ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 45
Նվիրված սեր դրսևորենք իրար հանդեպ
«Իրար հանդեպ նվիրված սեր ու ողորմություն ցույց տվեք» (ԶԱՔ. 7։9, ծնթ.)։
ԵՐԳ 107 Աստվածային սիրո օրինակը
ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa
1–2. Ինչո՞ւ պետք է միմյանց հանդեպ նվիրված սեր դրսևորենք։
ՄԵՆՔ հիմնավոր պատճառներ ունենք միմյանց հանդեպ նվիրված սեր դրսևորելու։ Որո՞նք են դրանցից մի քանիսը։ Տեսնենք, թե ինչպես են հետևյալ ներշնչյալ առակները պատասխանում այդ հարցին։ «Թող սիրառատ բարությունն ու ճշմարտությունը չթողնեն քեզ.... Այդպիսով Աստծու և մարդկանց աչքերում հաճություն և ըմբռնողականություն ունեցող մարդու համբավ գտիր»։ «Սիրառատ բարություն ցուցաբերող մարդը լավություն է անում իր հոգուն»։ «Արդարության ու սիրառատ բարության հետամուտ լինողը կյանք.... կգտնի» (Առակ. 3։3, 4; 11։17; 21։21)։b
2 Այս առակներում նշվում է երեք պատճառ, թե ինչու պետք է սիրառատ բարություն, կամ՝ նվիրված սեր դրսևորենք։ Առաջին՝ Եհովան թանկ է համարում նրանց, ովքեր նվիրված սեր են դրսևորում։ Երկրորդ՝ նվիրված սեր դրսևորելով՝ ինքներս ենք օգուտներ քաղում, օրինակ՝ ամուր ընկերական կապեր ենք հաստատում։ Եվ երրորդ՝ եթե նվիրված սեր դրսևորենք, ապագայում օրհնություններ կստանանք, այդ թվում՝ հավիտենական կյանք։ Իրոք որ, մենք հիմնավոր պատճառներ ունենք հետևելու Եհովայի հետևյալ հորդորին. «Իրար հանդեպ նվիրված սեր ու ողորմություն ցույց տվեք» (Զաք. 7։9, ծնթ.)։
3. Ի՞նչ հարցեր ենք քննելու այս հոդվածում։
3 Հոդվածից կիմանանք հետևյալ չորս հարցերի պատասխանները։ Ո՞ւմ հանդեպ պետք է նվիրված սեր դրսևորենք։ Նվիրված սեր ցուցաբերելու վերաբերյալ ի՞նչ կարող ենք սովորել «Հռութ» գրքից։ Ինչպե՞ս կարող ենք նվիրված սեր դրսևորել։ Ի՞նչ օգուտներ են քաղում նրանք, ովքեր ցուցաբերում են այս հատկությունը։
Ո՞ՒՄ ՀԱՆԴԵՊ ՊԵՏՔ Է ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵՆՔ
4. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային (Մարկոս 10։29, 30)։
4 Նախորդ հոդվածից իմացանք, որ Եհովան նվիրված սեր, այսինքն՝ խոր և հարատև կապվածություն է զգում միայն նրանց հանդեպ, ովքեր սիրում ու ծառայում են իրեն (Դան. 9։4)։ Մենք ցանկանում ենք «ընդօրինակել Աստծուն որպես սիրելի զավակներ» (Եփես. 5։1)։ Ուստի ուզում ենք մեր հավատակիցների հանդեպ զարգացնել ջերմ զգացմունքներ՝ խոր և հարատև կապվածություն (կարդա Մարկոս 10։29, 30)։
5–6. Ինչո՞ւ է օրինակում նշված անհատը շարունակում աշխատել տվյալ ընկերությունում։
5 Ինչ խոսք, որքան լավ հասկանանք, թե ինչ է նվիրված սերը, այնքան ավելի լավ կկարողանանք այն դրսևորել մեր եղբայրների ու քույրերի հանդեպ։ Դրա համար քննենք մի օրինակ։
6 Պատկերացրու մի մարդու, ով տարիներ շարունակ աշխատում է մի ընկերությունում։ Գուցե այնպիսի տպավորություն ստեղծվի, թե նա նվիրված աշխատող է։ Սակայն այդ բոլոր տարիների ընթացքում նա երբեք չի հանդիպել տնօրեններից որևէ մեկին և միշտ չէ, որ համաձայն է եղել ընկերության կայացրած որոշումներին։ Նրան դուր չի գալիս այդ ընկերությունը, բայց նա շարունակում է աշխատել այնտեղ, քանի որ այդպես փող է վաստակում և կարողանում է փակել իր ծախսերը։ Նա կաշխատի այնտեղ մինչև թոշակի անցնելը կամ ավելի լավ աշխատանքի առաջարկ ստանալը։
7–8. ա) Ի՞նչն է մղում մարդուն նվիրված սեր դրսևորելու։ բ) Ինչո՞ւ ենք «Հռութ» գրքից որոշ հատվածներ քննելու։
7 Ի՞նչ տարբերություն կա օրինակում նշված «նվիրված» աշխատողի և նվիրված սեր դրսևորող անհատի միջև։ Տարբերությունը նրանց մղումն է։ Աշխատողի մղումը գումար վաստակելն է։ Իսկ Աստվածաշնչից տեսնում ենք, որ հնում ապրած Աստծու ծառաները նվիրված սեր էին դրսևորում, քանի որ նրանց սիրտն էր մղում այդպես վարվել. նրանք դա ստիպված չէին անում։ Քննենք Դավթի օրինակը։ Դավթի սիրտը մղեց նրան նվիրված սեր ցուցաբերել իր սիրելի ընկերոջ՝ Հովնաթանի հանդեպ, չնայած որ վերջինիս հայրը ցանկանում էր սպանել իրեն։ Իսկ Հովնաթանի մահից տարիներ անց Դավիթը նվիրված սեր դրսևորեց նրա որդու՝ Մեմփիբոսթեի հանդեպ (1 Սամ. 20։9, 14, 15; 2 Սամ. 4։4; 8։15; 9։1, 6, 7)։
8 Նվիրված սիրո մասին մենք շատ բան կսովորենք՝ քննելով «Հռութ» գրքից որոշ հատվածներ։ Կտեսնենք, թե նվիրված սիրո վերաբերյալ ինչ կարող ենք սովորել այն անհատներից, որոնց մասին պատմվում է այդ գրքում։ Նաև կիմանանք, թե ինչպես կարող ենք մեր սովորածը կիրառել ժողովում։c
Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ «ՀՌՈՒԹ» ԳՐՔԻՑ
9. Ինչո՞ւ Նոեմին եզրակացրեց, որ Եհովայի ձեռքը իր դեմ է ուղղված։
9 «Հռութ» գրքում կարդում ենք Նոեմիի, նրա հարս Հռութի և Նոեմիի ամուսնու բարեկամ աստվածավախ Բոոսի մասին։ Սովի պատճառով Նոեմին, նրա ամուսինը և երկու որդիները Իսրայելից տեղափոխվեցին Մովաբ։ Այնտեղ Նոեմիի ամուսինը մահացավ։ Նրա երկու որդիները ամուսնացան, բայց, ցավոք, նրանք էլ մահացան։ Այս ողբերգական դեպքերը Նոեմիին գցեցին խոր վհատության մեջ (Հռութ 1։3–5; 2։1)։ Նա վշտից այնքան էր ընկճվել, որ եզրակացրեց, թե Եհովայի ձեռքը իր դեմ է ուղղված։ Ուշադրություն դարձնենք, թե Նոեմին ինչպես արտահայտվեց Աստծու մասին. «Եհովայի ձեռքը իմ դեմ է ուղղվել.... Ամենակարողը խիստ դառնացրել է ինձ»։ Նա նաև ասաց. «Եհովան նվաստացրեց ինձ, և Ամենակարողը դժբախտություն բերեց ինձ վրա» (Հռութ 1։13, 20, 21)։
10. Եհովան ինչպե՞ս արձագանքեց Նոեմիի դառը խոսքերին։
10 Ինչպե՞ս Եհովան արձագանքեց Նոեմիի խոսքերին։ Նա երես չթեքեց իր ծառայից, որը վշտից կորցրել էր իրեն։ Փոխարենը՝ կարեկցեց նրան։ Եհովան հասկանում է, որ «ճնշումները կարող են պատճառ լինել, որ իմաստունը անմտությամբ վարվի» (Ժող. 7։7)։ Նոեմին օգնության կարիք ուներ, որպեսզի հասկանար, որ Եհովան չի լքել իրեն։ Ինչպե՞ս Աստված օգնեց նրան (1 Սամ. 2։8)։ Նա մղեց Հռութին նվիրված սեր դրսևորել Նոեմիի հանդեպ։ Հռութը պատրաստակամորեն և բարությամբ օգնեց սկեսրոջը վերագտնել էմոցիոնալ և հոգևոր հավասարակշռությունը։ Ի՞նչ ենք սովորում Հռութից։
11. Ինչո՞ւ են բազմաթիվ եղբայրներ ու քույրեր օգնության հասնում նրանց, ովքեր վհատված են։
11 Նվիրված սերը մղում է մեզ օգնության հասնելու վհատվածներին։ Ինչպես Հռութը մնաց Նոեմիի կողքին, այնպես էլ մեր հոգատար եղբայրներն ու քույրերն են այսօր պատրաստակամորեն թիկունք կանգնում նրանց, ովքեր ճնշված են ու վհատված։ Նրանք սիրում են իրենց հավատակիցներին և պատրաստ են իրենց ձեռքից եկածն անելու, որպեսզի օգնեն նրանց (Առակ. 12։25; 24։10)։ Պողոսը հենց դա հորդորեց մեզ անել՝ ասելով. «Սփոփեք վհատված հոգիներին, թիկունք կանգնեք թույլերին, համբերատար եղեք բոլորի հանդեպ» (1 Թեսաղ. 5։14)։
12. Հաճախ ո՞րն է վհատված հավատակցին օգնելու լավագույն ձևը։
12 Հաճախ մեր վհատված հավատակցին օգնելու լավագույն ձևը նրան ուշադիր լսելն ու մեր սիրո մեջ հավաստիացնելն է։ Եհովայի աչքից չի վրիպում մեր հոգատար վերաբերմունքը իր թանկագին գառների հանդեպ (Սաղ. 41։1)։ Առակներ 19։17-ում ասվում է. «Նա, ով խեղճին հաճություն է ցույց տալիս, Եհովային պարտք է տալիս, և նրա արարքի դիմաց Նա կհատուցի նրան»։
13. Ինչո՞վ էր Հռութը տարբերվում Օրփայից, և ինչո՞ւ էր Հռութի որոշումը նվիրված սիրո դրսևորում (տես ամսագրի շապիկի նկարը)։
13 Ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում նվիրված սերը, քննենք, թե ինչ տեղի ունեցավ Նոեմիի հետ նրա ամուսնու և երկու որդիների մահից հետո։ Երբ Նոեմին իմացավ, որ «Եհովան ուշադրություն է դարձրել իր ժողովրդին ու նրան հաց է տվել», որոշեց վերադառնալ հայրենի երկիր (Հռութ 1։6)։ Նրա երկու հարսները ճանապարհ ընկան նրա հետ, սակայն ճանապարհին Նոեմին երեք անգամ համոզեց նրանց, որ վերադառնան Մովաբ։ Ի՞նչ արեցին նրանք։ Կարդում ենք. «Օրփան համբուրեց իր սկեսրոջն ու հեռացավ, իսկ Հռութը մնաց նրա հետ» (Հռութ 1։7–14)։ Որոշելով վերադառնալ՝ Օրփան հետևեց Նոեմիի խորհրդին և արեց այն, ինչ ակնկալվում էր իրենից։ Հռութը, սակայն, այլ կերպ վարվեց։ Նա նույնպես կարող էր հեռանալ, բայց նվիրված սիրուց մղված՝ որոշեց մնալ իր սկեսրոջ հետ, ով օգնության կարիք ուներ (Հռութ 1։16, 17)։ Հռութը դա արեց ոչ թե այն պատճառով, որ ստիպված էր, այլ քանի որ ցանկանում էր այդպես վարվել։ Հռութի որոշումը, իրոք որ, նվիրված սիրո դրսևորում էր։ Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից։
14. ա) Ինչպե՞ս են այսօր շատ հավատակիցներ ընդօրինակում Հռութին։ բ) Համաձայն Եբրայեցիներ 13։16-ի՝ ինչպիսի՞ զոհերն են հաճելի Աստծուն։
14 Նվիրված սեր դրսևորել նշանակում է անել սպասվածից ավելին։ Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Եհովայի շատ ծառաներ նվիրված սեր են դրսևորում իրենց հավատակիցների հանդեպ, նույնիսկ նրանց, ում անձամբ չեն ճանաչում։ Օրինակ, երբ աղետ է լինում, նրանք անմիջապես ցանկություն են հայտնում օգնելու իրենց հավատակիցներին։ Իսկ երբ ժողովում ինչ-որ մեկը ֆինանսական դժվարություններ է ունենում, նրանք անմիջապես փորձում են պարզել, թե ինչի կարիք ունի, և գործնական օգնություն են ցուցաբերում։ Առաջին դարի մակեդոնացիների նման նրանք ավելին են անում, քան ակնկալվում է։ Նրանք զոհողությունների են գնում՝ «նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելին անելով», որպեսզի օգնեն կարիքի մեջ հայտնված իրենց հավատակիցներին (2 Կորնթ. 8։3)։ Որքա՜ն է Եհովան ուրախանում, երբ իր ծառաները նման սեր են դրսևորում (կարդա Եբրայեցիներ 13։16)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԵԼ ԱՅՍՕՐ
15–16. Հռութն ինչպե՞ս հաստատակամություն դրսևորեց։
15 Քննելով այն, թե ինչպես Հռութն օգնեց Նոեմիին՝ մենք շատ արժեքավոր դասեր կարող ենք սովորել։ Քննենք դրանցից մի քանիսը։
16 Եղիր հաստատակամ։ Երբ Հռութը առաջարկեց իր սկեսրոջը նրա հետ գնալ Հուդա, նա սկզբում մերժեց այդ առաջարկը։ Բայց Հռութը չհանձնվեց։ Ի՞նչ եղավ արդյունքում։ «Տեսնելով, որ Հռութը հաստատ որոշել է գնալ իր հետ՝ Նոեմին այլևս այդ մասին չխոսեց» (Հռութ 1։15–18)։
17. Ի՞նչը կօգնի մեզ չհանձնվել։
17 Ի՞նչ ենք սովորում։ Վհատված մարդուն օգնելու համար համբերություն է անհրաժեշտ։ Ուստի մենք չպետք է արագ հանձնվենք։ Այն քույրը, ով օգնության կարիք ունի, գուցե սկզբում հրաժարվի մեր օգնությունից։d Սակայն նվիրված սերը կմղի մեզ ամեն բան անելու, որ նրա կողքին լինենք (Գաղ. 6։2)։ Հուսով ենք, որ նա ի վերջո թույլ կտա մեզ, որ օգնենք իրեն դուրս գալ այդ իրավիճակից։
18. Ի՞նչը գուցե ցավ պատճառեր Հռութին։
18 Սրտիդ մոտ մի՛ ընդունիր։ Երբ Նոեմին և Հռութը հասան Բեթլեհեմ, Նոեմին հանդիպեց իր նախկին հարևաններին։ Նա ասաց նրանց. «Ես գնացի լիքը, բայց Եհովան ինձ դատարկաձեռն հետ բերեց» (Հռութ 1։21)։ Պատկերացրու, թե ինչ զգաց Հռութը՝ լսելով այս խոսքերը։ Նա այնքա՜ն բան էր արել Նոեմիին օգնելու համար. նրա հետ արցունք էր թափել, մխիթարել էր նրան և օրեր շարունակ երկար ճանապարհ էր անցել նրա հետ։ Չնայած այդ ամենին՝ Նոեմին ասաց. «Եհովան ինձ դատարկաձեռն հետ բերեց»։ Նոեմին մի միտք անգամ չասաց այն մասին, թե ինչեր է արել իր համար Հռութը, ով այդ պահին կանգնած էր իր կողքին։ Որքա՜ն վիրավորական կարող էր դա լինել Հռութի համար։ Այդուհանդերձ, նա երբեք չլքեց Նոեմիին։
19. Ի՞նչը կօգնի միշտ լինել այն հավատակցի կողքին, ով վհատված է։
19 Ի՞նչ ենք սովորում։ Հնարավոր է՝ վհատված քույրը, չնայած մեր բոլոր ջանքերին, ասի բաներ, որոնք կվիրավորեն մեզ։ Բայց մենք չպետք է սրտին մոտ ընդունենք նրա խոսքերը։ Մենք պետք է մեր քրոջ կողքին լինենք և խնդրենք Եհովային, որ օգնի մեզ հասկանալ, թե ինչպես կարող ենք մխիթարել նրան (Առակ. 17։17)։
20. Ի՞նչը ուժ տվեց Հռութին, որ չհանձնվի։
20 Ժամանակին ասված քաջալերական խոսքեր։ Հռութը նվիրված սեր էր դրսևորել Նոեմիի հանդեպ, և այժմ նա քաջալերանքի կարիք ուներ։ Եհովան մղեց Բոոսին քաջալերել Հռութին։ Բոոսն ասաց նրան. «Թող Եհովան վարձատրի քեզ քո արածի համար, և թող քո վարձատրությունը լիակատար լինի Իսրայելի Աստծու՝ Եհովայի կողմից, որի թևերի տակ դու եկել ես ապաստան փնտրելու»։ Այս ջերմ խոսքերը խորապես մխիթարեցին Հռութին։ Ի պատասխան՝ Հռութն ասաց Բոոսին. «Դու մխիթարեցիր ինձ և քո աղախնի հետ քաղցրությամբ խոսեցիր» (Հռութ 2։12, 13)։ Բոոսի՝ ճիշտ ժամանակին ասված խոսքերը զորացրին Հռութին և օգնեցին, որ չհանձնվի։
21. Ըստ Եսայիա 32։1, 2 համարների՝ ի՞նչ պետք է անեն հոգատար երեցները։
21 Ի՞նչ ենք սովորում։ Նրանք, ովքեր նվիրված սեր են դրսևորում, երբեմն հենց իրենք են քաջալերանքի կարիք ունենում։ Ինչպես Բոոսը հավաստիացրեց Հռութին, որ իր բարությունը աննկատ չի մնացել, այնպես էլ այսօր դիտունակ երեցները գնահատանք են արտահայտում եղբայրների ու քույրերի հանդեպ, ովքեր նվիրվածությամբ աջակցում են ուրիշներին։ Ճիշտ ժամանակին ասված գովեստի խոսքերը ուժ կտան եղբայրներին ու քույրերին, որ չհանձնվեն և շարունակեն օգնել իրենց հավատակիցներին (կարդա Եսայիա 32։1, 2)։
ՆՎԻՐՎԱԾ ՍԵՐ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՕԳՈՒՏՆԵՐԸ
22–23. Ինչպե՞ս փոխվեց Նոեմիի տրամադրվածությունը և ինչո՞ւ (Սաղմոս 136։23, 26)։
22 Որոշ ժամանակ անց Բոոսը առատաձեռնորեն սնունդ տրամադրեց Հռութին և Նոեմիին (Հռութ 2։14–18)։ Ինչպե՞ս արձագանքեց Նոեմին։ Նա ասաց. «Օրհնյալ լինի նա Եհովայից, որ իր սիրառատ բարությունը չպակասեցրեց ողջերից ու մեռածներից» (Հռութ 2։20ա)։ Որքա՜ն էր փոխվել Նոեմիի վերաբերմունքը։ Որոշ ժամանակ առաջ արցունքն աչքերին՝ նա ասում էր. «Եհովայի ձեռքը իմ դեմ է ուղղվել»։ Իսկ այժմ նա ուրախությունից բացականչում է և փառաբանում Եհովային այն սիրո համար, որ Նա ցուցաբերում էր Բոոսի միջոցով։ Ինչո՞ւ էր Նոեմին փոխել իր վերաբերմունքը։
23 Վերջապես նա սկսել էր տեսնել Եհովայի ձեռքը իր կյանքում։ Եհովան Հռութի միջոցով աջակցել էր նրան դեպի Հուդա կատարած իր ողջ ճամփորդության ընթացքում (Հռութ 1։16)։ Նոեմին նաև տեսել էր Եհովայի ձեռքը այն ժամանակ, երբ Բոոսը, ով «փրկագին տալու իրավունք ուներ»,e առատաձեռնություն էր դրսևորել և թիկունք կանգնել իրենց (Հռութ 2։19, 20բ)։ Նոեմին հավանաբար մտածում էր. «Հիմա հասկանում եմ, որ Եհովան երբեք էլ չի լքել ինձ։ Այս ողջ ընթացքում նա ինձ հետ է եղել» (կարդա Սաղմոս 136։23, 26)։ Որքա՜ն երախտապարտ պետք է որ լիներ Նոեմին, որ Հռութն ու Բոոսը չլքեցին իրեն։ Պատկերացրու, թե ինչքան ուրախացան նրանք, երբ Նոեմին վերագտավ իր ուժերը և շարունակեց ուրախությամբ ծառայել Եհովային։
24. Ինչո՞ւ ենք ուզում շարունակ նվիրված սեր դրսևորել մեր հավատակիցների հանդեպ։
24 Նվիրված սիրո մասին ի՞նչ սովորեցինք «Հռութ» գրքից։ Նվիրված սերը մղում է մեզ չհանձնվել, երբ օգնում ենք մեր վհատված եղբայրներին ու քույրերին։ Այն մեզ մղում է նաև նրանց օգնելու համար զոհողություններ անել։ Իսկ երեցները պետք է ժամանակին ջերմորեն քաջալերեն նրանց, ովքեր նվիրված սեր են դրսևորում իրենց հավատակիցների հանդեպ։ Եվ երբ տեսնում ենք, թե ինչպես են մեր վհատված քույրերն ու եղբայրները վերագտնում իրենց ուժերն ու ուրախությունը, դա մեզ երջանկացնում է (Գործ. 20։35)։ Իսկ գլխավորապես ի՞նչն է մղում մեզ, որ շարունակենք նվիրված սեր ցուցաբերել։ Մենք ուզում ենք ընդօրինակել և հաճեցնել մեր երկնային Հորը՝ Եհովային, ով լի է նվիրված սիրով (Ելք 34։6; Սաղ. 33։22)։
ԵՐԳ 130 Ներողամիտ լինենք
a Եհովան ուզում է, որ մեր հավատակիցների հանդեպ նվիրված սեր դրսևորենք։ Մենք ավելի լավ կպատկերացնենք, թե ինչ է նվիրված սերը, եթե քննենք, թե ինչպես են Աստծու ծառաներից ոմանք անցյալում դրսևորել այս հատկությունը։ Հոդվածում կքննենք Հռութի, Նոեմիի և Բոոսի օրինակները և կտեսնենք, թե ինչ կարող ենք սովորել նրանցից։
b Այս հոդվածում նշված սուրբգրային համարներում «սիրառատ բարություն» արտահայտությունը վերաբերում է նվիրված սիրուն։
c Այս հոդվածից լիարժեք օգուտներ քաղելու համար կարդա «Հռութ» գրքի 1-ին և 2-րդ գլուխները։
d Այստեղ խոսվում է այն մասին, թե քույրերն ինչ են սովորում Նոեմիի օրինակից, սակայն հոդվածում նշված մտքերը հավասարապես կիրառելի են նաև եղբայրների դեպքում։
e Բոոսի՝ փրկագին տալու իրավունքի մասին ավելի շատ տեղեկություն կարող ես գտնել «Դիտարանի» 2012 թ. հոկտեմբերի 1-ի համարում «Ընդօրինակեք նրանց հավատը. «Առաքինի կին»» հոդվածում (էջ 20)։