Ինչպես է փրկանքը ազատում մեզ
«Ով հավատ է դրսևորում Որդու հանդեպ, հավիտենական կյանք ունի. ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա» (ՀՈՎՀ. 3։36)։
1, 2. Սկզբում ո՞րն էր «Սիոնի Դիտարանը» հրատարակելու նպատակներից մեկը։
«ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ մանրակրկիտ ուսումնասիրող անհատին չի կարող չտպավորել այն, թե ինչ մեծ շեշտ է դրվում Քրիստոսի մահվան վրա»,— ասվում էր այս պարբերագրի չորրորդ թողարկման մեջ, որը լույս է տեսել 1879թ. հոկտեմբերին։ Այդ հոդվածը հետևյալ սթափեցնող խոսքերով էր ավարտվում. «Եկեք մերժենք այն ամենը, ինչը հերքում է, որ Քրիստոսի մահը զոհաբերություն է և հաշտության զոհ՝ մեղքերի համար» (կարդա՛ 1 Հովհաննես 2։1, 2)։
2 Նպատակներից մեկը, թե ինչու առաջին անգամ 1879թ. հուլիսին հրատարակվեց «Սիոնի Դիտարան» պարբերագիրը, հետևյալն էր՝ պաշտպանել փրկանքի մասին աստվածաշնչյան ուսմունքը։ Պարբերագրի էջերում գրվածը «կերակուր էր.... ճիշտ ժամանակին», քանի որ 1800-ականների վերջում քրիստոնեություն դավանող ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին հարցականի տակ դնել այն, որ Հիսուսի մահը կարող է փրկել մեզ մեղքերից (Մատթ. 24։45)։ Այդ ժամանակ շատերը սկսել էին հավատալ էվոլյուցիոն տեսությանը, որը մերժում է այն փաստը, որ մարդը զրկվել է կատարելությունից։ էվոլյուցիոնիստները սովորեցնում են, որ մարդը ինքնիրեն է կատարելագործվում և փրկանքի կարիք չունի։ Ուստի այդ ժամանակներում հատկապես տեղին էր Պողոս առաքյալի խորհուրդը՝ ուղղված Տիմոթեոսին. «Պահպանի՛ր այն, ինչ վստահված է քեզ՝ հեռու մնալով դատարկ զրույցներից, որոնք ոտնահարում են սուրբ բաները, ինչպես նաև այն հակասություններից, որ գոյություն ունեն «գիտություն» կոչվածի մեջ։ Որովհետև այդպիսի գիտությունը ցուցադրաբար ներկայացնելով՝ մի քանիսը շեղվեցին հավատից» (1 Տիմոթ. 6։20, 21)։
3. Ի՞նչ հարցեր ենք քննելու։
3 Անկասկած, դու վճռել ես «չշեղվել հավատից»։ Ուստի լավ կլինի խորհել հետևյալ հարցերի շուրջ. «Ինչո՞ւ փրկանքի կարիք ունեմ։ Ի՞նչ արժեցավ այն Եհովայի ու Հիսուսի համար։ Ինչպե՞ս կարող եմ օգուտներ քաղել այս թանկ միջոցից, որը կարող է ազատել ինձ Աստծու զայրույթից»։
Ազատված՝ Աստծու զայրույթից
4, 5. Ի՞նչն է ցույց տալիս, որ Աստծու ցասումը մնում է ներկայիս չար համակարգի վրա։
4 Աստվածաշունչը և մարդկության պատմությունը ցույց են տալիս, որ Ադամի մեղք գործելուց ի վեր Աստծու զայրույթը «մնում է» մարդկային ցեղի վրա (Հովհ. 3։36)։ Սա է փաստում այն, որ ոչ մի մարդ չի կարողացել խուսափել մահից։ Սատանայի իշխանությունը անկարող է եղել պաշտպանելու մարդկությանը անդադար տեղի ունեցող աղետներից, և մարդկային ոչ մի կառավարություն ի զորու չէ եղել բավարարելու իր քաղաքացիների հիմնական կարիքները (1 Հովհ. 5։19)։ Ուստի մարդիկ շարունակում են տառապել պատերազմների, հանցագործության և աղքատության պատճառով։
5 Պարզ է, ուրեմն, որ Եհովան չի օրհնում ներկայիս չար համակարգը։ Պողոսն ասաց, որ «Աստծու ցասումը երկնքից հայտնվում է.... ամեն ամբարշտության» դեմ (Հռոմ. 1։18–20)։ Այդ պատճառով նրանք, ովքեր Աստծուն տհաճ կյանքով են ապրում ու չեն զղջում, իրենց վարքի վատ հետևանքներից չեն խուսափի։ Այսօր Աստծու ցասումը հայտնի է դառնում այն դատաստանական պատգամների միջոցով, որոնք ժանտախտի պես թափվում են Սատանայի աշխարհի վրա, և այդպիսի տեղեկությունները գրի են առնվում Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակություններից շատերում (Հայտն. 16։1)։
6, 7. Ի՞նչ աշխատանք է կազմակերպվում օծյալ քրիստոնյաների կողմից, և ի՞նչ հնարավորություն դեռ ունեն նրանք, ովքեր Սատանայի աշխարհի մի մասն են կազմում։
6 Սակայն սա նշանակո՞ւմ է, թե արդեն շատ ուշ է, որ մարդիկ ազատվեն Սատանայի իշխանությունից և արժանանան Աստծու հավանությանը։ Իհա՛րկե ոչ։ Դեռ հնարավորություն կա հաշտվելու Եհովայի հետ։ Օծյալ քրիստոնյաները, որոնք «Քրիստոսին փոխարինող դեսպաններ են», կազմակերպում են քարոզչական գործունեությունը, որի շնորհիվ բոլոր ազգերի մարդիկ ստանում են հետևյալ հրավերը. «Հաշտվե՛ք Աստծու հետ» (2 Կորնթ. 5։20, 21)։
7 Պողոս առաքյալն ասաց, որ Հիսուսը «ազատում է մեզ գալիք ցասումից» (1 Թեսաղ. 1։10)։ Երբ Եհովան վերջին անգամ թափի իր բարկությունը, չզղջացող մեղավորները հավիտենական կործանման կմատնվեն (2 Թեսաղ. 1։6–9)։ Իսկ ո՞վ կփրկվի։ Աստվածաշունչը պատասխանում է. «Ով հավատ է դրսևորում Որդու հանդեպ, հավիտենական կյանք ունի. ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա» (Հովհ. 3։36)։ Այո՛, բոլոր նրանք, ովքեր կենդանի են և հավատ են դրսևորում Հիսուսի ու փրկանքի հանդեպ, կփրկվեն Աստծու ցասման վերջին օրից, երբ այս համակարգը կործանվի։
Ինչպես է փրկանքը ազատում
8. ա) Ի՞նչ հրաշալի հեռանկար ունեին Ադամն ու Եվան։ բ) Ինչպե՞ս Եհովան ապացուցեց, որ կատարյալ արդարություն ունեցող Աստված է։
8 Ադամն ու Եվան կատարյալ էին ստեղծված։ Եթե նրանք հնազանդվեին Աստծուն, երկիրն այժմ լցված կլիներ իրենց երջանիկ սերունդներով, որոնք նրանց հետ միասին կապրեին դրախտում։ Ցավոք, սակայն, մեր նախածնողները գիտակցաբար խախտեցին Աստծու պատվերը։ Արդյունքում դատապարտվեցին հավիտենական մահվան և արտաքսվեցին դրախտից։ Ադամն ու Եվան արդեն մեղավոր էին, երբ երեխաներ ունեցան։ Ի վերջո նրանք ծերացան ու մահացան։ Այս ամենը փաստում է, որ Եհովան կատարում է իր խոսքը։ Բացի այդ, նա կատարյալ արդարություն ունեցող Աստված է։ Եհովան զգուշացրել էր Ադամին, որ եթե ուտեր արգելված պտուղը, կմահանար. այդպես էլ եղավ։
9, 10. ա) Ինչո՞ւ է Ադամի սերունդը մահանում։ բ) Ինչպե՞ս կարող ենք ազատվել հավիտենական մահվան դատապարտությունից։
9 Որպես Ադամի զավակներ՝ մենք ժառանգել ենք անկատար մարմին և հակված ենք մեղք գործելու, որի պատճառով, ի վերջո, մահանում ենք։ Երբ Ադամը մեղք գործեց, մենք նույնպես դարձանք մեղավորներ, թեև դեռ չէինք ծնվել։ Հետևաբար, նույնպես դատապարտվեցինք մահվան։ Եթե Եհովան, առանց փրկանք տալու, կանգնեցներ այն ընթացքը, որը տանում է ծերության ու մահվան, նա կատարած չէր լինի իր խոսքը։ Կարելի ասել, որ Պողոսը նկատի ուներ մեզ բոլորիս, երբ ասաց. «Մենք գիտենք, որ Օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքի տակ ծախված։ Ի՜նչ թշվառ մարդ եմ ես։ Ո՞վ կազատի ինձ մահվանը ենթակա այս մարմնից» (Հռոմ. 7։14, 24)։
10 Միայն Եհովա Աստված կարող է օրինական հիմքով արդարացիորեն ներել մեր մեղքերը և ազատել հավիտենական մահվան դատապարտությունից։ Նա դա արեց՝ երկնքից ուղարկելով իր սիրելի Որդուն, որ վերջինս ծնվի որպես կատարյալ մարդ՝ իր կյանքը հանուն մեզ փրկանք տալու համար։ Ի տարբերություն Ադամի՝ Հիսուսը մնաց կատարյալ։ Իսկապես, «նա ոչ մի մեղք չգործեց» (1 Պետ. 2։22)։ Հիսուսը կարող էր կատարյալ սերունդ առաջ բերել։ Սակայն որպեսզի կարողանա որդեգրել Ադամի մեղավոր սերնդին և հավիտենական կյանքի հնարավորություն տա իր հանդեպ հավատ դրսևորողներին, նա թույլ տվեց, որ Աստծու թշնամիները իրեն մահվան դատապարտեն։ Սուրբ Գիրքն ասում է. «Կա մեկ Աստված և մեկ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Քրիստոս Հիսուս մարդը, որն իր անձը որպես համապատասխան փրկանք տվեց բոլորի համար» (1 Տիմոթ. 2։5, 6)։
11. ա) Ի՞նչ օրինակով կարելի է պատկերացնել փրկանքի օգուտները։ բ) Ովքե՞ր են օգուտներ քաղում փրկանքից։
11 Որպեսզի հասկանանք, թե ինչպես է փրկանքը ազատում մեզ, բերենք հետևյալ օրինակը. պատկերացնենք, որ բանկը խաբեությամբ յուրացրել է ավանդատուների բոլոր խնայողությունները, և վերջիններս խրվել են պարտքի մեջ։ Բանկի տերերը բանտարկվել են՝ ստանալով իրենց արժանի պատիժը։ Իսկ ի՞նչ վիճակում են հայտնվել անմեղ ավանդատուները։ Նրանք անելանելի վիճակում են։ Միակ հույսն այն է, որ մի բարի և հարուստ մարդ իր ձեռքը վերցնի բանկի կառավարումը և տուժածներին վերադարձնի իրենց բոլոր խնայողությունները՝ ազատելով նրանց պարտքից։ Նմանապես, Եհովա Աստված և իր սիրելի Որդին փրկագնեցին Ադամի ժառանգներին և Հիսուսի թափած արյան հիման վրա չեղյալ հայտարարեցին նրանց մեղքի պարտքը։ Ահա թե ինչու Հովհաննես Մկրտիչը Հիսուսի առնչությամբ ասաց. «Ահա՛ Աստծու Գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. 1։29)։ Աշխարհը, որի մեղքերը վերցվել են, խորհրդանշում է ոչ միայն ապրող մարդկանց, այլև մահացածներին։
Փրկանք՝ մեծ ցավի գնով
12, 13. Ի՞նչ ենք սովորում Աբրահամից Իսահակին պատրաստակամորեն զոհաբերելու մասին։
12 Անհնար է լիովին պատկերացնել, թե մեր երկնային Հայրն ու իր սիրելի Որդին ի՜նչ մեծ ցավի գնով տվեցին փրկանքը։ Սակայն Աստվածաշունչը պատմում է որոշ դեպքեր, որոնք օգնում են մեզ խորհրդածելու դրա շուրջ։ Օրինակ՝ մտածիր, թե ինչ էր զգում Աբրահամը, երբ երեք օրվա ճանապարհ անցավ, որ գնա Մորիա՝ Աստծու հետևյալ պատվերը կատարելու համար. «Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մօրիայի երկիրը գնա, եւ այն տեղ նորան ողջակէզ արա այն սարերի մէկի վերայ որ ես քեզ կ’ասեմ» (Ծննդ. 22։2–4)։
13 Ի վերջո, Աբրահամը հասավ նշանակված վայր։ Մտածիր, թե ինչ ապրումների մեջ էր նա. հոր սրտից ասես արյուն էր կաթում, երբ կապում էր որդու ձեռքերն ու ոտքերը, երբ պառկեցնում էր նրան այն զոհասեղանի վրա, որն իր ձեռքերով էր պատրաստել։ Հավանաբար, մեծ ցավով ու դողդոջուն ձեռքերով նա բարձրացրեց դանակը, որով սպանելու էր իր որդուն։ Պատկերացրու, թե ինչ ապրումներ ուներ Իսահակը, երբ պառկած էր զոհասեղանի վրա ու սպասում էր սուր ցավին, որից հետո վրա էր հասնելու անողորմ մահը։ Բարեբախտաբար, Եհովայի հրեշտակը ճիշտ ժամանակին կանգնեցրեց Աբրահամին։ Նրա օրինակը օգնում է մեզ հասկանալու, թե ինչ զգաց Եհովան, երբ թույլ տվեց, որ Սատանայի համախոհները սպանեն իր Որդուն։ Իսկ այն, որ Իսահակը թույլ տվեց իր հորը իրեն զոհ մատուցելու, հրաշալի կերպով նկարագրում է Հիսուսի պատրաստակամությունը տառապելու ու մահանալու հանուն մեզ (Եբր. 11։17–19)։
14. Հակոբի կյանքի ո՞ր դրվագն է օգնում մեզ հասկանալու, թե ինչ մեծ ցավի գնով տրվեց փրկանքը։
14 Թե ինչ մեծ ցավի գնով տրվեց փրկանքը, կարելի պատկերացնել նաև Հակոբի կյանքում տեղի ունեցած մի դրվագով։ Հակոբն իր բոլոր որդիներից ամենաշատը սիրում էր Հովսեփին։ Ցավոք, Հովսեփի եղբայրները նախանձում և ատում էին նրան։ Այնուհանդերձ, երբ Հովսեփի հայրը ուղարկեց նրան տեսնելու, թե ինչպես են եղբայրները, նա պատրաստակամորեն գնաց։ Այդ ժամանակ Հակոբի որդիները արածեցնում էին հոտը Քեբրոնում գտնվող իրենց տնից մոտ 100 կիլոմետր դեպի հյուսիս։ Պատկերացրու, թե ինչ զգաց Հակոբը, երբ նրան տվեցին իր որդու արյունոտ պատմուճանը։ «Իմ որդու պատմուճանն է,— բացականչեց նա,— մի չար գազան կերել է նորան. Յովսէփն անպատճառ գիշատուել է»։ Այս ամենը մեծ ցավ պատճառեց Հակոբին, և նա շատ օրեր սգաց Հովսեփի համար (Ծննդ. 37։33, 34)։ Ճիշտ է, Եհովան չի արձագանքում իրավիճակներին անկատար մարդկանց նման, սակայն եթե խորհրդածենք Հակոբի հետ կատարվածի շուրջ, կկարողանանք որոշ չափով հասկանալ, թե ինչ զգաց Աստված, երբ իր սիրելի Որդու նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորեցին ու դաժանաբար մահվան մատնեցին։
Օգուտներ քաղենք փրկանքից
15, 16. ա) Ինչպե՞ս Եհովան ցույց տվեց, որ ընդունում է փրկանքը։ բ) Ինչպե՞ս ես օգուտներ քաղել փրկանքից։
15 Եհովա Աստված հարություն տվեց իր հավատարիմ Որդուն՝ տալով նրան փառավոր ոգեղեն մարմին (1 Պետ. 3։18)։ Քառասուն օր շարունակ հարություն առած Հիսուսը հայտնվում էր իր աշակերտներին, ամրացնում էր նրանց հավատն ու պատրաստում քարոզչական մեծ գործին։ Այնուհետև նա համբարձվեց երկինք, որտեղ իր թափած արյան գինը ներկայացրեց Աստծուն, որպեսզի իր ճշմարիտ հետևորդները, ովքեր հավատ են դրսևորում քավիչ զոհի հանդեպ, օգուտներ քաղեն։ Եհովան ցույց տվեց, որ ընդունում է Քրիստոսի տված փրկանքը՝ հանձնարարելով նրան սուրբ ոգին թափել աշակերտների վրա, որոնք հավաքվել էին Երուսաղեմում 33թ. Պենտեկոստեին (Գործ. 2։33)։
16 Քրիստոսի այդ օծյալ հետևորդները անմիջապես սկսեցին հորդորել ուրիշներին, որ նրանք էլ ազատվեն Աստծու զայրույթից՝ մկրտվելով Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի իրենց մեղքերից ներում ստանան (կարդա՛ Գործեր 2։38–40)։ Այդ պատմական օրից ի վեր բոլոր ազգերից միլիոնավոր մարդիկ մտերիմ փոխհարաբերություններ են զարգացրել Աստծու հետ Հիսուսի քավիչ զոհի հանդեպ հավատ դրսևորելու շնորհիվ (Հովհ. 6։44)։ Այժմ եկեք քննենք ևս երկու հարց՝ արդյոք մեր լավ գործերի համա՞ր ենք ստացել հավիտենական կյանքի հույսը։ Այդ հրաշալի հույսը ստանալուց հետո հնարավո՞ր է կորցնել այն։
17. Ինչպե՞ս պետք է վերաբերվես Աստծու ընկերը լինելու հրաշալի օրհնությանը։
17 Մենք ընդհանրապես արժանի չենք փրկանքին։ Սակայն դրա հանդեպ հավատ դրսևորելով՝ միլիոնավոր մարդիկ այսօր դարձել են Աստծու ընկերները և հույս ունեն հավիտյան ապրելու դրախտ-երկրի վրա։ Բայց Եհովայի ընկերը դառնալը երաշխիք չէ, որ մենք կպահպանենք այդ մտերիմ հարաբերությունները։ Որպեսզի ազատվենք Աստծու գալիք ցասման օրից, պետք է շարունակաբար խորացնենք մեր երախտագիտությունը «Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքի» համար (Հռոմ. 3։24; կարդա՛ Փիլիպպեցիներ 2։12)։
Շարունակիր հավատ դրսևորել փրկանքի հանդեպ
18. Փրկանքի հանդեպ հավատ դրսևորելու մեջ ի՞նչ է մտնում։
18 Այս հոդվածի բնաբանը՝ Հովհաննես 3։36-ը, ցույց է տալիս, որ Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատ դրսևորել նշանակում է հնազանդվել նրան։ Փրկանքի համար երախտագետ լինելը պետք է մղի մեզ ապրելու Հիսուսի սովորեցրածների համաձայն, որոնց մեջ է մտնում բարոյական չափանիշներին հետևելը (Մարկ. 7։21–23)։ Չմոռանանք, որ «Աստծու ցասումը գալիս է» բոլոր նրանց վրա, ովքեր առանց զղջալու պոռնկություն են գործում, անպարկեշտ կատակներ են անում և «ամեն տեսակ անմաքրությամբ» են զբաղվում, որի մեջ մտնում է շարունակ պոռնկագրություն դիտելը (Եփես. 5։3–6)։
19. Ի՞նչ կերպերով կարող ենք ցույց տալ, որ հավատ ենք դրսևորում փրկանքի հանդեպ։
19 Փրկանքի համար երախտագետ լինելը կմղի մեզ զբաղված լինելու «աստվածանվեր գործերով» (2 Պետ. 3։11)։ Եկեք բավարար ժամանակ տրամադրենք, որ կանոնավորաբար և ջերմեռանդորեն աղոթենք, Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն անենք, հաճախենք ժողովների հանդիպումներին, ընտանեկան երկրպագություն անցկացնենք ու նախանձախնդրորեն մասնակցենք քարոզչական գործին։ Եվ թող որ «չմոռանանք բարին գործելը և ուրիշներին էլ բաժնեկից դարձնելը, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի» (Եբր. 13։15, 16)։
20. Ապագայում ի՞նչ օրհնություններ կարող են ակնկալել նրանք, ովքեր շարունակում են հավատ դրսևորել փրկանքի հանդեպ։
20 Երբ Եհովան իր զայրույթը թափի այս չար համակարգի վրա, որքա՜ն երջանիկ կլինենք, որ հավատ ենք դրսևորել փրկանքի հանդեպ և անդադար խորացրել ենք մեր երախտագիտությունը դրա համար։ Աստծու խոստացած նոր աշխարհում մենք հավերժ երախտապարտ կլինենք այդ հրաշալի միջոցի համար, որը ազատեց մեզ Աստծու ցասումից (կարդա՛ Հովհաննես 3։16; Հայտնություն 7։9, 10, 13, 14)։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչո՞ւ փրկանքի կարիք ունենք։
• Ի՞նչ մեծ ցավի գնով տրվեց փրկանքը։
• Ի՞նչ օգուտներ է բերում փրկանքը։
• Ինչպե՞ս ենք հավատ դրսևորում Հիսուսի քավիչ զոհի հանդեպ։
[Նկար 13–րդ էջի վրա]
Դեռ հնարավորություն կա հաշտվելու Եհովայի հետ
[Նկարներ 15–րդ էջի վրա]
Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ կատարվածի շուրջ խորհելը կարող է օգնել մեզ գնահատելու, թե ինչ մեծ ցավի գնով է տրվել փրկանքը