Աստվածաշնչի գիրք համար 16. Նեեմիա
Գրողը՝ Նեեմիա
Գրվելու վայրը՝ Երուսաղեմ
Գրության ավարտը՝ մ.թ.ա. 443թ.-ից հետո
Ընդգրկված ժամանակահատվածը՝ մ.թ.ա. 456–443թթ.-ից հետո
1. Ի՞նչ պատասխանատու դիրք ուներ Նեեմիան, և ի՞նչն էր ավելի շատ մտահոգում նրան։
ՆԵԵՄԻԱՆ, որի անունը նշանակում է «Յահը մխիթարում է», պարսից Արտաքսերքսես (Երկայնաբազուկ) թագավորի հրեա ծառաներից էր՝ նրա գինեմատույցը։ Շատերը կերազեին ունենալ նման պատասխանատու և պատվավոր դիրք, քանի որ դա թագավորին մոտ լինելու հնարավորություն էր տալիս։ Վերջինս, երբ լավ տրամադրություն էր ունենում, առատաձեռնորեն իր հպատակներին բարիքներ էր անում։ Սակայն Նեեմիան այն հավատարիմ գերիներից էր, որը Երուսաղեմը իր գլխավոր «ուրախությունից» վեր էր դասում (Սաղ. 137։5, 6)։ Նա չէր մտածում դիրքի կամ նյութական հարստության մասին, այլ մտահոգված էր մաքուր երկրպագության վերականգնմամբ։
2. Ի՞նչն էր վշտացնում Նեեմիային, բայց ո՞ր սահմանված ժամանակն էր մոտենում։
2 Մ.թ.ա. 456 թվականն էր։ Հրեաների «մնացորդը, որը վերադարձել էր գերությունից» Երուսաղեմ, ծանր վիճակում էր գտնվում (Նեեմ. 1։3)։ Երուսաղեմի պարիսպը դեռ ավերակ էր, իսկ ժողովուրդը շրջապատի հակառակորդների կողմից ծաղրուծանակի էր ենթարկվում։ Այս ամենը վշտացնում էր Նեեմիային։ Այնուամենայնիվ, Երուսաղեմի պարիսպը վերաշինելու Եհովայի սահմանած ժամանակը եկել էր։ Եվ նույնիսկ հակառակորդները չէին կարող խանգարել հրեաներին վերաշինել Երուսաղեմը և նրա պարիսպը, քանի որ այս իրադարձությունից էին հաշվելու Մեսիայի գալստի ժամանակը, ինչի մասին Եհովան հայտնել էր Դանիելին (Դան. 9։24–27)։ Ուստի Աստված սկսեց առաջնորդել դեպքերը՝ հավատարիմ և եռանդուն Նեեմիայի միջոցով կատարելով իր կամքը։
3. ա) Ի՞նչն է փաստում, որ Նեեմիան է գրել իր անունը կրող գիրքը, և ինչպե՞ս է գիրքը ստացել իր անվանումը։ բ) Քանի՞ տարվա ընդմիջում կա «Եզրաս» ու «Նեեմիա» գրքերի միջև, և ի՞նչ ժամանակահատված է ընդգրկում «Նեեմիա» գիրքը։
3 Կասկած չկա, որ Նեեմիան է գրել իր անունը կրող գիրքը։ Դա են ապացուցում գրքի առաջին խոսքերը՝ «Աքալիայի որդի Նեեմիայի խոսքերը», ինչպես նաև առաջին դեմքով շարադրանքը (Նեեմ. 1։1)։ Սկզբնական շրջանում «Եզրաս» և «Նեեմիա» գրքերը մեկ գիրք են եղել և կոչվել են «Եզրաս»։ Հետագայում հրեաներն այն բաժանել են «1 Եզրաս» և «2 Եզրաս» գրքերի, իսկ ավելի ուշ «2 Եզրաս» գիրքը կոչվել է «Նեեմիա»։ «Եզրաս» գրքի վերջին դեպքերի և «Նեեմիա» գրքի առաջին դեպքերի միջև 12 տարվա ընդմիջում կա։ «Նեեմիա» գիրքը սկսվում է մ.թ.ա. 456թ. վերջում տեղի ունեցած դեպքերի նկարագրությամբ և ավարտվում 443թ.-ից հետո ընկած ժամանակահատվածով (1։1; 5։14; 13։6)։
4. «Նեեմիա» գիրքը ինչպե՞ս է ներդաշնակ Աստվածաշնչի մյուս գրքերին։
4 «Նեեմիա» գիրքը ներդաշնակ է Աստվածաշնչի մյուս գրքերին և իր ուրույն տեղն ունի Սուրբ Գրքում։ Դրանում բազում հղումներ են արվում Օրենքին ուրիշ ազգերի հետ խնամություն անելու (2 Օրենք 7։3; Նեեմ. 10։30), պարտքով ինչ-որ բան տալու (Ղևտ. 25։35–38; 2 Օրենք 15։7–11; Նեեմ. 5։2–11) և Տաղավարների տոնի վերաբերյալ (2 Օրենք 31։10–13; Նեեմ. 8։14–18)։ Բացի այդ, գիրքը նկարագրում է այն իրադարձությունները, որոնցով սկսվում է Մեսիայի մասին Դանիելի մարգարեության կատարումը։ Այդ մարգարեության մեջ նշվում է, որ Երուսաղեմը պետք է վերաշինվեր, բայց «նեղության ժամանակներում», այսինքն՝ հակառակությունների ժամանակ (Դան. 9։25)։
5. ա) Ո՞ր աղբյուրներն են ցույց տալիս, որ Արտաքսերքսեսը գահ է բարձրացել մ.թ.ա. 475 թվականին։ բ) Նրա թագավորության 20-րդ տարին ո՞ր թվականն է։ գ) Նեեմիա» և «Ղուկաս» գրքերը ինչպե՞ս են կապված Մեսիայի մասին Դանիելի մարգարեության հետ։
5 Իսկ որտեղի՞ց գիտենք, որ Նեեմիան մ.թ.ա. 455-ին է վերադարձել Երուսաղեմ՝ քաղաքի պարիսպը վերակառուցելու նպատակով։ Հունական, պարսկական և բաբելոնական պատմական վստահելի աղբյուրներում նշվում է, որ Արտաքսերքսեսը գահ է բարձրացել մ.թ.ա. 475թ.-ին, և որ նրա իշխանության առաջին տարին 474թ.-ն է եղելa։ Ուստի նրա թագավորության 20-րդ տարին մ.թ.ա. 455 թվականն է։ Նեեմիա 2։1–8 համարներում նշվում է, որ այդ տարվա գարնանը՝ հրեական օրացույցով նիսան ամսին, Նեեմիան՝ թագավորի գինեմատույցը, նրանից թույլտվություն ստացավ վերականգնելու և վերաշինելու Երուսաղեմը, նրա պարիսպն ու դարպասները։ Դանիելի մարգարեությունը հիշատակում է, որ 69 շաբաթ-տարիներ, կամ՝ 483 տարի պետք է անցներ «Երուսաղեմը վերականգնելու և վերաշինելու հրամանը դուրս գալուց մինչև Մեսիայի՝ Առաջնորդի գալը»։ Մարգարեությունը ճշգրտորեն կատարվեց մ.թ. 29-ին, երբ Հիսուսը օծվեց։ Այս տարեթիվը համապատասխանում է թե՛ պատմական, թե՛ աստվածաշնչյան արձանագրություններին (Դան. 9։24–27; Ղուկ. 3։1–3, 23)b։ Ինչպես տեսնում ենք, «Նեեմիա» և «Ղուկաս» գրքերը սերտորեն կապված են Դանիելի մարգարեության հետ, որը, բոլոր մարգարեությունների նման, Եհովա Աստծուց է տրված։ Ուստի «Նեեմիա» գիրքը իսկապես Սուրբ Գրքի մի մասն է։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
6. ա) Ի՞նչ լուր լսելով է Նեեմիան աղոթում Եհովային, և ո՞ր խնդրանքն է կատարում թագավորը։ բ) Հրեաներն ինչպե՞ս են արձագանքում Նեեմիայի ծրագրին։
6 Նեեմիան գնում է Երուսաղեմ (1։1–2։20)։ Նեեմիան շատ վշտացած է Հանանիի խոսքերի պատճառով, որը Երուսաղեմից վերադարձել է Շուշան։ Նա հայտնում է, որ հրեաները շատ ծանր վիճակում են, պարիսպը քանդված է, իսկ դարպասները կրակով այրված են։ Նեեմիան ծոմ է պահում և աղոթում Եհովային՝ «երկնքի Աստծուն, մեծ և ահազդու Աստծուն, որ ուխտ է պահում և սիրառատ բարություն ցուցաբերում իրեն սիրողների ու իր պատվիրանները պահողների հանդեպ» (1։5)։ Նա խոստովանում է Իսրայելի մեղքերը և աղերսում է Եհովային, որ հիշի իր ժողովրդին հանուն իր անվան և հանուն Մովսեսին տված խոստման (2 Օրենք 30։1–10)։ Երբ թագավորը Նեեմիային հարցնում է, թե ինչու է նրա դեմքը տրտում, նա պատմում է, թե ինչ վիճակում է Երուսաղեմը, և թույլտվություն է խնդրում, որ վերադառնա ու վերակառուցի քաղաքն ու պարիսպը։ Նեեմիայի խնդրանքը կատարվում է, և նա անմիջապես ճամփա է ընկնում դեպի Երուսաղեմ։ Գիշերով նա դուրս է գալիս, որ զննի քաղաքի պարիսպը և իմանա, թե որքան աշխատանք պետք է արվի։ Հետո իր ծրագրերի մասին պատմում է հրեաներին՝ վստահեցնելով, որ Աստծու ձեռքը այս գործում է։ Այդ ժամանակ նրանք ասում են. «Եկեք վեր կենանք ու կառուցենք» (Նեեմ. 2։18)։ Երբ այդ մասին իմանում են հարևան սամարացիները և ուրիշ ազգեր, սկսում են ծաղրել ու արհամարհել նրանց։
7. Ինչպե՞ս է ընթանում աշխատանքը, և ինչո՞ւ են ստիպված լինում այլ կերպ այն կազմակերպել։
7 Պարիսպը վերակառուցվում է (3։1–6։19)։ Պարիսպը սկսում են վերակառուցել հինգերորդ ամսվա երրորդ օրը։ Հասարակ ժողովրդի հետ աշխատում են քահանաներն ու իշխանները։ Տեսնելով, թե որքան արագ են վերանորոգվում քաղաքի դարպասներն ու պարիսպը՝ օրոնացի Սանաբաղատը ծաղրելով ասում է. «Ի՞նչ են անում այդ թշվառ հրեաները.... Ի՞նչ է, մեկ օրո՞ւմ են ավարտելու»։ Ամմոնացի Տուբիան նույնպես ծաղրում է և ասում. «Եթե նույնիսկ մի աղվես էլ բարձրանա նրանց շինած քարե պարսպի վրա, այն փուլ կգա» (4։2, 3)։ Երբ հարևան ազգերից հակառակորդները տեսնում են, որ պարիսպը շինվել է մինչև իր բարձրության կեսը, խիստ բարկանում են և միասին դավադրություն են անում, որ գան ու պատերազմեն Երուսաղեմի դեմ։ Սակայն Նեեմիան հորդորում է հրեաներին Եհովային պահել իրենց մտքում, քանի որ «նա մեծ ու ահազդու է», և կռվել հանուն իրենց ընտանիքների ու տների (4։14)։ Լարված իրավիճակը հաղթահարելու համար գործն այլ կերպ է կազմակերպվում. ոմանք կանգնում են՝ նիզակները ձեռքներին, մինչ ուրիշները աշխատում են՝ գոտկատեղին սուր կրելով։
8. Նեեմիան ինչպե՞ս է լուծում հրեաների մեջ ծագած խնդիրները։
8 Սակայն հենց իրենք՝ հրեաները, խաղաղության մեջ չեն ապրում իրար հետ։ Նրանցից ոմանք, խախտելով Եհովայի օրենքը, ահռելի տոկոսներ են վերցնում իրենց իսկ եղբայրներից (Ելք 22։25)։ Նեեմիան շտկում է իրավիճակը՝ ժողովրդին ցույց տալով, որ պետք չէ շահի հետևից ընկնել, և ժողովուրդը համաձայնվում է փոփոխություններ անել։ Կառավարիչ լինելու 12 տարիների ընթացքում (մ.թ.ա. 455–443թթ.) Նեեմիան երբեք կառավարչին հասանելիք հաց չի պահանջում, քանի որ առանց այն էլ ժողովրդի վրա մեծ բեռ է դրված։
9. ա) Նեեմիան ինչպե՞ս է արձագանքում շինարարական աշխատանքները դադարեցնելու խորամանկ մեթոդներին։ բ) Որքա՞ն է տևում պարսպի շինարարությունը։
9 Ջանալով դադարեցնել շինարարական աշխատանքները՝ հակառակորդները ավելի խորամանկ մեթոդներ են կիրառում։ Նրանք Նեեմիային առաջարկում են հանդիպել, բայց նա պատասխանում է, որ չի կարող գալ, քանի որ շատ զբաղված է։ Սանաբաղատն այժմ մեղադրում է Նեեմիային, որ նա մտադիր է ապստամբել և Հուդայում թագավոր դառնալ։ Նա գաղտնաբար մի հրեայի է վարձում, որ վախեցնի Նեեմիային ու դրդի թաքնվելու տաճարում, ինչի իրավունքը չունի։ Սակայն նրան չի հաջողվում վախեցնել Նեեմիային։ Չկորցնելով իր ինքնատիրապետումը և հնազանդվելով Աստծուն՝ վերջինս շարունակում է իր աշխատանքը։ Պարսպի շինարարությունն ավարտվում է «հիսուներկու օրում» (Նեեմ. 6։15)։
10. ա) Որտե՞ղ են ապրում մարդիկ, և ի՞նչ տոհմաբանություն է հարկավոր կազմել։ բ) Ի՞նչ հավաքույթ է տեղի ունենում, և ինչո՞վ է ուշագրավ առաջին օրը։
10 Ժողովրդին սովորեցնելը (7։1–12։26)։ Երուսաղեմում քիչ մարդ է ապրում, և տները այնտեղ նույնպես քիչ են, քանի որ իսրայելացիներից շատերը ոչ թե Երուսաղեմում, այլ իրենց ժառանգական կալվածքներում են բնակվում։ Աստված մղում է Նեեմիային հավաքելու իշխանավորներին ու ողջ ժողովրդին, որ կազմի նրանց տոհմաբանությունը։ Նա օգտվում է այն մարդկանց տոհմաբանության գրքի տեղեկություններից, որոնք վերադարձել էին Բաբելոնից։ Որոշ ժամանակ անց ժողովուրդը հավաքվում է հրապարակում, որը Ջրի դարպասի դիմացն է։ Հավաքույթը սկսում է Եզրասը։ Փայտե բեմահարթակի վրա կանգնած՝ նա օրհնում է Եհովային և հետո լուսաբացից մինչև կեսօր կարդում Մովսեսի օրենքի գրքից։ Եզրասին օգնում են այլ ղևտացիներ։ Նրանք «բարձրաձայն կարդում են գրքից՝ ճշմարիտ Աստծու օրենքից՝ բացատրելով ու պարզաբանելով դրա իմաստը, և օգնում են ժողովրդին հասկանալ կարդացածը» (8։8)։ Նեեմիան հորդորում է ժողովրդին խնջույք անել, ուրախանալ և խորհրդածել հետևյալ խոսքերի շուրջ. «Եհովայի ուրախությունը ձեր ամրոցն է» (8։10)։
11. Երկրորդ օրն ի՞նչ հատուկ հանդիպում է տեղի ունենում, և հաջորդ օրերին ի՞նչն է ուրախություն պարգևում։
11 Հավաքույթի երկրորդ օրը Եզրասը հատուկ հանդիպում է անցկացնում։ Ժողովրդի գլուխները հանդիպում են նրա հետ, որ խորությամբ հասկանան Օրենքը։ Նրանում գտնում են այն գրվածքը, որ ասում է՝ յոթերորդ ամսին հարկավոր է նշել Տաղավարների տոնը, և անմիջապես որոշում են նշել Եհովային նվիրված տոնը ու կարգադրում են տաղավարներ պատրաստել։ Յոթ օր հրեաներն ապրում են տաղավարներում, և ամեն օր նրանց համար բարձրաձայն ընթերցվում է Օրենքը։ Ժողովուրդը «մեծ ուրախություն է ապրում»։ Ութերորդ օրը, «կանոնի համաձայն», նրանք հանդիսավոր հավաքույթ են ունենում (Նեեմ. 8։17, 18; Ղևտ. 23։33–36)։
12. ա) Ի՞նչ հավաքույթ է տեղի ունենում ավելի ուշ նույն ամսին, և ո՞րն է ղևտացիների ասածների գլխավոր միտքը։ բ) Ժողովուրդն ի՞նչ բանաձև է ընդունում։ գ) Երուսաղեմը բնակեցնելու համար ի՞նչ են նախաձեռնում։
12 Նույն ամսվա 24-րդ օրը Իսրայելի որդիները կրկին հավաքվում են ու առանձնանում բոլոր օտարականներից։ Նրանց համար կարդում են Օրենքի գրքից, ինչից հետո մի խումբ ղևտացիներ, ցանկանալով մղել ժողովրդին խորհրդածելու, պատմում են, թե ինչպես է դարերի ընթացքում Աստված վարվել Իսրայելի հետ։ Նրանց ասածների գլխավոր միտքն ամփոփված է առաջին խոսքերում. «Վե՛ր կացեք, օրհնե՛ք ձեր Աստված Եհովային հավիտյանս հավիտենից։ Ո՜վ Աստված, թող նրանք օրհնեն քո փառավոր անունը, որը ցանկացած օրհնությունից ու գովաբանությունից վեր է» (Նեեմ. 9։5)։ Իսրայելի որդիները խոստովանում են իրենց հայրերի հանցանքները և խոնարհաբար խնդրում Եհովային, որ օրհնի իրենց։ Այնուհետև բանաձև է ընդունվում, որը շարադրվում է գրավոր կերպով և հաստատվում է ազգի ներկայացուցիչների կնիքով։ Իսրայելացիները երդվում են ամուսնություններ չկնքել շրջակա երկրների ժողովուրդների հետ, պահել շաբաթը, նվիրաբերություններ անել տաճարի ու նրանում ծառայողների համար։ Այնուհետև վիճակով ժողովրդից տասից մեկին ընտրում են, որ միշտ ապրեն Երուսաղեմում։
13. Ինչպե՞ս է տեղի ունենում պարսպի նվիրումը, և ի՞նչ են ձեռնարկում հրեաները։
13 Պարսպի նվիրումը (12։27–13։3)։ Նորակառույց պարսպի նվիրումն ուղեկցվում է երգերով և ուրախությամբ։ Այս հանդիսավոր իրադարձության շնորհիվ ժողովուրդը նորից է հավաքվում։ Նեեմիան կարգում է երկու մեծ երգչախումբ՝ շնորհակալական երգեր երգելու համար, նաև նրանց ուղեկցող երթեր, որոնք գնում են պարսպի վրայով հակառակ ուղղություններով։ Ի վերջո, նրանք հանդիպում են Եհովայի տան մոտ ու զոհեր մատուցում։ Միջոցներ են ձեռնարկվում, որ նվիրաբերություններ արվեն ու դրանք պահվեն տաճարում ծառայող քահանաների ու ղևտացիների համար։ Այդ օրը ժողովրդի առաջ ընթերցվում է Աստծու Խոսքը և պարզ է դառնում, որ ամմոնացիներն ու մովաբացիները չպետք է ժողովի մաս կազմեն։ Իմանալով այդ մասին՝ հրեաները սկսում են ողջ բազմազգ ժողովրդին առանձնացնել Իսրայելից։
14. Նեեմիայի բացակայության ժամանակ ի՞նչ չարիք են գործում հրեաները, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում նա, որ շտկի իրավիճակը։
14 Անմաքրության վերացումը (13։4–31)։ Որոշ ժամանակ Բաբելոնում անցկացնելուց հետո Նեեմիան նորից գալիս է Երուսաղեմ և տեսնում, որ հրեաները չարիք են գործում։ Որքա՜ն արագ նրանք փոխվեցին։ Քահանայապետ Ելիասիբը տաճարի գավիթում նույնիսկ ճաշասրահ է կառուցել ամմոնացի Տուբիայի համար, որն Աստծու թշնամիներից մեկն է։ Նեեմիան ժամանակ չի կորցնում և վճռական քայլեր է ձեռնարկում։ Տուբիայի տան կահույքը ճաշասրահից դուրս է շպրտում և պատվիրում է մաքրել բոլոր ճաշասրահները։ Նա նաև իմանում է, որ ղևտացիներին չեն տրվում իրենց բաժինները, ուստի նրանք ստիպված են թողնել իրենց ծառայությունը տաճարում և վաստակել իրենց ապրուստը՝ արտեր մշակելով։ Քաղաքի բնակիչները վարակված են շահույթ ստանալու ոգով։ Շաբաթ օրը մարդիկ չեն պահում։ Նեեմիան նրանց ասում է. «Շաբաթը պղծելով՝ Իսրայելի դեմ բարկությունն ավելի շատ եք բորբոքում» (13։18)։ Նախքան շաբաթ օրը նա փակում է քաղաքի դռները, որպեսզի առևտրականներն այդ օրը քաղաք չմտնեն, և թույլ չի տալիս նրանց, որ քաղաքի պարսպի մոտ գիշերեն։ Բայց հրեաները ավելի ծանր մեղք են գործել. նրանք կնության են առել օտար կանանց և նրանց հետ ապրում են Երուսաղեմում, թեև հանդիսավոր կերպով երդվել էին նման բան այլևս չանել։ Այսպիսի միություններից ծնված երեխաները հրեաների լեզվով չեն խոսում։ Նեեմիան հիշեցնում է նրանց, որ Սողոմոնը օտար կանանց պատճառով մեղք գործեց։ Նույնիսկ Ելիասիբ քահանայապետի թոռն է այդպիսի մեղք գործել, դրա համար էլ Նեեմիան վռնդում է նրանc։ Այնուհետև նա մաքրում է քահանաներին ու ղևտացիներին և բաշխում նրանց պարտականությունները։
15. Խոնարհաբար ի՞նչ է խնդրում Նեեմիան։
15 Նեեմիան իր գիրքն ավարտում է անկեղծ ու խոնարհ խնդրանքով. «Ո՜վ իմ Աստված, հիշիր ինձ ի բարին» (13։31)։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
16. Ինչո՞ւ է Նեեմիան հրաշալի օրինակ բոլոր նրանց համար, ովքեր ուզում են Աստծուն երկրպագել նրան ընդունելի ձևով։
16 Աստծու հանդեպ Նեեմիայի ցուցաբերած նվիրվածությունը ոգևորում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Աստծուն երկրպագել նրան ընդունելի ձևով։ Նեեմիան թողեց իր առանձնաշնորհյալ դիրքը, որ Եհովայի ժողովրդի հետ լինի։ Նա նույնիսկ հրաժարվեց իրեն հասանելիք ամենօրյա բաժնից և խստորեն դատապարտեց նյութապաշտությունը։ Նեեմիան հորդորում էր ժողովրդին նախանձախնդրորեն ծառայել Եհովային և առատաձեռնորեն նվիրաբերություններ անել տաճարի համար (5։14, 15; 13։10–13)։ Զերծ լինելով եսասիրությունից՝ նա խոհեմ և գործունյա մարդ էր, որը չնայած վտանգներին՝ անվախորեն արդարություն էր գործադրում (4։14, 19, 20; 6։3, 15)։ Նա աստվածավախ անձնավորություն էր և ուզում էր զորացնել իր հավատակիցների հավատը (13։14; 8։9)։ Նեեմիան վճռականորեն գործի էր դնում Եհովայի օրենքը, հատկապես երբ հարցը վերաբերում էր ճշմարիտ երկրպագությանն ու օտարազգիների հետ շփվելուն, օրինակ՝ հեթանոսների հետ խնամություն անելուն (13։8, 23–29)։
17. Ինչո՞ւ է Նեեմիան լավ օրինակ նաև այն հարցում, որ լավ գիտեր Աստծու օրենքը և կիրառում էր այն։
17 Գրքից պարզ երևում է, որ Նեեմիան Եհովայի օրենքը լավ գիտեր և կիրառում էր այն։ Հիմնվելով 2 Օրենք 30։1–4 համարներում արձանագրված խոստման վրա՝ նա օրհնություն էր խնդրում Եհովայից և լիովին համոզված էր, որ նա անպայման կպահի իր խոսքը՝ ի բարօրություն իրեն (Նեեմ. 1։8, 9)։ Նեեմիան բազում ժողովներ կազմակերպեց, որպեսզի հրեաներին ծանոթացնի այն սուրբ գրվածքներին, որոնք արձանագրվել էին վաղեմի ժամանակներում։ Օրենքը կարդալիս Նեեմիան ու Եզրասը ամեն ջանք գործադրում էին Աստծու Խոսքը ժողովրդին հասկանալի դարձնելու համար և հետևում էին, որ այն ճշգրտորեն կատարվի (8։8, 13–16; 13։1–3)։
18. Վերակացուները ի՞նչ են սովորում Նեեմիայից աղոթքով Աստծուն ապավինելու հարցում և այն բանից, թե ինչպիսի առաջնորդ էր նա։
18 Եհովայի հանդեպ Նեեմիայի բացարձակ վստահությունը և խոնարհաբար նրան մատուցած խնդրանքները խրախուսում են մեզ, որ աղոթքով Աստծուն ապավինել սովորենք։ Նկատիր, թե ինչպես էր նա աղոթքներով փառաբանում Աստծուն, ցույց տալիս, որ ընդունում է իր ժողովրդի գործած մեղքերը, և աղոթում, որ սրբացվի Եհովայի անունը (1։4–11; 4։14; 6։14; 13։14, 29, 31)։ Այն, որ այս եռանդուն վերակացուն Աստծու ժողովրդի համար զորության աղբյուր էր, երևում է նրանից, թե ինչ պատրաստակամությամբ էր ժողովուրդը հետևում նրա իմաստուն հրահանգներին և թե ինչ ուրախությամբ էր նրա առաջնորդությամբ կատարում Աստծու կամքը։ Ի՜նչ հրաշալի օրինակ։ Սակայն իմաստուն վերակացուի բացակայության ժամանակ նյութապաշտությունը, կաշառակերությունը և ակնհայտ հավատուրացությունը անմիջապես սկսեցին տարածվել։ Այդ պատճառով Աստծու ժողովրդի բոլոր վերակացուները պետք է հոգևորապես ակտիվ ու զգոն լինեն, նախանձախնդրորեն հոգ տանեն իրենց քրիստոնյա եղբայրների մասին, ինչպես նաև ողջամտորեն ու հաստատակամորեն առաջնորդեն նրանց ճշմարտության ճանապարհում։
19. ա) Աստծու Խոսքի միջոցով Նեեմիան ինչպե՞ս ամրապնդեց հրեաների վստահությունը Թագավորության վերաբերյալ խոստումների հանդեպ։ բ) Թագավորության հույսն ինչի՞ է մղում Աստծու ծառաներին այսօր։
19 Նեեմիան ամբողջ սրտով վստահում էր Աստծու Խոսքին։ Նա ժրաջանորեն ոչ միայն սովորեցրեց Սուրբ Գիրքը, այլև դրա օգնությամբ որոշեց տոհմաբանական ժառանգությունները և քահանաների ու ղևտացիների ծառայության կարգը Աստծու վերականգնված ժողովրդի մեջ (Նեեմ. 1։8; 11։1–12։26; Հեսու 14։1–21։45)։ Դա, անշուշտ, քաջալերեց հրեա մնացորդին և ամրապնդեց նրանց վստահությունը, որ Սերնդի և նրա Թագավորության ժամանակ ավելի մեծ վերականգնման մասին Եհովայի խոստումները անպայման կիրականանան։ Այսօր Թագավորության հույսը մղում է Աստծու ծառաներին ակտիվորեն մասնակցելու հոգևոր շինարարությանը և քաջաբար պայքարելու Թագավորության շահերի առաջխաղացման համար։
[ծանոթագրություններ]
a «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 613–616 (անգլ.)։
b «Գրությունների ըմբռնում», հատ. 2, էջ 899–901 (անգլ.)։
c Որոշ հրեա պատմիչներ պնդում են, որ Ելիասիբի այդ թոռան անունը Մանասե էր, և որ նա իր աներոջ՝ Սանաբաղատի հետ տաճար կառուցեց Գարիզին լեռան վրա, որը դարձավ սամարացիների երկրպագության կենտրոնը, և որտեղ նա քահանա ծառայեց մինչև իր կյանքի վերջը։ Հիսուսը հիշատակեց Գարիզին լեռը, ինչպես արձանագրված է Հովհաննես 4։21-ում («The Second Temple in Jerusalem», Վ. Շոու Կալդեկոտ, 1908, էջ 252–255; տե՛ս «Դիտարան», 1960, հուլիսի 15, էջ 425, 426)։