Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Բ Մնացորդաց» գրքից
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ «Բ Մնացորդաց» գիրքը սկսվում է Իսրայելի Սողոմոն թագավորի իշխանության մասին պատմությամբ և ավարտվում այն խոսքերով, որ պարսից Կյուրոս թագավորն ասաց Բաբելոն աքսորված հրեաներին. «[Եհովան] ինձ պատուիրել է [իր] համար մի տուն շինել Երուսաղէմումը որ Յուդայումն է։ Ձեզանից ամեն ով որ նորա ժողովրդիցն է, նորա Եհովայ Աստուածն իր հետ լինի, եւ թող գնայ [Երուսաղեմ]» (Բ Մնացորդաց 36։23)։ «Բ Մնացորդաց»–ի գրությունն ամբողջացվել է Եզրաս քահանայի կողմից մ.թ.ա. 460–ին, և գիրքը պարունակում է 500 տարվա պատմություն՝ մ.թ.ա. 1037–ից մինչև մ.թ.ա. 537 թվականը։
Կյուրոսի հրովարտակը հնարավոր է դարձնում հրեաների վերադարձը Երուսաղեմ և այնտեղ Եհովայի երկրպագության վերականգնումը։ Բայցևայնպես, բաբելոնյան գերության երկար տարիները վատ հետևանքներ են թողել։ Հայրենիք վերադարձած աքսորյալները չգիտեն իրենց ազգի պատմությունը։ Սակայն «Բ Մնացորդաց» գիրքը, որը պարունակում է հետաքրքիր մանրամասնություններ Դավթի արքայական տոհմի թագավորների օրոք պատահած դեպքերի մասին, կարող է նրանց օգնել։ Այս գիրքը հետաքրքրական է նաև մեզ համար, քանի որ այնտեղ լուսաբանվում է, որ ճշմարիտ Աստծուն հնազանդվելը օրհնություններ է բերում, իսկ անհնազանդությունը՝ վատ հետևանքներ։
ԹԱԳԱՎՈՐԸ ՏՈՒՆ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՀՈՎԱՅԻ ՀԱՄԱՐ
Եհովան Սողոմոն թագավորին տալիս է նրա սրտի խնդրանքը՝ իմաստություն և գիտություն։ Նաև Աստված նրան տալիս է հարստություն և պատիվ։ Թագավորը Երուսաղեմում Եհովային նվիրված մի վեհաշուք տուն է կառուցում. ժողովուրդը «ուրախացած [է] եւ զուարթ սրտով» (Բ Մնացորդաց 7։10)։ Սողոմոնը «հարստութեան ու իմաստութեան կողմանէ՝ երկրի բոլոր թագաւորներէն մեծ» է լինում (Բ Մնացորդաց 9։22, ԱԱ)։
Իսրայելում 40 տարի թագավորելուց հետո Սողոմոնը ‘ննջում է իր հայրերի հետ, և նրա որդի Ռոբովամը թագավոր է լինում նրա տեղ’ (Բ Մնացորդաց 9։31)։ Եզրասը չի գրում ճշմարիտ երկրպագությունից Սողոմոնի հեռացման մասին։ Թագավորի վերաբերյալ բացասական տեղեկություններից նշվում է միայն այն, որ նա անխոհեմաբար Եգիպտոսից ձեռք է բերում շատ ձիեր և ամուսնանում է փարավոնի աղջկա հետ։ Կարելի ասել, որ Եզրասը պատմությունը ներկայացնում է դրական տեսանկյունից։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
2։14 — Այս համարում նշված արհեստավորի ծագումն ինչո՞ւ է տարբերվում Գ Թագաւորաց 7։14–ում գրված տեղեկությունից։ «Գ Թագաւորաց»–ում գրված է, որ արհեստավորի մայրը ‘Նեփթաղիմի ցեղից մի որբևայրի կին’ էր, քանի որ ամուսնացել էր այդ ցեղին պատկանող տղամարդու հետ։ Ինքը, սակայն, Դանի ցեղից էր։ Ամուսնու մահից հետո նա ամուսնացել է տյուրոսցու հետ, և այս միությունից էլ ծնվել է այդ արհեստավորը։
2։18, ԱԱ; 8։10 — Այս համարներում նշված է, որ ‘վերակացուների’ և ‘գլխավոր իշխանների’ թիվն է՝ 3 600 գումարած 250, այնինչ, համաձայն Գ Թագաւորաց 5։16–ի և 9։23–ի (ԱԱ), այդ թիվը կազմում է 3 300 գումարած 550։ Ինչո՞ւ են թվերը տարբերվում։ Տարբերությունը, ըստ էության, առաջանում է այն պատճառով, թե նրանք ինչպես են դասակարգված եղել։ Հնարավոր է, որ «Բ Մնացորդաց»–ում իրարից առանձնացվում են 3 600 ոչ իսրայելացի և 250 իսրայելացի ‘գլխավոր իշխաններ’, մինչդեռ «Գ Թագաւորաց»–ում տարբերակվում են 3 300 ‘գլխավոր գործակալ’ և 550 ավելի բարձր կարգի ‘գլխավոր իշխան’։ Ամեն դեպքում, որպես ‘գլխավոր իշխան’ ծառայողների ընդհանուր գումարը նույնն էր՝ 3 850։
4։2–4 — Ինչո՞ւ ձուլածո ծովի հիմքի համար եզան արձաններ օգտագործվեցին։ Գրություններում եզը ներկայացվում է որպես զորության խորհրդանիշ (Եզեկիէլ 1։10; Յայտնութիւն 4։6, 7)։ «Եզների» ընտրությունը տեղին էր, քանի որ 12 պղնձե եզները պահում էին այն հսկայական «ծովը», որը կշռում էր մոտավորապես 30 տոննա։ Այս նպատակով եզան արձաններ պատրաստելը ոչ մի առումով չէր խախտում երկրորդ պատվիրանը, որն արգելում էր կռապաշտության նպատակով որևէ առարկա պատրաստելը (Ելից 20։4, 5)։
4։5 — Որքա՞ն էր ձուլածո ծովի տարողությունը։ Ամբողջությամբ լցված լինելու դեպքում այդ ծովը կարող էր պարունակել երեք հազար մար, այսինքն՝ մոտ 66 000 լիտր։ Սակայն, ըստ երևույթին, սովորաբար ավազանի միայն երկու երրորդն էր լցվում ջրով։ Գ Թագաւորաց 7։26–ում գրված է. «[Ծովը] երկու հազար մար [44 000 լիտր] էր տանում»։
5։4, 5, 10 — Խորանի ո՞ր առարկաները տեղ գտան Սողոմոնի կառուցած տաճարում։ Միակ առարկան, որ ժողովքի խորանից բերվեց Սողոմոնի կառուցած տաճար, տապանակն էր։ Տաճարի կառուցման ավարտից հետո խորանը Գաբավոնից բերվեց Երուսաղեմ և, ըստ ամենայնի, պահվեց այնտեղ (Բ Մնացորդաց 1։3, 4)։
Դասեր մեզ համար
1։11, 12. Եհովան Սողոմոնի խնդրանքի մեջ տեսավ այն, որ իմաստություն և գիտություն ձեռք բերելը թագավորի սրտի ցանկությունն էր։ Աստծուն ուղղված մեր աղոթքներն իրոք բացահայտում են, թե որոնք են մեր սրտի ցանկությունները։ Մենք խելացի կվարվենք, եթե քննենք մեր աղոթքների բովանդակությունը։
6։4. Մեր սրտագին գնահատանքը Եհովայի սիրառատ բարության ու քաղցրության համար պետք է մեզ մղի նրան օրհնել, այսինքն՝ երախտագիտությամբ ու սիրով լի սրտով գովել։
6։18–21. Թեև ոչ մի շինություն չի կարող պարունակել Աստծուն, տաճարը նախատեսված էր Եհովայի երկրպագության կենտրոն լինելու համար։ Այսօր Եհովայի վկաների Թագավորության սրահները հասարակության մեջ հանդիսանում են ճշմարիտ երկրպագության կենտրոններ։
6։19, 22, 32. Եհովան մատչելի էր բոլորին՝ սկսած թագավորից, վերջացրած ազգի ամենաստորադաս անհատով։ Նա մատչելի էր նույնիսկ այն օտարերկրացուն, որն անկեղծորեն մոտենում էր իրեն (Սաղմոս 65։2)։a
ԴԱՎԹԻ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՏՈՀՄԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԸ
Իսրայելի միացյալ թագավորությունը բաժանվում է երկու մասի՝ հյուսիսային տասցեղ թագավորության և Հուդայի ու Բենիամինի հարավային երկցեղ թագավորության։ Քահանաներն ու ղևտացիները Իսրայելում ամենուրեք նվիրվածությունը Թագավորության ուխտին վեր են դասում ազգայնամոլությունից և թիկունք են կանգնում Սողոմոնի որդի Ռոբովամին։ Տաճարը զրկվում է իր գանձերից, երբ նրա կառուցման 30 տարին նոր է լրացել։
Ռոբովամին հաջորդած 19 թագավորներից 5–ը հավատարիմ են, 3–ը լավ են սկսում, բայց դառնում են անհավատարիմ, իսկ մեկը ամբողջությամբ ետ է դառնում սխալ ճանապարհից։ Մնացած թագավորները անում են այն, ինչ չար է Եհովայի աչքին։b «Բ Մնացորդաց»–ում մեծ ուշադրություն է դարձվում Եհովային ապավինած հինգ թագավորների գործերին։ Երուսաղեմում Եհովայի երկրպագության վերահաստատմամբ հետաքրքրված հրեաների համար ամենայն հավանականությամբ մեծ քաջալերանք են հաղորդագրություններն այն մասին, որ Եզեկիան վերստին գործողության մեջ դրեց տաճարային ծառայությունները, և որ Հովսիան մեծ Զատիկ կատարեց։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
13։5 — Ի՞նչ է նշանակում «աղի ուխտ» արտահայտությունը։ Իր պահպանիչ հատկության շնորհիվ աղը դարձավ հարատևության և անփոփոխության խորհրդանիշ։ Հետևաբար, «աղի ուխտը» նշանակում է անխախտ համաձայնություն։
14։2–5; 15։17 — Վերացրե՞ց արդյոք Ասա թագավորը բոլոր «բարձրաւանդակները»։ Ըստ ամենայնի, ոչ։ Հնարավոր է Ասան վերացրեց միայն այն բարձրավանդակները, որտեղ պաշտում էին կեղծ աստվածների, սակայն չվերացրեց նրանք, որտեղ մարդիկ երկրպագում էին Եհովային։ Նաև հավանական է, որ Ասայի իշխանության վերջին հատվածում բարձրավանդակները կրկին կառուցվեցին։ Դրանք նրա որդի Հովսափատը վերացրեց։ Իրողությունն այն է, որ բարձրավանդակները լիովին չվերացվեցին նույնիսկ Հովսափատի օրոք (Բ Մնացորդաց 17։5, 6; 20։31–33)։
15։9; 34։6 — Ինչպիսի՞ դիրք բռնեց Շմավոնի ցեղը, երբ Իսրայելի թագավորությունը բաժանվեց։ Քանի որ Շմավոնի ցեղը որպես ժառանգություն տարածքներ էր ստացել Հուդայի տարբեր մասերում, նա աշխարհագրական տեսակետից գտնվում էր Հուդայի և Բենիամինի թագավորությունում (Յեսու 19։1)։ Սակայն կրոնական և քաղաքական առումով Շմավոնի ցեղը կապված էր հյուսիսային թագավորությանը (Գ Թագաւորաց 11։30–33; 12։20–24)։ Այսպիսով՝ Շմավոնը տասցեղ թագավորության մաս էր համարվում։
35։3 — Որտեղի՞ց Հովսիան սուրբ տապանակը բերել տվեց տաճար։ Աստվածաշունչը չի հայտնում, թե արդյոք տապանակն ավելի վաղ տեղափոխվել էր չար թագավորներից մեկի կողմից, կամ արդյոք Հովսիան էր դա արել, որպեսզի տաճարի ծավալուն վերանորոգման աշխատանքների ժամանակ այն չվնասվեր։ Սողոմոնի օրերից հետո տապանակի մասին միակ պատմական հիշատակումն այն է, որ Հովսիան տապանակը բերեց տաճար։
Դասեր մեզ համար
13։13–18; 14։11, 12; 32։9–23. Այս համարներից մենք սովորում ենք, որ խիստ կարևոր է ապավինել Եհովային։
16։1–5, 7; 18։1–3, 28–32; 21։4–6; 22։10–12; 28։16–22. Դաշինքները օտարերկրացիների կամ անհավատների հետ ողբերգական հետևանքներ են ունենում։ Իմաստուն կլինի, եթե խուսափենք աշխարհի հետ անհարկի առնչություններ ունենալուց (Յովհաննէս 17։14, 16; Յակոբոս 4։4)։
16։7–12; 26։16–21; 32։25, 26. Ամբարտավանությունը դրդեց Ասա թագավորին վատ վարք դրսևորել իր կյանքի վերջին տարիներին։ Ամբարտավան ոգին պատճառ եղավ, որ Ոզիան անկում ապրի։ Եզեկիան անխոհեմաբար և, հավանաբար, հպարտությամբ գործեց, երբ բաբելոնացի պատվիրակներին ցույց տվեց իր գանձարանը (Եսայիա 39։1–7)։ «Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը,— զգուշացնում է Աստվածաշունչը,— եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին» (Առակաց 16։18)։
16։9. Եհովան օգնում է նրանց, ում սիրտը «ուղիղ է [իր] հետ», և նա մեծ ցանկություն ունի իր զորությունն ի գործ դնելու հանուն այդ մարդկանց։
18։12, 13, 23, 24, 27. Միքիայի պես՝ մենք պետք է խիզախ ու քաջ լինենք, երբ խոսում ենք Եհովայի ու նրա նպատակների մասին։
19։1–3. Եհովան մեր մեջ բարի բաներ է փնտրում նույնիսկ այն դեպքում, երբ մենք նրան մեզ վրա բարկանալու առիթներ ենք տալիս։
20։1–28. Մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան իրեն գտնել կտա մեր կողմից, եթե առաջնորդության համար խոնարհաբար դիմենք իրեն (Առակաց 15։29)։
20։17. «Տիրոջ փրկութիւնը» տեսնելու համար մենք պետք է ‘կենանք’, այսինքն՝ զբաղեցնենք մեր դիրքը՝ ակտիվորեն թիկունք կանգնելով Աստծու Թագավորությանը։ Հարցերը մեր ձեռքը վերցնելու փոխարեն՝ մենք պետք է ‘կանգնենք’՝ մեր վստահությունը ամբողջությամբ Եհովայի վրա դնելով։
24։17–19; 25։14. Կռապաշտությունը ծուղակ դարձավ Հովասի և նրա Ամասիա որդու համար։ Մեր օրերում կռապաշտությունը նույնպես կարող է հրապուրիչ լինել, մասնավորապես երբ այն դրսևորվում է ագահության կամ ազգայնամոլության հազիվ նշմարելի ձևերով (Կողոսացիս 3։5; Յայտնութիւն 13։4)։
32։6, 7. Մինչ շարունակում ենք հոգևոր պատերազմ մղել, մենք նույնպես պետք է քաջ և ուժեղ լինենք՝ ‘Աստծու սպառազինությունը հագնելով’ (Եփեսացիս 6։11–18)։
33։2–9, 12, 13, 15, 16. Անհատի իսկական զղջումը երևում է նրանից, որ նա թողնում է սխալ ընթացքը և վճռական ջանքեր է թափում ճիշտն անելու։ Իսկապես զղջում արտահայտելով՝ Եհովայի ողորմությանը կարող է արժանանալ նույնիսկ այն անձնավորությունը, որը Մանասե թագավորի պես չար գործեր է արել։
34։1–3. Միշտ չէ, որ մանկության հետ կապված բացասական հանգամանքները խոչընդոտում են անհատին ճանաչելու Աստծուն և ծառայելու նրան։ Հովսիան մանկության տարիներին լավ բաներ հավանաբար սովորել էր. նրա վրա բարերար ազդեցություն էր թողել թերևս նրա զղջամիտ պապը՝ Մանասեն։ Ինչ լավ բաներ էլ որ Հովսիան սովորած լիներ, ի վերջո այդ ամենը բարի պտուղներ տվեց։ Նույնը կարող է մեզ հետ լինել։
36։15–17. Եհովան կարեկից և համբերատար է։ Բայցևայնպես, նրա կարեկցանքն ու համբերությունն անսահման չեն։ Մարդիկ պետք է դրականորեն արձագանքեն Թագավորության քարոզչության գործին, եթե ցանկանում են կենդանի մնալ, երբ Եհովան վերջ դնի իրերի այս ամբարիշտ համակարգին։
36։17, 22, 23. Եհովայի խոսքը միշտ իրականանում է (Գ Թագաւորաց 9։7, 8; Երեմիա 25։9–11)։
Գիրքը մղում է գործերի
Բ Մնացորդաց 34։33–ում ասվում է. «Յովսիան հեռացրեց բոլոր գարշութիւններն Իսրայէլի որդկանց բոլոր երկիրներիցը. եւ Իսրայէլի մէջ բոլոր գտնուողներին ծառայութիւն անել տուաւ իրանց Տէր Աստուծոյ ծառայութիւնը»։ Ինչը՞ մղեց Հովսիային այդպես վարվելու։ Երբ Սափան դպիրը Եհովայի Օրենքի նոր գտնված գիրքը բերեց Հովսիա թագավորի մոտ, վերջինս այն բարձրաձայն կարդալ տվեց։ Հովսիան այնքան էր տպավորվել լսածից, որ իր ամբողջ կյանքում նախանձախնդիր կերպով թիկունք կանգնեց ճշմարիտ երկրպագությանը։
Աստծու Խոսքը կարդալը և ընթերցածի շուրջ խորհելը կարող են խորապես ազդել մեզ վրա։ Մի՞թե Դավթի արքայական տոհմի թագավորների մասին պատմությունների շուրջ խորհրդածելը չի մղում մեզ ընդօրինակել նրանց, ովքեր Եհովային իրենց ապավենը դարձրին, և չգնալ նրանց հետքերով, ովքեր չապավինեցին նրան։ «Բ Մնացորդաց»–ը քաջալերում է մեզ անվերապահ նվիրվածություն ցուցաբերել ճշմարիտ Աստծու հանդեպ և հավատարիմ մնալ նրան։ Այդ գրքի պատգամը, անշուշտ, կենդանի է և զորավոր (Եբրայեցիս 4։12)։
[ծանոթագրություններ]
a Տաճարի նվիրմանն առնչվող հարցերի և այդ առթիվ Սողոմոնի ասած աղոթքից քաղված այլ դասերի մասին տե՛ս 2005 թ. հուլիսի 1–ի «Դիտարանը» (էջ 28–31)։
b Հուդայի թագավորների ժամանակագրական ցուցակը տե՛ս 2005 թ. օգոստոսի 1–ի «Դիտարանում» (էջ 12)։
[նկար 18–րդ էջի վրա]
Գիտե՞ս, թե ինչու էր տեղին, որ ձուլածո ծովի հիմքում եզան արձաններ լինեին
[նկարներ 21–րդ էջի վրա]
Չնայած որ Հովսիան մանկության տարիներին սահմանափակ օգնություն ստացավ, նա, այնուամենայնիվ, Եհովայի հավատարիմ ծառա դարձավ