Աստվածաշնչի գիրք համար 11. 1 Թագավորներ
Գրողը՝ Երեմիա
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ և Հուդա
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 580թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. մոտ 1040–911թթ.
1. ա) Ինչպե՞ս բարգավաճ Իսրայելը անկում ապրեց։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ «1 Թագավորներ» գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է։
ԴԱՎԹԻ նվաճումների շնորհիվ Իսրայելի տիրապետության սահմանները ընդարձակվեցին մինչև Աստծու կողմից հաստատված սահմանները՝ հյուսիսում Եփրատ գետից մինչև հարավում Եգիպտոսի գետը (2 Սամ. 8։3; 1 Թագ. 4։21)։ Երբ Դավիթն արդեն մահացել էր, ու Սողոմոնն էր իշխում, «Հուդան և Իսրայելը ծովեզերքի ավազի չափ շատ էին. ուտում, խմում և ուրախանում էին» (1 Թագ. 4։20)։ Սողոմոնը իշխում էր մեծ իմաստությամբ, որը գերազանցում էր անգամ հին հույների իմաստությունը։ Նա փառահեղ տաճար կառուցեց Եհովայի համար։ Սակայն անգամ այսքան իմաստուն թագավորը հեռացավ Եհովայից ու սկսեց կեղծ աստվածների երկրպագել։ Սողոմոնի մահից հետո թագավորությունը բաժանվեց երկու մասի։ Ինչպես մարգարեացել էր Սամուելը, Իսրայելի և Հուդայի ամբարիշտ թագավորների իշխանությունը, որոնք մշտապես թշնամական հարաբերությունների մեջ էին, կործանարար հետևանքներ բերեց ու ժողովրդի համար բեռ դարձավ (1 Սամ. 8։10–18)։ Սողոմոնի մահից հետո Հուդայում և Իսրայելում իշխած 14 թագավորներից, որոնց մասին նշված է «1 Թագավորներ» գրքում, միայն երկուսն են արել այն, ինչ ճիշտ է Եհովայի աչքում։ Սա հաշվի առնելով՝ կարելի՞ է ասել, որ այս գիրքը «ներշնչված է Աստծուց և օգտակար է»։ Այո՛։ Քանի որ դրանում կան արժեքավոր խորհուրդներ, մարգարեություններ և խորհրդանշական կերպարներ։ Բացի այդ, գրքում ընդգծվում է Աստվածաշնչի գլխավոր թեման՝ Թագավորությունը։
2. Ինչպե՞ս է «Թագավորներ» գիրքը դարձել երկու գիրք, և ինչի՞ հիման վրա են դրանք կազմվել։
2 Սկզբնապես «Թագավորներ» կոչվող երկու գրքերը մեկ գիրք են կազմել և եբրայերեն կոչվել են Մելախիմ (Թագավորներ)։ «Յոթանասնից»-ի թարգմանիչները այն կոչել են Բասիլեյոն (Թագավորություններ) և առաջինն էին, որ հարմարության համար գիրքը բաժանեցին երկու փաթույթի։ Այս գրքերը հետագայում կոչվեցին «3 Թագավորներ» և «4 Թագավորներ»։ Աստվածաշնչի որոշ հրատարակություններում դրանք մինչ օրս այդպես էլ կոչվում են։ Սակայն այսօր դրանք հայտնի են «1 Թագավորներ», «2 Թագավորներ» անուններով և տարբերվում են «1 Սամուել» և «2 Սամուել» գրքերից նրանով, որ նշում են այն աղբյուրները, որոնց հիման վրա կազմվել են։ Դրանք կազմողը 15 անգամ հղում է անում «Հուդայի թագավորների գործերի գրքին», 18 անգամ «Իսրայելի թագավորների գործերի գրքին» և «Սողոմոնի գործերի գրքին» (1 Թագ. 15։7; 14։19; 11։41)։ Թեև այս հին փաստաթղթերը այսօր գոյություն չունեն, սակայն դրանց միջի արժեքավոր տեղեկությունները պահպանվել են ներշնչված «1 Թագավորներ» և «2 Թագավորներ» գրքերում, որոնք կազմվել են դրանց հիման վրա։
3. ա) Ո՞վ է գրել «Թագավորներ» գրքերը, և ինչո՞ւ ես այդպես պատասխանում։ բ) Ե՞րբ է ավարտվել դրանց գրությունը, և ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում «1 Թագավորներ» գիրքը։
3 Ո՞վ է գրել «Թագավորներ» գրքերը։ Քանի որ գրքերում մեծ շեշտ է դրվում մարգարեների ծառայության վրա, հատկապես Եղիայի ու Եղիսեի, կարելի է եզրակացնել, որ գրողը մարգարե է եղել։ Լեզուն, շարադրանքը և ոճը ցույց են տալիս, որ գրողը եղել է նա, ով գրել է «Երեմիա» գիրքը։ «Թագավորներ» և «Երեմիա» գրքերում կան եբրայերեն շատ բառեր ու արտահայտություններ, որոնք չեն հանդիպում ուրիշ ոչ մի աստվածաշնչյան գրքում։ Սակայն հարց է առաջանում. եթե Երեմիան է գրողը, ապա ինչո՞ւ չի նշում իր անունը։ Քանի որ նրա ծառայությունը նկարագրվում է իր անունը կրող գրքում։ Բացի այդ, «Թագավորներ» գրքերը գրվել են Եհովային մեծարելու համար, ոչ թե Երեմիայի համբավը բարձրացնելու։ Իրականում, «Թագավորներ» և «Երեմիա» գրքերը լրացնում են իրար շատ առումներով։ Դրանցում կան նաև զուգահեռ համարներ, որոնցում նկարագրվում են միևնույն իրադարձությունները (համեմատի՛ր 2 Թագավորներ 24։18–25։30-ը Երեմիա 39։1–10; 40։7–41։10; 52։1–34-ի հետ)։ Հրեական ավանդությունը նույնպես հաստատում է, որ Երեմիան է «1 Թագավորներ» և «2 Թագավորներ» գրքերը գրողը։ Անկասկած, այս գրքերը նա սկսել է կազմել Երուսաղեմում։ Ակներևաբար, երկրորդ գիրքը ամբողջացվել է Եգիպտոսում մ.թ.ա. մոտ 580-ին։ Դա երևում է այն բանից, որ գրքի վերջում նշվում է հենց այդ տարվա դեպքերի մասին (2 Թագ. 25։27)։ «1 Թագավորներ» գիրքը, որը շարունակում է «2 Սամուել» գրքի պատմությունը, ավարտվում է Հովսափատի մահով մ.թ.ա. 911-ին (1 Թագ. 22։50)։
4. Ինչպե՞ս են պատմությունը և հնագիտությունը հաստատում «1 Թագավորներ» գրքի վավերականությունը։
4 «1 Թագավորներ» գրքի վավերականությունը կասկածներ չի առաջացնում։ Բոլոր հին հեղինակները այն համարել են Սուրբ Գրքի կանոնի մի մասը։ Բացի այդ, նրանում նկարագրված իրադարձությունները հաստատվում են Եգիպտոսի և Ասորեստանի հին պատմական աղբյուրների կողմից։ Հնագիտությունը նույնպես թիկունք է կանգնում գրքի վավերականությանը։ Օրինակ՝ 1 Թագավորներ 7։45, 46 համարներում կարդում ենք, որ «Հորդանանի Շրջանում՝ Սոկքոթի և Սարթանի միջև» Քիրամը Սողոմոնի տաճարի համար պղնձից տարբեր բաներ ձուլեց։ Հնագետները հին Սոկքոթի պեղումների ժամանակ հայտնաբերել են ձուլման հետքերa։ Բացի այդ, Կառնակում (հին Թեբե) տաճարի պատի բարձրաքանդակի վրա պատկերված է Եգիպտոսի Սիսակ թագավորի ներխուժումը Հուդա, ինչի մասին գրված է 1 Թագավորներ 14։25, 26 համարներումb։
5. Ինչպե՞ս է հենց Աստվածաշունչը հաստատում «1 Թագավորներ» գրքի վավերականությունը։
5 Այս գրքի վավերականությունը հաստատվում է նաև նրանով, որ Աստվածաշնչի այլ գրողներ հղում են արել դրան, իսկ արձանագրված բոլոր մարգարեությունները կատարվել են։ Հիսուսը խոսեց Եղիայի ու Սարեփթայում ապրող այրի կնոջ հետ տեղի ունեցած դեպքերի մասին որպես պատմական փաստերի (Ղուկ. 4։24–26)։ Խոսելով Հովհաննես Մկրտչի մասին՝ Հիսուսն ասաց. «Նա է «Եղիան, որ պետք է գար»» (Մատթ. 11։13, 14)։ Այստեղ նա հղում արեց Մաղաքիայի մարգարեությանը, որում ասվում է. «Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում Եղիա մարգարեին նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը» (Մաղ. 4։5)։ Միևնույն ժամանակ նա հաստատեց «1 Թագավորներ» գրքի վավերականությունը՝ նշելով, թե ինչ է գրված այնտեղ Սողոմոնի, ինչպես նաև հարավի թագուհու մասին (Մատթ. 6։29; 12։42; համեմատի՛ր 1 Թագավորներ 10։1–9)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
6. Ի՞նչ հանգամանքներում է Սողոմոնը գահ բարձրանում, և ինչպե՞ս է թագավորությունը հաստատվում նրա ձեռքերում։
6 Սողոմոնը թագավոր է դառնում (1։1–2։46)։ Գրքի սկզբում պատմվում է այն մասին, որ Դավիթը մահամերձ է, և նրա 40-ամյա իշխանությունը մոտենում է ավարտին։ Նրա որդին՝ Ադոնիան, զորավար Հովաբի և Աբիաթար քահանայի օգնությամբ որոշում է զավթել գահը։ Նաթան մարգարեն տեղեկացնում է Դավթին այդ մասին և Բերսաբեի միջոցով հիշեցնում է նրան, որ նա Սողոմոնին է գահաժառանգ հայտարարել։ Այդ ժամանակ Դավիթը հրամայում է, որ Սադոկ քահանան Սողոմոնին թագավոր օծի, չնայած որ այդ ընթացքում դավադիրները նշում են Ադոնիայի գահակալումը։ Մահից առաջ Դավիթը պատվիրում է Սողոմոնին արիանալ ու քաջ լինել և քայլել Եհովա Աստծու ճանապարհներով։ Դավիթը մահանում է, ու նրան թաղում են «Դավթի քաղաքում» (2։10)։ Ժամանակի ընթացքում Սողոմոնը Աբիաթարին ազատում է իր ծառայությունից, իսկ դավադիրներ Ադոնիային ու Հովաբին մահվան է դատապարտում։ Ավելի ուշ Սեմեիին էլ է մահվան մատնում, որը չի գնահատում իր հանդեպ դրսևորված ողորմությունը, և որ իր կյանքը խնայել են։ Այսպիսով՝ թագավորությունը հաստատվում է Սողոմոնի ձեռքերում։
7. ա) Ի՞նչ է Սողոմոնը աղոթում Եհովային, և ի՞նչ է վերջինս պատասխանում նրան։ բ) Ի՞նչ է լինում Սողոմոնի իմաստուն կառավարման արդյունքում։
7 Սողոմոնի իմաստուն ղեկավարումը (3։1–4։34)։ Սողոմոնը խնամություն է անում Եգիպտոսի փարավոնի հետ՝ նրա դստերը իր համար կին առնելով։ Թագավորը աղոթում է Եհովային ու հնազանդ սիրտ խնդրում նրա ժողովրդին խորաթափանցությամբ դատելու համար։ Քանի որ նա չի խնդրում երկար օրեր ու հարստություն, Եհովան խոստանում է նրան տալ ոչ միայն իմաստուն և հասկացող սիրտ, այլև հարստություն ու փառք։ Սողոմոնի իմաստությունը երևում է նրա իշխանության հենց սկզբում, երբ նրա մոտ երկու կին են գալիս ու վիճում, թե ում է պատկանում երեխան։ Սողոմոնը հրամայում է իր մարդկանց «երեխային երկու կես անել» ու կեսը տալ մի կնոջը, կեսն էլ մյուսին (3։25)։ Այդ ժամանակ իսկական մայրը աղաչում է թագավորին կենդանի մանկանը տալ մյուս կնոջը, միայն թե չսպանել։ Այդպես Սողոմոնը բացահայտում է, թե ով է երեխայի իսկական մայրը, և երեխային նրան են տալիս։ Սողոմոնի աստվածային իմաստության շնորհիվ ողջ Իսրայելը բարգավաճում է, ուրախ է և ապահով։ Բոլոր ազգերի մարդիկ գալիս են թագավորի իմաստությունը լսելու։
8. ա) Նկարագրիր, թե ինչպես է Սողոմոնը կառուցում տաճարը։ բ) Ուրիշ ի՞նչ է նա կառուցում։
8 Սողոմոնի տաճարը (5։1–10։29)։ Սողոմոնը հիշում է իր հայր Դավթին տրված Եհովայի խոստումը. «Քո որդին, որին քո փոխարեն նստեցնելու եմ քո գահին, նա է իմ անվան համար տուն կառուցելու» (5։5)։ Ուստի սկսում է պատրաստվել շինարարությանը։ Տյուրոսի թագավոր Քիրամը աջակցում է նրան։ Նա մայրու և գիհու ծառերի գերաններ է ուղարկում Լիբանանից, ինչպես նաև հմուտ աշխատողներ է տրամադրում։ Նրանք Սողոմոնի հարկադիր աշխատողների հետ սկսում են կառուցել Եհովայի տունը Սողոմոնի թագավորության չորրորդ տարում՝ Իսրայելի որդիների Եգիպտոսից դուրս գալու 480-րդ տարում (6։1)։ Շինարարության վայրում չի լսվում ո՛չ մուրճի, ո՛չ կացնի, ո՛չ էլ որևէ երկաթե գործիքի ձայն, քանի որ բոլոր քարերը տաշվում են քարհանքում և հետո բերվում այնտեղ, որտեղ դրանցով կառուցում են տաճարը։ Սկզբում ողջ տաճարի պատերը ներսից երեսապատում են մայրու տախտակներով, իսկ տան հատակը գիհու տախտակներով են պատում, հետո այդ ամենը մաքուր ոսկով են պատում։ Յուղածառի փայտից երկու քերովբե են պատրաստում՝ յուրաքանչյուրը տասը կանգուն (4,5 մետր) բարձրությամբ։ Մի թևի ծայրից մինչև մյուս թևի ծայրը տասը կանգուն է։ Դրանք դրվում են ներսի տան մեջ։ Տան առջևի ու հետևի մասերի բոլոր պատերի վրա քերովբեների, արմավենիների և ծաղիկների պատկերներ են փորագրվում։ Ի վերջո, ավելի քան յոթ տարի հետո վեհաշուք տաճարի շինարարությունն ավարտվում է։ Սողոմոնը շարունակում է իր շինարարական ծրագիրը. նա կառուցում է իր համար տուն, Լիբանանի անտառ կոչվող տունը, Սյուների սրահը, Գահի սրահը և մի տուն էլ կառուցում է փարավոնի դստեր համար։ Թագավորը նաև պղնձից երկու մեծ սյուն է պատրաստում Եհովայի տան սրահի համար, հետո պատրաստում է ձուլածո ծովը, պղնձյա սայլեր ու տաշտեր և տաճարի համար նախատեսված այլ ոսկյա պարագաներc։
9. Ի՞նչ է լինում, երբ ուխտի տապանակը բերում են տաճար, և ինչի՞ մասին է աղոթում Սողոմոնը։
9 Այժմ քահանաները բերում են Եհովայի ուխտի տապանակը, տանում են տան խորքի սենյակը՝ Սրբությունների Սրբությունը, ու դնում քերովբեների թևերի տակ։ Երբ քահանաները դուրս են գալիս սուրբ վայրից, «Եհովայի փառքը լցնում է Եհովայի տունը», ինչի պատճառով քահանաները չեն կարողանում շարունակել իրենց ծառայությունը (8։11)։ Սողոմոնը օրհնում է Իսրայելի ժողովին։ Նա օրհնում է ու փառաբանում Եհովային։ Ծնկի եկած և ձեռքերը դեպի երկինք տարածած՝ թագավորը դիմում է Եհովային՝ գիտակցելով, որ երկինքների երկինքը չի կարող պարունակել նրան, ուր մնաց թե իր կառուցած տունը։ Նա խնդրում է Եհովային, որ լսի աստվածավախ բոլոր մարդկանց աղոթքը, որ կմատուցեն՝ շրջվելով դեպի այս տունը, անգամ հեռու երկրից եկած օտարազգիների աղոթքը։ Բացատրելով, թե ինչու է նման բան խնդրում՝ Սողոմոնն ասում է. «Որպեսզի երկրի բոլոր ազգերը ճանաչեն քո անունը, վախենան քեզանից, ինչպես որ Իսրայել ժողովուրդը» (8։43)։
10. Ի՞նչ է Եհովան խոստանում Սողոմոնին և ինչի՞ մասին է զգուշացնում։
10 14 օր տևած տոնի ժամանակ Սողոմոնը 22000 ցուլ և 120000 ոչխար է զոհաբերում։ Եհովան ասում է նրան, որ լսել է նրա աղոթքը և սրբացրել է տաճարը՝ «դարեդար այնտեղ դնելով իր անունը»։ Այժմ եթե Սողոմոնը ուղղամտությամբ քայլի Եհովայի առաջ, նրա թագավորական գահը կհաստատվի հավիտյան։ Սակայն եթե թագավորը և նրա որդիները դադարեն Եհովային հետևելուց և ուրիշ աստվածների ծառայեն, այդ դեպքում Եհովան «կջնջի Իսրայելին այն երկրի երեսից, որ նրանց է տվել, ու կմերժի այս տունը, որ սրբացրել է իր անվան համար, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մեջ առակ ու ծաղրի առարկա կդառնա, իսկ այս տունը ավերակների կույտ կդառնա» (9։3, 7, 8)։
11. Ի՞նչ կարելի է ասել Սողոմոնի իմաստության ու հարստության մասին։
11 Երկու տները՝ Եհովայի տունը և թագավորի տունը, Սողոմոնը կառուցում է 20 տարվա ընթացքում։ Այժմ նա բազմաթիվ քաղաքներ է կառուցում իր թագավորության մեջ, ինչպես նաև նավեր՝ հեռավոր երկրների հետ առևտուր անելու համար։ Լսելով Եհովայից ստացած թագավորի մեծ իմաստության մասին՝ Սաբայի թագուհին գալիս է՝ նրան դժվար հարցերով փորձելու։ Երբ լսում է Սողոմոնին ու տեսնում մարդկանց բարեկեցությունն ու երջանկությունը, նա բացականչում է. «Ահա կեսն էլ ինձ չեն պատմել» (10։7)։ Իր ժողովրդի հանդեպ սիրուց մղված՝ Եհովան օրհնում է թագավորին։ «Սողոմոն թագավորն իր հարստությամբ ու իմաստությամբ գերազանցում է աշխարհի բոլոր թագավորներին» (10։23)։
12. ա) Ինչո՞ւմ է Սողոմոնը անհավատարիմ գտնվում, և ըմբոստության ի՞նչ սերմեր են ցանվում։ բ) Ի՞նչ է կանխագուշակում Աքիա մարգարեն։
12 Սողոմոնի անհավատարմությունն ու մահը (11։1– 43)։ Հակառակ Եհովայի պատվերին՝ Սողոմոնը ուրիշ շատ օտարազգի կանանց է առնում. նա 700 կին ու 300 հարճ է ունենում (2 Օրենք 17։17)։ Նրա սիրտը աստիճանաբար հեռանում է Եհովայից, ու նա օտար աստվածների հետևից է գնում։ Եհովան ասում է Սողոմոնին, որ թագավորությունը կխլի նրա ձեռքից, բայց ոչ նրա օրերում, այլ նրա որդու օրերում։ Այդուհանդերձ, Սողոմոնի որդիները կշարունակեն իշխել թագավորության մի մասի վրա (Հուդայի ցեղից բացի նաև մեկ ուրիշ ցեղի վրա)։ Աստված հարևան ազգերից հակառակորդներ է վեր կացնում Սողոմոնի համար։ Նրա դեմ է դուրս գալիս Հերոբովամը՝ Եփրեմի ցեղից։ Աքիա մարգարեն ասում է Հերոբովամին, որ նա թագավոր կդառնա Իսրայելի տասը ցեղերի վրա։ Կյանքը փրկելու համար Հերոբովամը փախչում է Եգիպտոս։ 40 տարի իշխելուց հետո Սողոմոնը մահանում է, և նրա որդի Ռոբովամը մ.թ.ա. 997թ.-ին թագավոր է դառնում։
13. Ինչպե՞ս է Ռոբովամի իշխանության սկզբում պառակտվում թագավորությունը, և ինչպե՞ս է Հերոբովամը փորձում ամրացնել իր իշխանությունը։
13 Թագավորությունը բաժանվում է (12։1–14։20)։ Հերոբովամը վերադառնում է Եգիպտոսից։ Ժողովրդի հետ նա գնում է Ռոբովամի մոտ և խնդրում թեթևացնել այն բեռը, որ դրել է նրա հայրը։ Իմաստուն երեցներին լսելու փոխարեն՝ Ռոբովամը լսում է երիտասարդների խորհուրդը ու ավելի է ծանրացնում ժողովրդի լուծը։ Իսրայելը ապստամբում է և Հերոբովամին թագավոր դարձնում հյուսիսային տասը ցեղերի վրա։ Ռոբովամը, որի հետ են միայն Հուդայի ու Բենիամինի ցեղերը, զորք է հավաքում ապստամբների դեմ պատերազմելու համար, բայց Եհովան պատվիրում է նրան տուն վերադառնալ։ Հերոբովամը ամրացնում է Սյուքեմը և դարձնում իր մայրաքաղաքը, բայց իրեն ապահով չի զգում։ Նա վախենում է, որ եթե իր հպատակները Եհովային երկրպագելու համար գնան Երուսաղեմ, ի վերջո կվերադառնան Ռոբովամի մոտ։ Դա կանխելու համար երկու ոսկե հորթ է կանգնեցնում՝ մեկը Դանում, մյուսը Բեթելում։ Բացի այդ, քահանաներ է նշանակում ժողովրդից, որոնք Ղևիի որդիներից չենd։
14. Ի՞նչ է մարգարեացվում Հերոբովամի տան մասին, և ի՞նչ աղետներ են գալիս թագավորի վրա։
14 Երբ Հերոբովամը հերթական անգամ զոհ է մատուցում Բեթելում, Եհովան իր մարգարեին է ուղարկում, որը հայտնում է. Աստված թագավոր է նշանակելու Դավթի տանը ծնված Հովսիա անունով մի մարդու, որը կփշրի կեղծ երկրպագության զոհասեղանը։ Որպես նախանշան՝ զոհասեղանը անմիջապես ճեղքվում է։ Հետագայում Եհովայի կողմից ուղարկված մարգարեին սպանում է առյուծը, քանի որ վերջինս չի հնազանդվում նրա հրահանգին, այն է՝ հաց չուտել և ջուր չխմել մինչև հանձնարարությունը կատարելը։ Հերոբովամի տան վրա տարբեր աղետներ են գալիս՝ որպես պատիժ Եհովայի կողմից։ Նրա որդին մահանում է, իսկ Աստծու մարգարե Աքիան կանխագուշակում է, որ Եհովան ամբողջովին բնաջինջ է անելու թագավորի տունը այն բանի համար, որ նա Իսրայելում կեղծ աստվածներ է դրել։ Հերոբովամը իշխում է 22 տարի, նրա մահից հետո նրա որդի Նադաբն է թագավոր դառնում նրա փոխարեն։
15. Ի՞նչ է տեղի ունենում Հուդայի հաջորդ երեք թագավորների օրոք։
15 Հուդայի թագավորներ Ռոբովամը, Աբիամը և Ասան (14։21–15։24)։ Ռոբովամի օրոք նույնպես ժողովուրդը չարիք է գործում Եհովայի առաջ՝ կռապաշտության մեջ ընկնելով։ Եգիպտոսի թագավորը հարձակվում է երկրի վրա և վերցնում տաճարի գանձերը։ Ռոբովամը իշխում է 17 տարի։ Նրա մահից հետո թագավոր է դառնում նրա որդի Աբիամը։ Նա նույնպես մեղք է գործում Եհովայի դեմ և երեք տարի կառավարելուց հետո մահանում է։ Իշխանության գլուխ է անցնում Ասան՝ նրա որդին։ Ի տարբերություն իր հոր՝ Ասայի սիրտը ամբողջությամբ Եհովայի հետ է։ Նա հեռացնում է իր հայրերի շինած բոլոր գարշելի կուռքերը։ Իսրայելի և Հուդայի միջև անդադար պատերազմներ են ընթանում։ Ասան օգնություն է խնդրում Ասորիքից, և Իսրայելը նահանջում է։ Ասան իշխում է 41 տարի։ Նրա փոխարեն գահ է բարձրանում նրա որդի Հովսափատը։
16. Ի՞նչ բուռն իրադարձություններ են տեղի ունենում Իսրայելում և ինչո՞ւ։
16 Իսրայելի թագավորներ Նադաբը, Բաասան, Էլան, Զամրին, Թաբնին, Ամրին և Աքաաբը (15։25– 16։34)։ Որքա՜ն դաժան են նրանք ու չար։ Ընդամենը երկու տարի իշխելուց հետո Նադաբը սպանվում է Բաասայի կողմից։ Թագավոր դառնալուց հետո Բաասան սկսում է վերացնել Հերոբովամի ողջ տունը։ Նա ծառայում է կեղծ աստվածների և մշտապես պատերազմում է Հուդայի դեմ։ Եհովան կանխագուշակում է, որ ավլելու է Բաասայի տունը, ինչպես որ վարվեց Հերոբովամի տան հետ։ Բաասայի 24-ամյա իշխանությունից հետո թագավոր է դառնում նրա որդի Էլան, որին երկու տարի անց սպանում է նրա ծառա Զամրին։ Գահին նստելուն պես նա սկսում է կոտորել Բաասայի ամբողջ տունը։ Երբ ժողովուրդը լսում է այդ մասին, զորագլուխ Ամրիին Իսրայելի վրա թագավոր է դարձնում ու պաշարում է Թերսան, որտեղ Զամրին է։ Երբ վերջինս տեսնում է, որ ամեն բան կորած է, հրի է մատնում արքունական տունը ու ինքն էլ կրակի մեջ մեռնում է։ Գահը փորձում է զավթել Թաբնին, սակայն Ամրիի կողմն անցած ժողովուրդը ավելի ուժեղ է գտնվում Թաբնիի կողմն անցած ժողովրդից ու սպանում է նրան։
17. ա) Ի՞նչ է հայտնի Ամրիի կառավարման մասին։ բ) Աքաաբի օրերում ինչո՞ւ է ժողովրդի մեծ մասը հեռացել ճշմարիտ երկրպագությունից։
17 Ամրին գնում է Սամարիա լեռը, նրա վրա քաղաք է կառուցում ու կոչում Սամարիա։ Նա քայլում է Հերոբովամի բոլոր ճանապարհներով և ունայն կուռքերով վիրավորում է Եհովային։ Իրականում, նա ավելի վատ է վարվում, քան նրա բոլոր նախորդները։ Ամրին իշխում է 12 տարի։ Նրա մահից հետո թագավոր է դառնում նրա որդի Աքաաբը։ Վերջինս ամուսնանում է Հեզաբելի՝ սիդոնացիների թագավորի աղջկա հետ և Սամարիայում զոհասեղան է կանգնեցնում Բահաղի համար։ Նա ավելի շատ չարություն է գործում, քան իրեն նախորդած բոլոր թագավորները։ Նրա օրերում է, որ բեթելցի Հիելը վերակառուցում է Երիքովը իր անդրանիկի և իր կրտսեր որդու կյանքի գնով։ Ժողովրդի մեծ մասը հեռացել է ճշմարիտ երկրպագությունից։
18. Ի՞նչ է հայտարարում Եղիան իր ծառայության սկզբում, և ինչպե՞ս է նա մատնացույց անում Իսրայելի դժբախտությունների հիմնական պատճառը։
18 Եղիա մարգարեի ծառայությունը Իսրայելում (17։1–22։40)։ Անսպասելիորեն Եհովայից պատգամաբեր է գալիս։ Դա թեզբացի Եղիան էe։ Նա թագավորին ասում է. «Կենդանի է Եհովան՝ Իսրայելի Աստվածը, որի առաջ ես կանգնում եմ. եթե այս տարիներին ցող իջնի կամ անձրև գա, ապա դա կլինի միայն իմ խոսքով» (17։1)։ Եղիան հեռանում է անսպասելիորեն, ինչպես որ եկել էր։ Եհովայի պատվերով նա գնում է Հորդանանի արևելյան կողմը։ Իսրայելում երաշտ է սկսվում, բայց ագռավները ուտելիք են բերում Եղիայի համար։ Երբ գետը ցամաքում է, Եհովան մարգարեին ուղարկում է սիդոնացիների Սարեփթան։ Քանի որ միայն այրի կինն է բարություն դրսևորում Եղիայի հանդեպ, Եհովան հրաշք է անում. երաշտի ընթացքում նրա ալյուրն ու յուղը չեն պակասում, և նա ու իր որդին սովից չեն մահանում։ Հետագայում այրի կնոջ որդին հիվանդանում է և մահանում, բայց Եղիայի խնդրանքով Եհովան կյանքի է վերադարձնում երեխային։ Երաշտի երրորդ տարում Եհովան Եղիային նորից ուղարկում է Աքաաբի մոտ։ Վերջինս մեղադրում է մարգարեին, որ դժբախտություններ է բերում Իսրայելի վրա, սակայն նա համարձակորեն ասում է Աքաաբին. «Իսրայելին ե՛ս չեմ գցել փորձանքի մեջ, այլ դու և քո հոր տունը, որովհետև թողել եք Եհովայի պատվիրաններն ու Բահաղների հետևից եք գնացել» (18։18)։
19. Ի՞նչ կարևոր հարց է բարձրացվում, ու ինչպե՞ս է փաստվում, որ Եհովան է ճշմարիտ Աստվածը։
19 Եղիան առաջարկում է Աքաաբին Բահաղի բոլոր մարգարեներին հավաքել Կարմեղոս լեռան վրա։ Ժողովուրդը պետք է դադարի երկու մտքի վրա կաղալուց։ Հիմա ո՞վ է ճշմարիտ Աստվածը՝ Եհովա՞ն, թե՞ Բահաղը։ Ողջ ժողովրդի առաջ Բահաղի 450 քահանաներ մի ցուլ են պատրաստում, դնում են զոհասեղանի փայտի վրա և աղոթում, որ կրակ իջնի ու սպառի զոհը։ Առավոտից մինչև կեսօր նրանք Բահաղին են կանչում, բայց իզուր։ Եղիան սկսում է ծաղրել նրանց։ Նրանք ավելի բարձր ձայնով են կանչում ու դաշույններով կտրատում են իրենց, բայց ոչ մի պատասխան։ Գալիս է Եղիայի հերթը։ Եհովայի մարգարեներից նա միակն է։ Եղիան զոհասեղան է պատրաստում Եհովայի անվան պատվին, շարում է փայտերը և ցուլը կտորների բաժանում։ Այնուհետև պատվիրում է երեք անգամ ողջակեզի ու փայտերի վրա ջուր լցնել և աղոթում է Եհովային. «Պատասխանի՛ր ինձ, ո՛վ Եհովա, պատասխանի՛ր ինձ, որպեսզի այս մարդիկ իմանան, որ դո՛ւ ես, Եհո՛վա, ճշմարիտ Աստվածը»։ Այդ ժամանակ կրակ է իջնում ու խժռում է ողջակեզը, փայտերը, քարերը, հողը և փոսի միջի ջուրն էլ լափում է։ Տեսնելով սա՝ ժողովուրդը երեսի վրա ընկնում է ու ասում. «Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը։ Եհովա՛ն է ճշմարիտ Աստվածը» (18։37, 39)։ Մա՛հ Բահաղի մարգարեներին։ Եղիան պատվիրում է բռնել նրանց ու սպանել. ոչ մեկը չի կարողանում փախչել։ Հետո Եհովան անձրև է ուղարկում, և երաշտը Իսրայելում դադարում է։
20. ա) Ինչպե՞ս է Եհովան հայտնվում Եղիային Քորեբ լեռան մոտ, ի՞նչ հրահանգներ է տալիս նրան ու ինչպե՞ս է քաջալերում։ բ) Ի՞նչ աններելի մեղք է գործում Աքաաբը։
20 Երբ Հեզաբելը իմանում է Բահաղի մարգարեների նվաստացման մասին, որոշում է սպանել Եղիային։ Վախից վերջինս իր սպասավորի հետ փախչում է անապատ։ Ի վերջո, Եհովան բերում է նրան Քորեբ լեռան մոտ։ Այնտեղ նա հայտնվում է Եղիային, բայց ո՛չ քամու, ո՛չ երկրաշարժի և ո՛չ էլ կրակի միջոցով, այլ «մեղմ, ցածր ձայնով» (19։11, 12)։ Եհովան պատվիրում է նրան օծել Ազայելին Ասորիքի վրա թագավոր, Հեուին՝ Իսրայելի վրա թագավոր, իսկ Եղիսեին՝ իր փոխարեն մարգարե։ Եհովան քաջալերում է Եղիային՝ ասելով, որ 7000 հոգի Իսրայելում ծնկի չեն եկել Բահաղի առաջ։ Եղիան անմիջապես գնում է և օծում Եղիսեին՝ իր հանդերձը գցելով նրա վրա։ Աքաաբը երկու հաղթանակ է տանում Ասորիքի դեմ, բայց Եհովան հանդիմանում է նրան, որ չի սպանել թագավորին և նրա հետ դաշինք է կնքել։ Որոշ ժամանակ հետո Աքաաբը մեծ ցանկություն է ունենում ձեռք բերել Նաբովթի խաղողի այգին։ Հեզաբելը այնպես է անում, որ երկու կեղծ վկաներ մեղադրեն Նաբովթին։ Նրան սպանում են, և Աքաաբը վերցնում է նրա խաղողի այգին։ Ի՜նչ աններելի մեղք։
21. ա) Ի՞նչ է սպասում Աքաաբին, նրա տանը ու Հեզաբելին՝ համաձայն Եղիայի խոսքերի։ բ) Ի՞նչ մարգարեություն է կատարվում, երբ Աքաաբը մահանում է։
21 Եղիան նորից գալիս է Աքաաբի մոտ։ Նա ասում է, որ այն տեղում, ուր շները Նաբովթի արյունը լակեցին, նրա արյունն էլ են լակելու, և որ նրա տունը ամբողջովին բնաջինջ է լինելու, ինչպես որ եղավ Հերոբովամի տան ու Բաասայի տան հետ։ Շները պիտի ուտեն Հեզաբելին Հեզրայելի հողակտորում։ «Բնավ չի եղել Աքաաբի նման մեկը, որ իրեն ծախի Եհովայի աչքին չարություն անելու համար, ինչին որ նրա կին Հեզաբելը դրդեց» (21։25)։ Սակայն լսելով Եղիայի խոսքերը՝ Աքաաբը խոնարհեցնում է իրեն, այդ պատճառով Եհովան ասում է, որ թագավորի տան վրա չարիք չի բերի նրա օրերում, այլ կբերի նրա որդու օրերում։ Հետո Աքաաբը Հուդայի թագավոր Հովսափատին առաջարկում է պատերազմել Ասորիքի դեմ, և չնայած Եհովայի մարգարե Միքիայի խորհրդին՝ նրանք գնում են կռվի։ Աքաաբը պատերազմի դաշտում վիրավորվում ու մահանում է։ Երբ նրա մարտակառքը լվանում են Սամարիայի ավազանի մոտ, շները լակում են նրա արյունը, ինչպես որ մարգարեացել էր Եղիան։ Իսրայելի թագավոր է դառնում Աքաաբի որդի Օքոզիան։
22. Ի՞նչ է հայտնի Հուդայի Հովսափատ թագավորի և Իսրայելի Օքոզիա թագավորի մասին։
22 Հուդայի թագավոր Հովսափատի իշխանությունը (22։41–53)։ Հովսափատը, որը ուղեկցել էր Աքաաբին Ասորիքի դեմ պատերազմում, իր հայր Ասայի նման հավատարիմ է Եհովային։ Սակայն նա չի վերացնում կեղծ երկրպագության բոլոր բարձունքները։ 25 տարի իշխելուց հետո նա մահանում է, և նրա փոխարեն թագավոր է դառնում նրա որդի Հովրամը։ Այդ ընթացքում Իսրայելի հյուսիսային թագավորությունում Օքոզիան գնում է իր հոր ճանապարհով և ծառայում է Բահաղին՝ այդպիսով վիրավորելով Եհովային։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
23. «1 Թագավորներ» գիրքը ի՞նչ հավաստիացում է տալիս աղոթքի հետ կապված և ի՞նչ է քաջալերում մեզ։
23 «1 Թագավորներ» գիրքը շատ առումներով է օգտակար։ Նախ՝ դրանում մեծ ուշադրություն է դարձվում աղոթքին։ Երբ Սողոմոնը թագավոր դարձավ ու նրա վրա մեծ պատասխանատվություն ընկավ, նա աղոթքով Եհովային դիմեց, ինչպես երեխան է օգնության դիմում հորը։ Նա միայն խորաթափանցություն ու հնազանդ սիրտ խնդրեց Եհովայից, բայց ստացավ ոչ միայն իմաստություն, այլև հարստություն ու փառք (3։7–9, 12–14)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեր խոնարհ աղոթքներին էլ կպատասխանի, երբ նրանից իմաստություն ու առաջնորդություն խնդրենք, և կաջակցի ծառայության մեջ (Հակ. 1։5)։ Ընդօրինակելով Սողոմոնին, որը ջերմեռանդորեն աղոթեց Եհովային տաճարի նվիրման ժամանակ՝ թող որ մենք էլ միշտ ամբողջ սրտով աղոթենք Եհովային ու խոր երախտագիտություն հայտնենք մեր հանդեպ ցուցաբերած նրա բարության համար (1 Թագ. 8։22–53)։ Եվ թող որ մեր աղոթքները ցույց տան Եհովայի հանդեպ այն նույն վստահությունը, որ ուներ Եղիան, երբ աղոթում էր նրան դժվարությունների բախվելիս ու երբ մենակ դուրս էր եկել դիվապաշտության մեջ թաթախված ժողովրդի դեմ։ Եհովան միշտ հոգ է տանում նրանց մասին, ովքեր աղոթքով իրեն են դիմում (1 Թագ. 17։20–22; 18։36–40; 1 Հովհ. 5։14)։
24. Ի՞նչ նախազգուշական օրինակներ կան «1 Թագավորներ» գրքում, և ինչի՞ն երեցները հատկապես պետք է ուշադրություն դարձնեն։
24 Երկրորդ՝ գիրքը այնպիսի մարդկանց նախազգուշական օրինակներ է պարունակում, ովքեր չխոնարհվեցին Եհովայի առաջ։ Իրականում, «Աստված հակառակվում է գոռոզներին» (1 Պետ. 5։5)։ Այդպիսին էին Ադոնիան, որը մտածեց, թե կարող է Եհովայի կամքին հակառակ գնալ ու շրջանցել աստվածապետական կարգուկանոնը (1 Թագ. 1։5; 2։24, 25), Սեմեին, որը մտածեց, թե կարող է անցնել թույլատրելի սահմանը ու անպատիժ մնալ (2։37, 41–46), Սողոմոնը, որն իր կյանքի վերջին տարիներին անհնազանդություն դրսևորեց, ինչի համար Եհովան հակառակորդներ վեր կացրեց նրա դեմ (11։9–14, 23–26), Իսրայելի թագավորները, ովքեր իրենց վրա աղետներ բերեցին կռապաշտության մեջ ընկնելու պատճառով (13։33, 34; 14։7–11; 16։1–4)։ Կարող ենք հիշել նաև չար ու ագահ Հեզաբելին, որը մեծ ազդեցություն էր բանեցնում Աքաաբ թագավորի վրա, և իրականում ինքն էր ղեկավարում երկիրը։ Անգամ հազար տարի անց Թյուատիրի ժողովին զգուշացում տալիս Հիսուսը հիշեցրեց նրա անպատվելի անունը. «Բայց սա ունեմ քո դեմ, որ հանդուրժում ես այդ Հեզաբել կնոջը, որն իրեն մարգարեուհի է անվանում և սովորեցնում ու մոլորեցնում է իմ ծառաներին, որ պոռնկություն գործեն և կուռքերին զոհված բաներ ուտեն» (Հայտն. 2։20)։ Երեցները պետք է մաքուր պահեն ժողովը ու պահպանեն այն հեզաբելանման ազդեցություններից (համեմատի՛ր Գործեր 20։28–30)։
25. Ինչպե՞ս են կատարվել «1 Թագավորներ»-ում գրի առնված մարգարեությունները, և ի՞նչ մենք պետք է հիշենք։
25 Ուշադրության են արժանի նաև «1 Թագավորներ» գրքում արձանագրված մարգարեությունները, որոնցից շատերն արդեն կատարվել են։ Դրանք ակնառու կերպով հաստատում են, որ Եհովան կարող է կանխագուշակել ապագան։ Նկատի առնենք այն զարմանալի մարգարեությունը, որի համաձայն՝ Հովսիան պետք է քանդեր Հերոբովամի շինած զոհասեղանը Բեթելում։ Ավելի քան 300 տարի անց այդպես էլ եղավ (1 Թագ. 13։1–3; 2 Թագ. 23։15)։ Սակայն ամենից ուշագրավ են Եհովայի տան մասին մարգարեությունները, որը կառուցեց Սողոմոնը։ Եհովան ասել էր նրան, որ եթե ժողովուրդը դառնա դեպի կեղծ աստվածները, ապա կջնջի Իսրայելին երկրի երեսից ու կմերժի այն տունը, որը սրբացրել էր իր անվան համար (1 Թագ. 9։7, 8)։ 2 Տարեգրություն 36։17–21 համարներում կարդում ենք, թե ինչպես կատարվեց այս մարգարեությունը։ Հետագայում Հիսուսը կանխագուշակեց, որ նախկին տաճարի տեղում Հերովդես Մեծի կառուցած տաճարը նույն պատճառով կքանդվի (Ղուկ. 21։6)։ Այդպես էլ եղավ։ Ուստի պետք է հիշենք այդ աղետալի իրադարձությունները և այն, թե ինչու նման բաներ տեղի ունեցան, քանի որ այդպես վարվելը կօգնի մեզ միշտ քայլելու Աստծու ճանապարհներով։
26. Ինչպե՞ս է գրքում ցույց տրվում Եհովայի հոգևոր տաճարի փառքը և նրա Թագավորությունը։
26 Հեռավոր վայրից եկած Սաբայի թագուհուն հիացրել էին Սողոմոնի իմաստությունը, ժողովրդի բարեկեցությունը և նրա թագավորության փառքը, այդ թվում նաև Եհովայի վեհաշուք տունը։ Այնուամենայնիվ, Եհովային դիմելով՝ Սողոմոնը մի անգամ ասաց. «Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ուր մնաց թե իմ այս կառուցած տունը» (1 Թագ. 8։27; 10։4–9)։ Սակայն դարեր անց Հիսուս Քրիստոսը ավելի մեծ հոգևոր տաճարի շինարարություն սկսեց, որում պետք է վերականգներ ճշմարիտ երկրպագությունը (Եբր. 8։1–5; 9։2–10, 23)։ Հիսուսին՝ Սողոմոնից էլ մեծին է վերաբերում Եհովայի խոստումը. «Ես էլ քո թագավորական գահը Իսրայելի վրա հավիտյան կհաստատեմ» (1 Թագ. 9։5; Մատթ. 1։1, 6, 7, 16; 12։42; Ղուկ. 1։32)։ «1 Թագավորներ» գրքի խորհրդանշական օրինակներով ցույց է տրվում Եհովայի հոգևոր տաճարի փառքը, ինչպես նաև Աստծու Թագավորությունը Հիսուսի գլխավորությամբ, որի իմաստուն կառավարումը բարեկեցություն ու երջանկություն կբերի իր բոլոր հպատակներին։ Այս գիրքն օգնում է մեզ ավելի շատ կարևորելու ճշմարիտ երկրպագությունը ու սպասելու Աստծու Թագավորությանը, որի գլուխը Քրիստոսն է։
[ծանոթագրություններ]
a «The International Standard Bible Encyclopedia», հատ. 4, 1988, Գ. Վ. Բրոմիլիի խմբագրությամբ, էջ 648։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 149, 952 (անգլ.)։
c «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 750, 751 (անգլ.)։
d «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 947, 948 (անգլ.)։
e «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 949, 950 (անգլ.)։