Գնահատիր ժողովում ունեցած քո դերը
«Հիմա Աստված անդամներից յուրաքանչյուրին մարմնի մեջ դրեց այնպես, ինչպես իրեն էր հաճելի» (1 ԿՈՐՆԹ. 12։18)։
1, 2. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ ժողովում յուրաքանչյուրի դերը կարևոր է։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու այս հոդվածում։
ԴԵՌԵՎՍ հին Իսրայելում Եհովան հոգևոր սնունդ և առաջնորդություն է տվել ժողովների միջոցով։ Օրինակ՝ այն բանից հետո, երբ իսրայելացիներն ավերեցին Գայի քաղաքը, Հեսուն «կարդաց օրէնքի բոլոր խօսքերը օրհնութիւնները եւ անէծքները, ինչ որ գրուած էր օրէնքի գրքի մէջ.... Իսրայէլի բոլոր ժողովքի առաջին» (Յեսու 8։34, 35)։
2 Ժողովը նույն դերն էր խաղում նաև առաջին դարում։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրեց, որ քրիստոնեական ժողովը «Աստծու տունն է» և «ճշմարտության սյունն ու հենարանը» (1 Տիմոթ. 3։15)։ Այսօր «Աստծու տունը» ճշմարիտ քրիստոնյաների համաշխարհային եղբայրությունն է։ «Առաջին Կորնթացիներ» նամակի 12–րդ գլխում Պողոսը ժողովը համեմատում է մարդու մարմնի հետ։ Նա նշում է, որ թեև մարմնի անդամները տարբեր դեր են կատարում, սակայն բոլորն էլ կարևոր են։ «Աստված անդամներից յուրաքանչյուրին մարմնի մեջ դրեց այնպես, ինչպես իրեն էր հաճելի»,— գրեց առաքյալը։ Նա նաև նշեց, որ «մարմնի այն մասերը, որոնք, մեր կարծիքով, ավելի քիչ պատվավոր են, մենք դրանց ավելի շատ պատվով ենք շրջապատում» (1 Կորնթ. 12։18, 23)։ Հետևաբար չի կարելի ասել, թե Աստծու տան մեջ մի հավատարիմ քրիստոնյայի դերն ավելի կարևոր է, քան մյուսինը։ Պարզապես այդ դերերը տարբեր են։ Ուստի մտածիր. «Ո՞րն է քո դերը ժողովում, ինչպե՞ս կարող ես գնահատել այն, ի՞նչ գործոններից է կախված քո դերը և ի՞նչ կարող ես անել, որ «քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին»» (1 Տիմոթ. 4։15)։
Գնահատենք մեր դերը. ինչպե՞ս
3. Ո՞րն է ժողովում մեր դերը գնահատելու միջոցներից մեկը։
3 Ժողովում մեր դերը գնահատելու միջոցներից մեկը «հավատարիմ և իմաստուն ծառայի» և նրա ներկայացուցչի՝ Կառավարիչ մարմնի հետ համագործակցելն է (կարդա՛ Մատթեոս 24։45–47)։ Պետք է ինքնաքննություն կատարենք ու պարզենք, թե ինչպես ենք հետևում հավատարիմ ծառայի առաջնորդությանը։ Օրինակ՝ տարիներ շարունակ մենք հստակ խորհուրդներ ենք ստանում հագուկապի, հարդարանքի, զվարճությունների, Ինտերնետից օգտվելու վերաբերյալ։ Անշեղորեն հետևո՞ւմ ենք այդ խորհուրդներին, որոնք պաշտպանում են մեր հոգևոր առողջությունը։ Մեզ նաև հրահանգ է տրվել, որպեսզի մի երեկո հատկացնենք ընտանեկան երկրպագության համար։ Սրտանց արձագանքե՞լ ենք այդ պատվերին։ Իսկ եթե ամուրի ենք, ժամանակ տրամադրե՞լ ենք անձնական ուսումնասիրությանը։ Եհովան, անկասկած, կօրհնի մեզ, եթե հետևենք ծառա դասակարգի առաջնորդությանը։
4. Ի՞նչ պետք է հաշվի առնեն քրիստոնյաները անձնական որոշումներ կայացնելիս։
4 Ոմանք կարծում են, որ հագուստի, հարդարանքի կամ զվարճության ընտրությունն իրենց անձնական գործն է։ Սակայն հավատարիմ քրիստոնյաները, ովքեր գնահատում են իրենց դերը ժողովում, որոշում կայացնելիս չեն առաջնորդվում սոսկ իրենց սեփական նախասիրություններով։ Նրանք հաշվի են առնում Եհովայի տեսակետը, որը նա հայտնում է Աստվածաշնչի միջոցով։ Աստծու Խոսքը «ճրագ է [նրանց] ոտների համար, և լույս [նրանց] ճանապարհի համար» (Սաղ. 119։105)։ Իմաստուն քրիստոնյաները նաև հաշվի են առնում, որ իրենց անձնական որոշումները անդրադառնում են ծառայության, հավատակիցների և այլ մարդկանց վրա (կարդա՛ 2 Կորնթացիներ 6։3, 4)։
5. Ինչո՞ւ պետք է զգուշանանք անկախության ոգուց։
5 Եփեսացիներ 2։2–ում խոսվում է մի ոգու մասին, որն «այժմ ներգործում է անհնազանդության որդիների մեջ»։ Օդի նման՝ այդ ոգին գոյություն ունի ամենուրեք։ Այն կարող է ազդել մեզ վրա այնպես, որ սկսենք մտածել, թե կարիք չկա հետևելու Եհովայի կազմակերպության առաջնորդությանը։ Ուստի հարկավոր է զգույշ լինել, որ մեր մեջ անկախության ոգի չզարգանա։ Չէ՞ որ չենք ցանկանա նմանվել Դիոտրեփեսին, որը «ոչ մի բան հարգանքով չէր ընդունում» Հովհաննես առաքյալից (3 Հովհ. 9, 10)։ Եկեք ո՛չ խոսքով, ո՛չ էլ գործով անհարգալից վերաբերմունք չդրսևորենք Եհովայի ներկայացուցիչների նկատմամբ (Թուոց 16։1–3)։ Փոխարենը՝ եկե՛ք մեծ պատիվ համարենք հավատարիմ և իմաստուն ծառայի հետ համագործակցելը, և ձգտենք հնազանդվել առաջնորդություն վերցնողներին (կարդա՛ Եբրայեցիներ 13։7, 17)։
6. Ինչո՞ւ պետք է քննենք մեր հանգամանքները։
6 Ուրիշ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք ժողովում ունեցած մեր դերը։ Ձգտելով ընդլայնել մեր ծառայությունը։ Կարող ենք քննել մեր հանգամանքները և ամեն ջանք թափել, որպեսզի «փառավորենք մեր ծառայությունը»՝ պատիվ բերելով Եհովային (Հռոմ. 11։13)։ Օրինակ՝ ոմանք ռահվիրայական ծառայություն են սկսում։ Մյուսները ծառայում են որպես միսիոներներ, շրջագայող վերակացուներ կամ բեթելցիներ։ Շատ եղբայրներ և քույրեր մասնակցում են Թագավորության սրահների շինարարությանը։ Աստծու ծառաներից շատերը մեծ ջանքեր են թափում, որպեսզի հոգ տանեն ընտանիքի հոգևոր կարիքների մասին և ամեն շաբաթ լիարժեքորեն մասնակցեն քարոզչությանը (կարդա՛ Կողոսացիներ 3։23, 24)։ Եթե հոժարակամորեն ծառայենք Աստծուն, կարող ենք վստահ լինել, որ միշտ մեր տեղը կունենանք ժողովում։
Ի՞նչ գործոններից է կախված մեր դերը
7. Ինչի՞ց է կախված ժողովում ունեցած մեր դերը։
7 Ժողովում ունեցած մեր դերը որոշ չափով կախված է նրանից, թե ինչ կարող ենք անել կամ ինչ իրավունք ունենք անելու։ Օրինակ՝ եղբայրների դերը ժողովում տարբերվում է քույրերի դերից։ Նշանակություն ունեն նաև այլ գործոններ՝ տարիքը, առողջությունը և այլն։ Առակաց 20։29–ում ասվում է. «Երիտասարդների զարդը իրանց ոյժն է, եւ ծերերի փառքը՝ ալեւորութիւնը»։ Երիտասարդ քրիստոնյաները իրենց ուժն ու եռանդը կարող են օգտագործել, որպեսզի ավելին անեն ծառայության մեջ։ Իսկ տարեցները կարող են փոխանցել իրենց փորձն ու իմաստությունը և այդպիսով շատ օգտակար լինել ժողովին։ Սակայն հիշենք՝ ցանկացած բան, որ կարող ենք անել Եհովայի կազմակերպության մեջ, նրա անարժան բարության շնորհիվ է (Գործ. 14։26; Հռոմ. 12։6–8)։
8. Ի՞նչ դեր է խաղում մեր ցանկությունը։
8 Ժողովում ունեցած մեր դերը կախված է նաև մեկ այլ գործոնից։ Դա երևում է երկու հարազատ քույրերի օրինակից։ Ծնողները խրախուսում էին նրանց նպատակ դնել ծառայելու որպես ռահվիրա։ Աղջիկների հանգամանքները նույնն էին։ Սակայն երբ նրանք ավարտեցին դպրոցը, տարբեր ձևով օգտվեցին իրենց հնարավորություններից։ Քույրերից մեկը դարձավ ռահվիրա, իսկ մյուսն ընդունվեց գործի՝ լրիվ աշխատանքային օրով։ Ինչո՞ւ նրանք տարբեր որոշումներ կայացրին։ Պատճառը նրանց ցանկությունն էր։ Մեզնից շատերը նույնպես անում են հենց այն, ինչ ցանկանում են։ Հետևապես պետք է լրջորեն քննենք, թե ինչ ցանկություններ ունենք։ Եթե ուզում ենք ավելին անել Եհովայի գործում, կընդլայնենք մեր ծառայությունը, անգամ երբ անհրաժեշտ լինի որոշ փոփոխություններ կատարել (2 Կորնթ. 9։7)։
9, 10. Ի՞նչ պետք է անենք, եթե չունենք ավելին անելու ցանկություն։
9 Հնարավոր է՝ ցանկություն չունենանք ավելին անելու ծառայության մեջ, և բավարարվենք միայն նվազագույնն անելով։ Ի՞նչը կարող է օգնել մեզ։ Պողոս առաքյալը գրեց. «Աստված է, որ հանուն իր բարեհաճության գործում է ձեր մեջ, որպեսզի դուք և՛ կամենաք, և՛ գործեք»։ Այո՛, Եհովան կարող է օգնել, որ մեր մեջ ցանկություն առաջանա կատարելու իր կամքը (Փիլիպ. 2։13; 4։13)։ Ուրեմն հարկավոր է խնդրել նրան այդ մասին։
10 Հին Իսրայելի թագավոր Դավիթը հենց այդպես էր անում։ Նա աղոթում էր. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։ Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. քեզ եմ յոյս դրել ամեն օր» (Սաղ. 25։4, 5)։ Եկեք մենք էլ աղոթենք Եհովային, որպեսզի մեր մեջ ցանկություն առաջացնի՝ իր կամքը կատարելու։ Եհովան և Հիսուսը բարձր են գնահատում այն, ինչ անում ենք ծառայության մեջ։ Երբ խորհում ենք այդ մասին, մեր սրտերը լցվում են երախտագիտությամբ (Մատթ. 26։6–10; Ղուկ. 21։1–4)։ Այդ զգացումը կարող է մղել մեզ աղերսելու Եհովային, որ մեր մեջ հոգևորապես առաջադիմելու ցանկություն առաջացնի։ Մենք պետք է ընդօրինակենք Եսայիա մարգարեին։ Երբ նա լսեց Եհովայի ձայնը, որն ասում էր. «Որի՞ն ուղարկեմ, եւ ո՞վ կ’գնայ մեզ համար», պատասխանեց. «Ահա ես, ինձ ուղարկիր» (Ես. 6։8)։
Առաջադիմենք
11. ա) Ինչո՞ւ առաջնորդություն վերցնող եղբայրների կարիք կա։ բ) Ինչպե՞ս կարող է եղբայրը ձգտել առանձնաշնորհումների։
11 Ամբողջ աշխարհում 2008 ծառայողական տարվա ընթացքում 289678 մարդ է մկրտվել։ Սա հստակ ցույց է տալիս, որ առաջնորդություն վերցնող եղբայրների մեծ կարիք կա։ Հետևաբար, եթե եղբայր ես, ձգտիր համապատասխանել ծառայող օգնականների կամ երեցների համար տրված սուրբգրային պահանջներին (1 Տիմոթ. 3։1–10, 12, 13; Տիտոս 1։5–9)։ Ինչպե՞ս։ Ակտիվորեն մասնակցելով քարոզչական ծառայությանը, ջանասիրությամբ կատարելով ժողովի պարտականությունները, ձգտելով որակյալ մեկնաբանություններ տալ և անկեղծորեն հետաքրքրվելով հավատակիցների բարօրությամբ։ Այդպիսով ցույց կտաս, որ բարձր ես գնահատում ժողովում ունեցած քո դերը։
12. Ինչպե՞ս կարող են երիտասարդներն առաջադիմել։
12 Ինչպե՞ս կարող են պատանի եղբայրներն առաջադիմել ժողովում։ Օրինակ՝ ավելացնելով իրենց «իմաստությունը և հոգևոր հասկացողությունը»։ Դա հնարավոր է անել Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով (Կող. 1։9)։ Նրանք, անկասկած, հոգևորապես կաճեն, եթե ջանադրաբար քննեն Աստծու Խոսքը և ակտիվորեն մասնակցեն ժողովի հանդիպումներին։ Երիտասարդ եղբայրները կարող են նպատակ դնել մասնակցելու լիաժամ ծառայության որևէ ձևի՝ մտնելով «գործունեության առաջնորդող լայն դռնով» (1 Կորնթ. 16։9)։ Եթե երիտասարդ եղբայրները ձգտեն ծառայությունը իրենց կյանքում առաջին տեղում դնել, ապա առատ օրհնություններ կունենան և երջանիկ կլինեն (կարդա՛ Ժողովող 12։1)։
13, 14. Քույրերն ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ գնահատում են ժողովում ունեցած իրենց դերը։
13 Իսկ ի՞նչ կարելի է ասել քույրերի մասին։ Նրանք մեծ պատիվ են համարում, որ կարող են մասնակցել Սաղմոս 68։11–ում գրված մարգարեության կատարմանը։ Այս համարում, ըստ «Նոր աշխարհ թարգմանության», ասվում է. «Եհովան տալիս է խոսքը. բարի լուրը պատմող կանայք մեծ բանակ են»։ Ինչպե՞ս կարող են քույրերը ցույց տալ, որ գնահատում են իրենց դերը ժողովում։ Գլխավորապես քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործին մասնակցելով (Մատթ. 28։19, 20)։ Այդ գործն անելու համար նրանք տարբեր զոհողությունների են գնում։
14 Պողոս առաքյալը Տիտոսին գրեց. «Տարեց կանայք ակնածանքով լի վարմունք ունենան.... լինեն բարին սովորեցնող. որ շտկեն երիտասարդ կանանց մտածելակերպը, որպեսզի նրանք սիրեն իրենց ամուսիններին, սիրեն իրենց երեխաներին, լինեն ողջամիտ, մաքուր, տնարար, բարեգործ, ենթարկվեն իրենց ամուսիններին, որ ուրիշները Աստծու խոսքի մասին անարգանքով չխոսեն» (Տիտոս 2։3–5)։ Այո՛, հասուն քույրերը կարող են շատ լավ ազդեցություն թողնել ժողովի վրա։ Հարգանք դրսևորելով առաջնորդություն վերցնող եղբայրների նկատմամբ և ճիշտ ընտրություն անելով հագուստի, հարդարանքի ու զվարճության հարցում՝ նրանք հրաշալի օրինակ են թողնում մյուսների համար և ցույց են տալիս, որ բարձր են գնահատում ժողովում ունեցած իրենց դերը։
15. Ինչպե՞ս կարող են ամուրի քույրերը հաղթահարել միայնության զգացումը։
15 Երբեմն ամուրի քույրերի համար դժվար է գտնել իրենց դերը ժողովում։ Մի քույր ասում է. «Լինում են պահեր, երբ ինձ միայնակ եմ զգում»։ Ինչպե՞ս է նա հաղթահարում այդ դժվարությունը. «Ինձ օգնում է աղոթքը, անձնական ուսումնասիրությունը։ Ես փնտրտուքներ եմ անում, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է Եհովան վերաբերվում ամուրիներին։ Նաև ձգտում եմ օգտակար գործեր անել ժողովի անդամների համար։ Այդպես վարվելն օգնում է մտածել ուրիշների մասին, և չկենտրոնանալ սեփական անձի վրա»։ Եհովան ասաց Դավթին. «Կ’խրատեմ քեզ՝ իմ աչքը քեզ վերայ կ’լինի» (Սաղ. 32։8)։ Եհովան անհատական ուշադրություն է դարձնում իր բոլոր ծառաներին, այդ թվում ամուրի քույրերին։ Նա կօգնի նրանց գտնելու իրենց դերը ժողովում։
Միշտ գնահատենք մեր դերը
16, 17. ա) Եհովայի հրավերն ընդունելը ինչո՞ւ է մեր կյանքի ամենակարևոր քայլը։ բ) Ինչպե՞ս կարող ենք միշտ գնահատել մեր դերը Եհովայի կազմակերպության մեջ։
16 Սիրուց մղված՝ Եհովան յուրաքանչյուրին հնարավորություն է տվել դառնալու իր ծառան և մտերիմ փոխհարաբերություններ ունենալու իր հետ։ Հիսուսն ասաց. «Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, որն ուղարկեց ինձ, չձգի նրան» (Հովհ. 6։44)։ Միլիարդավոր մարդկանցից մենք ենք արձագանքել Եհովայի հրավերին ու դարձել նրա ժողովրդի մի մասը։ Սա ամենակարևոր քայլն էր, որ երբևէ կարող էինք անել։ Դրա շնորհիվ մեր կյանքը իմաստով լցվեց։ Ինչպիսի՜ ուրախություն և բավականություն ենք զգում, որ հիմա մեր դերն ունենք ժողովում։
17 Սաղմոսերգուն ասաց. «Ո՛վ Տէր, սիրեցի քու տանդ բնակութիւնը.... իմ ոտքս ուղղութեան մէջ կը կենայ։ Ժողովներուն մէջ Տէրը պիտի օրհնեմ» (Սաղ. 26։8, 12, ԱԱ)։ Ճշմարիտ Աստծու կազմակերպության մեջ յուրաքանչյուրս իր դերն ունի։ Եթե անդադար հետևենք աստվածապետական առաջնորդությանն ու միշտ ծառայենք Եհովային, ապա ցույց կտանք մեր գնահատանքն այդ դերի նկատմամբ։
Հիշո՞ւմ ես
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ բոլոր քրիստոնյաները իրենց դերն ունեն ժողովում։
• Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ գնահատում ենք մեր դերը Եհովայի կազմակերպության մեջ։
• Ո՞ր գործոններից է կախված ժողովում ունեցած մեր դերը։
• Ինչպե՞ս կարող են երիտասարդները ցույց տալ, որ գնահատում են ժողովում ունեցած իրենց դերը։
[նկար 16–րդ էջի վրա]
Ինչպե՞ս կարող են եղբայրները ձգտել առանձնաշնորհումների
[նկար 17–րդ էջի վրա]
Քույրերն ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ գնահատում են իրենց դերը ժողովում