Իմացիր Եհովայի ճանապարհները
«Ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ» (ԵԼԻՑ 33։13)։
1, 2. ա) Ինչո՞վ էր պայմանավորված Մովսեսի արարքը այն եգիպտացու հանդեպ, որը դաժանաբար էր վարվել հրեաներից մեկի հետ։ բ) Ի՞նչ պետք է սովորեր Մովսեսը, որպեսզի պիտանի լիներ Եհովային ծառայելու համար։
ՄՈՎՍԵՍԸ մեծացել էր փարավոնի տանը և սովորել էր այն իմաստությունը, որը բարձր էր գնահատվում Եգիպտոսի իշխանական խավի կողմից։ Սակայն նա գիտեր, որ ոչ թե եգիպտացի է, այլ եբրայեցի ծնողների զավակ։ Երբ Մովսեսը դարձավ քառասուն տարեկան, այցելեց իր եղբայրներին՝ Իսրայելի որդիներին։ Տեսնելով, որ մի եգիպտացի դաժանաբար է վարվում հրեաներից մեկի հետ՝ նա չկարողացավ անտարբեր մնալ և սպանեց եգիպտացուն։ Մովսեսը որոշեց բռնել Եհովայի ժողովրդի կողմը՝ կարծելով, թե իր միջոցով Աստված սկսել է քայլեր ձեռնարկել իր եղբայրներին ազատելու ուղղությամբ (Գործք 7։21–25; Եբրայեցիս 11։24, 25)։ Երբ այս միջադեպը հայտնի դարձավ, եգիպտական արքունիքում Մովսեսը դիտվեց իբրև խռովարար։ Իր կյանքը փրկելու համար նա ստիպված եղավ դիմել փախուստի (Ելից 2։11–15)։ Եթե Մովսեսն ուզում էր, որ Եհովան իր միջոցով գործեր, պետք է ավելի լավ ծանոթանար Աստծու ճանապարհներին։ Արդյո՞ք նա պատրաստ կլիներ սովորելու (Սաղմոս 25։9)։
2 Հաջորդ 40 տարիները Մովսեսն անցկացրեց որպես վտարանդի՝ հովվություն անելով։ Բայց այն, որ իր եբրայեցի եղբայրները ակներևաբար չգնահատեցին իրեն, չդառնացրեց Մովսեսին։ Նա համակերպվեց այն հանգամանքներին, որ Աստված թույլատրել էր։ Թեպետ նման՝ առաջին հայացքից անտեսված վիճակում Մովսեսն ապրեց երկար տարիներ, այնուամենայնիվ, նա թույլ տվեց Եհովային ձևավորել իր անձնավորությունը։ Ուստի՝ ոչ թե իր կարծիքն արտահայտելով, այլ Աստծու սուրբ ոգու ներշնչմամբ նա հետագայում գրեց. «Մովսէս մարդը շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի» (Թուոց 12։3)։ Եհովան Մովսեսի միջոցով զարմանահրաշ բաներ իրագործեց։ Եթե մենք էլ ‘հեզություն որոնենք’, Աստված կօրհնի մեզ (Սոփոնիա 2։3, ՆԱ)։
Աստված հանձնարարություն է տալիս նրան
3, 4. ա) Եհովան ի՞նչ հանձնարարություն տվեց Մովսեսին։ բ) Ի՞նչ միջոցներ ձեռնարկեց Աստված՝ Մովսեսին օգնելու նպատակով։
3 Մի օր Սինայի թերակղզում գտնվող Քորեբ սարի մոտ Եհովայի հրեշտակներից մեկը Աստծու անունից խոսեց Մովսեսի հետ. «Իրաւ տեսայ իմ ժողովրդի չարչարանքը, որ Եգիպտոսումն է, եւ գործավարների պատճառով նորանց աղաղակը լսեցի. որովհետեւ նորանց նեղութիւնները իմացայ. եւ իջայ նորանց Եգիպտացիների ձեռքիցն ազատելու, եւ նորանց այն երկրիցը մէկ լաւ ու լայնարձակ երկիր՝ մի կաթ ու մեղր բղխող երկիր.... հանելու» (Ելից 3։2, 7, 8)։ Այս կապակցությամբ Աստված հանձնարարություն ուներ Մովսեսի համար, որը, սակայն, պետք է կատարվեր այնպես, ինչպես նախատեսել էր Եհովան։
4 Աստծու հրեշտակը նաև ասաց. «Եկ հիմա քեզ Փարաւօնի մօտ ուղարկեմ, եւ հանիր իմ ժողովուրդը՝ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը»։ Բայց Մովսեսն ընկավ տարակուսանքի մեջ։ Նա չէր կարծում, թե պատրաստ է նման գործ կատարելու, և սեփական ուժերով իրոք չէր կարողանա կատարել։ Սակայն Եհովան վստահեցրեց Մովսեսին. «Ես քեզ հետ կլինիմ» (Ելից 3։10–12)։ Աստված նրան օժտեց հրաշքներ գործելու զորությամբ, ինչը փաստելու էր, որ նա իսկապես ուղարկված է Եհովայի կողմից։ Մովսեսի եղբայր Ահարոնը ուղեկցելու էր նրան՝ դառնալով նրա խոսնակը։ Բացի այդ, Եհովան սովորեցնելու էր նրանց՝ ինչ ասել և ինչ անել (Ելից 4։1–17)։ Արդյոք Մովսեսը հավատարմորեն կկատարե՞ր այդ հանձնարարությունը։
5. Իսրայելացիների վերաբերմունքը ինչո՞ւ էր խնդիր ներկայացնում Մովսեսի համար։
5 Սկզբում Իսրայելի ծերերը հավատացին Մովսեսին ու Ահարոնին (Ելից 4։29–31)։ Սակայն կարճ ժամանակ անց «Իսրայէլի որդիների վերակացուները» սկսեցին մեղադրել նրանց՝ ասելով, թե վերջիններս փարավոնի ու նրա ծառաների առաջ իրենց ‘հոտը գարշելի արեցին’ (Ելից 5։19–21; 6։9)։ Բացի այդ, Եգիպտոսից հեռանալիս իսրայելացիները տագնապի մատնվեցին, երբ տեսան իրենց հետապնդող եգիպտական մարտակառքերը։ Հայտնվելով Կարմիր ծովի և մարտակառքերի արանքում՝ հրեաները մտածեցին, թե ծուղակի մեջ են, և սկսեցին մեղադրել Մովսեսին։ Ինչպե՞ս կվարվեիր դու, եթե հայտնվեիր նրա վիճակում։ Եհովայի հրահանգին հետևելով՝ Մովսեսը պատվիրեց ժողովրդին հավաքվել ու պատրաստվել ճանապարհ ընկնելու, թեպետ իսրայելացիները նավեր չունեին։ Ապա Աստված բաժանեց Կարմիր ծովի ջրերը։ Ծովի հատակը չորացավ, այնպես որ իսրայելացիները կարողացան անցնել (Ելից 14։1–22)։
Ազատագրումից առավել կարևոր մի հարց
6. Ինչի՞ վրա շեշտ դրեց Եհովան, երբ Մովսեսին հանձնարարություն տվեց։
6 Մովսեսին վերոհիշյալ հանձնարարությունը տալով՝ Եհովան մեծ շեշտ դրեց իր անվան կարևորության վրա։ Անչափ անհրաժեշտ էր հարգանք ցուցաբերել ինչպես այդ անվան հանդեպ, այնպես էլ այն Անձնավորության, որին ներկայացնում էր այդ անունը։ Երբ Մովսեսը հարցրեց Եհովային, թե ինչ է նրա անունը, Աստված պատասխանեց. «Ես կդառնամ այն, ինչ կդառնամ» (ՆԱ)։ Մովսեսը Իսրայելի որդիներին պետք է նաև ասեր. «Ձեր հայրերի Եհովայ Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը ինձ ձեզ մօտ ուղարկեց»։ Ապա Եհովան ավելացրեց. «Այս է իմ անունը յաւիտեան, եւ այս է իմ յիշատակը ազգից ազգ» (Ելից 3։13–15)։ Մինչև օրս էլ ամբողջ աշխարհում Աստծու ծառաները ճանաչում են նրան «Եհովա» անունով (Եսայիա 12։4, 5, ՆԱ; 43։10–12)։
7. Աստված ի՞նչ պատվիրեց Մովսեսին՝ չնայած փարավոնի մեծամտությանը։
7 Գնալով փարավոնի մոտ՝ Մովսեսն ու Ահարոնը իրենց պատգամը հայտնեցին Եհովայի անունից։ Բայց եգիպտական թագավորը մեծամտաբար պատասխանեց. «Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ, եւ Իսրայէլին թող տամ. Եհովան չեմ ճանաչում, եւ Իսրայէլն էլ թող չեմ տալիս» (Ելից 5։1, 2)։ Ու թեև փարավոնը կարծրասիրտ էր ու խաբեբա, Եհովան պատվիրեց Մովսեսին նորից ու նորից հայտնել նրան իր խոսքերը (Ելից 7։14–16, 20–23; 8։1, 2, 20)։ Մովսեսը տեսնում էր, որ փարավոնը զայրանում է։ Մի՞թե նրան կրկին ներկայանալը որևէ դրական արդյունք կբերեր։ Իսրայելը փափագում էր ազատություն ստանալ։ Իսկ փարավոնը անհողդողդ էր և չէր փոխում իր որոշումը։ Ի՞նչ կանեիր դու։
8. Ի՞նչ արդյունք բերեց այն, թե ինչպես Եհովան լուծեց փարավոնի հետ կապված խնդիրը, և ի՞նչ ազդեցություն պետք է գործեն այդ դեպքերը մեզ վրա։
8 Մովսեսը ևս մի պատգամ հաղորդեց փարավոնին. «Այսպէս է ասում Եբրայեցիների Եհովայ Աստուածը. Արձակիր իմ ժողովրդին որ ինձ պաշտեն»։ Աստված նաև ասաց. «Հիմա իմ ձեռքը կ’մեկնեմ եւ կ’զարկեմ քեզ եւ քո ժողովրդին ժանտախտով, եւ կ’կորչես երկրիցը։ Եւ հէնց սորա համար քեզ վեր կացրի, որ իմ զօրութիւնը քեզանով ցոյց տամ, եւ բոլոր երկրի մէջ իմ անունը պատմուի» (Ելից 9։13–16)։ Հաշվի առնելով, թե ինչ վախճան էր սպասում կարծրասիրտ փարավոնին՝ Եհովան նպատակ դրեց ցույց տալ իր զորությունն այնպես, որ դա նախազգուշացում լինի իրեն բացահայտորեն հակառակվող բոլոր անձանց համար, այդ թվում նաև Բանսարկու Սատանային, որին հետագայում Հիսուս Քրիստոսն անվանեց ‘այս աշխարհի իշխան’ (Յովհաննէս 14։30; Հռովմայեցիս 9։17–24)։ Ինչպես և կանխագուշակվել էր, Եհովայի անունը հռչակվեց ամբողջ աշխարհով մեկ։ Նրա երկայնամտությունը պաշտպանություն եղավ թե՛ իսրայելացիների համար և թե՛ այն ‘խառը բազմության’, որը նրանց հետ միասին սկսեց երկրպագել Եհովային (Ելից 9։20, 21; 12։37, 38)։ Այդ օրվանից ի վեր Աստծու անվան հռչակումը օգուտ է բերել միլիոնավոր մարդկանց, որոնք ընդունել են ճշմարիտ երկրպագությունը։
Գործ է ունենում խստապարանոց ժողովրդի հետ
9. Մովսեսի ժողովուրդը ինչպե՞ս դրսևորեց իր անհարգալից վերաբերմունքը Եհովայի հանդեպ։
9 Հրեաներին հայտնի էր Աստծու անունը։ Մովսեսն օգտագործում էր այն, երբ իր խոսքն էր ուղղում նրանց։ Սակայն միշտ չէ, որ իսրայելացիները պատշաճ հարգանք էին ցուցաբերում այն Անձնավորության հանդեպ, ով կրում էր այդ անունը։ Ի՞նչ տեղի ունեցավ, երբ Եհովայի օգնությամբ Եգիպտոսից ազատվելուց կարճ ժամանակ անց նրանք իսկույն չկարողացան խմելու ջուր գտնել։ Իսրայելացիները տրտնջացին Մովսեսի դեմ։ Նրանց հաջորդ բողոքը կապված էր սննդի հետ։ Մովսեսը զգուշացրեց, որ այդ տրտունջը ոչ միայն իր ու Ահարոնի դեմ է, այլև Եհովայի (Ելից 15։22–24; 16։2–12)։ Սինա սարի մոտ Աստված իսրայելացիներին տվեց Օրենքը։ Այդ ընթացքում գերբնական երևույթներ տեղի ունեցան։ Սակայն իսրայելացիները հնազանդություն չցուցաբերեցին։ Նրանք երկրպագության նպատակով ոսկե հորթ պատրաստեցին ու սկսեցին պնդել, թե դրանով «տօն» են կազմակերպում «Եհովայի համար» (Ելից 32։1–9)։
10. Ժամանակակից քրիստոնյա վերակացուները ինչո՞ւ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն Մովսեսի խնդրանքին, որ արձանագրված է Ելից 33։13–ում։
10 Ինչպե՞ս Մովսեսը կարող էր վարվել մի ժողովրդի հետ, որին Եհովան ինքը խստապարանոց էր անվանել։ Նա Աստծուն այսպիսի խնդրանք ուղղեց. «Աղաչում եմ, եթէ քո առաջին շնորհք գտայ՝ խնդրեմ ինձ իմացրու քո ճանապարհները՝ որ ճանաչեմ քեզ, որ քո առաջին շնորհք գտնեմ» (Ելից 33։13)։ Ներկայումս Եհովայի վկաների մասին հոգ տանող քրիստոնյա վերակացուները հովվում են անհամեմատ ավելի խոնարհ ժողովրդի։ Այնուամենայնիվ, նրանք նույնպես աղոթում են. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները» (Սաղմոս 25։4)։ Եհովայի ճանապարհներն իմանալու շնորհիվ վերակացուները կարողանում են այնպիսի լուծումներ գտնել, որոնք ներդաշնակ են Աստծու Խոսքին և արտացոլում են Եհովայի անձնավորությունը։
Ինչ է Եհովան ակնկալում իր ժողովրդից
11. Եհովան ի՞նչ հրահանգներ տվեց Մովսեսին, և ինչո՞ւ են դրանք հետաքրքրում մեզ։
11 Այն ամենը, ինչ Եհովան ակնկալում էր իր ժողովրդից, բանավոր ներկայացվեց Սինա սարի մոտ։ Ավելի ուշ Մովսեսը ստացավ երկու քարե տախտակներ՝ սալեր, որոնց վրա գրված էին Տասը պատվիրանները։ Սարից իջնելիս, սակայն, նա նկատեց, որ իսրայելացիները երկրպագություն են մատուցում ձուլածո հորթին, և զայրույթից նետեց տախտակները՝ ջարդուփշուր անելով դրանք։ Եհովան նորից գրեց Տասը պատվիրանները, բայց այս անգամ այն տախտակների վրա, որ Մովսեսն իր ձեռքով պատրաստեց (Ելից 32։19; 34։1)։ Այդ պատվիրանները որևէ փոփոխության չէին ենթարկվել առաջին տարբերակի համեմատությամբ։ Մովսեսը պետք է գործեր դրանց համապատասխան։ Աստված նաև հստակ բացատրեց նրան, թե ինչպիսի անձնավորություն է Ինքը՝ ցույց տալով, թե որպես Եհովայի ներկայացուցիչ՝ ինչ վարք պետք է ունենա մարգարեն։ Քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, բայց այն ամենի հիմքում, ինչ Եհովան սովորեցրեց Մովսեսին, ընկած են բազմաթիվ սկզբունքներ, որոնք փոփոխության չեն ենթարկվել և մինչև օրս էլ կիրառելի են Եհովայի բոլոր երկրպագուների համար (Հռովմայեցիս 6։14; 13։8–10)։ Քննարկենք դրանցից մի քանիսը։
12. Այն հանգամանքը, որ Եհովան բացարձակ նվիրվածություն է պահանջում, ինչպե՞ս պետք է անդրադառնար իսրայելացիների վրա։
12 Բացարձակ նվիրվածություն ցուցաբերիր Եհովայի հանդեպ։ Իսրայել ազգի առջև Եհովան ասաց, որ բացարձակ նվիրվածություն է պահանջում (Ելից 20։2–4, 5 ՆԱ)։ Իսրայելացիները շատ հաճախ էին տեսել ապացույցներն այն բանի, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը (Բ Օրինաց 4։33–35)։ Եհովան պարզ ցույց տվեց, որ իր ժողովրդի մեջ չի հանդուրժի կռապաշտության կամ ոգեհարցության որևէ տեսակ՝ անկախ այն բանից, թե ինչով կզբաղվեին մյուս ազգերը։ Իսրայելացիների նվիրվածությունը չպետք է զուտ ձևական բնույթ կրեր։ Նրանք բոլորն էլ պետք է սիրեին Եհովային ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ (Բ Օրինաց 6։5, 6)։ Սա վերաբերում էր նաև նրանց խոսքերին ու գործերին, այսինքն՝ կյանքի բոլոր բնագավառներին (Ղեւտացոց 20։27; 24։15, 16; 26։1)։ Այն, որ Եհովան բացարձակ նվիրվածություն է պահանջում, պարզ ցույց տվեց նաև Հիսուս Քրիստոսը (Մարկոս 12։28–30; Ղուկաս 4։8)։
13. Ինչո՞ւ էր Իսրայելը պարտավոր լիովին հնազանդվել Աստծու պատվիրաններին, և ի՞նչը պետք է մեզ մղի հնազանդվել Եհովային (Ժողովող 12։13)։
13 Լիովին հնազանդվիր Եհովայի պատվիրաններին։ Իսրայել ազգին պետք է հիշեցում տրվեր, որ երբ նրանք ուխտ կնքեցին Եհովայի հետ, երդվեցին լիովին հնազանդվել նրա բոլոր պատվիրաններին։ Անձնական հարցերում հրեաները զգալի ազատություն ունեին, բայց այն հարցերում, որոնց վերաբերյալ Եհովան պատվիրաններ էր տվել, նրանք պետք է լիակատար հնազանդություն դրսևորեին։ Դա կվկայեր Աստծու հանդեպ իսրայելացիների սիրո մասին և օգուտ կբերեր թե՛ նրանց, թե՛ նրանց զավակներին, քանի որ Եհովայի բոլոր պահանջները նրանց օգտին էին ծառայելու (Ելից 19։5–8; Բ Օրինաց 5։27–33; 11։22, 23)։
14. Աստված ինչպե՞ս էր Իսրայելին ցույց տվել հոգևոր գործերին առաջնահերթություն տալու կարևորությունը։
14 Նախապատվությունը տուր հոգևորին։ Իսրայելացիները չպետք է թույլ տային, որ նյութական կարիքների բավարարման հետ կապված հոգսերը շեղեին իրենց ուշադրությունը հոգևոր գործերից։ Նրանց կյանքը չպետք է ամբողջությամբ կենտրոնացած լիներ կենցաղային բաների վրա։ Եհովան շաբաթվա մեջ ընտրել էր մի օր, որը սուրբ էր հռչակել, մի օր, որը բացառապես նվիրված էր լինելու ճշմարիտ Աստծուն երկրպագություն մատուցելուն (Ելից 35։1–3; Թուոց 15։32–36)։ Բացի այդ, տարվա ընթացքում հարկավոր էր ժամանակ հատկացնել նաև որոշակի ‘սուրբ ժողովների’ մասնակցելու համար (Ղեւտացոց 23։4–44)։ Դրանք Եհովայի զորավոր գործերը պատմելու, նրա ճանապարհների վերաբերյալ հիշեցումներ ստանալու և նրա բարության համար երախտագիտություն արտահայտելու առիթներ էին։ Եհովայի հանդեպ իրենց նվիրվածությունը ցույց տալով՝ իսրայելացիները կխորացնեին իրենց աստվածավախությունն ու սերը։ Դա նաև կօգներ նրանց քայլել Աստծու ճանապարհներով (Բ Օրինաց 10։12, 13)։ Եհովայի պատվիրանների հիմքում ընկած սկզբունքները այսօր նույնպես օգուտ են բերում նրա ծառաներին (Եբրայեցիս 10։24, 25)։
Գնահատիր Եհովայի հատկությունները
15. ա) Գնահատանքը Եհովայի հատկությունների հանդեպ ինչո՞ւ էր օգտակար Մովսեսի համար։ բ) Ո՞ր հարցերը կօգնեն մեզ լրջորեն խորհել Եհովայի յուրաքանչյուր հատկության շուրջ։
15 Գնահատանքը Եհովայի հատկությունների հանդեպ նույնպես կօգներ Մովսեսին ճիշտ վարվել իր ժողովրդի հետ։ Ելից 34։5–7-ում ասվում է, որ Աստված Մովսեսի առջևով անցավ և ազդարարեց. «Եհովայ Եհովայ՝ Աստուած ողորմած եւ գթած՝ երկայնամիտ [«չի շտապում բարկանալ», ՆԱ] եւ առատ ողորմութիւնով եւ ճշմարտութիւնով, որ հազարների ողորմութիւն ես անում, որ անօրէնութիւն՝ յանցանք եւ մեղք ես ներում, բայց յանցաւորին բնաւ անպարտ չես թողում [«չ[ես] ազատում պատժից», ԷԹ]. որ հայրերի անօրէնութիւնը հատուցանում ես որդիների վերայ եւ որդոց որդիների վերայ՝ մինչեւ երրորդ եւ չորրորդ ազգը»։ Ժամանակ տրամադրիր՝ այս խոսքերի շուրջ խորհելու։ Հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ է իրենից ներկայացնում այս հատկություններից յուրաքանչյուրը։ Ինչպե՞ս է Եհովան ցուցաբերել տվյալ հատկությունը։ Քրիստոնյա վերակացուները ինչպե՞ս կարող են դրսևորել այն։ Ինչպե՞ս դա պետք է անդրադառնա յուրաքանչյուրիս գործելակերպի վրա»։ Քննարկենք այդ հատկություններից մի քանիսը։
16. Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր գնահատանքը Եհովայի ողորմության հանդեպ, և ինչո՞ւ է դա կարևոր։
16 Եհովան «ողորմած եւ գթած» Աստված է։ Եթե կարող ես կարդալ անգլերեն լեզվով և ձեռքի տակ ունես «Գրությունների ըմբռնում» աշխատությունը (անգլ.), ինչո՞ւ չընթերցես «Ողորմություն» ենթավերնագրի տակ գրված տեղեկությունները. նաև կարող ես այդ թեման հետազոտել ««Դիտարանի» հրատարակությունների ցանկի» (անգլ., ռուս.), ««Դիտարանի» գրադարանը» համակարգչային ծրագրի (կոմպակտ սկավառակի վրա, անգլ.) կամ էլ ««Դիտարանի» թեմատիկ ցանկի» օգնությամբ։a Ողորմությանը վերաբերող սուրբգրային խոսքեր գտնելու համար օգտվիր համաբարբառից։ Դու կտեսնես, որ Եհովայի ողորմությունը, պատիժը մեղմելու հնարավորություն ընձեռելուց բացի, ներառում է նաև խորը կարեկցանքի ցուցաբերում։ Այն մղում է Աստծուն քայլեր ձեռնարկել իր ժողովրդին օգնելու համար։ Սա երևում է այն բանից, որ Եհովան բավարարում էր իսրայելացիների նյութական և ֆիզիկական կարիքները, երբ նրանք գտնվում էին Ավետյաց երկրի ճանապարհին (Բ Օրինաց 1։30–33; 8։4)։ Աստված ողորմածաբար ներում էր նրանց սխալները։ Այն հանգամանքը, որ Եհովան հնում ողորմածորեն էր վերաբերվում իր ժողովրդին, պետք է մղի նրա ժամանակից ծառաներին կարեկից լինել իրար հանդեպ (Մատթէոս 9։13; 18։21–35)։
17. Եհովայի գթառատությունն ըմբռնելը ինչպե՞ս կնպաստի ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը։
17 Եհովայի ողորմածության հետ միասին հիշատակվում է գթառատությունը։ Եթե որևէ բառարան ունեք, կարդացեք «գթառատ» բառի բացատրությունը։ Համեմատեք դա այն համարների հետ, որոնք խոսում են Եհովայի այս հատկության մասին։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովայի գթառատությունը մղում է նրան սիրով հոգ տանել իր ժողովրդի այն անդամներին, ովքեր գտնվում են ծանր վիճակում (Ելից 22։26, 27 ՆԱ)։ Իսկ ծանր վիճակում կարող են հայտնվել ցանկացած երկրում ապրող մարդիկ՝ անկախ այն բանից՝ այլազգի են, թե ոչ։ Անցյալում իր ժողովրդին սովորեցնելով անկողմնակալ և բարի լինել նման անհատների հանդեպ՝ Եհովան հիշեցրեց իսրայելացիներին, որ Եգիպտոսում եղած ժամանակ իրենք նույնպես օտարականներ էին (Բ Օրինաց 24։17–22)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Աստծու ժամանակակից ժողովրդի, այսինքն՝ մեր մասին։ Գթառատություն ցուցաբերելը կմիավորի մեզ, իսկ ուրիշներին կմղի երկրպագել Եհովային (Գործք 10։34, 35; Յայտնութիւն 7։9, 10)։
18. Ի՞նչ դաս պետք է քաղենք Եհովայի այն ցուցումներից, որ վերաբերում էին այլազգիների սովորություններին։
18 Այլազգի մարդկանց հանդեպ ուշադիր և հոգատար վերաբերմունքը, սակայն, չպետք է դուրս մղեր իսրայելացիների սերը Եհովայի ու նրա բարոյական չափանիշների հանդեպ։ Ուստի նրանց հրահանգ տրվեց չհետևել շրջակա ժողովուրդների ճանապարհներին, չորդեգրել նրանց կրոնական սովորություններն ու անբարո ապրելակերպը (Ելից 34։11–16; Բ Օրինաց 7։1–4)։ Նույնը վերաբերում է նաև մեզ։ Մենք պետք է սուրբ ժողովուրդ լինենք, ինչպես որ մեր Եհովա Աստվածն է սուրբ (Ա Պետրոս 1։15, 16)։
19. Ինչի՞ց կխուսափեն Աստծու ծառաները, եթե հասկանան Եհովայի տեսակետը մեղքի վերաբերյալ։
19 Որպեսզի Մովսեսը հասկանար Եհովայի ճանապարհները, Աստված պարզ ասաց, որ թեև հավանություն չի տալիս մեղքին, սակայն չի շտապում բարկանալ։ Նա մարդկանց ժամանակ է տալիս սովորելու իր պատվիրանները և իրենց կյանքը համապատասխանեցնելու դրանց։ Եթե անհատը մեղք է գործում, բայց զղջում է, Եհովան ներում է նրան, սակայն լուրջ սխալներ գործած մարդուն չի ազատում այն պատժից, որին նա արժանի է։ Աստված Մովսեսին զգուշացրեց, որ իսրայելացիների արարքները կարող են անդրադառնալ հաջորդ սերունդների վրա՝ կա՛մ դրականորեն, կա՛մ բացասաբար։ Գնահատելով Եհովայի ճանապարհները՝ Աստծու ծառաները կխուսափեն Եհովային մեղադրելուց, եթե սեփական սխալների պատճառով հայտնվեն դժվար իրավիճակում։ Շնորհիվ գնահատանքի՝ նրանք նաև չեն մտածի, թե Աստված հապաղում է որևէ քայլ ձեռնարկել։
20. Ի՞նչը կարող է օգնել մեզ ճիշտ վարվել հավատակիցների, ինչպես նաև ծառայության մեջ հանդիպած մարդկանց հետ (Սաղմոս 86։11)։
20 Եթե ցանկանում ես ընդարձակել քո գիտելիքները Եհովայի ու նրա ճանապարհների մասին, ապա Աստվածաշունչն ընթերցելիս շարունակիր հետազոտություններ անել և խորհել քո սովորած բաների շուրջ։ Ուշադրությամբ ուսումնասիրիր Եհովայի անզուգական հատկությունները։ Աղոթքով խորհիր այն մասին, թե ինչպես կարող ես ընդօրինակել Աստծուն և քո կյանքն ավելի լիարժեքորեն համապատասխանեցնել նրա նպատակին։ Սա կօգնի, որ խուսափես ծուղակներից, ճիշտ վարվես հավատակիցներիդ հետ և օգնես ուրիշներին ճանաչել ու սիրել մեր հրաշալի Աստծուն։
[Ծանոթագրություն]
a Բոլորն էլ թողարկվել են Եհովայի վկաների կողմից։
Ի՞նչ սովորեցիք
• Ինչո՞ւ էր հեզությունը կարևոր Մովսեսի համար, և ինչո՞ւ է անհրաժեշտ նաև մեզ։
• Ի՞նչ օգուտ եղավ այն բանից, որ Մովսեսը Եհովայի խոսքը բազմիցս հաղորդեց փարավոնին։
• Ի՞նչ հրաշալի սկզբունքներ սովորեց Մովսեսը, որ վերաբերում են նաև մեզ։
• Ինչպե՞ս կարող ենք խորացնել մեր գիտելիքները Եհովայի հատկությունների վերաբերյալ։
[Նկար 21–րդ էջի վրա]
Մովսեսը Եհովայի խոսքը հավատարմորեն հայտնում էր փարավոնին
[Նկար 23–րդ էջի վրա]
Եհովան Մովսեսին հայտնեց իր պատվիրանները
[Նկար 24–րդ էջի վրա]
Խորհիր Եհովայի հատկությունների շուրջ