«Ի՞նչ պիտի ուտենք»
ԻՆՉՊԵՍ այսօր, այնպես էլ Հիսուսի օրերում մարդիկ հաճախ էին խոսում ուտելիքի և խմիչքի մասին։ Ինչ խոսք, Հիսուսը գիտեր, որ դրանք կարևոր են մարդկանց համար։ Հետաքրքիր է, որ նրա առաջին հրաշքն էլ եղել է ջուրը գինի դարձնելը։ Նա նույնիսկ երկու անգամ ընդամենը մի քանի հացով և ձկով մեծ բազմության է կերակրել (Մատթեոս 16։7–10; Հովհաննես 2։3–11)։ Հիսուսը հացի է նստել աղքատների հետ և հարուստների խնջույքներին է մասնակցել։ Նրա թշնամիներն անգամ ասում էին, որ Հիսուսը որկրամոլ և գինեմոլ է (Մատթեոս 11։18, 19)։ Սակայն, իհարկե, դա այդպես չէր։ Տեղին է նշել նաև, որ ուտելիքի և խմիչքի հետ կապված օրինակները Աստծու Որդին հմտորեն օգտագործել է հոգևոր բաները բացատրելու համար (Ղուկաս 22։14–20; Հովհաննես 6։35–40)։
Ուտելիքի և խմիչքի ինչպիսի՞ տեսականի կար Հիսուսի օրերում։ Ինչպե՞ս էր պատրաստվում կերակուրը և որքա՞ն ջանքեր էր ներդրվում դրա համար։ Այս հարցերի պատասխանները կօգնեն մեզ ավելի լավ պատկերացնելու Ավետարաններում գրված իրադարձությունները և հասկանալու որոշ արտահայտություններ։
Տո՛ւր մեզ «մեր այս օրվա հացը»
Երբ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել, նա նշեց, որ տեղին է Աստծուց խնդրել կյանքի համար անհրաժեշտ բաները, օրինակ՝ «օրվա հացը» (Մատթեոս 6։11)։ Այն, որ հացը կարևոր կերակուր էր, երևում է եբրայերեն և հունարեն «ճաշ ուտել» արտահայտությունից, որը բառացի նշանակում է «հաց ուտել»։ Այն պատրաստվում էր հացահատիկի տարբեր տեսակներից՝ ցորենից, գարուց, վարսակից, կորեկից։ Փաստորեն, հրեաները տարբեր տեսակի հացեր էին պատրաստում։ Ըստ հաշվարկների՝ յուրաքանչյուր մարդ տարեկան սպառում էր մոտավորապես 200 կիլոգրամ հացահատիկ, որը լրացնում էր օրգանիզմի կալորիայի պահանջի մոտ կեսը։
Հաց կարելի էր գնել շուկայից։ Սակայն շատ ընտանիքներում կինն էր այն թխում։ Ինչ խոսք, դա դժվար էր։ Հին Պաղեստինի տնտեսական և մշակութային կյանքը նկարագրող մի գրքում ասվում է. «Քանի որ դժվար էր ալյուրը երկար ժամանակ պահել, տանտիկինը ամեն օր հացահատիկ էր աղում» (Bread, Wine, Walls and Scrolls)։ Իսկ որքա՞ն ժամանակ էր պահանջվում այս գործի համար։ Հեղինակը շարունակում է. «Մեկ ժամում երկանքով կինը կարող էր աղալ ընդամենը 1 կիլոգրամ ցորեն և ստանալ 800 գրամ ալյուր։ Յուրաքանչյուր մարդու օրվա չափաբաժինը 500 գրամ ցորեն էր։ Ուստի եթե ընտանիքը բաղկացած էր հինգ կամ վեց հոգուց, տանտիկինը պետք է օրական 3 ժամ ցորեն աղար»։
Կարելի է պատկերացնել, թե որքան դժվար էր Հիսուսի մոր՝ Մարիամի համար։ Տնային մյուս գործերից բացի, նա նաև պետք է հաց պատրաստեր, որպեսզի կերակրեր իր ամուսնուն, հինգ տղաներին և առնվազն երկու աղջիկներին (Մատթեոս 13։55, 56)։ Անկասկած, Մարիամը, մյուս հրեա կանանց նման, ծանր էր աշխատում իր ընտանիքի «օրվա հացը» պատրաստելու համար։
«Եկե՛ք և կերե՛ք նախաճաշը»
Հարություն առնելուց հետո Հիսուսը վաղ առավոտյան Տիբերիա ծովի մոտ երևաց իր աշակերտներից ոմանց։ Վերջիններս ամբողջ գիշեր փորձել էին ձուկ բռնել, բայց ապարդյուն։ Տեսնելով, որ իր ընկերները հոգնած են՝ Հիսուսը կանչեց նրանց. «Եկե՛ք և կերե՛ք նախաճաշը»։ Նա նրանց թարմ ձուկ և հաց տվեց (Հովհաննես 21։9–13)։ Հետաքրքիր է, որ նախաճաշի մասին Ավետարաններում միայն այս համարում է նշվում, այդուհանդերձ, պարզ է, որ մարդիկ օրը սկսում էին նախաճաշով. ուտում էին հաց, ընկույզ, չամիչ կամ ձիթապտուղ։
Ի՞նչ էր պատրաստվում ճաշի համար։ Ի՞նչ էր ուտում աշխատավոր մարդը կեսօրին։ «Իսրայելացիների կյանքը աստվածաշնչյան ժամանակներում» գրքում ասվում է. «Կեսօրվա ճաշը թեթև էր։ Ուտում էին հաց, հացահատիկ, ձիթապտուղ և թուզ» (Life in Biblical Israel)։ Աշակերտները հավանաբար նման բաներ էին բերել, երբ եկան Սյուքարից ու տեսան, որ Հիսուսը ջրհորի մոտ զրուցում է սամարուհու հետ։ Կեսօր էր՝ «մոտավորապես վեցերորդ ժամը», և աշակերտները «գնացել էին քաղաք՝ ուտելիք գնելու» (Հովհաննես 4։5–8)։
Իսկ երեկոյան ընտանիքի անդամները հավաքվում էին հիմնական ճաշի։ Մի գրքում, որտեղ նկարագրվում է, թե ինչպիսին էր լինում հրեաների ընթրիքը, գրված է. «Շատերն ուտում էին հաց կամ գարուց պատրաստված շիլա, ընդեղեն, երբեմն էլ ցորեն։ Այդ ամենից բացի, սեղանին դրվում էր աղ, ձեթ, ձիթապտուղ, կծու սոուս, մեղր և քաղցր մրգահյութ» (Poverty and Charity in Roman Palestine, First Three Centuries C.E)։ Ընթրիքի ժամանակ խմում էին նաև կաթ, ուտում էին պանիր, թարմ կամ չորացրած մրգեր, բանջարեղեն։ Իսրայելում աճում էր մոտ 30 տեսակի բանջարեղեն, օրինակ՝ սոխ, սխտոր, բողկ, գազար, կաղամբ, ու ավելի քան 25 տեսակի միրգ՝ 1) թուզ, 2) խուրմա, 3) նուռ և այլն։
Հավանաբար ընթրիքի սեղանին այսպիսի ուտելիքներ էին դրված, երբ Հիսուսը հրավիրված էր Ղազարոսի տուն։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչ բուրմունք տարածվեց սենյակում, երբ Մարիամը ազնիվ նարդոսի յուղը լցրեց Հիսուսի ոտքերին։ Թերևս ուտելիքների ախորժաբեր հոտը խառնվել էր թանկարժեք օծանելիքի բույրին (Հովհաննես 12։1–3)։
«Երբ խնջույք ես կազմակերպում»
Մեկ այլ առիթով, երբ Հիսուսը հաց էր ուտում «փարիսեցիների իշխաններից մեկի տանը», մի արժեքավոր դաս սովորեցրեց ներկաներին։ Նա ասաց. «Երբ խնջույք ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն։ Որովհետև քո հատուցումը կլինի արդարների հարության ժամանակ» (Ղուկաս 14։1–14)։ Եթե փարիսեցին հետևեր Հիսուսի խորհրդին, ի՞նչ պետք է մատուցեր խնջույքի ժամանակ։
Հարուստ մարդկանց տանը հյուրասիրության համար թխվում էին տարբեր տեսակի և ձևի հացեր, որոնց խմորի մեջ ավելացվում էր գինի, մեղր, կաթ և համեմունքներ։ Սեղանին դրվում էր կարագ ու պանիր։ Իսկ ձիթապտղի ձեթը, թարմ կամ պահածոյացված ձիթապտուղը անպակաս էին լինում սեղանից։ «Հին ժամանակների սնունդը» գրքում ասվում է, որ «յուրաքանչյուր մարդ ամեն տարի սպառում էր 20 լիտր ձիթապտղի յուղ՝ միայն սննդի համար։ Բացի դրանից, այդ յուղն օգտագործվում էր նաև կոսմետիկայի և ճրագամանների մեջ լցնելու համար» (Food in Antiquity)։
Եթե փարիսեցին ապրում էր ծովափի մոտ, նա իր հյուրերին հավանաբար թարմ ձուկ էր հյուրասիրում։ Իսկ ովքեր ապրում էին ծովից հեռու, սովորաբար ուտում էին թթու դրած կամ աղ դրած ձուկ։ Տանտերը կարող էր նաև միս հյուրասիրել։ Սակայն աղքատ հյուրերի համար հազվադեպ էր այդպես անում։ Տարածված էին ձվից պատրաստված ուտելիքները (Ղուկաս 11։12)։ Ուտեստների այս բազմազանության համար տարբեր համեմունքներ էին օգտագործվում, ինչպես օրինակ՝ անանուխ, սամիթ, չաման և մանանեխ (Մատթեոս 13։31; 23։23; Ղուկաս 11։42)։ Ընթրիքից հետո հյուրերը վայելում էին անուշեղեն՝ աղանձ՝ նուշով, մեղրով և համեմունքներով պատրաստված։
Խնջույքի ժամանակ մատուցվում էր թարմ, չորացրած խաղող կամ գինի։ Պաղեստինում հայտնաբերվել են հազարավոր խաղողի ճզմիչներ, որոնք վկայում են, որ այդ խմիչքը շատ տարածված է եղել։ Իսկ Գաբավոնում հնագետները հայտնաբերել են ժայռի մեջ փորված 63 մառան, որոնք կարող էին տեղավորել մոտավորապես 100 000 լիտր գինի։
«Երբեք մի՛ մտահոգվեք»
Ավետարաններն ընթերցելիս հավանաբար նկատել ես, թե Հիսուսը որքան հաճախ էր առակներ պատմելիս կամ սեղանի շուրջ մարդկանց կարևոր դաս սովորեցնելիս խոսում ուտելիքի և խմիչքի մասին։ Անշուշտ, Հիսուսը և իր աշակերտները սիրում էին ուտել ու խմել, հատկապես մտերիմների հետ։ Սակայն խնջույքները նրանց կյանքում ամենագլխավոր բանը չէին։
Հիսուսի խոսքերը օգնում էին աշակերտներին հավասարակշռված տեսակետ պահպանելու. «Երբեք մի՛ մտահոգվեք՝ ասելով՝ «ի՞նչ պիտի ուտենք», կամ՝ «ի՞նչ պիտի խմենք», կամ՝ «ի՞նչ պիտի հագնենք»։ Որովհետև ազգերն են, որ ջանադրաբար ձգտում են ձեռք բերել այդ բաները։ Իսկ ձեր երկնային Հայրը գիտի, որ այդ բոլոր բաները անհրաժեշտ են ձեզ» (Մատթեոս 6։31, 32)։ Այո՛, աշակերտները հետևեցին այս խորհրդին ու համոզվեցին, որ Աստված հոգ է տանում իրենց մասին (2 Կորնթացիներ 9։8)։ Իհարկե, ձեզ ծանոթ ճաշատեսակները հնարավոր է տարբերվեն առաջին դարի ուտելիքներից։ Ամեն դեպքում, կարող եք վստահ լինել, որ Աստված հոգ կտանի ձեր մասին, եթե նրան ծառայելը ձեր կյանքում առաջին տեղում դնեք (Մատթեոս 6։33, 34)։