Եհովան կպատասխանի սրտաբուխ աղոթքին
«Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ» (ՍԱՂ. 83։18)։
1, 2. Ի՞նչն է տպավորել շատ մարդկանց, և ի՞նչ հարցեր կքննարկենք։
ՏԱՐԻՆԵՐ առաջ մի կին անչափ ազդվել էր իրենց թաղամասում պատահած ողբերգությունից։ Այդ դեպքից հետո նրա մեջ որոշ հարցեր էին առաջացել Աստծու վերաբերյալ։ Նա մեծացել էր կաթոլիկների ընտանիքում, ուստի օգնության համար դիմեց տեղի կաթոլիկ քահանային։ Բայց քահանան անգամ չուզեց խոսել նրա հետ։ Կինը՝ հուսահատ, Աստծուն աղոթեց. «Ես չգիտեմ, թե դու ով ես.... բայց գիտեմ, որ կաս։ Խնդրում եմ՝ օգնիր ինձ ճանաչել քեզ»։ Կարճ ժամանակ անց Եհովայի վկաները այցելեցին նրան։ Այդ կինը նրանցից ստացավ այն, ինչ շարունակ փնտրում էր՝ մխիթարություն և իր հարցերի պատասխանները։ Այլ բաների թվում նա իմացավ, որ Աստված անուն ունի՝ Եհովա։ Դա մինչև սրտի խորքը տպավորեց նրան։ Կինը բացականչեց. «Պատկերացնո՞ւմ եք, ես գտա՛ այն Աստծուն, որին ցանկացել եմ ճանաչել դեռ մանկուց»։
2 Շատերն են այդպես տպավորվում, երբ իմանում են Աստծու անունը։ Հաճախ նրանք Եհովայի անունը առաջին անգամ կարդում են Սաղմոս 83։18 համարում։ Այնտեղ ասվում է. «Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ»։ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու է գրվել 83–րդ սաղմոսը։ Ո՞ր իրադարձությունները կստիպեն յուրաքանչյուր մարդու ընդունելու, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը։ Ի՞նչ իմաստ ունի այս սաղմոսը մեզ համար այսօր։ Հոդվածում կքննարկենք այս հարցերըa։
Դավեր՝ Եհովայի ժողովրդի դեմ
3, 4. Ո՞վ է կազմել 83–րդ սաղմոսը, և ի՞նչ սպառնալիքի մասին է սաղմոսերգուն խոսում։
3 Սաղմոս 83–ի ենթախորագրում գրված է՝ «Ասափի Սաղմոս»։ Ասափը Դավիթ թագավորի օրոք ապրած հայտնի ղևտացի երաժիշտ էր։ Բայց 83–րդ սաղմոսը, հավանաբար, կազմել է նրա հետնորդներից մեկը։ Այս երգում սաղմոսերգուն աղաչում է Եհովային քայլեր ձեռնարկել Իր գերիշխանությունը պաշտպանելու և Իր անունը հռչակելու համար։ Սաղմոսը, ըստ ամենայնի, կազմվել է Սողոմոնի մահից որոշ ժամանակ անց։ Որտեղի՞ց գիտենք։ Դավթի և Սողոմոնի կառավարման տարիներին Տյուրոսը բարյացակամ էր տրամադրված Իսրայելի հանդեպ։ Սակայն այն ժամանակ, երբ գրվեց 83–րդ սաղմոսը, Տյուրոսի բնակիչները միացել էին նրա թշնամիներին և Իսրայելի դեմ դուրս եկել։
4 Սաղմոսերգուն թվարկում է տասը ազգեր, որոնք ծրագրում էին ոչնչացնել Աստծու ժողովրդին։ Նրանք բոլորն էլ Իսրայելի շուրջն էին գտնվում։ Դրանք էին՝ «Եդովմի բնակարանները եւ Իսմայէլացիք, Մովաբ եւ Հագարացիք. Գեբաղ եւ Ամօն եւ Ամաղէկ, Փղշտացիք Տիւրոսի բնակիչների հետ։ Ասուրն էլ միաւորուեցաւ նորանց հետ» (Սաղ. 83։6–8)։ Ո՞ր դեպքը նկատի ունի սաղմոսերգուն։ Հովսափատի օրերում Ամոնի, Մովաբի և Սեիր սարի բնակիչները միացյալ ուժերով հարձակվեցին Իսրայելի վրա։ Ենթադրվում է, որ սաղմոսում խոսվում է հենց այդ մասին (Բ Մնաց. 20։1–26)։ Ըստ մեկ այլ կարծիքի՝ սաղմոսերգուն նկատի ունի այն թշնամությունը, որ կար Իսրայելի դեմ նրա ամբողջ պատմության ընթացքում։
5. Ինչո՞վ է օգտակար 83–րդ սաղմոսն այսօր։
5 Ամեն դեպքում մի բան պարզ է. Եհովա Աստված այս սաղմոսը գրել տվեց մի այնպիսի ժամանակ, երբ իր ժողովրդին վտանգ էր սպառնում։ Այն անչափ քաջալերեց իսրայելացիներին։ Այդ սաղմոսը այսօր ևս զորացնում է Աստծու ծառաներին։ Նրանք իրենց ամբողջ պատմության ընթացքում անընդհատ ենթարկվել են նենգադավ թշնամիների հարձակումներին։ 83–րդ սաղմոսը, անշուշտ, մեզ կզորացնի նաև մոտ ապագայում, երբ Մագոգի երկրի Գոգը հավաքի իր զորքերը և վերջին անգամ փորձի բնաջնջել բոլոր նրանց, ովքեր Աստծուն երկրպագում են ոգով և ճշմարտությամբ (կարդա՛ Եզեկիէլ 38։2, 8, 9, 16)։
Նրա գլխավոր մտահոգությունը
6, 7. ա) Ինչի՞ մասին աղոթեց սաղմոսերգուն 83–րդ սաղմոսի առաջին խոսքերում։ բ) Ո՞րն էր նրա գլխավոր մտահոգությունը։
6 Լսիր, թե ինչպես է սաղմոսերգուն իր հույզերն արտահայտում աղոթքի մեջ. «Ով Աստուած, լուռ մի կենար. անձայն մի լինիր, եւ մի դադարիր, ով Աստուած։ Ահա քո թշնամիները գոռում են, եւ քեզ ատողները բարձրացրին իրանց գլուխները։ Խորամանկ հնարք են շինում քո ժողովրդի դէմ.... Միաբան սրտով խորհուրդ արին, քեզ դէմ դաշինք հաստատեցին» (Սաղ. 83։1–3, 5)։
7 Ի՞նչն էր սաղմոսերգուին ամենաշատը մտահոգում։ Անշուշտ, նա իր և իր ընտանիքի անվտանգության մասին շատ էր մտածում։ Սակայն իր աղոթքում նա կենտրոնացավ այլ բանի վրա. Եհովայի ծառան անհանգստացած էր, որ իր Աստծու անվան վրա նախատինք է գալիս, իսկ Նրա անունը կրող ազգին վտանգ է սպառնում։ Թող որ բոլորս սաղմոսերգուի պես հավասարակշռված լինենք այս դժվար ժամանակներում, երբ այս աշխարհի վերջը մոտ է (կարդա՛ Մատթեոս 6։9, 10)։
8. Ի՞նչ նպատակով էին ազգերը դավեր նյութում Իսրայելի դեմ։
8 Սաղմոսերգուն գրում է, թե ինչ էին ասում թշնամիները. «Եկէք կորցնենք, որ ազգ չ’լինին. եւ էլ չ’յիշուի Իսրայէլ անունը» (Սաղ. 83։4)։ Ինչպիսի՛ ատելություն Աստծու ընտրյալ ազգի հանդեպ։ Հակառակորդները այլ նպատակներ էլ ունեին։ Նրանք ագահաբար ուզում էին տիրանալ Իսրայելին և մեծամտաբար ասում էին. «Տիրապետենք մեզ համար Աստուծոյ բնակարաններին» (Սաղ. 83։12)։ Մեր օրերում է՞լ է նման բան կատարվում։ Այո՛։
«Քո սուրբ բնակարանը»
9, 10. ա) Հնում ո՞րն էր Աստծու «սուրբ բնակարանը»։ բ) Ի՞նչ օրհնություններ են վայելում օծյալ մնացորդը և «ուրիշ ոչխարները»։
9 Հնում Աստծու սուրբ բնակարան էր կոչվում Ավետյաց երկիրը։ Հիշենք այն հաղթական երգը, որ իսրայելացիները երգեցին Եգիպտոսից ազատագրվելուց հետո. «Քո ողորմութիւնովը առաջնորդեցիր այս ժողովրդին, որին դու փրկեցիր. քո զօրութիւնովը տարիր նորանց քո սուրբ բնակարանը» (Ելից 15։13)։ Հետագայում այդ «բնակարանում», կամ՝ բնակատեղում, կառուցվեց տաճար, որտեղ ծառայում էին քահանաները։ Այդ բնակատեղը ուներ մայրաքաղաք՝ Երուսաղեմը։ Այստեղ «Տիրոջ աթոռի» վրա նստում էին Դավթի տոհմից սերող թագավորները (Ա Մնաց. 29։23)։ Ուստի պատահական չէր, որ Հիսուսը Երուսաղեմն անվանեց «մեծ Թագավորի քաղաք» (Մատթ. 5։35)։
10 Հետագայում՝ մ.թ. 33–ին, նոր ազգ ծնվեց՝ «Աստծու Իսրայելը» (Գաղ. 6։16)։ Այդ ազգը՝ Հիսուս Քրիստոսի օծյալ եղբայրները, կատարեց այն հանձնարարությունը, որը Իսրայել ազգը այդպես էլ չարեց. նրանք վկայություն տվեցին Աստծու անվան մասին (Ես. 43։10; 1 Պետ. 2։9)։ «Աստծու Իսրայելին» Եհովան տվեց նույն խոստումը, ինչ որ տվել էր հին Իսրայելին. «Ես նրանց Աստվածը կլինեմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն» (2 Կորնթ. 6։16; Ղեւտ. 26։12)։ 1919 թ.–ին Եհովան «Աստծու Իսրայելի» մնացորդին ցույց տվեց իր հավանությունը, և այդ ժամանակ օծյալները տիրացան մի «երկրի»։ Այս «երկիրը» ներկայացնում է հոգևոր գործունեության մի ոլորտ, որտեղ հոգևոր դրախտ է տիրում (Ես. 66։8)։ 1930 թ.–ից մինչև մեր օրերը միլիոնավոր «ուրիշ ոչխարներ» են հավաքվել նրանց շուրջը (Հովհ. 10։16)։ Այն, որ ժամանակակից քրիստոնյաները ուրախ ու երջանիկ են և հոգևորապես բարգավաճում են, զորեղ ապացույց է, որ Եհովայի գերիշխանությունն իրոք արդար է (կարդա՛ Սաղմոս 91։1, 2)։ Որքա՜ն է այս ամենը զայրացնում Սատանային։
11. Ո՞րն է եղել և մնում Աստծու թշնամիների հիմնական նպատակը։
11 Ինչ սկսել են վերջին օրերը, Սատանան երկրի վրա գտնվող իր կամակատարների միջոցով անդադար փորձում է հակառակվել օծյալ մնացորդին ու նրանց ընկերակիցներին։ Այդպես եղավ Արևմտյան Եվրոպայում ֆաշիզմի տարիներին և Արևելյան Եվրոպայում Խորհըրդային Միության օրոք։ Թշնամիները հակառակվել են նաև շատ այլ երկրներում ու դեռ կհակառակվեն ապագայում, հատկապես Մագոգի Գոգի վերջնական հարձակման ժամանակ։ Այդ ժամանակ նրանք գուցե ագահաբար տիրանան Եհովայի ժողովրդի սեփականությանը և ունեցվածքին, ինչպես որ արել են անցյալում։ Սատանայի հիմնական նպատակը, սակայն, միշտ եղել է մեզ գլխովին ոչնչացնելը, այնպես, որ «Եհովայի վկաներ» անունը իսպառ մոռացվի։ Ինչպե՞ս է Եհովան արձագանքում իր գերիշխանության հանդեպ նման ոտնձգությանը։ Այս հարցին պատասխանելու համար վերադառնանք 83–րդ սաղմոսին։
Հաղթանակներ՝ անցյալում
12–14. Մեգիդոյի մոտ իսրայելացիների տարած ո՞ր երկու հաղթանակների մասին է խոսում սաղմոսերգուն։
12 Սաղմոսերգուն ոչ մի կասկած չունի, որ Եհովան ի զորու է խափանել թշնամի ազգերի ծրագրերը։ Նա հիշատակում է Իսրայելի տարած երկու վճռական հաղթանակներ հնագույն քաղաք Մեգիդոյի (Մակեդդովի) մոտ, որը բարձրից նայում էր նույնանուն հովտին։ Ամռանը ոլորապտույտ Կիսոն գետը, որ հոսում էր այդ հովտով, ամբողջությամբ չորանում էր։ Ձմեռային հորդառատ անձրևներից հետո գետը հեղեղում էր հովիտը։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ Կիսոն գետը կոչվում էր նաև «Մակեդդովի ջուր» (Դատ. 4։13; 5։19)։
13 Մեգիդոյից մոտ 15 կիլոմետր հեռու՝ հովտի մյուս կողմում, գտնվում է Մորե բլուրը։ Գեդեոն դատավորի օրերում մադիանացիները, ամաղեկացիները և «արեւելցիները» միասին դուրս եկան Իսրայելի դեմ (Դատ. 7։1, 12)։ Գեդեոնը Եհովայի օգնությամբ ընդամենը 300 մարտիկներով ջախջախեց թշնամու ահռելի բանակը։ Հետևելով Աստծու առաջնորդությանը՝ նրանք գիշերը շրջապատեցին թշնամու ճամբարը։ Նրանցից յուրաքանչյուրի ձեռքում սափոր կար, իսկ սափորի մեջ՝ վառվող ջահ։ Գեդեոնի ազդանշանով՝ նրա մարդիկ ջարդեցին սափորները, և ջահերը անսպասելիորեն երևացին։ Նրանք փչեցին իրենց փողերը և ամբողջ ձայնով բղավեցին. «Եհովայի՛ և Գեդեոնի՛ սուրը»։ Թշնամու զինվորները խուճապի մատնվեցին ու սկսեցին իրար սպանել։ Կենդանի մնացածները փախան և անցան Հորդանան գետը։ Գեդեոնի մարտիկները, որոնց միացել էին ուրիշ իսրայելացիներ, հետապնդեցին նրանց։ Ընդհանուր հաշվով՝ սպանվեց թշնամու 120 000 զինվոր (Դատ. 7։19–25; 8։10)։
14 Մորե բլրից մոտ 6 կիլոմետր հյուսիս գտնվում է Թաբոր լեռը։ Այս լեռան վրա Բարակ դատավորը հավաքեց 10 000 իսրայելացի զինվոր, որպեսզի պայքարի Հասորում թագավորող քանանացի Հաբինի բանակի դեմ, որը ղեկավարում էր նրա զորավար Սիսարան։ Այդ բանակն ուներ 900 ռազմակառք, որոնց անիվների վրա կային երկաթյա երկար, սուր ելուստներ։ Իսրայելացիները, որ վատ էին զինված, կենտրոնացել էին Թաբոր լեռան վրա, իսկ Սիսարայի բանակը վստահ մտավ հովիտ։ Հավանաբար, անսպասելիորեն տեղատարափ անձրև սկսվեց, և Կիսոն գետը դուրս եկավ ափերից, ինչի պատճառով էլ կառքերը խրվեցին ցեխի մեջ և այլևս չկարողացան շարժվել։ Իսրայելացիները կոտորեցին թշնամու ամբողջ բանակը։ Այդպես Եհովան «խորտակեց Սիսարային եւ բոլոր կառքերը եւ բոլոր բանակը» (Դատ. 4։13–16; 5։19–21)։
15. ա) Սաղմոսերգուն ի՞նչ է խնդրում Եհովային։ բ) Ի՞նչ է մեզ հիշեցնում «Արմագեդոն» անունը։
15 Սաղմոսերգուն աղաչում է Եհովային նման կերպ վարվել նաև այն ազգերի հետ, որոնք իր օրերում սպառնում են Իսրայելին։ Նա աղոթում է. «Արա նորանց ինչպէս Մադիամին՝ ինչպէս Սիսերային՝ ինչպէս Յաբինին Կիսոն հեղեղատի մօտ։ Որ նորանք Ենդովրի մօտ սատկեցին. աղբ եղան երկրի վերայ» (Սաղ. 83։9, 10)։ Ուշագրավ է, որ Աստծու վերջնական պատերազմը Սատանայի աշխարհի դեմ կոչվում է Արմագեդոն (նշանակում է «Մեգիդոյի լեռ»)։ Այս անունը մեզ հիշեցնում է Մեգիդոյի մոտ տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտերը։ Այդ մարտերում Եհովայի տարած հաղթանակները վստահեցնում են մեզ, որ նա անպայման կջախջախի իր թշնամիներին Արմագեդոն պատերազմում (Հայտն. 16։13–16)։
Աղոթիր Եհովայի գերիշխանության արդարացման համար
16. Ինչպե՞ս են հակառակորդների «երեսները լցվել անարգանքով»։
16 Այս «վերջին օրերի» ամբողջ ընթացքում թշնամիները ցանկացել են ոչնչացնել Եհովայի ժողովրդին, բայց Աստված խափանել է նրանց չար ծրագրերը և ամոթով թողել նրանց (2 Տիմոթ. 3։1)։ Սաղմոս 83։16–ում կարդում ենք խոսքեր, որոնք այսօր կատարվել են. «Լցրու նորանց երեսներն անարգանքով, որ քո անունը խնդրեն, ով Տէր»։ Տարբեր երկրներում հակառակորդները ջանացել են լռեցնել Եհովայի վկաներին, բայց ապարդյուն. նրանք լիովին ձախողվել են։ Միակ ճշմարիտ Աստծու երկրպագուների հաստատակամությունն ու տոկունությունը վկայություն է եղել ազնվասիրտ մարդկանց, և շատերը սկսել են «խնդրել», այսինքն՝ փնտրել Եհովայի անունը։ Մի շարք երկրներում, որտեղ Եհովայի վկաները դաժանաբար հալածվել են, այժմ կան տասնյակ, նույնիսկ հարյուր հազարավոր երջանիկ մարդիկ, ովքեր փառաբանում են Եհովային։ Տեսնում ենք, որ Եհովան նորից ու նորից փայլուն հաղթանակներ է տանում, իսկ նրա թշնամիները խայտառակ պարտություններ են կրում (կարդա՛ Երեմիա 1։19)։
17. Ի՞նչ վճռական ժամանակներում է գտնվում մարդկությունը, և մոտ ապագայում ո՞ր խոսքերը կհիշենք։
17 Մենք գիտենք, իհարկե, որ «պատերազմը» դեռ չի ավարտվել, և շարունակում ենք քարոզել բարի լուրը նույնիսկ հակառակորդներին (Մատթ. 24։14, 21)։ Սակայն զղջալու և փրկվելու հնարավորությունը, որ տրվում է նրանց, շուտով այլևս չի լինի։ Եհովայի անվան սրբացումը շատ ավելի կարևոր է, քան մարդու փրկությունը (կարդա՛ Եզեկիէլ 38։23)։ Աստվածաշնչում գրված մարգարեության համաձայն՝ ամբողջ աշխարհի ազգերը միասնական ուժերով կփորձեն վերացնել Աստծու ժողովրդին։ Երբ այդ ժամանակը գա, մենք կհիշենք սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Թող ամաչեն եւ շփոթուին յաւիտեանս յաւիտենից, եւ ամօթ լինին ու կորչեն» (Սաղ. 83։17)։
18, 19. ա) Ի՞նչ է սպասում Եհովայի գերիշխանության համառ հակառակորդներին։ բ) Ինչպե՞ս ես վերաբերվում այն բանին, որ Եհովայի գերիշխանությունը շուտով կարդարացվի։
18 Եհովայի գերիշխանության համառ հակառակորդներին ստորացուցիչ վախճան է սպասում։ Աստծու Խոսքը ցույց է տալիս, որ «նրանք, ովքեր չեն հնազանդվում բարի լուրին», Արմագեդոնին կոչնչանան և «հավիտենական կործանման» կդատապարտվեն (2 Թեսաղ. 1։7–9)։ Նրանց ոչնչացումը ու Եհովայի ճշմարիտ երկրպագուների փրկությունը համոզիչ ապացույց կլինի, որ Եհովան միակ ճշմարիտ Աստվածն է։ Նոր աշխարհում այդ մեծ հաղթանակը երբեք չի մոռացվի։ Երբ «արդարները և անարդարները» հարություն առնեն, նրանք կիմանան Եհովայի կատարած մեծ գործի մասին (Գործ. 24։15)։ Նրանք կհամոզվեն, թե որքան իմաստուն է ապրել Եհովայի գերիշխանության ներքո։ Ովքեր խոնարհ լինեն, կտեսնեն, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը։
19 Ի՜նչ հրաշալի ապագա է մեր երկնային Հայրը պատրաստել իր հավատարիմ երկրպագուների համար։ Քո մեջ ցանկություն չի՞ առաջանում աղոթելու, որ Եհովան մոտ ժամանակներում վերջնականապես պատասխանի սաղմոսերգուի աղոթքին. «Թող [քո թշնամիները] ամօթ լինին ու կորչեն. եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ» (Սաղ. 83։17, 18)։
[ծանոթագրություն]
a Հոդվածը ուսումնասիրելուց առաջ լավ կլինի, որ կարդաս 83–րդ սաղմոսը և ծանոթանաս բովանդակությանը։
Կարո՞ղ եք բացատրել
• Ի՞նչ իրավիճակում էր Իսրայելը, երբ գրվեց 83–րդ սաղմոսը։
• Ո՞րն էր սաղմոսերգուի գլխավոր մտահոգությունը։
• Ովքե՞ր են այսօր ենթարկվում Սատանայի հարձակումներին։
• Ինչպե՞ս Եհովան վերջնականապես կպատասխանի Սաղմոս 83։18 համարում գրված աղոթքին։
[Քարտեզ 15–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Մեգիդոյի մոտ տեղի ունեցած ճակատամարտերը ինչպե՞ս են կապված մեր ապագայի հետ
Կիսոն գետ
Արիսոթ
Կարմեղոս լ.
Հեզրայելի հովիտ
Մեգիդո
Թանաք
Գեղբուե լ.
Հարոդի աղբյուր
Մորե
Ենդովր
Թաբոր լ.
Գալիլեայի ծով
Հորդանան գետ
[նկար 12–րդ էջի վրա]
Ի՞նչը մղեց սաղմոսերգուին սրտանց աղոթելու Եհովային