Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Բ Թագաւորաց» գրքից
ԱՆՀՐԱԺԵ՞ՇՏ է արդյոք լիակատար հնազանդություն Եհովայի գերիշխանությունն ընդունելու համար։ Անարատ մարդը մի՞շտ է անում այն, ինչ ճիշտ է Աստծու աչքում։ Ճշմարիտ Աստված ինչպիսի՞ անձնավորության է «իր սրտին հաճելի մարդ» համարում (Ա Թագաւորաց 13։14, ԷԹ)։ Աստվածաշնչի «Բ Թագաւորաց» գիրքը (կամ՝ «Սամուէլի երկրորդ գիրքը») սպառիչ պատասխաններ է տալիս այս հարցերին։
«Բ Թագաւորաց» գիրքը գրել են մարգարեներ Գադն ու Նաթանը, որոնք մտերիմ հարաբերությունների մեջ էին հին Իսրայելի Դավիթ թագավորի հետ։a Գիրքը, որի գրությունն ավարտվել է Դավիթի 40–ամյա թագավորության վերջում՝ մ.թ.ա. մոտավորապես 1040–ին, գլխավորապես Դավիթի, ինչպես նաև Եհովայի հետ նրա ունեցած հարաբերությունների մասին է։ Այս անչափ հետաքրքիր արձանագրությունը պատմում է, թե ինչպես է պառակտված ազգը քաջ թագավորի իշխանության ներքո վերելք ապրում և դառնում միասնական ժողովուրդ։ «Բ Թագաւորաց»–ի անչափ հետաքրքիր պատմությունը լեցուն է մարդկային ուժգին զգացմունքներ արտահայտող արձանագրություններով։
ԴԱՎԻԹԸ ‘ԳՆԱԼՈՎ ՀԶՈՐԱՆՈՒՄ Է’
Այն, թե ինչպես է Դավիթն արձագանքում Սավուղի և Հովնաթանի մահվան լուրին, բացահայտում է նրա զգացումներն այդ անհատների ու Եհովայի հանդեպ։ Քեբրոնում Դավիթը թագավոր է օծվում Հուդայի ցեղի վրա։ Սավուղի որդի Հեբուսթեն թագավոր է դառնում Իսրայելի մնացած ցեղերի վրա։ Դավիթը ‘գնալով հզորանում է’ և մոտավորապես յոթ ու կես տարի անց դառնում ամբողջ Իսրայելի թագավորը (Բ Թագաւորաց 5։10, ԷԹ)։
Դավիթը Երուսաղեմը առնում է հեբուսացիների ձեռքից ու դարձնում իր թագավորության մայրաքաղաքը։ Ուխտի տապանակը Երուսաղեմ տեղափոխելու նրա առաջին փորձը ավարտվում է դժբախտությամբ, բայց երկրորդը հաջողությամբ է պսակվում, և Դավիթը ուրախությունից պարում է։ Եհովան նրա հետ թագավորության ուխտ է կապում։ Դավիթը հպատակեցնում է իր թշնամիներին, քանի որ Եհովան միշտ իր հետ է։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։18 — Ինչո՞ւ են Հովաբն ու նրա երկու եղբայրները հիշատակվում որպես իրենց մոր՝ Շարուհեայի երեք որդիներ։ Եբրայերեն Գրություններում տոհմաբանությունները սովորաբար կազմված էին հայրական գծով։ Հավանաբար, Շարուհեայի ամուսինը վաղաժամ է մահացել, կամ գուցե նա արժանի չի եղել, որ իր անունը տեղ գտնի Սուրբ Գրություններում։ Բացի այդ, հնարավոր է, Շարուհեայի անունը տոհմաբանական ցուցակում գրվել է այն պատճառով, որ նա Դավիթի կա՛մ հարազատ, կա՛մ խորթ քույրն է եղել (Ա Մնացորդաց 2։15, 16)։ Այս երեք եղբայրների հոր վերաբերյալ միակ հիշատակումը կապված է Բեթլեհեմում գտնվող նրա գերեզմանի հետ (Բ Թագաւորաց 2։32)։
3։29 — Ի՞նչ է նշանակում «ցուպի կռթնողը [«իլիկ պտտող տղամարդը», ՆԱ]» արտահայտությունը։ Կանայք սովորաբար գործվածքեղեն էին պատրաստում։ Ուստի այս արտահայտությունը կարող է մատնանշել այն տղամարդուն, որը չէր համապատասխանում, օրինակ, ռազմական գործով զբաղվելու պահանջներին, ուստիև ստիպված էր կնոջ գործ անել։
5։1, 2 — Հեբուսթեի սպանությունից որքա՞ն ժամանակ անցավ, մինչև որ Դավիթը թագավոր դարձավ ամբողջ Իսրայելի վրա։ Տրամաբանական է թվում եզրակացնել, որ Հեբուսթեն իր երկամյա իշխանությունը սկսեց Սավուղի մահից շատ չանցած, մոտավորապես երբ Դավիթը թագավոր դարձավ Քեբրոնում։ Այս քաղաքից Դավիթը Հուդան կառավարեց յոթ ու կես տարի։ Ամբողջ Իսրայելի վրա թագավոր դառնալուց կարճ ժամանակ անց նա մայրաքաղաքը տեղափոխեց Երուսաղեմ։ Ուրեմն՝ Դավիթը ողջ Իսրայելի թագավորը եղավ Հեբուսթեի մահից մոտ հինգ տարի հետո (Բ Թագաւորաց 2։3, 4, 8–11; 5։4, 5)։
8։2 — Քանի՞ մովաբացի մահապատժի ենթարկվեց այն բանից հետո, երբ Իսրայելը հաղթեց Մովաբին։ Մահապատժի ենթարկվածների քանակը ավելի շուտ որոշվել է չափելով ու ոչ թե հաշվելով։ Ըստ երևույթին, Դավիթը մովաբացիներին շարքով՝ կողք–կողքի պառկեցրել է գետնին։ Այնուհետև նա այդ շարքը չափել է լարով։ Ակներևաբար, լարի կրկնակի չափը, այսինքն՝ մովաբացիների երկու երրորդը, մահվան է դատապարտվել, իսկ մեկ չափը, այսինքն՝ մեկ երրորդը, ողջ է թողնվել։
Դասեր մեզ համար
2։1; 5։19, 23. Դավիթը Եհովայի կարծիքը հարցրեց, նախքան Քեբրոնում բնակություն կհաստատեր և իր թշնամիների վրա հարձակում կգործեր։ Մենք նույնպես պետք է փնտրենք Եհովայի առաջնորդությունը, նախքան կկայացնենք այնպիսի որոշումներ, որոնք կանդրադառնան մեր հոգևորին։
3։26–30. Վրեժխնդրությունը դառը հետևանքներ է ունենում (Հռովմայեցիս 12։17–19)։
3։31–34; 4։9–12. Դավիթի անոխակալությունն ու անչարակամությունը ընդօրինակման է արժանի։
5։12. Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Եհովան մեզ կրթել է իր ճանապարհներով և հնարավորություն է ընձեռել իր հետ լավ փոխհարաբերություններ ունենալու։
6։1–7. Թեպետ Դավիթը բարի մտադրություններ ուներ, այնուամենայնիվ տապանակը սայլով տեղափոխելու նրա փորձը Աստծու օրենքի խախտում էր, ուստիև ձախողվեց (Ելից 25։13, 14; Թուոց 4։15, 19; 7։7–9)։ Այն, որ Ոզան ձեռքը մեկնեց Աստծու տապանակին, նույնպես ցույց է տալիս, որ բարի միտումները հիմք չեն Աստծու պահանջները խախտելու համար։
6։8, 9. Դժվար իրավիճակում Դավիթը նախ «տրտմեց»՝ բարկացավ, հետո վախեցավ՝ հավանաբար, նույնիսկ մեղադրելով Եհովային ողբերգության համար։ Մենք պետք է զգուշանանք Եհովային մեղադրել այն խնդիրների համար, որոնք առաջանում են նրա պատվերներն անտեսելու արդյունքում։
7։18, 22, 23, 26. Դավիթի խոնարհությունը, Եհովայի հանդեպ անվերապահ նվիրվածությունը, Աստծու անունը գովաբանելու մեջ նրա հետաքրքրվածությունը հատկություններ են, որոնք արժե ընդօրինակել։
8։2. Մոտ 400 տարի առաջ ասված մարգարեությունը կատարվեց (Թուոց 24։17)։ Եհովայի խոսքը միշտ իրականանում է։
9։1, 6, 7. Դավիթը պահեց իր խոստումը։ Մենք նույնպես պետք է ձգտենք պահել մեր տված խոստումը։
ԵՀՈՎԱՆ ‘ՉԱՐԻՔ Է ՀԱՐՈՒՑՈՒՄ ԻՐ ՕԾՅԱԼԻ ՎՐԱ’
«Ահա ես քեզ վերայ չարիք եմ յարուցանելու քո տանից,— ասում է Եհովան Դավիթին,— եւ առնելու եմ քո կանայքը քո աչքի առաջին եւ պիտի տամ քո ընկերին, եւ նա պիտի պառկի քո կանանց հետ այս արեգակի աչքի առաջին» (Բ Թագաւորաց 12։11)։ Ինչո՞ւ է Աստված այսպիսի խիստ խոսքեր ասում։ Դավիթը մեղք է գործել Բերսաբեի հետ։ Նա զղջում է իր արարքի համար, ներում է ստանում, բայցևայնպես չի ազատվում կատարած մեղքի հետևանքներից։
Նախ՝ Բերսաբեի ծնած երեխան մահանում է։ Հետո՝ Դավիթի կույս դուստր Թամարը բռնաբարվում է իր խորթ եղբայր Ամնոնի կողմից։ Նրա հարազատ եղբայր Աբիսողոմը սպանում է Ամնոնին՝ նրանից վրեժ առնելով։ Աբիսողոմը դավադրություն է կազմակերպում իր իսկ հոր դեմ՝ Քեբրոնում իրեն թագավոր հռչակելով։ Դավիթը ստիպված է փախչել Երուսաղեմից։ Աբիսողոմը սեռական կապի մեջ է մտնում իր հոր տասը հարճերի հետ, որոնց թողել էին Երուսաղեմում՝ տանը հոգ տանելու համար։ Դավիթը վերադառնում է իր գահին միայն այն բանից հետո, երբ Աբիսողոմը սպանվում է։ Բենիամինցի Սաբեեի ապստամբությունը ավարտվում է վերջինիս մահով։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
14։7 — Ի՞նչ է նշանակում «իմ այն կայծն էլ» արտահայտությունը։ Մարդիկ, ածխի կայծ ասելով, նկատի ունեին իրենց կենդանի սերունդը։
19։29 — Ինչո՞ւ Դավիթը Մեմփիբոսթեի տված բացատրությանը պատասխանեց այնպես, ինչպես որ նշված է համարում։ Լսելով Մեմփիբոսթեին՝ Դավիթը ամենայն հավանականությամբ գիտակցեց, որ ինքը սխալվել է՝ Սիբայի խոսքերը հալած յուղի տեղ ընդունելով (Բ Թագաւորաց 16։1–4; 19։24–28)։ Շատ հավանական է՝ սա նյարդայնացրեց Դավիթին, և նա այլևս չցանկացավ որևէ բան լսել այդ խնդրի մասին։
Դասեր մեզ համար
11։2–15. Այն, որ Աստվածաշնչում ազնվորեն գրվել է Դավիթի թերությունների վերաբերյալ, վկայում է այդ գրքի՝ Աստծու կողմից ներշնչված լինելու մասին։
11։16–27. Եթե լուրջ մեղք ենք գործում, ապա չպետք է Դավիթի պես փորձենք թաքցնել դա։ Փոխարենը՝ պետք է մեր մեղքը խոստովանենք Եհովային ու ժողովի երեցներից օգնություն խնդրենք (Առակաց 28։13; Յակոբոս 5։13–16)։
12։1–14. Նաթանը գերազանց օրինակ է ժողովի երեցների համար։ Նրանք նշանակված են, որ օգնեն մեղք գործած անհատներին ուղղել իրենց ընթացքը։ Երեցները պետք է հմտորեն կատարեն իրենց այս պարտականությունը։
12։15–23. Պատահածի վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենալն օգնեց Դավիթին ճիշտ ձևով վերաբերվել դժբախտությանը։
15։12; 16։15, 21, 23. Երբ առաջնակարգ խորհրդատու Աքիտոփելին այնպես թվաց, թե Աբիսողոմը ուր որ է գահ է բարձրանալու, նա, հպարտությունից ու փառասիրությունից մղված, դավաճանեց Դավիթին։ Եթե անհատը գիտելիքներ և ընդունակություններ ունի, բայց խոնարհ ու հավատարիմ չէ, նա կարող է ծուղակն ընկնել։
19։24, 30. Մեմփիբոսթեն իսկապես գնահատում էր Դավիթի սիրառատ բարությունը իր հանդեպ։ Նա պատրաստակամորեն ենթարկվեց թագավորի որոշմանը Սիբայի հետ կապված։ Եհովայի ու նրա կազմակերպության նկատմամբ ունեցած գնահատանքը պետք է մղի մեզ հնազանդ լինել։
20։21, 22. Մեկ անհատի իմաստությունը կարող է շատերին չարիքից ազատել (Ժողովող 9։14, 15)։
«ԹՈՂ ՏԻՐՈՋ ՁԵՌՔՆ ԸՆԿՆԵՆՔ»
Երեք տարի է արդեն, ինչ սով է։ Պատճառն այն է, որ Սավուղը արյունահեղություն է կատարել՝ գաբավոնացիներին սպանելով (Յեսու 9։15)։ Ցանկանալով վրեժխնդիր լինել՝ գաբավոնացիները թագավորից խնդրում են իրենց տալ Սավուղի յոթ որդիներին, որպեսզի սպանեն նրանց։ Քանի որ Դավիթը բավարարում է նրանց խնդրանքը, անձրև է տեղում, և երաշտը ավարտվում է։ «Դաւիթի ձեռքովը եւ Դաւիթի ծառաների ձեռքովը» սպանվում են չորս փղշտացի հսկաներ (Բ Թագաւորաց 21։22)։
Դավիթը ծանր մեղք է գործում՝ ապօրինաբար հրամայելով մարդահամար անցկացնել։ Հետո նա զղջում է և նախընտրում «Տիրոջ ձեռքն» ընկնել (Բ Թագաւորաց 24։14)։ Նրա կատարած սխալի հետևանքը ժանտախտն է, որը 70 000 մարդու կյանք է խլում։ Դավիթը կատարում է Եհովայի պատվերը, և պատուհասը դադարում է։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
21։8 — Ինչպե՞ս կարելի է ասել, որ Սավուղի դուստր Մեղքողը ունեցավ հինգ որդի, այն դեպքում երբ Բ Թագաւորաց 6։23–ում նշվում է, որ նա անզավակ մահացավ։ Այս հարցին հիմնականում հետևյալ բացատրությունն է տրվում. այդ որդիները Մեղքողի քույր Մերովբի՝ Եդրիելի կնոջ զավակներն էին։ Հավանական է, որ Մերովբը վաղաժամ է մահացել, իսկ երեխաներ չունեցող Մեղքողը մեծացրել է տղաներին։
21։9, 10 — Որքա՞ն ժամանակ Ռեսփան հսկեց գաբավոնացիների կողմից սպանված իր երկու որդիների և Սավուղի հինգ թոռների դիակները։ Նրանք կախաղան էին հանվել «հունձի առաջի օրերին»՝ մարտին կամ ապրիլին։ Նրանց դիակները անպաշտպան թողնվել էին սարի վրա։ Ռեսփան գիշեր–ցերեկ հսկեց նրանց մարմինները, մինչև որ Եհովան, վերջ դնելով երաշտին, ցույց տվեց, որ իր բարկությունն անցել է։ Քիչ հավանական էր, որ մինչև հնձի լիակատար ավարտը (հոկտեմբերին) հորդառատ անձրև տեղար։ Ուստի Ռեսփան, ըստ երևույթին, դիակների մոտ մնացել է հինգ կամ վեց ամիս։ Դրանից հետո Դավիթը այդ մարդկանց ոսկորները թաղել է։
24։1 — Դավիթի անցկացրած մարդահամարը ինչո՞ւ ծանր մեղք համարվեց։ Ընդհանրապես, Օրենքը չէր արգելում մարդահամար անցկացնելը (Թուոց 1։1–3; 26։1–4)։ Աստվածաշունչը չի ասում, թե ինչ նպատակ էր հետապնդում Դավիթը՝ այդ բանը ձեռնարկելով։ Ա Մնացորդաց 21։1 համարը, սակայն, նշում է, որ Սատանա՛ն դրդեց նրան դա անելու։ Այսպես թե այնպես, Հովաբը՝ Դավիթի զորապետը, գիտեր, որ թագավորի որոշումը սխալ էր, և փորձեց տարհամոզել նրան։
Դասեր մեզ համար
22։2–51. Դավիթի այս երգը որքա՜ն գեղեցիկ է նկարագրում Եհովային՝ որպես ճշմարիտ Աստծու, որն արժանի է մեր լիակատար վստահությանը։
23։15 ՆԱ, 16, 17. Դավիթն այնքան շատ էր հարգում կյանքի և արյան վերաբերյալ Աստծու օրենքը, որ տվյալ իրավիճակում հրաժարվեց անել մի բան, որը ինչ–որ առումով կարող էր այդ օրենքի խախտում նշանակել։ Մենք պետք է մեր մեջ նման մտայնություն զարգացնենք Աստծու բոլոր պատվերների նկատմամբ։
24։10. Դավիթի խիղճը մղեց նրան զղջալու։ Արդյոք մեր խիղճը բավականաչափ զգայո՞ւն է, որ մղի մեզ նման ձևով արձագանքելու։
24։14. Դավիթը շատ լավ գիտեր, որ Եհովան ավելի ողորմած է, քան մարդիկ։ Իսկ մենք ունե՞նք այդպիսի համոզվածություն։
24։17. Դավիթը ցավ զգաց, որ իր մեղքի պատճառով տառապում էր ամբողջ ազգը։ Զղջացող անհատը պետք է խղճի խայթ զգա այն բանի համար, որ իր արած քայլերով գուցե նախատինք է բերել ժողովին։
Մենք կարո՛ղ ենք ‘Աստծու սրտին հաճելի մարդ’ լինել
Իսրայելի երկրորդ թագավորը ‘Եհովայի սրտին հաճելի մարդ’ էր (Ա Թագաւորաց 13։14, ԷԹ)։ Դավիթը երբեք հարցականի տակ չդրեց Աստծու արդար չափանիշները և չփորձեց անկախանալ նրանից։ Երբ էլ որ նա սխալվեր, ընդունում էր տրված խորհուրդը և ուղղում իր ճանապարհները։ Դավիթը անարատություն պահեց։ Իմաստություն դրսևորած չե՞նք լինի, եթե ձգտենք նրան նմանվել, մասնավորապես երբ սխալ ենք գործում։
Դավիթի ողջ կյանքը վառ կերպով ցույց է տալիս, որ Եհովայի գերիշխանությունը ճանաչել նշանակում է՝ ընդունել բարու և չարի վերաբերյալ նրա չափանիշները և ձգտել կառչած մնալ դրանցից, ինչը և կփաստի անհատի անարատության մասին։ Մենք կարո՛ղ ենք դա անել։ Որքա՜ն երախտապարտ ենք այն դասերի համար, որ սովորում ենք «Բ Թագաւորաց» գրքից։ Նրա ներշնչյալ պատգամը իսկապես կենդանի է և զորավոր (Եբրայեցիս 4։12)։
[ծանոթագրություն]
a Թեև Սամուելը չի մասնակցել այս գրքի գրությանը, այն կոչվում է նրա անունով, քանի որ «Թագաւորաց» առաջին երկու գրքերը Եբրայերեն Գրությունների կանոնում սկզբնական շրջանում կազմում էին մեկ գիրք։ Սամուելը գրել է «Ա Թագաւորաց» գրքի (կամ՝ «Սամուէլի առաջին գրքի») մեծ մասը։
[նկար 16–րդ էջի վրա]
Հիշելով, թե ո՛վ է իրեն թագավոր հաստատել՝ Դավիթը կարողացավ խոնարհ մնալ
[նկարներ 18–րդ էջի վրա]
«Ահա ես քեզ վերայ չարիք եմ յարուցանելու քո տանից»
Բերսաբե
Թամար
Ամնոն