Աստվածաշնչի գիրք համար 12. 2 Թագավորներ
Գրողը՝ Երեմիա
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ ու Եգիպտոս
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 580թ.
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. մոտ 920–580թթ.
1. Ինչի՞ մասին է պատմում «2 Թագավորներ» գիրքը, և ի՞նչ են փաստում կատարված մարգարեությունները։
«ԵՐԿՐՈՐԴ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ» գիրքը շարունակում է պատմել Իսրայելի և Հուդայի թագավորություններում կատարվող բուռն իրադարձությունների մասին։ Բարձրացնելով Եղիայի թիկնոցը՝ Եղիսեն կրկնապատիկ օրհնվեց նրա ոգով։ Նա գործեց 16 հրաշք, մինչդեռ Եղիան ութն էր գործել։ Եղիսեն շարունակեց դատաստաններ մարգարեանալ հավատուրաց Իսրայելի դեմ, որտեղ միայն Հեուն էր աչքի ընկնում Եհովայի նկատմամբ իր նախանձախնդրությամբ։ Իսրայելի թագավորները գնալով ավելի ու ավելի ընկղմվեցին անօրենության մեջ, մինչև որ հյուսիսային թագավորությունը մ.թ.ա. 740-ին վերջնականապես ընկավ Ասորեստանի ձեռքը։ Այնպիսի ակնառու թագավորների շնորհիվ, ինչպիսիք էին Հովսափատը, Հովասը, Եզեկիան և Հովսիան, որոնց որոշ ժամանակով հաջողվեց հավատուրացության ալիքի առաջն առնել, Հուդայի հարավային թագավորությունը կանգուն մնաց մինչև մ.թ.ա. 607թ., երբ Նաբուգոդոնոսորը գործադրեց Եհովայի դատաստանը՝ ավերելով Երուսաղեմն ու նրա տաճարը և ամայացնելով Հուդան։ Այսպիսով Եհովայի մարգարեությունները կատարվեցին, ու նրա խոսքի ճշմարտացիությունը փաստվեց։
2. Ի՞նչ կարելի է ասել «2 Թագավորներ» գիրքը գրողի ու կանոնականության մասին, և ի՞նչ ժամանակահատված է այն ընդգրկում։
2 Ինչպես արդեն նշվեց նախորդ գլխում, «1 Թագավորներ» և «2 Թագավորներ» գրքերը սկզբում մի փաթույթ են կազմել, ուստի «1 Թագավորներ» գիրքը գրողի և դրա կանոնականության ու վավերականության մասին բերված ապացույցները վերաբերում են նաև «2 Թագավորներ» գրքին։ Երեմիան այս գրքի գրությունն ավարտել է մ.թ.ա. մոտ 580-ին։ Գիրքն ընդգրկում է մոտավորապես մ.թ.ա. 920-ից՝ Իսրայելի Օքոզիա թագավորի գահ բարձրանալու տարուց մինչև Հովաքինի գերության 37-րդ տարին՝ մ.թ.ա. 580-ն ընկած ժամանակահատվածը (1։1; 25։27)։
3. Ինչպե՞ս է հնագիտությունը թիկունք կանգնում «2 Թագավորներ» գրքին։
3 «2 Թագավորներ» գրքի վավերականությանը թիկունք են կանգնում նաև հնագիտական հայտնագործությունները։ Օրինակ՝ հայտնաբերված հուշարձաններից հայտնի է Մովաբի քարը, որի վրա արձանագրված է Մովաբի և Իսրայելի միջև տեղի ունեցած պատերազմի մասին մովաբացի Մեսա թագավորի տարբերակը (3։4, 5)։ Հայտնաբերվել է նաև Ասորեստանի թագավոր Սալմանասար III-ի սև կրաքարե օբելիսկը (կամ՝ սուր բրգաձև կոթողը, որն այժմ ցուցադրվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում)։ Դրա վրա հիշատակվում է Իսրայելի Հեու թագավորի անունը։ Պահպանվել են նաև Ասորեստանի թագավոր Թգլատպալասար III-ի (Փուլ) արձանագրությունները, որտեղ հիշատակվում են Իսրայելի և Հուդայի մի քանի թագավորների, այդ թվում Մանայեմի, Աքազի և Փակեեի անունները (15։19, 20; 16։5–8)a։
4. Ի՞նչն է փաստում, որ «2 Թագավորներ» գիրքը Աստվածաշնչի անբաժանելի մասն է։
4 Գրքի վավերականության ծանրակշիռ ապացույցներից մեկը անկեղծությունն է, որով նկարագրվում է Եհովայի դատաստանների գործադրումն իր ժողովրդի վրա։ Նախ՝ Իսրայելի, ապա՝ Հուդայի կործանման մասին արձանագրությունը ցույց է տալիս, որ 2 Օրենք 28։15–29։28-ում արձանագրված Եհովայի մարգարեական նախազգուշացումները դատարկ խոսքեր չէին։ Այդ թագավորությունները կործանվեցին, քանի որ «Եհովայի բարկությունը բորբոքվեց այդ երկրի դեմ, ու նրա վրա նա բերեց այս գրքում գրված բոլոր անեծքները» (2 Օրենք 29։27; 2 Թագ. 17։18; 25։1, 9–11)։ Բացի այդ, «2 Թագավորներ» գրքում գրի առնված դեպքերը հիշատակվում են Աստվածաշնչի մյուս գրքերում։ Ղուկաս 4։24–27-ում Հիսուսը հիշատակում է Եղիայի և Սարեփթա քաղաքի այրի կնոջ, ապա Եղիսեի և Նեեմանի հետ կապված իրադարձությունները՝ ցույց տալու համար, թե ինչու իր հայրենի երկրում իրեն չընդունեցին որպես մարգարե։ Այսպիսով՝ թե՛ «1 Թագավորներ» և թե՛ «2 Թագավորներ» գրքերը համարվում են Աստվածաշնչի անբաժանելի մասը։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
5. Ի՞նչ դատաստան է Եղիան հայտարարում Օքոզիային և ինչո՞ւ։
5 Իսրայելի Օքոզիա թագավորը (1։1–18)։ Օքոզիան՝ Աքաաբի որդին, ընկնում է իր տան մեջ և վնասվածք ստանում։ Նա պատգամաբերներ է ուղարկում, որ Ակկարոնի Բահաղ-Զեբուղ աստծուն հարցնեն, թե արդյոք կառողջանա այդ հիվանդությունից։ Եղիան պատգամաբերներին ընդառաջ է դուրս գալիս և նրանց հետ է ուղարկում թագավորի մոտ։ Մարգարեն հանդիմանում է Օքոզիային և ասում է, որ նրան հայտնեն՝ քանի որ նա չի հարցրել ճշմարիտ Աստծուն՝ Իսրայելի Աստծուն, անպատճառ պիտի մեռնի։ Թագավորը Եղիայի մոտ մի հիսնապետ է ուղարկում իր 50 մարդկանցով, որ նրան բռնի ու բերի արքունիք։ Սակայն մարգարեի խոսքով երկնքից կրակ է իջնում ու լափում նրանց։ Նույնը տեղի է ունենում հաջորդ հիսնապետի ու նրա 50 մարդկանց հետ։ Թագավորը երրորդ հիսնապետին է ուղարկում իր 50 մարդկանցով։ Այս անգամ Եղիան խնայում է նրանց կյանքը, քանի որ հիսնապետը հարգալից կերպով է խոսում իր հետ։ Եղիան գնում է նրա հետ Օքոզիայի մոտ ու կրկին հայտնում մահապատժի մասին։ Ինչպեսև կանխագուշակել է մարգարեն, որոշ ժամանակ անց Օքոզիան մեռնում է։ Քանի որ Օքոզիան որդի չունի, Իսրայելի թագավոր է դառնում նրա եղբայրը՝ Հովրամը։
6. Ի՞նչ հանգամանքներում է Եղիան բաժանվում Եղիսեից, և ինչպե՞ս է շուտով ակնհայտ դառնում, որ «Եղիայի ոգին» Եղիսեի վրա է։
6 Եղիսեն հաջորդում է Եղիային (2։1–25)։ Եհովան պատրաստվում է տանել Եղիային։ Իմանալով այդ մասին՝ Եղիսեն չի թողնում մարգարեին։ Նա գնում է նրա հետ Գաղգաղայից Բեթել, իսկ հետո՝ Երիքով։ Ի վերջո, նրանք անցնում են Հորդանանի մյուս ափը։ Եղիան իր հանդերձով հարվածում է ջրին, և ջուրը այս ու այն կողմ է բաժանվում։ Հանկարծ մի հրեղեն մարտակառք և հրեղեն ձիեր են հայտնվում ու նրանց բաժանում իրարից։ Քանի որ Եղիսեն տեսնում է, թե ինչպես է Եղիան մրրիկով երկինք բարձրանում, նա ստանում է Եղիայի ոգու խոստացված կրկնապատիկը։ Շուտով ակնհայտ է դառնում, որ «Եղիայի ոգին» նրա վրա է (2։15)։ Բարձրացնելով Եղիայի հանդերձը՝ Եղիսեն դրանով հարվածում է ջրին, որ կրկին այս ու այն կողմ բաժանի։ Հետո նա բուժում է Երիքովի վատ ջուրը։ Բեթել գնալու ճանապարհին փոքր տղաները սկսում են ծաղրել նրան. «Գնա՛, ճաղա՛տ։ Գնա՛, ճաղա՛տ» (2։23)։ Եղիսեն կանչում է Եհովային, ու անտառից երկու էգ արջ են դուրս գալիս և պատառ-պատառ անում 42 հանդուգն ծաղրողներին։
7. Եհովան ինչո՞ւ է փրկում Հովսափատին ու Հովրամին։
7 Իսրայելի Հովրամ թագավորը (3։1–27)։ Այս թագավորը նույնպես չարիք է գործում Եհովայի աչքում՝ կառչած մնալով Հերոբովամի մեղքերից։ Երբ Մովաբի թագավորը, որը հարկ է տալիս Իսրայելին, ապստամբում է, Հովրամը օգնության է դիմում Հուդայի Հովսափատ թագավորին ու Եդոմի թագավորին, որ գնա Մովաբի դեմ պատերազմելու։ Ճանապարհին թագավորները անջուր վայր են հասնում, որտեղ նրանց բանակները քիչ է մնում, որ ծարավից մեռնեն։ Այդ ժամանակ երեք թագավորները գնում են Եղիսեի մոտ, որ հարցնեն նրա Աստված Եհովայից։ Հանուն հավատարիմ Հովսափատի Եհովան փրկում է նրանց և օգնում է հաղթել մովաբացիներին։
8. Ի՞նչ հրաշքներ է գործում Եղիսեն։
8 Եղիսեի մյուս հրաշքները (4։1–8։15)։ Մարգարեների որդիների կանանցից մեկը, որը այրիացել է, Եղիսեի օգնությանն է դիմում։ Մի պարտատեր, որը նրա ամուսնուն պարտք էր տվել, պատրաստվում է նրա երկու որդիներին ստրկացնել։ Եղիսեն հրաշք է գործում. այրու տան յուղի մի փոքր պաշարը այնքան է շատանում, որ նա կարողանում է այն վաճառել ու տալ պարտքերը։ Սունամում մի կին է ապրում, որը հավատում է, որ Եղիսեն ճշմարիտ Աստծու մարգարեն է։ Իր ամուսնու հետ նա տան վերևում մի սենյակ է շինում նրա համար, որ երբ Սունամում լինի, այնտեղ մնա։ Այդ բարության համար Եհովան օրհնում է կնոջը՝ որդի պարգևելով։ Տարիներ անց տղան հիվանդանում ու մահանում։ Կինն անմիջապես գնում է Եղիսեի մոտ։ Մարգարեն նրա հետ գնում է նրա տուն, ու Եհովայի զորությամբ հարություն է տալիս երեխային։ Երբ Եղիսեն վերադառնում է մարգարեների որդիների մոտ՝ Գաղգաղա, կաթսայից հեռացնում է «մահը»՝ թունավոր վայրի դդումները անվնաս դարձնելով։ Հետո հարյուր տղամարդու կերակրում է 20 գարեհացով։ Նրանք ուտում են, և «դեռ ավելանում է» (4։40, 44)։
9. Ուրիշ ի՞նչ հրաշքներ է գործում Եղիսեն։
9 Ասորիքի բանակի զորագլուխ Նեեմանը բորոտ է։ Իսրայելացի մի փոքր աղջիկ, որին ասորիները գերի են վերցրել, Նեեմանի կնոջն ասում է, որ Սամարիայում մի մարգարե կա, որը կարող է բուժել նրան։ Նեեմանը գնում է Եղիսեի մոտ։ Փոխանակ անձամբ դուրս գալու զորագլխի մոտ՝ Եղիսեն պատգամաբեր է ուղարկում, որ ասի նրան, որ գնա ու յոթ անգամ սուզվի Հորդանան գետում։ Պատշաճ հարգանքի չարժանանալով՝ Նեեմանը վրդովվում է։ Մի՞թե Դամասկոսի գետերը Իսրայելի ջրերից ավելի լավը չեն։ Նրա ծառաները համոզում են նրան, որ լսի Եղիսեին։ Նեեմանը անում է մարգարեի ասածը և բուժվում է։ Եղիսեն հրաժարվում է նրանից որևէ ընծա ընդունելուց, բայց նրա սպասավոր Գեեզին վազում է Նեեմանի հետևից և իր տիրոջ անունից նվեր է ուզում։ Երբ Գեեզին վերադառնում է ու փորձում է խաբել Եղիսեին, բորոտությամբ է զարկվում։ Հետո մարգարեն մեկ ուրիշ հրաշք է գործում՝ այնպես անելով, որ կացնի սայրը դուրս գա ջրի երես։
10. Եհովան ծառային ինչպե՞ս է ցույց տալիս հրեշտակային հզոր ուժերը, և ինչպե՞ս է Եղիսեն հետ ուղարկում ասորիներին։
10 Եղիսեն Իսրայելի թագավորին զգուշացնում է, որ Ասորիքի թագավորը ծրագրել է սպանել նրան։ Վրդովվելով՝ Ասորիքի թագավորը զորք է ուղարկում Դոթայիմ, որ բռնեն մարգարեին։ Երբ Եղիսեի ծառան տեսնում է, որ Ասորիքի զորքը շրջապատել է քաղաքը, վախով է համակվում։ Սակայն մարգարեն վստահեցնում է նրան. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ լինողներն ավելի շատ են, քան նրանց հետ լինողները»։ Հետո Եղիսեն աղոթում է, որ Եհովան բաց անի նրա աչքերը, որ տեսնի, թե ինչ մեծ ուժեր են պաշտպանում իրենց։ «Եվ նա տեսավ, որ Եղիսեի շուրջը լեռները հրե մարտակառքերով ու ձիերով են լցված» (6։16, 17)։ Երբ ասորիները սկսում են մոտենալ Եղիսեին, նա կրկին աղոթում է Եհովային։ Աստված կուրությամբ է հարվածում այդ մարդկանց, և նրանք մարգարեի հետևից գնում են Իսրայելի թագավորի մոտ։ Եղիսեն թագավորին ասում է, որ չսպանի նրանց, այլ կերակրի և տուն ուղարկի։
11. Ասորիների ու Բենադադի վերաբերյալ Եղիսեի մարգարեությունները ինչպե՞ս են կատարվում։
11 Ավելի ուշ Ասորիքի Բենադադ թագավորը պաշարում է Սամարիան։ Քաղաքում մեծ սով է սկսվում։ Իսրայելի թագավորը ամեն ինչում Եղիսեին է մեղադրում, բայց մարգարեն կանխագուշակում է, որ հաջորդ օրը առատ ուտելիք է լինելու։ Գիշերը Եհովան այնպես է անում, որ ասորիները մեծ զորքի աղմուկ լսեն։ Վախենալով՝ նրանք փախչում են և իրենց ողջ ունեցվածքը թողնում իսրայելացիներին։ Մի առ ժամանակ անց Բենադադը հիվանդանում է։ Լսելով, որ Եղիսեն Դամասկոս է եկել՝ նա ուղարկում է Ազայելին, որ հարցնի նրան, թե արդյոք բուժվելու է այդ հիվանդությունից։ Եղիսեն ասում է, որ թագավորը մեռնելու է, իսկ Ազայելը թագավոր է լինելու նրա փոխարեն։ Հենց հաջորդ օրը Ազայելը իր ձեռքերով սպանում է թագավորին ու սկսում թագավորել նրա փոխարեն։
12. Ինչպիսի՞ թագավոր է Հովսափատի որդի Հովրամը։
12 Հուդայի Հովրամ թագավորը (8։16–29)։ Հուդայում թագավոր է դառնում Հովսափատի որդի Հովրամը։ Նա ոչնչով առավել չէ Իսրայելի թագավորներից։ Նրանց պես՝ նա չարիք է գործում Եհովայի աչքում։ Հովրամի կինը Աքաաբի դուստր Գոթողիան է։ Նրա եղբայրը, որի անունը նույնպես Հովրամ է, թագավորում է Իսրայելում։ Երբ Հուդայի Հովրամ թագավորը մահանում է, նրա որդի Օքոզիան է թագավոր դառնում Երուսաղեմում։
13. Օծվելուց անմիջապես հետո Հեուն ի՞նչ ռազմական արշավ է ձեռնարկում։
13 Իսրայելի Հեու թագավորը (9։1–10։36)։ Եղիսեն մարգարեների որդիներից մեկին ուղարկում է, որ Հեուին թագավոր օծի Իսրայելի վրա և հանձնարարի նրան վերացնել Աքաաբի ողջ տունը։ Առանց ժամանակ կորցնելու՝ Հեուն գնում է Իսրայելի թագավոր Հովրամի մոտ, որն այդ ժամանակ Հեզրայելում բուժում է պատերազմի ժամանակ ստացած վերքերը։ Դետը մարդկանց բազմություն է տեսնում։ Երբ նրանք մոտենում են, նա թագավորին ասում է. «Կառք քշելը Նամեսի թոռ Հեուի կառք քշելուն է նման, որովհետև խելագարի պես է քշում» (9։20)։ Իսրայելի Հովրամ թագավորն ու Հուդայի Օքոզիա թագավորը իրենց մարտակառքերով դուրս են գալիս Հեուին ընդառաջ, և Հովրամը հարցնում է նրան. «Խաղաղությունո՞վ է, Հեո՛ւ»։ Բայց վերջինս հարցին հարցով է պատասխանում. «Ի՞նչ խաղաղություն կարող է լինել, քանի դեռ քո մայր Հեզաբելը պոռնկությամբ ու կախարդությամբ է զբաղվում» (9։22)։ Երբ Հովրամը շրջում է կառքը, որ փախչի, Հեուն ուժեղ քաշում է աղեղը, և այն անցնում է նրա սրտի միջով։ Նրա դիակը գցում են Նաբովթի արտը. այդպես նա էլ է հատուցում անմեղ արյան համար, որը թափել էր Աքաաբը։ Հետո Հեուն և իր մարդիկ հետապնդում են Օքոզիային և վիրավորում նրան։ Օքոզիան փախչում է Մեգիդո և այնտեղ մեռնում։ Այդպիսով՝ իր առաջին կայծակնային ռազմական արշավի ժամանակ Հեուն երկու թագավոր է սպանում։
14. Ինչպե՞ս է կատարվում Հեզաբելի մասին Եղիայի մարգարեությունը։
14 Այժմ Հեզաբելի հերթն է։ Երբ Հեուն հաղթանակած մտնում է Հեզրայել, Հեզաբելը արտահայտիչ շպարով նայում է պատուհանից դուրս։ Հեուին դա չի տպավորում։ «Ցա՛ծ գցեք դրան»,— կարգադրում է նա սպասավորներին։ Եվ Հեզաբելին ցած են նետում։ Նրա արյունը պատի ու ձիերի վրա է ցայտում, և ձիերը կոխկռտում են նրան։ Երբ գնում են թաղելու, Հեզաբելից ոչինչ չեն գտնում, բացի գանգից, ոտքերից ու ձեռքի թաթերից։ Այդպես կատարվում է Եղիայի մարգարեությունը, որն ասել էր. «Հեզրայելի հողակտորում շները ուտելու են Հեզաբելի մարմինը։ Եվ Հեզաբելի դիակը ընկած է մնալու Հեզրայելի հողակտորի մեջ, ինչպես գոմաղբը դաշտում» (2 Թագ. 9։33, 36, 37; 1 Թագ. 21։23)։
15. Սամարիա գնալու ճանապարհին ի՞նչ դեպքեր են տեղի ունենում։
15 Դրանից հետո Հեուն պատվիրում է սպանել Աքաաբի 70 որդիներին։ Հեզրայելի դարպասի մուտքի մոտ նրանց գլուխներից երկու կույտ են անում։ Հեզրայելում Հեուն կոտորում է բոլոր նրանց, ովքեր Աքաաբի կողմից էին։ Այժմ նա գնում է Իսրայելի մայրաքաղաք Սամարիա։ Ճանապարհին հանդիպում է Օքոզիայի 42 եղբայրներին, որոնք գնում են Հեզրայել։ Նրանք ոչինչ չգիտեն տեղի ունեցածի մասին։ Նրանց անմիջապես բռնում են ու կոտորում։ Հետո մեկ այլ հանդիպում է տեղի ունենում։ Ռեքաբի որդի Հովնադաբը Հեուին ընդառաջ է գալիս։ Հեուն հարցնում է նրան. «Քո սիրտը ուղի՞ղ է ինձ հետ, ինչպես որ իմ սիրտն է ուղիղ քո սրտի հետ»։ Նա պատասխանում է՝ այո՛։ Այդ ժամանակ Հեուն նրան իր մոտ՝ կառք է բարձրացնում, որ իր աչքերով տեսնի, որ ինքը «Եհովայի հետ ոչ մի մրցակցություն չի հանդուրժի» (2 Թագ. 10։15, 16)։
16. Որքա՞ն նախանձախնդրորեն է Հեուն կատարում հանձնարարությունը՝ վերացնել Աքաաբի տունը և Բահաղի երկրպագությունը։
16 Գալով Սամարիա՝ Հեուն կոտորում է Աքաաբի տնից բոլոր մնացածներին՝ Եհովայի այն խոսքի համաձայն, որ ասել էր Եղիային (1 Թագ. 21։21, 22)։ Իսկ ի՞նչ է լինելու Բահաղի գարշելի երկրպագությանը։ Հեուն հայտարարում է. «Աքաաբը քիչ բան է արել Բահաղին երկրպագելու համար, իսկ Հեուն շատ պիտի անի» (2 Թագ. 10։18)։ Այդ դիվային կրոնի կողմնակիցներին հավաքելով Բահաղի տանը՝ նա կարգադրում է այնպիսի հանդերձներ տալ նրանց, որ տարբերվեն, և հավաստիանում է, որ նրանց մեջ Եհովային երկրպագողներից ոչ ոք չկա։ Այնուհետև ուղարկում է իր մարդկանց, որ կոտորեն նրանց՝ ոչ մեկին բաց չթողնելով։ Բահաղի տունը քանդում են, և այն արտաքնոցներ են դարձնում, որոնք մինչև Երեմիայի օրերը այդպես են մնում։ «Այսպիսով՝ Հեուն Իսրայելից բնաջինջ է անում Բահաղին» (10։28)։
17. Հեուն ինչո՞ւմ է անհավատարմություն դրսևորում, և ինչպե՞ս է Եհովան սկսում պատժել Իսրայելին։
17 Այդուհանդերձ, նույնիսկ Հեուի նման նախանձախնդիր մարդը մինչև վերջ հավատարիմ չի մնում Եհովային։ Իրենից առաջ եղողների պես՝ նա երկրպագում է ոսկե հորթերին, որոնք Հերոբովամը դրել է Բեթելում և Դանում։ «Հեուն չի զգուշանում, որ ամբողջ սրտով Իսրայելի Աստված Եհովայի օրենքի մեջ քայլի» (10։31)։ Բայց քանի որ նա բնաջինջ է արել Աքաաբի տունը, Եհովան խոստանում է, որ նրա որդիները մինչև չորրորդ սերունդը Իսրայելի գահի վրա պիտի նստեն։ Նրա օրերում Եհովան սկսում է Իսրայելից կտոր առ կտոր կտրել արևելյան հողերը՝ Ասորիքի Ազայել թագավորին հանելով Իսրայելի դեմ։ Հեուն թագավորում է 28 տարի, հետո սկսում է թագավորել նրա որդի Հովաքազը։
18. Ինչպե՞ս են ձախողվում Գոթողիայի ծրագրերը, և ինչո՞վ է ուշագրավ Հովասի կառավարումը։
18 Հուդայի Հովաս թագավորը (11։1–12։21)։ Այրի թագուհի Գոթողիան իր մոր՝ Հեզաբելի կտորն է։ Իմանալով, որ իր որդին մահացել է՝ նա հրամայում է կոտորել ամբողջ թագավորական սերնդին և զավթում է գահը։ Միայն Օքոզիայի որդի Հովասն է խուսափում մահից, քանի որ նրան հասցնում են թաքցնել։ Գոթողիայի իշխանության յոթերորդ տարում Հովիադա քահանան Հովասին թագավոր է օծում, իսկ Գոթողիային սպանել տալիս։ Հովիադայի ջանքերի շնորհիվ ժողովուրդը կրկին սկսում է երկրպագել Եհովային։ Այդ քահանան երիտասարդ թագավորին սովորեցնում է կատարել իր պարտականությունները Աստծու առաջ և կազմակերպում է Եհովայի տան վերանորոգման աշխատանքները։ Ասորիքի Ազայել թագավորը դուրս է գալիս Երուսաղեմի դեմ։ Հովասը ընծաներ է ուղարկում նրան, և նա հետ է քաշվում։ Հովասը Երուսաղեմում թագավորում է 40 տարի։ Ծառաները սպանում են թագավորին, և նրա փոխարեն սկսում է իշխել նրա որդի Ամասիան։
19. ա) Հովաքազի և Հովասի իշխանության օրոք ինչերի՞ են շարունակում երկրպագել Իսրայելում։ բ) Ինչպե՞ս է ավարտվում Եհովայի մարգարե Եղիսեի ծառայությունը։
19 Իսրայելի Հովաքազ և Հովաս թագավորները (13։1–25)։ Հեուի որդի Հովաքազը նույնպես կռապաշտ է։ Իսրայելը Ասորիքի իշխանության տակ է ընկնում, թեև Հովաքազը գահընկեց չի լինում։ Ժամանակի ընթացքում Եհովան իսրայելացիներին ազատում է Ասորիքի ձեռքից, բայց նրանք շարունակում են հորթերին երկրպագել, որոնց շինել էր Հերոբովամը։ Հովաքազի մահից հետո նրա որդի Հովասն է թագավոր դառնում Իսրայելի վրա (այդ ժամանակ Հուդայում նույնպես Հովաս անունով թագավոր է իշխում)։ Իսրայելի Հովաս թագավորը, իր հոր պես, կուռքերի է երկրպագում։ Նրա մահից հետո գահ է բարձրանում նրա որդի Հերոբովամը։ Հովասի թագավորության օրոք Եղիսեն հիվանդանում ու մահանում է։ Մահից առաջ նա մարգարեանում է, որ Հովասը երեք անգամ հարվածելու է Ասորիքին, և հենց այդպես էլ լինում է։ Եղիսեի մահից հետո կատարվում է այս մարգարեի հետ կապված վերջին հրաշքը։ Մի մահացած մարդու գցում են Եղիսեի գերեզմանի մեջ, ու երբ նրա մարմինը Եղիսեի ոսկորներին է դիպչում, կենդանանում է ու իր ոտքերի վրա կանգնում։
20. Նկարագրիր Ամասիայի կառավարումը Հուդայում։
20 Հուդայի Ամասիա թագավորը (14։1–22)։ Ամասիան անում է այն, ինչը ճիշտ է Եհովայի աչքում, բայց չի վերացնում բարձունքները։ Իսրայելի Հովաս թագավորի դեմ պատերազմում նա պարտություն է կրում։ Ամասիան թագավորում է 29 տարի։ Նրա դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում են։ Ամասիայի որդին՝ Ազարիան, թագավոր է դառնում նրա փոխարեն։
21. Ի՞նչ է տեղի ունենում Իսրայելի Հերոբովամ II թագավորի իշխանության ընթացքում։
21 Իսրայելի Հերոբովամ II թագավորը (14։23–29)։ Իսրայելի Հերոբովամ II թագավորը շարունակում է իր նախահայրերի կռապաշտական ընթացքը։ Նա Սամարիայում թագավորում է 41 տարի և կարողանում է վերադարձնել Իսրայելի կորցրած տարածքները։ Նրա փոխարեն սկսում է թագավորել նրա որդի Զաքարիան։
22. Ի՞նչ է հայտնի Ազարիայի իշխանության մասին։
22 Հուդայի Ազարիա (Օզիա) թագավորը (15։1–7)։ Ազարիան թագավորում է 52 տարի։ Նա անում է այն, ինչը ճիշտ է Եհովայի աչքում, բայց բարձունքները չի վերացնում։ Հետագայում Եհովան նրան բորոտությամբ է հարվածում, իսկ նրա որդի Հովաթամը ստանձնում է թագավորական պարտականությունները։ Նա թագավոր է դառնում Ազարիայի մահից հետո։
23. Ինչո՞վ է աչքի ընկնում Իսրայելի վերջին թագավորների իշխանությունը։
23 Իսրայելի Զաքարիա, Սեղում, Մանայեմ, Փակեիա և Փակեե թագավորները (15։8–31)։ Ինչպեսև խոստացել է Եհովան, Հեուի որդիները մինչև չորրորդ սերունդը Իսրայելի գահի վրա են նստում (10։30)։ Այդ սերնդից վերջինը Զաքարիան է։ Նա թագավոր է դառնում Սամարիայում, սակայն վեց ամիս անց նրա դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում են։ Գահը զավթած Սեղումը իշխում է ընդամենը մեկ ամիս։ Կռապաշտությամբ, սպանություններով ու ինտրիգներով են աչքի ընկնում Մանայեմի, Փակեիայի և Փակեեի իշխանությունները. այդ ամենի պատճառով Իսրայելը մեծ նեղությունների մեջ է ընկնում։ Փակեեի օրերում Ասորեստանը ներխուժում է հյուսիսային թագավորություն։ Օսեան սպանում է Փակեեին ու դառնում Իսրայելի վերջին թագավորը։
24. Եհովայի դեմ ի՞նչ մեղք է գործում Հովաթամի հետնորդ Աքազը։
24 Հուդայի Հովաթամ և Աքազ թագավորները (15։32–16։20)։ Հովաթամը ծառայում է Եհովային, բայց չի վերացնում բարձունքները։ Նրա որդի Աքազը գնում է Իսրայելի թագավորների ճանապարհով և չարիք է գործում Եհովայի աչքում։ Երբ Իսրայելն ու Ասորիքը հարձակվում են Հուդայի վրա, Աքազը օգնության համար դիմում է Ասորեստանին։ Ասորեստանցիները գրավում են Դամասկոսը, և Աքազը գնում է այնտեղ, որ հանդիպի Ասորեստանի թագավորին։ Դամասկոսում նա մի զոհասեղան է տեսնում և պատվիրում է հենց այդպիսի զոհասեղան կառուցել Երուսաղեմում։ Այդ զոհասեղանի և ոչ թե Եհովայի պղնձե զոհասեղանի վրա է թագավորը սկսում զոհեր մատուցել։ Աքազից հետո Հուդայի թագավոր է դառնում նրա որդի Եզեկիան։
25. Ինչպե՞ս և ինչո՞ւ է Իսրայելը գերի տարվում։
25 Իսրայելի վերջին թագավոր Օսեան (17։1–41)։ Իսրայելն ընկնում է Ասորեստանի իշխանության տակ։ Օսեան ապստամբում է նրա դեմ ու Եգիպտոսից օգնություն խնդրում։ Բայց նրա իշխանության իններորդ տարում ասորեստանցիները նվաճում են Իսրայելը և իսրայելացիներին գերի տանում։ Այդպիսով անկում է ապրում Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունը։ Ինչո՞ւ է նման բան լինում։ «Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Իսրայելի որդիները մեղք գործեցին իրենց Աստված Եհովայի դեմ.... Նրանք գարշելի կուռքերի ծառայեցին, որոնց մասին Եհովան ասել էր նրանց. «Այդ բանը չանե՛ք»։ Այդ պատճառով Եհովան բարկությամբ բորբոքվեց Իսրայելի դեմ և իրենից հեռու վանեց նրանց» (17։7, 12, 18)։ Ասորեստանցիները արևելքից մարդիկ են բերում, որ բնակեցնեն այդ երկրում։ Նրանք սկսում են «վախենալ Եհովայից», բայց միևնույն ժամանակ իրենց աստվածներին են երկրպագում (17։33)։
26, 27. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հուդայի Եզեկիա թագավորը անում է այն, ինչը ճիշտ է Եհովայի աչքում։ բ) Եհովան ինչպե՞ս է պատասխանում Եզեկիայի աղոթքին։ գ) Ինչպե՞ս է կատարվում Եսայիայի մարգարեությունը։
26 Հուդայի Եզեկիա թագավորը (18։1–20։21)։ Եզեկիան անում է այն, ինչը ճիշտ է Եհովայի աչքում, և ամեն ինչում վարվում է իր հայր Դավթի պես։ Նա արմատախիլ է անում կեղծ երկրպագությունը, կործանում բարձունքները և նույնիսկ ջարդուփշուր է անում Մովսեսի սարքած պղնձե օձը, որովհետև ժողովուրդը սկսել է երկրպագել դրան։ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը դուրս է գալիս Հուդայի դեմ ու գրավում բազմաթիվ բերդաքաղաքներ։ Եզեկիան փորձում է ազատվել նրանից և մեծ հարկ է վճարում։ Սակայն Սենեքերիմը ուղարկում է իր պատգամաբերին՝ ռաբսակին, որը հասնելով Երուսաղեմի պարսպի մոտ՝ հրապարակավ պահանջում է, որ ժողովուրդը հանձնվի, ու ծաղրում է նրանց Աստված Եհովային։ Եսայիա մարգարեն զորացնում է հավատարիմ Եզեկիային՝ ասելով, որ Սենեքերիմը սպանվելու է։ Նա թագավորին հայտնում է Եհովայի խոսքերը. «Այսպես է ասում Եհովան. «Մի՛ վախեցիր»» (19։6)։ Քանի որ Սենեքերիմը շարունակում է սպառնալ, Եզեկիան աղերսում է Եհովային. «Եվ հիմա, ո՛վ մեր Աստված Եհովա, խնդրում եմ, փրկի՛ր մեզ նրա ձեռքից, որ երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու, ո՛վ Եհովա, միայն դո՛ւ ես Աստված» (19։19)։
27 Ինչպե՞ս է Եհովան պատասխանում Եզեկիայի աղոթքին, որից երևում է, որ նա միայն իր մասին չի մտածում։ Նախ՝ Եսայիայի միջոցով նա հայտնում է, որ «Զորքերի Տեր Եհովայի նախանձախնդրությունը» հետ է մղելու թշնամուն (19։31)։ Ապա՝ հենց այդ գիշեր ուղարկում է իր հրեշտակին, որը ասորեստանցիների բանակում 185000 մարդ է սպանում։ Առավոտյան մարդիկ տեսնում են, որ «իրենց շուրջը միայն դիակներ են» (19։35)։ Սենեքերիմը պարտված վերադառնում է Նինվե ու բնակվում այնտեղ։ Նրա աստված Նեսրոքը նորից չի օգնում նրան։ Երբ թագավորը այդ աստծու տանը խոնարհվում է նրա առաջ, նրա որդիները սպանում են նրան՝ ի կատարում Եսայիայի մարգարեության (19։7, 37)։
28. ա) Ի՞նչ մեղք է գործում Եզեկիան։ բ) Ինչո՞վ է նա փառավորվում։
28 Եզեկիան մերձիմահ հիվանդանում է, բայց Եհովան նորից լսում է նրա աղոթքը ու 15 տարով երկարացնում է նրա կյանքը։ Բաբելոնի թագավորը պատգամաբերների միջոցով ընծաներ է ուղարկում նրան։ Եզեկիան նրանց ցույց է տալիս իր ողջ գանձատունը։ Դրանից հետո Եսայիան մարգարեանում է, որ այն ամենը, ինչ կա նրա տան մեջ, մի օր տարվելու է Բաբելոն։ Ի վերջո, Եզեկիան մահանում է։ Այդ թագավորը փառավորվում է իր զորավոր գործերով, օրինակ՝ նրանով, որ ավազան ու ջրանցք է կառուցում, որ ջուրը Երուսաղեմ հասցնի։
29. Ինչպե՞ս է Մանասեն կռապաշտություն տարածում երկրում, ի՞նչ աղետ է կանխագուշակում Եհովան, և բացի կռապաշտությունից, ինչո՞ւմ է մեղավոր Մանասեն։
29 Հուդայի Մանասե, Ամոն և Հովսիա թագավորները (21։1–23։30)։ Մանասեն թագավոր է դառնում իր հայր Եզեկիայից հետո։ Նա թագավորում է 55 տարի և մեծ չարիք է գործում Եհովայի աչքում։ Մանասեն նորից կառուցում է կեղծ երկրպագության բարձունքները, Բահաղի համար զոհասեղաններ է դնում, սուրբ ձող է շինում, ինչպես որ Աքաաբն էր արել, ու Եհովայի տունը կռապաշտության վայր է դարձնում։ Եհովան կանխագուշակում է, որ Երուսաղեմի վրա այնպիսի աղետ է բերելու, ինչպիսին որ բերեց Սամարիայի վրա։ Նա ասում է. «Երուսաղեմը պիտի սրբեմ, ինչպես որ գավաթն են սրբում, սրբում են և շուռ տալիս»։ Մանասեն նաև շատ «անմեղ արյուն է թափում» (21։13, 16)։ Նրանից հետո թագավոր է դառնում նրա որդի Ամոնը։ Իր հայր Մանասեի նման՝ նա էլ է չարիք գործում։ Ամոնը թագավորում է երկու տարի, ինչից հետո սպանվում է։
30. Ինչո՞ւ և ինչպե՞ս է Հովսիան իր ամբողջ սրտով վերադառնում դեպի Եհովան։
30 Ժողովուրդը թագավոր է դարձնում Ամոնի որդի Հովսիային, որը թագավորում է 31 տարի։ Քանի որ նա «իր հայր Դավթի բոլոր ճանապարհներով է քայլում», Եհովան որոշ ժամանակ դեռ չի կործանում Հուդան (22։2)։ Երբ նա սկսում է նորոգել Եհովայի տունը, քահանայապետը գտնում է Օրենքի գիրքը։ Գրվածից հասկանալի է դառնում, որ ազգը կործանվելու է, որովհետև անհնազանդ է եղել Եհովայի հանդեպ։ Սակայն քանի որ Հովսիան հավատարիմ է Եհովային, վերջինս հավաստիացնում է նրան, որ դա տեղի չի ունենա նրա օրերում։ Հովսիան Եհովայի տունն ու ողջ երկիրը մաքրում է դիվային երկրպագությունից։ Կուռքերի դեմ նրա պայքարը հասնում է նույնիսկ մինչև Բեթել, որտեղ քանդում է Հերոբովամի շինած զոհասեղանը՝ ի կատարում 1 Թագավորներ 13։1, 2-ում արձանագրված մարգարեության։ Հովսիան վերահաստատում է Պասեքի տոնը, որը նվիրված է Եհովային։ «Նրանից առաջ նման թագավոր չէր եղել, որ իր ամբողջ սրտով, ամբողջ հոգով և իր ամբողջ ուժով դեպի Եհովան դառնար՝ Մովսեսի ամբողջ օրենքի համեմատ» (23։25)։ Այդուհանդերձ, Եհովայի բարկությունը դեռ բորբոքված է բոլոր այն վիրավորանքների համար, որոնցով Մանասեն վիրավորել էր իրեն։ Հովսիան սպանվում է Մեգիդոյում Նեքաո փարավոնի ձեռքով։
31. Հովսիայի մահից հետո ի՞նչ աղետներ են գալիս Հուդայի վրա։
31 Հուդայի Հովաքազ, Հովակիմ և Հովաքին թագավորները (23։31–24։17)։ Հովսիայի որդի Հովաքազը ընդամենը երեք ամիս է թագավորում, ինչից հետո Եգիպտոսի թագավորը նրան գերի է տանում Եգիպտոս և նրա փոխարեն նրա եղբայր Եղիակիմին է թագավոր նշանակում, որի անունը փոխում ու Հովակիմ է դնում։ Նա հետևում է իր նախահայրերի սխալ ընթացքին։ Հովակիմը դառնում է Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ենթական, սակայն երեք տարի անց ապստամբում է նրա դեմ։ Երբ Հովակիմը մահանում է, նրա որդի Հովաքինն է սկսում թագավորել։ Նաբուգոդոնոսորը պաշարում է Երուսաղեմը, գրավում է այն ու Եհովայի տան բոլոր գանձերը տանում է Բաբելոն, «ինչպեսև ասել էր Եհովան» Եսայիայի միջոցով (24։13; 20։17)։ Հովաքինը և նրա հազարավոր ենթակաները գերի են տարվում Բաբելոն։
32. Ի՞նչ իրադարձությունների արդյունքում են Երուսաղեմն ու Հուդան ամայանում։
32 Հուդայի վերջին թագավոր Սեդեկիան (24։18– 25։30)։ Նաբուգոդոնոսորը Հովաքինի փոխարեն թագավոր է նստեցնում նրա հորեղբորը՝ Մաթանիային, և նրա անունը դնում է Սեդեկիա։ Նա 11 տարի թագավորում է Երուսաղեմում ու չարիք է գործում Եհովայի աչքում։ Սեդեկիան ապստամբում է Բաբելոնի դեմ, այդ պատճառով նրա թագավորության իններորդ տարում Նաբուգոդոնոսորը իր ողջ զորքով գալիս է Երուսաղեմի դեմ և այն պաշարելու համար շուրջը պարիսպներ շինում։ Մեկուկես տարի քաղաքը պաշարման մեջ է պահում։ Սաստիկ սով է սկսվում։ Եվ ահա քաղաքի պարիսպը ճեղքում են։ Սեդեկիան փորձում է փախչել, բայց նրան բռնում են։ Նրա որդիներին նրա աչքի առաջ մորթում են, իսկ նրա աչքերը կուրացնում։ Հաջորդ ամիս բաբելոնացիները հրի են մատնում բոլոր գլխավոր շինությունները, այդ թվում Եհովայի տունն ու թագավորի տունը, իսկ քաղաքը շրջապատող պարիսպը քանդում են։ Ողջ մնացածներից շատերին գերության են տանում Բաբելոն։ Հուդայի երկրում մնացած աղքատ ժողովրդի վրա Նաբուգոդոնոսորը նշանակում է Գոդողիային։ Սակայն նա սպանվում է, և ժողովուրդը փախչում է Եգիպտոս։ Այսպիսով՝ մ.թ.ա. 607թ. յոթերորդ ամսից երկիրը լիովին ամայանում է։ «2 Թագավորներ» գիրքն ավարտվում է այն պատմությամբ, որ Բաբելոնի թագավորը Հովաքին թագավորին բարեհաճություն է ցույց տալիս նրա գերության 37-րդ տարում։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
33. Ի՞նչ կարող ենք սովորել այն լավ օրինակներից, որոնց մասին գրված է «2 Թագավորներ» գրքում։
33 Թեև «2 Թագավորներ» գիրքը պատմում է Իսրայելի և Հուդայի թագավորությունների ողբերգական անկման մասին, սակայն հարուստ է շատ օրինակներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Եհովան օրհնել իր և իր արդար սկզբունքների հանդեպ սեր դրսևորած առանձին անհատների։ Սարեփթացի այրու նման՝ սունամացի կինն էլ Աստծու մարգարեին հյուրասիրություն ցույց տալու համար առատապես օրհնվեց (4։8–17, 32–37)։ Այն, որ Եհովան կարող է միշտ անհրաժեշտ բաներով ապահովել, երևում է Եղիսեի օրինակից, որը 20 հացով հարյուր մարդու կերակրեց. նման հրաշքներ հետագայում գործեց Հիսուսը (2 Թագ. 4։42–44; Մատթ. 14։16–21; Մարկ. 8։1–9)։ Հովնադաբը նույնպես օրհնվեց, քանի որ Հեուն հրավիրեց նրան կառքով իր հետ գնալ ու տեսնել Բահաղի երկրպագուների ոչնչացումը։ Իսկ ինչո՞ւ նա օրհնվեց. որովհետև վճռական քայլ կատարեց՝ նախանձախնդիր Հեուին ընդառաջ գնաց ու ողջունեց (2 Թագ. 10։15, 16)։ Եվ վերջապես, «2 Թագավորներ» գրքում կարդում ենք Եզեկիա և Հովսիա թագավորների հիանալի օրինակների մասին, որոնք խոնարհություն և Եհովայի անվան ու Օրենքի հանդեպ պատշաճ հարգանք դրսևորեցին (19։14–19; 22։11–13)։ Մենք պետք է հետևենք այդ հավատարիմ ծառաների օրինակին։
34. Ի՞նչ է սովորեցնում մեզ «2 Թագավորներ» գիրքն այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք Աստծու ներկայացուցիչներին։ բ) Ինչպե՞ս է Աստված վերաբերվում անմեղ արյուն թափելուն։
34 Եհովան չի հանդուրժում, երբ իր ներկայացուցիչներին անհարգալից են վերաբերվում։ Երբ հանդուգն երեխաները ծաղրեցին Եհովայի մարգարե Եղիսեին, Աստված անմիջապես պատժեց նրանց (2։23, 24)։ Բացի այդ, Եհովան չի հանդուրժում, երբ անմեղ արյուն է թափվում։ Նա Աքաաբի տան վրա խիստ դատավճիռ բերեց ոչ միայն Բահաղին երկրպագելու, այլ նաև այն արյունահեղության համար, որով ուղեկցվում էր Բահաղի պաշտամունքը։ Ուստի Հեուն օծվեց, որպեսզի «Եհովայի բոլոր ծառաների արյան վրեժը առնի Հեզաբելից»։ Երբ Հովրամի դեմ դատաստանը գործի դրվեց, Հեուն հիշեց Եհովայի խոսքերը «Նաբովթի ու նրա որդիների արյան» վրեժն առնելու մասին (9։7, 26)։ Նմանապես, Մանասեի արյունահեղության մեղքը որոշիչ դեր խաղաց, որ ի վերջո Հուդայի վրա դատապարտություն եկավ։ Բացի այն, որ Մանասեն կեղծ աստվածներ պաշտեց, նաև «Երուսաղեմը ծայրից ծայր արյունով լցրեց»։ Ու թեև նա հետագայում զղջաց իր արարքների համար, սակայն արյուն թափելու մեղքը մնաց (2 Տար. 33։12, 13)։ Այդ մեղքը, որը ողջ ժողովրդի վրա էր, չվերացավ նույնիսկ շնորհիվ Հովսիա թագավորի լավ գործերի, որը երկրում վերջ դրեց կռապաշտությանը։ Տարիներ հետո, երբ Եհովան սկսեց հարևան ազգերի միջոցով իր դատավճիռները իրագործել Երուսաղեմի վրա, նա հայտարարեց, որ այդ ամենը Մանասեի մեղքերի պատճառով էր, որը «Երուսաղեմը անմեղ արյունով էր լցրել, և Եհովան չուզեց նրան ներում շնորհել» (2 Թագ. 21։16; 24։4)։ Նույնպեսև Հիսուսը կանխագուշակեց, որ առաջին դարի Երուսաղեմը կործանվելու էր, քանի որ քահանաների՝ մարգարեներին սպանողների որդիների վրա էր «ամեն արդար արյուն, որ թափվել է երկրի վրա» (Մատթ. 23։29–36)։ Աստված զգուշացնում է աշխարհին, որ առնելու է վրեժն ամեն անմեղ արյան, հատկապես նրանց արյան, «որոնք մորթվել են հանուն Աստծու խոսքի» (Հայտն. 6։9, 10)։
35. ա) Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եղիան, Եղիսեն ու Եսայիան ճշմարիտ մարգարեներ էին։ բ) Ինչպե՞ս այլակերպության տեսիլքը ազդեց մարգարեական խոսքի հանդեպ Պետրոսի վերաբերմունքի վրա։
35 Այս գրքից երևում է նաև, որ իր մարգարեների միջոցով Եհովայի հայտնած դատավճիռները անպայման կատարվում են։ Գիրքը հատուկ ուշադրություն է հրավիրում երեք մարգարեների՝ Եղիայի, Եղիսեի ու Եսայիայի վրա։ Երեքի մարգարեություններն էլ ճշգրտորեն կատարվել են (2 Թագ. 9։36, 37; 10։10, 17; 3։14, 18, 24; 13։18, 19, 25; 19։20, 32–36; 20։16, 17; 24։13)։ Եղիայի ճշմարիտ մարգարե լինելը հաստատվեց այլակերպության տեսիլքով, երբ նա հայտնվեց Մովսես մարգարեի և Մեծ մարգարե Հիսուս Քրիստոսի կողքին (Մատթ. 17։1–5)։ Խոսելով այդ զարմանահրաշ տեսիլքի մասին՝ Պետրոսն ասել է. «Ուստի մենք մարգարեական խոսքի հանդեպ ավելի մեծ համոզվածություն ունենք։ Եվ դուք լավ եք անում, որ ուշադրություն եք դարձնում դրան որպես մի ճրագի, որը լույս է տալիս մութ տեղում՝ ձեր սրտերում, մինչև օրը լուսանա, և լուսաստղը ծագի» (2 Պետ. 1։19)։
36. Եհովան ինչո՞ւ իր ժողովրդի հանդեպ ողորմած եղավ, և ի՞նչն է խորացնում մեր վստահությունը Սերնդի Թագավորության հանդեպ։
36 «2 Թագավորներ» գրքում գրի առնված իրադարձությունները պարզորոշ ցույց են տալիս, որ Եհովայի դատաստանը մահ է նշանակում բոլոր նրանց համար, ովքեր կեղծ աստվածներ են պաշտում և միտումնավոր կերպով անմեղ արյուն են թափում։ Սակայն նա իր ժողովրդի հանդեպ բարեհաճ ու ողորմած եղավ «հանուն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ հաստատած ուխտի» (2 Թագ. 13։23)։ Եվ «հանուն իր ծառա Դավթի» չկործանեց նրանց (8։19)։ Նման ողորմություն նա կցուցաբերի նաև նրանց հանդեպ, ովքեր մեր օրերում ծառայում են իրեն։ Խորհելով Աստվածաշնչի բովանդակության և նրանում արձանագրված խոստումների շուրջ՝ ավելի մեծ համոզվածությամբ ենք սպասում «Դավթի որդու»՝ խոստացված Սերնդի՝ Հիսուս Քրիստոսի Թագավորությանը, երբ այլևս չեն լինի ո՛չ արյունահեղություն և ո՛չ էլ ամբարշտություն (Մատթ. 1։1; Ես. 2։4; Սաղ. 145։20)։
[ծանոթագրություն]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 1, էջ 152, 325; հատ. 2, էջ 908, 1101 (անգլ.)։