Ծննդոց
6 Երբ մարդիկ շատացան երկրի վրա և աղջիկներ ունեցան, 2 ճշմարիտ Աստծու որդիները*+ սկսեցին նկատել, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ են, և սկսեցին կնության առնել բոլոր նրանց, ում ընտրում էին: 3 Եհովան ասաց. «Ես* անվերջ չեմ հանդուրժի մարդուն,+ քանի որ նա մեղսագործ է:* Նրան կմնա 120 տարի»:*+
4 Այդ օրերում և դրանից հետո երկրի վրա հսկաներ* կային, քանի որ ճշմարիտ Աստծու որդիները հարաբերություն էին ունենում մարդկանց աղջիկների հետ, և նրանք որդիներ էին ծնում նրանց համար: Այդ հսկա որդիները վաղեմի ժամանակների զորավոր և անվանի մարդիկ էին:
5 Եհովան տեսավ, որ մեծ է մարդկանց չարությունը, և որ նրանց մտքերն ու սրտի ցանկությունները միշտ հակված են միայն դեպի չարը:+ 6 Ուստի Եհովան ափսոսաց,* որ երկրի վրա ստեղծել է մարդուն, և նրա սիրտը տխրությամբ լցվեց:*+ 7 Եհովան ասաց. «Ես երկրի երեսից բնաջինջ եմ անելու իմ ստեղծած մարդկանց, որովհետև ափսոսում եմ, որ ստեղծել եմ նրանց: Բնաջնջելու եմ թե՛ մարդկանց և թե՛ ընտանի կենդանիներին, երկնքի թևավոր արարածներին ու երկրի մյուս բոլոր կենդանիներին»: 8 Բայց Նոյը արժանացել էր Եհովայի հավանությանը:*
9 Սա է Նոյի պատմությունը:
Նոյը արդար մարդ էր:+ Նա անարատ* էր իր ժամանակակիցների* մեջ: Նա ճշմարիտ Աստծու հետ էր քայլում:*+ 10 Նոյը երեք որդի ունեցավ՝ Սեմին, Քամին ու Հաբեթին:+ 11 Ճշմարիտ Աստծու աչքում երկիրն ապականվել էր ու բռնությամբ լցվել: 12 Այո՛, երկրին նայելով՝ Աստված տեսնում էր, որ այն ապականված է,+ որ երկրի վրա բոլոր մարդիկ ապականված կյանքով են ապրում:*+
13 Այդ ժամանակ Աստված ասաց Նոյին. «Ես որոշել եմ բնաջնջել բոլոր մարդկանց, որովհետև նրանց պատճառով երկիրը բռնությամբ է լցվել. ես նրանց կործանելու եմ երկրի հետ միասին:+ 14 Քեզ համար մի տապան*+ կառուցիր խիժաբեր ծառի փայտից: Տապանում բաժանմունքներ շինիր և այն դրսից ու ներսից կուպրով*+ պատիր: 15 Տապանը պետք է այսպիսին լինի. երկարությունը՝ 300 կանգուն, լայնությունը՝ 50 կանգուն, և բարձրությունը՝ 30 կանգուն:* 16 Տապանի լուսավորության համար պատուհան* շինիր՝ վերևից մեկ կանգուն հաշված: Տապանը թող առաջին, երկրորդ ու երրորդ հարկ ունենա, և մուտքը թող կողքից լինի:+
17 Ես երկրի վրա ջրհեղեղ+ եմ բերելու, որ կործանեմ երկնքի տակ բնակվող ամեն արարածի,* որի մեջ կյանքի շունչ* կա: Երկրի վրա ամեն շնչավոր էակ կոչնչանա:+ 18 Ես ուխտ* եմ հաստատում քեզ հետ: Դու պետք է տապան մտնես, քեզ հետ՝ նաև որդիներդ, կինդ և որդիներիդ կանայք:+ 19 Ամեն տեսակ կենդանի արարածներից+ մեկական զույգ՝ արու և էգ,+ տապան մտցրու, որպեսզի քեզ հետ միասին ողջ մնան. 20 թևավոր արարածներից՝ ըստ իրենց տեսակների, ընտանի կենդանիներից՝ ըստ իրենց տեսակների, և ցամաքային մյուս բոլոր կենդանիներից՝ ըստ իրենց տեսակների: Յուրաքանչյուրից մեկական զույգ այնտեղ կմտնի քեզ հետ, որ ողջ մնա:+ 21 Բացի այդ՝ հավաքիր ու քեզ հետ վերցրու ամեն տեսակ ուտելիք,+ որ դուք և կենդանիները սնունդ ունենաք»:
22 Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն: Նա հենց այդպես արեց:+