Կարելի՞ է վստահել այս գրքին
«Ես արժանահավատության ավելի վստահելի նշաններ եմ գտնում Աստվածաշնչում, քան որևէ աշխարհիկ պատմության մեջ»,— սըր Իսահակ Նյուտոն՝ անգլիացի ականավոր գիտնական։1
ԿԱՐԵԼԻ՞ Է այս գրքին՝ Աստվածաշնչին վստահել։ Արդյո՞ք այն իրական անձանց է հիշատակում, պատմո՞ւմ է իրականում գոյություն ունեցած վայրերի և իրոք պատահած դեպքերի մասին։ Եթե այդպես է, ապա պետք է ապացույց լինի, որ այն գրվել է ուշադիր և ազնիվ մարդկանց կողմից։ Իսկ ապացույց, ինչ խոսք, գոյություն ունի։ Դրա մեծ մասը հայտնաբերվել է հողի մեջ թաղված, և ավելին գտնվում է հենց իր՝ գրքի մեջ։
Պեղել ապացույցը
Աստվածաշնչում հիշատակված երկրներում թաղված մշակութային հին առարկաների հայտնաբերումները աջակցել են գրքի պատմական և աշխարհագրական ճշգրտությանը։ Նկատի առնենք հնագետների պեղած որոշ ապացույցները։
Աստվածաշնչի ընթերցողներին քաջածանոթ է Իսրայելի թագավոր դարձած անվախ հովիվ Դավիթը։ Աստվածաշնչում նրա անունը հիշատակվում է հազար հարյուր երեսունութ անգամ, քսանհինգ անգամ հանդիպում է «Դավթի տուն» արտահայտությունը, որի տակ հաճախ հասկացվում է նրա դինաստիան (Ա Թագաւորաց 16։13; 20։16)։ Սակայն մինչև վերջերս Դավթի գոյության մասին Աստվածաշնչից դուրս գտնվող ոչ մի պարզ ապացույց չկար։ Արդյո՞ք Դավիթն ընդամենը երևակայական կերպար էր։
Մի խումբ հնագետներ՝ պրոֆեսոր Ավրահամ Բիրանի առաջնորդությամբ, 1993թ.–ին ապշեցուցիչ հայտնագործություն կատարեցին, որի մասին հաղորդագրվեց «Իսրայելի հետազոտական պարբերագրում»։ Իսրայելի հյուսիսում, Թել–Դան կոչվող բլրի տեղանքում նրանք հայտնաբերեցին բազալտի մի կտոր։ Քարի վրա փորագրված էին «Դավթի տուն» և «Իսրայելի թագավոր» խոսքերը։2 Մ.թ.ա. իններորդ դարին պատկանող այս արձանագրությունից ենթադրվում է, որ դա Իսրայելի թշնամիների՝ արևելքում բնակվող արամեացիների կողմից կառուցված հաղթանակի հուշարձանի մի մասն է։ Ինչո՞ւ է այս հին արձանագրությունն այդքան կարևոր։
«Աստվածաշնչային հնագիտական տեսություն» պարբերագիրը, հիմնվելով պրոֆեսոր Բիրանի և նրա աշխատակից պրոֆեսոր Յոզեֆ Նավեհի զեկուցման վրա, բացատրեց. «Առաջին անգամն է, որ Դավիթ անունը հայտնաբերվել է Աստվածաշնչից դուրս որևէ հին արձանագրության մեջ»։a3 Արձանագրությանը վերաբերող ուշադրության արժանի ևս մեկ բան կա։ «Դավթի տուն» արտահայտությունը գրված է մեկ բառով։ Լեզվաբանության փորձագետ պրոֆեսոր Անսոն Ռեյնին բացատրում է. «Տրոհող մասնիկը.... հաճախ բաց է թողնվում, հատկապես, երբ կապակցությունը ճշգրիտ սահմանված անվանում է։ «Դավթի տուն» արտահայտությունն իրոք քաղաքական և աշխարհագրական այդպիսի անուն էր հին աշխարհի իններորդ դարի կեսերին։5 Այսպիսով, Դավիթ թագավորը և նրա դինաստիան ակնհայտորեն հայտնի են եղել հին աշխարհում։
Արդյո՞ք Աստվածաշնչում հիշատակված ասորական խոշոր քաղաք Նինվեն իսկապես գոյություն է ունեցել։ Մինչև 19–րդ դարի սկզբները Աստվածաշնչի որոշ քննադատներ մերժում էին հավատալ դրան։ Սակայն 1849թ–ին սըր Օստին Հենրի Լայարդը Կույունջիկում պեղեց Սենեքերիմ թագավորի պալատի ավերակները, որոնք, ինչպես պարզվեց, եղել էին վաղեմի Նինվեի մի մասը։ Եվ այսպես, քննադատներն այդ թեմայի շուրջ դադարեցին խոսել։ Սակայն այս ավերակներն ավելի շատ տեղեկություններ էին պարունակում։ Պահպանված սենյակներից մեկի պատի բարձրաքանդակի վրա պատկերված էին լավ ամրացված մի քաղաքի գրավումը, ինչպես նաև քաղաքը նվաճող թագավորի առջևից անցկացվող գերիները։ Թագավորի գլխավերևում հետևյալ արձանագրությունն էր. «Սենեքերիմը՝ աշխարհի տիրակալը, Ասորեստանի արքան, նիմեդու–գահ բարձրացավ և անցկացրեց Լաքիսից (Լա–քի–սու) (ձեռք բերված) ավարի ստուգումը»։6
Այս բարձրաքանդակն ու արձանագրությունը, որը կարելի է տեսնել Բրիտանական թանգարանում, համաձայն են Սենեքերիմի կողմից Հուդայի Լաքիս քաղաքի գրավման մասին Աստվածաշնչի տված տեղեկագրության հետ, որը կարդում ենք Դ Թագաւորաց 18։13, 14–ում։ Մեկնաբանելով հայտնաբերվածի կարևորությունը՝ Լայարդը գրեց. «Մինչև այս հայտնագործությունները ո՞վ հավանական կամ կարելի կհամարեր, որ հողի և աղբի կույտի տակ, որոնք բնորոշում էին Նինվեի տեղանքը, կհայտնաբերվեր Եզեկիայի (Հուդայի թագավոր) և Սենեքերիմի միջև տեղի ունեցած պատերազմների պատմությունը՝ գրի առնված հենց Սենեքերիմի կողմից դրանց տեղի ունենալու ընթացքում՝ մինչև վերջին մանրամասնություններով հաստատելով Աստվածաշնչի հաղորդագրությունը»։7
Հնագետները մշակութային շատ այլ իրեր են պեղել՝ խեցեղեն անոթներ, շինությունների ավերակներ, կավե հուշատախտակներ, մետաղադրամներ, փաստաթղթեր, հուշարձաններ և արձանագրություններ, որոնք հաստատում են Աստվածաշնչի ճշգրտությունը։ Հողափորները երևան են հանել առևտրի և կրոնի կենտրոն քաղդեական Ուր քաղաքը, որտեղ ապրել էր Աբրահամը (Ծննդոց 11։27—31)։8 Մ.թ.ա. 539թ.–ին Կյուրոս Մեծի ձեռքով Բաբելոնի անկումը, որի մասին պատմում է Դանիէլի հինգերորդ գլուխը, նկարագրված է 19–րդ դարում հայտնաբերված Նաբոնիտոսի տարեգրությունում։9 Հին Թեսաղոնիկեում կամարի վրա հայտնաբերված մի արձանագրությունում (որի բեկորները պահվում են Բրիտանական թանգարանում) քաղաքապետների անուններ են նշված, որտեղ նրանց համար գործածվել է հույն դասական գրականությանը անծանոթ «պոլիտարխներ» բառը. վերջինս, սակայն, օգտագործվել էր Աստվածաշնչի գրող Ղուկասի կողմից10 (Գործք 17։6)։ Հետևաբար, այս մանրամասնությունը թիկունք է կանգնում Ղուկասի, ինչպես և ուրիշների ճշմարիտ լինելուն (համեմատեցե՛ք Ղուկաս 1։3)։
Հնագետները, այնուամենայնիվ, միշտ չէ, որ համաձայն են միմյանց հետ և միշտ չէ, որ համամիտ են Աստվածաշնչի հետ։ Նույնիսկ այս դեպքում Աստվածաշունչը կայուն ապացույցներ է պարունակում այն մասին, որ վստահության արժանի գիրք է։
Անկեղծորեն ներկայացված
Ազնիվ պատմագիրները կարձանագրեին ոչ միայն հաղթանակները (ինչպես Սենեքերիմի կողմից Լաքիսի գրավման մասին արձանագրությունը), այլ նաև պարտությունները, ոչ միայն հաջողությունները, այլև ձախողումները, ոչ միայն հզոր, բայց նաև տկար ու թույլ կողմերը։ Աշխարհիկ շատ քիչ պատմություններ են այդպիսի անկեղծություն արտացոլում։
Ասորական պատմիչների մասին Դանիել Դ. Լաքնբիլը բացատրում է. «Հաճախ բացահայտ երևում է, որ թագավորների սնապարծությունը պահանջում էր խաղալ պատմական ճշգրտության հետ»։11 Հանդես բերելով այդ «թագավորական սնապարծությունը»՝ Ասորեստանի թագավոր Աշուրնասիրպալը իր տարեգրության մեջ պարծենում է. «Ես սքանչելի եմ, ես աստվածային եմ, մեծարված եմ, ես ուժեղ եմ, փառաբանված եմ, ես գովաբանված եմ, ի սկզբանե հռչակավոր եմ, զորեղ եմ, անվեհեր, առյուծասիրտ եմ, ես դյուցազն եմ»։12 Կընդունեի՞ք այսպիսի ժամանակագրությունը որպես ճշգրիտ պատմություն։
Հակառակ դրան, Աստվածաշնչի գրողները թարմացնող անկեղծություն են ցուցաբերել։ Իսրայելի առաջնորդ Մովսեսը անկեղծորեն գրեց իր եղբայր Ահարոնի, քրոջ՝ Մարիամի, եղբորորդիներ՝ Նադաբի և Աբիուդի, իր ժողովրդի ու սեփական թերությունների մասին (Ելից 14։11, 12; 32։1—6; Ղեւտացոց 10։1, 2; Թուոց 12։1—3; 20։9—12; 27։12—14)։ Դավիթ թագավորի լուրջ սխալները չքողարկվեցին, այլ գրի առնվեցին, այն էլ իր կառավարման օրոք (Բ Թագաւորաց 11–րդ և 24–րդ գլուխներ)։ Իր անունը կրող գրքի հեղինակ Մատթեոսը պատմում է, թե ինչպես էին առաքյալները (որոնցից մեկն էլ ինքն էր) վիճաբանում իրենց անձերի կարևորության շուրջ և թե ինչպես լքեցին Հիսուսին նրա ձերբակալության գիշերը (Մատթէոս 20։20—24; 26։56)։ Քրիստոնեական հունարեն գրությունների թղթերի հեղինակներն անկեղծորեն գիտակցեցին քրիստոնեական վաղեմի ժողովքներում տիրող խնդիրները, որոնցից էին սեռային անբարոյականությունն ու երկպառակությունները։ Եվ, անդրադառնալով այդ խնդիրներին, նրանք չմեղմացրեցին իրենց խոսքերը (Ա Կորնթացիս 1։10—13; 5։1—13)։
Այսպիսի պարզ, սրտաբաց շարադրանքը խոսում է ճշմարտության հանդեպ անկեղծ հոգատարության մասին։ Քանի որ Աստվածաշնչի գրողները պատրաստ էին արձանագրելու այդ ոչ հաճելի տեղեկություններն իրենց սիրելիների, իրենց ժողովրդի և սեփական անձի մասին, ապա մի՞թե դա նրանց գրածներին վստահելու հիմնավորված պատճառ չէ։
Ճշգրիտ է մանրամասնություններում
Դատաքննության ժամանակ վկայի տված ցուցմունքը հաճախ կարող է հիմնվել չնչին փաստերի վրա։ Աննշան մանրամասնությունների միջև համաձայնությունը հաստատում է ցուցմունքի ճշգրտությունն ու ճշմարտացիությունը, մինչդեռ լուրջ հակասությունները կարող են բացահայտել կեղծիքը։ Մեկ այլ կողմից, չափազանց կանոնավոր հաշվետվությունը, որտեղ վերջին մանրամասնությունն անգամ հմտորեն համաձայնեցված է, ևս կարող է կեղծ ցուցմունքի ապացույց համարվել։
Ինչպե՞ս է Սուրբ գիրքը գրողների «ցուցմունքը» համապատասխանում այս հարցում։ Աստվածաշունչը գրողները հիանալի հետևողականություն են ցուցաբերել։ Սերտ համաձայնություն է տիրում նույնիսկ չնչին մանրամասնությունների միջև։ Բայց և այնպես, ներդաշնակությունը մտածված կերպով մշակված չէ, որը գաղտնի պայմանավորվածության կասկած կհարուցեր։ Այնտեղ զգալիորեն պակասում է զուգադիպությունների ծրագրվածությունը. գրողներն իրենց գրություններում հաճախ համաձայնության են եկել ոչ դիտավորյալ կերպով։ Ահա մի քանի օրինակներ.
Աստվածաշնչի գրողներից մեկը՝ Մատթեոսը, գրում է. «Յիսուս Պետրոսի տունը գալով՝ տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած էր» (Մատթէոս 8։14)։ Այստեղ Մատթէոսը մի հետաքրքրական, սակայն աննշան մանրուք է ներկայացնում. Պետրոսն ամուսնացած էր։ Այս չնչին փաստը հաստատվում է Պողոսի կողմից. նա գրում է. «Միթէ իշխանութիւն չունե՞նք մեզ հետ ման ածելու մեր հաւատացեալ կանանց, ինչպէս որ միւս առաքյալները.... եւ Կեփասը անում են»b (Ա Կորնթացիս 9։5)։ Համատեքստը նշում է, որ Պողոսը պաշտպանվում էր անհիմն քննադատությունից (Ա Կորնթացիս 9։1—4)։ Ակներևաբար այս փոքրիկ իրողությունը՝ Պետրոսի ամուսնացած լինելը, Պողոսի կողմից ներկայացված չէ Մատթեոսի արձանագրության ճշգրտությունը ապահովելու համար, այլ բերվել է ի միջի այլոց։
Չորս ավետարանագիրներն էլ՝ Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասն ու Հովհաննեսը, արձանագրում են, որ Հիսուսի ձերբակալության գիշերը նրա աշակերտներից մեկը դուրս է քաշում սուրը և հարվածում քահանայապետի ծառային՝ կտրելով նրա ականջը։ Միայն Հովհաննեսի ավետարանն է ներկայացնում հետևյալ անկարևոր թվացող մանրուքը՝ «Եւ այն ծառայի անունը Մաղքոս էր» (Յովհաննէս 18։10, 26)։ Ինչո՞ւ է միայն Հովհաննեսը տալիս այդ մարդու անունը։ Մի քանի համարներ հետո հաղորդագրությունը հայտնում է ոչ մի տեղ չնշված մի չնչին իրողության մասին՝ Հովհաննեսը «քահանայապետին ծանօթ էր»։ Նա նաև ծանոթ էր քահանայապետի տան անդամներին, ծառաներին, և վերջիններս էլ՝ իրեն (Յովհաննէս 18։15, 16)։ Ուստի բնական է, որ Հովհաննեսը նշել էր վիրավոր մարդու անունը, մինչդեռ մնացած ավետարանագիրները, որոնց այդ մարդն անծանոթ էր, այդ մասին չեն ակնարկել։
Երբեմն մի արձանագրության մեջ բացակայում են մանրամասն բացատրությունները, սակայն մեջբերված են մեկ այլ տեղ ի միջի այլոց արված հայտարարություններով։ Օրինակ, հրեական Սինեդրիոնի առջև Հիսուսի դատաքննության մասին Մատթեոսի արձանագրությունն ասում է, որ ներկաներից ոմանք «ապտակեցին նրան ու ասացին. «Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»» (Մատթէոս 26։67, 68)։ Ինչո՞ւ էին նրանք Հիսուսին ասում «մարգարեանալ», թե ո՛վ էր հարվածողը, եթե այդ անհատը հենց նրա առջև էր կանգնած։ Մատթեոսը չի մեկնաբանում։ Սակայն երկու ուրիշ ավետարանագիրներ տալիս են բացակայող մանրամասնությունը. Հիսուսին հալածողները ծածկել էին նրա դեմքը մինչև նրան հարվածելը (Մարկոս 14։65; Ղուկաս 22։64)։ Մատթեոսը ներկայացրել էր իր նյութը առանց մտահոգվելու, թե արդյո՞ք ցույց է տրված ամեն մի մանրուք։
Հովհաննեսի ավետարանը պատմում է մի միջադեպի մասին, երբ հսկայական ամբոխը հավաքված լսում էր Հիսուսին սովորեցնելիս։ Հաղորդագրության համաձայն, Հիսուսը նայեց ամբոխին, որից հետո «Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գնենք, որ դրանք ուտեն»» (Յովհաննէս 6։5)։ Ինչո՞ւ ներկա գտնվող աշակերտներից միայն Փիլիպպոսին Հիսուսը հարցրեց, թե որտեղի՛ց կարող են հաց գնել։ Հեղինակը չի տեղեկացնում։ Սակայն զուգահեռ հաղորդագրության մեջ Ղուկասը գրում է, որ դեպքը տեղի էր ունենում Գալիլիայի հյուսիսային ծովեզրին գտնվող Բեթսայիդա քաղաքի մերձակայքում, իսկ Հովհաննեսի ավետարանում ավելի վաղ ասվել էր, որ «Փիլիպպոսը Բեթսայիդայից էր» (Յովհաննէս 1։44; Ղուկաս 9։10)։ Ուստի, Հիսուսը տրամաբանորեն դիմեց մեկին, ում հայրենի քաղաքը մոտակայքում էր։ Մանրամասնությունների միջև տիրող համաձայնությունը թեպետև հիանալի է, բայց և այնպես՝ պատահականորեն ստացված։
Որոշ դեպքերում որոշակի մանրամասնությունների բացթողումները միայն վստահություն են ներշնչում Աստվածաշնչի գրողների հանդեպ։ Օրինակ, Գ Թագաւորացի հեղինակը պատմում է Իսրայելում եղած ծանր երաշտի մասին։ Դա այնքան խիստ է եղել, որ թագավորը բավարար ջուր և խոտ չի գտել իր ձիերի ու ջորիների գոյությունը պահպանելու համար (Գ Թագաւորաց 17։7; 18։5)։ Սակայն միևնույն արձանագրությունը հաղորդում է, որ Եղիա մարգարեն Կարմեղոս սարի վրա պատվիրեց բավական քանակությամբ ջուր բերել (զոհաբերություն մատուցելիս գործածելու) շուրջ 1000 մ2 տարածքով փոսը լցնելու համար (Գ Թագաւորաց 18։33—35)։ Այդ երաշտի ժամանակ որտեղի՞ց հայթայթվեց այդքան ջուրը։ Գ Թագաւորացի հեղինակը չի փորձում բացատրել։ Սակայն, ինչպես ցույց է տալիս ավելի ուշ արված պատահական ակնարկը, Իսրայելում ապրող յուրաքանչյուր մարդ գիտեր, որ Կարմեղոսը գտնվում է Միջերկրական ծովի ափին (Գ Թագաւորաց 18։43)։ Ուստի ծովաջուրը լիովին մատչելի էր։ Եթե այլ տեղերում հանգամանորեն ներկայացված գիրքը իրականում պարզապես հորինված հերյուրանք է, ինչո՞ւ է գրողը, որը տվյալ դեպքում ճարպիկ կեղծիչ պիտի լիներ, այդպիսի բացահայտ անհամապատասխանություն թույլ տվել տեքստում։
Այսպիսով արժանահավա՞տ է արդյոք Աստվածաշունչը։ Հնագետները բավական մեծ քանակությամբ մշակութային իրեր են պեղել, որոնք հաստատում են Աստվածաշնչում ակնարկված իրական անձանց, վայրերի և կատարված իրադարձությունների փաստը։ Այնուամենայնիվ, առավել համոզիչ են հենց Աստվածաշնչում գտնվող ապացույցները։ Անաչառ գրողները չեն խնայել ոչ ոքի, նույնիսկ իրենց՝ արձանագրելով ստույգ փաստերը։ Գրությունների ներքին հետեվողականությունը հանգամանքների պատահական զուգադիպության հետ միասին տալիս է ճշմարտության «ցուցմունքը»՝ դրա անսխալ բնութագիրը։ Աստվածաշունչը՝ արժանահավատության այսպիսի վստահելի նշաններով, իսկապես մի գիրք է, որին կարելի է վստահել։
[Ծանոթագրություններ]
a Այդ հայտնագործությունից հետո պրոֆեսոր Անդրե Լըմերը հաղորդում է, որ 1868թ.–ին հայտնաբերված Մեսայի կոթողի վրա (կոչվում է նաև Մովաբական քար) փորագրված վնասված տողի վերականգնումից երևում է, որ այնտեղ ևս հիշատակվում է «Դավթի տունը»։4
b «Կեփասը» Պետրոս անվան սեմական ձևն է (Յովհաննէս 1։42)։
[Նկարազարդում 15–րդ էջի վրա]
Թել–Դանի բեկորը
[Նկարազարդում 16–րդ և 17–րդ էջերի վրա]
Ասորական պատի բարձրաքանդակը, որտեղ պատկերված է Դ Թագաւորաց 18։13, 14–ում նշված Լաքիսի պաշարումը