Աստվածաշնչի գիրք համար 10. 2 Սամուել
Գրողը՝ Գադ և Նաթան
Գրվելու վայրը՝ Իսրայել
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 1040թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 1077թ.-ից մինչև մ.թ.ա. մոտ 1040թ.
1. Ինչո՞վ սկսվում «2 Սամուել» գիրքը, և ինչի՞ մասին է այն պատմում։
ԳԵԼԲՈՒԵ լեռան վրա Իսրայելի կրած պարտությունը, ինչպես նաև դրանից հետո հաղթանակած փղշտացիների հարձակումները հուսահատության մեջ գցեցին ազգին։ Իսրայելի առաջնորդները ու երիտասարդ ռազմիկներից լավագույնները սպանված ընկան մարտադաշտում։ Հենց այս դժվար ժամանակներում Իսրայելում ավելի ու ավելի սկսում է աչքի ընկնել Հեսսեի երիտասարդ որդի Դավիթը՝ «Եհովայի օծյալը» (2 Սամ. 19։21)։ Դրանից էլ սկսվում է «2 Սամուել» գիրքը, որն իրավամբ կարելի է կոչել Եհովայի ու Դավթի մասին գիրք։ Նրա բովանդակությունը հարուստ է իրադարձություններով։ Պատմվում է այն մասին, թե ինչպես են ջախջախիչ պարտություններին հաջորդում փայլուն հաղթանակները, թե ինչպես է պայքարներով կեղեքված երկիրը դառնում զորեղ, բարգավաճող թագավորություն, և թե ինչպես է երիտասարդական ավյունին հաջորդում հասուն տարիքի իմաստությունը։ Այս գրքում կարդում ենք Դավթի կյանքի անկեղծ պատմությունը, որն իր ամբողջ սրտով ձգտում էր քայլել Եհովայի ճանապարհովa։ Այդ պատմությունը պետք է մղի յուրաքանչյուր ընթերցողի քննելու իր սիրտը, որպեսզի ամրացնի իր փոխհարաբերությունները Արարչի հետ և լավ անուն ունենա նրա մոտ։
2. ա) Ինչո՞ւ է գիրքը կոչվում Սամուելի անունով։ բ) Ովքե՞ր են գրել գիրքը, ի՞նչ է հայտնի այդ մարդկանց մասին, և ի՞նչ տեղեկություններ են նրանք ձգտել պահպանել հետագա սերունդների համար։
2 Ինչո՞ւ է գիրքը կոչվում «2 Սամուել», եթե Սամուել անունն անգամ չի հիշատակվում նրանում։ Իրականում, սկզբում «1 Սամուել» և «2 Սամուել» գրքերը մեկ փաթույթ են կազմել։ «2 Սամուել» գիրքը գրել են Նաթան ու Գադ մարգարեները, որոնք ավարտին հասցրին «1 Սամուել» գիրքը (1 Տար. 29։29)։ Նրանք շատ համապատասխան էին այդ հանձնարարությունը կատարելու համար։ Գադը Դավթի հետ էր, երբ նա թաքնվում էր Սավուղից, ու մինչև Դավթի իշխանության 40-րդ տարվա վերջը մտերիմ հարաբերություններ ուներ նրա հետ։ Գադի միջոցով էր, որ Եհովան արտահայտեց իր բարկությունը Իսրայելում մարդահամար անելու համար (1 Սամ. 22։5; 2 Սամ. 24։1–25)։ Գադի հետ գրեթե նույն ժամանակահատվածում ծառայել է Նաթան մարգարեն, որը լավ ճանաչում էր Դավթին։ Նա պատիվ ունեցավ հայտնել թագավորին այն մասին, որ Եհովան հավիտենական թագավորության համար ուխտ է կապում նրա հետ։ Նաթանն էր, որ Աստծու ոգով առաջնորդվելով՝ խիզախորեն նրան մատնացույց արեց Բերսաբեի հետ գործած մեծ մեղքը ու հայտնեց Աստծու դատավճիռը (2 Սամ. 7։1–17; 12։1–15)։ Այդպիսով Նաթանի (որի անունը նշանակում է «[Աստված] տվել է») ու Գադի (որի անունը նշանակում է «հաջողություն») միջոցով գրի առնվեց ներշնչված և օգտակար այս գիրքը։ Այդ համեստ պատմիչները նպատակ չեն ունեցել հիշատակ թողնելու իրենց մասին, քանի որ ոչինչ չեն նշել իրենց ծագման ու անձնական կյանքի վերաբերյալ։ Նրանք ընդամենը ձգտել են անել այն, ինչին մղում էր իրենց Աստծու ոգին՝ ճշգրտորեն նկարագրել Իսրայելի պատմությունը Եհովայի այն ծառաների համար, ովքեր ապրելու էին ապագայում։
3. Ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում «2 Սամուել» գիրքը, ու ե՞րբ է ավարտվել նրա գրությունը։
3 «2 Սամուել» գիրքը շարունակում է աստվածաշնչյան պատմության ճշգրիտ նկարագրությունը։ Այն սկսվում է իրադարձություններով, որոնք տեղի են ունենում Իսրայելի առաջին թագավոր Սավուղի մահից անմիջապես հետո, ու գրեթե լիովին նկարագրում է Դավթի 40-ամյա իշխանությունը։ Գիրքն ընդգրկում է մ.թ.ա. 1077թ.-ից մինչև մ.թ.ա. մոտ 1040թ.-ն ընկած ժամանակահատվածը։ Այն փաստը, որ «2 Սամուել»-ում ոչինչ չի ասվում Դավթի մահվան մասին, համոզիչ կերպով փաստում է, որ գիրքն ավարտին է հասցվել նրա մահից կարճ ժամանակ առաջ՝ մ.թ.ա. մոտ 1040թ.-ին։
4. Ի՞նչ հիմքեր կան «2 Սամուել» գիրքը համարելու Աստվածաշնչի կանոնի մի մասը։
4 «1 Սամուել» գրքի կանոնականությունը փաստող ապացույցները հավասարապես վերաբերում են նաև «2 Սամուել» գրքին։ Նրա վավերականությունը կասկած չի առաջացնում։ Եվս մեկ համոզիչ ապացույց է այն, որ գրքում անկեղծորեն խոսվում է Դավիթ թագավորի թերությունների և նույնիսկ մեղքերի մասին։
5. Ո՞րն է ամենահամոզիչ ապացույցը, որ «2 Սամուել» գիրքը ներշնչված է Աստծուց։
5 Սակայն «2 Սամուել» գրքի վավերական և Աստծուց ներշնչված լինելու ամենահամոզիչ ապացույցը կատարված մարգարեություններն են, հատկապես այն մարգարեությունները, որոնք վերաբերում են Դավթի հետ կապված Թագավորության ուխտին։ Աստված նրան խոստացավ. «Քո տունը և քո թագավորությունը դարեդար կանգուն պիտի լինեն քո առաջ. և քո գահը դարեդար հաստատ պիտի մնա» (2 Սամ. 7։16)։ Նույնիսկ երբ Հուդայի թագավորությունը անկման շեմին էր կանգնած, Երեմիան հետևյալ խոսքերով հիշեցրեց, որ Դավթի տան մասին տրված խոստումը անխախտելի է. «Այսպես է ասում Եհովան. «Դավթից չի պակասի Իսրայելի տան գահի վրա նստողը»» (Երեմ. 33։17)։ Եվ իսկապես, այդ մարգարեությունը կատարվեց, քանի որ հետագայում Եհովան Հուդայի ցեղից «Հիսուս Քրիստոսին՝ Դավթի որդուն» առաջ բերեց, և այդ մասին հստակ վկայում է Աստվածաշունչը (Մատթ. 1։1)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
6. Լսելով Սավուղի ու Հովնաթանի մահվան լուրը՝ ինչպե՞ս է արձագանքում Դավիթը։
6 Դավթի իշխանության առաջին տարիների իրադարձությունները (1։1–4։12)։ Գելբուե լեռան վրա Սավուղի մահից հետո Դավթի մոտ՝ Սիկելակ, կռվի դաշտից մի ամաղեկացի է գալիս՝ հրատապ լուր բերելով։ Հուսալով ստանալ Դավթի բարեհաճությունը՝ այդ երիտասարդն ասում է, թե ինքն է սպանել Սավուղին։ Սակայն գովասանքի արժանանալու փոխարեն՝ նա մահվան տեսքով է վարձատրություն ստանում. նա ինքը դատապարտում է իրեն՝ ասելով, որ սպանել է «Եհովայի օծյալին» (1։16)։ Նոր թագավորը՝ Դավիթը, մի ողբերգ է կազմում, որը կոչվում է «Աղեղ»։ Դրանով նա ողբում է Սավուղի ու Հովնաթանի մահը։ Այդ երգը Դավիթը ավարտում է հուզիչ խոսքերով, որոնցով իր խոր սերն է արտահայտում Հովնաթանի հանդեպ. «Ողբո՜ւմ եմ քեզ համար, եղբա՜յր իմ Հովնաթան, դու ինձ շատ սիրելի էիր, քո սերը ինձ համար կանանց սիրուց ավելի հիասքանչ էր։ Ինչպե՜ս ընկան զորավորները, և կործանվեցին պատերազմի զենքերը» (1։17, 18, 26, 27)։
7. Դավթի թագավորության առաջին տարիներին ի՞նչ իրադարձություններ են տեղի ունենում։
7 Եհովայի հրահանգին հետևելով՝ Դավիթն ու իր մարդիկ իրենց ընտանիքներով տեղափոխվում են Քեբրոն, որը Հուդայի երկրում է։ Այստեղ մ.թ.ա. 1077-ին ցեղի երեցները Դավթին թագավոր են օծում։ Դավթի կողմնակիցների մեջ իրեն առանձնահատուկ կերպով է դրսևորում զորագլուխ Հովաբը։ Սակայն երբ Սավուղի զորագլուխ Աբեները թագավոր է օծում Սավուղի որդի Հեբուսթեին, Դավթի համար մրցակից է հայտնվում։ Ժամանակ առ ժամանակ երկու հակառակորդ կողմերի միջև բախումներ են տեղի ունենում։ Այդ մարտերից մեկում Աբեները սպանում է Հովաբի եղբայրներից մեկին։ Ավելի ուշ Աբեները անցնում է Դավթի ճամբար ու նրա մոտ է բերում Սավուղի աղջիկ Մեղքողին, որի համար Դավիթը ժամանակին փրկագին էր վճարել։ Իր եղբոր վրեժը առնելու համար Հովաբը օգտագործում է առիթը և սպանում Աբեներին։ Դավիթը շատ է ափսոսում տեղի ունեցածի համար և ասում է, որ անմեղ է Աբեների արյունից։ Դրանից կարճ ժամանակ անց Հեբուսթեն նույնպես սպանվում է «կեսօրվա տոթին» իր տանը հանգստանալիս (2 Սամ. 4։5)։
8. Եհովան ինչպե՞ս է նպաստում, որ Դավթի իշխանությունը բարգավաճի, երբ նա իշխում է ողջ Իսրայելի վրա։
8 Դավիթը թագավորում է Երուսաղեմում (5։1–6։23)։ Թեև Դավիթն արդեն յոթուկես տարի է, ինչ թագավորում է Հուդայում, միայն հիմա է նրա իշխանությունը անվիճելի դառնում։ Բոլոր ցեղերից ներկայացուցիչներ են գալիս Դավթի մոտ ու նրան թագավոր օծում ողջ Իսրայելի վրա։ Սա նրա երրորդ օծումն է (մ.թ.ա. 1070թ.)։ Իսրայելի վրա թագավոր դառնալով՝ Դավիթը առաջին հերթին գնում է Երուսաղեմի դեմ։ Նա ներխուժում է քաղաք ջրանցքով և հանկարծակիի բերելով հեբուսացիներին՝ գրավում է Սիոնի ամրոցը։ Այդ քաղաքը նա դարձնում է իր թագավորության մայրաքաղաքը։ Զորքերի Աստված Եհովան օրհնում է Դավթին՝ ավելի ու ավելի հզորացնելով նրան։ Նույնիսկ Տյուրոսի հարուստ Քիրամ թագավորը մայրու ծառի գերաններ ու աշխատողներ է ուղարկում՝ թագավորի համար տուն կառուցելու։ Դավթի ընտանիքը մեծանում է, ու Եհովան նպաստում է, որ նրա իշխանությունը բարգավաճի։ Երկու անգամ Դավիթը պատերազմում է ռազմատենչ փղշտացիների դեմ։ Առաջին անգամ Եհովան Բաալ-Փարասինում ճեղքում է թշնամիների շարքերը ու Դավթին հաղթանակ տալիս, իսկ երկրորդ անգամ մեկ ուրիշ հրաշք է գործում. այնպես է անում, որ մի «ձայն լսվի, ասես ինչ-որ մեկը քայլում է բակայի թփերի վրայով», և այդպես ցույց է տալիս, որ ինքը գնում է Իսրայելի առջևով, որպեսզի կոտորի փղշտացիների բանակը (5։24)։ Ու կրկին Եհովայի զորքերը հաղթանակ են տանում։
9. Տապանակը Երուսաղեմ տեղափոխելիս ի՞նչ է տեղի ունենում։
9 Հավաքելով 30000 մարդ՝ Դավիթը վեր է կենում ու գնում Բաալ-Հուդա (Կարիաթարիմ), որպեսզի այնտեղից ճշմարիտ Աստծու տապանակը բերի Երուսաղեմ։ Տապանակը տանում են նոր սայլակառքի վրա, որը քշում է Օզան։ Ուղեկցողները տարբեր երաժշտական գործիքներ են նվագում և ուրախանում են։ Երբ սայլակառքը թեքվում է, Օզան ձեռքը մեկնում է տապանակին և բռնում այն։ «Այդ ժամանակ Եհովայի զայրույթը բորբոքվում է Օզայի դեմ. ճշմարիտ Աստվածը այդ անհարգալից արարքի համար հարվածում է նրան, և նա մեռնում է այնտեղ՝ ճշմարիտ Աստծու տապանակի կողքին» (6։7)։ Տապանակը տանում են Աբդեդոմի տուն։ Այն երեք ամիս մնում է նրա տանը, ու Եհովան օրհնում է Աբդեդոմին և նրա ամբողջ ընտանիքը։ Հետո Դավիթը տապանակը բերում է Երուսաղեմ՝ այս անգամ Օրենքին ներդաշնակ։ Ուրախության բացականչություններով, երաժշտության ձայների տակ ու պարերով այն մտցնում են Դավթի քաղաք։ Թագավորը թռչկոտելով պարում է Եհովայի առաջ։ Մեղքողը հանդիմանում է նրան, սակայն վերջինս վստահ ասում է. «Ես պիտի ուրախանամ Եհովայի առաջ» (6։21)։ Եվ Մեղքողը մինչև իր մահվան օրը զավակ չի ունենումb։
10. Եհովան ի՞նչ ուխտ է կապում Դավթի հետ և ի՞նչ է նրան խոստանում։
10 Աստված ուխտ է կապում Դավթի հետ (7։1–29)։ Սա Դավթի կյանքում ամենակարևոր իրադարձություններից մեկն է։ Այն ուղղակիորեն կապված է Աստվածաշնչի գլխավոր թեմայի՝ Թագավորության միջոցով Եհովայի անվան սրբացման հետ, որի Թագավորը խոստացված Սերունդն է։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ Դավիթը, որն ապրում է մայրու փայտից կառուցված գեղեցիկ տան մեջ, ցանկություն է հայտնում տուն շինել ուխտի տապանակի համար։ Իր ցանկության մասին Դավիթը հայտնում է Նաթանին։ Վերջինիս միջոցով Եհովան վստահեցնում է թագավորին Իսրայելի հանդեպ իր սիրառատ բարության մեջ և նրա հետ ուխտ է հաստատում դարեդար։ Սակայն Դավիթը չէ, որ Եհովայի անվան համար տուն կկառուցի, այլ նրա միջից դուրս եկող սերունդը։ Բացի այդ, Եհովան հետևյալ սիրառատ խոստումն է տալիս. «Քո տունը և քո թագավորությունը դարեդար կանգուն պիտի լինեն քո առաջ. և քո գահը դարեդար հաստատ պիտի մնա» (7։16)։
11. Երախտագիտության ի՞նչ խոսքերով է Դավիթը աղոթում Եհովային։
11 Մինչև սրտի խորքը ազդվելով Եհովայի բարությունից, որը նա դրսևորեց իր հանդեպ, երբ ուխտ կապեց՝ Դավիթը իր երախտագիտությունն է հայտնում՝ բացականչելով. «Երկրի վրա ո՞ր ազգն է քո Իսրայել ժողովրդի նման, որին Աստված իր համար փրկագնեց որպես ժողովրդի և իր անունը փառավորեց մեծամեծ ու վախ ներշնչող գործերով.... Եվ դու ինքդ, ո՛վ Եհովա, դարձար նրանց Աստվածը» (7։23, 24)։ Նա ջերմեռանդորեն աղոթում է Եհովայի անվան սրբացման համար և որ իր տունը ընդմիշտ հաստատուն մնա նրա առջև։
12. Ի՞նչ պատերազմներ է մղում Դավիթը և ինչպե՞ս է բարություն դրսևորում Սավուղի տան հանդեպ։
12 Դավիթն ընդարձակում է Իսրայելի տարածքները (8։1–10։19)։ Թեև Եհովան խոստանում է հանգստություն տալ Դավթին բոլոր թշնամիներից, սակայն նա դեռ պետք է պատերազմներ մղի։ Նա հարվածում է փղշտացիներին, մովաբացիներին, սուբացիներին, ասորիներին ու եդոմացիներին՝ այդպիսով ընդարձակելով Իսրայելի տարածքները մինչև Աստծու կողմից նշանակված սահմանները (2 Սամ. 8։1–5, 13–15; 2 Օրենք 11։24)։ Այնուհետև Դավիթն իր ուշադրությունը դարձնում է Սավուղի տան վրա, որպեսզի հանուն Հովնաթանի սիրառատ բարություն ցույց տա այդ տնից մնացածների հանդեպ։ Սավուղի ծառա Սիբան հայտնում է նրան Հովնաթանի որդի Մեմփիբոսթեի մասին, որը երկու ոտքից կաղ է։ Թագավորն անմիջապես հրամայում է, որ այն ամենը, ինչ պատկանում է Սավուղին, վերադարձվի Մեմփիբոսթեին, և որ Սիբան ու նրա ծառաները մշակեն նրա հողը, որ նրա ընտանիքը հաց ունենա։ Իսկ Մեմփիբոսթեն պետք է հաց ուտի Դավթի սեղանից։
13. Եհովան ինչպե՞ս է ցույց տալիս, որ Դավթի հետ է։
13 Երբ Ամմոնի թագավորը մահանում է, Դավիթը դեսպաններ է ուղարկում նրա որդի Անոնի մոտ, որ սիրառատ բարություն ցույց տա նրա հանդեպ և մխիթարի։ Սակայն Անոնի խորհրդականները ասում են, որ Դավթի նպատակը իրենց երկիրը լրտեսելն է։ Ուստի անարգում են դեսպաններին՝ կիսով չափ ածիլելով նրանց մորուքը։ Բարկանալով՝ Դավիթը ուղարկում է Հովաբին և ամբողջ զորքին՝ վրեժ առնելու այդ վիրավորանքի համար։ Հովաբը բաժանում է իր զինվորներին և հեշտ հաղթանակ տանում ամմոնացիների ու նրանց դաշնակից ասորիների դեմ։ Ասորիները վերախմբավորում են իրենց ուժերը, բայց կրկին պարտություն են կրում. Եհովայի զորքերը Դավթի գլխավորությամբ սպանում են 700 կառապանների ու 40000 հեծյալների։ Այդ հաղթանակները ևս մեկ անգամ փաստում են, որ Եհովան հաճություն է դրսևորում Դավթի հանդեպ և օրհնում է նրան։
14. Ի՞նչ մեղքեր է գործում Դավիթը Բերսաբեի հետ կապված։
14 Դավիթը Եհովայի դեմ մեղք է գործում (11։1– 12։31)։ Հաջորդ գարնանը Դավիթը Հովաբին կրկին ուղարկում է ամմոնացիների դեմ, որ պաշարեն Ռաբան։ Իսկ ինքը մնում է Երուսաղեմում։ Մի երեկո Դավիթը արքունական տան տանիքի վրա ման գալիս շատ գեղեցիկ կնոջ է տեսնում, որը լողանում է։ Թագավորին հայտնում են, որ նա քետացի Ուրիայի կին Բերսաբեն է։ Դավիթը բերել է տալիս նրան, պառկում նրա հետ, և կինը հղիանում է։ Փորձելով ծածկել իր արարքը՝ նա Ուրիային հետ է կանչում պատերազմի դաշտից և ուղարկում տուն, որ հանգստանա։ Սակայն Ուրիան հրաժարվում է իրեն հաճեցնելուց և կնոջ հետ հարաբերություն ունենալուց, քանի դեռ տապանակն ու զորքը «վրաններում են բնակվում»։ Հուսահատված՝ Դավիթը մի նամակ է գրում Հովաբին և Ուրիայի ձեռքով ուղարկում նրան։ Նամակում ասում է. «Ուրիային դրեք սաստիկ պատերազմի դիմացը, և դուք նրանից հետ քաշվեք, որ նրան հարվածեն ու նա մեռնի» (11։11, 15)։ Ուրիան մեռնում է։ Բերսաբեն ողբում է իր ամուսնու վրա։ Երբ սգի օրերը վերջանում են, Դավիթը նրան իր տուն է բերում, և նա նրա կինն է դառնում։ Նրանք մի որդի են ունենում։
15. Ինչպե՞ս է Նաթանը Դավթին հայտնում Եհովայի դատավճիռը։
15 Դավթի այս արարքը չար է երևում Եհովայի աչքին։ Ուստի նրա մոտ է ուղարկում մարգարե Նաթանին, որ իր դատավճիռը հայտնի։ Նաթանը մի առակ է պատմում հարուստ ու աղքատ մարդու մասին։ Մեկը շատ անասուն ունի, իսկ մյուսը՝ մի փոքր էգ գառնուկ, որը մեծացել է իր որդիների հետ ու «իր համար դստեր պես է»։ Բայց երբ հարուստ մարդը պետք է կերակուր պատրաստի իր մոտ եկած ճամփորդի համար, նա չի ուզում իր հոտերից ոչխար վերցնել, ուստի վերցնում է աղքատ մարդու գառնուկը, որ անցորդի համար կերակուր պատրաստի։ Դա լսելով՝ Դավիթը խիստ բարկացած բացականչում է. «Կենդանի՛ է Եհովան, այդ բանն անող մարդը մահվա՛ն է արժանի»։ Այդ ժամանակ Նաթանն ասում է. «Այդ մարդը դո՛ւ ես» (12։3, 5, 7)։ Այնուհետև մարգարեն ազդարարում է Աստծու դատավճիռը։ Նա մարգարեանում է, որ բոլորի աչքի առաջ մեկ ուրիշ մարդ կպառկի Դավթի կանանց հետ, որ սուրը դարեդար չի հեռանա նրա տնից, և որ երեխան, որը կծնվի Բերսաբեի համար, կմեռնի։
16. ա) Դավթի ու Բերսաբեի երկրորդ որդուն տրված անունները ի՞նչ են նշանակում։ բ) Ինչպե՞ս է ավարտվում Ռաբայի պաշարումը։
16 Խոր ափսոսանք զգալով և անկեղծորեն զղջալով՝ Դավիթը բացահայտ կերպով ընդունում է. «Մեղք եմ գործել Եհովայի դեմ» (12։13)։ Յոթ օր տևած հիվանդությունից հետո երեխան, որը ծնվել է անբարո կապից, մահանում է։ Այդպես կատարվում է Եհովայի խոսքը։ (Որոշ ժամանակ անց Բերսաբեն մի որդի է ծնում, որի անունը Սողոմոն են դնում։ Այդ անունը առաջ է եկել մի արմատից, որը նշանակում է «խաղաղություն»։ Բայց Եհովան ուղարկում է Նաթանին և նրան մեկ ուրիշ անուն էլ է տալիս՝ Հեդիդիա, որը նշանակում է «Յահից սիրված»)։ Այդ ողբերգական իրադարձություններից հետո Հովաբը Դավթին առաջարկում է գնալ Ռաբա, որտեղ ամեն ինչ պատրաստ է քաղաքը գրավելու համար։ Գրավելով քաղաքի ջրերի աղբյուրները՝ Հովաբը, թագավորի հանդեպ հարգանքից ելնելով, նրան է հնարավորություն տալիս զավթելու քաղաքը։
17. Ի՞նչ խնդիրներ են ծագում Դավթի ընտանիքում։
17 Դժվարություններ Դավթի ընտանիքում (13։1– 18։33)։ Դավթի ընտանիքում խնդիրները սկսվում են այն բանից, որ նրա որդիներից մեկը՝ Ամնոնը, ուժգին սիրահարվում է Թամարին՝ իր եղբայր Աբիսողոմի քրոջը։ Նա հիվանդ է ձևանում և խնդրում է, որ գեղեցկուհի Թամարը գա ու խնամի իրեն։ Ուժով տիրելով նրան՝ Ամնոնը պառկում է քրոջ հետ, բայց հետո մեծ ատելությամբ ատում է նրան։ Անարգված Թամարին նա դուրս է անում։ Աբիսողոմը որոշում է վրեժ լուծել և հարմար պահի է սպասում։ Մոտ երկու տարի հետո նա խնջույք է անում և հրավիրում է թագավորի մյուս բոլոր որդիներին, այդ թվում Ամնոնին։ Երբ ոչինչ չկասկածող Ամնոնի սիրտը զվարթանում է գինով, Աբիսողոմի հրամանով նրան սպանում են։
18. Ինչպե՞ս է Աբիսողոմը վերադառնում աքսորից։
18 Վախենալով թագավորի բարկությունից՝ Աբիսողոմը փախչում ու գնում է Գեսուր և այնտեղ երեք տարի ապրում է որպես կիսավտարանդի։ Այդ ընթացքում զորագլուխ Հովաբը մտածում է, թե ինչպես հաշտեցնի Դավթին ու Աբիսողոմին։ Թեկուեից նա մի խելացի կին է ուղարկում թագավորի մոտ, որպեսզի նա հատուցման, արտաքսման ու պատժի վերաբերյալ հորինված մի գործ ներկայացնի նրա դատին։ Երբ թագավորը դատավճիռ է կայացնում, թեկուեցի կինը հայտնում է իր գալստի իրական պատճառը. թագավորի որդի Աբիսողոմը աքսորյալ է Գեսուրում։ Դավիթը գլխի է ընկնում, որ Հովաբն է ուղարկել կնոջը, այդուհանդերձ թույլ է տալիս, որ իր որդին վերադառնա Երուսաղեմ։ Անցնում է ևս երկու տարի, նախքան թագավորը թույլ կտա, որ նա տեսնի իր երեսը։
19. Աբիսողոմն ինչպե՞ս է իրագործում իր դավադրությունը, և ի՞նչ է Դավիթը ստիպված լինում անել։
19 Չնայած իր հանդեպ Դավթի դրսևորած սիրառատ բարությանը՝ Աբիսողոմը ծրագրում է զավթել հոր գահը։ Իսրայելի բոլոր խիզախ տղամարդկանց մեջ չկա Աբիսողոմի նման գեղեցիկ մեկը, և այդ հանգամանքը ավելի փառասեր ու հպարտ է դարձնում նրան։ Երբ ամեն տարի նա խուզում է իր գլխի մազերը, դրանք կշռում են մոտ 2,3 կիլոգրամ (2 Սամ. 14։26, ծնթ.)։ Տարբեր հնարքներով Աբիսողոմը սկսում է գողանալ Իսրայելի մարդկանց սրտերը։ Վերջիվերջո, նա բացեիբաց է գործում։ Հոր թույլտվությամբ գնալով Քեբրոն՝ Աբիսողոմը հայտարարում է թագավոր դառնալու իր նպատակի մասին ու կոչ է անում ողջ Իսրայելին իր կողմը անցնել։ Մինչ նրան միացող մարդկանց թիվը շարունակ աճում է, Դավիթը փախչում է Երուսաղեմից իրեն հավատարիմ սակավաթիվ մարդկանցով, որոնց թվում է գեթացի Եթթային։ Վերջինս երդվում է թագավորին. «Կենդանի է Եհովան, և կենդանի է իմ տեր թագավորը. ուր որ իմ տեր թագավորը լինի, այնտեղ էլ քո ծառան կլինի։ Ես պատրաստ եմ նույնիսկ մեռնել քեզ հետ» (15։21)։
20, 21. ա) Ի՞նչ է տեղի ունենում, երբ Դավիթը փախուստի է դիմում, և ինչպե՞ս է կատարվում Նաթանի մարգարեությունը։ բ) Ինչպիսի՞ն է լինում դավաճան Աքիտոփելի վերջը։
20 Երբ Դավիթը փախչում է Երուսաղեմից, նրան հայտնում են, որ իր ամենամտերիմ խորհրդականներից մեկը՝ Աքիտոփելն էլ է Աբիսողոմի հետ դավադրություն կազմակերպողների մեջ։ Նա աղոթում է. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, Աքիտոփելի խորհուրդը հիմարություն դարձրու» (15։31)։ Այնուհետև թագավորը Երուսաղեմ է ուղարկում իրեն հավատարիմ Սադոկ ու Աբիաթար քահանաներին, ինչպես նաև արաքացի Քուսիին, որպեսզի նրանք հետևեն Աբիսողոմի գործունեությանը ու հաղորդեն իրեն այն ամենը, ինչ կլսեն։ Անապատում Դավիթը հանդիպում է Մեմփիբոսթեի ծառա Սիբային։ Նրա խոսքերով՝ իր տերը հույս ունի, որ այժմ թագավորական իշխանությունը կվերադարձվի Սավուղի տանը։ Հետո Դավթին ընդառաջ է դուրս գալիս Սեմեին, որը Սավուղի տանը պատկանող ընտանիքից է։ Թեև նա անիծում է թագավորին ու վրան քարեր շպրտում, բայց վերջինս չի թողնում իր մարդկանց, որ վրեժ լուծեն։
21 Իսկ այդ ընթացքում ի՞նչ է տեղի ունենում Երուսաղեմում։ Աքիտոփելի խորհրդով ինքնակոչ թագավոր Աբիսողոմը «ամբողջ Իսրայելի աչքի առաջ» հարաբերություն է ունենում իր հոր հարճերի հետ։ Այդպիսով կատարվում է Նաթանի մարգարեությունը (16։22; 12։11)։ Աքիտոփելը նաև խորհուրդ է տալիս Աբիսողոմին, որ 12000 մարդ ընտրի ու հետապնդի Դավթին անապատում։ Սակայն Քուսին, որն այդ ընթացքում հասցրել է շահել Աբիսողոմի վստահությունը, այլ բան է առաջարկում։ Այդպիսով Դավթի աղոթքը լսվում է. Աքիտոփելի խորհուրդը խափանվում է։ Վհատված՝ նա գնում է իր տուն ու կախվում է։ Հետագայում հենց այդպես է վարվում Հուդա Իսկարիովտացին։ Քուսին Աբիսողոմի ծրագրերի մասին գաղտնի հայտնում է Սադոկ և Աբիաթար քահանաներին, նրանք էլ այդ տեղեկությունները հայտնում են Դավթին, որը գտնվում է անապատում։
22. Ի՞նչն է վշտացնում Դավթին՝ չնայած իր տարած հաղթանակին։
22 Իմանալով Աբիսողոմի ծրագրերի մասին՝ Դավիթը անցնում է Հորդանանը ու պատերազմի վայր է ընտրում Մանայիմում գտնվող անտառը։ Այնտեղ նա իր զորքի վրա հազարապետներ ու հարյուրապետներ է կարգում և պատվիրում է նրանց մեղմորեն վարվել Աբիսողոմի հետ։ Ապստամբները ծանր պարտություն են կրում։ Փորձելով փախչել՝ Աբիսողոմը, ջորի հեծած, գնում է անտառի միջով։ Երբ ջորին մտնում է սաղարթախիտ մի մեծ ծառի տակ, Աբիսողոմի գլխի մազերը խճճվում են ճյուղերի մեջ։ Հովաբը նրան գտնում է երկնքի ու երկրի միջև կախված ու չնայած թագավորի հրամանին՝ սպանում է։ Երբ թագավորը լսում է որդու մահվան մասին լուրը, վշտագին լաց է լինում. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս, որդի՜ս, Աբիսողո՜մ։ Երանի թե ես մեռնեի քո փոխարեն, որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս» (18։33)։
23. Ի՞նչ է տեղի ունենում, երբ Դավիթը վերադառնում է Երուսաղեմ։
23 Դավթի թագավորության վերջին տարիների իրադարձությունները (19։1–24։25)։ Թագավորը շարունակում է դառնապես լաց լինել և սուգ անել Աբիսողոմի համար։ Ի վերջո, Հովաբը կարողանում է համոզել նրան, որ վերադառնա իր թագավորական պարտականություններին։ Դավիթը Ամեսային զորագլուխ է նշանակում Հովաբի փոխարեն։ Երբ նա վերադառնում է Երուսաղեմ, ժողովուրդը դիմավորում է նրան, այդ թվում Սեմեին, որի կյանքը Դավիթը խնայում է։ Իր խնդրով Դավթին է դիմում նաև Մեմփիբոսթեն, և թագավորը նրա ժառանգությունը հավասարապես բաժանում է նրա ու Սիբայի միջև։ Դավիթը նորից թագավորում է ողջ Իսրայելի ու Հուդայի վրա։
24. Բենիամինի ցեղի հետ կապված ի՞նչ իրադարձություններ են տեղի ունենում։
24 Սակայն դժվարությունները չեն ավարտվում։ Բենիամինցի Սաբան իրեն թագավոր է հռչակում, և շատերը նրա հետևից են գնում։ Դավիթը Ամեսային հրամայում է հավաքել մարդկանց և վերջ դնել ապստամբությանը։ Պատահաբար հանդիպելով Ամեսային՝ Հովաբը նենգաբար սպանում է նրան և սկսում է գլխավորել զորքը։ Հովաբը հետապնդում է Սաբային մինչև Աբել-Բեթ-Մաաքա ու պաշարում է այն։ Հետևելով քաղաքի իմաստուն կնոջ խորհրդին՝ բնակիչները սպանում են Սաբային, ինչից հետո Հովաբը նահանջում է։ Իսրայելում երեք տարի շարունակ սով է լինում, քանի որ Սավուղը կոտորել էր գաբաոնացիներին, և ոչ ոք դեռ վրեժ չէր առել նրանց արյան համար։ Քավություն անելու համար կախում են Սավուղի տնից յոթ հոգու։ Ավելի ուշ փղշտացիների դեմ պատերազմի ժամանակ Դավթի քրոջ որդի Աբեսսան փրկում է թագավորին։ Դավթի հետ եղող մարդիկ երդվում են նրան. «Դու այլևս մեզ հետ չես գա պատերազմ, որպեսզի Իսրայելի ճրագը չհանգցնես» (21։17)։ Դրանից հետո թագավորի երեք զորավոր ռազմիկները սպանում են փղշտացի մի քանի աժդահաների։
25. Ի՞նչ է ասվում Դավթի երգերում, որոնք արձանագրված են 22-րդ և 23-րդ գլուխներում։
25 «2 Սամուել» գրքում արձանագրված է Դավթի երգը, որի խոսքերը կարելի է գտնել նաև 18-րդ սաղմոսում։ Այդ երգով նա շնորհակալություն է հայտնում Եհովային, որ ազատել է իրեն «բոլոր թշնամիների ձեռքից և Սավուղի ձեռքից»։ Նա բացականչում է. «Եհովան իմ վեմն է, իմ ամրոցն ու իմ Ազատարարը.... Նա մեծ գործեր է անում իր թագավորին փրկելու համար և սիրառատ բարություն է դրսևորում իր օծյալի՝ Դավթի ու նրա սերնդի հանդեպ հավիտյան» (22։1, 2, 51)։ Իսկ իր վերջին երգում թագավորն ասում է. «Եհովայի ոգին խոսեց իմ միջոցով, և նրա խոսքը իմ լեզվի վրա էր» (23։2)։
26. Ի՞նչ ենք իմանում Դավթի զորեղ մարդկանց մասին, և ինչպե՞ս է նա հարգանք դրսևորում նրանց կյանքի հանդեպ։
26 Այնուհետև թվարկվում են Դավթի զորեղ մարդկանց անունները, որոնցից երեքը առանձնահատուկ կերպով են դրսևորում իրենց։ Ահա թե ինչ են նրանք անում Դավթի համար, երբ փղշտացիների պահապան զորքը Բեթլեհեմում է գտնվում՝ Դավթի ծննդավայրում։ Թագավորը իր փափագն է արտահայտում՝ ասելով. «Ա՜խ, երանի՜ թե ջուր խմեի Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից» (23։15)։ Ուստի այդ երեք զորեղ տղամարդիկ ներխուժում են փղշտացիների բանակատեղին, ջրհորից ջուր են հանում ու բերում են Դավթին։ Բայց նա չի ուզում խմել այդ ջրից, այլ գետին է թափում և ասում. «Ո՜վ Եհովա, անհնա՛ր է, որ ես այս բանն անեմ։ Մի՞թե կխմեմ իրենց հոգիները վտանգի ենթարկած մարդկանց արյունը» (23։17)։ Նրա համար այդ ջուրը հավասարազոր է մարդկանց կյանքին, որոնք հանուն իրեն մեծ ռիսկի դիմեցին։ Ապա թվարկվում են Դավթի 30 ամենազորավոր ռազմիկներն ու նրանց սխրագործությունները։
27. ա) Ի՞նչ մեղք է գործում Դավիթը իր կյանքի վերջում։ բ) Ինչի՞ց հետո է դադարում համաճարակը։
27 Իր կյանքի վերջում Դավիթը մարդահամար է անցկացնում՝ այդպիսով կրկին մեղք գործելով Եհովայի դեմ։ Նա ներողություն է խնդրում Աստծուց, և վերջինս երեք պատիժ է դնում նրա առջև, որ ընտրի դրանցից մեկը. յոթ տարի սով, երեք ամիս հակառակորդների կողմից պարտություն կամ երեք օր համաճարակ երկրում։ Դավիթը պատասխանում է. «Ավելի լավ է, որ մենք Եհովայի ձեռքն ընկնենք, քանի որ մեծ է նրա ողորմությունը, քան թե ընկնեմ մարդկանց ձեռքը» (24։14)։ 70000 մարդ է մեռնում համաճարակից, որը դադարում է միայն այն ժամանակ, երբ Դավիթը, հետևելով Գադի միջոցով Եհովայի տված հրահանգներին, գնում է Օռնայի կալը։ Դավիթն այնտեղ Եհովայի համար ողջակեզներ ու խաղաղության զոհեր է մատուցում։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
28. Ի՞նչ նախազգուշական օրինակներ կան «2 Սամուել» գրքում։
28 Ժամանակակից ընթերցողը շատ օգտակար բաներ կարող է քաղել իր համար «2 Սամուել» գրքից։ Այստեղ շատ վառ ու կենդանի կերպով նկարագրված են մարդկային բոլոր հույզերը։ Գրքում նախազգուշական օրինակներ կան, որոնք ցույց են տալիս, թե ինչ աղետալի հետևանքներ են ունենում փառասիրությունն ու վրեժի անհագ ծարավը (3։27–30), ուրիշի կողակցի հանդեպ կրքեր ունենալը (11։2–4, 15–17; 12։9, 10), դավաճանությունը (15։12, 31; 17։23), միայն կրքերի վրա հիմնված սերը (13։10–15, 28, 29), շտապ որոշումներ կայացնելը (16։3, 4; 19։25–30), ինչպես նաև անհարգալից վերաբերմունքը այն բանի հանդեպ, թե ինչպես են ուրիշները իրենց նախանձախնդրությունը դրսևորում Աստծու հանդեպ (6։20–23)։
29. Ի՞նչ դրական օրինակներ կարելի է գտնել «2 Սամուել» գրքում։
29 Սակայն գրքում կան նաև բազմաթիվ դրական օրինակներ, որոնց ապրելակերպն ու վարվելակերպը շատ բան կարող են սովորեցնել մեզ։ Նկատի առնենք, օրինակ, Դավթին։ Նա բացարձակ նվիրվածություն էր դրսևորում Աստծու հանդեպ (7։22), խոնարհ էր (7։18), գովաբանում էր Եհովայի անունը (7։23, 26), ճիշտ տեսակետ էր պահպանում դժվար իրավիճակներում (15։25), անկեղծորեն զղջում էր իր մեղքերի համար (12։13), հավատարիմ էր իր խոստմանը (9։1, 7), հավասարակշռություն էր պահպանում փորձությունների ներքո (16։11, 12), միշտ ապավինում էր Եհովային (5։12, 20) և խոր հարգանք էր դրսևորում նրանց հանդեպ, ում Եհովան իշխանություն էր տվել (1։11, 12)։ Ուստի զարմանալի չէ, որ Դավիթը կոչվեց «[Եհովայի] սրտին հաճելի մարդ» (1 Սամ. 13։14)։
30. Ի՞նչ սկզբունքներ են կիրառվել «2 Սամուել» գրքում։
30 Բացի այդ, «2 Սամուել» գրքում կիրառվել են աստվածաշնչյան բազմաթիվ սկզբունքներ, օրինակ՝ կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքը (2 Սամ. 3։29; 24։11–15)։ Գիրքը նաև սովորեցնում է մեզ, որ բարի մղումները չեն արդարացնում Աստծու պահանջները խախտելը (6։6, 7), որ հարկավոր է հարգել Եհովայի կողմից հաստատված աստվածապետական կարգը (12։28), որ արյունը սուրբ է (23։17), որ արյունահեղության համար հարկավոր է քավել մեղքը (21։1–6, 9, 14), որ մեկ իմաստուն մարդը կարող է շատերին փրկել աղետից (2 Սամ. 20։21, 22; Ժող. 9։15), և որ անհրաժեշտ է հավատարմություն պահպանել Եհովայի կազմակերպության ու նրա ներկայացուցիչների հանդեպ ցանկացած հանգամանքում, նույնիսկ եթե կյանքին վտանգ է սպառնում (2 Սամ. 15։18–22)։
31. «2 Սամուել» գիրքը ինչպե՞ս է մատնացույց անում Աստծու Թագավորությունը։
31 «2 Սամուել» գրքի ամենակարևոր արժեքը նրանում է, որ այն հստակ կերպով մատնացույց է անում Աստծու Թագավորությունը, որի Թագավորը «Դավթի որդին»՝ Հիսուս Քրիստոսն է (Մատթ. 1։1)։ Օրինակ՝ Եհովան երդվեց Դավթին, որ նրա թագավորությունը «դարեդար կանգուն պիտի լինի» (2 Սամ. 7։16)։ Պետրոս առաքյալը այդ երդման խոսքերը վերագրեց Հիսուսին (Գործ. 2։29–36)։ 2 Սամուել 7։14-ում հետևյալ մարգարեությունն է արձանագրված. «Ես նրա հայրը կդառնամ, իսկ նա ինձ որդի կլինի»։ Ինչպես երևում է Եբրայեցիներ 1։5-ից, այդ մարգարեությունը մատնացույց էր անում Հիսուսին։ Դա նաև հաստատեց Եհովայի ձայնը, որը լսվեց երկնքից. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթ. 3։17; 17։5)։ Եվ ի վերջո, Գաբրիելը հղեց Դավթի հետ կնքված Թագավորության ուխտին, երբ Հիսուսի մասին ասաց Մարիամին. «Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի։ Եհովա Աստված նրան կտա նրա հոր՝ Դավթի գահը, նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, և նրա թագավորությանը վերջ չի լինի» (Ղուկ. 1։32, 33)։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ հասկանում ենք, թե ինչպես է պատմության ընթացքում կատարվել Թագավորության Սերնդի հետ կապված նրա յուրաքանչյուր խոստումը։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 745–747 (անգլ.)։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 373, 374 (անգլ.)։