Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
ԻՆՉԻ՞ մասին էր քարոզում Հիսուսը։ Համաձայն իր իսկ խոսքերի՝ նա քարոզում էր Աստծու Թագավորությունը (Ղուկաս 4։43)։ Անկասկած, մարդիկ հաճախ էին լսում Հիսուսին Թագավորության մասին խոսելիս։ Արդյո՞ք դա նրանց շփոթեցնում կամ տարակուսանքի մեջ էր գցում։ Մարդիկ հարցնո՞ւմ էին նրան, թե ինչ է այդ Թագավորությունը։ Ո՛չ։ Ավետարաններում նման հարցեր չկան։ Ուրեմն կարելի՞ է ասել, որ Աստծու Թագավորությունը ծանոթ էր նրանց։
Փաստն այն է, որ հին Գրությունները, որոնք հրեաները սուրբ էին համարում, հստակորեն նկարագրում էին այդ Թագավորությունը, հայտնում, թե ինչ է այն և ինչ է իրագործելու։ Այսօր մենք, հրեաների պես դիմելով Գրություններին (մեր դեպքում՝ Աստվածաշնչին), կարող ենք նույնիսկ ավելին իմանալ դրա մասին։ Եկեք դիտարկենք Թագավորության մասին յոթ ճշմարտություն, որ սովորեցնում է Աստվածաշունչը։ Առաջին երեքը արդեն հայտնի էին Հիսուսի օրերում և դեռ ավելի վաղ։ Հաջորդ երեքը հայտնեցին Քրիստոսը և առաջին դարի նրա առաքյալները։ Վերջինը պարզ դարձավ մեր օրերում։
1. Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է։ Այն մնալու է հավիտյան։ Աստվածաշնչի առաջին մարգարեությունն ասում էր, որ Աստված փրկիչ է ուղարկելու հավատարիմ մարդկանց համար։ Այդ փրկիչը, որ կոչվեց «սերունդ», վերացնելու էր սարսափելի հիվանդությունները, որոնք սկիզբ էին առել Ադամի, Եվայի ու Սատանայի ըմբոստությունից (Ծննդոց 3։15)։ Բավական ժամանակ անց Աստված հավատարիմ Դավիթ թագավորին մի հուզումնալից տեղեկություն հայտնեց այս «սերնդի»՝ Մեսիայի մասին. նա լինելու էր Թագավորության Թագավորը։ Այս կառավարությունը տարբերվելու էր մյուս բոլոր կառավարություններից։ Այն հավիտյան էր մնալու (Բ Թագաւորաց 7։12–14)։
2. Աստծու Թագավորությունը վերջ է դնելու մարդկային բոլոր կառավարություններին։ Դանիել մարգարեին տրվեց մի տեսիլք, որում աշխարհակալ տերությունները հաջորդում են իրար մինչև մեր օրերը։ Այդ տեսիլքի գագաթնակետը նկարագրվում է հետևյալ խոսքերով. «Այն [վերջին] թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս»։ Ուստի այս աշխարհի բոլոր թագավորությունները, կամ՝ կառավարությունները մեկընդմիշտ կվերանան։ Այլևս չեն լինի պատերազմ, կեղեքում և այլասերվածություն։ Դանիելի մարգարեությունը փաստում է, որ Աստծու Թագավորությունը շուտով իշխելու է ողջ երկրագնդի վրա (Դանիէլ 2։44, 45)։ Թագավորությունը ակնհայտ իրականություն է։ Այն երկրի վրա գոյություն ունեցող միակ կառավարությունն է լինելուa։
3. Աստծու Թագավորությունը կվերացնի պատերազմները, հիվանդությունները, սովը և նույնիսկ մահը։ Աստվածաշունչը պարունակում է անչափ հետաքրքիր մարգարեություններ, որոնք հայտնում են, թե ինչ է անելու Աստծու Թագավորությունը երկրի վրա։ Այս կառավարությունը իրագործելու է այն, ինչը ոչ մի մարդակերտ կազմակերպություն կամ իշխանություն երբևէ չի կարողացել անել և չի էլ կարող անել։ Պատկերացրե՛ք. բոլոր զենքերը հավիտյան ոչնչացված են։ «[Աստված] դադարեցնում է պատերազմները մինչեւ երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9)։ Այլևս բժիշկների, հիվանդանոցների կարիք չի լինի, մարդիկ ոչ մի հիվանդությամբ չեն տառապի։ «Այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար [«հիւանդ», ԱԱ] եմ» (Եսայիա 33։24)։ Չի լինի սննդի պակաս, սով, սովամահություն։ «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ» (Սաղմոս 72։16)։ Չեն լինի դիահերձարաններ, թաղման թափորներ, գերեզմանոցներ. մարդիկ այլևս երբեք չեն տառապի։ Մահը՝ մեր անողորմ թշնամին, վերջապես կվերանա։ Աստված «պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից» (Եսայիա 25։8)։
4. Թագավորությունը Աստծու կողմից ընտրված Կառավարիչ ունի։ Մեսիան ինքնակոչ կառավարիչ չէ։ Նրան չեն ընտրել անկատար մարդիկ։ Նրան Աստված ինքն է ընտրել։ «Մեսիա» և «Քրիստոս» բառերը հենց դա են ցույց տալիս։ Երկու բառերն էլ նշանակում են «Օծյալ»։ Այս Թագավորը Եհովայի կողմից օծված կամ նշանակված է հատուկ հանձնարարություն կատարելու համար։ Աստված նրա մասին ասում է. «Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրածը, որին հաւանել է իմ հոգին. ես իմ հոգին դրել եմ նորա վերայ, նա իրաւունքը պիտի հանէ ազգերի համար» (Եսայիա 42։1; Մատթեոս 12։17, 18)։ Ո՞վ ավելի լավ գիտի, եթե ոչ մեր Արարիչը, թե ինչպիսի՛ Ղեկավարի կարիք ունենք մենք։
5. Աստծու Թագավորության Կառավարիչը ամբողջ մարդկության առաջ ապացուցեց, որ արժանի է իր կոչմանը։ Մեսիան, որի մասին մարգարեացվել էր, նազովրեցի Հիսուսն էր։ Նա սերում էր Աստծու ընտրած տոհմից (Ծննդոց 22։18; Ա Մնացորդաց 17։11; Մատթեոս 1։1)։ Երկրի վրա Հիսուսը կատարեց Մեսիայի մասին բազմաթիվ մարգարեություններ, որոնք գրվել էին հարյուրավոր տարիներ առաջ։ Նա իր Մեսիա լինելու մասին վկայություն ստացավ նաև երկնքից։ Ինչպե՞ս։ Աստված խոսեց երկնքից՝ ասելով, որ Հիսուսը իր Որդին է։ Հրեշտակները մատնանշեցին նրան որպես Մեսիայի։ Հիսուսի հրաշքները, որոնք հաճախ կատարվել են հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ականատեսների առաջ, պարզորոշ վկայեցին, որ նա դրանք անում է Աստծու զորությամբb։ Հիսուսը բազմիցս փաստեց, թե ինչպիսի Կառավարիչ է լինելու։ Նա մարդկանց օգնելու ոչ միայն զորություն, այլև ցանկություն ուներ (Մատթեոս 8։1–3)։ Հիսուսը անեսասեր ու կարեկից էր, համարձակ ու խոնարհ։ Նրա երկրային կյանքը նկարագրված է Աստվածաշնչում։ Ուստի բոլոր մարդիկ կարող են կարդալ նրա մասին։
6. Աստծու Թագավորությունում Քրիստոսի հետ իշխելու են 144 000 հոգի։ Հիսուսն ասաց, որ երկնքում թագավորակիցներ է ունենալու, որոնց մեջ լինելու են նաև իր առաքյալները։ Նա այս խմբին անվանեց «փոքր հոտ» (Ղուկաս 12։32)։ Ավելի ուշ Հովհաննես առաքյալին ասվեց, որ փոքր հոտը բաղկացած է լինելու 144 000 անդամներից։ Քրիստոսի հետ նրանք հետաքրքիր աշխատանք են անելու երկնքում՝ լինելով թագավորներ ու քահանաներ (Հայտնություն 5։9, 10; 14։1, 3)։
7. Աստծու Թագավորությունը, որ այժմ իշխում է երկնքում, պատրաստ է իր իշխանությունը հաստատել ամբողջ երկրագնդի վրա։ Սա ամենահուզիչ ճշմարտություններից մեկն է, որ կարող ենք սովորել։ Աստվածաշնչում բազմաթիվ ապացույցներ կան, որ Հիսուսը իշխանություն է ստացել երկնքում։ Հիմա նա թագավորում է այնտեղ և շատ շուտով իր իշխանությունը կհաստատի նաև ողջ երկրի վրա ու կիրագործի այն հրաշալի մարգարեությունները, որոնց մասին հիշատակեցինք։ Բայց ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ Աստծու Թագավորությունն այժմ իշխում է։ Իսկ ե՞րբ է սկսելու իշխել երկրի վրա։
[ծանոթագրություններ]
a Այս և այլ մարգարեություններ ցույց են տալիս, որ Աստծու Թագավորությունը մեր սրտերում չէ, ինչպես որ շատերին են սովորեցնում։ Տե՛ս «Մեր ընթերցողները հարցնում են» հոդվածը, էջ 13։
b Տե՛ս, օրինակ, Մատթեոս 3։17, Ղուկաս 2։10–14, Հովհաննես 6։5–14 համարները։