ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 25
Ապավինիր Եհովային, երբ սթրեսը քամում է ուժերդ
«Ես կորցրել եմ հանգիստս, մինչև գետին կորացել եմ, ամբողջ օրը շրջում եմ վշտացած» (ՍԱՂ. 38։6)։
ԵՐԳ 30 Իմ Հայր, իմ Աստված և իմ Ընկեր
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1. Ինչո՞ւ է անհրաժեշտ ականջ դնել Հիսուսի նախազգուշացմանը։
ՎԵՐՋԻՆ օրերի մասին մարգարեանալիս Հիսուսն ասել է. «Ուշադրություն դարձրեք ձեր անձերին, որ ձեր սրտերը երբեք չծանրանան.... կյանքի հոգսերով [կամ՝ «ապրուստի հոգսերով», «Արարատ» թարգմանություն]» (Ղուկ. 21։34)։ Ինչո՞ւ է անհրաժեշտ ականջ դնել այս նախազգուշացմանը։ Քանի որ բոլոր մարդկանց նման մենք էլ ենք այնպիսի խնդիրների բախվում, որոնց պատճառով սթրես ենք տանում։
2. Սթրես առաջացնող ի՞նչ խնդիրներ են ունենում մեր եղբայրներն ու քույրերը։
2 Երբեմն խնդիրները միանգամից են տեղում մեզ վրա։ Ահա մի օրինակ։ Ջոնb անունով մի եղբայր տառապում է ցրված կարծրախտով։ Դա բավական չէ, նրա կինը 19 տարվա համատեղ կյանքից հետո լքեց նրան։ Հետո Ջոնի երկու աղջիկները թողեցին ճշմարտությունը։ Բերենք ևս մեկ օրինակ։ Մի ամուսնական զույգ՝ Բոբն ու Լինդան, ուրիշ տեսակի դժվարություններ ունեցան։ Նրանք կորցրին իրենց աշխատանքը, ապա՝ նաև տունը։ Շատ չանցած՝ պարզվեց, որ Լինդան սրտի լուրջ հիվանդություն ունի, որից կարող է մահանալ, մեկ ուրիշ հիվանդություն էլ քայքայում է նրա իմունային համակարգը։
3. Փիլիպպեցիներ 4։6, 7 համարների համաձայն՝ ինչո՞ւմ կարող ենք համոզված լինել։
3 Մենք կարող ենք վստահ լինել, որ մեր Արարիչն ու սիրառատ Հայրը՝ Եհովան, հասկանում է, թե սթրեսը ինչ ազդեցություն է թողնում մեզ վրա։ Եվ նա ցանկանում է օգնել մեզ (կարդա Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Աստվածաշնչում շատ են այն մարդկանց օրինակները, որոնք տարբեր դժվարություններ են ունեցել։ Այնտեղ գրված է, թե Եհովան ինչպես է նրանց օգնել դուրս գալու սթրեսային վիճակից։ Եկեք քննենք մի քանի օրինակ։
«ԵՂԻԱՆ ԱՅՆՊԻՍԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ ՈՒՆԵՐ, ԻՆՉՊԻՍԻՔ ՈՐ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ»
4. Եղիան ի՞նչ խնդիրների է բախվել և ինչպե՞ս է զգացել Եհովայի ձեռքը։
4 Եղիան Եհովային ծառայել է չափազանց դժվար ժամանակներում։ Իսրայելի հավատուրաց թագավոր Աքաաբը ամուսնացել էր Հեզաբելի հետ, որը Բահաղին էր երկրպագում։ Նրանք երկուսով ողջ երկրում տարածել էին Բահաղի պաշտամունքը, իսկ Եհովայի մարգարեներից շատերին սպանել էին տվել։ Եղիային հաջողվել էր փախչել։ Բացի այդ, սաստիկ սովի ժամանակ նա Աստծու օգնությամբ կենդանի էր մնացել (1 Թագ. 17։2–4, 14–16)։ Աստծուն լիովին ապավինելով՝ Եղիան նաև մարտահրավեր էր նետել Բահաղի մարգարեներին ու երկրպագուներին և ամբողջ ժողովրդին հորդորել էր Եհովային ծառայել (1 Թագ. 18։21–24, 36–38)։ Այս մարգարեն շատ անգամ էր տեսել, թե Եհովան ինչպես է սթրեսային իրավիճակներում աջակցում իրեն։
5–6. 1 Թագավորներ 19։1–4 համարների համաձայն՝ Եղիան ի՞նչ զգացումներ ունեցավ, և Եհովան ինչպե՞ս ցույց տվեց, որ սիրում է նրան։
5 Կարդա 1 Թագավորներ 19։1–4։ Այնուամենայնիվ, երբ Հեզաբել թագուհին սպառնաց սպանել Եղիային, նա վախեցավ ու փախավ Բերսաբեե։ Նա այնքան վհատված էր, որ Աստծուց մահ խնդրեց։ Եղիան հայտնվել էր այսպիսի վիճակում, քանի որ մեզ պես անկատար մարդ էր՝ «այնպիսի զգացմունքներ ուներ, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակ. 5։17)։ Հավանաբար, սթրեսը նրան ուժասպառ էր արել։ Նա թերևս կարծում էր, թե ճշմարիտ երկրպագությունը վերականգնելու իր ջանքերը զուր են, թե Իսրայելում ոչ մի դրական փոփոխություն չկա, թե Եհովային երկրպագողներից միայն ինքն է մնացել (1 Թագ. 18։3, 4, 13; 19։10, 14)։ Այս հավատարիմ մարգարեի ապրումները գուցե զարմացնեն մեզ։ Բայց Աստված հասկացավ նրան։
6 Եհովան Եղիային չհանդիմանեց իր զգացումներն արտահայտելու համար։ Ավելին՝ օգնեց վերագտնել ուժերը (1 Թագ. 19։5–7)։ Իսկ հետո նա մեղմորեն ուղղեց իր ծառայի մտածելակերպը. նախ ցույց տվեց իր անսահման զորությունը, ապա ասաց, որ Իսրայելում դեռ 7 000 մարդ կա, որոնք չեն խոնարհվել Բահաղի առաջ (1 Թագ. 19։11–18)։ Այսպիսով՝ Աստված ցույց տվեց, որ սիրում է Եղիային։
ԵՀՈՎԱՆ ԻՆՉՊԵ՞Ս Է ՕԳՆՈՒՄ
7. Եղիայի պատմությունը մեզ ինչո՞ւմ է վստահեցնում։
7 Դու է՞լ ես սթրեսային վիճակում։ Վստահ եղիր, որ Եհովան հասկանում է քեզ, ինչպես որ Եղիային էր հասկանում։ Նա գիտի, թե ինչ սահմանափակումներ ունենք, գիտի՝ ինչ ենք մտածում և զգում (Սաղ. 103։14; 139։3, 4)։ Եթե Եղիայի պես մենք էլ ապավինենք Աստծուն, նա կօգնի դիմակայել ճնշումներին (Սաղ. 55։22)։
8. Եհովան ինչպե՞ս կօգնի քեզ դուրս գալ սթրեսային վիճակից։
8 Սթրեսային վիճակում մարդը գուցե վհատվի ու սկսի մտածել, թե իր հանգամանքները երբեք չեն փոխվի։ Եթե դու էլ ես այսպես մտածում, հիշիր, որ Եհովան կօգնի քեզ դուրս գալ այդ վիճակից։ Ինչպե՞ս։ Աստված ուշադիր կլսի քեզ, չէ՞ որ հենց ինքն է հորդորում քո ամբողջ հոգսը իր վրա գցել։ Եվ նա կպատասխանի օգնության կանչիդ (Սաղ. 5։3; 1 Պետ. 5։7)։ Ուստի հաճախակի աղոթիր Եհովային և պատմիր քո բոլոր մտահոգությունների մասին։ Իհարկե, նա քեզ հետ չի խոսի այնպես, ինչպես Եղիայի հետ, բայց դա կանի Աստվածաշնչի և իր կազմակերպության միջոցով։ Այն, ինչ կարդում ես Սուրբ Գրքում, կարող է մխիթարել քեզ ու հույսով լցնել։ Քաջալերության ու մխիթարության աղբյուր կարող են լինել նաև քո հավատակիցները (Հռոմ. 15։4; Եբր. 10։24, 25)։
9. Վստահելի ընկերը ի՞նչ կարող է անել քեզ համար։
9 Եհովան Եղիային ասաց, որ իր պարտականությունների մի մասը հանձնի Եղիսեին։ Այդպես նա Եղիային լավ ընկեր տվեց, որը նրան կօգներ կրել իրեն ճնշող բեռը։ Եթե մենք էլ մեր մտահոգությունները կիսենք վստահելի ընկերոջ հետ, նա կօգնի, որ չճկվենք մեր բեռի տակ (2 Թագ. 2։2; Առակ. 17։17)։ Եթե չունես այնպիսի ընկեր, որի հետ կարող ես խոսել քո զգացումների ու խնդիրների մասին, աղոթիր Եհովային, որ օգնի գտնել հոգևորապես հասուն այնպիսի հավատակցի, որը քաջալերության աղբյուր կլինի քեզ համար։
10. Եղիայի օրինակը ի՞նչ հույս է տալիս, և Եսայիա 40։28, 29 համարներում գրված խոստումը ինչպե՞ս կարող է օգնել մեզ։
10 Եհովան Եղիային օգնեց դիմակայել ճնշումներին և տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել իրեն։ Այս օրինակը հուսադրում է մեզ։ Չէ՞ որ մեր կյանքում էլ գուցե լինեն պահեր, երբ սթրեսը քամի մեր ֆիզիկական և էմոցիոնալ ուժերը։ Բայց եթե ապավինենք Եհովային, նա կտա անհրաժեշտ ուժը, որ շարունակենք ծառայել իրեն (կարդա Եսայիա 40։28, 29)։
ԱՆՆԱՆ, ԴԱՎԻԹԸ ԵՎ ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒՆ ԱՊԱՎԻՆԵՑԻՆ ԵՀՈՎԱՅԻՆ
11–13. Սթրեսի հետևանքով Աստծու ծառաները ի՞նչ էին զգում։
11 Աստվածաշնչում այլ մարդկանց մասին էլ ենք կարդում, որոնք ծանր վիճակում են եղել։ Օրինակ՝ Աննան իր վրա կրում էր ամուլ լինելու անարգանքը և իր ամուսնու մյուս կնոջ կողմից շարունակ ծաղրուծանակի էր ենթարկվում (1 Սամ. 1։2, 6)։ Դրանից նա այնքան էր տրտմում, որ լաց էր լինում և ուտելու ցանկություն չէր ունենում (1 Սամ. 1։7, 10)։
12 Դավիթ թագավորի կյանքն էլ է լի եղել սթրեսներով։ Հիշենք, թե նա ինչ ապրումներ ու դժվարություններ է ունեցել։ Մեղավորության զգացում իր գործած մի շարք սխալների պատճառով (Սաղ. 40։12)։ Դավաճանություն հարազատ որդու՝ Աբիսողոմի կողմից, որը սպանվեց իր իսկ բարձրացրած ապստամբության հետևանքով (2 Սամ. 15։13, 14; 18։33)։ Դավաճանություն ամենամոտ ընկերներից մեկի՝ Աքիտոփելի կողմից (2 Սամ. 16։23–17։2; Սաղ. 55։12–14)։ Դավթի գրած սաղմոսներից շատերում երևում է նրա ընկճվածությունը, բայց նաև աչքի է զարնում նրա անսասան հավատն ու վստահությունը Եհովայի հանդեպ (Սաղ. 38։5–10; 94։17–19)։
13 Մի սաղմոսերգու, որը ծառայում էր «Աստծու վեհապանծ սրբարանում», սկսեց նախանձել անօրեն մարդկանց։ Նա հավանաբար ղևտացի Ասափի տոհմից էր։ Սաղմոսերգուն վհատված էր։ Նա կորցրել էր իր ուրախությունը և սկսել էր դժգոհել կյանքից։ Նա այլևս չէր գնահատում իր ունեցած օրհնությունները և նույնիսկ սկսել էր կասկածել, թե արժե արդյոք ծառայել Աստծուն (Սաղ. 73։2–5, 7, 12–14, 16, 17, 21)։
14–15. Ի՞նչ ենք սովորում Աննայի, Դավթի և սաղմոսերգուի օրինակից։
14 Եհովայի այս երեք ծառաներն էլ ապավինեցին նրան։ Ջերմեռանդորեն աղոթելով՝ նրանք Աստծուն հայտնեցին իրենց մտահոգությունները և նրանից օգնություն խնդրեցին։ Այս մարդիկ առանց կաշկանդվելու ասացին, թե ինչու են այդքան նեղված։ Բայց նաև չդադարեցին գնալ Եհովայի երկրպագության վայրը (1 Սամ. 1։9, 10; Սաղ. 55։22; 73։17; 122։1)։
15 Մեր գթասիրտ Աստված պատասխանեց նրանցից յուրաքանչյուրի աղոթքին։ Օրինակ՝ Աննան ներքին խաղաղություն գտավ (1 Սամ. 1։18)։ Դավիթը, տեսնելով Աստծու օգնությունը, հետևյալը գրեց. «Շատ են արդարի նեղությունները, բայց Եհովան ազատում է նրան այդ ամենից» (Սաղ. 34։19)։ Իսկ Ասափից սերած սաղմոսերգուն հասկացավ, որ Եհովան երբեք մենակ չի թողել իրեն և օգտակար խորհուրդներով առաջնորդել է։ Ուստի գրեց. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը։ Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել» (Սաղ. 73։23, 24, 28)։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակներից։ Ժամանակ առ ժամանակ գուցե խնդիրների ծանրության տակ մեզ ճնշված զգանք։ Բայց անշուշտ կկարողանանք դուրս գալ այդ վիճակից, եթե խորհենք այն մասին, թե Եհովան ինչպես է օգնել ուրիշներին, ապավինենք նրան, միշտ աղոթենք ու նրա ասածներն անենք (Սաղ. 143։1, 4–8)։
ԱՊԱՎԻՆԵԼՈՎ ԵՀՈՎԱՅԻՆ՝ ՀԱՂԹԱՀԱՐԻՐ ՍԹՐԵՍԸ
16–17. ա) Ինչո՞ւ չպետք է մեկուսանանք Եհովայից և իր ծառաներից։ բ) Ինչպե՞ս կարող ենք վերագտնել մեր ուժերը։
16 Աննայի, Դավթի և սաղմոսերգուի օրինակից ուրիշ դաս էլ ենք քաղում. մենք չպետք է մեկուսանանք Եհովայից և իր ժողովրդից (Առակ. 18։1)։ Նենսի անունով մի քույր ծանր սթրես տարավ, երբ ամուսինը լքեց իրեն։ Նա ասում է. «Երկար ժամանակ ոչ մեկին չէի ուզում տեսնել, ոչ էլ ցանկություն ունեի խոսելու։ Բայց ինչքան մեկուսանում էի մարդկանցից, այնքան ավելի էի վհատվում»։ Սակայն Նենսիի վիճակը բարելավվեց, երբ նա սկսեց մտածել ուրիշների մասին և օգնել նրանց։ Նա ասում է. «Ես ուշադիր լսում էի մարդկանց, երբ պատմում էին, թե ինչ լուրջ խնդիրներ ունեն։ Երբ կարեկցանքով էի լցվում նրանց հանդեպ, ավելի քիչ էի խղճում ինքս ինձ»։
17 Մենք կվերագտնենք մեր ուժերը, եթե մեկուսանալու փոխարեն՝ հաճախենք ժողովի հանդիպումներին։ Այդպես Եհովային լրացուցիչ հնարավորություն կտանք մեզ «օգնելու և մխիթարելու» (Սաղ. 86։17)։ Այդ հանդիպումների ժամանակ նա իր Խոսքի, սուրբ ոգու և ժողովրդի միջոցով զորացնում է մեզ։ Այնտեղ «փոխադարձ քաջալերության» շատ առիթներ են ստեղծվում (Հռոմ. 1։11, 12)։ Սոֆիա անունով մի քույր ասում է. «Եհովան ու մեր եղբայրները օգնեցին, որ դիմանամ իմ դժվարություններին։ Դրանում մեծ դեր ունեցան ժողովի հանդիպումները։ Նկատեցի, որ ինչքան ակտիվ եմ լինում ծառայության մեջ և ժողովում, այնքան ավելի լավ եմ կարողանում հաղթահարել սթրեսն ու անհանգստությունը»։
18. Եհովան ինչպե՞ս է օգնում մեզ, երբ ընկճված ենք։
18 Երբ ընկճված ես, հիշիր, որ Եհովան ոչ միայն խոստանում է ապագայում ընդմիշտ վերացնել մեր խնդիրները, այլև հիմա է օգնում, որ դուրս գանք սթրեսային վիճակից։ Նա մեզ տալիս է թե՛ ցանկություն, թե՛ զորություն, որ պայքարենք վհատության ու հուսահատության դեմ (Փիլիպ. 2։13)։
19. Ի՞նչ հավաստիացում է տրված Հռոմեացիներ 8։37–39 համարներում։
19 Կարդա Հռոմեացիներ 8։37–39։ Պողոս առաքյալը հավաստիացնում է, որ ոչինչ չի կարող բաժանել մեզ Աստծու սիրուց։ Իսկ մե՞նք ինչ կարող ենք անել մեր վհատված եղբայրների ու քույրերի համար, որ օգնենք նրանց հաղթահարել սթրեսը։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչպես կարող ենք, ընդօրինակելով Եհովային, կարեկցել ու աջակցել մեր հավատակիցներին, երբ սթրեսը քամում է նրանց ուժերը։
ԵՐԳ 44 Վհատված մարդու աղոթք
a Չափից մեծ կամ երկարատև սթրեսը կարող է քամել մեր ֆիզիկական և էմոցիոնալ ուժերը։ Այդ ժամանակ Եհովան ինչպե՞ս կարող է օգնել մեզ։ Եկեք քննենք, թե Աստված ինչ արեց Եղիայի համար, որ նա դուրս գա սթրեսային վիճակից։ Աստվածաշնչյան այլ կերպարների օրինակից էլ կիմանանք, թե նման դեպքերում Աստծուց օգնություն ստանալու համար ինչ է հարկավոր անել։
b Այս հոդվածում անունները փոխված են։
c ՆԿԱՐ։ Եհովայի հրեշտակը զգուշորեն արթնացնում է Եղիային և հաց ու ջուր է տալիս նրան։
d ՆԿԱՐ։ Սաղմոսերգուն ուրիշ ղևտացիների հետ ուրախ սրտով սաղմոսներ է գրում ու երգում։