Ի՞նչ է «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությունը»
Փենսիլվանիայի «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությունը» շահույթ չհետապնդող ընկերություն է, որը հիմնադրվել է 1884-ին Փենսիլվանիա նահանգի (ԱՄՆ) օրենսդրության համաձայն։ Եհովայի վկաները այն օգտագործում են ի նպաստ իրենց համաշխարհային գործին, որի մեջ մտնում է Աստվածաշնչի և աստվածաշնչյան գրականության հրատարակումը։
Իր կանոնադրության համաձայն՝ ընկերության նպատակները «կրոնական են, կրթական և բարեգործական», իսկ հիմնական նպատակը «Հիսուս Քրիստոսի իշխանությամբ Աստծու Թագավորության ավետարանի քարոզչությունն ու ուսուցանումն է»։ Ընկերության անդամակցությունը իրականացվում է միմիայն հրավերով և հիմնված չէ այն բանի վրա, թե որքան նվիրաբերություն է արել տվյալ անհատը։ Ընկերության անդամներն ու տնօրենները աջակցում են Եհովայի վկաների Կառավարիչ մարմնին։
Ընկերության առանձին իրավաբանական անձինք
Բացի Փենսիլվանիայի «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերությունից»՝ Եհովայի վկաները տարբեր երկրներում ունեն տասնյակ իրավաբանական անձինք։ Դրանցից որոշների անվանումներում օգտագործված է «Watchtower», կամ՝ թարգմանաբար «Դիտարան» բառը։
Այս տարբեր իրավաբանական անձերը իրենց կազմավորումից ի վեր հնարավորություն են տվել մեզ շատ բան իրագործել։ Օրինակ՝
Գրել ու հրատարակել։ Մենք տպագրել ենք մոտ 220 միլիոն Աստվածաշնչի և մոտ 40 միլիարդ աստվածաշնչյան հրատարակությունների օրինակներ 900-ից ավելի լեզուներով։ Jw.org կայքի միջոցով մարդիկ հնարավորություն ունեն օնլայն անվճար կարդալ Աստվածաշունչը ավելի քան 160 լեզուներով, ինչպես նաև ստանալ իրենց աստվածաշնչյան հարցերի պատասխանները, օրինակ՝ «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը»։
Կրթել։ Մենք ունենք աստվածաշնչյան կրթություն տրամադրող տարբեր դպրոցներ։ Օրինակ՝ 1943 թվականից ավելի քան 9000 Եհովայի վկաներ օգուտներ են ստացել այն ինտենսիվ դասընթացից, որը տրվում է «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում։ Այն նրանց պատրաստում է միսիոներական ծառայության կամ ամրապնդելու և կայունացնելու մեր համաշխարհային գործունեությունը։ Ամեն շաբաթ միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ ոչ Վկաներ, ժողովի յուրաքանչյուր հանդիպման ժամանակ կրթվում ու առաջնորդություն են ստանում։ Մենք նաև անցկացնում ենք գրաճանաչության դասեր և նույնիսկ հրատարակել ենք դասագրքեր 120 լեզուներով, որոնց օգնությամբ մարդիկ գրել-կարդալ են սովորում։
Բարեգործություն։ Մենք նյութական օժանդակություն ենք ցույց տալիս նրանց, ովքեր տուժել են մարդկային և բնական աղետներից, օրինակ՝ 1994-ի Ռուանդայում իրականացված ցեղասպանությունից կամ 2010-ի Հայիթիի երկրաշարժից։
Թեև շատ բան իրականացվել է մեր ընկերությունների և իրավաբանական անձանց կողմից, սակայն մեր գործունեությունը պայմանավորված չէ դրանցով։ Յուրաքանչյուր քրիստոնյա անձնական պատասխանատվություն է զգում կատարել Աստծու պատվերը՝ քարոզել ու սովորեցնել բարի լուրի մասին (Մատթեոս 24:14; 28:19, 20)։ Մենք համոզված ենք, որ Աստված թիկունք է կանգնում մեր գործին, և նա կշարունակի լինել այս ամենի «աճեցնողը» (1 Կորնթացիներ 3:6, 7)։