Ովքե՞ր հարություն կառնեն
«Սորա վերայ մի զարմանաք. որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան» (ՅՈՎՀԱՆՆԷՍ 5։28, 29)։
1. Ի՞նչ նշանակալից խոսքեր լսեց Մովսեսը այրվող մորենու միջից, և հետագայում ո՞վ կրկնեց այդ խոսքերը։
ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 500 տարի առաջ մի արտառոց բան տեղի ունեցավ։ Մովսեսը արածեցնում էր Հոթոր նահապետի ոչխարների հոտը։ Քորեբ լեռան մոտակայքում Եհովայի հրեշտակը այրվող մորենու միջից երևաց Մովսեսին։ «Նա տեսաւ որ ահա մորենին կրակով վառվում էր, բայց մորենին չէր սպառվում»,— կարդում ենք «Ելից» գրքի արձանագրության մեջ։ Ապա մորենու միջից մի ձայն լսվեց. «Ես եմ քո հօր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը» (Ելից 3։1–6)։ Հետագայում՝ մ. թ. առաջին դարում, այդ նույն խոսքերը կրկնեց անձամբ Աստծու Որդին՝ Հիսուսը։
2, 3. ա) Ի՞նչ է սպասում Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ բ) Ի՞նչ հարցեր են առաջ գալիս։
2 Հիսուսը զրուցում էր սադուկեցիներից մի քանիսի հետ. սադուկեցիները չէին հավատում հարությանը։ Հիսուսն ասաց. «Թէ մեռելները յարութիւն կ’առնեն, Մովսէսն էլ մարգարէացաւ մորենու մօտ, ինչպէս Տիրոջ համար ասում է՝ Աբրահամի Աստուած եւ Իսահակի Աստուած եւ Յակոբի Աստուած։ Իսկ Աստուած մեռելներինը չէ, այլ կենդանիներինը. որովհետեւ ամենքը կենդանի են նորա համար» (Ղուկաս 20։27, 37, 38)։ Այս խոսքերով Հիսուսը հաստատեց, որ Աստծու տեսանկյունից՝ Աբրահամը, Իսահակը և Հակոբը, որոնք վաղուց մահացել էին, կենդանի էին Աստծու հիշողության մեջ։ Հոբի նման՝ նրանք սպասում են, թե երբ պիտի ավարտվի իրենց հարկադիր ծառայությունը՝ մահվան քնի վիճակը (Յոբ 14։14, ՆԱ)։ Նրանք հարություն կառնեն Աստծու նոր աշխարհում։
3 Իսկ ի՞նչ կարելի է ասել միլիարդավոր մարդկանց մասին, որոնք մահացել են ողջ պատմության ընթացքում։ Նրանք նո՞ւյնպես հարություն կառնեն։ Նախքան այդ հարցի պատասխանը գտնելը եկեք տեսնենք, թե, համաձայն Աստծու Խոսքի, ուր են գնում մարդիկ մահից հետո։
Որտե՞ղ են գտնվում մահացածները
4. ա) Ո՞ւր են գնում մարդիկ մահից հետո։ բ) Ի՞նչ է շեոլը։
4 Աստվածաշունչը սովորեցնում է, որ մահացածները «մի բան չ’գիտեն»՝ ոչինչ չեն գիտակցում։ Մահանալով՝ նրանք ոչ տանջվում են դժոխքում, ոչ էլ չարչարվում են լիմպոսումa, այլ պարզապես հող են դառնում։ Հետևաբար, Աստծու Խոսքը կենդանի մարդկանց խորհուրդ է տալիս. «Ամեն ինչ որ ձեռքդ գտնէ անելու՝ ուժովդ արա, որ գործք, խորհուրդ, գիտութիւն եւ իմաստութիւն չ’կայ միւս աշխարհքումը [«շեոլում», ՆԱ], ուր որ դու պիտի գնաս» (Ժողովող 9։5, 10; Ծննդոց 3։19)։ Շատերին ծանոթ չէ «շեոլ» բառը։ Դա եբրայերեն բառ է, որի ծագումը անհայտ է։ Շատ կրոններ սովորեցնում են, որ մահացածները կենդանի են, բայց, ինչպես ցույց է տալիս Աստծու ներշնչյալ Խոսքը, շեոլում գտնվողները մահացած, անգիտակից վիճակում են։ Շեոլը մարդկության համընդհանուր գերեզմանն է։
5, 6. Մահանալով՝ Հակոբն ո՞ւր գնաց և այնտեղ ո՞ւմ միացավ։
5 Աստվածաշնչի բնագիր տեքստում «շեոլ» բառը առաջին անգամ հանդիպում է Ծննդոց 37։35–ումb։ Իր սիրելի որդի Հովսեփին կորցնելուց հետո նահապետ Հակոբը հրաժարվեց մխիթարվել՝ ասելով. «Ես սուգով կ’իջնեմ գերեզմանը [շեոլ] իմ որդու մօտ»։ Նա ուզում էր մահանալ և լինել շեոլում, քանի որ կարծում էր, թե իր որդին մահացած է։ Հետագայում Հակոբի ինը ավագ որդիները ցանկացան նրա ամենակրտսեր որդուն՝ Բենիամինին, տանել Եգիպտոս, որպեսզի վերապրեին սովից։ Սակայն Հակոբը մերժեց՝ ասելով. «Իմ որդին ձեզ հետ չի իջնիլ, որովհետեւ նորա եղբայրը մեռած է, եւ նա է մնացել մինակ. եւ եթէ ձեր գնալու ճանապարհին նորան մի փորձանք պատահելու լինի, իմ սպիտակ մազերը տրտմութիւնով գերեզմանը կ’իջեցնէք» (Ծննդոց 42։36, 38)։ Այս երկու հղումները շեոլը կապում են մահվան և ոչ թե մահից հետո գոյություն ունեցող կյանքի ինչ–որ ձևի հետ։
6 «Ծննդոց» գրքի արձանագրությունը ցույց է տալիս, որ Եգիպտոսում Հովսեփը սննդամթերքի պատասխանատու դարձավ։ Ուստի Հակոբը կարողացավ գնալ Եգիպտոս՝ Հովսեփի մոտ, և այդ հանդիպումը մեծ ուրախություն պատճառեց նրանց։ Այդպիսով Հակոբը բնակություն հաստատեց Եգիպտոսում և մինչև իր կյանքի վերջը մնաց այնտեղ. նա մահացավ ծեր հասակում՝ 147 տարեկանում։ Մահից առաջ հայտնած իր ցանկության համաձայն՝ որդիները նրա մարմինը տարան Քանանի երկիր և թաղեցին Մաքփելայի այրում (Ծննդոց 47։28; 49։29–31; 50։12, 13)։ Այդպես Հակոբը միացավ իր հորը՝ Իսահակին, և իր պապին՝ Աբրահամին։
‘Խառնվեց իր հայրերին’
7, 8. ա) Ո՞ւր գնաց Աբրահամը մահից հետո։ Բացատրեք։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ մահից հետո ուրիշներ էլ գնացին շեոլ։
7 Ավելի վաղ, երբ Եհովան ուխտ հաստատեց Աբրահամի հետ և խոստացավ, որ նրա սերունդը կշատանա, նա նաև հայտնեց, թե ինչ էր պատահելու Աբրահամին։ «Դու խաղաղութեամբ քո հայրերի մօտ կ’գնաս. լաւ ծերացած կ’թաղուիս»,— ասաց Եհովան (Ծննդոց 15։15)։ Այդպես էլ եղավ։ Ծննդոց 25։8–ում կարդում ենք. «Եւ Աբրահամը լաւ ծերութեամբ ալեւորած եւ իր օրերիցը կշտացած աւանդեց իր հոգին եւ մեռաւ, եւ իր ժողովրդին խառնուեցաւ»։ Ո՞վ էր այդ ժողովուրդը։ Ծննդոց 11։10–26-ում թվարկվում են Աբրահամի նախահայրերի անունները մինչև Նոյի որդի Սեմը։ Շեոլում քնած այս մարդկանց էր, որ ‘խառնվեց’ Աբրահամը մահից հետո։
8 Եբրայերեն Գրություններում հաճախ է հանդիպում «իր ժողովրդին խառնուեցաւ» արտահայտությունը։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ Աբրահամի որդի Իսմայելը և Մովսեսի եղբայր Ահարոնը երկուսն էլ մահից հետո գնացել են շեոլ, որտեղ սպասում են հարության (Ծննդոց 25։17; Թուոց 20։23–29)։ Նմանապես, Մովսեսը գնաց շեոլ, թեև ոչ ոք չիմացավ, թե որտեղ էր նրա գերեզմանը (Թուոց 27։13; Բ Օրինաց 34։5, 6)։ Հեսուն, որը Մովսեսի հաջորդն էր և Իսրայելի առաջնորդը, ինչպես նաև մի ամբողջ սերունդ մահից հետո նույնպես գնացին շեոլ (Դատաւորաց 2։8–10)։
9. ա) Ինչպե՞ս է Աստվածաշունչը ցույց տալիս, որ եբրայերեն «շեոլ» և հունարեն «հադես» բառերը մատնանշում են նույն տեղը։ բ) Ի՞նչ է սպասում շեոլում՝ հադեսում, գտնվողներին։
9 Դարեր անց Դավիթը դարձավ Իսրայելի 12 ցեղերի թագավորը։ Մահանալով՝ նա «ննջեց իր հայրերի հետ» (Գ Թագաւորաց 2։10)։ Արդյոք նա նո՞ւյնպես շեոլ գնաց։ Հետաքրքիր է, որ մ.թ. 33–ի Պենտեկոստեի օրը Պետրոս առաքյալը հիշատակեց Դավիթի մահն ու մեջբերեց Սաղմոս 16։10–ը. «Իմ անձը չես թողիլ գերեզմանումը [շեոլում]»։ Ասելով, որ Դավիթը դեռ գերեզմանում էր՝ Պետրոսը այս խոսքերը կիրառեց Հիսուսի առնչությամբ և նշեց, որ Դավիթը «առաջուց իմացած՝ խօսեց Քրիստոսի յարութեան համար, թէ՝ նորա անձը գերեզմանումը [«հադեսում», ՆԱ] չ’թողուեցաւ՝ եւ ոչ էլ նորա մարմինն ապականութիւն տեսաւ։ Սոյն այս Յիսուսին Աստուած յարութիւն տուաւ որի վկաներն ենք մենք ամենքս» (Գործք 2։29–32)։ Պետրոսն այստեղ օգտագործում է հունարեն «հադես» բառը՝ եբրայերեն «շեոլ» բառի համարժեքը։ Այսպիսով՝ նրանք, ովքեր հադեսում են, գտնվում են նույն վիճակում, ինչ որ շեոլում գտնվողները։ Նրանք ննջում են՝ սպասելով հարության։
Արդյոք անարդար մարդիկ շեոլո՞ւմ են գտնվում
10, 11. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ որոշ անարդար մարդիկ մահից հետո գնում են շեոլ՝ հադես։
10 Այն բանից հետո, երբ Մովսեսը Իսրայել ազգին դուրս բերեց Եգիպտոսից, անապատում խռովություն բարձրացավ։ Մովսեսը ժողովրդին ասաց, որ առանձնանան խռովությունը հրահրողներից՝ Կորխից, Դաթանից և Աբիրոնից։ Վերջիններս մահանալու էին դաժան մահով։ Մովսեսն ասաց. «Եթէ սորանք ամեն մարդի մեռնելու պէս մեռնեն, եւ եթէ ամեն մարդի պատժուածովը սորանք էլ պատժուին, այն ժամանակ ինձ Եհովան չէ ուղարկել։ Բայց եթէ Եհովան մի հրաշք անէ, եւ երկիրն իր բերանը բանայ, եւ նորանց եւ նորանց բոլոր ունեցածը կուլ տայ եւ նորանք ողջ ողջ դժոխքն [շեոլ] իջնեն, այն ժամանակ կ’գիտենաք որ այս մարդիկը Եհովային անարգեցին» (Թուոց 16։29, 30)։ Ուստի, անկախ այն բանից՝ երկիրը բացվեց ու կուլ տվեց նրանց, թե կրակը լափեց, ինչպես Կորխին ու նրան թիկունք կանգնող 250 ղևտացիներին, բոլոր այդ ապստամբները հայտնվեցին շեոլում՝ հադեսում (Թուոց 26։10)։
11 Սեմեին, որն անիծեց Դավիթ թագավորին, պատժվեց Սողոմոնի՝ Դավիթի հաջորդի կողմից։ «Դու նորան անմեղ չ’համարես,— պատվիրել էր Դավիթը,— որովհետեւ դու իմաստուն մարդ ես եւ գիտես թէ նորան ինչ պիտի անես, որ նորա ալեւորութիւնը արիւնով գերեզման իջեցնես»։ Սողոմոնի հրամանով՝ Բանեան իրականացրեց այդ դատավճիռը (Գ Թագաւորաց 2։8, 9, 44–46)։ Բանեայի ձեռքով սպանվեց նաև մեկ ուրիշ անձնավորություն՝ Իսրայելի նախկին զորագլուխ Հովաբը։ Նրա ճերմակ մազերը «խաղաղութեամբ [չիջան] գերեզման» (Գ Թագաւորաց 2։5, 6, 28–34)։ Այս օրինակները վկայում են Դավիթի ներշնչյալ երգի ճշմարտացիության մասին. «Ամբարիշտները դժոխքի մէջ պիտի ետ դառնան, եւ ամեն ազգերը, որ մոռանում են Աստծուն» (Սաղմոս 9։17)։
12. Ո՞վ էր Աքիտոփելը, և ո՞ւր գնաց նա մահից հետո։
12 Աքիտոփելը Դավիթի անձնական խորհրդատուն էր։ Նրա տված խորհուրդները համարվում էին անձամբ Եհովայի կողմից ասված խոսքեր (Բ Թագաւորաց 16։23)։ Ցավոք, այս վստահելի ծառան դարձավ դավաճան և միացավ Դավիթի որդու՝ Աբիսողոմի կազմակերպած ապստամբությանը։ Ակներևաբար, Դավիթը այդ դավաճանությունը նկատի ուներ, երբ գրեց. «Եթէ թշնամին ինձ նախատինք տար՝ կ’համբերէի. եւ եթէ ինձ ատողը պարծենար ինձ վերայ՝ կ’թագչէի նորանից»։ Այնուհետև նա շարունակեց. «Թող մահ հասնէ նորանց վերայ, եւ կենդանի կենդանի խորտակուին դժոխքի մէջ. որովհետեւ չարութիւններ կան նորանց բնակարաններումը՝ նորանց ներսումը» (Սաղմոս 55։12–15)։ Մահանալով՝ Աքիտոփելն ու նրա կողմնակիցները գնացին շեոլ։
Ովքե՞ր են գտնվում գեհենում
13. Ինչո՞ւ է Հուդան կոչվում «կորուստի որդի»։
13 Եկեք Դավիթի իրավիճակը համեմատենք Մեծ Դավիթի՝ Հիսուսի իրավիճակի հետ։ Քրիստոսի 12 առաքյալներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, Աքիտոփելի պես դարձավ դավաճան։ Սակայն Հուդայի դավաճանությունը շատ ավելի լուրջ արարք էր, քան Աքիտոփելինը։ Հուդան Աստծու միածին Որդու դեմ գնաց։ Աստծու Որդին իր երկրային ծառայության վերջում աղոթելիս հիշատակեց իր հետևորդների մասին. «Երբոր ես աշխարհքումը նորանց հետ էի, ես էի պահում նորանց քո անունովը. նորանց որ տուիր ինձ, պահեցի. եւ նորանցից ոչ մէկը չ’կորաւ. բայց միայն կորուստի որդին, որ գրուածը կատարուի» (Յովհաննէս 17։12)։ Հուդայի մասին խոսելով որպես «կորուստի որդ[ու]»՝ Հիսուսը ցույց տվեց, որ Հուդան մահից հետո հարություն առնելու հույս չէր կարող ունենալ։ Նա չմնաց Աստծու հիշողության մեջ։ Հուդան գնաց ոչ թե շեոլ, այլ գեհեն։ Իսկ ի՞նչ է գեհենը։
14. Ի՞նչ է խորհրդանշում գեհենը։
14 Հիսուսը դատապարտեց իր օրերի կրոնական առաջնորդներին, քանի որ նրանք իրենց աշակերտներից յուրաքանչյուրին դարձնում էին «գեհենի որդի» (Մատթէոս 23։15)։ Այն ժամանակ մարդկանց ծանոթ էր Ենովմի ձորը՝ մի վայր, որն օգտագործվում էր որպես աղբանոց, ուր գցվում էին մահապատժի ենթարկված հանցագործների մարմինները, որոնք արժանի չէին եղել պատվով թաղվելու։ Հիսուսն անձամբ հիշատակել էր գեհենի մասին դեռ Լեռան քարոզում (Մատթէոս 5։29, 30)։ Գեհենի այլաբանական նշանակությունը պարզ էր նրա ունկնդիրներին։ Այն խորհրդանշում էր լիակատար ոչնչացում՝ առանց հարության հույսի։ Բացի Հուդա Իսկարիովտացուց, կա՞ն ուրիշ մարդիկ, որ մահից հետո գնացել են գեհեն և ոչ թե շեոլ, կամ՝ հադես։
15, 16. Մահից հետո ովքե՞ր գնացին գեհեն, և ի՞նչն էր դրա պատճառը։
15 Առաջին մարդիկ՝ Ադամն ու Եվան, կատարյալ էին ստեղծված։ Նրանք գիտակցաբար մեղք գործեցին։ Նրանց առջև երկու ընտրություն կար՝ կամ հավիտենական կյանք, կամ մահ։ Ադամն ու Եվան չհնազանդվեցին Աստծուն և դիրք բռնեցին Սատանայի կողմը։ Մահից հետո նրանց համար Քրիստոսի քավիչ զոհաբերությունից օգուտներ քաղելու հույս չէր կարող լինել։ Նրանք գնացին գեհեն։
16 Ադամի անդրանիկ որդին՝ Կայենը, սպանեց իր եղբորը՝ Աբելին, և դրանից հետո աստանդական կյանքով ապրեց։ Հովհաննես առաքյալը Կայենի մասին գրեց, որ նա ‘չարից’ էր (Ա Յովհաննէս 3։12)։ Տրամաբանական է եզրակացնել, որ իր ծնողների պես՝ նա մահից հետո գնաց գեհեն (Մատթէոս 23։33, 35)։ Որքա՜ն է սա տարբերվում Աբելի ունեցած հեռանկարից։ «Հաւատքով Հաբէլը Կայէնիցն աւելի լաւ պատարագ մատուցրեց Աստուծուն, որով վկայութիւն ընդունեց թէ արդար է, երբոր Աստուած նորա պատարագների վերայ վկայութիւն տուաւ. որ նորանով տակաւին հիմա էլ խօսում է թէպէտ եւ մեռել է»,— բացատրեց Պողոսը (Եբրայեցիս 11։4)։ Այո՛, Աբելն այժմ գտնվում է շեոլում և սպասում է հարության։
‘Առաջին հարությունը’ և ‘լավագույն հարությունը’
17. ա) Այս ‘վերջին ժամանակում’ ովքե՞ր են գնում շեոլ։ բ) Ի՞նչ հեռանկար ունեն շեոլում գտնվողները, և ի՞նչ է սպասում գեհենում գտնվողներին։
17 Շատերը, կարդալով այս տեղեկությունը, կցանկանան իմանալ, թե ինչ վիճակում են գտնվում նրանք, ովքեր մահանում են ‘վերջին ժամանակում’ (Դանիէլ 8։19)։ «Յայտնութիւն» գրքի 6–րդ գլխում նկարագրվում է չորս հեծյալների ձիավարությունը, որը կատարվում է այդ ժամանակում։ Հետաքրքիր է, որ ձիավորներից վերջինը կոչվում է «մահ», և նրան ուղեկցում է հադեսը։ Ուստի նրանք, ովքեր անժամանակ մահանում են նախորդ ձիավորներով խորհրդանշված աղետների պատճառով, գնում են հադես և սպասում են, որ հարություն առնեն Աստծու նոր աշխարհում (Յայտնութիւն 6։8)։ Ուրեմն ի՞նչ հեռանկար ունեն շեոլում (հադեսում) գտնվողները, և ի՞նչ է սպասում գեհենում գտնվողներին։ Պարզ ասած՝ առաջիններին սպասում է հարություն, իսկ վերջիններին՝ հավիտենական կործանում՝ չգոյության վիճակ։
18. Ի՞նչ հեռանկար է տալիս ‘առաջին հարությունը’։
18 Հովհաննես առաքյալը գրեց. «Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի յարութեան մէջ. սորանց վերայ իշխանութիւն չ’ունի երկրորդ մահը. այլ Աստուծոյ եւ Քրիստոսի քահանաներ կ’լինին. եւ նորա հետ կ’թագաւորեն հազար տարի»։ Հիսուսի իշխանակիցները բաժին ունեն «առաջի[ն] յարութեան» մեջ, իսկ ի՞նչ հեռանկար ունեն մնացած մարդիկ (Յայտնութիւն 20։6)։
19. Ինչպե՞ս ոմանք օգուտներ կքաղեն «լաւագոյն յարութ[յունից]»։
19 Աստծու ծառաներ Եղիայի ու Եղիսեի ժամանակներից սկսած՝ եղել են մարդիկ, ովքեր հարության միջոցով կյանքի են վերադարձել։ «Կանայք իրանց մեռելներն ընդունեցին յարութիւնից,— գրեց Պողոսը,— ուրիշներն էլ խիստ չարչարուեցան ազատութիւնը չ’ընդունելով, որ լաւագոյն յարութեան հասնեն»։ Այո՛, այս հավատարիմ անհատները, որոնք պահել են իրենց անարատությունը, սպասում էին այնպիսի հարության, որը ոչ միայն մի քանի տարով կավելացներ իրենց կյանքը, ինչից հետո նրանք նորից կմահանային, այլ հավիտենական կյանքի հեռանկար կբացեր նրանց առջև։ Դա իսկապես «լաւագոյն յարութ[յուն]» կլինի (Եբրայեցիս 11։35)։
20. Ի՞նչ է քննարկվելու հաջորդ հոդվածում։
20 Եթե մենք մինչև վերջ հավատարիմ մնանք ու մահանանք, նախքան Եհովան կկործանի այս չար համակարգը, կարող ենք «լաւագոյն յարութեան» հույս ունենալ. «լաւագոյն» այն իմաստով, որ այդ հարությունը հավիտենական կյանքի հույս է տալիս։ Հիսուսը խոստացավ. «Սորա վերայ մի զարմանաք. որովհետեւ ժամանակ կ’գայ, որ ամենքը՝ որ գերեզմաններումն են, նորա ձայնը կ’լսեն։ Եւ դուրս կ’գան» (Յովհաննէս 5։28, 29)։ Հաջորդ հոդվածում կքննարկվի հարության նպատակը։ Այն ցույց կտա, թե հարության հույսը ինչպես է օգնում մեզ պահել մեր անարատությունը և զարգացնել անձնազոհության ոգի։
[ծանոթագրություններ]
a Համաձայն կաթոլիկական ուսմունքի՝ լիմպոսը մի վայր է, ուր մահից հետո գնում են անկնունք մեռնող արդարները և երեխաները։
b «Շեոլ» բառը, որ Եբրայերեն Գրություններում հանդիպում է 65 անգամ, Աստվածաշնչի «Արարատ» թարգմանության մեջ ներկայացված է «դժոխք», «գերեզման», «անդունդ» և «մյուս աշխարհ» բառերով։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ է Եհովան նկարագրվում որպես ‘կենդանի մարդկանց Աստված’։
• Ի՞նչ վիճակում են շեոլում գտնվողները։
• Ի՞նչ է սպասում գեհենում գտնվողներին։
• Ինչպե՞ս ոմանք օգուտներ կքաղեն «լաւագոյն յարութ[յունից]»։
[նկար 15–րդ էջի վրա]
Ինչպես Աբրահամը, այնպես էլ նրանք, ովքեր գնում են շեոլ, հարություն են առնելու
[նկարներ 16–րդ էջի վրա]
Ինչո՞ւ Ադամը, Եվան, Կայենը և Հուդա Իսկարիովտացին գնացին գեհեն