Եհովայի «հրամանը» չի կարող չկատարվել
«Կ’պատմեմ [Եհովայի] հրամանը. [նա] ասեց ինձ. Դու իմ որդին ես.... խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները [ազգերը] քեզ ժառանգութիւն կ’տամ» (ՍԱՂՄՈՍ 2։7, 8)։
1. Ի՞նչ հակադրություն կա Աստծո ու ազգերի նպատակների միջև։
ԵՀՈՎԱ ԱՍՏՎԱԾ մարդկության ու երկիր մոլորակի համար նպատակ ունի։ Ազգերը նույնպես նպատակ ունեն։ Բայց այդ նպատակները շա՜տ տարբեր են։ Այդպիսի տարբերություն պե՛տք է ակնկալենք, որովհետև Աստված ասում է. «Ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը»։ Աստծո նպատակը անկասկած կկատարվի, քանի որ նա այնուհետև ասում է. «Ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին, այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Եսայիա 55։9–11)։
2, 3. Երկրորդ սաղմոսը ի՞նչ է հստակորեն ցույց տալիս, սակայն ի՞նչ հարցեր են ծագում։
2 Այն, որ Աստծո նպատակը իր Մեսիական Թագավորի վերաբերյալ կկատարվի, հստակորեն երևում է երկրորդ սաղմոսից։ Այս սաղմոսը կազմել է հին Իսրայելի թագավոր Դավիթը։ Նա Աստծո ներշնչումով կանխագուշակել է, որ կգա մի ուշագրավ ժամանակ, երբ ազգերը իրարանցման մեջ կլինեն։ Նրանց ղեկավարները դուրս կգան Եհովա Աստծո ու նրա Օծյալի դեմ։ Բայց սաղմոսերգուն նաև երգում է. «Կ’պատմեմ [Եհովայի] հրամանը. [նա] ասեց ինձ. Դու իմ որդին ես.... խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները [ազգերը] քեզ ժառանգութիւն կ’տամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք» (Սաղմոս 2։7, 8)։
3 Ի՞նչ է Եհովայի «հրամանը» նշանակում ազգերի համար։ Ինչպե՞ս է դա առնչվում մարդկությանն ընդհանրապես և մասնավորապես երկրորդ սաղմոսն՝ ընթերցող աստվածավախ մարդկանց։
Ազգերը՝ իրարանցման մեջ
4. Ինչպե՞ս կամփոփեիր Սաղմոս 2։1, 2–ի հիմնական մտքերը։
4 Ի նկատի ունենալով ազգերի ու նրանց ղեկավարների գործողությունները՝ սաղմոսերգուն իր երգն այսպես է սկսում. «Ի՞նչու համար են խռովութիւն անում հեթանոսները, եւ ազգերը՝ ունայն մտածում։ Երկրի թագաւորները վեր են կենում, եւ իշխաններն իրար հետ խորհուրդ են անում Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ» (Սաղմոս 2։1, 2)։a
5, 6. Ազգերը ի՞նչ «ունայն» բաներ են «մտածում»։
5 Ի՞նչ «ունայն» բաներ են «մտածում» մերօրյա ազգերը։ Փոխանակ ընդունելու Աստծո Օծյալին, այսինքն՝ Մեսիային, կամ՝ Քրիստոսին՝ ազգերը «մտածում» են իրենց իշխանությունը հավերժացնելու մասին։ Երկրորդ սաղմոսի այս խոսքերը նաև կատարվեցին առաջին դարում, երբ հրեական ու հռոմեական իշխանությունները Աստծո նշանակված Թագավորին՝ Հիսուս Քրիստոսին, սպանելու նպատակով միավորեցին իրենց ուժերը։ Բայցևայնպես, հիմնական կատարումը սկսվեց 1914 թ.–ին, երբ Հիսուսը նշանակվեց որպես երկնային Թագավոր։ Այն ժամանակվանից մինչև հիմա երկրի քաղաքական կառույցներից և ոչ մեկը չի ճանաչել Աստծո գահակալված Թագավորին։
6 Ի՞նչ ի նկատի ուներ սաղմոսերգուն, երբ հարցրեց, թե ինչու են ազգերը ունայն բաներ մտածում։ Նա նկատի ուներ նրանց ունայն նպատակը, որը ոչ մի օգուտ չունի ու դատապարտված է ձախողման։ Ազգերը չեն կարող երկրի վրա խաղաղություն ու համերաշխություն հաստատել։ Սակայն նրանց կատարած գործողությունները հասնում են Աստծո իշխանությանն ընդդիմանալու աստիճանի։ Փաստորեն, նրանք միացյալ ուժերով թշնամական դիրք են բռնել ու «իրար հետ խորհուրդ են անում» Բարձրյալի ու նրա Օծյալի դեմ։ Ինչպիսի՜ անմտություն։
Եհովայի հաղթական Թագավորը
7. Աղոթելիս Հիսուսի վաղ հետևորդներն ո՞ւմ վերագրեցին Սաղմոս 2։1, 2–ը։
7 Հիսուսի հետևորդները Սաղմոս 2։1, 2–ի խոսքերը վերագրեցին նրան։ Երբ հալածանք եղավ նրանց դեմ իրենց հավատի պատճառով, նրանք աղոթեցին. «Տէր [Եհովա], դու ես Աստուած, որ արիր երկինքը եւ երկիրը՝ ծովը եւ նորանց մէջի բոլոր բաները։ Որ քո Դաւիթ ծառայի բերանովը խօսեցիր եւ ասեցիր. Ի՞նչու համար ազգերը խռովեցին՝ եւ ժողովուրդներն ունայն բաներ մտածեցին։ Երկրի թագավորները վերկացան, եւ իշխանները մէկտեղ հաւաքուեցան Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ։ Որովհետեւ արդարեւ հաւաքուեցան քո սուրբ Որդի Յիսուսի վերայ, որին օծեցիր, Հերովդեսը [Անտիպաս] եւ Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների հետ եւ Իսրայէլի ժողովուրդների հետ» (Գործք 4։24–27; Ղուկաս 23։1–12)։b Այո, առաջին դարում Աստծո օծյալ ծառա Հիսուսի դեմ միասնական գործողություններ ձեռնարկվեցին։ Բայց այս սաղմոսը դարեր հետո մեկ այլ կատարում էր ունենալու։
8. Ինչպե՞ս է Սաղմոս 2։3–ը վերաբերում ներկայիս ազգերին։
8 Այն ժամանակներում, երբ հին Իսրայելի թագավորը մարդ էր, ինչպես ասենք՝ Դավիթը, հեթանոս ազգերն ու ղեկավարները միավորում էին իրենց ուժերը Աստծո ու նրա կողմից գահակալված օծյալի դեմ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր ժամանակների մասին։ Մերօրյա ազգերը չեն ցանկանում կատարել Եհովայի ու Մեսիայի պահանջները։ Այդ իսկ պատճառով նրանք նկարագրվում են այնպես, կարծես թե ասելիս լինեն. «Կոտրենք նորանց կապանքները, եւ դէն գցենք նորանց չուանները մեզանից» (Սաղմոս 2։3)։ Ինչպիսի սահմանափակում էլ որ Աստված ու նրա Օծյալը դնեն, ղեկավարներն ու ազգերը չեն ենթարկվի։ Անտարակույս, ցանկացած փորձ ‘կոտրելու այդ կապանքները ու դեն գցելու չվանները’ իզուր կլինի։
Եհովան ծաղրում է նրանց
9, 10. Ինչո՞ւ է Եհովան ծաղրում ազգերին։
9 Եհովային չի անհանգստացնում այն, թե ինչ ջանքեր են թափում ազգերի ղեկավարները, որպեսզի իրենից անկախ լինեն։ Սաղմոսերգուն շարունակում է. «Երկնքումը բնակողը ծիծաղում է, Տէրը ծաղրում է նորանց» (Սաղմոս 2։4)։ Աստված շարունակում է իրագործել իր նպատակը այնպես, կարծես թե այդ ղեկավարները ամենևին էլ գոյություն չունեն։ Նա ծիծաղում է նրանց հանդգնության վրա և «ծաղրում է նորանց»։ Թող նրանք պարծենան իրենց մտադրություններով։ Եհովայի համար նրանք ծաղրի առարկա են։ Նա ծիծաղում է նրանց անիմաստ ընդդիմության վրա։
10 Իր սաղմոսներում Դավիթը անընդհատ անդրադառնում է իրեն թշնամի մարդկանց ու ժողովուրդներին։ Նա երգում է. «Դու, ով Տէր՝ Զօրաց Աստուած՝ Իսրայէլի Աստուածը, վեր կաց որ ամեն հեթանոսներին այցելես. մի ողորմիր ոչ մի անօրէնութիւն գործողի։ Իրիկունը ետ են դառնում եւ ոռնում ինչպէս շուն, եւ քաղաքումը շուռ են գալիս։ Ահա վայրահաչ խօսում են իրանց բերանովը. սրեր կան իրանց շրթունքներումը.... Բայց դու, Տէր, կ’ծիծաղես նորանց վերայ, եւ ծաղր կ’անես այդ ամեն հեթանոսներին» (Սաղմոս 59։5–8)։ Եհովան ծիծաղում է անմտաբար իր դեմ դուրս եկած ազգերի սնապարծության ու շփոթության վրա։
11. Ի՞նչ կպատահի, երբ ազգերը փորձեն ընդդիմանալ Աստծո նպատակին։
11 Երկրորդ սաղմոսը զորացնում է Աստծո հանդեպ մեր հավատը այն բանում, որ Նա կարող է ցանկացած խնդիր լուծել։ Մենք կարող ենք համոզված լինել, որ Եհովան միշտ կատարում է իր կամքը ու երբեք «երեսից չէ գցում» իրեն նվիրված ծառաներին (Սաղմոս 94։14)։ Ուրեմն, ի՞նչ կպատահի, երբ ազգերը ջանան ընդդիմանալ Եհովայի նպատակին։ Համաձայն այս սաղմոսի՝ Աստված «կ’խօսի նորանց հետ իրան բարկութիւնովը», ինչպես ամպրոպի սարսափելի ճայթյունով։ Նա «իրան սրտմտութիւնովը», ինչպես կայծակի ուժգին հարվածով, «կ’շփոթեցնէ նորանց» (Սաղմոս 2։5)։
Աստծո Թագավորը նշանակված է
12. Սաղմոս 2։6–ը ո՞ր գահակալությանն է վերաբերում։
12 Այն, ինչ Եհովան այնուհետև ասում է սաղմոսերգուի միջոցով, վշտացնում է ազգերին։ Աստված ազդարարում է. «Ես օծեցի իմ թագաւորին իմ սուրբ Սիօն սարի վերայ» (Սաղմոս 2։6)։ Սիոն սարը Երուսաղեմի բլուրներից էր, որտեղ Դավիթը ‘օծվեց’ որպես թագավոր ամբողջ Իսրայելի վրա։ Բայց Մեսիական Թագավորը չի նստի գահին այդ քաղաքում կամ երկրագնդի որևէ այլ մասում։ Իրականությունն այն է, որ Եհովան արդեն նշանակել է Հիսուս Քրիստոսին Մեսիական Թագավոր երկնային Սիոն սարի վրա (Յայտնութիւն 14։1)։
13. Ի՞նչ ուխտ Եհովան կնքեց իր Որդու հետ։
13 Այժմ Մեսիական Թագավորն է խոսում։ Նա ասում է. «Կ’պատմեմ [Եհովայի] հրամանը. Տէրն [Եհովա Աստված, որն իր Որդու հետ Թագավորության ուխտ է կնքել] ասեց ինձ. Դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ» (Սաղմոս 2։7)։ Քրիստոսը Թագավորության ուխտը նկատի ուներ, երբ իր առաքյալներին ասաց. «Դուք էք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձութիւններումը։ Եւ ես ուխտում եմ ձեզ թագաւորութիւն՝ ինչպէս իմ Հայրն էլ ինձ թագաւորութիւն ուխտեց» (Ղուկաս 22։28, 29)։
14. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Հիսուսը թագավորական իշխանության անառարկելի իրավունք ունի։
14 Ինչպես Սաղմոս 2։7–ում է կանխագուշակված, Եհովան Հիսուսին ճանաչեց որպես իր Որդու, երբ վերջինս մկրտվեց, ինչպես նաև երբ նրան վերադարձրեց ոգեղեն կյանքի (Մարկոս 1։9–11; Հռովմայեցիս 1։4; Եբրայեցիս 1։5; 5։5)։ Այո, երկնային Թագավորության Թագավորը Աստծո միածին Որդին է (Յովհաննէս 3։16)։ Որպես Դավիթ թագավորի արքայական հետնորդ՝ Հիսուսը թագավորական իշխանության անառարկելի իրավունք ունի (Բ Թագաւորաց 7։4–17; Մատթէոս 1։6, 16)։ Համաձայն այս սաղմոսի՝ Աստված իր Որդուն ասում է. «Խնդրիր ինձանից, եւ ես հեթանոսները [ազգերը] քեզ ժառանգութիւն կ’տամ, եւ երկրի ծայրերը՝ քեզ ստացուածք» (Սաղմոս 2։8)։
15. Ինչո՞ւ է Հիսուսը խնդրում, որ ազգերը որպես ժառանգություն տրվեն իրեն։
15 Թագավորը՝ Աստծո Որդին, դիրքով երկրորդն է Աստծուց հետո։ Հիսուսը Եհովայի փորձված, նվիրված և վստահելի Որդին է։ Նա՝ որպես Աստծո Առաջնեկ, նաև ժառանգական իրավունքներ ունի։ Իսկապես, Հիսուս Քրիստոսը «աներեւոյթ Աստուծոյ պատկերն է՝ ամեն ստեղծուածներից առաջ ծնուած» (Կողոսացիս 1։15)։ Նրանից ընդամենը պահանջվում է դիմել Աստծուն, և Աստված «հեթանոսները», այսինքն՝ ազգերը, ‘նրան որպես ժառանգություն կտա և երկրի ծայրերը՝ որպես ստացվածք’։ Հիսուսը այդ խնդրանքն անում է որպես մի անձնավորություն, որի «զուարճութիւնը մարդկանց որդիների հետ [է]», և որը խորապես ցանկանում է կատարել իր երկնային Հոր կամքը երկրագնդի ու մարդկության առնչությամբ (Առակաց 8։30, 31)։
Եհովայի «հրամանը»՝ ընդդեմ ազգերի
16, 17. Համաձայն Սաղմոս 2։9–ի՝ ի՞նչ է սպասում ազգերին։
16 Քանի որ երկրորդ սաղմոսը կատարվում է մեր օրերում՝ Հիսուս Քրիստոսի անտեսանելի ներկայության ժամանակ, ապա ի՞նչ է սպասում ազգերին։ Թագավորը շուտով կիրականացնի այն, ինչ ասել է Աստված. «Երկաթի գաւազանով կ’ջարդես նորանց [ազգերին], եւ բրուտի ամանի պէս կ’փշրես նորանց» (Սաղմոս 2։9)։
17 Հին ժամանակներում թագավորի գավազանը խորհրդանշում էր արքայական իշխանություն։ Լինում էին գավազաններ, որոնք երկաթից էին պատրաստված։ Այս սաղմոսում այդպիսի գավազան է հիշատակված։ Այստեղ օգտագործված պատկերավոր խոսքը մատնանշում է, թե ինչպիսի հեշտությամբ է Քրիստոս Թագավորը կործանելու ազգերին։ Երկաթե գավազանի հուժկու հարվածը կարող է ջարդուփշուր անել կավեղեն անոթը։
18, 19. Աստծո հավանությանն արժանանալու համար ի՞նչ պետք է երկրի թագավորները անեն։
18 Արդյո՞ք ազգերի ղեկավարներին անխուսափելի կործանում է սպասում։ Ոչ, քանզի սաղմոսերգուն նրանց կոչ է անում հետևյալ խոսքերով. «Հիմա, ով թագաւորներ, խոհեմացէք եւ խրատուեցէք, ով երկրի դատաւորներ» (Սաղմոս 2։10)։ Թագավորներին հորդոր է տրվում ականջ դնել, խոհեմություն ցուցաբերել։ Նրանք պետք է հասկանան, թե որքան ունայն են իրենց ծրագրերը՝ համեմատած այն ամենի հետ, ինչ կանի Աստծո Թագավորությունը հանուն մարդկության։
19 Աստծո հավանությանն արժանանալու համար երկրի թագավորները պետք է փոխեն իրենց ընթացքը։ Նրանց հորդոր է տրվում. «Վախով ծառայեցէք Տիրոջը [Եհովային], եւ դողալով ցնծացէք» (Սաղմոս 2։11)։ Ի՞նչ կլինի, եթե նրանք իսկապես այդպես վարվեն։ Իրարանցման կամ շփոթության մեջ ընկնելու փոխարեն՝ նրանք կկարողանան ուրախանալ այն հեռանկարով, որ Մեսիական Թագավորը կդնի նրանց առջև։ Հարկ կլինի, որ երկրի ղեկավարները թողնեն հպարտությունն ու ամբարտավանությունը, որ ցուցաբերում են իրենց իշխանությունն իրականացնելիս։ Ավելին, նրանք անհապաղ պետք է փոխվեն ու խոհեմություն հանդես բերելով՝ հաշվի նստեն Եհովայի անզուգական ու գերազանց գերիշխանության, ինչպես նաև նրա ու Մեսիական Թագավորի անդիմադրելի զորության հետ։
«Որդին համբուրեցէք»
20, 21. Ի՞նչ է նշանակում ‘Որդուն համբուրեք’ արտահայտությունը։
20 Իսկ հիմա երկրորդ սաղմոսում գթասրտորեն հրավեր է տրվում ազգերի ղեկավարներին։ Նրանց խորհուրդ է տրվում, ընդդիմանալու նպատակով ուժերը համախմբելու փոխարեն, հետևյալն անել. «Որդին համբուրեցէք, որ [Եհովա Աստված] չ’բարկանայ, եւ դուք չ’կորչիք ճանապարհումը. որովհետեւ նորա բարկութիւնը շուտով կ’վառուի» (Սաղմոս 2։12ա)։ Հարկավոր է հնազանդվել Գերիշխան Տեր Եհովային, երբ նա հրաման է արձակում։ Աստված իր Որդուն նստեցրել է գահին, ուստի երկրի ղեկավարները պետք է դադարեն ‘ունայն բաներ մտածելուց’։ Նրանք պետք է անհապաղ ճանաչեն Թագավորին ու լիակատար հնազանդություն ցույց տան նրան։
21 Ինչո՞ւ նրանք պետք է ‘համբուրեն որդուն’։ Այն ժամանակներում, երբ կազմվել է երկրորդ սաղմոսը, համբույրը բարեկամության նշան էր, և հյուրընկալության ժամանակ մարդիկ միմյանց համբույրով էին ողջունում։ Համբուրելը նաև կարող էր նվիրվածության ու հավատարմության նշան լինել (Ա Թագաւորաց 10։1)։ Երկրորդ սաղմոսի այս համարում Աստված հրամայում է ազգերին համբուրել, կամ՝ ողջունել իր Որդուն՝ որպես օծյալ Թագավորի։
22. Ազգերի ղեկավարները պարտավոր են ո՞ր նախազգուշացմանը ականջ դնել։
22 Ովքեր մերժում են ճանաչել Աստծո ընտրյալ Թագավորի իշխանությունը, նրանք վիրավորում են Աստծուն։ Նրանք չեն ընդունում Եհովա Աստծո գերիշխանությունը, ինչպես նաև նրա իրավունքն ու կարողությունը ընտրելու Թագավոր, որը մարդկության լավագույն ղեկավարն է։ Այն ժամանակ, երբ ազգերի ղեկավարները զբաղված կլինեն սեփական ծրագրերը իրագործելու փորձերով, նրանք իրենց վրա կզգան Աստծո ցասումը։ «Նորա բարկութիւնը շուտով կ’վառուի», այսինքն՝ արագորեն ու անդիմադրելի կերպով կբորբոքվի։ Ազգերի ղեկավարները պարտավոր են երախտագիտությամբ ընդունել այս նախազգուշացումը ու գործել դրա համաձայն։ Վարվելով այսպես՝ նրանք կփրկեն իրենց կյանքը։
23. Ի՞նչ անելու ժամանակ դեռևս կա առանձին անհատների համար։
23 Այս անչափ հետաքրքիր սաղմոսը ավարտվում է հետևյալ խոսքերով. «Երանի այն ամենին որ նորան [Եհովային] են յուսացած» (Սաղմոս 2։12բ)։ Դեռևս ժամանակ կա առանձին անհատների համար ապահովություն գտնելու։ Սա կարելի է ասել նույնիսկ առանձին ղեկավարների համար, որոնք թիկունք են կանգնում ազգերի ծրագրերին։ Նրանք կարող են փախչել դեպի Եհովան, որը ապաստան է տալիս իր Թագավորության իշխանության ներքո։ Սակայն նրանք պետք է քայլեր ձեռնարկեն, նախքան Մեսիական Թագավորությունը կջախջախի ընդդիմադիր ազգերին։
24. Ինչպե՞ս կարող ենք ավելի գոհացուցիչ կյանքով ապրել նույնիսկ այս տագնապալից աշխարհում։
24 Եթե ջանասիրաբար ուսումնասիրենք Աստվածաշունչը ու նրա խորհուրդները կիրառենք կյանքում, ապա կարող ենք ավելի գոհացուցիչ կյանքով ապրել անգամ այսպիսի տագնապալից աշխարհում։ Սուրբգրային խորհուրդները կիրառելը ավելի երջանիկ է դարձնում ընտանեկան կյանքը, ինչպես նաև ազատում է այն բազմաթիվ անհանգստություններից ու վախերից, որ պարուրում են այս աշխարհը։ Աստվածաշնչի առաջնորդությանը հետևելը մեզ վստահություն է ներշնչում, որ հաճելի ենք Արարչին։ Տիեզերքի Գերիշխանից բացի, ոչ ոք չի կարող երաշխավորել ‘ներկա կյանքը’, ինչպես նաև ‘ապագա կյանքը’, որը Աստված կտա այն բանից հետո, երբ երկրագունդը մաքրի նրանցից, ովքեր, մերժելով Աստծո Թագավորության իշխանությունը, ընդդիմանում են ճշմարտությանը (Ա Տիմոթէոս 4։8, ԱԱ)։
25. Քանի որ Եհովայի «հրամանը» չի կարող չկատարվել, ի՞նչ կարող ենք ակնկալել մեր ժամանակներում։
25 Եհովայի «հրամանը» չի կարող չկատարվել։ Լինելով մեր Ստեղծիչը՝ Աստված գիտի, թե ինչը կարող է ամենից օգտակար լինել մարդկության համար, ու կիրագործի իր նպատակը. նա իր սիրելի Որդու Թագավորության ներքո կօրհնի հնազանդ մարդկությանը խաղաղությամբ, նրանց սրտերը կլցնի գոհունակությամբ ու կայուն ապահովություն կտա։ Մեր ժամանակների վերաբերյալ Դանիել մարգարեն գրել է. «Այն թագաւորների օրերումը երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ.... նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։ Ուստի կասկած չկա, որ այժմ խիստ կարևոր է ‘համբուրել Որդուն’ և ծառայել Գերիշխան Տեր Եհովային։
[ծանոթագրություններ]
a Սկզբնապես այդ ‘Օծյալը’ Դավիթ թագավորն էր, իսկ «երկրի թագաւորները’ փղշտացի ղեկավարներն էին, որոնք իրենց զորքերը նրա դեմ էին հանել։
b Քրիստոնեական Հունարեն Գրությունների այլ համարներ նույնպես վկայում են, որ Հիսուսը Աստծո Օծյալն է, ինչի մասին հիշատակվում է երկրորդ սաղմոսում։ Դա ակնհայտորեն երևում է, եթե Սաղմոս 2։7–ը համեմատենք Գործք 13։32, 33–ի ու Եբրայեցիս 1։5, 5։5–ի հետ։ Տե՛ս նաև Սաղմոս 2։9 և Յայտնութիւն 2։27–ը։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ ‘ունայն բաներ են մտածում’ ազգերը։
• Ինչո՞ւ է Եհովան ծաղրում ազգերին։
• Ո՞րն է Աստծո հրամանն ընդդեմ ազգերի։
• Ի՞նչ է նշանակում ‘համբուրել որդուն’։
[նկար 16–րդ էջի վրա]
Դավիթը երգեց հաղթական Մեսիական Թագավորի մասին
[նկար 17–րդ էջի վրա]
Ղեկավարներն ու Իսրայելի ժողովուրդը միասնաբար Հիսուսի դեմ դուրս եկան
[նկար 18–րդ էջի վրա]
Քրիստոսը Թագավոր է նշանակվել երկնային Սիոն սարի վրա