ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
«Խաղաղություն» թարգմանված եբրայերեն շալոմ բառը նշանակում է «պատերազմից կամ խռովություններից զերծ վիճակ» (Դտ 4:17; 1Սմ 7:14; 1Թգ 4:24; 2Տգ 15:5; Հոբ 21:9; Ժղ 3:8)։ Այն կարող է հաղորդել առողջության, ապահովության, ողջության (Ծն 37:14), բարօրության (Ծն 41:16), ընկերության (Սղ 41:9), ամբողջության ու լիարժեքության միտք (Եր 13:19)։ «Խաղաղություն» թարգմանված հունարեն էյրենե բառը ունի այն լայն իմաստը, ինչ եբրայերեն շալոմ բառը, և հաղորդում է ոչ միայն ընդհարման բացակայության, այլև բարօրության, փրկության և համաձայնության միտք։ Այն հանդիպում է «գնա խաղաղությամբ» հրաժեշտի խոսքերում, որոնք որոշ չափով համապատասխանում են «բարին ընդ քեզ» արտահայտությանը (Մկ 5:34; Ղկ 7:50; 8:48; Հկ 2:16; համեմատիր 1Սմ 1:17; 20:42; 25:35; 29:7; 2Սմ 15:9; 2Թգ 5:19)։
Քանի որ «խաղաղություն» բառը ոչ միշտ է ճշգրտորեն փոխանցում բնագրային լեզուների բառերի իմաստը, յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնել համատեքստը։ Որևէ մեկին «խաղաղությամբ ուղարկել» նշանակում էր սիրալիր կերպով ուղարկել նրան՝ չխոչընդոտելով, որ գնա (Ծն 26:29; 44:17; Ելք 4:18)։ «Խաղաղությամբ վերադառնալ», օրինակ, պատերազմից, նշանակում էր վերադառնալ անվնաս կամ հաղթանակած (Ծն 28:21; Հս 10:21; Դտ 8:9; 11:31; 2Տգ 18:26, 27; 19:1)։ Հարցնելով, թե ինչ-որ մեկը խաղաղություն ունի՝ ուզում էին իմանալ, թե ինչպես է նա (Ծն 29:6, ծնթ., NW; 43:27, ծնթ., NW)։ Ինչ-որ մեկի խաղաղությանը նպաստել նշանակում էր ինչ-որ բան անել նրա բարօրության համար (2Օր 23:6)։ Խաղաղությամբ մեռնել նշանակում էր լիարժեք կյանքով ապրելուց կամ հույսը իրականացած տեսնելուց հետո հանգիստ մեռնել (համեմատիր Ծն 15:15; Ղկ 2:29; 1Թգ 2:6)։ Հովսիային «խաղաղությամբ իր գերեզմանի մեջ դնելու» մասին մարգարեությունը ցույց էր տալիս, որ նա մահանալու էր նախքան Երուսաղեմի վրա կանխագուշակված աղետի գալը (2Թգ 22:20; 2Տգ 34:28; համեմատիր 2Թգ 20:19)։ Եսայիա 57:1, 2-ում արդարի մասին ասվում է, որ մահանալով՝ նա խաղաղություն է ձեռք բերում և այդպիսով ազատվում է աղետից։
Խաղաղություն ձեռք բերել։ Եհովան խաղաղության Աստված է (1Կթ 14:33; 2Կթ 13:11; 1Թղ 5:23; Եբ 13:20)։ Նա խաղաղության Աղբյուրն է (Թվ 6:26; 1Տգ 22:9; Սղ 4:8; 29:11; 147:14; Ես 45:7; Հռ 15:33; 16:20)։ Խաղաղությունը նրա ոգու պտղի երեսակներից է (Գղ 5:22)։ Ուստի իրական խաղաղություն կարող են ունենալ միայն նրանք, ովքեր խաղաղություն ունեն Աստծու հետ։ Լուրջ հանցանքները սեպ են խրում Աստծու և մարդու փոխհարաբերություններում, ինչի պատճառով վերջինս կորցնում է իր հանգստությունը։ Սաղմոսերգուն ասաց. «Ոսկորներումս խաղաղություն չկա իմ մեղքի պատճառով» (Սղ 38:3)։ Ուստի նրանք, ովքեր խաղաղություն են փնտրում և հետամուտ են լինում դրան, պետք է «հեռանան չարից և բարին գործեն» (Սղ 34:14)։ Առանց արդարության չի կարող լինել խաղաղություն (Սղ 72:3; 85:10; Ես 32:17)։ Ահա թե ինչու ամբարիշտների համար խաղաղություն չկա (Ես 48:22; 57:21; համեմատիր Ես 59:2–8)։ Սակայն խաղաղությունը նրանցն է, ովքեր ամբողջությամբ նվիրված են Եհովային, սիրում են նրա օրենքը (Սղ 119:165) և ուշադրություն են դարձնում նրա պատվիրաններին (Ես 48:18)։
Երբ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, ո՛չ հրեաները, ո՛չ էլ մյուս ազգերի մարդիկ խաղաղություն չունեին Եհովա Աստծու հետ։ Խախտելով Աստծու օրենքը՝ հրեաները Օրենքի անեծքի տակ էին ընկել (Գղ 3:12, 13)։ Ոչ հրեաները, որոնք Աստծու հետ ուխտի մեջ չէին, «չունեին հույս և առանց Աստծու էին աշխարհում» (Եփ 2:12)։ Սակայն Հիսուս Քրիստոսի միջոցով թե՛ հրեաներին և թե՛ մյուս ազգերի մարդկանց հնարավորություն տրվեց Աստծու հետ խաղաղ փոխհարաբերություններ ունենալու։ Հրեշտակները այդ մասին ազդարարեցին հովիվներին, երբ Հիսուսը ծնվեց։ Նրանք ասացին. «Խաղաղությո՜ւն երկրի վրա նրա [Աստծու] բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ» (Ղկ 2:14)։
Հիսուսի և նրա հետևորդների հռչակած խաղաղ լուրը ուղղված էր «խաղաղասեր» մարդկանց՝ նրանց, ովքեր ուզում էին հաշտվել Աստծու հետ (Մթ 10:13; Ղկ 10:5, 6; Գրծ 10:36)։ Միևնույն ժամանակ այդ լուրը բաժանում էր բերում ընտանիքներում, երբ տնեցիներից ոմանք ընդունում էին այն, իսկ մյուսները՝ մերժում (Մթ 10:34; Ղկ 12:51)։ Հրեաների մեծ մասը մերժեցին այդ լուրը և այդպիսով չհասկացան «այն բաները, որոնք խաղաղություն են բերում», այդ թվում զղջալու և Հիսուսին որպես Մեսիա ընդունելու անհրաժեշտությունը (համեմատիր Ղկ 1:79; 3:3–6; Հվ 1:29–34)։ Հետևանքը եղավ այն, որ մ.թ. 70-ին հռոմեական զորքերը կործանեցին Երուսաղեմը (Ղկ 19:42–44)։
Սակայն նույնիսկ այն հրեաները, ովքեր ընդունեցին «խաղաղության բարի լուրը», մեղավոր մարդիկ էին և կարիք ունեին, որ իրենց հանցանքների համար քավություն արվեր, որպեսզի Եհովա Աստծու հետ խաղաղություն ունենային։ Հենց դրա համար Հիսուսը իր կյանքը տվեց որպես քավիչ զոհ։ Աստվածաշնչում կանխագուշակվել էր. «Նրա կրած պատիժը մեզ խաղաղություն բերեց, ու նրա վերքերի շնորհիվ բուժվեցինք» (Ես 53:5)։ Ցցի վրա Հիսուսի զոհաբերական մահը նաև հիմք դարձավ, որ չեղյալ համարվի Մովսիսական օրենքը, որը հրեաներին առանձնացնում էր ոչ հրեաներից։ Ուստի դառնալով քրիստոնյա՝ թե՛ հրեաները, թե՛ մյուս ազգերի մարդիկ կարող էին խաղաղություն ունենալ Աստծու և միմյանց հետ։ Պողոս առաքյալը գրեց. «[Հիսուսը] մեր խաղաղությունն է, որ երկու կողմերը մեկ դարձրեց և քանդեց մեջտեղի պատը, որը բաժանում էր նրանց։ Իր մարմնի միջոցով նա վերացրեց թշնամությունը՝ հրամանագրերից բաղկացած պատվիրանների Օրենքը, որպեսզի իր հետ միաբանելով՝ երկու կողմերից մեկ նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի և որպեսզի տանջանքի ցցի միջոցով այս երկու կողմերին մեկ մարմնի մեջ ամբողջությամբ հաշտեցնի Աստծու հետ, քանի որ իր անձով ոչնչացրեց թշնամությունը։ Նա եկավ ու խաղաղության բարի լուրը քարոզեց ձեզ՝ հեռու եղողներիդ, և խաղաղություն՝ մոտ եղողներին, որովհետև նրա միջոցով մենք՝ երկու կողմերս էլ, Հորը մոտենալու արտոնություն ունենք մեկ ոգով» (Եփ 2:14–18; համեմատիր Հռ 2:10, 11; Կղ 1:20–23)։
«Աստծու խաղաղությունը»՝ այն հանգստությունը և անդորրը, որ քրիստոնյան ունի Եհովա Աստծու հետ թանկ փոխհարաբերություններ հաստատելու շնորհիվ, պահպանում է նրա սիրտն ու միտքը, որ չմտահոգվի իր կարիքների մասին։ Նա վստահ է, որ Եհովա Աստված հոգ է տանում իր ծառաների մասին և պատասխանում է նրանց աղոթքներին։ Ուստի նրա սրտում ու մտքում հանգստություն է տիրում (Փպ 4:6, 7)։ Նմանապես իր աշակերտներին Հիսուս Քրիստոսի տված խաղաղությունը, որը հիմնված էր որպես Աստծու Որդի իր հանդեպ ունեցած նրանց հավատի վրա, հանգստություն էր տալիս նրանց սրտին ու մտքին։ Թեև Հիսուսն ասաց նրանց, որ մոտենում է ժամանակը, երբ ինքը ֆիզիկապես նրանց հետ չի լինելու, սակայն նրանք պատճառ չունեին անհանգստանալու կամ անձնատուր լինելու վախին։ Հիսուսը չէր թողնելու նրանց առանց օգնության։ Նա խոստացավ, որ կուղարկի սուրբ ոգին (Հվ 14:26, 27; 16:33; համեմատիր Կղ 3:15)։
Քրիստոնյաները չպետք է սովորական բան համարեին իրենց ունեցած խաղաղությունը։ Նրանք պետք է լինեին «խաղաղարար», այսինքն՝ պետք է ամեն ջանք թափեին, որ հաստատեին խաղաղություն և պահպանեին այն (1Թղ 5:13)։ Իրար հետ խաղաղություն պահպանելու համար նրանք պետք է զգույշ լինեին, որ գայթակղության պատճառ չլինեին հավատակիցների համար (Հռ 14:13–23)։ Լեռան քարոզում Հիսուսը նշեց. «Երջանիկ են նրանք, ովքեր խաղաղարար են, որովհետև նրանք կկոչվեն «Աստծու որդիներ»» (Մթ 5:9; համեմատիր Հկ 3:18)։ Քրիստոնյաներին խորհուրդ էր տրվում հետամուտ լինել խաղաղության և ամեն ինչ անել, որ Աստված իր հետ խաղաղության մեջ գտնի նրանց (2Տմ 2:22; Եբ 12:14; 1Պտ 3:11; 2Պտ 3:14)։ Ուստի նրանք պետք է պայքարեին մարմնի ցանկությունների դեմ, քանի որ դրանք Աստծու դեմ թշնամության պատճառ կդառնային (Հռ 8:6–8)։ Այն փաստը, որ Աստծու հետ խաղաղ փոխհարաբերություններ պահպանելը անհրաժեշտ է նրա հավանությունն ունենալու համար, մեծ կշիռ է հաղորդում «թող.... խաղաղություն լինի ձեզ» հաճախ ասվող մաղթանքին (Հռ 1:7; 1Կթ 1:3; 2Կթ 1:2; Գղ 1:3; 6:16; Եփ 1:2; 6:23; Փպ 1:2)։
Քրիստոնյաները նաև ցանկանում էին, որ ուրիշներն էլ խաղաղություն ունենային։ Ուստի նրանք, «խաղաղության բարի լուրը քարոզելու պատրաստակամությունը հագած», հոգևոր պատերազմ էին մղում (Եփ 6:15)։ Նրանք պատերազմ էին մղում նույնիսկ ժողովում՝ քանդելով տրամաբանություններ, որոնք ներդաշնակ չէին Աստծու մասին գիտելիքներին, որպեսզի այդ տրամաբանությունները չվնասեին Աստծու հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները (2Կթ 10:4, 5)։ Սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք ուղղում էին ճշմարտությունից շեղված մարդկանց, չէին բանավիճում և կռվի մեջ չէին մտնում։ Խոսելով այն մասին, թե ինչպես վարվել նրանց հետ, ովքեր շեղվել են ճշմարիտ ուղուց, Պողոս առաքյալը խորհուրդ տվեց Տիմոթեոսին. «Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորի հանդեպ հեզահոգի լինի, սովորեցնելու համար՝ որակյալ, չարիքի ենթարկվելիս իրեն զուսպ պահի, մեղմությամբ սովորեցնի հակառակվողներին, քանի որ Աստված թերևս թույլ տա, որ նրանք զղջան, որպեսզի ճշգրտորեն իմանան ճշմարտությունը և կարողանան խելքի գալ ու ազատվել Բանսարկուի թակարդից՝ տեսնելով, որ կենդանի բռնվել են նրա կողմից, որ նրա կամքը կատարեն» (2Տմ 2:24–26)։
Խաղաղ իշխանություն։ Աստծու Որդին՝ նա, ում «ուսերին» իշխանությունն է, կոչվում է «Խաղաղության Իշխան» (Ես 9:6, 7)։ Ուստի ուշագրավ է, որ երբ Հիսուս Քրիստոսը երկրի վրա էր, ցույց տվեց, որ իր ծառաները չպետք է զենք վերցնեն՝ Պետրոսին ասելով. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մթ 26:52)։ Փոխաբերական իմաստով՝ նրանք, ովքեր դարձել էին քրիստոնյա, «իրենց սրերից խոփեր էին կոփել և իրենց նիզակներից՝ էտոցներ»։ Նրանք այլևս չէին սովորում պատերազմել (Ես 2:4)։ Այս ամենը, ինչպես նաև անցյալում, հատկապես Սողոմոնի իշխանության ընթացքում Իսրայելի հետ կապված Աստծու գործելակերպը ցույց են տալիս, թե որքան խաղաղ է լինելու կյանքն այն ժամանակ, երբ Հիսուսը իշխի որպես Թագավոր։ Սողոմոնի իշխանության մասին Աստվածաշունչն ասում է. «Ամենուրեք՝ իրեն պատկանող բոլոր շրջաններում, խաղաղություն էր տիրում։ Սողոմոնի բոլոր օրերում Հուդան և Իսրայելը ապրում էին ապահովության մեջ, ամեն մեկն իր որթատունկի և իր թզենու տակ՝ Դանից մինչև Բերսաբեե» (1Թգ 4:24, 25; 1Տգ 22:9)։ Ինչպես երևում է ուրիշ համարներից (համեմատիր Սղ 72:7, 8; Մք 4:4; Զք 9:9, 10; Մթ 21:4, 5), սա նախօրինակն էր այն բանի, թե ինչ պայմաններ էին տիրելու Քրիստոս Հիսուսի իշխանության ներքո՝ նրա, ով Սողոմոնից էլ մեծ է (Սողոմոն անունը ծագում է մի արմատից, որը նշանակում է «խաղաղություն») (Մթ 12:42)։
Խաղաղություն մարդկանց և կենդանիների միջև։ Եհովա Աստված խոստացավ իսրայելացիներին. «Այդ երկրին ես խաղաղություն կտամ։ Դուք կպառկեք, ու ձեզ ոչ ոք չի վախեցնի։ Երկրից կվերացնեմ գիշատիչ գազաններին» (Ղև 26:6)։ Սակայն այս խոստումը կիրագործվեր միայն այն պայմանով, եթե իսրայելացիները հնազանդվեին Եհովային։ Այդ դեպքում գիշատիչ գազանները կմնային իրենց բնակության միջավայրի սահմաններում և իսրայելացիներին ու նրանց ընտանի կենդանիներին վնաս չէին հասցնի։ Մյուս կողմից, սակայն, եթե իսրայելացիները անհնազանդ լինեին, Եհովան թույլ կտար, որ թշնամու զորքերը ներխուժեին նրանց երկիր և ավերեին այն։ Հետևանքը կլիներ այն, որ բնակչության թիվը կնվազեր, իսկ գիշատիչ գազանները կշատանային, կմտնեին մի ժամանակ բազմամարդ եղած բնակավայրերը և կվնասեին ողջ մնացած մարդկանց ու նրանց ընտանի կենդանիներին (համեմատիր Ելք 23:29; Ղև 26:22; 2Թգ 17:5, 6, 24–26)։
Իսրայելացիներին խոստացված խաղաղությունը, որ նրանք պետք է ունենային վայրի կենդանիների հետ, տարբերվում էր այն խաղաղությունից, որ Եդեմի պարտեզում վայելում էին առաջին տղամարդն ու կինը. Ադամն ու Եվան լիակատար իշխանություն էին բանեցնում կենդանի արարածների վրա (Ծն 1:28)։ Համաձայն մարգարեության՝ այդպիսի իշխանությունը տրված է միայն Հիսուս Քրիստոսին (Սղ 8:4–8; Եբ 2:5–9)։ Ուստի Հիսուս Քրիստոսի՝ «Հեսսեի բնից մի ոստի», կամ՝ Աստծու «ծառա Դավթի» կառավարման ներքո միայն կվերականգնվի մարդկանց և կենդանիների միջև խաղաղությունը (Ես 11:1, 6–9; 65:25; Եզկ 34:23–25)։ Նշված համարները փոխաբերական իմաստ ունեն, քանի որ այն խոսքերը, որ կենդանիների, օրինակ՝ գայլի ու գառան միջև խաղաղություն է տիրելու, հին Իսրայելում բառացիորեն չկատարվեցին։ Դրանցում փոխաբերական լեզվով կանխագուշակվել էր, որ գազանանման հատկություններ ունեցող ու վնասարար մարդիկ թողնելու էին իրենց չար ճանապարհները և ապրելու էին խաղաղության մեջ նրանց հետ, ովքեր ավելի մեղմ են։ Սակայն այն, որ մարգարեությունում կենդանիների օրինակով է նկարագրված Աստծու ժողովրդի մեջ տիրող խաղաղությունը, ցույց է տալիս, որ Քրիստոս Հիսուսի իշխանության ներքո խաղաղություն է լինելու նաև բառացի կենդանիների միջև, ինչպես որ, ակներևաբար, Եդեմում էր։