հետ կապված միակ մարգարեությունը չէր։ Ի լրումն այն խոսքերի, որ հրեշտակներն ասացին զարմացած հովիվներին՝ այդ երկնային պատգամաբերները Մարիամին ու նրա ամուսնուն՝ Հովսեփին, Աստծու կողմից տեղեկություն հաղորդեցին նորածին Հիսուսի մասին։ Դրանք քննելով՝ մենք ավելի լայն պատկերացում կունենանք Քրիստոսի ծննդյան մասին, ինչպես նաև կհասկանանք խաղաղության վերաբերյալ հրեշտակի խոստման իրական նշանակությունը։
Մարիամը նույնիսկ դեռ չէր հղիացել Հիսուսով, երբ նրան այցելեց մի հրեշտակ, որի անունը, ինչպես գրված է Աստվածաշնչում, Գաբրիել էր։ Հրեշտակն ասաց. «Ողջոյն քեզ, ով շնորհընկալ. Տէրը քեզ հետ»։ Երևի պատկերացնում եք, թե Մարիամը որքան անհանգստացավ։ Նա, հավանաբար, նույնիսկ վախեցավ։ Ի՞նչ էր նշանակում այդ ողջույնը։
Գաբրիելը բացատրեց. «Ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. եւ նորա անունը Յիսուս կ’դնես։ Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. եւ նա յաւիտեան կը թագաւորէ Յակոբի տան վերայ. եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ»։ Մարիամը հարցրեց, թե ինչպես է դա հնարավոր, այն դեպքում երբ ինքը կույս էր և որևէ տղամարդու հետ սեռական հարաբերություն չէր ունեցել։ Գաբրիելը պատասխանեց, որ Մարիամը կհղիանա Աստծու սուրբ ոգու միջոցով։ Ապագա մանուկը սովորական երեխա չէր լինելու (Ղուկաս 1։28–35)։
Նախագուշակված թագավոր
Գաբրիելի խոսքերը պետք է որ օգնեին Մարիամին գլխի ընկնելու, որ իր ապագա զավակի մասին գրվել է հին մարգարեություններում։ Այն լուրը, որ Եհովա Աստված Մարիամի որդուն տալու էր «նորա Դաւիթ հօր աթոռը», պետք է մղեր նրան, ինչպես նաև Գրություններին ծանոթ ցանկացած հրեայի մտածել այն խոստման մասին, որ Աստված տվել էր Իսրայելի թագավոր Դավթին։
Նաթան մարգարեի միջոցով Եհովան Դավթին ասել էր. «Քո տունը եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է, քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան» (Բ Թագաւորաց 7։4, 16)։ Իսկ Դավթի վերաբերյալ Աստված հետևյալն էր հայտնել. «Ես յաւիտեան կ’հաստատեմ նորա զաւակին. եւ նորա աթոռը ինչպէս երկնքի օրերը։ Նորա զաւակը յաւիտեան պիտի լինի, եւ նորա աթոռը ինչպէս արեգակն իմ առաջին» (Սաղմոս 89։20, 29, 35, 36)։ Ուստի պատահական չէր, որ Մարիամը, ինչպես նաև Հովսեփը սերում էին Դավթի շառավղից։
Սրանք Եբրայերեն Գրություններում հիշատակված միակ մարգարեությունները չէին, որ խոսում էին Դավթի թագավորական ժառանգի մասին։ Հավանաբար, Մարիամը նաև ծանոթ էր Եսայիայի հետևյալ մարգարեությանը. «Մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ, եւ նորա անունը կ’կոչուի Սքանչելի, Խորհրդական, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր, Խաղաղութեան իշխան։ Իշխանութիւնը շատացնելուն եւ խաղաղութեանը վերջ չ’կայ, Դաւիթի աթոռի վերայ եւ նորա թագաւորութեան վերայ, որ նորանում հաստատէ եւ պնդացնէ նորան իրաւունքով եւ արդարութիւնով հիմակուանից մինչեւ յաւիտեան։ Զօրաց Տիրոջ նախանձը պիտի անէ այս» (Եսայիա 9։6, 7)։
Գաբրիելի՝ Մարիամին հայտնած լուրը ավելին էր ընդգրկում, քան պարզապես տղա երեխայի գերբնական ձևով լույս աշխարհ գալը։ Նրա որդին լինելու էր Դավիթ թագավորի ժառանգորդը, որը մշտապես ղեկավարելու էր Աստծու կողմից հաստատվելիք Թագավորությունը։ Հիսուսի ապագա դերի վերաբերյալ Գաբրիելի մարգարեությունները շատ կարևոր նշանակություն ունեն բոլորիս համար։
Երբ Հովսեփն իմացավ, որ իր ապագա կինը հղի է, որոշեց նշանը ետ տալ։ Նա գիտեր, որ երեխան իրենը չէր, քանի որ ինքը և իր հարսնացուն երբեք սեռական հարաբերություններ չէին ունեցել։ Կարելի է պատկերացնել, թե Հովսեփի համար որքան դժվար էր հավատալ Մարիամի բացատրություններին հղիության վերաբերյալ։ Ավետարանում կարդում ենք. «Տիրոջ հրեշտակը երազում երեւեցաւ նորան եւ ասեց. Յովսէփ՝ Դաւիթի որդի, մի վախենար քեզ մօտ առնել քո կին Մարիամին, որովհետեւ նորանում ծնուածը Սուրբ Հոգիիցն է։ Եւ նա որդի կը ծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը» (Մատթէոս 1։20, 21)։
Աստվածաշունչը չի հայտնում, թե որքանով էր Հովսեփը հասկացել այն, թե ինչպես էր երեխան ‘իր ժողովրդին փրկելու իրենց մեղքերից’։ Սակայն այդ լուրը բավական էր Հովսեփին վստահեցնելու համար, որ Մարիամը ոչ մի մեղք չէր գործել։ Նա վարվեց հրեշտակի խոսքերի համաձայն և Մարիամին տուն տարավ, ինչը նշանակում էր, որ նա ամուսնացավ նրա հետ։
Շնորհիվ այն տեղեկությունների, որ գտնում ենք Աստվածաշնչի այլ հատվածներում՝ մենք կարող ենք հասկանալ, թե ինչ նկատի ուներ հրեշտակը։ Մարդկության պատմության արշալույսին մի ըմբոստ հրեշտակ հարցականի տակ դրեց Եհովայի գերիշխանությունը։ Եբրայերեն Գրությունները ցույց են տալիս, որ այդ ապստամբը պնդեց, թե Աստծու ղեկավարելու կերպը արդարացի չէ, և ոչ մի մարդ փորձության ներքո չի պահի իր անարատությունը Եհովայի նկատմամբ (Ծննդոց 3։2–5; Յոբ 1։6–12)։ Ադամի դեպքում հենց այդպես էլ եղավ։ Նա մեղանչեց, և դրա պատճառով բոլոր մարդիկ ժառանգեցին մեղքն ու դրա հետևանքը՝ մահը (Հռովմայեցիս 5։12; 6։23)։ Հիսուսը, սակայն, ծնվեց առանց մեղքի, քանի որ նրան մարդկային հայր չէր ծնունդ տվել։ Սիրահոժար կերպով իր կատարյալ մարդկային կյանքը տալով որպես փրկանք, որը ճիշտ համապատասխանում էր այն ամենին, ինչ կորցրել էր Ադամը՝ Հիսուսը կարողացավ փրկել մարդկանց իրենց մեղքերից և տալ նրանց հավիտենական կյանքի հեռանկար (Ա Տիմոթէոս 2։3–6; Տիտոս 3։6, 7; Ա Յովհաննէս 2։25)։
Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը ցույց տվեց, թե ինչպիսին էր լինելու կյանքը, երբ վերանային մեղքի հետևանքները։ Նա բուժեց մարդկանց ամեն տեսակ ֆիզիկական արատներից և նույնիսկ կյանքի վերադարձրեց մահացածներին (Մատթէոս 4։23; Յովհաննէս 11։1–44)։ Այդ հրաշքները նախաշուքն էին այն բանի, թե ինչ էր ինքն անելու ապագայում։ Հիսուսն ասաց. «Ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, [իմ] ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան» (Յովհաննէս 5։28, 29)։
Ապագա հարության այս խոստումից պարզ է դառնում, թե ինչու Հիսուսի ծնունդը, իսկ ավելի շատ՝ մահը, չափազանց մեծ նշանակություն ունի մեզ համար։ Աստված ուղարկեց իր Որդուն, «որ աշխարհքը նորանով փրկուի», ասվում է Յովհաննէս 3։17–ում։ Այս հիանալի լուրը հիշեցնում է մեզ այն, թե ինչ հայտնեցին հրեշտակները հովիվներին, որոնք իրենց հոտերն էին պահում Հիսուսի ծնվելու գիշերը։
‘Մեծ ուրախության’ ավետիս
Հրեշտակների հայտնած լուրը, որ ծնվել է «Փրկիչ.... որ է Քրիստոս Տէրը», իսկապես ‘մեծ ուրախության’ ավետիս էր մարդկության համար (Ղուկաս 2։10, 11)։ Այդ երեխան պետք է լիներ Մեսիան, մեծ Մարգարեն և Աստծու ծառաների կողմից շատ սպասված Իշխանը (Բ Օրինաց 18։18; Միքիա 5։2)։ Նրա կյանքն ու մահը երկրի վրա շատ կարևոր դեր էին խաղալու Եհովայի գերիշխանության արդարացման հարցում։ Ահա թե ինչու հրեշտակը կարող էր ասել. «Փա՜ռք Աստծուն բարձունքներում» (Ղուկաս 2։14, ՆԱ)։
Հիսուսը, որին Աստվածաշունչն անվանում է ‘վերջին Ադամ’, ցույց տվեց, որ մարդը կարող է հավատարիմ մնալ Եհովային անգամ ամենածանր փորձության ներքո (Ա Կորնթացիս 15։45)։ Այդպիսով նա փաստեց, որ Սատանան չար ստախոս է։ Դա ուրախության առիթ էր երկնքում հավատարիմ հրեշտակների համար։
Սակայն եկեք անդրադառնանք հետևյալ հարցին. «Կարո՞ղ ենք հիմնավոր հույսեր ունենալ, որ Հիսուսի ծնվելու գիշերը հրեշտակների հայտնած լուրը կկատարվի»։ Այո՛, անկասկա՛ծ։ Աստված նպատակ ունի վերականգնել դրախտային պայմանները երկրի վրա։ Այդ ժամանակ մեծ խաղաղություն կտիրի ամբողջ մոլորակի վրա, բոլոր մարդիկ միմյանց անկեղծորեն կսիրեն և նվիրված կլինեն։ Ուստի այդպիսի պայմաններ ապահովելու համար Եհովան նպատակ ունի նաև ոչնչացնել իր գերիշխանությանը հակառակվողներին։ Սա բարի լուր չէ նրանց համար, ովքեր կողմնակից են Սատանայի այն պնդմանը, թե Եհովայի չափանիշները վատն են։ Աստծու նպատակի իրագործումը այդ մարդկանց համար կործանում է նշանակելու (Սաղմոս 37։11; Առակաց 2։21, 22)։
Ուշադրություն դարձրեք, որ հրեշտակները չասացին հովիվներին, թե բոլոր մարդիկ խաղաղություն են վայելելու և բարեհաճություն են տեսնելու։ Ոչ, նրանք հայտարարեցին. «Խաղաղությո՜ւն նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ» (Ղուկաս 2։14, ՆԱ)։ Այսինքն՝ Աստված խաղաղություն կտա բոլոր նրանց, ովքեր ունեն իր հավանությունն ու բարեհաճությունը։ Եհովայի հանդեպ իսկական հավատ ցուցաբերողները հավատարմորեն քայլում են Հիսուսի հետքերով և ընդօրինակում նրան։ Այդպիսի տղամարդիկ ու կանայք պատրաստակամորեն առատաձեռնություն և ջերմություն են ցուցաբերում ուրիշների հանդեպ ոչ միայն տարվա ընդամենը մի քանի օրերի, այլև ամեն օր։
Բարյացակամ վերաբերմունք՝ ամբողջ տարին
Հիսուսի քարոզած բարի լուրը մեծ զորություն ունի։ Բազմաթիվ մարդիկ փոխում են իրենց ապրելակերպը։ Շատերը քրիստոնեական սկզբունքները կիրառում են իրենց կյանքի բոլոր բնագավառներում։ Մարդիկ, ովքեր մի ժամանակ եսակենտրոն են եղել, սկսում են հարցնել, թե ինչպես կվարվեր Հիսուսը, եթե գտնվեր իրենց հանգամանքներում։ Որոշ մարդիկ, որոնց գլխավորապես հետաքրքրել են նյութական բաներն ու հաճույքները, այժմ գնահատում են հոգևոր արժեքները և գիտակցում են դրանց մասին իրենց մերձավորների հետ խոսելու կարևորությունը։ Այդ բոլոր մարդիկ ձգտում են առատաձեռն ու բարի լինել ամբողջ տարին։ Մի՞թե հենց դա չեք ակնկալում ճշմարիտ քրիստոնյաներից։
Եթե բոլոր անկեղծ անհատները մի պահ կանգ առնեին ու խորհեին, թե ինչ է նշանակում խաղաղության մասին հրեշտակների հայտնած լուրը, և եթե նրանք վարվեին իրենց այդ խորհրդածումների համաձայն, ապա աշխարհը, անկասկած, բոլորովին այլ կլիներ։
Հիսուսի ծննդյան ժամանակ հրեշտակների ասած մարգարեությունները վստահեցնում են Աստծու բարեհաճությունն ունեցող բոլոր անհատներին, որ նրանք կարող են հավերժապես վայելել իսկական խաղաղություն։ Մի՞թե հենց դա չեք ցանկանում։ Կարող ենք համոզված լինել, որ խաղաղության մասին այն մարգարեական փառավոր լուրը, որ հայտնեցին հրեշտակները, անպայման կիրականանա։ Ոչ մի կասկած չկա, որ խաղաղությունը հավիտենական իրականություն կդառնա երկիր մոլորակի վրա։ Սրանք Սուրբ Ծննդյան շրջանում հնչող դատարկ խոսքեր չեն։
[նկարներ 7-րդ էջի վրա]
Բարյացակամ վերաբերմունք կարելի է և պետք է ցուցաբերել ամբողջ տարին