Եհովայի վկաները կանոններ ունե՞ն ժամադրության վերաբերյալ
Եհովայի վկաները հավատում են, որ աստվածաշնչյան սկզբունքներն ու պատվերները կարող են օգնել այնպիսի որոշումներ կայացնել, որ կհաճեցնեն Աստծուն և օգուտներ կբերեն իրենց (Եսայիա 48:17, 18)։ Այն սկզբունքները, որով առաջնորդվում ենք, մենք չենք ստեղծել։ Տեսնենք մի քանի սկզբունքներ, որոնք կապ ունեն ժամադրության հետ։a
Ամուսնությունը հարատև միություն է (Մատթեոս 19:6)։ Եհովայի վկաների համար ժամադրությունը ամուսնությանը տանող քայլ է, ուստի լուրջ են վերաբերվում դրան։
Կարևոր է, որ մարդը ամուսնանալու համար բավական հասուն լինի, այսինքն՝ անցած լինի «երիտասարդության ծաղկուն շրջանը» կամ սեռական բուռն ցանկությունների շրջանը (1 Կորնթացիներ 7:36)։
Նրանք, ովքեր ժամադրվում են, պետք է ազատ լինեն ամուսնանալու համար։ Օրինականապես բաժանված լինելը դեռ չի նշանակում, որ մարդը ազատ է նորից ամուսնանալու, քանի որ Աստծու չափանիշների համաձայն՝ ամուսնալուծության միակ հիմնավոր պատճառը պոռնկությունն է (Մատթեոս 19:9)։
Ամուսնանալ ցանկացող քրիստոնյաներին պատվեր է տրվում ընտրություն կատարել միայն հավատակիցների միջից (1 Կորնթացիներ 7:39)։ Եհովայի վկաները հավատակից են համարում ոչ թե նրան, ով պարզապես հարգում է իրենց հավատը, այլ նրան, ով, որպես մկրտված Վկա, ընդունում ու կիրառում է Աստվածաշնչյան սկզբունքները (2 Կորնթացիներ 6:14)։ Աստված իր երկրպագուներին միշտ պատվիրել է ամուսնանալ միայն իրենց հավատն ունեցող մարդկանց հետ (Ծննդոց 24:3; Մաղաքիա 2:11)։ Այս պատվերը այսօր էլ է կիրառելի։ Դրան թիկունք են կանգնում ժամանակակից ուսումնասիրությունները։b
Երեխաները պետք է հնազանդվեն ծնողներին (Առակներ 1:8; Կողոսացիներ 3:20)։ Ծնողների հետ ապրող երեխաների համար հնազանդվել նշանակում է նաև ընդունել ծնողի դիրքորոշումը ժամադրության հետ կապված։ Գուցե ծնողները որոշեն, թե իրենց տղան կամ աղջիկը որ տարիքից կարող է ժամադրվել, և մտերմության շրջանը ինչպես անցկացնել։
Առաջնորդվելով աստվածաշնչյան սկզբունքներով՝ Վկաներն իրենք են որոշում ժամադրվել, թե ոչ, և ում հետ ժամադրվել։ Աստվածաշունչն ասում է. «Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու» (Գաղատացիներ 6:5)։ Այդուհանդերձ, շատերը, իմաստություն դրսևորելով, խորհուրդ են հարցնում հոգևորապես հասուն Վկաներից (Առակներ 1:5)։
Շատ բաներ, որոնք սովորական են համարվում ժամադրության ժամանակ, իրականում լուրջ մեղքեր են։ Աստվածաշունչը պատվիրում է հեռու մնալ սեռական անբարոյությունից։ Այն իր մեջ ներառում է ոչ միայն սեռական հարաբերություն, այլ նաև այնպիսի անմաքուր արարքներ չամուսնացած անհատների միջև, ինչպիսիք են ուրիշի սեռական օրգանները գրգռելը կամ օրալային և անալային սեքսը (1 Կորնթացիներ 6:9–11)։ Եթե չամուսնացած անհատները կրքեր բորբոքող արարքներ են գործում, ինչը նրանց կանգնեցնում է սեռական անբարոյություն գործելու եզրին, Աստծու աչքին անմաքրություն են գործում և տհաճեցնում են նրան (Գաղատացիներ 5:19–21)։ Աստվածաշունչը դատապարտում է նաև անբարո զրույցներ վարելը և «անպարկեշտ խոսքեր» գործածելը (Կողոսացիներ 3:8)։
Սիրտը, կամ՝ ներսի մարդը, նենգ է (Երեմիա 17:9)։ Այն կարող է դրդել անել բաներ, որոնք գիտենք, որ սխալ են։ Որպեսզի ժամադրվող զույգը կանխի սրտի սխալ ցանկությունները, պետք է խուսափի գայթակղիչ իրավիճակներում մենակ գտնվելուց։ Խոհեմ կլինի, որ նրանք իրենց ժամանակը անցկացնեն ընկերների հետ կամ որևէ մեկը ուղեկցի իրենց (Առակներ 28:26)։ Ամուրի քրիստոնյաները, որոնք կողակից են փնտրում, հասկանում են, որ վտանգավոր է ինտերնետով ընկերություն հաստատել մեկի հետ, ում մասին շատ քիչ բան գիտեն (Սաղմոս 26:4)։
a Ժամադրությունը կարող է մի մշակույթում ընդունված լինել, մեկ ուրիշում՝ ոչ։ Աստվածաշունչը չի ասում, որ ժամադրվելը ամուսնանալու համար պարտադիր պայման է։
b Օրինակ՝ «Marriage & Family Review» ամսագրում ասվում է. «Երեք վստահարժան ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նույն կրոնը դավանելը, նույն կրոնական համոզմունքներ և հավատ ունենալը կարևոր գործոններ են հարատև ամուսնություն ունենալու համար (25–50 և ավելի տարի)» (հատոր 38, համար 1, էջ 88 (2005))։