Ինչո՞ւ է աղոթքներ Լսողը թույլատրում տառապանքի գոյությունը
ՈՐՈՇ մարդիկ, Աստծուն աղոթելով հանդերձ, կասկածում են նրա գոյությանը։ Ինչո՞ւ։ Հնարավոր է՝ պատճառն այն է, որ աշխարհում ցավ ու տառապանք շատ կա։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է Աստված թույլատրում տառապանքի գոյությունը։
Իսկ գուցե հենց Աստվա՞ծ է մեղավոր տառապանքի համար։ Մենք չէինք հարգի այն Աստծուն, որը մարդկանց տառապանքներ կպատճառեր։ Հիմա պատկերացրու. հիացած պտտվում ես նոր ավտոմեքենայի շուրջ և... տեսնում ես, որ վնասված է։ Կեզրակացնես, որ արտադրո՞ղն է այդպես թողարկել։ Իհարկե ոչ։ Դու կմտածես, որ արտադրողը ամեն ինչ անթերի է արել, իսկ վնասվածքի պատճառը ինչ-որ բան կամ ինչ-որ մեկն է։
Իսկ ի՞նչ եզրակացության պետք է գանք, երբ, մի կողմից, զմայլվում ենք բնության մեջ տիրող ներդաշնակությամբ, իսկ, մյուս կողմից, տեսնում ենք աշխարհում տիրող ապականությունն ու քաոսը։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ Աստված առաջին տղամարդուն և կնոջը անթերի էր ստեղծել, բայց հետո նրանք իրենք իրենց «վնասեցին» (2 Օրենք 32։4, 5)։ Սակայն իրավիճակը անհույս չէ. Աստված խոստացել է վերացնել «վնասվածքը»՝ հնազանդ մարդկանց հասցնել կատարելության։ Այդ դեպքում ինչո՞ւ է նա այսքան երկար սպասում։
Ինչո՞ւ այսքան երկար
Այս հարցի պատասխանը կախված է մեկ այլ հարցի պատասխանից, այն է՝ ո՞վ իրավունք ունի ղեկավարելու մարդկանց։ Եհովան երբեք չի նախատեսել, որ մարդիկ իրենք իրենց ղեկավարեն։ Նրանց ղեկավարը Ինքը պիտի լիներ։ Աստվածաշնչում կարդում ենք. «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10։23)։ Ցավոք, առաջին մարդիկ որոշեցին դուրս գալ Աստծու իշխանության դեմ, ինչի հետևանքով մեղավորներ դարձան (1 Հովհաննես 3։4)։ Նրանք կորցրին կատարելությունը, վնասեցին ինչպես իրենց, այնպես էլ իրենց սերունդներին։
Հազարամյակներ շարունակ Եհովան թույլ է տվել մարդկանց, որ իրենք իրենց ղեկավարեն, իսկ պատմությունը փաստել է, որ նրանք ի վիճակի չեն դա անելու։ Այն ցույց է տալիս, որ մարդկային բոլոր կառավարությունները տառապանք են բերում։ Մինչև հիմա չի եղել մի կառավարություն, որ վերացնի պատերազմը, հանցագործությունը, անարդարությունը կամ հիվանդությունը։
Ինչպե՞ս է Աստված վերացնելու «վնասվածքը»
Աստվածաշունչն ասում է, որ Եհովան շուտով արդար նոր աշխարհ է բերելու (2 Պետրոս 3։13)։ Այնտեղ ապրելու իրավունք ստանալու են միայն նրանք, ովքեր իրենց կամքով կցանկանան սեր ցույց տալ մարդկանց և Աստծու հանդեպ (2Օրենք 30։15, 16, 19, 20)։
Աստվածաշունչը նաև ասում է, որ արագորեն մոտեցող «դատաստանի օրը» Աստված վերացնելու է ինչպես տառապանքը, այնպես էլ տառապանք պատճառողներին (2 Պետրոս 3։7)։ Դրանից հետո Հիսուս Քրիստոսը, որին Աստված նշանակել է Կառավարիչ, ղեկավարելու է հնազանդ մարդկանց (Դանիել 7։13, 14)։ Ի՞նչ նպատակներ է իրագործելու Հիսուսը։ Աստվածաշնչում գրված է. «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Սաղմոս 37։11)։
Որպես երկնային Թագավոր՝ Հիսուսը վերացնելու է «վնասվածքը», ներառյալ հիվանդությունները, ծերությունը և մահը, որոնք հետևանք են այն բանի, որ մարդիկ Եհովայի՝ «կյանքի աղբյուրի» դեմ դուրս եկան (Սաղմոս 36։9)։ Հիսուսը դա անելու է բոլոր նրանց համար, ովքեր կընդունեն իր իշխանությունը։ Աստվածաշնչում գրված հետևյալ խոսքերը նրա օրոք իրականություն են դառնալու.
◼ «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»։ Այդ երկրում բնակվող ժողովրդի հանցանքը կներվի» (Եսայիա 33։24)։
◼ «[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։4)։
Մի՞թե մխիթարական չէ իմանալ, որ Աստված երկրի երեսից վերացնելու է ցավն ու տառապանքը։ Իսկ մինչ այդ կարող ենք վստահ լինել, որ նա լսում է մեր աղոթքները, չնայած որ ներկայիս ցավալի իրողությունների պատճառով գուցե թվա, որ դա այդպես չէ։
Աստված կա՛։ Նա կարո՛ղ է լսել քո՝ ցավով ու վշտով լի խոսքերը։ Եհովան շատ է ուզում, որ ապրես այն ժամանակներում, երբ քո բոլոր կասկածները փարատված կլինեն, իսկ ցավերը՝ մոռացված։