1 Կորնթացիներ
3 Ուստի, եղբայրնե՛ր, ես չէի կարող ձեզ հետ խոսել, ինչպես հոգևոր մտածելակերպ ունեցողների հետ,+ այլ խոսում էի այնպես, ինչպես կխոսեի մարմնավոր մտածելակերպ ունեցողների՝ քրիստոնեական հավատի մեջ մանուկների+ հետ: 2 Ես ձեզ կաթով էի սնում, ոչ թե պինդ կերակուրով, որովհետև դուք դեռ պատրաստ չէիք դրան: Իրականում դուք հիմա էլ պատրաստ չեք,+ 3 քանի որ դեռ մարմնավոր մտածելակերպ ունեք:+ Եթե ձեր մեջ նախանձ ու պառակտումներ կան, ուրեմն մի՞թե մարմնավոր չեք+ և մի՞թե այս աշխարհի մարդկանց պես չեք վարվում: 4 Երբ մեկն ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում»,* մյուսը՝ «Ես՝ Ապողոսին»,+ մի՞թե մյուս մարդկանց պես չեք վարվում:
5 Ո՞վ է Ապողոսը, կամ ո՞վ է Պողոսը. ընդամենը ծառայողներ,+ որոնք կատարում են Տիրոջ հանձնարարած գործը, և որոնք պարզապես օգնեցին ձեզ դառնալ հավատացյալներ: 6 Ես տնկեցի,+ Ապողոսը ջրեց,+ բայց Աստված է, որ աճեցրեց: 7 Այնպես որ ո՛չ տնկողն է պատվի արժանի, ո՛չ էլ ջրողը, այլ Աստված, ով աճեցնում է:+ 8 Թե՛ տնկողը, թե՛ ջրողը նույն նպատակի համար են ջանք գործադրում,* և ամեն մեկը իր ջանքերին համապատասխան վարձատրություն կստանա:+ 9 Այո՛, մենք Աստծու համագործակիցներն ենք: Դուք Աստծո՛ւ արտն եք, որը նա է մշակում, դուք Աստծո՛ւ կառույցն եք:+
10 Իմ հանդեպ Աստծու դրսևորած անզուգական բարության շնորհիվ ես՝ ինչպես մի հմուտ շինարար,* հիմքն եմ դրել,+ մեկ ուրիշն էլ կառուցում է դրա վրա: Ամեն մեկը թող ուշադիր լինի, թե ինչպես է կառուցում դրված հիմքի վրա: 11 Արդեն իսկ դրված հիմքից բացի, որը Հիսուս Քրիստոսն է, ոչ ոք չի կարող որևէ այլ հիմք դնել:+ 12 Այդ հիմքի վրա մեկը գուցե կառուցի ոսկով, արծաթով ու թանկարժեք քարերով, մյուսը՝ փայտով, չոր խոտով, ծղոտով: 13 Երբ օրը գա, յուրաքանչյուրի արած գործը հայտնի կդառնա: Կրակով ամեն ինչ կբացահայտվի,+ և պարզ կդառնա, թե ով ինչպես է կառուցել: 14 Եթե այդ հիմքի վրա որևէ մեկի կառուցածը մնա, նա վարձատրություն կստանա, 15 իսկ եթե այրվի, կորուստ կկրի, ու թեև ինքը կփրկվի, բայց կլինի ասես կրակից հազիվ ազատված:
16 Չգիտե՞ք, որ դուք Աստծու տաճարն եք,+ և որ Աստծու ոգին ձեր մեջ է:+ 17 Եթե որևէ մեկը Աստծու տաճարը կործանի, Աստված էլ նրան կկործանի, որովհետև Աստծու տաճարը սուրբ է, և այդ տաճարը դուք եք:+
18 Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի. ձեզնից ով որ կարծում է, թե այս աշխարհի* տեսանկյունից իմաստուն է, թող հիմար դառնա, որպեսզի իսկապես իմաստուն լինի: 19 Չէ՞ որ այս աշխարհի իմաստությունը հիմարություն է Աստծու աչքին, ինչպես որ գրված է. «Նա այնպես է անում, որ իմաստուններն ընկնեն իրենց իսկ խորամանկ ծուղակը»:+ 20 Նաև գրված է. «Եհովան* գիտի, որ իմաստուն մարդկանց դատողությունները փուչ են»:+ 21 Ուրեմն թող ոչ ոք չպարծենա մարդկանցով, քանի որ ամեն ինչ ձերն է՝ 22 թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը,*+ թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկա բաները և թե՛ գալիք բաները՝ ամենն էլ ձեզ են պատկանում: 23 Դուք էլ ձեր հերթին Քրիստոսին եք պատկանում,+ իսկ Քրիստոսը՝ Աստծուն: