Գլուխ 67
Չի հաջողվում ձերբակալել Հիսուսին
ՄԻՆՉ Տաղավարների տոնը շարունակվում է, կրոնական առաջնորդները ուղարկում են պահապանների, որպեսզի ձերբակալեն Հիսուսին։ Իսկ Հիսուսը չի փորձում թաքնվել։ Փոխարենը՝ նա շարունակում է հրապարակորեն ուսուցանել և ասել. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կմնամ, մինչև որ գնամ նրա մոտ, ով ուղարկեց ինձ։ Դուք կփնտրեք ինձ, բայց չեք գտնի, և ուր որ ես եմ, դուք չեք կարող գալ»։
Հրեաները չեն հասկանում նրա խոսքերը և իրար հարցնում են. «Այս մարդը ո՞ւր է մտադիր գնալ, որ մենք չենք գտնի նրան։ Մի՞թե մտադիր է գնալ այն հրեաների մոտ, որոնք ցրված են հույների մեջ, և սովորեցնել հույներին։ Ի՞նչ են նշանակում այն խոսքերը, որ նա ասաց՝ «դուք կփնտրեք ինձ, բայց չեք գտնի, և ուր որ ես եմ, դուք չեք կարող գալ»»։ Անշուշտ, Հիսուսը խոսում է իր մոտալուտ մահվան, հարության և երկինք համբարձվելու մասին, ուր իր թշնամիները չեն կարող գնալ։
Տաղավարների տոնի յոթերորդ, այսինքն՝ վերջին օրն է։ Տոնի օրերին ամեն առավոտ քահանան Սիլովամի ավազանից ջուր է վերցնում և թափում է այնպես, որ այն հոսի դեպի զոհասեղանի հիմքը։ Հավանաբար հիշեցնելով այս ամենօրյա արարողության մասին՝ Հիսուսը բացականչում է. «Եթե մեկը ծարավ է, թող գա ինձ մոտ ու խմի։ Նա, ով հավատում է ինձ, ինչպես որ Գրությունն է ասում՝ «նրա ներսից կենդանի ջրի աղբյուրներ պիտի բխեն»»։
Այստեղ Հիսուսը խոսում է այն հիանալի արդյունքների մասին, որոնք լինելու էին սուրբ ոգու թափվելուց հետո։ Դա տեղի է ունենում հաջորդ տարի՝ Պենտեկոստեի տոնին։ Կենդանի ջրերի աղբյուրները բխում են այն ժամանակ, երբ 120 աշակերտները սկսում են ծառայել ժողովրդին։ Սակայն մինչ այդ սուրբ ոգին չկա այն իմաստով, որ Քրիստոսի աշակերտներից ոչ մեկը դեռևս օծված չէ սուրբ ոգով և կանչված չէ երկնային կյանքի։
Հիսուսի խոսքերը լսելով՝ մի քանիսը ասում են. «Սա իսկապես որ Մարգարեն է»։ Ակներևաբար, նրանք նկատի ունեն Մովսեսից ավելի մեծ մարգարեին, որն ըստ խոստման՝ պետք է գար։ Մյուսներն էլ ասում են. «Սա Քրիստոսն է»։ Սակայն ոմանք էլ առարկում են. «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու։ Չէ՞ որ Գրությունն ասում է, որ Քրիստոսը գալու է Դավթի սերնդից և Բեթլեհեմից՝ այն գյուղից, որտեղից որ Դավիթն էր»։
Եվ այսպես՝ ժողովրդի մեջ պառակտում է առաջանում։ Ոմանք ուզում են, որ Հիսուսը ձերբակալվի, սակայն ոչ ոք չի բռնում նրան։ Երբ պահապանները վերադառնում են առանց Հիսուսի, ավագ քահանաներն ու փարիսեցիները հարցնում են.
— Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք։
— Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը,— պատասխանում են պահապանները։
Կրոնական առաջնորդները՝ բարկությամբ լցված, սկսում են ծաղրել, վիրավորել և վատաբանել նրանց։ Նրանք հեգնանքով ասում են. «Մի՞թե դուք էլ մոլորվեցիք։ Մի՞թե իշխաններից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատաց նրան։ Բայց այս ժողովուրդը, որ Օրենքը չգիտի, անիծված է»։
Այդ ժամանակ Նիկոդեմոսը, որը փարիսեցի է և հրեաների կառավարիչներից է (այսինքն՝ Սինեդրիոնի անդամ), համարձակվում է խոսել հօգուտ Հիսուսի։ Գուցե հիշես, որ երկուսուկես տարի առաջ Նիկոդեմոսը գիշերով եկել էր Հիսուսի մոտ և ասել, որ հավատում է նրան։ Այժմ Նիկոդեմոսն ասում է. «Մի՞թե մեր օրենքը դատում է մի մարդու՝ առանց նախապես նրանից լսելու և իմանալու, թե նա ինչ է արել»։
Փարիսեցիները ավելի են բարկանում, որ իրենցից մեկը պաշտպանում է Հիսուսին։ «Ի՞նչ է, դո՞ւ էլ ես Գալիլեայից,— քմծիծաղով ասում են նրանք։— Քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից ոչ մի մարգարե դուրս չի գալու»։
Թեև Գրություններում ուղղակիորեն չի ասվում, որ Գալիլեայից մարգարե պետք է գար, սակայն մարգարեությունն այն մասին, որ այդ տեղանքի մարդիկ «մեծ լույս» են տեսնելու, ցույց է տալիս, որ Քրիստոսը այդտեղից էր գալու։ Բացի այդ, Հիսուսը ծնվել էր Բեթլեհեմում, և նա Դավթի սերնդից էր։ Քանի որ փարիսեցիները տեղյակ են այդ մասին, նրանք պատասխանատու են այն բանի համար, որ ժողովրդի մեջ Հիսուսի վերաբերյալ սխալ գաղափարներ են տարածվում։ Հովհաննես 7:32–52; Եսայիա 9:1, 2; Մատթեոս 4:13–17։
▪ Տոնի ժամանակ ի՞նչ է կատարվում ամեն առավոտ, և ինչպե՞ս է Հիսուսը ուշադրություն դարձնում դրա վրա։
▪ Ինչո՞ւ պահապանները չեն կարողանում ձերբակալել Հիսուսին, և ինչպե՞ս են արձագանքում կրոնական առաջնորդները։
▪ Ո՞վ է Նիկոդեմոսը, ինչպիսի՞ն է նրա վերաբերմունքը Հիսուսի հանդեպ, և ինչպե՞ս են նրա հետ վարվում փարիսեցիները։
▪ Ի՞նչ ապացույց կա, որ Քրիստոսը պետք է գար Գալիլեայից։