Նրանք գտան Մեսիային
«Գտա՛նք Մեսիային» (ՀՈՎՀ. 1։41)։
1. Ի՞նչը մղեց Անդրեասին ասելու՝ «գտա՛նք Մեսիային»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉԸ կանգնած էր իր երկու աշակերտների հետ, երբ երևաց Հիսուսը։ Տեսնելով նրան՝ Հովհաննեսն ասաց. «Ահա՛ Աստծու Գառը»։ Առանց ժամանակ կորցնելու՝ Անդրեասը և մյուս աշակերտը հետևեցին Հիսուսին ու ողջ օրը անցկացրին նրա հետ։ Հետո Անդրեասը գնաց ու գտավ իր եղբորը՝ Սիմոն Պետրոսին, և ոգևորված ասաց նրան. «Գտա՛նք Մեսիային»։ Այնուհետև եղբորը տարավ Հիսուսի մոտ (Հովհ. 1։35–41)։
2. Ի՞նչ օգուտներ կստանանք մեսիական մարգարեությունների ուսումնասիրությունից։
2 Ժամանակի ընթացքում Անդրեասը, Պետրոսը և ուրիշները հնարավորություն ունեցան ավելի շատ ուսումնասիրելու Սուրբ Գրքերը, ինչն էլ մղեց լիակատար համոզվածությամբ հայտարարելու, որ նազովրեցի Հիսուսն է խոստացյալ Մեսիան։ Նմանապես, մեր հավատը և վստահությունը Աստծու Խոսքի և նրա Օծյալի հանդեպ է՛լ ավելի կամրանա, երբ ուսումնասիրենք Մեսիայի վերաբերյալ մարգարեությունները, որոնցից մի քանիսը կքննենք այս հոդվածում։
«Ահա քո թագավորն.... է գալիս»
3. Ո՞ր մարգարեություններն իրականացան, երբ Հիսուսը հանդիսավոր մտավ Երուսաղեմ։
3 Մեսիան հանդիսավոր մտնելու էր Երուսաղեմ։ Զաքարիա մարգարեն գրել էր. «Մեծապես ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր։ Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ Երուսաղեմի դուստր։ Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս։ Նա արդար է և հաղթանակած, խոնարհ է և գալիս է էշ հեծած, այսինքն՝ էշի քուռակ հեծած» (Զաք. 9։9)։ Իսկ սաղմոսերգուն գրել էր. «Օրհնյալ լինի Նա, ով գալիս է Եհովայի անունով» (Սաղ. 118։26)։ Հիսուսը չէր կարող դրդել բազմությանը այդպես վարվելու։ Մարդիկ, անսահման ուրախությամբ լցված, բացականչում էին, ինչը, իրոք որ, մարգարեության կատարումն էր։ Այս դեպքի մասին արձանագրությունն ընթերցելիս պատկերացրու, թե ինչ էին զգում նրանք Հիսուսին ողջունելիս (կարդա՛ Մատթեոս 21։4–9)։
4. Բացատրի՛ր, թե ինչպես իրականացան Սաղմոս 118։22, 23 խոսքերը։
4 Աստված գնահատում է Հիսուսին, թեև շատերը մերժելու էին նրան՝ անտեսելով մեսիական մարգարեությունները, որոնք մատնանշում էին նրան։ Ինչպես որ մարգարեացված էր, այն մարդիկ, ովքեր չուզեցին հավատալ փաստերին, արհամարհեցին Հիսուսին և նրան «բանի տեղ չդրեցին» (Ես. 53։3; Մարկ. 9։12)։ Սակայն Աստծու ներշնչմամբ սաղմոսերգուն գրել էր. «Այն քարը, որ շինարարները մերժեցին, անկյան գլուխը դարձավ։ Սա Եհովայից եղավ» (Սաղ. 118։22, 23)։ Հենց այս խոսքերի վրա էր, որ Հիսուսը հրավիրեց իր հակառակորդների ուշադրությունը։ Հետագայում էլ Պետրոսը ասաց, որ դրանք իրականացան Հիսուսի վրա (Մարկ. 12։10, 11; Գործ. 4։8–11)։ Այո՛, Հիսուսը դարձավ քրիստոնեական ժողովի «անկյունաքարը»։ Թեպետ անաստված մարդկանց կողմից մերժված էր, սակայն «Աստծու կողմից ընտրված և թանկարժեք» էր (1 Պետ. 2։4–6)։
Մատնված ու լքված
5, 6. Ի՞նչ էր մարգարեացվել Մեսիայի մատնության վերաբերյալ, և ինչպե՞ս այն իրականացավ։
5 Մեսիան մատնվելու էր նենգ ընկերոջ կողմից։ Դավիթը մարգարեացել էր. «Այն մարդը, ով ինձ հետ խաղաղության մեջ էր, ում ես վստահում էի, և ով իմ հացն էր ուտում, իր գարշապարը բարձրացրեց իմ դեմ» (Սաղ. 41։9)։ Այն մարդը, ում հետ սեղան էին նստում, համարվում էր ընկեր (Ծննդ. 31։54)։ Ուստի կարելի է ասել, որ Հուդա Իսկարիովտացու կողմից Հիսուսի մատնությունը ամենաանմարդկային դավաճանությունն էր։ Հիսուսը Դավթի այս մարգարեական խոսքերի վրա կենտրոնացրեց իր առաքյալների ուշադրությունը, երբ իրեն մատնողին ակնարկելով՝ ասաց նրանց. «Խոսքս ձեր բոլորի մասին չէ. ես ճանաչում եմ իմ ընտրածներին։ Բայց սա նրա համար է, որ Սուրբ Գրքի խոսքը կատարվի. «Նա, ով իմ հացն էր ուտում, իր գարշապարը բարձրացրեց իմ դեմ»» (Հովհ. 13։18)։
6 Մեսիային մատնողը ստանալու էր 30 կտոր արծաթ՝ ընդամենը ծառայի գին։ Մատթեոս ավետարանագիրը, մեջբերելով Զաքարիա 11։12, 13 համարի խոսքերը, գրեց, որ Հիսուսը մատնվեց այդքան չնչին գումարի դիմաց։ Իսկ ինչո՞ւ նա ասաց, որ այդ մարգարեությունը արվել էր «Երեմիա մարգարեի միջոցով»։ Մատթեոսի օրերում «Երեմիա» գիրքը մարգարեական գրքերի շարքում առաջինն էր, որոնց մեջ էր նաև Զաքարիա մարգարեի գիրքը (համեմատի՛ր Ղուկաս 24։44)։ Հուդան չօգտագործեց իր վաստակած արյունոտ փողը։ Նա արծաթադրամները շպրտեց տաճարի մեջ, հեռացավ ու ինքնասպան եղավ (Մատթ. 26։14–16; 27։3–10)։
7. Ինչպե՞ս իրականացան Զաքարիա 13։7-ի խոսքերը։
7 Մեսիայի աշակերտները ցրվելու էին։ Զաքարիան գրել էր. «Հարվածի՛ր հովվին, և հոտի ոչխարները թող ցրվեն» (Զաք. 13։7)։ Մ.թ. 33թ. նիսանի 14-ի գիշերը Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Այս գիշեր դուք բոլորդ կգայթակղվեք այն բաներից, որ պատահելու են ինձ, որովհետև գրված է. «Ես կհարվածեմ հովվին, և հոտի ոչխարները կցրվեն»»։ Հենց այդպես էլ եղավ։ Մատթեոսը հայտնում է, որ «բոլոր աշակերտները լքեցին [Հիսուսին] ու փախան» (Մատթ. 26։31, 56)։
Մեղադրվեց ու ծեծի ենթարկվեց
8. Ինչպե՞ս կատարվեց Եսայիա 53։8-ի մարգարեությունը։
8 Մեսիան դատարանի առաջ էր կանգնելու և դատապարտվելու էր (կարդա՛ Եսայիա 53։8)։ Նիսանի 14-ին՝ վաղ առավոտյան, ամբողջ Սինեդրիոնը խորհրդի նստեց։ Նրանց հրամանով Հիսուսին կապեցին ու հանձնեցին հռոմեական կառավարիչ Պոնտացի Պիղատոսի ձեռքը, որն էլ նրան հարցաքննելուց հետո ոչ մի հանցանք չգտավ նրա մեջ։ Երբ Պիղատոսը առաջարկեց ազատ արձակել Հիսուսին, ամբոխը սկսեց բղավել՝ «ցցի՛ն գամիր նրան», և փոխարենը պահանջեց ազատել մի հանցագործի, որի անունը Բարաբբա էր։ Ցանկանալով գոհացնել ամբոխին՝ Պիղատոսը ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին մտրակել տվեց ու հանձնեց նրանց ձեռքը, որ ցցին գամեն (Մարկ. 15։1–15)։
9. Համաձայն Սաղմոս 35։11-ի մարգարեության՝ ի՞նչ տեղի ունեցավ։
9 Մեսիայի դեմ սուտ վկաներ էին բերվելու։ «Դաժան վկաներ են վեր կենում,— գրել էր Դավիթը։— Հարցնում են ինձ այն, ինչը չգիտեմ» (Սաղ. 35։11)։ Ինչպես որ մարգարեացված էր, «ավագ քահանաներն ու ամբողջ Սինեդրիոնը սուտ վկաներ էին փնտրում Հիսուսի դեմ, որպեսզի նրան մահվան մատնեն» (Մատթ. 26։59)։ Փաստն այն է, որ «շատերն էին սուտ վկայություն տալիս նրա դեմ, սակայն նրանց վկայությունները չէին համընկնում» (Մարկ. 14։56)։ Սուտ վկայությունները փոքր-ինչ անգամ չմտահոգեցին Հիսուսի մոլեգնած թշնամիներին, որոնք նրա մահն էին փափագում։
10. Բացատրի՛ր, թե ինչպես իրականացավ Եսայիա 53։7-ի մարգարեությունը։
10 Մեսիան լուռ էր մնալու իրեն մեղադրողների առաջ։ Եսայիան մարգարեացել էր. «Նրան անչափ նեղեցին, ու նա թույլ տվեց, որ իրեն կեղեքեն, սակայն իր բերանը չբացեց։ Նրան մորթելու տարան, ինչպես ոչխարի, և ինչպես մաքին է անձայն կանգնում իրեն խուզողների առաջ, այնպես էլ նա չբացեց իր բերանը» (Ես. 53։7)։ Ավետարանում կարդում ենք. «Երբ ավագ քահանաներն ու երեցներն էին մեղադրում [Հիսուսին], նա պատասխան չէր տալիս։ Այդ ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, թե որքան շատ բաներ են նրանք վկայում քո դեմ»։ Սակայն նա մի բառ անգամ չպատասխանեց նրան, այնպես որ կուսակալը շատ զարմացավ» (Մատթ. 27։12–14)։ Հիսուսը չչարախոսեց իրեն մեղադրողներին (Հռոմ. 12։17–21; 1 Պետ. 2։23)։
11. Ի՞նչ տեղի ունեցավ՝ համաձայն Եսայիա 50։6-ի և Միքիա 5։1-ի մարգարեությունների։
11 Մեսիան պետք է ծեծի ենթարկվեր։ «Թիկունքս տվեցի հարվածողներին և իմ այտերը՝ մորուքս փետողներին,— մարգարեացել էր Եսայիան։— Երեսս չծածկեցի վիրավորանքներից ու թքից» (Ես. 50։6)։ Իսկ Միքիան կանխագուշակել էր. «Գավազանով կզարկեն Իսրայելի դատավորի այտին» (Միք. 5։1)։ Հաստատելով այս մարգարեությունների կատարումը՝ ավետարանագիր Մարկոսը գրեց. «Ոմանք սկսեցին թքել [Հիսուսի] վրա, երեսը ծածկել, բռունցքներով հարվածել ու ասել՝ մարգարեացի՛ր։ Դատարանի սպասավորներն էլ ապտակեցին նրան ու տարան»։ Մարկոսը գրեց նաև, որ զինվորները «եղեգով նրա գլխին էին խփում, թքում էին նրա վրա և ծնկի գալով [որպես ծաղրանք]՝ խոնարհվում նրա առաջ» (Մարկ. 14։65; 15։19)։ Ինչ խոսք, Հիսուսը ոչինչ չէր արել իր հանդեպ այդպիսի վերաբերմունք հրահրելու համար։
Հավատարիմ մինչև մահ
12. Ինչպե՞ս Սաղմոս 22։16-ի և Եսայիա 53։12-ի մարգարեությունները իրականացան Հիսուսի վրա։
12 Մարգարեացված էր, որ Մեսիային ցցին էին գամելու։ «Չարերի ժողովը պաշարել է ինձ,— գրել էր սաղմոսերգու Դավիթը։— Առյուծի նման պատառոտում են ձեռքերս ու ոտքերս» (Սաղ. 22։16)։ Ներկայացնելով այն դեպքը, որը քաջ հայտնի է Աստվածաշունչ ընթերցողներին՝ Մարկոսը գրեց. «Երրորդ ժամն էր [առավոտյան մոտավորապես ժամը ինը], երբ նրան ցցին գամեցին» (Մարկ. 15։25)։ Մարգարեացված էր նաև, որ Մեսիան դասվելու է մեղավորների շարքում։ Եսայիան գրել էր. «Իր հոգին մահվան մատնեց և օրինազանցների հետ դասվեց» (Ես. 53։12)։ Այդպես էլ եղավ։ «[Հիսուսի] հետ միասին երկու ավազակների էլ ցիցը հանեցին, մեկին՝ աջ կողմը, իսկ մյուսին՝ ձախ կողմը» (Մատթ. 27։38)։
13. Ինչպե՞ս կատարվեց Սաղմոս 22։7, 8 համարների մարգարեությունը։
13 Դավիթը մարգարեացել էր, որ Մեսիային ծաղրելու էին (կարդա՛ Սաղմոս 22։7, 8)։ Հիսուսին ծաղրեցին, երբ նա տանջվում էր ցցին գամված։ Մատթեոսի Ավետարանում կարդում ենք. «Անցնող-դարձողները անպատվում էին նրան ու գլուխները շարժելով՝ ասում. «Ո՛վ տաճարը քանդող ու երեք օրում կառուցող, փրկի՛ր քեզ։ Եթե Աստծու որդի ես, ցա՛ծ իջիր տանջանքի ցցից»։ Նույնպես էլ ավագ քահանաները դպիրների և երեցների հետ ծաղրում էին նրան ու ասում. «Ուրիշներին փրկեց, իսկ իրեն չի կարողանում փրկել։ Նա Իսրայելի Թագավորն է. դե թող ցած իջնի տանջանքի ցցից, ու մենք կհավատանք նրան։ Իր վստահությունը Աստծու վրա էր դրել. դե թող հիմա նա ազատի, եթե հավանել է նրան, քանի որ սա ասում էր. «Ես Աստծու Որդին եմ»»» (Մատթ. 27։39–43)։ Հիսուսը այս ամենը տարավ արժանապատվորեն։ Ի՜նչ լավ օրինակ է նա մեզ համար։
14, 15. Մեսիայի հագուստի, ինչպես նաև նրան քացախ տալու վերաբերյալ մարգարեությունները ինչպե՞ս կատարվեցին։
14 Մեսիայի հագուստի համար վիճակ էին գցելու։ Սաղմոսերգուն գրել էր. «Հանդերձներս բաժանում են իրար մեջ և հագուստիս վրա վիճակ են գցում» (Սաղ. 22։18)։ Հենց այդպես էլ եղավ։ «Երբ [հռոմեացի զինվորները] արդեն ցցին էին գամել [Հիսուսին], վիճակ գցեցին, որ նրա վերնազգեստները բաժանեն իրար մեջ» (Մատթ. 27։35; կարդա՛ Հովհաննես 19։23, 24)։
15 Մեսիային տալու էին քացախ ու լեղի։ «Կերակուրի փոխարեն ինձ թունավոր խոտ տվեցին,— գրել էր սաղմոսերգուն,— և երբ ծարավ էի, փորձեցին ինձ քացախ խմեցնել» (Սաղ. 69։21)։ Մատթեոս 27։34, 48 համարներում կարդում ենք. «Նրան լեղիի հետ խառնած գինի տվեցին, որ խմի, բայց երբ համն առավ, հրաժարվեց խմելուց»։ Հետո «նրանցից մեկը անմիջապես վազեց, մի սպունգ վերցրեց, թաթախեց թթված գինու մեջ ու եղեգի վրա դնելով՝ տվեց նրան, որ խմի»։
16. Բացատրի՛ր, թե ինչպես կատարվեց Սաղմոս 22։1-ի մարգարեությունը։
16 Աստված ասես թե թողնելու էր Մեսիային (կարդա՛ Սաղմոս 22։1)։ Ինչպես որ մարգարեացված էր, «իններորդ ժամին [ցերեկվա մոտավորապես ժամը երեքին] Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց՝ «Էլի՛, Էլի՛, լա՞մա սաբաքթանի», որ թարգմանվում է՝ «Աստվա՛ծ իմ, Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր»» (Մարկ. 15։34)։ Հիսուսը չէր կորցրել իր երկնային Հոր հանդեպ ունեցած հավատը։ Աստված թողեց Հիսուսին թշնամիների ձեռքում՝ վերցնելով իր պաշտպանությունը նրա վրայից, որպեսզի Քրիստոսի հավատարմությունը լիովին փորձվի։ Աղաղակելով այդ խոսքերը՝ Հիսուսը իրականացրեց Սաղմոս 22։1-ի մարգարեությունը։
17. Ինչպե՞ս իրականացան Զաքարիա 12։10 և Սաղմոս 34։20 մարգարեությունները։
17 Մեսիային խոցելու էին, բայց նրա ոսկորները չէին կոտրվելու։ Զաքարիան մարգարեացել էր, որ Երուսաղեմի բնակիչները «կնայեին Նրան, որին խոցեցին» (Զաք. 12։10)։ Իսկ Սաղմոս 34։20-ում գրված է. «[Աստված] պահպանում է նրա բոլոր ոսկորները. նրանցից և ոչ մեկը կոտրված չէ»։ Հաստատելով այս խոսքերը՝ Հովհաննես առաքյալը գրեց. «Զինվորներից մեկը նիզակով խոցեց նրա [Հիսուսի] կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս եկավ։ Ով այս ամենը տեսավ [Հովհաննեսը], վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է.... Այս բաները պատահեցին, որպեսզի կատարվի Սուրբ Գրքի խոսքը. «Նրա ոսկորներից և ոչ մեկը չի փշրվի»։ Սուրբ Գրքի մեկ ուրիշ հատվածում նաև ասվում է. «Կնայեն նրան, որին խոցեցին»» (Հովհ. 19։33–37)։
18. Ինչպե՞ս եղավ, որ Հիսուսը թաղվեց հարուստների հետ։
18 Մեսիան թաղվելու էր հարուստների հետ (կարդա՛ Եսայիա 53։5, 8, 9)։ Նիսանի 14-ի իրիկնադեմին «Հովսեփ անունով արիմաթեացի մի հարուստ մարդ» Պիղատոսից խնդրեց Հիսուսի մարմինը, ու նրա խնդրանքը բավարարվեց։ Մատթեոսը գրում է. «Հովսեփը վերցրեց մարմինը, փաթաթեց բարձրորակ մաքուր կտավով և դրեց ժայռի մեջ փորված իր նոր գերեզմանում։ Ապա մի մեծ քար գլորեց գերեզմանի մուտքին ու հեռացավ» (Մատթ. 27։57–60)։
Ողջունեք Մեսիական Թագավորին
19. Սաղմոս 16։10-ի մարգարեության համաձայն՝ ի՞նչ տեղի ունեցավ։
19 Մեսիան հարություն էր առնելու։ Դավիթը գրել էր. «Դու [Եհովա] իմ հոգին չես թողնի գերեզմանում» (Սաղ. 16։10)։ Պատկերացրու, թե որքան մեծ էր այն կանանց զարմանքը, որոնք եկել էին Հիսուսի գերեզման։ Այնտեղ նրանք տեսան մարդու կերպարանք առած հրեշտակի, որը ասաց նրանց. «Մի՛ վախեցեք։ Գիտեմ, որ Հիսուս նազովրեցուն եք փնտրում, որին ցցին գամեցին։ Նա հարություն է առել, այստեղ չէ։ Տեսե՛ք, ահա այն տեղը, որտեղ նրան դրեցին» (Մարկ. 16։6)։ Մ.թ. 33-ի Պենտեկոստեին Երուսաղեմում գտնվող բազմության առաջ Պետրոս առաքյալը հայտարարեց. «[Դավիթը] նախապես տեսավ ու խոսեց Քրիստոսի հարության մասին, որ Աստված նրան չթողեց գերեզմանում, ու նրա մարմինը ապականություն չտեսավ» (Գործ. 2։29–31)։ Աստված թույլ չտվեց, որ իր սիրելի Որդու մարմինը քայքայվի։ Դեռ ավելին, նա հրաշքով հարություն տվեց Հիսուսին ոգեղեն կյանքի (1 Պետ. 3։18)։
20. Ինչպե՞ս է Մեսիայի իշխանության վերաբերյալ մարգարեությունը իրականացել։
20 Ինչպես որ մարգարեացված էր, Աստված հայտնեց, որ Հիսուսը իր սիրելի Որդին է (կարդա՛ Սաղմոս 2։7; Մատթեոս 3։17)։ Բազմությունը ուրախության աղաղակներով ողջունեց Հիսուսին և գալիք Թագավորությունը։ Նմանապես, մենք ուրախությամբ ենք խոսում նրա և նրա օրհնյալ իշխանության մասին (Մարկ. 11։7–10)։ Քրիստոսը շուտով ոչնչացնելու է իր թշնամիներին, քանի որ «ձի է հեծել հանուն ճշմարտության, խոնարհության և արդարության» (Սաղ. 2։8, 9; 45։1–6)։ Նրա Թագավորությունը խաղաղություն կբերի, ու երկիրը կծաղկի (Սաղ. 72։1, 3, 12, 16; Ես. 9։6, 7)։ Որքա՜ն մեծ առանձնաշնորհում է մեզ համար հռչակել այս ճշմարտությունները որպես Եհովայի վկաներ, այն Աստծու, որի սիրելի Որդին՝ Մեսիական Թագավորը, արդեն իշխում է երկնքում։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ինչպե՞ս Հիսուսին մատնեցին և լքեցին։
• Քրիստոսի տանջանքների ու մահվան վերաբերյալ ի՞նչ մանրամասներ էին մարգարեացված։
• Ինչո՞ւ ես համոզված, որ Հիսուսն է խոստացյալ Մեսիան։
[նկար 13-րդ էջի վրա]
Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ ո՞ր մարգարեությունների կատարումն էր
[նկարներ 15-րդ էջի վրա]
Հիսուսը մահացավ մեր մեղքերի համար։ Հիմա նա իշխում է որպես Մեսիական Թագավոր