Ովքե՞ր էին նեֆիլիմները
Աստվածաշնչի պատասխանը
Նեֆիլիմները հսկաներ էին, գերմարդկային դաժան սերունդ, որոնք առաջ եկան այն ժամանակ, երբ Նոյի օրերում չար հրեշտակները հարաբերություն ունեցան կանանց հետ։a
Աստվածաշնչում ասվում է, որ «ճշմարիտ Աստծու որդիները սկսեցին ուշադրություն դարձնել մարդկանց աղջիկներին ու տեսան, որ նրանք գեղեցիկ են» (Ծննդոց 6։2)։ «Աստծու որդիները» իրականում ոգեղեն արարածներ էին, որոնք ապստամբեցին Աստծու դեմ, երբ «թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը» երկնքում և մարդկային մարմին հագան ու «սկսեցին իրենց համար կին առնել բոլոր նրանց, ում ընտրում էին» (Հուդա 6; Ծննդոց 6։2)։
Այս ոչ բնական միություններից ծնված հիբրիդները սովորական երեխաներ չէին (Ծննդոց 6։4)։ Նեֆիլիմները կատաղի հսկաներ էին, դաժան անձնավորություններ, որոնք երկիրը բռնությամբ լցրին (Ծննդոց 6։13)։ Աստվածաշունչը նրանց նկարագրում է որպես «զորավոր և անվանի մարդիկ, որ ապրում էին վաղեմի ժամանակներում» (Ծննդոց 6։4)։ Նրանք վախ ներշնչող դաժան անձնավորությունների համբավ էին թողել (Ծննդոց 6։5; Թվեր 13։33)։b
Սխալ կարծիքներ նեֆիլիմների վերաբերյալ
Սխալ կարծիք։ Նեֆիլիմները այսօր դեռևս ապրում են երկրի վրա։
Փաստ։ Եհովան համաշխարհային ջրհեղեղ բերեց, որպեսզի կործանի հին ժամանակների դաժան աշխարհը։ Նեֆիլիմները մյուս բոլոր չար մարդկանց հետ վերացան երկրի երեսից։ Ի տարբերություն նրանց՝ Նոյը և նրա ընտանիքը արժանացան Եհովայի հաճությանը և միակ մարդիկ էին, ովքեր ողջ մնացին այդ ժամանակ (Ծննդոց 6։9; 7։12, 13, 23; 2 Պետրոս 2։5)։
Սխալ կարծիք։ Նեֆիլիմների հայրերը մարդիկ էին։
Փաստ։ Նրանց հայրերը կոչվում են «ճշմարիտ Աստծու որդիներ» (Ծննդոց 6։2)։ Աստվածաշունչը այս նույն արտահայտությամբ է նկարագրում հրեշտակներին (Հոբ 1։6; 2։1; 38։7)։ Հրեշտակները ի զորու էին մարդկային մարմին հագնելու (Ծննդոց 19։1–5; Հեսու 5։13–15)։ Բացի այդ, Պետրոս առաքյալը խոսեց «բանտում գտնվող ոգիների [մասին], ովքեր մի ժամանակ անհնազանդ էին, երբ Աստված համբերությամբ սպասում էր Նոյի օրերում» (1 Պետրոս 3։19, 20)։ Նույն ժամանակների մասին խոսելով՝ աստվածաշնչյան գրող Հուդան բացատրեց, որ որոշ հրեշտակներ «չմնացին իրենց սկզբնական դիրքում, այլ թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը» (Հուդա 6)։
Սխալ կարծիք։ Նեֆիլիմները մեղավոր հրեշտակներն էին։
Փաստ։ Ծննդոց 6:4-ի համատեքստը ցույց է տալիս, որ նեֆիլիմները ոչ թե հրեշտակներ էին, այլ հիբրիդ սերունդ, որն առաջ էր եկել մարդկային մարմին հագած հրեշտակների և կանանց միջև եղած սեռական հարաբերությունների արդյունքում։ Այն բանից հետո, երբ հրեշտակները «սկսեցին իրենց համար կին առնել բոլոր նրանց, ում ընտրում էին», Եհովան ասաց, որ 120 տարուց քայլեր կձեռնարկի այդ ժամանակվա անաստված աշխարհի դեմ (Ծննդոց 6։1–3)։ Աստվածաշնչյան արձանագրության մեջ նաև ասվում է, որ «այդ օրերում» մարդկային մարմին հագած հրեշտակները «հարաբերություն էին ունենում մարդկանց աղջիկների հետ», և նրանք առաջ բերեցին «զորավոր.... մարդկանց»՝ նեֆիլիմներին (Ծննդոց 6։4)։
a «Նեֆիլիմներ» տառադարձված եբրայերեն բառը հավանաբար նշանակում է «տապալողներ»։ Մի աշխատության մեջ ասվում է, որ այդ բառը վերաբերում է «ուրիշների վրա բռնություն գործադրելով հարձակվելուն, կողոպտելուն [թալանելուն] և նրանց տապալելուն» (Wilson’s Old Testament Word Studies)։
b Իսրայելացի լրտեսները, որոնց խոսքերը մեջբերված են Թվեր 13։33-ում, ակներևաբար տեսան այնպիսի մարդկանց, որոնց չափերը նրանց հիշեցրին դարեր առաջ մահացած նեֆիլիմների մասին պատմությունները (Ծննդոց 7։21–23)։