Տասը պատվիրաններ. ի՞նչ են դրանք
Աստվածաշնչի պատասխանը
Տասը պատվիրանները օրենքներ են, որոնք Աստված տվել էր հին Իսրայել ազգին։ Այդ օրենքները նաև հայտնի են որպես Տասը խոսքեր, որոնք եբրայերեն ասերեթ հադդըվարիմ արտահայտության բառացի թարգմանությունն են։ Այս արտահայտությունը երեք անգամ հանդիպում է Հնգամատյանում (Թորա)՝ Աստվածաշնչի առաջին հինգ գրքերում (Ելք 34։28; 2 Օրենք 4։13; 10։4)։ Հունարենում դրա համարժեք դեկա (տասը) լոգուս (խոսքեր) արտահայտությունից ծագել է «Դեկալոգ», կամ՝ «Տասնաբանյա» տերմինը։
Աստված Տասը պատվիրանները գրել էր երկու քարե տախտակների վրա և Սինա լեռան վրա տվել իր մարգարե Մովսեսին (Ելք 24։12–18)։ Դրանք թվարկված են Ելք 20:1–17-ում և 2 Օրենք 5։6–21-ում։
Տասը պատվիրանները
Երկրպագիր միայն Եհովա Աստծուն (Ելք 20։3)։
Կռապաշտությամբ մի՛ զբաղվիր (Ելք 20։4–6)։
Աստծու անունը անպատշաճ ձևով մի՛ օգտագործիր (Ելք 20։7)։
Պահիր Շաբաթը (Ելք 20։8–11)։
Պատվիր ծնողներիդ (Ելք 20։12)։
Մի՛ սպանիր (Ելք 20։13)։
Շնություն մի՛ գործիր (Ելք 20։14)։
Մի՛ գողացիր (Ելք 20։15)։
Սուտ վկայություն մի՛ տուր (Ելք 20։16)։
Մի՛ ցանկացիր (Ելք 20։17)։
Ինչո՞ւ են Տասը պատվիրանների դասակարգումները տարբեր
Աստվածաշունչը յուրաքանչյուր պատվիրան թվով չի նշում։ Հետևաբար տեսակետներն այն մասին, թե ինչպես պետք է դասակարգվեն պատվիրանները, տարբեր են։ Սովորաբար այդ օրենքները դասակարգվում են այնպես, ինչպես նշված է վերևում։ Սակայն Տասը պատվիրանների որոշ դասակարգումներ տարբերվում են իրարից։ Դասակարգման տարբերությունը առաջին, երկրորդ և վերջին պատվիրանների մեջ է։a
Ո՞րն էր Տասը պատվիրանների նպատակը
Տասը պատվիրանները Մովսիսական օրենքի մաս էին կազմում, որը բաղկացած էր ավելի քան 600 պատվիրաններից։ Այդ Օրենքում ձևակերպված էին Աստծու և հին Իսրայել ազգի միջև համաձայնագրի, կամ՝ ուխտի պայմանները (Ելք 34։27)։ Աստված Իսրայել ժողովրդին խոստացել էր, որ եթե նրանք հնազանդվեին Մովսիսական օրենքին, կբարգավաճեին (2 Օրենք 28։1–14)։ Սակայն Օրենքի գլխավոր նպատակն էր իսրայելացիներին նախապատրաստել խոստացված Մեսիայի, կամ՝ Քրիստոսի գալստին (Գաղատացիներ 3։24)։
Քրիստոնյաները պե՞տք է պահեն Տասը պատվիրանները
Ո՛չ։ Աստված իր Օրենքը, ներառյալ՝ Տասը պատվիրանները տվել էր մասնավորապես հին Իսրայել ազգին (2 Օրենք 5։2, 3; Սաղմոս 147։19, 20)։ Քրիստոնյաներից չի պահանջվում պահել Մովսիսական օրենքը, և նույնիսկ հրեա քրիստոնյաները «ազատված էին Օրենքից» (Հռոմեացիներ 7։6)։b Մովսիսական օրենքին փոխարինեց «Քրիստոսի օրենքը», որը ներառում է այն ամենը, ինչ Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին (Գաղատացիներ 6։2; Մատթեոս 28։19, 20)։
Տասը պատվիրանները արդիակա՞ն են այսօր
Այո՛։ Քանի որ Տասը պատվիրանները բացահայտում են Աստծու մտածելակերպը, մենք կարող ենք օգուտներ քաղել՝ ուսումնասիրելով դրանք (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Տասը պատվիրանները հիմնված են հուսալի սկզբունքների վրա, որոնք երբեք չեն հնանում (Սաղմոս 111։7, 8)։ Իրականում, այդ սկզբունքներից շատերը հիմք են դարձել այն ուսմունքների համար, որոնք գրի են առնվել Աստվածաշնչի՝ սովորաբար Նոր Կտակարան կոչվող հատվածում (տես «Տասը պատվիրաններից վերցված սկզբունքներ, որոնք արտացոլված են Նոր Կտակարանում»)։
Հիսուսը սովորեցրեց, որ Մովսիսական օրենքն ամբողջությամբ, ներառյալ՝ Տասը պատվիրանները հիմնված են երկու հիմնական պատվիրանների վրա։ Նա ասաց. ««Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով»։ Սա է ամենամեծ և առաջին պատվիրանը։ Երկրորդն էլ սրա նման է. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»։ Այս երկու պատվիրանների վրա է հիմնված ամբողջ Օրենքը» (Մատթեոս 22։34–40)։ Ուստի թեպետ քրիստոնյաներից չի պահանջվում պահել Մովսիսական օրենքը, սակայն նրանց պատվեր է տրված սիրել Աստծուն և իրենց մերձավորներին (Հովհաննես 13։34; 1 Հովհաննես 4։20, 21)։
Տասը պատվիրաններից վերցված սկզբունքներ, որոնք արտացոլված են Նոր Կտակարանում
Սկզբունք |
Որտեղ է գրված Նոր Կտակարանում |
---|---|
Երկրպագիր միմիայն Եհովա Աստծուն |
|
Կռապաշտությամբ մի՛ զբաղվիր |
|
Պատվիր Աստծու անունը |
|
Երկրպագիր Աստծուն կանոնավորաբար |
|
Պատվիր ծնողներիդ |
|
Մի՛ սպանիր |
|
Շնություն մի՛ գործիր |
|
Մի՛ գողացիր |
|
Սուտ վկայություն մի՛ տուր |
|
Մի՛ ցանկացիր |
a Ըստ հրեական ավանդական դասակարգման՝ «Ելք xx. 2-ը առաջին «խոսքն» է, իսկ 3–6 համարները մեկ «խոսք» են համարվում, այսինքն՝ երկրորդն են» (Հրեական հանրագիտարան)։ Մյուս կողմից՝ կաթոլիկները Ելք 20-րդ գլխի 1–6 համարները դիտում են որպես մեկ պատվիրան։ Այսպիսով՝ Աստծու անունը անպատշաճ կերպով գործածելու վերաբերյալ արգելքը դառնում է երկրորդ պատվիրանը։ Պատվիրանների թիվը պահպանելու համար նրանք մերձավորի կնոջը և նրա ունեցվածքը ցանկանալու մասին վերջին պատվիրանը բաժանում են երկու առանձին օրենքների։
b Հռոմեացիներ 7:7-ում տասներորդ պատվիրանը հիշատակվում է որպես Օրենքի օրինակ, ինչը փաստում է, որ Մովսիսական օրենքը ընդգրկում էր Տասը պատվիրանները։