Սրտանց հրավիրվում եք
ԻՍԿ ո՞ւր։ Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկը (սովորաբար կոչվում են Բեթել)։ Աշխարհի տարբեր երկրներում գործում են 118 այդպիսի կենտրոններ։ Բեթել այցելողները հաճախ են արտահայտում իրենց անկեղծ գնահատանքը այդտեղ կատարվող աշխատանքի համար։
Մի երիտասարդ, որը Աստվածաշունչ էր ուսումնասիրում, տեսնելով, թե ինչ ուրախությամբ և ջանասիրությամբ են ծառայում Եհովային Մեքսիկայի մասնաճյուղի կամավորները, հարցրեց. «Ի՞նչ անեմ, որ ես էլ այստեղ ծառայեմ»։ Նրան պատասխանեցին. «Առաջին հերթին դու պետք է մկրտվես, հետո լավ կլինի, որ ծառայես ռահվիրա՝ Թագավորության լիաժամ քարոզիչ»։ Երիտասարդը այդպես էլ արեց և երկու տարի անց հրավեր ստացավ ծառայելու Մեքսիկայի Բեթելում։ Այնտեղ նա ծառայում է արդեն 20 տարի։
Ի՞նչ է Բեթելը
Եբրայերեն «Բեթել» բառը նշանակում է «Աստծու տուն» (Ծննդ. 28։19, ծնթ.)։ Իսկ ի՞նչ են անում այնտեղ։ Տարբեր մասնաճյուղեր տպագրում ու տարածում են Աստվածաշունչ և դրա վրա հիմնված գրականություն, նաև հոգևորապես աջակցում են ամբողջ աշխարհի Եհովայի վկաների՝ ավելի քան 100000 ժողովներին։ Մոտ 20000 կամավորներ՝ տղամարդիկ թե կանայք, որոնք տարբեր ծագում ունեն և տարբեր մշակույթների են պատկանում, անձնվիրաբար լիաժամ ծառայում են Եհովային, ինչպես նաև իրենց հոգևոր եղբայրներին ու քույրերին։ Այստեղ ուս ուսի համագործակցում են երկար տարիներ այս ծառայության մեջ անցկացնողներն ու եռանդուն երիտասարդները։ Երեկոյան, ինչպես նաև հանգստյան օրերին բեթելցիները (այդպես են կոչվում Բեթելի աշխատողները) ուրախությամբ հաճախում են Եհովայի վկաների ժողովի հանդիպումներին և մասնակցում են ծառայությանը։ Իսկ ազատ ժամանակ Աստվածաշունչ են ուսումնասիրում, հանգստանում են կամ անձնական գործերով են զբաղվում։
Բեթելի ընտանիքի անդամները ամեն ամիս համեստ դրամական օժանդակություն են ստանում։ Նրանք վայելում են համեղ և սննդարար կերակուրներ և ապրում են հարմարավետ սենյակներում։ Բեթելի սենյակները շքեղ կահավորված չեն, սակայն այնտեղ կա այն ամենն, ինչ անհրաժեշտ է։ Այցելուներին տպավորում են ոչ միայն շինությունների և տարածքների մաքրությունը, կազմակերպված աշխատանքը, այլև բարեհամբույր վերաբերմունքն ու համագործակցության ոգին, որը տիրում է Բեթելում։ Յուրաքանչյուրը ջանասիրաբար է աշխատում, բայցև ջերմ ընդունելություն է ցույց տալիս այցելուներին։ Բեթելում սոցիալական դասակարգում չկա, և ոչ ոք իրեն մյուսներից բարձր չի դասում, անկախ այն բանից, թե ինչ գործ է անում։ Ցանկացած աշխատանք կարևոր է՝ լինի մաքրություն, այգեգործություն, խոհարարություն, աշխատանք տպագրատանը կամ գրասենյակում։ Բեթելցիները միասին աշխատում են որպես մեկ թիմ, որ աջակցեն Եհովայի վկաների քարոզչական գործին (Կող. 3։23)։
Ծանոթություն բեթելցիների հետ
Եկեք ծանոթանանք այս միջազգային ընտանիքի անդամներից մի քանիսի հետ։ Ի՞նչը մղեց նրանց ծառայելու այստեղ։ Օրինակ՝ երբ Մարիոն դարձավ Եհովայի վկա, եկամտաբեր աշխատանք ուներ Գերմանիայի հայտնի մեքենաշինական ընկերությունում, և մեծ կարիերա ստեղծելու հնարավորություն էր բացված նրա առջև։ Մկրտությունից շատ չանցած՝ նա որոշեց մի շաբաթ որպես կամավոր ծառայել իր երկրի Բեթելում։ Նա պետք է համագործակցեր տպագրատանը ծառայողների հետ։ Այդ ընթացքում Մարիոյի աչքից չվրիպեց այն ակնհայտ տարբերությունը, որ կար բեթելցիների և իր աշխատակիցների միջև։ Ուստի Բեթելում ծառայելու դիմում գրեց։ Թեև նրա բարեկամներից ու գործընկերներից շատերը չողջունեցին այդ որոշումը, այս եղբայրն առ այսօր ուրախությամբ ծառայում է Գերմանիայի Բեթելում։
Շատերը Բեթելում ծառայության են անցնում առանց հատուկ կրթություն կամ հմտություններ ունենալու։ Աբելը, որը Մեքսիկայի Բեթելում ծառայում է 15 տարի, այդպիսի մարդկանցից է։ «Բեթելը մեծ դպրոց է ինձ համար,— ասում է նա։— Ես սովորել եմ աշխատեցնել շատ ծանր տպագրահաստոցներ։ Ճիշտ է, այս գիտելիքների շնորհիվ կարող եմ շատ փող վաստակել Բեթելից դուրս, սակայն չեմ ունենա այն, ինչ ունեմ այստեղ՝ հանգիստ, բավարարված կյանք՝ զերծ անհանգստություններից և մրցակցության ոգուց, որը տիրում է շատ աշխատավայրերում։ Կարծում եմ, որ ստացել եմ ամենալավ կրթությունը, որն օգնել է ինձ թե՛ աճելու հոգևորապես և թե՛ զարգացնելու ընդունակություններս։ Ոչ մի համալսարանում այսպիսի օգուտներ չէի ստանա»։
Այցը կարող է քաջալերական լինել
Բեթել այցելելը կարող է դրական ազդեցություն թողնել անհատի հոգևոր վիճակի վրա։ Նման բան տեղի ունեցավ Օմարի հետ, որը Մեքսիկայից է։ Նրա մայրը սովորեցրել էր նրան աստվածաշնչյան ճշմարտությունները։ Սակայն 17 տարեկանում Օմարը դադարեց ժողովներ հաճախելուց և քարոզչությանը մասնակցելուց։ Ի վերջո նա տրվեց անբարո ու նյութապաշտ կյանքին։ Հետագայում, երբ աշխատում էր հեռահաղորդակցման կապի ընկերությունում, ընդգրկվեց այն պատվիրակության մեջ, որը պիտի այցելեր Մեքսիկայի Բեթել՝ որոշ սարքավորումներ ներկայացնելու համար։ Օմարը պատմում է. «Երբ վերջացրինք մեր գործը, մեզ համար էքսկուրսիա կազմակերպվեց։ Իմ տեսածը և այն ջերմ վերաբերմունքը, որին արժանացա, մղեցին ինձ մտածելու, թե ինչ կյանք եմ վարում՝ հեռացած Եհովայից։ Ես անմիջապես սկսեցի հաճախել ժողովներին և ուսումնասիրել Աստվածաշունչը։ Բեթել այցելելուց վեց ամիս հետո մկրտվեցի։ Շնորհակալ եմ Եհովայից, որ այդ այցի շնորհիվ իմ մեջ ցանկություն առաջացավ ծառայելու իրեն»։
Ճապոնացի Մասահիկոն նույնպես մեծացել էր Վկաների ընտանիքում։ Սակայն կարծում էր, որ քրիստոնեական կյանքը շատ սահմանափակ է։ Նա լիովին ներքաշվեց դպրոցի գործունեության մեջ և դադարեց հոգևորին ժամանակ տրամադրելուց։ Մասահիկոն հիշում է. «Մի օր մեր ընտանիքը և ժողովի անդամներից մի քանիսը որոշեցին գնալ Բեթել՝ էքսկուրսիայի։ Ընտանիքիս անդամները շատ համոզեցին, որ իրենց հետ գնամ։ էքսկուրսիան անչափ թարմացնող էր։ Այնքա՜ն հաճելի էր շփվել քրիստոնյաների հետ, մի բան, որը երբեք չեմ զգացել ոչ Վկա ընկերներիս հետ շփվելիս։ Իմ մեջ ցանկություն առաջացավ ապրելու աստվածաշնչյան սկզբունքների համաձայն, և ես խնդրեցի, որ ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն»։ Մասահիկոն այժմ ծառայում է որպես լիաժամ քարոզիչ։
Մի Վկա էլ Ֆրանսիայից տեղափոխվել էր Մոսկվա՝ աշխատելու։ Այնտեղ նա կորցրել էր Եհովայի վկաների հետ կապը և աստիճանաբար հոգևորապես թուլացել։ Նա սկսել էր Եհովային տհաճ արարքներ անել և ամուսնացել ոչ Վկայի հետ։ Ավելի ուշ մի քույր Ֆրանսիայից եկել էր նրան տեսնելու, և նրանք միասին որոշել էին այցելել Սանկտ Պետերբուրգի (Ռուսաստան) Բեթել։ Նա գրում է. «Բեթելում մեզ ջերմ ընդունեցին, և դա անչափ տպավորեց ինձ։ Այնպիսի խաղաղություն էր տիրում այնտեղ։ Ես զգացի Եհովայի ոգին։ Ակամայից մտածեցի. «Ինչպե՞ս կարող էի այսպես սխալվել ու հեռանալ Եհովայի կազմակերպությունից»։ Բեթել այցելելուց հետո աղոթեցի Եհովային, որ օգնի ինձ, ու մեծ վճռականությամբ սկսեցի երեխաներիս կրթել աստվածաշնչյան սկզբունքներով»։ Թեև այդ քույրը, որը մի ժամանակ հոգևորապես թուլացել էր, գուցե ստացել էր հոգևոր օգնություն, այնուամենայնիվ, նրա վրա մեծ ազդեցություն էր թողել Բեթել կատարած այցը, որը մղել էր նրան վճռական քայլերի դիմելու։
Իսկ ի՞նչ ազդեցություն կարող է թողնել Բեթել այցելելը այն մարդկանց վրա, ովքեր ծանոթ չեն Եհովայի վկաներին։ 1988թ.-ին Ալբերտոն, որը քաղաքականությամբ էր զբաղվում, այցելեց Բրազիլիայի Բեթել։ Մաքրությունը, կարգուկանոնը և հատկապես այն, որ ոչ մի աշխատանք գաղտնաբար չէր արվում, մեծապես տպավորեցին իրեն։ Բանն այն է, որ Բեթել այցելելուց որոշ ժամանակ առաջ Ալբերտոն եղել էր այն վարժարանում, որտեղ որպես քահանա ծառայում էր իր կնոջ եղբայրը։ «Վարժարանում ամեն ինչ գաղտնի էր արվում»,— ասում է Ալբերտոն։ Ուստի նա անմիջապես նկատեց տարբերությունը։ Հետաքրքիրն այն է, որ Բեթել այցելելուց կարճ ժամանակ անց Ալբերտոն սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, այնուհետև թողեց քաղաքականությունը և այժմ ծառայում է որպես երեց։
Այցելեք Բեթել
Շատերը մեծ ջանքեր են ներդրել, որ այցելեն մասնաճյուղ։ Օրինակ՝ Բրազիլիայում ապրող Պաուլոն և էուժենյան չորս տարի շարունակ գումար էին խնայում, որ այցելեն իրենց երկրի Բեթել։ Այնտեղ հասնելու համար նրանք պետք է երկու օր ավտոբուսով 3000 կիլոմետր անցնեին։ Ամուսիններն ասում են. «Արժեր ամեն ջանք ներդնել։ Հիմա ավելի լավ ենք պատկերացնում, թե ինչպես է գործում Եհովայի կազմակերպությունը։ Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողներին բացատրում ենք, թե ինչ աշխատանք է կատարվում Բեթելում, նրանք երբեմն հարցնում են. «Իսկ դուք եղե՞լ եք այնտեղ»։ Այժմ կարող ենք ասել՝ այո՛»։
Ձեր երկրում կամ հարևան երկրում կա՞ Բեթել։ Եթե այո, ապա սրտանց հրավիրում ենք ձեզ այցելել Աստծու տուն։ Անկասկած, դուք ջերմ ընդունելության կարժանանաք և մեծ քաջալերություն կստանաք։
[Նկար 18–րդ էջի վրա]
Մարիո
[Նկար 18–րդ էջի վրա]
Աբել
[Նկար 18–րդ էջի վրա]
Գերմանիա
[Նկար 18–րդ էջի վրա]
Ճապոնիա
[Նկար 18–րդ էջի վրա]
Բրազիլիա