Կարո՞ղ է Աստվածաշունչը մխիթարել ինձ
Աստվածաշնչի պատասխանը
Այո՛ (Հռոմեացիներ 15։4)։ Քննենք աստվածաշնչյան որոշ համարներ, որոնք մխիթարել են դժվարություններ և զգացական ծանր ապրումներ ունեցող շատ մարդկանց։
Այս հոդվածում՝
Դժվարություններ
Սաղմոս 23։4. «Եթե նույնիսկ թանձր խավարի հովտում քայլեմ, ոչ մի չար բանից ես չեմ վախենա»։
Նշանակությունը։ Եթե աղոթես Աստծուն և առաջնորդության համար նրա Խոսքին դիմես, կարող ես քաջությամբ հաղթահարել դժվարությունները։
Փիլիպպեցիներ 4։13. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ»։
Նշանակությունը։ Աստված կարող է ուժ տալ քեզ, որ դիմանաս դժվարություններին։
Հարազատի մահ
Ժողովող 9։10. «Գերեզմանում, ուր գնալու ես, ոչ աշխատանք կա, ոչ ծրագրեր, ոչ գիտելիքներ, ոչ էլ իմաստություն»։
Նշանակությունը։ Մահացած մարդիկ չեն տանջվում և չեն կարող վնասել մեզ։ Նրանք գտնվում են անգիտակից վիճակում։
Գործեր 24։15. «Հարություն պիտի լինի»։
Նշանակությունը։ Աստված կարող է նորից կյանքի բերել մեր մահացած հարազատներին։
Չափից շատ մեղավորության զգացում
Սաղմոս 86։5. «Ո՛վ Եհովա,a դու բարի ես ու ներելու պատրաստ, և մեծ է քո սիրառատ բարությունը բոլոր նրանց հանդեպ, ովքեր կանչում են քեզ»։
Նշանակությունը։ Աստված ներում է նրանց, ովքեր անկեղծորեն զղջում են իրենց կատարած սխալների համար և վճռել են այլևս չկրկնել դրանք։
Սաղմոս 103։12. «Որքան արևելքը հեռու է արևմուտքից, այնքան նա հեռացրել է մեզանից մեր հանցանքները»։
Նշանակությունը։ Երբ Աստված ներում է, նա այնքան է հեռացնում մեր մեղքերը, որ չենք էլ կարող պատկերացնել։ Նա անընդհատ չի հիշեցնում մեզ դրանք, որպեսզի մեղադրի կամ պատժի։
Տխրություն
Սաղմոս 31։7. «Դու տեսար իմ տառապանքը, իմացար հոգուս վիշտը»։
Նշանակությունը։ Աստված լավատեղյակ է, թե ինչերի միջով ես անցնում։ Նա հասկանում է քո խոր զգացումները անգամ այն ժամանակ, երբ ուրիշները չեն հասկանում դրանք։
Սաղմոս 34։18. «Եհովան մոտ է սրտով կոտրվածներին, և ոգով փշրվածներին փրկում է նա»։
Նշանակությունը։ Աստված խոստանում է աջակցել քեզ տխրության պահերին։ Նա կարող է քեզ զորացնել, որ դիմանաս քո ցավերին։
Հիվանդություն
Սաղմոս 41։3. «Եհովան կօգնի նրան հիվանդության մահճում»։
Նշանակությունը։ Աստված կարող է օգնել քեզ, որ հաղթահարես առողջական լուրջ խնդիրներդ։ Նա քեզ կտա ներքին խաղաղություն, ուժ, դիմացկունություն և իմաստություն՝ ճիշտ որոշումներ կայացնելու համար։
Եսայիա 33։24. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»»։
Նշանակությունը։ Աստված խոստանում է, որ ապագայում բոլոր մարդիկ լավ առողջություն կունենան։
Սթրես և անհանգստության զգացում
Սաղմոս 94։19. «Երբ ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում, քո մխիթարությունները սկսեցին փաղաքշել հոգիս»։
Նշանակությունը։ Եթե սթրեսային իրավիճակներում մոտ լինենք Աստծուն, նա կօգնի անդորր գտնել։
1 Պետրոս 5։7. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին»։
Նշանակությունը։ Աստված անտարբեր չէ մեր կրած տառապանքների հանդեպ։ Նա հորդորում է աղոթել մեզ անհանգստացնող բոլոր բաների մասին։
Պատերազմ
Սաղմոս 46։9. «Նա դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը»։
Նշանակությունը։ Աստծու Թագավորությունը շուտով վերջ կդնի բոլոր պատերազմներին։
Սաղմոս 37։11, 29. «Հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ.... Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա»։
Նշանակությունը։ Լավ մարդիկ խաղաղություն կվայելեն երկրի վրա հավիտյան։
Անհանգստություն ապագայի հանդեպ
Երեմիա 29։11. «Ես գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,— ասում է Եհովան։— Խաղաղություն եմ մտադրել և ոչ աղետ, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ»։
Նշանակությունը։ Աստված հավաստիացնում է, որ իր ժողովուրդը հիասքանչ ապագա է ունենալու։
Հայտնություն 21։4. «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան»։
Նշանակությունը։ Աստված խոստանում է, որ վերջ է դնելու այն բոլոր վատ բաներին, որոնց ականատեսն ենք այսօր։
a Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։