Կենդանիները գնո՞ւմ են երկինք
Աստվածաշնչի պատասխանը
Աստվածաշունչը սովորեցնում է, որ երկրի վրա եղած բոլոր կենդանի արարածներից միայն մարդիկ են երկինք գնալու, այն էլ սահմանափակ թվով մարդիկ (Հայտնություն 14:1, 3)։ Նրանք գնալու են այնտեղ, որպեսզի Հիսուսի հետ թագավորեն և քահանայություն անեն (Ղուկաս 22։28–30; Հայտնություն 5։9, 10)։ Մարդկանց մեծամասնությունը հարություն է առնելու երկրային դրախտի վրա ապրելու համար (Սաղմոս 37:11, 29)։
Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ տնային կենդանիների կամ շների համար երկինք գոյություն ունի, և դա տրամաբանական է։ Կենդանիները չեն կարող կատարել անհրաժեշտ քայլերը, որպեսզի լինեն «երկնային կոչման մասնակիցներ» (Եբրայեցիներ 3։1)։ Այդ քայլերից են գիտելիքներ ստանալը, հավատ դրսևորելը և Աստծու պատվիրաններին հնազանդվելը (Մատթեոս 19:17; Հովհաննես 3:16; 17:3)։ Միայն մարդիկ են ստեղծվել հավիտյան ապրելու հեռանկարով (Ծննդոց 2:16, 17; 3:22, 23)։
Երկինք գնալու համար երկրային արարածները պետք է հարություն առնեն (1 Կորնթացիներ 15։42)։ Աստվածաշնչում հիշատակվում են հարության մի քանի դեպքեր (1 Թագավորներ 17։17–24; 2 Թագավորներ 4։32–37; 13։20, 21; Ղուկաս 7։11–15; 8։41, 42, 49–56; Հովհաննես 11։38–44; Գործեր 9։36–42; 20։7–12)։ Եվ այդ բոլոր դեպքերում հարություն առածները մարդիկ են եղել, ոչ թե կենդանիներ։
Կենդանիները հոգի ունե՞ն
Ո՛չ։ Աստվածաշունչն ասում է, որ թե՛ կենդանիները և թե՛ մարդիկ հոգի են (Թվեր 31:28)։ Երբ ստեղծվեց առաջին մարդ Ադամը, նրան ոչ թե տրվեց հոգի, այլ նա «կենդանի հոգի դարձավ» (Ծննդոց 2։7)։ Հոգին բաղկացած է երկու բանից՝ «հողի փոշուց» և «կյանքի շնչից»։
Հոգին կարո՞ղ է մահանալ
Այո՛, Աստվածաշունչը սովորեցնում է, որ հոգին կարող է մահանալ (Ղևտական 21։11; Եզեկիել 18։20)։ Երբ կենդանիները և մարդիկ մահանում են, նրանք դեպի հողն են վերադառնում (Ժողովող 3։19, 20)։ Այլ խոսքերով՝ դադարում են գոյություն ունենալուց։a
Կենդանիները մեղք գործո՞ւմ են
Ո՛չ։ Մեղք գործել նշանակում է մտածել, զգալ կամ անել այնպիսի մի բան, որը հակառակ է Աստծու սահմանած չափանիշներին։ Կենդանի էակը կարող է մեղք գործել միայն այն դեպքում, երբ ունակ է որոշումներ կայացնելու բարոյական հարցերի վերաբերյալ, իսկ կենդանիները այդ ունակությունը չունեն։ Սովորաբար կենդանիները իրենց սահմանափակ կյանքի ընթացքում բնազդով են առաջնորդվում (2 Պետրոս 2:12)։ Իսկ կյանքի վերջում նրանք սատկում են, թեև ոչ մի մեղք չեն գործել։
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ընդունելի՞ է
Ո՛չ։ Աստված մարդկանց իշխանություն էր տվել կենդանիների վրա, բայց իրավունք չէր տվել վատ վերաբերվելու նրանց (Ծննդոց 1:28; Սաղմոս 8:6–8)։ Աստված հոգ է տանում յուրաքանչյուր կենդանու մասին, այդ թվում՝ փոքր թռչունների (Հովհաննես 4:11; Մատթեոս 10:29)։ Նա իր ծառաներին պատվիրել էր հոգատար լինել կենդանիների նկատմամբ (Ելք 23։12; 2 Օրենք 25։4; Առակներ 12։10)։
a Ավելի շատ տեղեկությունների համար կարդացեք «Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ» գրքի 6-րդ գլուխը։