ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ | ԾՆՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սովորեցրեք երեխաներին լինել երախտագետ
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երախտագետ մարդիկ ավելի երջանիկ են ու առողջ։ Նրանք ավելի լավ են հաղթահարում խնդիրները և ամուր փոխհարաբերություններ են զարգացնում մարդկանց հետ։ Պրոֆեսոր Ռոբերտ Էմոնսը նշում է, որ շնորհակալ լինելը «մարդուն պաշտպանում է նախանձի, վիրավորվածության, ագահության և դառնության կործանարար հետևանքներից»։a
Իսկ երախտագետ լինելն ինչո՞վ է օգտակար երեխաների համար։ Չորս տարի տևած մի ուսումնասիրություն, որին մասնակցել են 700 երեխաներ, ցույց է տվել, որ երախտագետ երեխաները ավելի քիչ են քննությունների ժամանակ խաբում, չարաշահում ալկոհոլն ու թմրանյութեր օգտագործում կամ սխալ վարքագիծ դրսևորում։
Մեծամտությունը սպանում է երախտագիտությունը։ Շատ երեխաներ կարծում են, որ մյուսները պարտավոր են իրենց համար լավ բաներ անել։ Երբ բարությունը դիտվում է որպես պարտավորություն, այլ ոչ թե նվեր, դրանից տուժում է երախտագիտությունը։
Այդ վերաբերմունքն այսօր լայն տարածում ունի։ Կատերինա անունով մի մայր ասում է. «Մեր աշխարհը մեծամտության զգացում ձուլելու դարբնոց է։ Լրատվամիջոցները մեզ ռմբակոծում են այն ամենով, ինչին մենք «արժանի ենք», և դրդում, որ առաջինը մենք ձեռք բերենք դրանք»։
Երախտագիտություն կարող ես սերմանել վաղ տարիքից։ Քեյ անունով մի մայր նշում է. «Երեխաները դյուրաբեկ են։ Վաղ հասակից նրանց մեջ լավ սովորություններ սերմանելը նման է հողի մեջ հենացից խրելուն, որն օգնում է բույսին ուղիղ աճել»։
Ինչպես երախտագիտություն սովորեցնել
Սովորեցրեք բառեր։ Նույնիսկ փոքր երեխաները կարող են սովորել շնորհակալություն հայտնել, երբ ինչ-որ մեկը նվեր է տալիս նրանց կամ բարություն է դրսևորում նրանց հանդեպ։ Երբ նրանք մեծանան ու հասուն մարդիկ դառնան, ավելի շատ կգնահատեն ուրիշների առատաձեռնությունը։
Աստվածաշնչյան սկզբունք. «Երախտագետ եղեք» (Կողոսացիներ 3:15)։
«Մեր երեք տարեկան թոռնիկը միշտ «շնորհակալություն» և ամեն խնդրանքից հետո «խնդրում եմ» բառերն է ասում» (Ջեֆրի)։
Սովորեցրեք գործեր։ Ձեր երեխաներին կարող եք սովորեցնել շնորհակալական երկտող գրել, երբ հաջորդ անգամ ինչ-որ մեկը նվեր տա նրանց։ Բացի այդ՝ ձեր երեխային տնային գործեր հանձնարարելով՝ դուք կօգնեք նրանց գնահատել այդ հարցում ներդրած ձեր ջանքերը։
Աստվածաշնչյան սկզբունք. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35)։
«Մեր երկու երեխաները շատ են օգնում մեր ընտանիքին՝ ճաշացանկ կազմելով, կերակուր պատրաստելով կամ տնային գործեր անելով։ Դա օգնում է նրանց գնահատել այն ջանքերը, որոնք մենք գործադրում ենք որպես ծնող։ Քիչ հավանական է, որ նրանք դա սովորական բան կհամարեն» (Բեվերլի)։
Սովորեցրեք մտավիճակ։ Երախտագիտությունը նման է մի բույսի, որը աճում է խոնարհության հողում։ Խոնարհ մարդիկ գիտակցում են, որ ցանկացած գործում հաջողության հասնելու համար օգնության կարիք ունեն։ Իսկ դա իր հերթին նրանց մղում է գնահատել ուրիշների աջակցությունը։
Աստվածաշնչյան սկզբունք. «Խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք, ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։3, 4)։
«Երբեմն ընթրիքի ժամանակ «շնորհակալական խաղ» ենք խաղում։ Հերթով նշում ենք մի բան, ինչի համար շնորհակալ ենք։ Այս խաղի շնորհիվ ունենում ենք, ոչ թե բացասական ու եսասեր, այլ շնորհակալական և դրական մտավիճակ» (Թամարա)։
Առաջարկ: Օրինակ եղիր։ Երեխաները ավելի հեշտությամբ կսովորեն երախտագետ լինել, եթե լսեն, թե դու ինչպես ես հաճախ շնորհակալություն հայտնում ուրիշներին կամ հենց նրանց։
a «Thanks! How Practicing Gratitude Can Make You Happier» գրքից։