Սիրո ուղին չի վերջանում
«Դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին։ Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կը տամ ձեզ» (Ա Կորնթացիս 12։31)։
1–3. ա) Ի՞նչ առումով է սեր ցուցաբերել սովորելը նման օտար լեզու սովորելուն։ բ) Ո՞ր ազդակներն են դժվարացնում սեր ցուցաբերել սովորելը։
ՓՈՐՁԵ՞Լ եք երբևիցե օտար լեզու սովորել։ Դա այնքան էլ հեշտ չէ։ Փոքր երեխան, ամեն օր լսելով, հեշտությամբ է ընկալում ու սովորում այն։ Նրա ուղեղը արագորեն կլանում է հնչյուններն ու բառերի նշանակությունը, և կարճ ժամանակ անց փոքրիկը սկսում է հմտորեն ու անդադար խոսել։ Ի՞նչ կարելի է ասել մեծահասակների մասին։ Մենք հաճախակի ենք դիմում բառարանների օգնությանը որոշ հիմնական արտահայտություններ ըմբռնելու համար։ Ժամանակի ընթացքում և բավական մեծ փորձառությունից հետո սկսում ենք ազատ մտածել, և այդ նոր լեզվով խոսելն ավելի հեշտ է դառնում։
2 Սեր արտահայտել սովորելը որոշ առումով նման է օտար լեզու սովորելուն։ Ճիշտ է, աստվածային այս հատկությունը ինչ–որ չափով հատուկ է մարդկային խառնվածքին (Ծննդոց 1։27; համեմատեք Ա Յովհաննէս 4։8)։ Սակայն սեր արտահայտել սովորելու համար մեծ ջանքեր են պահանջվում, հատկապես մեր օրերում, երբ բնական կապվածությունը մարդկանց մեջ այնքա՜ն հազվադեպ երևույթ է դարձել (Բ Տիմոթէոս 3։1—5)։ Նման մթնոլորտ երբեմն տիրում է ընտանիքում։ Այո՛, շատերն են մեծանում այնպիսի միջավայրում, որտեղ հազվադեպ կարելի է լսել ջերմ խոսքեր կամ էլ բոլորովին չլսել (Եփեսացիս 4։29—31; 6։4)։ Այնուհանդերձ, ինչպե՞ս կարող ենք սովորել սեր ցուցաբերել, նույնիսկ եթե կյանքում այն չենք տեսել։
3 Այս հարցում օգնության ձեռք կարող է մեկնել Աստվածաշունչը։ Ա Կորնթացիս 13։4—8–ում Պողոսը տալիս է ոչ թե ընդամենը սիրո հատկության սահմանումը, այլ կենդանի նկարագրությունը, թե ինչպես է գործում այս ամենավեհ զգացումը։ Գրություններից այս համարների քննարկումը կօգնի հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում աստվածային այս հատկությունը, և ավելի լավ կսպառազինի մեզ, որպեսզի կարողանանք ցուցաբերել այն։ Եկեք տեսնենք սիրո այն մի քանի երեսակները, որոնց նկարագրությունը տվել է Պողոսը։ Մենք դրանք կխմբավորենք՝ բաժանելով երեք կատեգորիայի. մեր վարքն ընդհանուր առմամբ, ավելի որոշակի՝ մեր փոխհարաբերությունները ուրիշների հետ և վերջապես՝ մեր համբերատարությունը։
Սերն օգնում է հաղթահարել հպարտությունը
4. Ի՞նչ է ասում Աստվածաշունչը նախանձի մասին։
4 Սիրո մասին իր ներածական մեկնաբանություններից հետո Պողոսը կորնթացիներին ուղղված նամակում գրում է. «Սէրը չի նախանձում» (Ա Կորնթացիս 13։4)։ Նախանձը դա սրտնեղությունն է՝ ուրիշների բարեկեցությունը կամ հաջողությունները տեսնելիս։ Նախանձը կործանարար է ֆիզիկապես, հոգևորապես և էմոցիոնալ առումով (Առակաց 14։30; Հռովմայեցիս 13։13; Յակոբոս 3։14—16)։
5. Սերն ինչպե՞ս կարող է օգնել հաղթահարելու նախանձը, երբ որևէ մեկն աստվածապետական առանձնաշնորհում է ստանում։
5 Սա նկատի առնելով՝ հարցրեք ինքներդ ձեզ. «Նախանձո՞ւմ եմ, երբ որևէ մեկը աստվածապետական առանձնաշնորհում է ստանում»։ Եթե այո, ապա պետք չէ հուսահատվել։ Աստվածաշնչի գրողներից Հակոբոսը մեզ հիշեցնում է, որ նախանձի հակում ունեն բոլոր անկատար մարդիկ (Յակոբոս 4։5, ԱԹ)։ Սերը ձեր եղբոր հանդեպ կօգնի ձեզ հավասարակշռված տեսակետ ունենալ։ Դա հնարավորություն կտա ուրախանալ ուրախացողների հետ, և երբ որևէ մեկը ինչ–որ ձևով օրհնվում է կամ հաճոյախոսության է արժանանում, դա մի համարեք որպես ձեր անձի հանդեպ դիտավորյալ անուշադրության ցուցաբերում (համեմատեք Ա Թագաւորաց 18։7—9)։
6. Առաջին դարում ի՞նչ լուրջ իրավիճակ էր առաջացել կորնթացիների ժողովում։
6 Պողոսը ավելացնում է նաև, որ սերը «չի ամբարտաւանանում, չի գոռոզանում» (Ա Կորնթացիս 13։4)։ Եթե որևէ շնորհք կամ ընդունակություններ ունենք, պետք չէ դրանք մարդկանց ի ցույց դարձնել։ Ինչպես երևում է, հենց այդպես էլ վարվել էին հին Կորնթոսի ժողով սողոսկած որոշ փառասեր անհատներ։ Թերևս նրանք ավելի ճոխ էին կարողանում շարադրել իրենց մտքերը կամ էլ ավելի ունակ էին իրենց հանձնարարված գործերը կատարելու մեջ։ Իրենց վրա ուշադրություն հրավիրելու նրանց վարքը երկպառակությունների պատճառ էր դարձել ժողովում (Ա Կորնթացիս 3։3, 4; Բ Կորնթացիս 12։20)։ Իրավիճակն այնպես էր սրվել, որ Պողոսը հարկ էր համարել հանդիմանել կորնթացիներին ‘անմիտներին հանդուրժելու համար’, որոնց նա քննադատաբար անվանեց «գերընտիր առաքեալներ» (Բ Կորնթացիս 11։5, 19, 20)։
7, 8. Աստվածաշնչի հիման վրա ցույց տվեք, թե ինչպես կարելի է բնածին շնորհքներն օգտագործել միությանը նպաստելու համար։
7 Հար և նման իրավիճակ կարող է ստեղծվել և մեր օրերում։ Օրինակ՝ ոմանք, թերևս, սովորություն ունեն պարծենալու ծառայության մեջ իրենց ձեռք բերած հաջողություններով կամ էլ Աստծո կազմակերպության մեջ ունեցած առանձնաշնորհումներով։ Անգամ, եթե մեր պատրաստվածությամբ կամ մեր ընդունակություններով ժողովում գերազանցում ենք մյուսներին, դա մեզ պարծենալու իրավունք չի տալիս։ Դրա փոխարեն, մեր ունեցած շնորհքը լավ է գործածել ժողովի միությանը նպաստելու և ոչ թե մեզ ցուցադրելու նպատակով (Մատթէոս 23։12; Ա Պետրոս 5։6)։
8 Պողոսը գրեց, որ, չնայած ժողովը բազմաթիվ անդամներից է բաղկացած, «Աստուած կազմեց մարմինը» (Ա Կորնթացիս 12։19—26)։ «Կազմեց» թարգմանված հունարեն բառը կրում է ներդաշնակ գույներից ընդհանուր պատկեր ստեղծելու իմաստը։ Ուստի, ժողովում ոչ ոք չպետք է պարծենա իր ընդունակություններով կամ էլ փորձի իշխել մյուսների վրա։ Գոռոզությունն ու փառասիրությունը տեղ չունեն Աստծո կազմակերպության մեջ (Առակաց 16։19; Ա Կորնթացիս 14։12; Ա Պետրոս 5։2, 3)։
9. Ի՞նչ նախազգուշացնող օրինակներ կան Աստվածաշնչում իրենց անձնական շահը փնտրող մարդկանց մասին։
9 Սերը «իրենը չի փնտռում» (Ա Կորնթացիս 13։5)։ Սիրող մարդն ուրիշին չի օգտագործում իր նպատակներին հասնելու համար։ Այս կապակցությամբ Աստվածաշնչի մի քանի օրինակներ մեզ համար նախազգուշացում են հանդիսանում։ Կարդում ենք Դալիլայի, Հեզաբելի և Գոթողիայի մասին, կանայք, որոնք բանեցնում էին ուրիշներին՝ եսասիրական նպատակներ հետապնդելով (Դատաւորաց 16։16; Գ Թագաւորաց 21։25; Բ Մնացորդաց 22։10—12)։ Աստվածաշնչից տեղեկանում ենք նաև Դավիթ թագավորի որդի Աբիսողոմի մասին։ Նա մոտենում էր դատաստանի համար Երուսաղեմ եկած մարդկանց և խորամանկորեն ներշնչում այն միտքը, թե թագավորն անկեղծորեն չի հետաքրքրվում նրանց խնդիրներով։ Ապա ուղղակի հայտարարում էր, որ արքունիքում իրոք պետք է իր նման սրտացավ մեկը (Բ Թագաւորաց 15։2—4)։ Ինչ խոսք, Աբիսողոմին ոչ թե հարստահարվողներն էին հետաքրքրում, այլ՝ իր սեփական անձը։ Գործելով որպես ինքնակոչ թագավոր՝ նա շատերի սրտերին տիրացավ։ Սակայն վերջիվերջո Աբիսողոմը ջախջախիչ պարտություն կրեց։ Իսկ մահից հետո արժանի չհամարվեց անգամ պատշաճորեն թաղվելու (Բ Թագաւորաց 18։6—17)։
10. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ուշադիր ենք դիմացինի նկատմամբ։
10 Վերոհիշյալ դեպքը նախազգուշացում է այսօրվա քրիստոնյաների համար։ Լինենք կին թե տղամարդ, մենք ի ծնե համոզելու ունակություն ունենք։ Հեշտությամբ կարող ենք մեր ուզածին հասնել, ասենք՝ զրույցի ժամանակ մերը պնդելով և խոսակցության մեջ առաջնորդություն վերցնելով։ Սակայն, եթե իրո՛ք սերն է մեր մեջ խոսում, ապա ոչ թե մեր, այլ դիմացինի շահը կփնտրենք (Փիլիպպեցիս 2։2—4)։ Ուրիշներից մեզ բարձր չենք դասի և կասկածելի մտքեր չենք հայտնի՝ հիմնված միայն մեր փորձառության վրա. չենք պնդի, որ դրանք ընդունվեն միայն նրա համար, որ մենք Կազմակերպությունում պատասխանատվություններ ենք կրում և թե մեր տեսակետը միակն է, որ կշիռ ունի։ Դրա փոխարեն, տեղին է հիշել Աստվածաշնչի առակներից մեկը. «Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին» (Առակաց 16։18)։
Սերը նպաստում է խաղաղ փոխհարաբերություններին
11. ա) Ի՞նչ ուղիներով կարելի է բարությամբ և պարկեշտորեն սեր ցուցաբերել։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ չենք ուրախանում «անիրաւութեան» վրա։
11 Պողոսը գրեց նաև, որ սերը «քաղցրաբարոյ է» և «անվայել վարմունք չի ունենում» (Ա Կորնթացիս 13։4, 5)։ Այո՛, սերը կոպտություն, գռեհկություն թույլ չի տա, սերն անհարգալից չի վերաբերվի։ Հակառակը, պիտի հաշվի առնել մարդկանց զգացումները։ Օրինակ՝ սիրող անձնավորությունը կխուսափի այնպիսի բաներ անելուց, որպիսին թույլ չի տալիս դիմացինի խիղճը (համեմատեք Ա Կորնթացիս 8։13)։ Սերն «անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ» (Ա Կորնթացիս 13։6)։ Եթե սիրում ենք Եհովայի օրենքը, ապա չենք անտեսի անբարո արարքը և մասնակից չենք լինի Աստծուն տհաճություն պատճառող գործերին (Սաղմոս 119։97)։ Սերը կօգնի մեզ ուրախություն գտնել շինիչ գործերի, ոչ թե պառակտիչ արարքների մեջ (Հռովմայեցիս 15։2; Ա Կորնթացիս 10։23, 24; 14։26)։
12, 13. ա) Ինչպե՞ս է պետք արձագանքել, երբ որևէ մեկը վիրավորում է մեզ։ բ) Աստվածաշնչից բերեք օրինակներ՝ ցույց տալով, որ նույնիսկ արդարացի զայրույթը կարող է անխոհեմ քայլերի դրդել։
12 Պողոսը նշում է, որ սերը «բարկութեամբ չի գրգռւում» («շուտ չի վիրավորվում», Ֆիլիպս) (Ա Կորնթացիս 13։5)։ Համաձայնվեք, որ մենք՝ անկատար մարդիկս, բնական ենք համարում հուզվելը կամ վրդովվելը, երբ մեզ վիրավորում են։ Սակայն, սխալ կլիներ երկար ժամանակ վիրավորանքի զգացումը պահել կամ գրգռված վիճակում մնալ (Սաղմոս 4։5, էԹ; Եփեսացիս 4։26)։ Եթե չզսպենք անգամ արդարացի զայրույթը, այն կարող է դրդել մեզ անխոհեմ քայլերի, որոնց համար հարկ կլինի պատասխան տալ Եհովային (Ծննդոց 34։1—31; 49։5—7; Թուոց 12։3; 20։10—12; Սաղմոս 106։32, 33)։
13 Ոմանք թույլ են տվել, որ ուրիշների անկատարությունն ազդի ժողովներին հաճախելու կամ քարոզչությանը մասնակցելու իրենց որոշման վրա։ Նրանցից շատերը նախկինում պայքար են մղել հավատի համար՝ հավանական է ընտանիքի հակառակությունը, աշխատակիցների ծաղր ու ծանակը և նման ուրիշ վերաբերմունք հանդուրժելով։ Նրանք հաղթահարել են այդպիսի խոչընդոտները, քանի որ համարել են դրանք փորձություններ իրենց ուղղամտությունը պահելու հարցում, և այդպես էլ կար։ Սակայն ինչպե՞ս են վարվում, երբ հավատակիցներից մեկը խոսքով կամ գործով թերանում է սեր ցուցաբերել։ Մի՞թե այդ պարագայում ևս չի փորձվում մեր ուղղամտությունը։ Անշուշտ փորձվում է, քանի որ, եթե շարունակենք զայրացած վիճակում մնալ, ‘տեղի կտանք Սատանային’ (Եփեսացիս 4։27)։
14, 15. ա) Ի՞նչ է նշանակում «չար բան չի մտապահում» արտահայտությունը։ բ) Ինչպե՞ս կարող ենք նմանվել Եհովային ներողամտության հարցում։
14 Ուրեմն տեղին են Պողոսի հետագա խոսքերը, թե սերը «չար բան չի խորհում [«մտապահում», ՆԱ]» (Ա Կորնթացիս 13։5)։ Այստեղ Պողոսը հաշվապահական տերմին է գործածում, հավանաբար ցանկանալով տալ այն միտքը, թե ինչպես է մայր մատյանում գրանցվում սխալը, որպեսզի չմոռացվի։ Մի՞թե սիրո մասին է խոսում այն փաստը, երբ մտապահում ենք որևէ դառը խոսք կամ արարք այնպես, կարծես թե հարկ է լինելու երբևիցե դրան անդրադառնալ։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան նման անգութ ձևով չի վերաբերվում մեզ (Սաղմոս 130։3)։ Այո՛, երբ մենք զղջում ենք, նա անմիջապես մոռանում է մեր մեղքերը (Գործք 3։19)։
15 Այս հարցում կարող ենք նմանվել Եհովային։ Պետք չէ չափազանց զգայուն լինել, երբ թվում է, թե մեզ անտեսում են։ Եթե մենք շուտ ենք վիրավորվում, դրանով կարող ենք ինքներս մեզ այնպիսի ցավ պատճառել, ինչպիսին չէր կարող հասցնել նույնիսկ տվյալ անձնավորությունը (Ժողովող 7։9, 22)։ Դրա փոխարեն պետք է հիշել, որ սերն «ամէն բանի հաւատում է» (Ա Կորնթացիս 13։7)։ Իհարկե, մեզանից ոչ մեկը չի ցանկանում դյուրահավատ լինել, բայց չպետք է նաև չափից դուրս կասկածի ենթարկել մեր եղբայրների շարժառիթները։ Հնարավորին չափով եկեք ընդունենք, որ մեր դիմացինը զերծ է վատ մոտիվներից (Կողոսացիս 3։13)։
Սերն օգնում է համբերել
16. Ի՞նչ հանգամանքներում սերը կարող է օգնել մեզ համբերատար լինելու։
16 Պողոսն այնուհետև գրում է, որ «սէրը համբերող է» (Ա Կորնթացիս 13։4)։ Սերը մեզ ուժ է տալիս տոկալու դժվար կացությունների մեջ, հատկապես երբ դրանք խիստ երկար են տևում։ Օրինակ՝ բազմաթիվ քրիստոնյաներ տարիներ շարունակ ապրել են կրոնապես բաժանված ընտանիքներում։ Շատերը միայնակ են, բայց ոչ իրենց ընտրությամբ, այլ որովհետև չեն կարողացել համապատասխան զույգ գտնել «Տիրոջով» (Ա Կորնթացիս 7։39; Բ Կորնթացիս 6։14)։ Մյուսները պայքարում են առողջության հետ կապված խնդիրների դեմ (Գաղատացիս 4։13, 14; Փիլիպպեցիս 2։25—30)։ Իսկապես, այս անկատար համակարգում չկա մեկը, որ գտնվի այնպիսի իրավիճակում, որտեղ գոնե փոքր–ինչ չզգացվի համբերություն ցուցաբերելու կարիքը (Մատթէոս 10։22; Յակոբոս 1։12)։
17. Ի՞նչը կօգնի ամեն բանի դիմանալ։
17 Պողոսը վստահեցնում է, որ սերն «ամէն բանի դիմանում է.... մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում» (Ա Կորնթացիս 13։7)։ Սերը դեպի Եհովան օգնում է մեզ հանուն արդարության ցանկացած դժվար իրավիճակում տոկալու (Մատթէոս 16։24; Ա Կորնթացիս 10։13)։ Մենք մարտիրոսության չենք ձգտում. ընդհակառակը, մեր նպատակն է խաղաղ, հանգիստ կյանք վարել (Հռովմայեցիս 12։18; Ա Թեսաղոնիկեցիս 4։11, 12)։ Այնուամենայնիվ, երբ փորձվում է մեր հավատը, մենք ուրախությամբ տանում ենք փորձությունները՝ համարելով դա Քրիստոսի աշակերտները լինելու «ծախսը» (Ղուկաս 14։28—33)։ Փորձությունների ժամանակ ձգտում ենք դրական տեսակետ ունենալ՝ հուսալով, որ փորձությունը, վերջիվերջո, լավ ավարտ կունենա։
18. Ինչո՞ւ նույնիսկ բարենպաստ պայմաններում համբերություն է հարկավոր։
18 Միայն դժբախտությունների ժամանակ չէ, որ դիմանալու անհրաժեշտություն է պահանջվում։ Հաճախ դիմանալ նշանակում է շարունակել ընթացքը, անկախ այն բանից՝ առկա են փորձությունները, թե՝ ոչ։ Դիմանալ նշանակում է նաև պահպանել հոգևոր առողջ օրակարգ։ Օրինակ՝ մասնակցո՞ւմ եք ծառայությանն այն չափով, որ չափով որ թույլ են տալիս ձեր հանգամանքները։ Կարդո՞ւմ եք Աստծո Խոսքը, խորհո՞ւմ եք դրա շուրջը, հաղորդակցվո՞ւմ եք ձեր երկնային Հոր հետ աղոթքի միջոցով։ Կանոնավորաբար հաճախո՞ւմ եք ժողովի հանդիպումներին, ձեր հավատակիցների հետ շփվելիս՝ օգտվո՞ւմ եք միմյանց քաջալերելու առիթից։ Եթե այո, ապա ինչ իրավիճակում էլ որ գտնվելիս լինեք՝ հանգիստ կամ անհանգիստ, դուք դիմանում եք։ Եկեք չհանձնվենք, «որովհետեւ յարմար ժամանակին պիտի հնձենք, եթէ չթուլանանք» (Գաղատացիս 6։9)։
Սիրո «առաւել լաւ ճանապարհը»
19. Ինչպե՞ս է սերն ««առաւել լաւ ճանապարհ»։
19 Պողոսն ընդգծեց սեր ցուցաբերելու կարեվորությունը՝ կոչելով այս չքնաղ հատկությունը «առաւել լաւ ճանապարհ» (Ա Կորնթացիս 12։31)։ Ի՞նչ իմաստով է այն «առաւել լաւը»։ Առաջին դարի քրիստոնյաների մեջ եղած սուրբ հոգու շնորհները թվարկելուց հետո էր, որ Պողոսը նշեց այդ մասին։ Ոմանք մարգարեանալու շնորհ էին ստացել, ուրիշները՝ հիվանդություններ բուժելու, շատերն էլ լեզուներով խոսելու ընդունակությամբ էին օժտվել։ Ինչ խոսք, ապշեցուցիչ պարգևներ էին։ Այնուամենայնիվ, Պողոսն ասաց կորնթացիներին. «Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կը նմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են։ Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը, եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ» (Ա Կորնթացիս 13։1, 2)։ Այո՛, նույնիսկ այն գործերը, որոնք այլ կերպով մեծ արժեք կարող են ունենալ, բայց եթե դրանց շարժառիթը սերը չէ դեպի Աստված և դրացին, ապա դրանք ընդամենը «մեռած գործեր» են (Եբրայեցիս 6։1)։
20. Ինչո՞ւ է սեր մշակելու համար շարունակական ջանքեր պահանջվում։
20 Մեկ այլ պատճառ, թե ինչո՛ւ պետք է մշակել սիրո այս հատկությունը, ցույց տվեց մեզ Հիսուսը։ «Եթէ դուք միմեանց սիրէք,— ասաց նա,— դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք» (Յովհաննէս 13։35)։ «Եթէ» բառը ցույց է տալիս, որ դա անձամբ քրիստոնյայից է կախված, կսովորի՞ նա արդյոք սեր դրսևորել, թե՝ ոչ։ Եվ վերջապես, օտար երկրում բնակվելը ինքնըստինքյան չի ստիպում այդ երկրի լեզուն սովորել։ Ոչ էլ Թագավորության սրահ ժողովի հանդիպումներին հաճախելն ու հավատակիցների հետ շփվելն է մեզ մեխանիկորեն սովորեցնում սեր ցուցաբերել։ Այս «լեզուն» սովորելը շարունակական ջանքեր է պահանջում։
21, 22. ա) Ինչպե՞ս վարվել, եթե երբեմն չենք կարողանում լիովին դրսևորել Պողոսի քննարկած սիրո երեսակները։ բ) Ո՞ր դեպքում կարելի է ասել, որ «սէրը երբեք չի անհետանում»։
21 Ժամանակ առ ժամանակ, թերևս, չկարողանաք լիովին պահպանել Պողոսի քննարկած սիրո երեսակները։ Սակայն մի՛ հուսահատվեք։ Համբերատար եղեք ինքներդ ձեր նկատմամբ։ Շարունակեք շարժվել Աստվածաշնչի խորհուրդներով և կիրառեք նրա սկզբունքները մարդկանց հետ շփվելիս։ Երբեք մի՛ մոռացեք Եհովայի տված օրինակը։ Պողոսը հորդորեց եփեսացիներին. «Միմեանց հետ եղէք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով» (Եփեսացիս 4։32)։
22 Ինչպես օտար լեզվով խոսելն է ժամանակի ընթացքում ավելի ու ավելի դյուրին դառնում, այնպես էլ դուք ժամանակի ընթացքում կհայտնաբերեք, որ սեր ցուցաբերելը ձեզ համար ավելի ու ավելի հեշտ է դառնում։ Պողոսը հավաստիացնում է, որ «սէրը երբեք չի անհետանում» (Ա Կորնթացիս 13։8)։ Ի տարբերություն սուրբ հոգու հրաշալի պարգևների՝ սերը երբեք չի վերջանա։ Շարունակե՛ք, ուրեմն, դրսևորել այս հրաշալի հատկությունը. չէ՞ որ, համաձայն Պողոսի խոսքերի, այն «առաւել լաւ ճանապարհն» է։
Կարո՞ղ եք բացատրել
◻ Ինչպե՞ս է սերն օգնում հաղթահարելու հպարտությունը։
◻ Սերն ինչպե՞ս կարող է օգնել ժողովում խաղաղություն հաստատելուն։
◻ Սերն ինչպե՞ս է օգնում դիմանալ։
◻ Ի՞նչ իմաստով է սերն «առաւել լաւ ճանապարհ»։
[նկար 15–րդ էջի վրա]
Սերը կօգնի անտեսել մեր հավատակիցների սխալները։