Ինչո՞ւ արժե առաջին տեղում դնել Եհովային ծառայելը
«Բերանս կպատմի քո արդարության մասին, ողջ օրը կպատմեմ քո տված փրկության մասին» (ՍԱՂ. 71։15)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Ո՞ր գործոնները ազդեցին Նոյի, Մովսեսի, Երեմիայի ու Պողոսի կյանքի ընթացքի վրա։
Ի՞նչը կօգնի քեզ որոշելու, թե ինչն է առաջնահերթ քո կյանքում։
Ինչո՞ւ ես վճռել Եհովային ծառայելը կյանքում առաջին տեղում դնել։
1, 2. ա) Երբ անհատը նվիրվում է Եհովային, ի՞նչ է ցույց տալիս։ բ) Ի՞նչ օգուտներ կքաղենք՝ քննելով Նոյի, Մովսեսի, Երեմիայի ու Պողոսի արած ընտրությունները։
ՆՎԻՐՎԵԼՈՎ ու Հիսուսի մկրտված հետևորդը դառնալով՝ շատ լուրջ քայլ ես կատարում։ Աստծուն նվիրվելը ամենակարևոր որոշումն է, որ կարող ես կայացնել։ Այդպիսով կարծես ասում ես. «Եհո՛վա, ուզում եմ, որ կյանքիս յուրաքանչյուր ոլորտում դո՛ւ լինես իմ Տերը։ Ես քո ծառան եմ։ Ուզում եմ, որ դո՛ւ որոշես, թե ինչպես օգտագործեմ իմ ժամանակը, ունակություններն ու միջոցները և ինչ առաջնահերթություններ դնեմ»։
2 Եթե նվիրված քրիստոնյա ես, գլխավորապես սա ես խոստացել Եհովային։ Դու գովասանքի ես արժանի քո ճիշտ և իմաստուն որոշման համար։ Սակայն Եհովային որպես Տեր ընդունելը ինչպե՞ս է ազդում այն բանի վրա, թե ինչպես ես օգտագործում ժամանակդ։ Նոյի, Մովսեսի, Երեմիայի ու Պողոս առաքյալի օրինակները կօգնեն մեզ քննելու այս հարցը։ Նրանցից յուրաքանչյուրը ամբողջ հոգով ծառայում էր Եհովային։ Մեր իրավիճակը նման է նրանց իրավիճակին։ Տեսնելով, թե ինչ որոշումներ նրանք կայացրին իրենց գլխավոր նպատակների վերաբերյալ՝ կմղվենք քննելու, թե մենք ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը (Մատթ. 28։19, 20; 2 Տիմոթ. 3։1)։
ՋՐՀԵՂԵՂԻՑ ԱՌԱՋ
3. Ինչո՞վ են մեր օրերը նման Նոյի օրերին։
3 Հիսուսը զուգահեռ անցկացրեց Նոյի և մեր օրերի միջև։ «Ինչպես որ Նոյի օրերում էր, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ»,— ասաց նա։ «Մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, և ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին» (Մատթ. 24։37–39)։ Այսօր մարդկանց մեծամասնությունը ապրում է իր կյանքով՝ ուշադրություն չդարձնելով մեր ժամանակների լրջությանը։ Նրանք արհամարհում են Աստծու ծառաների արած նախազգուշացումները։ Շատերը, Նոյի ժամանակակիցների նման, նույնիսկ ծաղրում են այն միտքը, որ Աստված միջամտելու է մարդկանց գործերին (2 Պետ. 3։3–7)։ Այդուհանդերձ, շրջապատված լինելով թշնամաբար տրամադրված մարդկանցով՝ ինչպե՞ս էր Նոյն օգտագործում իր ժամանակը։
4. Եհովայից հանձնարարություն ստանալուց հետո Նոյն ինչպե՞ս օգտագործեց իր ժամանակը և ինչո՞ւ։
4 Աստծու մտադրության մասին իմանալուց ու նրանից հանձնարարություն ստանալուց հետո Նոյը տապան կառուցեց, որի միջոցով մարդիկ ու կենդանիները կփրկվեին (Ծննդ. 6։13, 14, 22)։ Նա նաև հռչակեց Եհովայի վերահաս դատաստանի մասին։ Պետրոս առաքյալը Նոյին կոչեց «արդարության քարոզիչ»՝ ցույց տալով, որ նա ջանում էր օգնել իր մերձավորներին հասկանալու իրավիճակի լրջությունը (կարդա՛ 2 Պետրոս 2։5)։ Քո կարծիքով՝ Նոյն ու իր ընտանիքը ողջամտությա՞մբ կվարվեին, եթե մյուս մարդկանցից առաջ անցնելու նպատակով իրենց ուժերը կենտրոնացնեին լավ գործ ունենալու կամ հարմարավետ ապրելակերպ ստեղծելու վրա։ Իհա՛րկե ոչ։ Իմանալով, թե ինչ իրադարձություններ են սպասվում՝ նրանք թույլ չտվեցին, որ նման բաները շեղեն իրենց ուշադրությունը։
ԵԳԻՊՏԱԿԱՆ ԱՐՔԱՅԱԶՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
5, 6. ա) Հավանաբար Մովսեսի ստացած կրթությունը ինչի՞ էր պատրաստում նրան։ բ) Մովսեսն ինչո՞ւ մերժեց այն հնարավորությունները, որ ուներ Եգիպտոսում։
5 Այժմ քննենք Մովսեսի օրինակը։ Նա մեծացել էր եգիպտական պալատում՝ որպես փարավոնի աղջկա որդեգրված զավակ։ Լինելով երիտասարդ արքայազն՝ «Մովսեսը կրթվեց եգիպտացիների ամբողջ իմաստությամբ» (Գործ. 7։22; Ելք 2։9, 10)։ Հավանաբար, այդ կրթության նպատակն էր պատրաստել նրան փարավոնի արքունիքում պաշտոն ստանձնելու։ Մովսեսը կարող էր բարձր դիրք ունենալ իր օրերի հզորագույն թագավորության մեջ և դրա շնորհիվ վայելել պերճաշուք կյանք, առանձնաշնորհումներ ու հաճույքներ։ Սակայն արդյո՞ք դա էր նրա նպատակը։
6 Շնորհիվ վաղ տարիքում իր իսկական ծնողներից ստացած կրթության Մովսեսը թերևս գիտեր, թե Եհովան ինչ էր խոստացել նախահայրեր Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և հավատ էր ընծայում այդ խոստումներին։ Նա հավանաբար խորությամբ մտածել էր իր ապագայի ու Եհովայի հանդեպ նվիրված լինելու մասին։ Ուստի ի՞նչ որոշեց, երբ եկավ ընտրություն անելու ժամանակը՝ լինել եգիպտական արքայազն, թե իսրայելացի ստրուկ։ Մովսեսը «նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել» (կարդա՛ Եբրայեցիներ 11։24–26)։ Հետագայում նա հետևեց Եհովայի առաջնորդությանը, թե ինչպես պետք է ապրի իր կյանքը (Ելք 3։2, 6–10)։ Ինչո՞ւ Մովսեսն այդպես վարվեց։ Քանի որ հավատում էր Աստծու խոստումներին։ Նա եզրակացրեց, որ իր համար ապագա չկա Եգիպտոսում։ Եվ իրոք, կարճ ժամանակ անց Աստծուց ուղարկված տասը պատուհասների միջոցով այդ երկրին մեծ հարված հասցվեց։ Եհովայի նվիրված ծառաներն այսօր ի՞նչ կարող են սովորել նրանից։ Կարիերայի կամ այս համակարգի առաջարկած հաճույքների վրա կենտրոնանալու փոխարեն՝ հարկավոր է կենտրոնանալ Եհովայի ու նրան մատուցվող ծառայության վրա։
ԵՐԵՄԻԱՆ ԳԻՏԵՐ, ԹԵ ԻՆՉ ԷՐ ՍՊԱՍՎՈՒՄ
7. Ինչո՞վ է Երեմիայի իրավիճակը նման մեր իրավիճակին։
7 Երեմիա մարգարեն նույնպես այն մարդկանցից էր, ովքեր Եհովային ծառայելը կյանքում առաջին տեղում դրեցին։ Եհովան նրան իր մարգարեն էր նշանակել, որը հավատուրաց Երուսաղեմին ու Հուդային պետք է դատաստանական լուր քարոզեր։ Ինչ-որ իմաստով Երեմիան ապրում էր «օրերի վերջում» (Երեմ. 23։19, 20)։ Նա շատ լավ գիտեր, որ այն համակարգը, որում ապրում էր, մոտենում էր իր ավարտին։
8, 9. ա) Ինչո՞ւ կարիք կար շտկելու Բարուքի մտածելակերպը։ բ) Ծրագրեր կազմելիս ի՞նչ պետք է հիշենք։
8 Երեմիայի այս համոզվածությունը նրան ի՞նչ տրամաբանական քայլերի մղեց։ Նա չփորձեց իր ապագան կառուցել այդ դատապարտված համակարգում։ Այդպես վարվելն անիմաստ կլիներ։ Սակայն Երեմիայի քարտուղար Բարուքը որոշ ժամանակ հստակորեն չէր հասկանում այս իրողությունը։ Ուստի Աստված Երեմիային ներշնչեց ասելու նրան. «Ես քանդում եմ այն, ինչ շինել եմ, և արմատախիլ եմ անում այն, ինչ տնկել եմ, այսինքն՝ այս ամբողջ երկիրը։ Բայց դու քեզ համար մեծամեծ բաներ ես փնտրում։ Մի՛ փնտրիր։ Ահա ես ամեն մարմնի վրա աղետ պիտի բերեմ.... իսկ քո հոգին քեզ իբրև ավար պիտի տամ ամենուրեք, ուր էլ որ գնալու լինես» (Երեմ. 45։4, 5)։
9 Չենք կարող վստահությամբ ասել, թե Բարուքը ինչ «մեծամեծ բաներ» էր փնտրում իր համարa։ Սակայն հաստատ գիտենք, որ դրանք այնպիսի բաներ էին, որոնք ապագա չունեին, բաներ, որոնք ոչնչանալու էին, երբ բաբելոնացիները մ.թ.ա. 607-ին նվաճեին Երուսաղեմը։ Ի՞նչ կարող ենք սովորել սրանից։ Որպեսզի կյանքի համար անհրաժեշտ իրեր ձեռք բերենք, հարկավոր է ապագայի որոշակի ծրագրեր կազմել (Առակ. 6։6–11)։ Բայց որքանո՞վ իմաստուն կլինի շատ ժամանակ և ուժ ծախսել այնպիսի բաների համար, որոնք հարատև արժեք չունեն։ Ինչ խոսք, Եհովայի կազմակերպությունը շարունակում է ծրագրեր կազմել նոր Թագավորության սրահներ, մասնաճյուղեր կառուցելու և աստվածապետական այլ նախագծեր կյանքի կոչելու համար։ Սակայն դրանք ապագա ունեցող ծրագրեր են, քանի որ դրանց նպատակը Թագավորության շահերը առաջ տանելն է։ Տեղին կլինի, որ Եհովայի բոլոր նվիրված ծառաները ծրագրեր կազմելիս նմանատիպ առաջնահերթություններ դնեն։ Քո սրտում համոզվա՞ծ ես, որ «նախ թագավորությունը և Աստծու արդարությունն ես փնտրում» (Մատթ. 6։33)։
«ԴՐԱՆՔ ԱՂԲ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ»
10, 11. ա) Քրիստոնյա դառնալուց առաջ Պողոսն իր ուժերը ինչի՞ վրա էր կենտրոնացրել։ բ) Ինչո՞ւ Պողոսի նպատակը հիմնովին փոխվեց։
10 Այժմ քննենք Պողոսի օրինակը։ Նախքան քրիստոնյա դառնալը, թվում էր՝ նրան խոստումնալից ապագա է սպասում. նա հրեական Օրենքը սովորել էր իր օրերի ամենահայտնի ուսուցիչներից մեկի մոտ, հրեաների քահանայապետից իշխանություն էր ստացել և հուդայականության մեջ իր շատ ժամանակակիցներից ավելի առաջադեմ էր (Գործ. 9։1, 2; 22։3; 26։10; Գաղ. 1։13, 14)։ Այնուամենայնիվ, ամեն ինչ փոխվեց, երբ Պողոսը գիտակցեց, որ Եհովան այլևս չի օրհնում Իսրայել ազգին։
11 Նա հասկացավ, որ հրեական համակարգում կարիերա ստեղծելը անարժեք է Եհովայի աչքում և չունի ապագա (Մատթ. 24։2)։ Այս նախկին փարիսեցին նույնիսկ ասաց, որ Աստծու նպատակների վերաբերյալ իր նոր, ավելի խոր հասկացողության և քրիստոնեական ծառայության առանձնաշնորհման հետ համեմատած՝ այն, ինչը նա մի ժամանակ կարևորում էր, այժմ «աղբ է համարում»։ Պողոսը վերջ դրեց հուդայականության մեջ իր ձգտումներին ու իր երկրային կյանքի մնացած տարիները նվիրեց բարի լուրի քարոզչությանը (կարդա՛ Փիլիպպեցիներ 3։4–8, 15; Գործ. 9։15)։
ՔՆՆԻՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԴ
12. Մկրտությունից հետո ինչի՞ վրա կենտրոնացավ Հիսուսը։
12 Նոյը, Մովսեսը, Երեմիան, Պողոսը և նրանց նման շատ այլ անհատներ իրենց ժամանակի և ուժերի մեծ մասը նվիրել են աստվածապետական նպատակների։ Նրանք մեզ համար հիանալի օրինակներ են։ Իհարկե, Եհովային նվիրված ծառաներից ամենամեծ օրինակը Հիսուսն է (1 Պետ. 2։21)։ Մկրտությունից հետո նա իր երկրային կյանքի մնացած ժամանակը նվիրեց բարի լուրը քարոզելուն ու Եհովային փառաբանելուն։ Ուստի Եհովային իր Տերը համարող քրիստոնյան գալիս է այն եզրահանգման, որ նրան ծառայելը իր կյանքում պետք է առաջին տեղում լինի։ Դու է՞լ ես ծառայությունը առաջին տեղում դնում։ Իսկ ինչպե՞ս կարող ես հետամուտ լինել աստվածապետական նպատակների և միևնույն ժամանակ կատարել անհրաժեշտ աշխարհիկ գործերը (կարդա՛ Սաղմոս 71։15; 145։2)։
13, 14. ա) Ի՞նչ են քաջալերվում անել բոլոր նվիրված քրիստոնյաները։ բ) Աստծու ժողովուրդն ի՞նչ ուրախություն կարող է ապրել։
13 Տարիներ շարունակ Եհովայի կազմակերպությունը քաջալերում է աղոթքով խորհել ռահվիրայություն սկսելու մասին։ Որոշ հավատարիմ ծառաների հանգամանքները գուցե թույլ չտան, որ նրանք ամեն ամիս միջին հաշվով 70 ժամ տրամադրեն քարոզչական գործին։ Սակայն նրանք չպետք է վհատվեն (1 Տիմոթ. 5։8)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Իսկապե՞ս ռահվիրայությունը անհասանելի նպատակ է քեզ համար։
14 Հիշենք, թե ինչ ուրախություն զգացին Աստծու ծառաներից շատերը այս տարի Հիշատակի երեկոյի շրջանում։ Մարտ ամսվա համար հատուկ միջոցառում էր կազմակերպվել, որը ենթառահվիրաներին հնարավորություն տվեց ընտրելու՝ քանի ժամ հատկացնել քարոզչական ծառայությանը՝ 30 կամ 50 (Սաղ. 110։3)։ Միլիոնավոր անհատներ ենթառահվիրա էին ծառայում, ու ժողովներն ասես յուրահատուկ ոգևորվածություն և ուրախություն էին ճառագում։ Կարո՞ղ ես գործերդ այնպես դասավորել, որ ավելի հաճախ նման ուրախություն ապրես։ Յուրաքանչյուր օրվա վերջում նվիրված քրիստոնյան բավարարվածության մեծ զգացում է ունենում, եթե կարողանում է ասել. «Եհո՛վա, ես իմ լավագույնն արեցի ծառայության մեջ»։
15. Ի՞նչ նպատակ պետք է ունենա երիտասարդ քրիստոնյան կրթության վերաբերյալ։
15 Եթե շուտով ավարտելու ես ուսումդ, քիչ պատասխանատվություններ ունես ու առողջությունդ թույլ է տալիս, կարո՞ղ ես մտածել ռահվիրայության դիմում լրացնելու մասին։ Անկասկած, ուսուցիչներդ անկեղծորեն մտածում են, որ քեզ համար լավագույնը բարձրագույն կրթություն ստանալն ու կարիերայի ձգտելն է։ Սակայն նրանց ապավենը սոցիալական ու ֆինանսական համակարգերն են, որոնք հարատև ապագա չունեն։ Իսկ աստվածապետական կարիերային հետամուտ լինելն իսկապես արժեքավոր ու հարատև նպատակ է։ Այդպես վարվելով՝ դու կհետևես Հիսուսի կատարյալ օրինակին և այդ իմաստուն որոշումը կայացնելով՝ երջանիկ ու պաշտպանված կլինես։ Նաև ցույց կտաս, որ վճռել ես ապրել նվիրմանդ համաձայն (Մատթ. 6։19–21; 1 Տիմոթ. 6։9–12)։
16, 17. Աշխարհիկ աշխատանքի և այլ նպատակների վերաբերյալ ի՞նչ հարցեր են ծագում։
16 Այսօր Աստծու ծառաների մեծ մասը շատ ժամեր է հատկացնում աշխատանքին, որ հոգա ընտանիքի հիմնական կարիքները։ Բայց կան անհատներ, որոնք ավելի երկար են աշխատում, քան անհրաժեշտ է (1 Տիմոթ. 6։8)։ Կոմերցիոն աշխարհն ամեն ինչ անում է, որ համոզի մեզ, թե չենք կարող ապրել առանց իր անթիվ-անհամար ապրանքների և շուկայում հայտնված յուրաքանչյուր նորույթի։ Սակայն ճշմարիտ քրիստոնյաները չեն ցանկանում, որ Սատանայի աշխարհը թելադրի իրենց, թե ինչ առաջնահերթություններ դնեն (1 Հովհ. 2։15–17)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել թոշակի անցած անհատների մասին։ Կա՞ արդյոք ժամանակը օգտագործելու ավելի լավ ձև, քան ռահվիրայություն անելը և այդպիսով Եհովային ծառայելն առաջին տեղում դնելը։
17 Եհովայի բոլոր նվիրված ծառաները կարող են հարցնել իրենց. «Ո՞րն է իմ գլխավոր նպատակը կյանքում։ Թագավորության շահերը դնո՞ւմ եմ առաջին տեղում։ Ընդօրինակո՞ւմ եմ Հիսուսի անձնազոհ ոգին։ Ուշադրություն դարձնո՞ւմ եմ նրա խորհրդին՝ շարունակ հետևել իրեն։ Կարո՞ղ եմ փոփոխություններ անել գրաֆիկիս մեջ, որ ավելի շատ ժամանակ տրամադրեմ քարոզչական աշխատանքին կամ աստվածապետական այլ նպատակների։ Նույնիսկ եթե այս պահին հանգամանքներս թույլ չեն տալիս, որ ընդլայնեմ ծառայությունը, շարունակո՞ւմ եմ անձնազոհ ոգի զարգացնել»։
«Ե՛Վ ԿԱՄԵՆԱՔ, Ե՛Վ ԳՈՐԾԵՔ»
18, 19. Ինչի՞ մասին կարող ենք աղոթել, և ինչո՞ւ է այդպիսի խնդրանքը հաճելի Եհովային։
18 Ուրախալի է տեսնել Աստծու ժողովրդի նախանձախնդրությունը։ Սակայն կան անհատներ, որոնց հանգամանքները թեև թույլ են տալիս ռահվիրա ծառայել, բայց նրանք չունեն ցանկություն կամ կարծում են, թե չեն համապատասխանում պահանջներին (Ելք 4։10; Երեմ. 1։6)։ Ի՞նչ կարելի է անել այդ դեպքում։ Մի՞թե տեղին չէ աղոթել այդ մասին։ Անշո՛ւշտ տեղին է։ Պողոսը իր հավատակիցներին ասաց. «Աստված հանուն այն բանի, ինչ հաճելի է իրեն, գործում է ձեր մեջ, որպեսզի դուք և՛ կամենաք, և՛ գործեք» (Փիլիպ. 2։13)։ Եթե ցանկություն չունես ընդլայնելու ծառայությունդ, խնդրիր Եհովային, որ տա քեզ դա անելու և՛ ցանկություն, և՛ կարողություն (2 Պետ. 3։9, 11)։
19 Նոյը, Մովսեսը, Երեմիան, Պողոսն ու Հիսուսը նվիրված մարդիկ էին։ Նրանք իրենց ժամանակը և ուժերը օգտագործեցին՝ հռչակելու Եհովայի նախազգուշական լուրը։ Այդ մարդիկ թույլ չտվեցին, որ որևէ բան շեղի իրենց ուշադրությունը։ Ներկայիս համակարգի վերջը մոտ է և անխուսափելի։ Ուստի բոլորս, որ մեր կյանքը նվիրել ենք Աստծուն, պետք է հավաստիանանք, որ շարունակում ենք մեր լավագույնն անել՝ հետևելով աստվածաշնչյան այս հիանալի օրինակներին (Մատթ. 24։42; 2 Տիմոթ. 2։15)։ Այդպես վարվելով՝ կարող ենք հաճեցնել Եհովային և վայելել նրա առատ օրհնությունները (կարդա՛ Մաղաքիա 3։10)։
[ծանոթագրություն]
a Տե՛ս «Աստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով» գիրքը, էջ 104–106։
[նկար 21-րդ էջի վրա]
Մարդիկ ուշադրություն չէին դարձնում Նոյի նախազգուշացումներին
[նկար 24-րդ էջի վրա]
Լրջորեն խորհե՞լ ես ռահվիրայություն սկսելու մասին