Գլուխ 102
Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ
ՀԱՋՈՐԴ օրը՝ կիրակի առավոտյան, նիսանի 9–ին, Հիսուսն իր աշակերտների հետ հեռանում է Բեթանիայից, որպեսզի Ձիթենյաց լեռն անցնելով՝ գնա Երուսաղեմ։ Կարճ ժամանակ անց՝ նրանք մոտենում են Բեթփագեին, որը Ձիթենյաց լեռան վրա է գտնվում։ Հիսուսը իր աշակերտներից երկուսին պատվիրում է.
«Գնացեք այն գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ իսկույն մի կապված էշ կգտնեք և նրա հետ մի էշի քուռակ. արձակեք նրանց ու բերեք ինձ մոտ։ Եվ եթե ձեզ որևէ մեկը ինչ–որ բան ասի, ասեք նրան. «Դրանք Տիրոջը պետք են»։ Այդ ժամանակ նա անմիջապես կուղարկի դրանց»։
Թեև սկզբում աշակերտները չեն գիտակցում, որ այս ցուցումներն առնչություն ունեն աստվածաշնչյան մարգարեության կատարման հետ, սակայն հետագայում հասկանում են դա։ Զաքարիա մարգարեն նախագուշակել էր, որ Աստծու կողմից խոստացված թագավորը պետք է Երուսաղեմ մտներ «էշի վրա հեծած, այսինքն՝ էշի ձագի՝ ավանակի վրա»։ Նմանապես, Սողոմոն թագավորը գնում էր օծվելու՝ էշի քուռակի վրա նստած։
Երբ աշակերտները մտնում են Բեթփագե և վերցնում են էշին ու նրա քուռակին, այնտեղ կանգնածներից ոմանք ասում են. «Ի՞նչ եք անում»։ Բայց երբ աշակերտներն ասում են, որ այդ կենդանիները Տիրոջ համար են, այդ մարդիկ թույլ են տալիս, որ տանեն։ Աշակերտները իրենց վերնահագուստները դնում են էշի և քուռակի վրա, բայց Հիսուսը քուռակի վրա է նստում։
Մինչ Հիսուսը գնում է Երուսաղեմ, մեծ թվով մարդիկ են հավաքվում։ Նրանցից շատերն իրենց վերնահագուստները փռում են ճանապարհին, իսկ մյուսները ծառերից ճյուղեր են կտրում ու ճանապարհի վրա տարածում։ «Օրհնյա՜լ է նա, որ որպես թագավոր գալիս է Եհովայի անունով,— բացականչում են նրանք։— Խաղաղությո՜ւն երկնքում, և փա՜ռք բարձունքներում»։
Լսելով այս բացականչությունները՝ բազմության միջից որոշ փարիսեցիներ վրդովվում են և Հիսուսին գանգատվում. «Ուսուցի՛չ, սաստի՛ր քո աշակերտներին»։ Իսկ նա պատասխանում է. «Ասում եմ ձեզ. եթե սրանք լռեն էլ, քարերը կաղաղակեն»։
Երբ Հիսուսը մոտենում է Երուսաղեմին, նայում է քաղաքին ու լաց լինում նրա վրա՝ ասելով. «Եթե դու, այո՛, դու ինքդ այսօրվա օրը հասկանայիր այն բաները, որոնք խաղաղություն են բերում... բայց հիմա նրանք ծածկված են քո աչքերից»։ Իր միտումնավոր անհնազանդության համար Երուսաղեմը պետք է հատուցի, ինչպես որ նախագուշակում է Հիսուսը.
«Թշնամիներդ [հռոմեացիները՝ հրամանատար Տիտոսի գլխավորությամբ] քո շուրջը սուր գերաններով պատնեշ կկանգնեցնեն և կշրջապատեն ու ամեն կողմից կնեղեն քեզ և քեզ ու քո մեջ եղող երեխաներիդ գետին կտապալեն և քարը քարի վրա չեն թողնի քեզանում»։ Հիսուսի նախագուշակած կործանումը տեղի է ունենում 37 տարի անց՝ մ. թ. 70–ին։
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ այդ բազմության միջից շատերը տեսել էին, թե ինչպես Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին։ Այժմ նրանք մյուսներին պատմում են այդ հրաշքի մասին։ Ուստի երբ Հիսուսը մտնում է Երուսաղեմ, ամբողջ քաղաքը իրարանցման մեջ է։ «Սա ո՞վ է»,— հարցնում են մարդիկ։ Ժողովուրդն էլ ասում է. «Սա մարգարե Հիսուսն է՝ Գալիլեայի Նազարեթից»։ Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում՝ փարիսեցիները հառաչում են, որ իրենց ջանքերն ապարդյուն են անցնում, և ասում են. «Ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց»։
Իր սովորության համաձայն՝ Հիսուսը գնում է տաճար՝ ուսուցանելու։ Այնտեղ կույրերն ու կաղերը մոտենում են նրան, և նա բուժում է նրանց։ Երբ ավագ քահանաներն ու դպիրները տեսնում են այն զարմանահրաշ բաները, որ Հիսուսն անում է, և երբ լսում են այն տղաների ձայնը, որոնք տաճարում աղաղակում են՝ «աղաչո՜ւմ ենք, փրկի՛ր Դավթի Որդուն», զայրանում են։
— Լսո՞ւմ ես, թե սրանք ինչ են ասում,— բողոքում են նրանք։
— Այո՛,— պատասխանում է Հիսուսը,— մի՞թե երբեք չեք կարդացել, թե՝ «մանուկների ու կաթնակերների բերանով գովաբանություն պատրաստեցիր»։
Հիսուսը շարունակում է ուսուցանել տաճարում և այդ ընթացքում նայում է իր շուրջը եղող բոլոր բաներին։ Արդեն բավականին ուշ է։ Ուստի նա 12–ի հետ միասին մոտ երեք կիլոմետր ճանապարհ անցնելով՝ վերադառնում է Բեթանիա։ Կիրակի գիշերը նա անցկացնում է այնտեղ՝ հավանաբար իր ընկեր Ղազարոսի տանը։ Մատթեոս 21։1–11, 14–17; Մարկոս 11։1–11; Ղուկաս 19։29–44; Հովհաննես 12։12–19; Զաքարիա 9։9։
▪ Ե՞րբ և ինչպե՞ս է Հիսուսը մտնում Երուսաղեմ որպես Թագավոր։
▪ Որքա՞ն կարևոր է այն, որ բազմությունը գովաբանում է Հիսուսին։
▪ Ի՞նչ է զգում Հիսուսը, երբ նայում է Երուսաղեմին, և ի՞նչ է մարգարեանում։
▪ Ի՞նչ է պատահում, երբ Հիսուսը գնում է տաճար։