Եհովան է իմ բաժինը
«Իսրայելի որդիների մեջ ես եմ քո բաժինն ու ժառանգությունը» (ԹՎԵՐ 18։20)։
1, 2. ա) Ինչպիսի՞ն էր ղևտացիների իրավիճակը, երբ երկիրը բաժանվում էր Իսրայելի ցեղերի միջև։ բ) Ինչո՞ւմ վստահեցրեց Եհովան ղևտացիներին։
ԱՅՆ բանից հետո, երբ իսրայելացիները նվաճեցին Ավետյաց երկրի մեծ մասը, Հեսուն սկսեց վիճակով բաժանել երկիրը։ Նրան օգնում էին Եղիազար քահանայապետն ու տոհմապետները (Թվեր 34։13–29)։ Սակայն ղևտացիները մյուս ցեղերի նման ժառանգություն չէին ստանալու (Հեսու 14։1–5)։ Ինչո՞ւ ղևտացիները Ավետյաց երկրում չունեին կալվածք, կամ՝ բաժին։ Մի՞թե նրանք մոռացության էին մատնվել։
2 Պատասխանը գտնում ենք Եհովայի խոսքերում, որոնք նա ասաց ղևտացիներին։ Ընդգծելով այն փաստը, որ նրանք լքված չեն՝ Եհովան ասաց. «Իսրայելի որդիների մեջ ես եմ քո բաժինն ու ժառանգությունը» (Թվեր 18։20)։ Ի՜նչ հրաշալի վստահեցում՝ «ես եմ քո բաժինը»։ Ի՞նչ կզգայիր, եթե Եհովան քե՛զ ասեր այս խոսքերը։ Քո առաջին արձագանքը գուցե այսպիսին լիներ. «Մի՞թե ես արժանի եմ, որ Ամենակարողը նման վստահեցում տա ինձ»։ Թերևս նաև մտածեիր. «Կարո՞ղ է Եհովան այսօր իսկապես լինել որևէ անկատար քրիստոնյայի բաժինը»։ Այս հարցերը վերաբերում են թե՛ քեզ և թե՛ քո սիրելիներին։ Ուստի կարևոր է պարզել, թե ինչ են նշանակում Աստծու այդ խոսքերը։ Դա կօգնի մեզ հասկանալու, թե ինչպես Եհովան կարող է այսօր քրիստոնյաների բաժինը լինել։ Նա կարող է նաև քո բաժինը լինել, անկախ նրանից՝ երկնային հույս ունես, թե երկրային։
Եհովան հոգ է տանում ղևտացիների մասին
3. Ինչպե՞ս եղավ, որ Աստված ղևտացիներին նշանակեց քահանայություն և սպասավորություն անելու։
3 Նախքան Եհովան իր Օրենքը կտար Իսրայելին, ընտանիքի գլուխներն էին ծառայում որպես քահանաներ։ Սակայն երբ Օրենքը տվեց, Ղևիի ցեղին նշանակեց ծառայելու որպես քահանաներ և սպասավորներ։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Եգիպտոսի առաջնեկներին կործանելուց հետո Աստված սրբացրեց, կամ՝ առանձնացրեց Իսրայելի առաջնեկներին։ Նրանք Եհովային էին պատկանելու։ Այնուհետև նա հետևյալ նշանակալից փոփոխությունն արեց՝ ասելով. «Ես վերցնում եմ ղևտացիներին Իսրայելի բոլոր առաջնեկների փոխարեն»։ Քանի որ մարդահամարից պարզ դարձավ, որ Իսրայելի որդիների առաջնեկները ղևտացիներից շատ էին, այդ թվին համապատասխան փրկագին վճարվեց (Թվեր 3։11–13, 41, 46, 47)։ Այսպիսով ղևտացիները կարող էին կատարել Իսրայելի Աստծու հանձնարարած ծառայությունը։
4, 5. ա) Ղևտացիների համար ի՞նչ էր նշանակում այն, որ Աստված էր իրենց բաժինը։ բ) Ինչպե՞ս էր Աստված հոգ տանում ղևտացիների մասին։
4 Ի՞նչ իմաստով էր Եհովան ղևտացիների բաժինը։ Կալվածքի փոխարեն՝ որպես ժառանգություն՝ նրանց ծառայության անգին առանձնաշնորհում վստահվեց։ Ղևտացիների ժառանգությունը «Եհովային քահանայություն անելն էր» (Հեսու 18։7)։ Թվեր 18։20-ի համատեքստը ցույց է տալիս, որ նրանք աղքատության մեջ չէին ապրելու (կարդա՛ Թվեր 18։19, 21, 24)։ Ղևտացիներին տրվելու էր «Իսրայելում իբրև ժառանգություն ամեն տասներորդ մասը.... որպես փոխհատուցում նրանց կատարած ծառայության» դիմաց։ Նրանք ստանալու էին Իսրայելի բերքի և ծնված ընտանի կենդանիների 10 տոկոսը։ Իրենց հերթին ղևտացիները պետք է ստացածի տասներորդ մասը՝ «լավագույններից», նվիրաբերեին քահանայությանը աջակցելու համարa (Թվեր 18։25–29)։ Քահանաներին էին պատկանում նաև «բոլոր սուրբ նվիրաբերությունները», որոնք Իսրայելի որդիները երկրպագության վայրում մատուցում էին Աստծուն։ Այսպիսով՝ քահանաները հիմքեր ունեին հավատալու, որ Եհովան հոգ կտանի իրենց մասին։
5 Մովսիսական օրենքում, ըստ երևույթին, խոսվում էր նաև մեկ այլ՝ երկրորդ տասանորդի մասին, որը մի կողմ էր դրվում, որպեսզի ընտանիքը ամեն տարի անցկացվող սուրբ հավաքույթների համար անհրաժեշտ միջոցներն ունենար (2 Օրենք 14։22–27)։ Սակայն շաբաթ-տարիների ամեն երրորդ և վեցերորդ տարվա վերջում այս տասանորդը օգտագործվում էր աղքատներին ու ղևտացիներին օգնելու համար։ Ինչո՞ւ էր այն տրվում նաև ղևտացիներին։ Քանի որ նրանք «բաժին կամ ժառանգություն չունեին» Իսրայելում (2 Օրենք 14։28, 29)։
6. Որտե՞ղ էին ապրելու ղևտացիները, եթե Իսրայելում կալվածք չէին ստացել որպես ժառանգություն։
6 Գուցե մտածես. «Որտե՞ղ էին ապրելու ղևտացիները, եթե կալվածք չէին ստացել որպես ժառանգություն»։ Աստված հոգ տարավ այդ մասին։ Նա արոտավայրերով շրջապատված 48 քաղաքներ տվեց նրանց։ Դրանց մեջ էին մտնում ապաստանի վեց քաղաքները (Թվեր 35։6–8)։ Փաստորեն, ղևտացին ուներ ապրելու տեղ։ Երբ նա ավարտում էր իր ծառայությունը Աստծու սրբարանում, վերադառնում էր այնտեղ։ Տեսնում ենք, որ Եհովան առատորեն հոգում էր նրանց կարիքները, ովքեր իրենց անձը տրամադրել էին ծառայությանը։ Ղևտացիները կարող էին ցույց տալ, որ Եհովան իրենց բաժինն է, եթե վստահ լինեին, որ նա ուզում է հոգ տանել իրենց մասին և զորություն ունի այդպես վարվելու։
7. Ի՞նչ էր պահանջվում ղևտացիներից, որ Եհովան իրենց բաժինը լիներ։
7 Օրենքը պատիժ չէր սահմանում այն իսրայելացու համար, որը տասանորդ չէր տալիս։ Երբ ժողովուրդը չէր վճարում տասանորդները, դա վատ էր անդրադառնում քահանաների ու ղևտացիների վրա։ Այդպես պատահեց Նեեմիայի օրերում, և ղևտացիները ստիպված եղան թողնելու ծառայությունը և աշխատելու իրենց արտերում (կարդա՛ Նեեմիա 13։10)։ Փաստորեն, Ղևիի ցեղի ապրուստը կախված էր ազգի հոգևոր վիճակից։ Այդուհանդերձ, քահանաներն ու ղևտացիները պետք է հավատ դրսևորեին Եհովայի հանդեպ՝ վստահ լինելով, որ նա հոգ կտանի իրենց մասին։
Եհովան առանձին անհատների բաժինն էր
8. Նկարագրի՛ր, թե ինչ խնդրի բախվեց Ասափը։
8 Եհովան Ղևիի ցեղի բաժինն էր։ Սակայն ուշագրավ է այն, որ այդ ցեղից առանձին անհատներ Աստծու հանդեպ իրենց նվիրվածությունն ու ապավինությունը ցույց տալու համար ասում էին. «Եհովան է իմ բաժինը» (Ողբ 3։24)։ Այդպիսի ղևտացիներից էր երգիչ ու երգահան Ասափը (թեև հնարավոր է՝ նա եղել է Ասափի տան անդամներից մեկը, որին Դավիթ թագավորը երգեցողության համար պատասխանատու էր նշանակել) (1 Տար. 6։31–43)։ 73-րդ սաղմոսում կարդում ենք, որ Ասափը (կամ նրա սերունդներից մեկը) անհանգստացած էր։ Նա նախանձով էր լցվել ամբարիշտների հանդեպ, որոնք բարգավաճում էին։ Ասափը նույնիսկ ասաց. «Իրոք որ իմ սիրտը զուր տեղն եմ մաքրում և ձեռքերս անմեղությամբ լվանում»։ Ակներևաբար, նա այլևս իր ծառայությունը առանձնաշնորհում չէր համարում՝ կորցրել էր երախտագիտությունն այն բանի հանդեպ, որ Եհովան է իր բաժինը։ Նա հոգևորապես թուլացել էր, «մինչև որ մտավ Աստծու վեհապանծ սրբարանը» (Սաղ. 73։2, 3, 12, 13, 17)։
9, 10. Ինչո՞ւ Ասափը Աստծու մասին կարող էր ասել, որ նա իր «բաժինն է հավիտյան»։
9 Սրբարանում Ասափն իրերին նայեց Աստծու տեսանկյունից։ Գուցե քեզ հետ էլ է այդպես պատահել. սկսել ես չգնահատել հոգևոր առանձնաշնորհումներդ և կենտրոնացել այն բանի վրա, թե ինչ նյութական իրեր կարող էիր ձեռք բերել։ Սակայն ուսումնասիրելով Աստծու Խոսքը և գնալով քրիստոնեական հանդիպումներին՝ կրկին Եհովայի տեսանկյունից ես նայել այդ ամենին։ Ասափը հասկացավ, թե ի վերջո ինչ է պատահելու ամբարիշտներին։ Նա մտածեց իր ստացած բաժնի մասին ու հասկացավ, որ Եհովան կբռնի իր աջ ձեռքն ու կառաջնորդի իրեն։ Ասափը Եհովային կարող էր ասել. «Քեզանից բացի, ուրիշ ուրախություն չունեմ երկրի վրա» (Սաղ. 73։23, 25)։ Այնուհետև նա ասաց, որ Աստված իր բաժինն է (կարդա՛ Սաղմոս 73։26)։ Թեև սաղմոսերգուի «մարմինն ու սիրտը նվաղել էին», Աստված կլիներ նրա «բաժինը հավիտյան»։ Նա վստահ էր, որ Եհովան կհիշեր իրեն որպես իր ընկերոջ և չէր մոռանա իր հավատարիմ ծառայությունը (Ժող. 7։1)։ Որքա՜ն քաջալերական էր դա Ասափի համար։ Նա երգեց. «Ինձ համար բարի է Աստծուն մոտենալը։ Գերիշխան Տեր Եհովային իմ ապավենն եմ դարձրել» (Սաղ. 73։28)։
10 Ասափի համար ավելի մեծ նշանակություն ուներ այն, որ Աստված իր բաժինն է, քան նյութական բարիքները, որ նա ստանում էր որպես ղևտացի։ Գլխավորապես նա խոսում էր ծառայության մեջ ունեցած իր առանձնաշնորհման ու Եհովայի հետ փոխհարաբերության՝ Բարձրյալի հետ ընկերության մասին (Հակ. 2։21–23)։ Այդ փոխհարաբերությունը պահպանելու համար սաղմոսերգուն պետք է չկորցներ հավատը Եհովայի հանդեպ ու վստահեր նրան։ Ասափը պետք է համոզված լիներ, որ վարձահատույց կյանք կունենար, եթե առաջնորդվեր Աստծու չափանիշներով։ Դու էլ կարող ես համոզված լինել, որ Ամենակարողը նույն կերպ կվարվի քեզ հետ։
11. Ի՞նչ հարց էր անհանգստացնում Երեմիային, և ինչպե՞ս պատասխան տրվեց այդ հարցին։
11 Մեկ ուրիշ ղևտացի, որը Եհովային իր բաժինն էր համարում, Երեմիա մարգարեն էր։ Տեսնենք, թե ինչ նկատի ուներ նա, երբ ասաց՝ «Եհովան է իմ բաժինը»։ Երեմիան ապրում էր ղևտացիներին պատկանող Անաթոթ քաղաքում, որը Երուսաղեմի մոտ էր գտնվում (Երեմ. 1։1)։ Տեսնելով, թե ինչ է տեղի ունենում Երուսաղեմում և Հուդայում՝ նա «գանգատվեց»։ Թեև մարգարեն գիտեր, որ Եհովան արդար է, սակայն նրան սկսեց անհանգստացնել հետևյալ հարցը՝ ինչո՞ւ են ամբարիշտները բարգավաճում, իսկ արդարները՝ տառապում (Երեմ. 12։1)։ Եհովան հիմնավոր պատասխան տվեց Երեմիայի հարցին՝ ներշնչելով նրան մարգարեանալու և հետո կատարելով այդ մարգարեությունը։ Ըստ այդ մարգարեության՝ Եհովայի առաջնորդությանը հնազանդվողները իրենց «հոգին.... իբրև ավար» ստացան, իսկ բարգավաճող ամբարիշտները, որոնք արհամարհեցին նախազգուշացումը, կործանվեցին (Երեմ. 21։9)։
12, 13. ա) Ի՞նչը մղեց Երեմիային բացականչելու, որ Եհովան է իր բաժինը, և ինչպիսի՞ տրամադրվածություն ուներ նա։ բ) Ինչո՞ւ Իսրայելի բոլոր ցեղերը կարիք ունեին սովորելու համբերությամբ սպասել։
12 Երբ Երեմիան հայացք գցեց իր ավերված հայրենիքին, այնպիսի զգացողություն ունեցավ, կարծես մթության մեջ է քայլում։ Եհովան ասես նրան «նստեցրել էր ինչպես վաղուց մեռածի» (Ողբ 1։1, 16; 3։6)։ Ճիշտ է, մարգարեն հորդորել էր կամակոր ազգին, որ վերադառնա դեպի իր երկնային Հայրը, սակայն ժողովրդի չարությունը այնքան էր շատացել, որ Աստված ստիպված էր թույլ տալ, որ Երուսաղեմն ու Հուդան կործանվեն։ Դա ցավ էր պատճառում Երեմիային, թեև ինքը սխալ չէր գործել։ Վշտի մեջ մարգարեն հիշեց Աստծու ողորմությունը՝ ասելով. «Մենք չվերջացանք»։ Նաև նշեց. «Ամեն առավոտ [նրա ողորմությունը] նորանում է»։ Այդ ժամանակ էր, որ Երեմիան բացականչեց. «Եհովան է իմ բաժինը»։ Չէ՞ որ նա շարունակում էր ծառայել Եհովային որպես մարգարե (կարդա՛ Ողբեր 3։22–24)։
13 70 տարի իսրայելացիները գերության մեջ էին լինելու, և իրենց հայրենիքը ավերակ էր դառնալու (Երեմ. 25։11)։ Սակայն Երեմիայի խոսքերը՝ «Եհովան է իմ բաժինը», ցույց էին տալիս նրա վստահությունը Եհովայի ողորմության հանդեպ, ինչը օգնում էր նրան «համբերությամբ սպասելու»։ Իսրայելի բոլոր ցեղերը կորցրել էին իրենց ժառանգությունը, ուստի նրանք էլ, մարգարեի պես, պետք է սովորեին համբերությամբ սպասել։ Նրանց միակ հույսը Եհովան էր։ 70 տարի անց Աստծու ժողովուրդը վերադարձավ հայրենիք ու առանձնաշնորհում ունեցավ ծառայելու նրան այնտեղ (2 Տար. 36։20–23)։
Եհովան նաև ուրիշների բաժինն էր
14, 15. Ղևտացիներից բացի, ո՞վ Եհովային իր բաժինը դարձրեց և ինչո՞ւ։
14 Թե՛ Ասափը, թե՛ Երեմիան Ղևիի ցեղից էին, բայց մի՞թե միայն ղևտացիները առանձնաշնորհում ունեին ծառայելու Եհովային։ Ո՛չ։ Երիտասարդ Դավիթը՝ Իսրայելի ապագա թագավորը, Աստծուն կոչեց իր «բաժինը ողջերի երկրում» (կարդա՛ Սաղմոս 142։1, 5)։ Այս սաղմոսը գրելիս Դավիթը ոչ թե գտնվում էր պալատում կամ տան մեջ, այլ քարայրում, որտեղ թաքնվում էր իր թշնամիներից։ Առնվազն երկու անգամ Դավիթը ապաստան է գտել քարայրներում, որոնցից մեկը Ոդողոմի մոտ էր, իսկ մյուսը՝ Ենգադի անապատում։ Հնարավոր է՝ 142-րդ սաղմոսը նա գրել է այս քարայրներից մեկում։
15 Եթե այդպես է, ուրեմն Դավիթը թաքնվում էր Սավուղ թագավորից, որը ուզում էր սպանել նրան։ Դավիթը փախել էր մի քարայր, որը անմատչելի տեղում էր (1 Սամ. 22։1, 4)։ Այս հեռավոր վայրում Դավթին հավանաբար թվում էր, թե չունի ընկեր, որը կօգնի ու կպաշտպանի իրեն (Սաղ. 142։4)։ Ահա այդ ժամանակ էր, որ նա կանչեց Աստծուն։
16, 17. ա) Ի՞նչը կարող էր պատճառ լինել, որ Դավիթը հուսահատության մեջ ընկներ։ բ) Դավիթն ո՞ւմ կարող էր օգնության դիմել։
16 142-րդ սաղմոսը գրելիս Դավիթը թերևս արդեն տեղյակ էր Աքիմելեք քահանայապետին պատահածի մասին, որը, չիմանալով, որ նա փախչում է Սավուղից, օգնել էր նրան։ Դավթի հանդեպ նախանձով լցված՝ Սավուղ թագավորը հրամայել էր սպանել Աքիմելեքին ու նրա տան անդամներին (1 Սամ. 22։11, 18, 19)։ Դավիթը իրեն մեղավոր էր զգում, ասես ինքն էր սպանել իրեն օգնած քահանայապետին։ Եթե լինեիր Դավթի փոխարեն, քեզ մեղավոր կզգայի՞ր։ Իրավիճակն ավելի էր բարդացնում այն, որ Սավուղը հանգիստ չէր տալիս Դավթին, այլ շարունակում էր հետապնդել նրան։
17 Շատ չանցած՝ մահացավ Սամուել մարգարեն, որը Դավթին թագավոր էր օծել (1 Սամ. 25։1)։ Հավանաբար, դա նույնպես հուսահատության մեջ գցեց Դավթին։ Սակայն նա գիտեր՝ ում դիմել օգնության. Եհովային։ Դավիթը չուներ ծառայության այն առանձնաշնորհումները, որոնք ունեին ղևտացիները, բայց օծված էր կատարելու մեկ այլ ծառայություն՝ դառնալու Աստծու ժողովրդի թագավորը (1 Սամ. 16։1, 13)։ Ուստի Դավիթը իր սիրտը դատարկեց Եհովայի առաջ և շարունակեց փնտրել նրա առաջնորդությունը։ Դու նույնպես կարող ես և պետք է Աստծուն քո բաժինն ու ապաստանը դարձնես, մինչ շարունակում ես լավագույնդ անել ծառայության մեջ։
18. Ինչպե՞ս էին Եհովային իրենց բաժինը դարձրել այն անհատները, որոնց օրինակները քննեցինք այս հոդվածում։
18 Այն մարդիկ, որոնց օրինակները քննեցինք, Եհովային իրենց բաժինն էին դարձրել այն իմաստով, որ ծառայության մեջ նշանակումներ էին ստանձնել։ Նրանք ապավինում էին Աստծուն, որ հոգ կտանի իրենց մասին։ Թե՛ ղևտացիները և թե՛ Իսրայելի մյուս ցեղերին պատկանող մարդիկ, ինչպիսին էր Դավիթը, թույլ էին տվել, որ Աստված իրենց բաժինը դառնա։ Իսկ դու ինչպե՞ս կարող ես թույլ տալ, որ Եհովան քո բաժինը լինի։ Այս մասին կխոսենք հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a Մանրամասն տեղեկությունների համար այն մասին, թե ինչպես էր ապահովվում քահանաների ապրուստը, տե՛ս «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանը, հատոր 2, էջ 684 (անգլ.)։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ի՞նչ իմաստով էր Եհովան ղևտացիների բաժինը։
• Ասափը, Երեմիան ու Դավիթը ինչպե՞ս ցույց տվեցին, որ Եհովան իրենց բաժինն է։
• Ի՞նչ հատկություն պետք է զարգացնես, որ Աստված քո բաժինը լինի։
[մեջբերում 8-րդ էջի վրա]
Ղևտացիները կալվածք չստացան որպես ժառանգություն։ Եհովան էր նրանց բաժինը, քանի որ մեծ առանձնաշնորհում ունեին ծառայելու նրան
[նկար 7-րդ էջի վրա]
Ի՞նչ իմաստով էր Եհովան քահանաների ու ղևտացիների բաժինը
[նկար 9-րդ էջի վրա]
Ի՞նչը օգնեց Ասափին շարունակելու Եհովային իր բաժինը համարել