Հետամուտ եղիր խաղաղության
«Եկեք հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում» (ՀՌՈՄ. 14։19)։
1, 2. Ինչո՞ւ են Եհովայի վկաները խաղաղություն վայելում։
ԱՅՍՕՐՎԱ աշխարհում դժվար է գտնել իրական խաղաղություն։ Նույնիսկ մեկ ազգի պատկանող ու միևնույն լեզվով խոսող մարդիկ հաճախ պառակտված են կրոնական, քաղաքական ու սոցիալական առումներով։ Ի տարբերություն նրանց՝ Եհովայի ժողովուրդը միավորված է, չնայած այն բանին, որ նրանք «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից» են (Հայտն. 7։9)։
2 Այն, որ մեր միջև խաղաղություն է տիրում, պատահական չէ։ Գլխավոր պատճառն այն է, որ Հիսուսի հանդեպ հավատ դրսևորելու շնորհիվ, որի արյունը ծածկում է մեր մեղքերը, «խաղաղություն ենք վայելում Աստծու հետ» (Հռոմ. 5։1; Եփես. 1։7)։ Բացի այդ, ճշմարիտ Աստված իր սուրբ ոգին է տալիս իրեն նվիրված ծառաներին, իսկ ոգու պտղի երեսակներից է խաղաղությունը (Գաղ. 5։22)։ Մեր խաղաղ միասնության պատճառներից մեկն էլ այն է, որ «աշխարհի մի մասը չենք» (Հովհ. 15։19)։ Քաղաքական հարցերում մենք ինչ-որ մեկի կողմը դիրք չենք բռնում, այլ չեզոքություն ենք պահում։ Քանի որ մեր «սրերից խոփեր» ենք կոփել, չենք մասնակցում քաղաքացիական կամ ազգերի միջև տեղի ունեցող պատերազմներին (Ես. 2։4)։
3. Ի՞նչ է հնարավոր դարձնում մեր միջև տիրող խաղաղությունը, և ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
3 Մեր միջև տիրող խաղաղությունը ավելին է, քան պարզապես մեր եղբայրներին վնասել չցանկանալը։ Թեև Եհովայի վկաների ժողովը, որի անդամներն ենք, կարող է բաղկացած լինել տարբեր էթնիկական խմբերի ու մշակույթների պատկանող անհատներից, մենք «սիրում ենք միմյանց» (Հովհ. 15։17)։ Շնորհիվ մեր խաղաղության «բարին ենք անում բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ» (Գաղ. 6։10)։ Մենք պետք է թանկ գնահատենք ու պահպանենք մեր խաղաղ հոգևոր դրախտը։ Ուստի եկեք քննենք, թե ինչպես կարող ենք ժողովում հետամուտ լինել խաղաղության։
Երբ սայթաքում ենք
4. Ի՞նչ կարող ենք անել, որ խաղաղության հետամուտ լինենք, եթե վիրավորել ենք ինչ-որ մեկին։
4 «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում,— գրեց Հակոբոս աշակերտը։— Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում, նա կատարյալ մարդ է» (Հակ. 3։2)։ Հետևաբար, հավատակիցների միջև խնդիրներն ու տարաձայնությունները անխուսափելի են (Փիլիպ. 4։2, 3)։ Սակայն խնդիրները կարելի է լուծել՝ առանց խաթարելու ժողովի խաղաղությունը։ Օրինակ՝ նկատի առ այն խորհուրդը, որը պետք է կիրառենք, եթե վիրավորել ենք ինչ-որ մեկին (կարդա՛ Մատթեոս 5։23, 24)։
5. Ինչպե՞ս կարող ենք խաղաղության հետամուտ լինել, երբ մեր դեմ սխալ են գործել։
5 Ի՞նչ պետք է անենք, եթե մեր դեմ փոքր սխալ են գործել։ Պե՞տք է ակնկալենք, որ մեզ նեղացնողը գա ու ներողություն խնդրի։ «[Սերը] վիրավորանքները չի հաշվում»,— ասվում է 1 Կորնթացիներ 13։5-ում։ Երբ վիրավորված ենք, հետամուտ կլինենք խաղաղության, եթե ներենք ու մոռանանք, այսինքն՝ «վիրավորանքները չհաշվենք» (կարդա՛ Կողոսացիներ 3։13)։ Սա ամենալավ կերպն է առօրյա կյանքում փոքր խնդիրները հարթելու համար, քանի որ այն նպաստում է հավատակիցների հետ խաղաղ փոխհարաբերություններին ու տալիս է մտքի խաղաղություն։ Իմաստուն առակն ասում է. «Գեղեցկությունը հանցանքին ուշադրություն չդարձնելն է» (Առակ. 19։11)։
6. Ի՞նչ պետք է անենք, եթե չենք կարողանում անտեսել մեզ հասցված վիրավորանքը։
6 Իսկ ի՞նչ անել, եթե չենք կարողանում անտեսել մեզ հասցված վիրավորանքը։ Իհարկե, իմաստուն չի լինի ուրիշներին պատմել այդ մասին։ Այդպիսի բամբասանքի պատճառով միմիայն կխաթարվի ժողովի խաղաղությունը։ Ի՞նչ պետք է արվի, որ խնդիրը խաղաղ կերպով լուծվի։ Մատթեոս 18։15-ում ասվում է. «Եթե քո եղբայրը մեղք գործի, գնա և ցույց տուր նրան, թե որն է նրա սխալը, երբ դու և նա մենակ եք։ Եթե նա լսի քեզ, շահեցիր քո եղբորը»։ Թեև Մատթեոս 18։15–17 համարները վերաբերում են լուրջ մեղքին, սակայն 15-րդ համարի սկզբունքի համաձայն՝ մենք պետք է բարյացակամորեն առանձին մոտենանք մեզ վիրավորողին և փորձենք վերականգնել խաղաղ փոխհարաբերությունները նրա հետa։
7. Ինչո՞ւ պետք է արագ լուծենք վեճերը։
7 Պողոս առաքյալը գրեց. «Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք։ Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք, ոչ էլ տեղիք տվեք Բանսարկուին» (Եփես. 4։26, 27)։ «Երբ մեկը օրենքի հիման վրա բողոքում է քո դեմ, գործերդ արագ հարթիր այդ մարդու հետ»,— ասաց Հիսուսը (Մատթ. 5։25)։ Փաստորեն, խաղաղության հետամուտ լինելու համար հարկավոր է արագ հարթել խնդիրները։ Ինչո՞ւ։ Քանի որ այդպես վարվելով՝ թույլ չենք տա, որ դրանք բարդանան, ինչպես որ վերքը չի թարախակալվի, եթե անմիջապես բուժենք այն։ Եկեք թույլ չտանք, որ հպարտության, նախանձի կամ նյութական իրերը չափից շատ կարևորելու պատճառով արագ չլուծենք վեճերը (Հակ. 4։1–6)։
Երբ շատերն են ներգրավված
8, 9. ա) Առաջին դարում ի՞նչ տարաձայնություն էր ծագել Հռոմում գտնվող ժողովում։ բ) Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը հռոմեացի քրիստոնյաներին այդ առնչությամբ։
8 Երբեմն ժողովում տարաձայնություններ են ծագում ոչ թե երկու, այլ շատ անհատների միջև։ Այդպես էր Հռոմի քրիստոնյաների պարագայում, որոնց Պողոս առաքյալը սուրբ ոգու ներշնչմամբ նամակ գրեց։ Նրանց ժողովում, որը բաղկացած էր հրեա և այլազգի քրիստոնյաներից, վեճ էր ծագել։ Որոշ անհատներ, ակներևաբար, վերևից էին նայում նրանց, ովքեր թույլ կամ չափազանց զգայուն խիղճ ունեին։ Այդպիսի անհատները անտեղի դատում էին ուրիշներին անձնական հարցերի վերաբերյալ։ Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը ժողովին (Հռոմ. 14։1–6)։
9 Պողոսը տարաձայնություն ունեցող երկու կողմերին էլ խորհուրդ տվեց։ Նրանց, ովքեր իրենց չէին համարում, որ Մովսիսական օրենքի տակ են, առաքյալն ասաց, որ իրենց եղբայրներին վերևից չնայեն (Հռոմ. 14։2, 10)։ Այդպիսի վերաբերմունքով նրանք կարող էին գայթակղեցնել այն հավատակիցներին, ովքեր կարծում էին, որ չի կարելի ուտել այն, ինչ արգելում էր Օրենքը։ «Մի՛ քանդիր Աստծու գործը զուտ կերակուրի համար,— հորդորեց Պողոսը։— Լավ է միս չուտել, գինի չխմել և չանել մի այնպիսի բան, որի պատճառով քո եղբայրը գայթակղվում է» (Հռոմ. 14։14, 15, 20, 21)։ Իսկ ավելի զգայուն խիղճ ունեցող քրիստոնյաներին Պողոսը խորհուրդ տվեց չդատել ու անհավատարիմ չհամարել նրանց, ովքեր ավելի լայն մտածելակերպ ունեին (Հռոմ. 14։13)։ Նա ասաց այնտեղ «գտնվող ամեն մեկին, որ չմտածի իր մասին ավելին, քան հարկ է մտածել» (Հռոմ. 12։3)։ Տարաձայնություն ունեցող երկու կողմերին խորհուրդ տալուց հետո Պողոսը գրեց. «Հետևաբար, եկեք հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում և նպաստում է միմյանց կերտելուն» (Հռոմ. 14։19)։
10. Առաջին դարի հռոմեացի քրիստոնյաների նման՝ ի՞նչ է հարկավոր անել, որ հարթենք տարաձայնությունները։
10 Կարող ենք վստահ լինել, որ Հռոմում գտնվող ժողովը արձագանքեց Պողոսի խորհրդին և կատարեց անհրաժեշտ փոփոխությունները։ Այսօր էլ, երբ տարաձայնություններ են ծագում, մենք պետք է հարթենք դրանք՝ խոնարհաբար փնտրելով ու կիրառելով աստվածաշնչյան խորհուրդները։ Ինչպես հռոմեացիների պարագայում էր, տարաձայնություն ունեցող երկու կողմերը գուցե կարիք ունենան փոփոխություններ անելու, որպեսզի «իրար միջև խաղաղություն պահպանեն» (Մարկ. 9։50)։
Երբ դիմում են օգնության
11. Ինչի՞ց պետք է զգուշանա երեցը, եթե քրիստոնյան ցանկանում է նրա հետ խոսել հավատակցի հետ ունեցած խնդրի մասին։
11 Ի՞նչ կարող է անել այն երեցը, որի հետ քրիստոնյան ցանկանում է խոսել հարազատի կամ հավատակցի հետ ունեցած խնդրի մասին։ Առակներ 21։13-ում ասվում է. «Ով որ իր ականջը փակում է խեղճի գանգատալից աղաղակը լսելուց, ինքն էլ կկանչի և պատասխան չի ստանա»։ Անշուշտ, երեցը չի փակի «իր ականջը»։ Սակայն մեկ այլ առակ զգուշացնում է. «Ով իր դատական գործն առաջինն է սկսում, նա արդար է թվում, բայց գալիս է նրա մերձավորը և քննում նրան» (Առակ. 18։17)։ Երեցը պետք է բարյացակամորեն լսի, բայց պետք է զգույշ լինի, որ վիրավորանքի մասին պատմողի կողմը դիրք չբռնի։ Լսելուց հետո նա պետք է հարցնի, թե արդյոք վիրավորված անհատը խոսել է վիրավորողի հետ։ Նաև երեցը թերևս նրա հետ քննի Աստվածաշնչի վրա հիմնված այն քայլերը, որոնք այդ անհատը պետք է անի խաղաղության հետամուտ լինելու համար։
12. Բե՛ր օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե որքան վտանգավոր է գանգատը լսելուց հետո հապճեպորեն գործելը։
12 Աստվածաշնչյան երեք օրինակներ ընդգծում են միայն մեկ կողմին լսելուց հետո հապճեպորեն գործելու վտանգը։ Պետափրեսը հավատաց իր կնոջը, երբ վերջինս ասաց, թե Հովսեփը փորձել է բռնաբարել իրեն։ Անարդարացիորեն բարկանալով՝ Պետափրեսը Հովսեփին բանտ գցեց (Ծննդ. 39։19, 20)։ Դավիթ թագավորը հավատաց Սիբային, որն ասաց, թե իր տերը՝ Մեմփիբոսթեն, Դավթի թշնամիների կողմն է անցել։ «Ահա ինչը որ Մեմփիբոսթեին է պատկանում, քոնն է»,— հապճեպորեն որոշեց թագավորը (2 Սամ. 16։4; 19։25–27)։ Արտաքսերքսես թագավորին ասացին, թե հրեաները վերաշինում են Երուսաղեմի պարիսպները և ապստամբելու են Պարսից կայսրության դեմ։ Թագավորը հավատաց այդ սուտ տեղեկությանը ու հրամայեց, որ վերականգնողական բոլոր աշխատանքները դադարեցվեն։ Արդյունքում՝ հրեաները դադարեցին Աստծու տաճարը կառուցելուց (Եզր. 4։11–13, 23, 24)։ Քրիստոնյա երեցները, իմաստություն դրսևորելով, հետևում են Տիմոթեոսին տված Պողոսի խորհրդին՝ խուսափել շտապ որոշումներ կայացնելուց (կարդա՛ 1 Տիմոթեոս 5։21, 22)։
13, 14. ա) Երբ ուրիշների միջև տարաձայնություններ են ծագում, ի՞նչ պետք է հիշենք։ բ) Ի՞նչը կօգնի երեցներին ճիշտ որոշումներ կայացնելու հավատակիցների վերաբերյալ։
13 Նույնիսկ երբ լսել ենք տարաձայնություն ունեցող երկու կողմերին և թվում է՝ գիտենք խնդրի պատճառը, կարևոր է հիշել հետևյալը. «Եթե որևէ մեկը կարծում է, թե ինչ-որ բան գիտի, նա դեռ չգիտի այնպես, ինչպես որ պետք է իմանա» (1 Կորնթ. 8։2)։ Իրո՞ք գիտենք այն բոլոր մանրամասնությունները, որոնց պատճառով տարաձայնություն է առաջացել։ Հաշվի առե՞լ ենք այդ անհատների անցյալը։ Շատ կարևոր է, որ երեցները չխաբվեն կեղծիքի, խորամանկ քայլերի կամ ասեկոսեների պատճառով։ Աստծու նշանակած Դատավորը՝ Հիսուս Քրիստոսը, արդար կերպով է դատում։ «Նա չի դատում միայն իր աչքի տեսածով և չի հանդիմանում զուտ իր ականջի լսածով» (Ես. 11։3, 4)։ Հիսուսը առաջնորդվում է Եհովայի ոգով։ Քրիստոնյա երեցները նույնպես պետք է առաջնորդվեն Աստծու սուրբ ոգով։
14 Նախքան հավատակիցների վերաբերյալ որոշումներ կայացնելը երեցները պետք է օգնության համար աղոթեն Եհովային, որ տա իր ոգին։ Նրանք թույլ կտան որ այդ ոգին առաջնորդի իրենց, եթե դիմեն Աստծու Խոսքին ու հավատարիմ և իմաստուն ծառայի հրատարակություններին (Մատթ. 24։45)։
Խաղաղություն ամեն գնո՞վ
15. Եթե իմացել ենք լուրջ մեղքի մասին, ե՞րբ պետք է հայտնենք երեցներին։
15 Որպես քրիստոնյաների՝ մեզ հորդոր է տրվում խաղաղության հետամուտ լինել։ Սակայն Աստվածաշունչը նաև ասում է. «Վերին իմաստությունը նախևառաջ մաքուր է, ապա՝ խաղաղարար» (Հակ. 3։17)։ Փաստորեն, առաջին հերթին հարկավոր է մաքուր լինել, այսինքն՝ կառչած լինել Աստծու բարոյական սկզբունքներին և կատարել նրա արդար պահանջները։ Եթե քրիստոնյան իմանում է, որ հավատակիցը լուրջ մեղք է գործում, պետք է քաջալերի նրան խոստովանել երեցներին (1 Կորնթ. 6։9, 10; Հակ. 5։14–16)։ Եթե սխալ գործողը չի խոստովանում, երեցներին պետք է տեղյակ պահի այդ մասին իմացող քրիստոնյան։ Եթե չհայտնի, կարծելով, թե այդպես խաղաղ փոխհարաբերություններ կպահպանի մեղք գործողի հետ, ապա նա մեղսակից կլինի (Ղևտ. 5։1; կարդա՛ Առակներ 29։24)։
16. Ի՞նչ կարող ենք սովորել Հովրամ թագավորի հետ Հեուի վարվելակերպից։
16 Հեուի մասին մի արձանագրություն ցույց է տալիս, որ Աստծու արդարությունը ավելի կարևոր է, քան խաղաղություն պահպանելը։ Աստված Հեուին ուղարկեց, որ կատարի իր դատավճիռը Աքաաբի տան վրա։ Աքաաբի ու Հեզաբելի ամբարիշտ որդին՝ Հովրամ թագավորը, իր կառքով դուրս եկավ նրան ընդառաջ ու հարցրեց. «Խաղաղությունո՞վ է, Հեո՛ւ»։ Ի՞նչ պատասխանեց Հեուն։ Նա ասաց. «Ի՞նչ խաղաղություն կարող է լինել, քանի դեռ քո մայր Հեզաբելը պոռնկությամբ ու կախարդությամբ է զբաղվում» (2 Թագ. 9։22)։ Այդ խոսքերով՝ Հեուն քաշեց աղեղը ու խոցեց նրա սիրտը։ Ինչպես որ Հեուն գործի անցավ, այնպես էլ երեցները հանուն խաղաղության չպետք է զիջումների գնան ինքնակամ, չզղջացող մեղավորի պարագայում։ Նրանք ընկերակցությունից զրկում են մեղք գործողներին, որպեսզի ժողովը շարունակի խաղաղ փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ (1 Կորնթ. 5։1, 2, 11–13)։
17. Ի՞նչ դեր ունեն բոլոր քրիստոնյաները խաղաղության հետամուտ լինելու հարցում։
17 Հիմնականում եղբայրների միջև տարաձայնությունների պատճառը լուրջ սխալներ չեն, որոնց դեպքում իրավական քայլեր են ձեռնարկվում։ Ուստի որքա՜ն լավ կլինի սիրառատ կերպով ծածկել ուրիշների սխալները։ «Հանցանքը ծածկողը սեր է որոնում,— ասվում է Աստծու Խոսքում,— իսկ նա, ով շարունակ խոսում է դրա մասին, մտերիմներին բաժանում է իրարից» (Առակ. 17։9)։ Այս խոսքերին հնազանդվելը կօգնի բոլորիս խաղաղություն պահպանելու ժողովում և լավ փոխհարաբերություններ ունենալու Եհովայի հետ (Մատթ. 6։14, 15)։
Խաղաղության հետամուտ լինելը օրհնություններ է բերում
18, 19. Որո՞նք են խաղաղության հետամուտ լինելու օգուտները։
18 Եթե հետամուտ լինենք «այն ամենին, ինչը խաղաղություն է բերում», առատ օրհնություններ կունենանք։ Ընդօրինակելով Եհովայի վարվելակերպը՝ մտերիմ փոխհարաբերություններ կվայելենք նրա հետ ու կնպաստենք, որ մեր հոգևոր դրախտում խաղաղություն և միասնություն տիրի։ Ժողովում խաղաղության հետամուտ լինելը նաև օգնում է խաղաղություն ունենալու նրանց հետ, ում քարոզում ենք «խաղաղության բարի լուրը» (Եփես. 6։15)։ Մենք սովորում ենք «բոլորի հանդեպ հեզահոգի լինել.... չարիքի ենթարկվելիս մեզ զուսպ պահել» (2 Տիմոթ. 2։24)։
19 Հիշիր նաև, որ «թե՛ արդարների և թե՛ անարդարների հարություն պիտի լինի» (Գործ. 24։15)։ Երբ երկրի վրա այդ հույսն իրականանա, տարբեր ծագում, տարբեր բնավորություններ ու խառնվածքներ ունեցող միլիոնավոր մարդիկ, որոնք ապրել են «աշխարհը հիմնվելուց ի վեր», կյանքի կգան (Ղուկ. 11։50, 51)։ Իսկապես, մեծ առանձնաշնորհում կլինի հարություն առածներին խաղաղության ճանապարհները սովորեցնելը։ Ի՜նչ մեծ օգնություն կլինի մեզ համար այն, որ այժմ սովորում ենք խաղաղարար լինել։
[ծանոթագրություն]
a Աստվածաշնչյան առաջնորդություն ստանալու համար այնպիսի լուրջ մեղքերի դեպքում, ինչպիսիք են զրպարտությունն ու խարդախությունը, տե՛ս «Դիտարան», 1999թ., նոյեմբերի 1, էջ 14–19։
Ի՞նչ սովորեցիր
• Ինչպե՞ս կարող ենք խաղաղության հետամուտ լինել, եթե վիրավորել ենք ինչ-որ մեկին։
• Ի՞նչ պետք է արվի խաղաղություն պահպանելու համար, եթե մեր հանդեպ են սխալ գործել։
• Ինչո՞ւ իմաստուն չի լինի դիրք բռնել տարաձայնություն ունեցողներից որևէ մեկի կողմը։
• Բացատրի՛ր, թե ինչու պետք չէ ամեն գնով հետամուտ լինել խաղաղության։
[նկարներ 29-րդ էջի վրա]
Եհովան սիրում է նրանց, ովքեր մեծահոգաբար ներում են ուրիշներին