Ի՞նչը կվերանա, երբ գա Աստծու Թագավորությունը
«Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ, բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 ՀՈՎՀ. 2։17)։
ԵՐԳ 134, 24
1, 2. ա) Այս աշխարհը ինչո՞վ է նման դատապարտված հանցագործի (տես հոդվածի սկզբի նկարը)։ բ) Ինչպե՞ս կարձագանքեն տիեզերքի բոլոր բանական արարածները, երբ այս աշխարհի դատավճիռն ի կատար ածվի։
«ՄԵՌՅԱ՜ԼՆ Է ԳԱԼԻՍ»,— գոչում են բանտապահները։ Իր բանտախցից դուրս է գալիս վտանգավոր հանցագործը։ Նրա հետևում ճռնչում են մետաղյա դռները։ Ինչո՞ւ են բանտապահները այս խոսքերն ասում։ Այդ մարդն առողջ տեսք ունի. նա չի տառապում մահաբեր հիվանդությամբ։ Սակայն բանտապահները նրան տանում են մահապատժի վայր։ Այդ դատապարտված հանցագործը համարյա թե մեռած է։a
2 Այս չար աշխարհը ինչ-որ առումով նման է մահվան դատապարտված այդ տղամարդուն։ Այն վաղուց դատապարտվել է. մահապատիժը ուր որ է ի կատար կածվի։ Աստվածաշունչն ասում է. «Աշխարհն անցնում է» (1 Հովհ. 2։17)։ Այս համակարգի վերջը հաստատ կգա։ Այդուհանդերձ, աշխարհի վերջի և բանտարկյալի վախճանի միջև մի մեծ տարբերություն կա։ Վերջինիս պարագայում հնարավոր է՝ ոմանք բողոքարկեն դատավճիռը՝ հայտարարելով, որ այն արդարացի չէ, կամ գուցե հուսան, որ վերջին պահին դատավճռի կատարումը կհետաձգվի։ Սակայն այս աշխարհի պարագայում դատավճիռը կայացվել է տիեզերքի Գերիշխանի կողմից, որը կատարյալ արդարությամբ է դատում (2 Օրենք 32։4)։ Դատավճռի կատարումը չի հետաձգվի, և ոչ մի կասկած չի առաջանա, որ այն արդար է։ Երբ դատավճիռն ի կատար ածվի, տիեզերքի բոլոր բանական արարածները սրտանց կընդունեն, որ արդար դատաստան է եղել։ Բոլորը անասելի թեթևացում կզգան։
3. Ի՞նչը կվերանա, երբ գա Աստծու Թագավորությունը։
3 Սակայն ի՞նչ է ընդգրկում «աշխարհը», որն «անցնում է»։ Այն ընդգրկում է ներկայիս կյանքի անբաժան մասը համարվող շատ-շատ բաներ, որոնք կվերանան։ Մի՞թե սա վատ լուր է։ Ամենևի՛ն։ Չէ՞ որ Թագավորության բարի լուրը ներառում է նաև այս կարևոր տեղեկությունը (Մատթ. 24։14)։ Ուստի եկեք տեսնենք, թե որ բաները կվերանան, երբ գա Աստծու Թագավորությունը։ Մենք կքննարկենք դրանցից չորսը. չար մարդիկ, ապականված կազմակերպություններ, չար գործեր և վատ պայմաններ։ Յուրաքանչյուր դեպքում կքննենք, թե 1) կյանքի անբաժան մասը դարձած այս բաները ինչպես են ազդում մեզ վրա, 2) ինչ է անելու Եհովան, և 3) ինչով է նա դրանք փոխարինելու։
ՉԱՐ ՄԱՐԴԻԿ
4. Չար մարդիկ այսօր ինչպե՞ս են ազդում մեզ վրա։
4 Ինչպե՞ս են չար մարդիկ ազդում մեզ վրա։ Կանխագուշակելով, որ մեր օրերում «չափազանց դժվար ժամանակներ» են լինելու՝ Պողոս առաքյալը Աստծու ներշնչմամբ գրեց. «Չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ» (2 Տիմոթ. 3։1–5, 13)։ Տեսնո՞ւմ ես այս մարգարեական խոսքերի կատարումը։ Մեզնից շատերն են դարձել չար մարդկանց ատելության, բռնության և դաժանության զոհը։ Նրանցից ոմանք բացահայտ չարագործներ են, իսկ ուրիշները իրենց վատ գործերը թաքցնում են արդարության քողի տակ։ Նույնիսկ եթե անմիջականորեն չենք դարձել չար մարդկանց արարքների զոհը, միևնույն է, նրանք ազդում են մեզ վրա։ Մենք սարսռում ենք, երբ լսում ենք նրանց զարհուրելի գործերի մասին, օրինակ, թե ինչ դաժանությամբ են նրանք վերաբերվում երեխաներին, ծերերին և այլ անպաշտպան մարդկանց։ Նրանց դրսևորած ոգին անմարդկային է, անասնական և նույնիսկ դիվական (Հակ. 3։15)։ Ուրախ ենք, որ Եհովայի Խոսքը մեզ մխիթարում է բարի լուրով։
5. ա) Չար մարդիկ դեռ ի՞նչ հնարավորություն ունեն։ բ) Ի՞նչ կլինի այն չար մարդկանց, որոնք չեն ցանկանա փոխվել։
5 Ի՞նչ է անելու Եհովան։ Այժմ Աստված չար մարդկանց փոխվելու հնարավորություն է տալիս (Ես. 55։7)։ Նրանց վերաբերյալ՝ որպես առանձին անհատների, դատավճիռ դեռ չի կայացվել։ Այս աշխարհն է, որ դատապարտված է։ Իսկ ի՞նչ կլինի այն մարդկանց, որոնք չեն ցանկանա փոխվել և մինչև մեծ նեղության սկիզբը թիկունք կկանգնեն ներկայիս համակարգին։ Եհովան խոստացել է երկիրը մեկընդմիշտ մաքրել ամբարիշտ մարդկանցից (կարդա Սաղմոս 37։10)։ Չարերը թերևս մտածեն, որ իրենց ոչ մի դատավճիռ էլ չի սպառնում։ Շատերը սովորել են թաքցնել այն, ինչ անում են, և այս աշխարհում նրանց կարծես հաջողվում է խույս տալ արդարադատությունից և իրենց արարքների հետևանքներից (Հոբ 21։7, 9)։ Սակայն Աստվածաշունչը հիշեցնում է մեզ. «[Աստծու] աչքերը մարդու ճանապարհների վրա են, և նա տեսնում է նրա բոլոր քայլերը։ Չկա ո՛չ խավար, ո՛չ էլ թանձր ստվեր, որ չարագործները այնտեղ թաքնվեն» (Հոբ 34։21, 22)։ Եհովայից հնարավոր չէ թաքնվել։ Ոչ մի խաբեբա չի կարող մոլորեցնել նրան. չկա այնպիսի խավար կամ թանձր ստվեր, որ Աստծուն թույլ չտա տեսնել, թե մարդիկ ինչ են անում։ Արմագեդոնից հետո մենք այլևս ամբարիշտների չենք տեսնի։ Նրանք կկորչեն առհավետ (Սաղ. 37։12–15)։
6. Ովքե՞ր են մնալու, երբ չար մարդիկ ոչնչանան, և ինչո՞ւ է դա բարի լուր։
6 Ովքե՞ր են մնալու, երբ չար մարդիկ ոչնչանան։ Եհովան հուսադրող խոստում է տվել. «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»։ Նույն սաղմոսում կարդում ենք. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղ. 37։11, 29)։ Ովքե՞ր են «հեզերն» ու «արդարները»։ Հեզերը նրանք են, ովքեր ընդունում են Եհովայի խրատը և սովորում նրանից, իսկ արդարները այն մարդիկ են, որոնք սիրով անում են այն, ինչ ճիշտ է Աստծու աչքում։ Այսօր աշխարհում արդարները անհամեմատ ավելի քիչ են, քան չար մարդիկ։ Սակայն գալիք նոր աշխարհում հեզերն ու արդարները ո՛չ փոքրամասնություն են լինելու, ո՛չ էլ մեծամասնություն, քանի որ միայն նրանք են ապրելու երկրի վրա։ Կասկած չկա, որ նման մարդիկ երկիրը կվերածեն դրախտի։
ԱՊԱԿԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Ապականված կազմակերպությունները այսօր ինչպե՞ս են ազդում մեզ վրա։
7 Ինչպե՞ս են ապականված կազմակերպությունները ազդում մեզ վրա։ Աշխարհում վատ բաների մեծ մասն արվում է ոչ թե առանձին անհատների, այլ կազմակերպությունների կողմից։ Օրինակ՝ կրոնական կազմակերպությունները խաբում են միլիոնավոր մարդկանց՝ ստեր տարածելով Աստծու էության, Աստվածաշնչի արժանահավատության, երկրի ու մարդկության ապագայի և բազում այլ հարցերի վերաբերյալ։ Ապականված կառավարությունները պատերազմներ և էթնիկ բախումներ են հրահրում, կեղեքում են աղքատ ու անպաշտպան մարդկանց, բարգավաճում են կաշառակերության ու հովանավորչության շնորհիվ։ Անհագ ընկերությունները անխղճորեն աղտոտում են շրջակա միջավայրը, անխնա օգտագործում են բնական ռեսուրսները և օգտվում են սպառողների դյուրահավատությունից, որպեսզի հարստացնեն սակավաթիվ մարդկանց, այնինչ միլիոնավորներ տառապում են աղքատության ճիրաններում։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ ապականված կազմակերպությունները պատասխանատու են այսօրվա աշխարհում առկա շատ ու շատ խնդիրների համար։
8. Աստվածաշնչի համաձայն՝ ի՞նչ է լինելու անսասան թվացող կազմակերպություններին։
8 Ի՞նչ է անելու Եհովան։ Մեծ նեղությունը սկսվելու է այն ժամանակ, երբ աշխարհի քաղաքական տարրերը դուրս գան բոլոր կեղծ կրոնների դեմ, որոնք Աստվածաշնչում նկարագրվում են որպես մի պոռնիկ կին, ում անունը Մեծ Բաբելոն է (Հայտն. 17։1, 2, 16; 18։1–4)։ Այս կրոնական կազմակերպությունները ամբողջովին ոչնչացվելու են։ Իսկ ի՞նչ է լինելու մյուս ապականված կազմակերպություններին։ Այսօր անսասան թվացող շատ կազմակերպություններ ու հաստատություններ Սուրբ Գրքում պատկերավոր լեզվով ներկայացվում են որպես լեռներ ու կղզիներ (կարդա Հայտնություն 6։14)։ Սակայն Աստծու Խոսքը հայտնում է, որ կառավարությունների և նրանցից կախված բոլոր կազմակերպությունների հիմքերը կցնցվեն։ Երբ մեծ նեղությունը հասնի իր գագաթնակետին, այս հին աշխարհի բոլոր կառավարություններն ու նրանց կողմը բռնած և Աստծու Թագավորության դեմ դուրս եկած բոլոր կառույցները կոչնչացվեն (Երեմ. 25։31–33)։ Դրանից հետո աշխարհում չի լինի և ոչ մի ապականված կազմակերպություն։
9. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ «նոր երկիրը»՝ մարդկային նոր հասարակությունը, լավ կազմակերպված է լինելու։
9 Ի՞նչն է փոխարինելու ապականված կազմակերպություններին։ Արմագեդոնից հետո երկրի վրա որևէ կազմակերպություն կլինի՞։ Աստվածաշունչն ասում է. «Նրա խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն է բնակվելու» (2 Պետ. 3։13)։ Երբ հին երկինքն ու երկիրը, այսինքն՝ ապականված կառավարություններն ու նրանց իշխանության տակ գտնվող մարդկային չար հասարակությունը վերանան, ի՞նչն է փոխարինելու դրանց։ «Նոր երկինք ու նոր երկիր» արտահայտությունը ցույց է տալիս, որ լինելու է նոր կառավարություն և մարդկային նոր հասարակություն, որի վրա իշխելու է այդ կառավարությունը։ Հիսուս Քրիստոսի գլխավորած Թագավորությունն արտացոլելու է Եհովայի էությունը, ով կարգուկանոնի Աստված է (1 Կորնթ. 14։33)։ Ուստի «նոր երկիրը» լավ կազմակերպված է լինելու։ Աստվածահաճո հատկություններ ունեցող տղամարդիկ հոգ են տանելու տարբեր բաների մասին (Սաղ. 45։16)։ Նրանց առաջնորդելու են Քրիստոսն ու իր 144 000 թագավորակիցները։ Պատկերացրու այն ժամանակը, երբ երկրի վրա լինեն ոչ թե ապականված բազմաթիվ կազմակերպություններ, այլ մեկ միասնական և անապականելի կազմակերպություն։
ՉԱՐ ԳՈՐԾԵՐ
10. Ի՞նչ չար գործեր են տարածված այնտեղ, որտեղ ապրում ես, և ինչպե՞ս են դրանք ազդում քեզ ու քո ընտանիքի վրա։
10 Ինչպե՞ս են չար գործերը ազդում մեզ վրա։ Մենք ապրում ենք չարագործություններով լի աշխարհում։ Անբարո, անազնիվ և ծայրահեղ դաժան արարքները ողողել են երկիրը։ Այսօր ծնողները պայքար են մղում, որպեսզի իրենց զավակներին պաշտպանեն չարիքից։ Զվարճությունների աշխարհի ներկայացուցիչները ավելի ու ավելի են մասնագիտանում վատ բաները գրավիչ ձևով ներկայացնելու մեջ, դեռ ավելին՝ Եհովայի արդար չափանիշները ծաղրուծանակի առարկա են դարձնում (Ես. 5։20)։ Ճշմարիտ քրիստոնյաները դիմադրում են այս ոգուն։ Նրանք պայքարում են, որպեսզի անարատ մնան այնպիսի մթնոլորտում, որը խարխլում է Եհովայի չափանիշների հանդեպ հարգանքը։
11. Ի՞նչ ենք սովորում Սոդոմի ու Գոմորի վրա Եհովայի բերած դատաստանից։
11 Ի՞նչ է անելու Եհովան՝ չար գործերին վերջ դնելու համար։ Հիշենք, թե նա ինչ արեց, երբ Սոդոմն ու Գոմորը լցվեցին անօրենությամբ (կարդա 2 Պետրոս 2։6–8)։ Արդար Ղովտը տանջվում էր՝ տեսնելով այն ամենը, ինչ կատարվում էր իր և իր ընտանիքի շուրջը։ Երբ Եհովան ոչնչացրեց այդ շրջանի քաղաքները, նա չարագործություններին վերջ դնելուց ավելին արեց։ Նա «անաստված մարդկանց համար գալիք բաների օրինակ թողեց»։ Ինչպես որ Եհովան վերջ դրեց այն ժամանակ արվող անբարո գործերին, այնպես էլ վերջ է դնելու այսօր կատարվող չարագործություններին, երբ դատի ներկայիս աշխարհը։
12. Ինչո՞վ ես փափագում զբաղվել այն ժամանակ, երբ այս հին աշխարհն անցնի։
12 Վատ արարքների փոխարեն՝ ի՞նչ գործեր են արվելու դրախտային երկրի վրա։ Այնտեղ կյանքը եռալու է երջանկություն բերող գործերի առատությունից։ Պատկերացրու, թե որքան ենք ուրախանալու, երբ երկիրը դրախտի վերածենք և մեզ ու մեր հարազատների համար տներ կառուցենք։ Ի՜նչ մեծ երջանկություն ենք ապրելու, երբ դիմավորենք հարություն առնող միլիոնավոր մարդկանց, նրանց սովորեցնենք Եհովայի ճանապարհների մասին ու պատմենք, թե նա ինչեր է արել մարդկության համար (Ես. 65։21, 22; Գործ. 24։15)։ Մենք զբաղված ենք լինելու բուռն գործունեությամբ, որը ուրախություն է պարգևելու մեզ և փառք է բերելու Եհովային։
ՎԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
13. Սատանայի, Ադամի ու Եվայի ապստամբության պատճառով ի՞նչ վատ պայմաններ են տիրում աշխարհում։
13 Ինչպե՞ս են վատ պայմանները ազդում մեզ վրա։ Ամբարիշտ մարդիկ, ապականված կազմակերպությունները և չար գործերը նպաստում են երկրի վրա տիրող պայմանների վատթարացմանը։ Այսօր շատերն են տառապում պատերազմների, աղքատության և ռասայական խտրականության պատճառով։ Իսկ հիվանդությունն ու մահը ոչ ոքի չեն խնայում։ Այսպիսով՝ բոլորիս վրա էլ անդրադառնում են մեր շուրջը տիրող վատ պայմանները։ Այս ամենը հետևանքն է այն ապստամբության, որ Եհովայի դեմ բարձրացրին երեք չար անձինք՝ Սատանան, Ադամն ու Եվան։ Այսօր մեզանից ոչ ոք չի կարող խուսափել այդ ապստամբության կործանարար հետևանքներից։
14. Ի՞նչ է անելու Եհովան՝ վատ պայմաններին վերջ դնելու համար։ Բեր օրինակ։
14 Ի՞նչ է անելու Եհովան, որպեսզի վատ պայմաններում չապրենք։ Օրինակ՝ մեկընդմիշտ վերջ է դնելու բոլոր պատերազմներին (կարդա Սաղմոս 46։8, 9)։ Բուժելու է բոլոր հիվանդությունները (Ես. 33։24)։ Կլանելու է մահը առհավետ (Ես. 25։8)։ Վերացնելու է աղքատությունը (Սաղ. 72։12–16)։ Վերջ է դնելու բոլոր վատ պայմաններին, որոնք կյանքն անտանելի են դարձնում։ Բացի այդ, Եհովան ցրելու է այս աշխարհի աղտոտված «օդը»՝ երկիրը մաքրելով Սատանայի ու նրա դևերի ազդեցությունից (Եփես. 2։2)։
15. Ի՞նչ չի լինելու Արմագեդոնից հետո։
15 Պատկերացրու մի աշխարհ, որտեղ չկա պատերազմ, հիվանդություն և մահ։ Չկան զորքեր, ռազմածովային նավատորմեր, ռազմաօդային ուժեր, զենքեր և պատերազմներին նվիրված հուշարձաններ։ Չկան հիվանդանոցներ, բժիշկներ, բուժքույրեր և բժշկական ապահովագրություն։ Չկան դիահերձարաններ, սգո սրահներ, թաղման բյուրոներ և գերեզմանոցներ։ Քանի որ ոչ ոք հանցանք չի գործում, չկան անվտանգության ոլորտում մասնագիտացած ընկերություններ, ազդանշանային համակարգեր, ոստիկանական ուժեր և հավանաբար կողպեքներ ու բանալիներ։ Ոչինչ մեզ չի անհանգստացնում. մեր միտքն ու սիրտը խաղաղ են ու հանգիստ։
16, 17. ա) Ի՞նչ թեթևացում կզգան նրանք, ովքեր կենդանի կմնան Արմագեդոնի ժամանակ։ Բեր օրինակ։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որ ողջ մնանք, երբ այս հին աշխարհն անցնի։
16 Ինչպիսի՞ն կլինի կյանքը, երբ վատ պայմաններ այլևս չլինեն։ Դա պատկերացնելը հեշտ չէ։ Մենք այնքան երկար ենք ապրել այս հին աշխարհում, որ այլևս չենք զգում, թե ինչ մեծ սթրեսի ենք ենթարկվում աշխարհում տիրող իրավիճակի պատճառով։ Օրինակ՝ գնացքի կայարանի մոտ ապրող մարդիկ, հնարավոր է, այլևս ուշադրություն չեն դարձնում աղմուկին, իսկ նրանք, ովքեր ապրում են աղբանոցի հարևանությամբ, գուցե չեն զգում գարշահոտը։ Պատկերացրու՝ ինչ մեծ թեթևացում կզգանք բոլորս, երբ Եհովան վերացնի բոլոր վատ պայմանները։
17 Սաղմոս 37։11-ում ասվում է, թե ինչ ենք զգալու այդ ժամանակ. «Հեզերը.... անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»։ Մի՞թե այս խոսքերը չեն ջերմացնում սիրտդ։ Չէ՞ որ հենց սա է Եհովան նպատակադրել քեզ համար։ Ուստի ամեն բան արա, որ այս տագնապալից վերջին օրերում մտերիմ մնաս Եհովա Աստծու հետ և մոտ լինես նրա կազմակերպությանը։ Թանկ գնահատիր քո ունեցած հույսը, խորհրդածիր դրա շուրջ, այն վառ պահիր քո մտքում ու սրտում և հույսիդ մասին պատմիր ուրիշներին (1 Տիմոթ. 4։15, 16; 1 Պետ. 3։15)։ Այդպես անելով՝ կարող ես վստահ լինել, որ երբ այս դատապարտված աշխարհն անցնի, դու ողջ կմնաս ու երջանիկ կապրես հավիտյան։
a Այս պարբերության մեջ նկարագրված է մի սովորույթ, որը նախկինում տարածված էր Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշ բանտերում։