ԳԼՈՒԽ 102
Թագավորը Երուսաղեմ է մտնում էշի քուռակի վրա նստած
ՄԱՏԹԵՈՍ 21։1–11, 14–17 ՄԱՐԿՈՍ 11։1–11 ՂՈՒԿԱՍ 19։29–44 ՀՈՎՀԱՆՆԵՍ 12։12–19
ՀԻՍՈՒՍԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ
ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
Հաջորդ օրը՝ կիրակի՝ նիսանի 9-ին, Հիսուսը իր աշակերտների հետ հեռանում է Բեթանիայից և ուղևորվում է դեպի Երուսաղեմ։ Երբ նրանք մոտենում են Բեթփագե քաղաքին, որը Ձիթենյաց լեռան վրա է գտնվում, Հիսուսը հրահանգ է տալիս իր երկու աշակերտներին։
Նա ասում է. «Գնացեք դիմացի գյուղը և հենց մտնեք այնտեղ, մի կապած էշ կգտնեք և դրա հետ մի էշի քուռակ։ Արձակեք դրանց ու բերեք ինձ մոտ։ Եվ եթե ձեզ մեկը ինչ-որ բան ասի, նրան ասացեք. «Դրանք Տիրոջը պետք են»։ Եվ նա իսկույն թույլ կտա ձեզ» (Մատթեոս 21։2, 3)։
Աշակերտները չեն հասկանում, որ Հիսուսի տված հրահանգները կապված են աստվածաշնչյան մի մարգարեության հետ։ Նրանք հետագայում են հասկանում, որ դա Զաքարիայի մարգարեության կատարումն է։ Զաքարիան կանխագուշակել էր, որ Աստծու խոստացած Թագավորը լինելու է խոնարհ և Երուսաղեմ է մտնելու «էշի քուռակ հեծած» (Զաքարիա 9։9)։
Երբ աշակերտները գալիս են Բեթփագե և վերցնում են էշին և քուռակին, այնտեղ կանգնած մարդիկ ասում են. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք արձակում քուռակին» (Մարկոս 11։5)։ Բայց երբ նրանց ասում են, որ կենդանիները Տիրոջ համար են, այդ մարդիկ թույլ են տալիս, որ աշակերտները տանեն դրանց։ Աշակերտները իրենց վերնահագուստները դնում են էշի և քուռակի վրա։ Հիսուսը նստում է քուռակի վրա։
Մինչ Հիսուսը կհասնի Երուսաղեմ, այնտեղ շատ մարդիկ են հավաքվում։ Նրանցից շատերը իրենց վերնահագուստները փռում են ճանապարհին, իսկ մյուսները ծառերի ճյուղեր են կտրում և դնում ճանապարհին։ Նրանք աղաղակում են. «Աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր։ Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով։ Օրհնյա՜լ է մեր հայր Դավթի թագավորությունը, որ գալիս է» (Մարկոս 11։8–10)։ Բազմության մեջ եղող փարիսեցիները վրդովվում են՝ այս ամենը լսելով։ Նրանք ասում են Հիսուսին. «Ուսուցի՛չ, սաստի՛ր քո աշակերտներին»։ Իսկ նա ասում է. «Ասում եմ ձեզ. եթե նրանք լռեն էլ, քարերը կաղաղակեն» (Ղուկաս 19։39, 40)։
Երբ Հիսուսը մոտենում է Երուսաղեմին, նայելով քաղաքին՝ սկսում է լաց լինել ու ասել. «Եթե միայն այսօրվա օրը հասկանայիր այն բաները, որոնք խաղաղություն են բերում... բայց հիմա դրանք ծածկված են քո աչքերից»։ Երուսաղեմը պետք է հատուցի այն բանի համար, որ համառորեն անհնազանդություն է դրսևորում։ Հիսուսը կանխագուշակում է. «Թշնամիներդ քո շուրջը սուր գերաններով պատնեշ կկանգնեցնեն և կշրջապատեն ու ամեն կողմից կնեղեն քեզ և քեզ ու քո մեջ եղող երեխաներիդ գետին կտապալեն և քարը քարի վրա չեն թողնի քեզանում, որովհետև դու չիմացար քեզ ստուգելու ժամանակը» (Ղուկաս 19։42–44)։ Ինչպես որ կանխագուշակում է Հիսուսը, Երուսաղեմը մ.թ. 70-ին կործանվում է։
Երբ Հիսուսը մտնում է Երուսաղեմ, «ողջ քաղաքում իրարանցում է սկսվում»։ Ոմանք հարցնում են. «Սա ո՞վ է»։ Ժողովուրդն ասում է. «Սա մարգարե Հիսուսն է՝ Գալիլեայի Նազարեթից» (Մատթեոս 21։10, 11)։ Այն մարդիկ, ովքեր տեսել են, թե ինչպես է Հիսուսը հարություն տվել Ղազարոսին, այդ հրաշքի մասին պատմում են ուրիշներին։ Փարիսեցիները սկսում են բողոքել, քանի որ տեսնում են, որ իրենց ջանքերը ապարդյուն են անցնում։ Նրանք իրար ասում են. «Ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց» (Հովհաննես 12։18, 19)։
Հիսուսը, իր սովորության համաձայն, գնում է տաճար՝ ուսուցանելու։ Այնտեղ նա բուժում է կույրերին ու կաղերին։ Երբ ավագ քահանաներն ու դպիրները տեսնում են այս ամենը և լսում են «այն տղաներին, որոնք աղաղակում են տաճարում՝ ասելով՝ «աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր Դավթի Որդուն», խիստ վրդովվում են։ Նրանք հարցնում են Հիսուսին. «Լսո՞ւմ ես, թե սրանք ինչ են ասում»։ Նա էլ պատասխանում է. «Մի՞թե երբեք չեք կարդացել, թե՝ «երեխաների և կաթնակեր մանուկների բերանով գովաբանություն պատրաստեցիր»» (Մատթեոս 21։15, 16)։
Հիսուսը ուշադրությամբ նայում է տաճարում գտնվող բաներին։ Ապա իր առաքյալների հետ հեռանում է տաճարից, քանի որ արդեն բավականին ուշ է։ Նախքան նիսանի 10-ը նա վերադառնում է Բեթանիա և կիրակի գիշերը անցկացնում է այնտեղ։