«Անհնա՛ր է». իսկապե՞ս
«ՏԻՏԱՆԻԿԸ» իր ժամանակի ամենաշքեղ և ամենամեծ մարդատար նավն էր։ 1912թ.-ին այն առաջին անգամ ծով դուրս եկավ։ Գիտության և տեխնիկայի վերջին խոսքով կառուցված նավը անխորտակելի էր համարվում։ Բայց թե ինչ տեղի ունեցավ այդ նավի հետ, բոլորին է հայտնի. իր առաջին նավարկության ժամանակ «Տիտանիկը» Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասում բախվեց այսբերգի և խորտակվեց՝ իր հետ տանելով 1500 մարդու կյանք։ «Անխորտակելի» նավը ընդամենը մի քանի ժամում անհետացավ օվկիանոսի խորքերում։
Մարդու համար անհնար կարող է լինել ինչ-որ բանի դիմանալը, ինչ-որ բան անելը կամ հասկանալը։ Ներկայիս գիտության շատ նվաճումներ մի ժամանակ անհնար էին համարվում, քանի որ դրանք իրագործելը վեր էր մարդու կարողություններից. նա նույնիսկ չէր էլ կարող այդ մասին երազել։ Օրինակ՝ այսօր մարդը ոտք է դրել լուսնի վրա, Մարս մոլորակ է ուղարկել տիեզերական ապարատ, որը ղեկավարվում է Երկրից, կազմել է մարդու «գենետիկական քարտեզը» և կարողանում է տեսնել, թե ինչ է կատարվում քաղաքի կամ մոլորակի մյուս ծայրում։ Սրանք բաներ են, որոնք ընդամենը 50 տարի առաջ գուցե անհնար համարվեին։ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը, դիմելով գիտության զանազան ճյուղերի առաջատար անձանց, հետաքրքիր ձևով է արտահայտվել. «Դուք, որ գիտության առաջամարտիկներն եք, երեկվա անհնարին բաները այսօր իրականություն եք դարձրել»։
Ֆիզիոլոգ Ջոն Բրոբեկը, մի շարք ապշեցուցիչ զարգացումներ նկատի ունենալով, հետևյալն է ասել. «Գիտնականը այլևս չի կարող միանշանակ ասել, որ ինչ-որ բան անհնարին է։ Նա միայն կարող է ասել, որ դա անհավանական է։ Բայց նա գուցե ասի, որ ինչ-որ բան անհնար է՝ ելնելով իր ունեցած ներկա գիտելիքներից»։ Եթե ինչ-որ բան անհնար է թվում, ապա, ինչպես ասում է պրոֆեսորը, «հարկավոր է որոշ տեղեկություններ ավելացնել մեզ՝ կենսաբանությամբ և ֆիզիոլոգիայով զբաղվողներիս համար անհայտ էներգիայի աղբյուրի մասին։ Մեր Սուրբ Գրքում էներգիայի այդ աղբյուրը Աստծու ուժն է»։
Ամեն բան Աստծու համար հնարավոր է
Պրոֆեսոր Բրոբեկից 2000 տարի առաջ նազովրեցի Հիսուսը, որը համարվում է երբևէ ապրած մեծագույն մարդը, ասաց. «Ինչ որ մարդկանց համար անհնար է, Աստծու համար հնարավոր է» (Ղուկաս 18։27)։ Տիեզերքի ամենահզոր ուժը Աստծու սուրբ ոգին է։ Գիտական ոչ մի մեթոդով այն հնարավոր չէ չափել։ Սուրբ ոգու շնորհիվ մենք կարող ենք անել այնպիսի բաներ, որոնք մեր սեփական ուժերով անհնար կլիներ։
Քանի որ մեր հնարավորությունները սահմանափակ են, հաճախ ենք հայտնվում այնպիսի իրավիճակներում, որոնք, մեր կարծիքով, անհնար է հաղթահարել։ Օրինակ՝ մեր հարազատը մահացել է, ընտանեկան կյանքը այնքան է բարդացել, որ այլևս ի վիճակի չենք դիմանալու, կամ էլ մեր ապրելակերպի դառը պտուղներն ենք քաղում և հիմա թվում է՝ ոչ մի ելք չկա։ Մեզ անօգնական ու վհատված ենք զգում։ Ի՞նչ կարող ենք անել։
Աստվածաշունչն ասում է, որ այն մարդը, ով հավատում է Ամենակարողին, աղոթում է սուրբ ոգին ստանալու համար և անում է ամեն հնարավոր բան, որ նրան հաճելի լինի, նա կարող է օգնություն ստանալ անհաղթահարելի խոչընդոտները հաղթահարելու համար։ Հիսուսը հետևյալ հուսադրող խոսքերն ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. ով այս սարին ասի՝ «վեր կաց և ծովն ընկիր», և իր սրտում չկասկածի, այլ հավատա, որ ինչ ասում է, կկատարվի, այդպես էլ կլինի» (Մարկոս 11։23)։ Եթե թույլ տանք, որ Աստծու Խոսքը և նրա ոգին ազդեն մեր կյանքի վրա, ապա չի լինի որևէ իրավիճակ, որին անհնար լինի դիմանալ։
Մի տղամարդ 38 տարվա համատեղ կյանքից հետո կորցրեց իր կնոջը։ Վերջինս մահացավ քաղցկեղից։ Նա ծանր էր տանում կորուստը։ Մտածում էր, որ չի կարող դիմանալ այդ հարվածին։ Պահեր էին լինում, երբ նախընտրում էր մեռնել, քան ապրել առանց նրա։ Այդ մարդն ասաց, որ կարծես անցնում էր թանձր խավարի հովտի միջով (Սաղմոս 23։4)։ Հիմա, հետադարձ հայացք նետելով, նա ասում է, որ ջերմեռանդ աղոթքները, Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը, Աստծու ոգու առաջնորդությունը ջանադրաբար փնտրելը օգնեցին իրեն դիմանալու այն ամենին, ինչին, իր կարծիքով, անհնար էր դիմանալ։
Երկու կողակիցներ իրար հետ շատ լուրջ խնդիրներ ունեին։ Ամուսինը վայրագ բնավորության տեր էր և բազմաթիվ վատ սովորություններ ուներ։ Կնոջ համար կյանքը անտանելի էր դարձել։ Նա նույնիսկ ինքնասպանության փորձ արեց։ Հետո այնպես եղավ, որ ամուսինը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Այն, ինչ նա սովորեց, օգնեց իրեն հաղթահարելու վատ սովորությունները ու փոխելու բնավորությունը։ Նրա կինը ապշել էր «անհնարին» փոփոխություններից։
Մեկ ուրիշ մարդ, որը թմրամոլ էր և անբարո կյանք էր վարում, ասում է, որ ինքը մինչև կոկորդը ցեխի մեջ էր խրված։ Նա ասում է. «Ես կորցրել էի արժանապատվությանս զգացումը»։ Նա թախանձագին աղոթեց Աստծուն. «Տե՛ր, գիտեմ, որ կաս։ Խնդրո՛ւմ եմ, օգնի՛ր ինձ»։ Շուտով նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ, ինչի շնորհիվ նրա կյանքում «անհնարին» փոփոխություններ տեղի ունեցան։ Նա պատմում է. «Հաճախ եմ տառապել մեղավորության և թերարժեքության զգացումից։ Երբեմն ընկճվածությունը անտանելի էր դառնում։ Բայց Աստծու Խոսքն օգնեց ինձ հաղթահարելու այս զգացումները։ Անքուն գիշերներին մտքումս կրկնում էի իմ սովորած աստվածաշնչյան հատվածները։ Դա օգնում էր ինձ պայքարելու սխալ մտքերի դեմ»։ Այժմ նա երջանիկ է, ամուսնացել է և կնոջ հետ ակտիվորեն օգնում է ուրիշներին վստահելու Աստվածաշնչի զորությանը։ Երիտասարդ տարիքում նա անհնարին կհամարեր, որ մի օր այսպիսի կյանքով է ապրելու։
Այս օրինակները ցույց են տալիս, որ Աստծու Խոսքը իսկապես զորեղ է, և Աստծու ոգին կարող է «անհնարին» բաները հնարավոր դարձնել։ Բայց գուցե մտածես. «Դրա համար հավատ է պետք»։ Այո՛, պե՛տք է։ Հենց Աստվածաշունչն է ասում, որ «առանց հավատի՝ հնարավոր չէ հաճեցնել Աստծուն» (Եբրայեցիներ 11։6)։ Պատկերացրու՝ մտերիմ ընկերդ, որը բանկի կառավարիչ է կամ այլ բարձր պաշտոնի է, քեզ ասում է. «Մի մտածիր։ Եթե քեզ ինչ-որ բան պետք լինի, դու մենակ ասա ինձ»։ Անկասկած, կուրախանաս, որ նա պատրաստ է օգնելու քեզ։ Բայց, ցավոք, մարդիկ հաճախ չեն արդարացնում մեր սպասելիքները։ Հնարավոր է՝ ընկերոջդ հանգամանքները այնպես փոխվեն, որ նրա համար անհնար դառնա որևէ բանով քեզ օգնելը։ Իսկ եթե նա մահանա, ընդհանրապես չի կարող որևէ ձևով օգնել։ Սակայն Աստծու հետ նման բաներ չեն կարող պատահել։ Աստվածաշունչը հավաստիացնում է. «Աստծու համար անկարելի բան չկայ» (Էջմիածնի թարգմանություն) (Ղուկաս 1։37)։
«Հավատո՞ւմ ես դրան»
Աստվածաշնչում կան բազմաթիվ դեպքեր, որոնք հաստատում են Ղուկաս 1։37-ում գրված խոսքի ճշմարտացիությունը։ Ահա մի քանի օրինակ։
Սառա անունով 90-ամյա մի կին ծիծաղեց, երբ իրեն ասացին, որ տղա է ունենալու։ Բայց Իսրայել ազգի գոյությունը հաստատում է, որ նա իսկապես որդի ծնեց։ Հովնան անունով մի մարդ հայտնվեց մի մեծ ձկան փորում։ Երեք օր այնտեղ «անցկացնելուց» հետո նա ողջ-առողջ դուրս եկավ և իր ձեռքով գրեց այս մասին։ Ղուկասը, որը բժիշկ էր և գիտեր անգիտակից լինելու և մահացած լինելու տարբերությունը, գրել է, որ Եվտիքոս անունով մի երիտասարդ ընկավ վերին հարկի պատուհանից ու մահացավ, բայց նրան վերակենդանացրին։ Սրանք հեքիաթներ չեն։ Եթե մանրակրկիտ ուսումնասիրես այս պատմությունները, ապա կհամոզվես դրանց ճշմարտացիության մեջ (Ծննդոց 18։10–14; 21։1, 2; Հովնան 1։17; 2։1, 10; Գործեր 20։9–12)։
Իր ընկեր Մարթային Հիսուսը մի ապշեցուցիչ բան խոստացավ. «Ամեն ոք, ով ողջ է ու հավատում է ինձ, երբեք չի մահանա»։ Անիրական թվացող այս խոստումը տալուց հետո Հիսուսը մի շատ կարևոր հարց տվեց Մարթային. «Հավատո՞ւմ ես դրան»։ Այս հարցը կարևոր է նաև այսօր (Հովհաննես 11։26)։
Անհնա՞ր է հավիտյան ապրել երկրի վրա
Մի ուսումնասիրության մեջ գիտնականները հետևյալն են գրել. «Հեռու չէ այն ժամանակը, երբ կկարողանանք ապրել շատ ավելի երկար, քան այսօր ենք ապրում, հնարավոր է՝ հավիտյան»։ «Նոր բրիտանական հանրագիտարանը» բացատրում է, որ մարդու մահվան պատճառը բջիջների քայքայումը կամ օրգանիզմի մաշվածությունը չէ. կա մի անորոշ գործոն, որը ստիպում է օրգանիզմին վատ «աշխատել» և ի վերջո «անջատվել»a։ Հանրագիտարանում նաև ասվում է, որ մարդը, հնարավոր է, իրականում ծերանում է օրգանիզմի բարդ կենսագործունեությունն ապահովող մեխանիզմների խափանման պատճառով (The New Encyclopædia Britannica)։
Այս ամենը, ինչ խոսք, հետաքրքիր է, բայց Աստվածաշունչը տրամաբանությունից և գիտությունից շատ ավելի ծանրակշիռ հիմք է բերում հավատալու, որ կարող ենք ապրել հավիտյան։ Մեր Արարիչը՝ Եհովա Աստված, կյանքի Աղբյուրը, խոստանում է, որ «կկլանի մահը հավիտյան» (Սաղմոս 36։9; Եսայիա 25։8)։ Հավատո՞ւմ ես դրան։ Այս խոստումը տալիս է Եհովան, և անհնար է, որ նա սուտ խոսի (Տիտոս 1։2)։
[ծանոթագրություն]
a Ծերության և կյանքի տևողության մասին ավելի մանրամասն տե՛ս «Արթնացե՛ք»-ի 2006թ. հուլիս-սեպտեմբերի թողարկման՝ «Որքա՞ն երկար կարող եք ապրել» հոդվածաշարը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 27-րդ էջի վրա]
«Երեկվա անհնարին բաները այսօր իրականություն [են դարձել]» (ՌՈՆԱԼԴ ՌԵՅԳԱՆ)
[մեջբերում 28-րդ էջի վրա]
Երբ ապրելը անհնարին է թվում, ո՞ւմ ես դիմում օգնության համար
[նկար 27-րդ էջի վրա. թույլտվությամբ]
NASA photo