ԳԼՈՒԽ 10
Թող քո ընտանեկան կյանքը ուրախացնի Աստծուն
1. Ինչո՞ւ են Եհովայի վկաների ընտանիքներն ամուր ու երջանիկ։
ՇԱՏԵՐԻՆ է հայտնի, որ Եհովայի վկաներն ունեն ամուր ու երջանիկ ընտանիքներ։ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Բրայեն Ուիլսոնը գրում է. «Վկաները գործնական խորհուրդներ են առաջարկում կյանքի տարբեր բնագավառների առնչությամբ.... այդ թվում ամուսնական փոխհարաբերությունների, բարոյական հարցերի, երեխաների դաստիարակության և այլն։ Նրանց տված արժեքավոր խորհուրդները հիմնված են Սուրբ Գրքի վրա, և ուղեկցում են նրանց ողջ կյանքի ընթացքում»։ Անկասկած, դու Աստծու Խոսքից արդեն շատ բաներ ես սովորել այն մասին, թե ինչպես ունենալ երջանիկ ու բավականություն պատճառող ընտանեկան կյանք։
2. ա) Ինչպիսի՞ն է այսօրվա ընտանիքներում տիրող իրավիճակը։ բ) Աստվածաշնչյան ո՞ր գրքերը կքննենք ընտանեկան կյանքի մասին առաջնորդություն ստանալու համար։
2 Մինչ մոտենում է Եհովայի օրը, Սատանան ճնշում է գործադրում գլխավորապես ընտանիքների վրա։ Արդյունքում շատերը կորցնում են իրենց վստահությունը ընտանիքի անդամների հանդեպ։ Այդպիսին էր իրավիճակը նաև Միքիայի օրերում։ Նա գրեց. «Մի՛ հավատացեք ընկերոջը.... Բերանիդ դռները փա՛կ պահիր ծոցումդ պառկողի մոտ, որովհետև որդին արհամարհում է իր հորը, աղջիկը իր մոր դեմ է դուրս գալիս, հարսը՝ իր սկեսրոջ։ Մարդու թշնամիներն իր տան անդամներն են» (Միքիա 7։5, 6)։ Ապրելով այնպիսի հասարակության մեջ, որտեղ ընտանեկան արժեքները անկում են ապրում՝ դու ծանր պայքար ես մղում այդ բացասական ազդեցությանը դիմակայելու համար։ Արդյունքում քո ընտանեկան կյանքը ավելի մեծ ուրախություն է պատճառում և՛ քեզ, և՛ Աստծուն։ Ակներևաբար, դու արդեն կիրառում ես 2 Օրենք 6։5–9, Եփեսացիներ 5։22–6։4 և Կողոսացիներ 3։18–21 համարները։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, որ 12 մարգարեական գրքերը անգին խորհուրդներ են պարունակում նաև երջանիկ ընտանեկան կյանք ունենալու վերաբերյալ։ Այս գլխում կքննենք դրանցից մի քանիսը։ Բայց մի՛ սահմանափակվիր այդքանով։ Փորձիր հասկանալ, թե ինչն է ընկած այդ օրինակների հիմքում, ինչի շնորհիվ կկարողանաս այլ օգտակար դասեր էլ քաղել այս մարգարեական գրքերից։ Հետո վերլուծիր գլխի վերջում բերված սուրբգրային համարները և տես, թե ինչպես կարող ես դրանք կիրառել։
«ԵՍ ԱՏՈՒՄ ԵՄ ԱՊԱՀԱՐԶԱՆԸ»
3, 4. ա) Ինչպե՞ս են այսօր շատերը լուծում ամուսնության մեջ ծագած խնդիրները։ բ) Մաղաքիայի օրերում մարդիկ ինչպիսի՞ վերաբերունք ունեին ամուսնության հանդեպ, ինչը գարշելի էր Եհովայի համար։
3 Սկզբում խոսենք ամուսնու և կնոջ փոխհարաբերությունների մասին։ Վերջին տարիներին մարդիկ սկսել են ամուսնական խնդիրների լուծումը տեսնել ամուսնալուծության մեջ։ Սակայն նախկինում հեշտ չէր ամուսնալուծվել։ Օրինակ՝ 19-րդ դարում Անգլիայում ամուսնալուծվելու համար հարկավոր էր թույլտվություն ստանալ պառլամենտից։ Նման խիստ հայացքները նպաստում էին, որ ընտանիքները չքայքայվեն։ Սակայն այսօր իրավիճակն այլ է։ «Բրիտանական հանրագիտարանը» նշում է. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ երկրներում ամուսնալուծությունների թիվը զգալիորեն մեծացել է... Ամուսնալուծության վերաբերյալ մարդկանց վերաբերմունքը նույնպես կտրուկ փոխվել է.... հիմա ընդհանուր առմամբ մարդիկ ավելի հանդուրժողական վերաբերմունք ունեն» (Encyclopædia Britannica)։ Ամուսնալուծությունը սովորական բան է համարվում անգամ այնպիսի երկրներում, ինչպիսին է Կորեան, որտեղ ընդամենը տասը տարի առաջ դա անընդունելի էր։ Այսօր շատ երկրներում տարածված է այն կարծիքը, որ եթե ամուսինները չեն կարողանում լուծել իրենց խնդիրները, ապա ոչ մի սխալ բան չկա ամուսնալուծության մեջ։
4 Մաղաքիայի օրերում (մ.թ.ա. 5-րդ դար) ամուսնալուծությունը մեծ տարածում ուներ։ Մաղաքիան ասաց այդպիսի տղամարդկանց. «Եհովան վկա է եղել քո և երիտասարդությանդ կնոջ միջև, որի հետ դու անհավատարմությամբ վարվեցիր»։ Եհովայի զոհասեղանը լցվել էր դավաճանված կանանց արցունքներով, «լացով և հառաչանքով»։ Ապականված քահանաները մատների արանքով էին նայում այդպիսի դաժանությանը (Մաղաքիա 2։13, 14)։
5. ա) Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում ամուսնալուծությանը։ բ) Ինչո՞ւ չի կարելի թեթևամտորեն վերաբերվել կողակցին դավաճանելուն։
5 Ինչպիսի՞ն էր Եհովայի վերաբերմունքը։ Մաղաքիան գրում է. ««Ես ատում եմ ապահարզանը»,— ասում է Իսրայելի Աստված Եհովան»։ Նա նաև հավաստիացրեց, որ Եհովան չի փոխվում (Մաղաքիա 2։16; 3։6)։ Ի՞նչ եզրակացություն կարող ենք անել։ Ամուսնալուծության վերաբերյալ իր տեսակետը Եհովան հայտնել էր դեռ վաղուց (Ծննդոց 2։18, 24)։ Այն անփոփոխ էր մնացել նաև Մաղաքիայի օրերում։ Ուրեմն այսօր էլ է Եհովան ատում ամուսնալուծությունը։ Ոմանք որոշում են բաժանվել զուտ այն պատճառով, որ իրենց այլևս դուր չի գալիս իրենց կողակիցը։ Իսկ եթե նրանք նենգությամբ են փորձում հասնել իրենց նպատակին, Եհովան տեսնում է նրանց սիրտը (Երեմիա 17։9, 10)։ Ինչ պատճառաբանություն էլ որ նրանք բերեն ամուսնալուծությունն արդարացնելու համար, միևնույնն է, Եհովայից հնարավոր չէ թաքցնել ո՛չ խորամանկ քայլերը, ո՛չ էլ չար մտադրությունները։ Այո՛, «բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք» (Եբրայեցիներ 4։13)։
6. ա) Ինչո՞ւ է կարևոր ամուսնալուծության վերաբերյալ ունենալ Եհովայի տեսակետը։ բ) Ո՞րն էր ամուսնալուծության վերաբերյալ Հիսուսի խոսքերի բուն էությունը։
6 Հնարավոր է՝ ձեր ընտանիքում խոսք անգամ չի ասվում ամուսնալուծության մասին, այդուհանդերձ լավ կլինի միշտ հիշել այս հարցի վերաբերյալ Եհովայի տեսակետը։ Կատարյալ մարդիկ չկան, այդ պատճառով ամուսնության մեջ խնդիրներն ու տարաձայնությունները անխուսափելի են։ Սակայն խնդիրների բախվելիս կմտածե՞ս, որ միակ լուծումը ամուսնալուծությունն է։ Թեժ վիճաբանության ժամանակ կհիշատակե՞ս ամուսնալուծության մասին։ Շատերը հենց այդպես են վարվում։ Բայց Աստված ուզում է, որ ամուսինն ու կինը ամեն գնով պահեն իրենց միությունը։ Ճիշտ է, Հիսուսն ասաց, որ պոռնկությունը՝ ամուսնությունից դուրս ամեն տեսակ անօրինական սեռական հարաբերությունը, միակ հիմքն է ամուսնալուծության համար։ Սակայն ո՞րն էր նրա խոսքերի բուն էությունը։ Նա ասաց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի»։ Այո՛, Հիսուսը ամրագրեց Եհովայի անփոփոխ չափանիշը, որի մասին մոտ 450 տարի առաջ գրել էր Մաղաքիան (Մատթեոս 19։3–9)։
7. «Մաղաքիա» գրքի համաձայն՝ ի՞նչ կարող ես անել ամուսնական կապը ամուր պահելու համար։
7 Ի՞նչը կօգնի քրիստոնյա զույգին ամուր պահելու իրենց ամուսնական միությունը։ Մաղաքիան մի կարևոր սկզբունք է նշում. «Ուշադրությամբ հետևեք ձեր ոգուն և անհավատարմությամբ մի՛ վարվեք» (Մաղաքիա 2։16)։ Դա նշանակում է, որ մենք պետք է քննենք մեր մղումները։ Եթե «հետևում ենք մեր ոգուն», ապա կպայքարենք ուրիշին անտեղի ուշադրություն դարձնելու գայթակղության դեմ (Մատթեոս 5։28)։ Եթե ամուսնացած ենք, լավ կլինի հարցնենք ինքներս մեզ. «Ինձ դուր գալի՞ս է, երբ հակառակ սեռի անհատը հետաքրքրություն է ցույց տալիս իմ նկատմամբ կամ շողոքորթող խոսքեր է ասում»։ Եթե այո, ապա դա նշանակում է, որ բավականաչափ ուշադրություն չենք դարձնում մեր ոգուն։ Այսպիսով՝ մենք արժեքավոր դաս ենք սովորում, որը կօգնի ամրացնելու մեր ընտանեկան կապերը, այն է՝ հետևել մեր «ոգուն»։
8, 9. Ինչո՞ւ է Աստվածաշնչում գրվել Օսեեի և Գոմերի պատմությունը։
8 Անկասկած, վճռել ես ամուր պահել քո ամուսնական միությունը։ Այդուհանդերձ, ոչ ոք պաշտպանված չէ ամուսնական կյանքի խնդիրներից։ Ինչպե՞ս կարող ես լուծել դրանք, հատկապես եթե քեզ թվում է, որ կողակիցդ է սխալ։ Հիշիր, թե ինչ էր գրված այս գրքի 2-րդ և 4-րդ գլուխներում Օսեեի մասին։ Նրա կինը՝ Գոմերը, սկսեց «պոռնկությամբ զբաղվել» և «իր սիրեկանների հետևից» վազել։ Հետագայում վերջիններս լքեցին նրան, և նա զրկվեց ապրելու ամեն միջոցից ու վաճառվեց ստրկության։ Կնոջ համար գին վճարելով՝ Օսեեն հետ բերեց նրան։ Եհովան մարգարեին պատվիրեց սիրել իր կնոջը։ Ինչո՞ւ։ Այդպիսով Եհովան պատկերավոր կերպով ցույց տվեց, թե ինչ էր տեղի ունենում իր և Իսրայել ազգի միջև։ Եհովան իր ժողովրդի «ամուսինն ու տերն» էր, իսկ Իսրայելը՝ իր «կինը» (Օսեե 1։2–9; 2։5–7; 3։1–5; Երեմիա 3։14; Եսայիա 62։4, 5)։
9 Իսրայելացիները երկար տարիներ վիրավորում էին Եհովայի զգացմունքները՝ պաշտելով ուրիշ աստվածների (Ելք 32։7–10; Դատավորներ 8։33; 10։6; Սաղմոս 78։40, 41; Եսայիա 63։10)։ Դատապարտության էր արժանի հատկապես հյուսիսային տասցեղ թագավորությունը, որտեղ տարածում էր գտել հորթի երկրպագությունը (1 Թագավորներ 12։28–30)։ Բացի այդ, իրենց Ամուսնուն՝ Եհովային ապավինելու փոխարեն՝ իսրայելացիները օգնության համար դիմում էին իրենց քաղաքական սիրեկաններին։ Մի անգամ նրանք համառ ու վավաշոտ զեբրի նման վազեցին Ասորեստանի հետևից (Օսեե 8։9)։ Դո՞ւ ինչ կզգայիր, եթե կողակիցդ այդպես վարվեր։
10, 11. Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եհովային, եթե թվում է, թե կողակիցդ սխալ է գործել։
10 Օսեեի օրերում ավելի քան 700 տարի արդեն գործում էր Եհովայի ու Իսրայելի միջև հաստատված ուխտը։ Ու թեև իսրայելացիները շարունակ խախտում էին այն, այդուհանդերձ Աստված պատրաստ էր ներելու նրանց, եթե վերջիններս վերադառնային իր մոտ։ Օսեեն հավանաբար սկսեց մարգարեանալ նախքան մ.թ.ա. 803 թվականը, ուստի դրանից հետո անգամ Եհովան շարունակեց համբերատարություն ցույց տալ Իսրայելի հանդեպ մոտ 60 տարի, իսկ Հուդայի հանդեպ՝ գրեթե 200 տարի։ Օսեեի ընտանեկան կյանքի օրինակով Եհովան շարունակում էր հորդորել իր ուխտյալ ժողովրդին, որ զղջան։ Աստված բոլոր հիմքերն ուներ խզելու Իսրայելի հետ իր ամուսնական կապը, սակայն նա շարունակում էր մարգարեներ ուղարկել իր խորհրդանշական կնոջ մոտ՝ համոզելով նրան հետ դառնալ, չնայած այդպես վարվելը թանկ արժեցավ իր համար (Օսեե 14։1, 2; Ամոս 2։11)։
11 Կընդօրինակե՞ս Եհովային, եթե թվում է, թե կողակիցդ սխալ է գործել։ Ջանքեր կթափե՞ս վերականգնելու նախկին ջերմ փոխհարաբերությունները (Կողոսացիներ 3։12, 13)։ Այդպես վարվելու համար խոնարհություն է անհրաժեշտ։ Մեզ համար հիանալի օրինակ է այն, թե ինչպես Եհովան վարվեց Իսրայելի հետ (Սաղմոս 18։35; 113։5–8)։ Աստված «խոսեց նրա սրտի» հետ, անգամ աղաչեց նրան։ Լինելով անկատար՝ արդյոք չունե՞նք ավելի մեծ պատճառ խոսելու մեր կողակցի սրտի հետ, լուծելու խնդիրները և անտեսելու սխալները։ Եհովայի ջանքերն իզուր չէին։ «Անապատում»՝ Բաբելոնի գերության մեջ եղած ժամանակ, ժողովրդի մնացորդը բացեց իր սիրտը Աստծու առաջ, իսկ ավելի ուշ վերադարձավ հայրենիք ու Եհովային կանչեց՝ «իմ ամուսին» (Օսեե 2։14–16)a։
12. Ի՞նչ օգուտներ կքաղես, եթե խորհրդածես այն մասին, թե ինչպես էր Եհովան վարվում իր խորհրդանշական կնոջ հետ։
12 Եթե լուրջ խնդիրներ են առաջանում, փոխհարաբերությունները վերականգնելու նպատակով քո թափած ջանքերը կարող են հաջողությամբ պսակվել։ Աստված պատրաստ էր ներելու իր խորհրդանշական կնոջը անգամ նրա գործած այնպիսի ծանր մեղքի համար, ինչպիսին է հոգևոր պոռնկությունը։ Սովորաբար քրիստոնեական ընտանիքներում հարցը լուրջ մեղքերի չի հասնում։ Խնդիրները հաճախ սկսում են կոպիտ և վիրավորական խոսքերից։ Ուստի եթե կողակցիդ՝ սրի պես խոցող խոսքերը վիրավորել են քեզ, մտածիր, թե ինչ զգացին Օսեեն ու Եհովան (Առակներ 12։18)։ Մի՞թե չես մղվի ներելու կողակցիդ։
13. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, որ Եհովան իր անհնազանդ ժողովրդից պահանջեց զղջալ։
13 Այս պատմական արձանագրության մեջ մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա։ Արդյոք Աստված պատրա՞ստ էր վերականգնելու իր ժողովրդի հետ ունեցած փոխհարաբերությունները, եթե վերջինս շարունակում էր պոռնկություն գործել։ Այդ մասին Եհովան Օսեեին ասաց. «Թող նա իրենից հեռացնի իր պոռնկությունը և իր շնությունը՝ ստինքներից» (Օսեե 2։2)։ Ժողովուրդը պետք է զղջար և «զղջմանը համապատասխան պտուղ բերեր» (Մատթեոս 3։8)։ Երբ ընտանիքում խնդիրներ են ծագում, փորձիր նախևառաջ կենտրոնանալ քո թերացումների վրա։ Եթե վիրավորել ես կողակցիդ, ձգտիր հարթել ձեր փոխհարաբերությունները։ Անկեղծորեն ներողություն խնդրիր և ջանքեր թափիր, որ փոխվես։ Հավանաբար, կողակիցդ կների քեզ։
ԽՐԱՏԻՐ «ՍԻՐՈ ԼԱՐԵՐՈՎ»
14, 15. ա) Հաշվի առնելով Մաղաքիա 4։1-ում գրվածը՝ ինչո՞ւ պետք է լրջորեն վերաբերվես երեխաներիդ կրթելու պատասխանատվությանը։ բ) Ինչպե՞ս կարող ես օգնել երեխաներիդ ճանաչելու Եհովային։
14 Ընտանեկան կյանքի վերաբերյալ ուրիշ դասեր էլ կարող ենք սովորել այն ամենից, ինչ գրի են առել 12 մարգարեները Եհովայի ու իսրայելացիների միջև եղած փոխհարաբերությունների մասին։ Այս գրքերը պարունակում են սկզբունքներ, որոնք օգնում են դաստիարակելու և կրթելու երեխաներին։ Երեխաներին դաստիարակելը, ինչ խոսք, հեշտ բան չէ։ Ամեն դեպքում ծնողները պետք է լրջորեն վերաբերվեն իրենց պատասխանատվությանը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Այդ օրը, որ գալիս է, կխժռի [մարդկանց],— ասում է Զորքերի Տեր Եհովան,— այնպես որ նրանց համար ո՛չ արմատ կթողնի, ո՛չ էլ ճյուղ» (Մաղաքիա 4։1)։ Այն օրը, երբ Եհովան հաշիվ պահանջի մարդկանցից, փոքր երեխաները (ճյուղերը) արդարացիորեն կդատվեն այն բանի հիման վրա, թե Եհովան ինչպես կգնահատի նրանց ծնողներին (արմատներին), քանի որ հենց ծնողներն են պատասխանատվություն կրում իրենց երեխաների համար (Եսայիա 37։31)։ Ծնողների ապրելակերպը որոշակիորեն կանդրադառնա իրենց երեխաների ապագայի վրա՝ կա՛մ լավ, կա՛մ վատ (Օսեե 13։16)։ Եթե դուք (արմատներ) բարի անուն չունենաք Եհովայի առաջ, ի՞նչ կպատահի ձեր երեխաներին (ճյուղերին) նրա ցասման օրը (Սոփոնիա 1։14–18; Եփեսացիներ 6։4; Փիլիպպեցիներ 2։12)։ Իսկ եթե ջանքեր թափեք Աստծու հաճությունը ստանալու համար, ապա դա դրականորեն կանդրադառնա ձեր որդիների ու դուստրերի վրա (1 Կորնթացիներ 7։14)։
15 Մեջբերելով Հովելի մարգարեությունը, որն ընդգծում է Եհովայի անունը կանչելու կարևորությունը՝ Պողոս առաքյալը գրում է. «Սակայն ինչպե՞ս կանչեն նրան, ում չեն հավատում։ Կամ ինչպե՞ս հավատան նրան, ում մասին չեն լսել» (Հռոմեացիներ 10։14–17; Հովել 2։32)։ Պողոսը խոսում է քարոզչական ծառայության մասին, սակայն այս սկզբունքը կարելի է կիրառել նաև երեխաներին կրթելիս։ Ինչպե՞ս կարող են նրանք հավատ զարգացնել Եհովայի հանդեպ, եթե չլսեն նրա մասին։ Ամեն օր բավականաչափ ժամանակ տրամադրո՞ւմ ես սովորեցնելու երեխաներիդ, թե որքան բարի է Եհովան։ Օգնո՞ւմ ես նրանց խոր սեր զարգացնելու Եհովայի ու նրա առաջնորդության հանդեպ։ Եթե ընտանեկան միջավայրում երեխաները շարունակ լսեն Եհովայի մասին, ամենայն հավանականությամբ հոգևորապես կառաջադիմեն (2 Օրենք 6։7–9)։
16. Միքիա 6։3–5-ի համաձայն՝ ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եհովային երեխաներիդ կրթելիս։
16 Երբ երեխաները դեռ փոքր են, նրանց քրիստոնեական հանդիպումների տանելը համեմատաբար հեշտ է։ Սակայն մեծանալով՝ նրանք ինքնուրույն են դառնում և որոշակի մտածելակերպ են ձեռք բերում։ Ի՞նչ անել, երբ ժամանակ առ ժամանակ երեխաները ըմբոստ ոգի են ցուցաբերում։ 12 մարգարեական գրքերից իմանում ենք, թե ինչպես է Եհովան վարվել Իսրայելի և Հուդայի հետ (Զաքարիա 7։11, 12)։ Օրինակ՝ Միքիա 6։3–5 համարները կարդալիս ուշադրություն դարձրու, թե ինչ զգացմունքներ են արտահայտված այդ խոսքերում։ Թեև իսրայելացիները մեղավոր էին, բայց Աստված նրանց կոչում էր «իմ ժողովուրդ»։ Նա նույնիսկ աղաչում էր. «Ո՛վ իմ ժողովուրդ, հիշի՛ր, խնդրում եմ»։ Նրանց կոպտորեն մեղադրելու փոխարեն՝ Աստված փորձում էր հասնել նրանց սրտին։ Կարո՞ղ ես ընդօրինակել Եհովային երեխաներիդ կրթելիս։ Որքան էլ մեղավոր լինեն, քո վերաբերմունքով ցույց տուր, որ նրանք կարևոր դեր ունեն ընտանիքում։ Վիրավորական խոսքեր մի՛ ասա։ Նրանց դատապարտելու փոխարեն՝ մեղմորեն համոզիր։ Հարցերի միջոցով պարզիր, թե ինչ են մտածում։ Ձգտիր հասնել նրանց սրտին, որպեսզի նրանք արտահայտեն իրենց զգացմունքներն ու ասեն իրենց մտահոգությունները (Առակներ 20։5)։
17, 18. ա) Ինչի՞ց մղված պետք է դաստիարակես երեխաներիդ։ բ) Ինչպե՞ս կարող ես մտերիմ փոխհարաբերություններ պահպանել երեխաներիդ հետ՝ նրանց քաշելով «սիրո լարերով»։
17 Ի՞նչն է մղում քեզ խրատելու երեխաներիդ։ Որոշ ծնողներ դա անում են, քանի որ մտածում են իրենց ընտանիքի հեղինակության մասին։ Ահա թե ինչն էր ընկած Եհովայի խրատի հիմքում. «Ես Եփրեմին քայլել սովորեցրի, վերցրի նրանց բազուկներիս վրա.... Ես քաշում էի նրանց մարդկային բարության պարաններով՝ սիրո լարերով» (Օսեե 11։3, 4)։ Այս համարում Եհովան իրեն համեմատում է սիրառատ հոր հետ, որն իր երեխային քայլել է սովորեցնում։ Հին ժամանակներում հայրը պարան էր օգտագործում, որից բռնվելով՝ փոքրիկը իր առաջին անհաստատ քայլերն անելիս չէր ընկնի կամ այլ ուղղությամբ չէր գնա (Երեմիա 31։1–3)։
18 Կդրսևորե՞ս նույնանման սեր երեխաներիդ հանդեպ, ինչպիսին որ Եհովան դրսևորեց իսրայելացիների հանդեպ։ Նրանք շարունակ թիկունք էին դարձնում Եհովային, բայց նա չէր շտապում արձակել սիրո լարերը։ Երբեմն պատանիները շեղվում են ճանապարհից և անմիտ որոշումներ կայացնում աննշան թվացող հարցերում։ Նույնիսկ այդ ժամանակ փորձիր ամեն բան անել, որ ձեր միջև պահպանվեն սիրո կապերը։ Հիշիր նաև, որ Եհովան կուրորեն չէր սիրում իր ժողովրդին, որ անտեսեր նրա սխալները։ Նա աչք չէր փակում խնդիրների վրա, այլ սիրով ուղղում էր իր ժողովրդին և ժամանակ չէր խնայում անհրաժեշտ օգնությունը ցույց տալու համար։ Եթե նկատում ես, որ տղադ կամ աղջիկդ կամաց-կամաց շեղվում է ճշմարտության ճանապարհից, մի՛ անտեսիր դա։ Փորձիր օգնել նրան այդ դժվար պահին ու հետ բերել՝ քաշելով սիրո լարերով։ Ժամանակ անցկացրու երեխաներիդ հետ։ Նրանք միշտ ունեն դրա կարիքը։
19. Ինչո՞ւ չպետք է հույսդ կտրես երեխաներիցդ։
19 Օսեեն կանխագուշակեց, որ Իսրայելի մնացորդը կարձագանքի տրված խրատին. «Իսրայելի որդիները հետ կգան և իրենց Աստված Եհովային ու իրենց թագավոր Դավթին կփնտրեն։ Վերջին օրերում նրանք դողալով կմոտենան Եհովային ու նրա բարությանը» (Օսեե 3։5)։ Ինչպես տեսնում ենք, Աստծու տված խրատը իզուր չէր. Իսրայելի մնացորդը ընդունեց այն։ Ուստի հույսդ մի՛ կտրիր երեխաներիցդ։ Կենտրոնացիր նրանց դրական հատկությունների վրա։ Մեղմությամբ խոսիր նրանց հետ, բայց միևնույն ժամանակ զիջումների մի՛ գնա աստվածաշնչյան սկզբունքների հարցում։ Անգամ եթե երեխան շարունակում է ըմբոստանալ, հիշիր, որ դեռևս ամեն բան կորած չէ. նա կարող է մտքափոխ լինել։
ԶԳՈՒՇԱՑԻՐ ՎԱՏ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
20. Ընկերակցության վերաբերյալ ո՞ր հարցի պատասխանը կարող են պատանիները գտնել 12 մարգարեական գրքերում։
20 Պատանինե՛ր, ի՞նչ կարող եք սովորել 12 մարգարեների գրքերից։ Հավանաբար դու և ծնողներդ հաճախ եք քննարկել 1 Կորնթացիներ 15։33 համարը, որը նախազգուշացնում է վատ ընկերակցությունների մասին։ Բայց գուցե հարցնես. «Իրո՞ք այդքան վտանգավոր է Եհովային չերկրպագող անհատի հետ ընկերություն անելը»։ Այս հարցի պատասխանը կարող ես գտնել 12 մարգարեների գրքերում։
21–23. ա) Ի՞նչ կարող են երեխաները սովորել եդոմացիների վարվելակերպից։ բ) Ովքե՞ր են քո ընկերները։
21 Թեև մարգարեական այս գրքերը հիմնականում ուղղված են Աստծու ժողովրդին, սակայն Աբդիան դիմել է եդոմացիներին, ովքեր կոչվում էին իսրայելացիների «եղբայրները» (2 Օրենք 2։4)b։ Ի տարբերություն մյուս մարգարեական գրքերի՝ «Աբդիա» գրքում եդոմացիներին դիմելիս մարգարեն օգտագործում է «դու» դերանունը։ Իսկ ի՞նչ է մեզ հայտնի եդոմացիների մասին։ Մ.թ.ա. մոտ 607 թ.-ին Երուսաղեմը պաշարվեց։ Չնայած այն բանին, որ եդոմացիները Հակոբի եղբայր Եսավի հետնորդներն էին, նրանք դարձել էին բաբելոնացիների դաշնակիցը։ «Քանդե՛ք, քանդե՛ք մինչև նրա հիմքերը»,— չարախնդում էին եդոմացիները (Սաղմոս 137։7; Աբդիա 10, 12)։ Նրանք մտադիր էին գրավել Հուդան և նույնիսկ հաց էին ուտում բաբելոնացիների հետ, իսկ Արևելքում դա կարող էր նշանակել, որ երկու կողմերը ուխտի մեջ են։
22 Ուշադրություն դարձնենք, թե ինչ մարգարեացավ Աբդիան եդոմացիների մասին. «Քեզ հետ ուխտի մեջ գտնվող բոլոր մարդիկ [բաբելոնացիները] խաբեցին քեզ։ Քեզ հետ խաղաղության մեջ լինող մարդիկ հաղթեցին քեզ։ Քեզ հետ հաց ուտողները ցանցով թակարդ կդնեն քեզ համար. դու խորաթափանցություն չունեցողի պես կլինես» (Աբդիա 7)։ Նրանք թողեցին իրենց եղբայր Հակոբին և դաշնակից դարձան բաբելոնացիներին։ Ի վերջո, բաբելոնյան զորքերը Նաբոնիդ թագավորի գլխավորությամբ նվաճեցին Եդոմը։ Մաղաքիայի օրերում Աստված ամայի դարձրեց Եդոմի լեռները և նրա ժառանգությունը շնագայլերին տվեց (Մաղաքիա 1։3)։
23 Իսկ այժմ մտածիր այսպես կոչված ընկերներիդ մասին, ովքեր չեն երկրպագում Եհովային։ Նկատե՞լ ես, որ իրար հետ «ուխտի մեջ» գտնվող տղաներն ու աղջիկները կամ պարզապես մտերիմ ընկերները հաճախ են խաբում իրար և այսպես ասած՝ «ցանցով թակարդ» են դնում միմյանց համար։ Իսկ ի՞նչ են անում, երբ իրենց մութ գործերը բացահայտվում են։ Նրանք մեղադրում են այդ ընկերներին՝ ասելով, որ վերջիններս միամիտ են եղել ու գլխի չեն ընկել, որ իրենց խաբում են։ Սա մեզ հիշեցնում է այն մասին, թե ինչպես վարվեցին բաբելոնացիները իրենց ընկերների՝ եդոմացիների հետ։ Ի՞նչ ես կարծում, կօգնե՞ն քեզ այդպիսի «ընկերները», երբ հայտնվես նեղության մեջ (Աբդիա 13–16)։ Մյուս կողմից՝ մտածիր Եհովայի ու նրա ներկայիս ժողովրդի մասին։ Եհովան միշտ պատրաստ է օգնելու քեզ։ Դժվարությունների ժամանակ նա միշտ քո կողքին կլինի։ Նրա ծառաները նույնպես իսկական ընկեր են, ով «սիրում է ամեն ժամանակ» և հավատարիմ ընկերոջ պես՝ «նեղ օրվա համար է ծնված» (Առակներ 17։17)։
ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԻՐ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24, 25. Ի՞նչը պետք է մեր կյանքում ամենակարևորը լինի։
24 Այո՛, ընտանեկան կապերը թանկ են, ուստի չպետք է ջանք խնայենք այդ կապերը ամրացնելու համար։ 12 մարգարեական գրքերից շատ բան կարող ենք սովորել ընտանեկան փոխհարաբերությունների մասին։ Դու կարող ես կարդալ այդ գրքերը և կիրառել այն մոտեցումը, որ առաջարկվեց այս գլխում։ Այդպես ավելի շատ բան կսովորես, ինչը կօգնի քեզ բարելավելու ընտանեկան կյանքդ։ Բայց արդյո՞ք երջանիկ ընտանիք ունենալը ամենակարևոր բանն է այսօր Եհովայի ծառաների համար։
25 Հետաքրքիր է, որ Եհովայի գալիք օրվա մասին մարգարեանալիս Հովելը գրեց. «Հավաքե՛ք ժողովրդին։ Սրբացրե՛ք ժողովը.... Թող փեսան դուրս գա իր ներքին սենյակից, և հարսը՝ իր ամուսնական ննջարանից» (Հովել 2։15, 16)։ Ընտանիքում բոլորը պետք է հավաքվեին ու երկրպագեին Եհովային։ Այս պատվերը վերաբերում էր անգամ նորապսակներին, ովքեր հիմնականում տարված են իրարով։ Այո՛, ոչ մի բան չպետք է խանգարի մեզ, որ երկրպագենք Եհովային։ Հաշվի առնելով, որ Եհովայի օրը արագորեն մոտենում է, մենք պետք է ամեն բան անենք, որ Աստծու առաջ բարի անուն ունենանք, ինչը ամենակարևոր բանն է մեր կյանքում։ Այս գրքի վերջին բաժնում կքննենք, թե այսօր ինչ գործ պետք է ուրախությամբ անենք։
a Անհավատարմության դեպքում անմեղ քրիստոնյա կողակիցը պետք է որոշի՝ ների անբարոյություն գործած իր կողակցին, թե ոչ (Մատթեոս 19։9)։
b Մեկ ուրիշ գիրք, որն ուղղված չէ իսրայելացիներին, «Նաում» գիրքն է։ Այն ուղղված է նինվեցիներին։