Եհովան մեր ապավենն է
«Դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր։ Քեզ չար բան չի հասնիլ» (Սաղմոս 91։9, 10)։
1. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան մեր ապավենն է։
ԵՀՈՎԱՆ իսկական ապավեն է իր ժողովրդի համար։ Եթե լիովին նվիրվել ենք նրան, ապա հնարավոր է, որ «ամէն կողմից ճնշուած [լինենք], բայց ոչ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ, հալածուած, բայց ոչ լքուած, չարչարուած, բայց ոչ մեռած»։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան շնորհում է մեզ «զօրութեան գերազանցութիւնը» (Բ Կորնթացիս 4։7–9)։ Այո, մեր երկնային Հայրն օգնում է մեզ իրեն հաճելի կյանքով ապրել, և մենք կարող ենք մեր սրտում դնել սաղմոսերգուի խոսքերը. «Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր։ Քեզ չար բան չի հասնիլ» (Սաղմոս 91։9, 10)։
2. Ի՞նչ կարելի է ասել Սաղմոս 91–ի մասին, և ի՞նչ խոստում է այնտեղ տրված։
2 Սաղմոս 91–ի այս խոսքերը, հավանաբար, Մովսեսն է գրել։ Սաղմոս 90–ի վերնագրում նշված է Մովսեսի անունը՝ որպես այդ սաղմոսը կազմողի, իսկ Սաղմոս 91–ը հետևում է նախորդին՝ առանց գրողի անունը նշող որևէ վերնագրային ընդհատման։ Հավանաբար, Սաղմոս 91–ը կատարվել է անտիֆոն երգեցողությամբ, այսինքն՝ նախ երգում է մեկը (91։1, 2), ապա երգչախումբը պատասխանում է նրան (91։3–8)։ Ըստ ամենայնի, 91։9ա համարում կրկին երգում է մենակատարը, իսկ 91։9բ–13-ում՝ խումբը։ Եվ վերջում մենակատարը երգում է ավարտական մասը (91։14–16)։ Ամեն դեպքում, 91–րդ սաղմոսում հոգևոր ապահովություն է խոստացվում օծյալ քրիստոնյաներին՝ որպես դասակարգի. նման հավաստիացում է տրվում նաև մի խմբի, որի աստվածանվեր անդամները իրենց ընկերակիցներն են։a Իսկ հիմա եկեք քննարկենք այս սաղմոսը Եհովայի բոլոր այս ծառաների տեսանկյունից։
Ապահովություն ‘Աստծո ծածկոցի տակ’
3. ա) Ի՞նչ է ‘Բարձրյալի ծածկոցը’։ բ) Ի՞նչ ենք զգում՝ ‘Ամենակարողի շուքի տակ ապաստանելով’։
3 Սաղմոսերգուն երգում է. «Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում [«ապաստան գտնում», ՆԱ]։ Ես կ’ասեմ Տիրոջը. Իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ» (Սաղմոս 91։1, 2)։ ‘Բարձրյալի ծածկոցը’, փոխաբերական իմաստով, պաշտպանություն է մեզ և, մասնավորապես, օծյալների համար, որոնք Բանսարկուի առանձնահատուկ թիրախն են հանդիսանում (Յայտնութիւն 12։15–17)։ Նա կկործաներ մեզ բոլորիս, եթե չունենայինք Աստծո պաշտպանությունը։ Մենք հոգևոր իմաստով հյուրեր ենք, որ ապաստան ենք գտել Աստծո մոտ։ ‘Ամենակարողի շուքի տակ ապաստանելով’՝ մենք մեզ Աստծո պաշտպանիչ հովանու ներքո ենք զգում (Սաղմոս 15։1, 2; 121։5)։ Ավելի անվտանգ ապաստան կամ անառիկ ամրոց, քան մեր Գերիշխան Տերը՝ Եհովան է, չկա (Առակաց 18։10)։
4. Ի՞նչ միջոցներ է Սատանան՝ ‘որսորդը’, օգտագործում, և ինչպե՞ս ենք ‘պրծնում’ նրա թակարդներից։
4 Սաղմոսերգուն ավելացնում է. «Նա [Եհովան] կ’փրկէ քեզ որսողի որոգայթիցը, չար ժանտամահիցը» (Սաղմոս 91։3)։ Հին Իսրայելում որսորդը հաճախ որսին բռնելու համար թակարդ և վարմ էր օգտագործում։ Սատանայի՝ այդ ‘որսորդի’ թակարդների շարքին են դասվում նրա չար կազմակերպությունն ու ‘հնարանքները’ (Եփեսացիս 6։11)։ Մեր ճանապարհին դրված են աննկատելի որոգայթներ, որպեսզի սխալ քայլեր կատարենք ու հոգևորապես կործանվենք (Սաղմոս 142։3)։ Սակայն, քանի որ մերժում ենք անարդարությունը, ‘մեր անձերը, ինչպես ծիտ, պրծնում են որսորդների որոգայթից’ (Սաղմոս 124։7, 8)։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան չար «որսողից» ազատում է մեզ (Մատթէոս 6։13)։
5, 6. Ինչպե՞ս է ‘ժանտամահը’ դժվարություններ պատճառում, բայց ինչո՞ւ Եհովայի ժողովուրդը կուլ չի գնում դրան։
5 Սաղմոսերգուն նշում է «չար ժանտամահի» մասին։ Ինչպես սուր վարակիչ հիվանդություն, կա մի բան, որը դժբախտություններ է պատճառում մարդկային ընտանիքին և դժվարությունների առջև կանգնեցնում Եհովայի գերիշխանության ջատագովներին։ Սրա հետ կապված՝ պատմաբան Առնոլդ Թոյնբին գրել է. «Սկսած Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից՝ ազգայնամոլությունը կրկնապատկել է սուվերեն, անկախ պետությունների թիվը.... Մարդկությունը ներկայումս գնալով ավելի ու ավելի է պառակտիչ տրամադրություններով համակվում»։
6 Դարերի ընթացքում եղել են կառավարիչներ, որոնք միջազգային պառակտողական բախումներ են հրահրել։ Նրանք նաև պահանջել են, որ մարդիկ իրենց կամ զանազան պատկերների ու խորհրդանիշների առջև խոնարհվեն։ Բայց Եհովան երբեք թույլ չի տվել իր հավատարիմ ժողովրդին կուլ գնալու այդ ‘ժանտամահին’ (Դանիէլ 3։1, 2, 20–27; 6։7–10, 16–22)։ Որպես միջազգային սիրառատ եղբայրակցություն՝ մենք բացարձակապես նվիրված ենք Եհովային, սուրբգրային չեզոքություն ենք պահում և անաչառորեն ընդունում ենք, որ «բոլոր ազգերի մէջ ով երկնչում է [Աստծուց] եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Գործք 10։34, 35; Ելից 20։4–6; Յովհաննէս 13։34, 35; 17։16; Ա Պետրոս 5։8, 9)։ Թեև որպես քրիստոնյաներ հալածանքներ ենք կրում, մենք ուրախ ու հոգևորապես ապահով ենք ‘Բարձրյալի ծածկոցի տակ’։
7. Ինչպե՞ս է Եհովան մեզ պաշտպանում «իր փետուրներով»։
7 Քանի որ Եհովան է մեր ապավենը, մենք կարող ենք մխիթարվել հետևյալ խոսքերով. «[Նա] քեզ իր փետուրներովը պիտի ծածկէ ու իր թեւերուն տակ պիտի ապաստանիս։ Անոր ճշմարտութիւնը վահան մը ու ասպար մը [«պատվար», ՆԱ] պիտի ըլլայ քեզի» (Սաղմոս 91։4, Արևմտ. Աստ.)։ Աստված պաշտպանում է մեզ ծնող–թռչունի պես, որը, պաշտպանելով իր ձագին, պտտվում է նրա շուրջ (Եսայիա 31։5)։ ‘Նա մեզ իր փետուրներով ծածկում է’։ Լայն իմաստով՝ թռչնի ‘փետուրները’ իր թևերն են։ Դրանցով նա ծածկում է իր ձագին՝ պաշտպանելով գիշատիչներից։ Ինչպես նոր փետրավորված թռչնակներ, մենք ապահով ենք մեզ զգում Եհովայի փոխաբերական փետուրների տակ, քանի որ ապաստան ենք գտել նրա ճշմարիտ քրիստոնեական կազմակերպության մեջ (Հռութ 2։12; Սաղմոս 5։1, 11)։
8. Ինչպե՞ս է Եհովայի «ճշմարտութիւնը» վահան և պատվար։
8 Մենք ապավինում ենք Եհովայի ‘ճշմարտությանը’։ Այն նման է հին ժամանակներում եղած մեծ վահանի, որը տեսքով հաճախ դուռ էր հիշեցնում և բավականաչափ մեծ էր՝ ծածկելու մարդու ողջ մարմինը (Սաղմոս 5։12)։ Նման պաշտպանության հանդեպ վստահություն ունենալը ազատում է մեզ վախի զգացումից (Ծննդոց 15։1; Սաղմոս 84։11)։ Ինչպես մեր հավատը, այնպես էլ Աստծո ճշմարտությունը մեծ վահան է, որը պաշտպանում է մեզ Սատանայի կրակոտ նետերից և թշնամիների հարվածներից (Եփեսացիս 6։16)։ Այն նաև նման է ամուր պաշտպանողական պատվարի, որի ետևում մենք վստահ ենք մեզ զգում։
‘Մենք չենք վախենա’
9. Ինչո՞ւ կարող են գիշերային ժամերը վախ ներշնչել, բայց ինչո՞ւ մենք չենք վախենում։
9 Նկատի ունենալով Աստծո պաշտպանությունը՝ սաղմոսերգուն ասում է. «Պիտի չվախնաս գիշերուան զարհուրանքէն ու ցորեկը՝ թռչող նետեն, ոչ ալ՝ մութ տեղը պտըտող ժանտամահէն ու կէսօրուան ատեն սատկեցնող հարուածէն» (Սաղմոս 91։5, 6, Արևմտ. Աստ.)։ Քանի որ բազմաթիվ չար գործեր են արվում մթության քողի տակ, գիշերային ժամերը կարող են վախ ներշնչել։ Այսօրվա աշխարհի հոգևոր խավարի մեջ մեր թշնամիները հաճախ դիմում են քողարկված գործողությունների՝ ջանալով քայքայել մեր հոգևոր վիճակը ու կանգնեցնել քարոզչական գործունեությունը։ Բայց ‘մենք չենք վախենում գիշերվա զարհուրանքից’, քանի որ Եհովան պահպանում է մեզ (Սաղմոս 64։1, 2; 121։4; Եսայիա 60։2)։
10. ա) Ինչի՞ն է, հավանաբար, մատնանշում ‘ցերեկը թռչող նետը’, և ինչպե՞ս ենք մենք արձագանքում դրան։ բ) Ի՞նչ է բնորոշ ‘մութ տեղը պտտող ժանտամահին’, և ինչո՞ւ մենք չենք վախենում։
10 ‘Ցերեկը թռչող նետը’, ըստ էության, մատնացույց է անում «խոսքով» գրոհելուն (Սաղմոս 64։3–5; 94։20)։ Քանի որ մենք քաջաբար շարունակում ենք մարդկանց ներկայացնել ճշմարիտ ինֆորմացիա, մեր սրբազան ծառայության հանդեպ նման հրապարակային հակառակությունները ոչ մի արդյունքի չեն հասնում։ Ավելին, մենք չենք վախենում «մութ տեղը պտըտող ժանտամահէն»։ Սա փոխաբերական իմաստով ժանտախտ է, որի օջախը Սատանայի իշխանության տակ գտնվող, բարոյական ու կրոնական տեսակետից հիվանդ աշխարհն է (Ա Յովհաննէս 5։19)։ Այդ աշխարհը մարդկանց ուղեղներն ու սրտերը անզգայացնում է՝ պահելով նրանց խավարի մեջ Եհովայի, նրա նպատակների ու սիրառատ կարգավորումների առնչությամբ (Ա Տիմոթէոս 6։4)։ Շրջապատված լինելով այդ խավարով՝ մենք չենք վախենում, քանի որ հոգևոր լույսը առատորեն է ընկնում մեզ վրա (Սաղմոս 43։3)։
11. Ի՞նչ է պատահում նրանց, ովքեր ‘կեսօրին հարված’ են ստանում։
11 «Կէսօրուան ատեն սատկեցնող հարուածը» նույնպես մեզ չի վախեցնում։ ‘Կեսօրը’ կարող է նշանակել աշխարհի, այսպես կոչված, լուսավորվածությունը։ Նրանք, ովքեր կուլ են գնում նրանում տիրող նյութապաշտական հայացքներին, հոգևորապես կործանվում են (Ա Տիմոթէոս 6։20, 21)։ Եթե մենք համարձակորեն հռչակում ենք Թագավորության լուրը, ապա կարող ենք չվախենալ մեր և ոչ մի թշնամուց, քանզի Եհովան է մեր Պաշտպանը (Սաղմոս 64։1; Առակաց 3։25, 26)։
12. Ինչպե՞ս և ո՞ւմ կողքին են հազարավորներ ‘ընկնում’։
12 Սաղմոսերգուն շարունակում է. «Հազար հոգի քո կողմիցը կ’ընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. բայց քեզ չի մօտենալ։ Միայն քո աչքերովը կ’նայիս, եւ ամբարիշտների հատուցումը կ’տեսնես» (Սաղմոս 91։7, 8)։ Շատերը, քանի որ Եհովային իրենց ապավենը չեն դարձնում, «կ’ընկնեն» հոգևոր մահով հենց ‘մեր կողքին’։ Փաստն այն է, որ ‘տասնյակ հազարավորներ’ ընկել են ներկայիս հոգևոր իսրայելացիների «աջ կողմիցը» (Գաղատացիս 6։16)։ Բայց մենք, անկախ նրանից, օծյալ քրիստոնյաներ ենք, թե նրանց աստվածանվեր ընկերակիցները, ապահով ենք Աստծո «ծածկոցի տակ»։ Մենք պարզապես ‘նայում ենք և տեսնում ամբարիշտների հատուցումը’, որոնք անախորժություններ են ‘հնձում’ առևտրի, կրոնի և այլ բնագավառներում (Գաղատացիս 6։7, 8ա)։
‘Մեզ չար բան չի հասնի’
13. Ի՞նչ չարիքներ մեզ չեն ‘հասնի’ և ինչո՞ւ։
13 Չնայած այն բանին, որ այս աշխարհում վտանգները գնալով շատանում են՝ մենք նախևառաջ ապավինում ենք Աստծուն և քաջալերվում ենք սաղմոսերգուի հետևյալ խոսքերից. «Որովհետեւ դու ես, Տէր, իմ յոյսը. դու Բարձրեալին քեզ ապաւէն [«ապաստանարան», Արևմտ. Աստ.] արիր։ Քեզ չար բան չի հասնիլ. եւ նեղութիւն [«հարուած», Արևմտ. Աստ.] չի մօտենալ քո բնակարանին» (Սաղմոս 91։9, 10)։ Այո՛, Եհովան մեր հույսն է։ Բարձրյալ Աստված նաև մեր ապավենն է՝ մեր «ապաստանարանը», որտեղ ապահովություն ենք գտնում։ Մենք փառաբանում ենք Եհովային՝ որպես Տիեզերական Գերիշխանի, և ‘ապաստանում’ ենք նրանում՝ որպես մեր անվտանգության Աղբյուրի, ու հռչակում ենք նրա Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Այնպես որ, ոչ մի «չար բան չի հասնիլ» մեզ, այս սաղմոսում գրված չարիքներից և ոչ մեկը։ Իսկ եթե ինքներս բախվենք այնպիսի աղետների, ինչպիսիք են երկրաշարժը, փոթորիկը, ջրհեղեղը, սովը, պատերազմի ավերումները, ապա այս ամենը չեն քանդի մեր հավատը և չեն վտանգի մեր հոգևոր ապահովությունը։
14. Որպես Եհովայի ծառաների՝ ինչո՞ւ մեզ վրա չեն ազդում մահացու հարվածները։
14 Օծյալ քրիստոնյաները նման են պանդուխտների, որոնք ապրում են վրաններում՝ իրերի այս համակարգից հեռու (Ա Պետրոս 2։11)։ Նույնիսկ ‘հարված չի մոտենա նրանց բնակարանին’։ Անկախ նրանից՝ մեր հույսը երկնային է թե երկրային, մենք մաս չենք կազմում աշխարհին և չենք վարակվում նրա հոգևորապես մահացու այնպիսի հարված–համաճարակներով, ինչպիսիք են անբարոյականությունը, նյութապաշտությունը, կեղծ կրոնը և «գազանի», ինչպես նաև նրա «պատկերի» (ԱԹ)՝ Միավորված ազգերի կազմակերպությանը երկրպագելը (Յայտնութիւն 9։20, 21; 13։1–18; Յովհաննէս 17։16)։
15. Ի՞նչ առումով են հրեշտակները մեզ օգնում։
15 Մեր ունեցած պաշտպանության վերաբերյալ սաղմոսերգուն ավելացնում է. «[Աստված] իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ Նորանք ձեռների վերայ կ’առնեն քեզ, որ քո ոտը քարի չ’դպցնես» (Սաղմոս 91։11, 12)։ Հրեշտակները լիազորված են մեզ պաշտպանելու (Դ Թագաւորաց 6։17; Սաղմոս 34։7–9; 104։4; Մատթէոս 26։53; Ղուկաս 1։19)։ Նրանք պահպանում են մեզ ‘մեր բոլոր ճանապարհներում’ (Մատթէոս 18։10)։ Մենք՝ Թագավորության քարոզիչներս, հրեշտակների պաշտպանության ու առաջնորդության տակ ենք գտնվում, ուստիև հոգևորապես չենք սայթաքում (Յայտնութիւն 14։6, 7)։ Նույնիսկ այնպիսի ‘քարեր’, ինչպիսիք են մեր գործունեության վրա դրվող արգելքները, չեն կարողացել մեզ վայր գցել ու զրկել Աստծո բարեհաճությունից։
16. Ինչո՞վ են իրարից տարբերվում ‘առյուծի կորյունի’ և ‘իժի’ հարձակումները, և ինչպե՞ս ենք մենք արձագանքում դրանց։
16 Սաղմոսերգուն շարունակում է. «Առիւծների եւ իժերի վերայ կ’գնաս. առիւծի կորիւններին եւ վիշապին ոտով կոխ կ’տաս» (Սաղմոս 91։13)։ Ինչպես առյուծի կորյունն է բացեիբաց, ուղղակի հարձակվում, այնպես էլ մեր թշնամիներն են իրենց հակառակվելը հրապարակայնորեն ցույց տալիս՝ ընդունելով օրենքներ, որոնք նախատեսված են մեր գործունեությունն արգելելու համար։ Բացի այդ, ինչպես իժն է իր թաքստոցից անսպասելիորեն հարվածում, այնպես էլ մեզ վրա են նման հարձակումներ կատարվում։ Թաքնվելով կուլիսների ետևում՝ հոգևորականությունը երբեմն գրոհում է օրենսդիր մարմնի անդամների, դատավորների և այլ մարդկանց միջոցով։ Բայց Եհովայի օգնությամբ մենք, խաղաղություն պահպանելով, դատարաններում արդարության ենք ձգտում՝ պաշտպանելով և օրինական կերպով հաստատելով բարի լուրը (Փիլիպպեցիս 1։7; Սաղմոս 94։14, 20–22)։
17. Ինչպե՞ս ենք ‘առյուծի կորյուններին ոտով կոխ տալիս’։
17 Սաղմոսերգուն խոսում է ‘առյուծի կորյուններին և վիշապին կոխ տալու’ մասին։ Կորյունը կարող է բավական մոլեգին լինել, իսկ ‘վիշապն’ էլ մեծ օձ է՝ խոշոր սողուն (Եսայիա 31։4)։ Անկախ նրանից, թե որքան կատաղի կարող է լինել կորյունը հարձակվելու պահին՝ մենք, փոխաբերական իմաստով, ‘կոխ ենք տալիս’ նրան, քանի որ Աստծուն ենք հնազանդվում և ոչ թե առյուծանման մարդկանց ու կազմակերպություններին (Գործք 5։29)։ Այնպես որ՝ ‘առյուծի’ սպառնալիքները մեզ հոգևորապես չեն վնասում։
18. Ո՞ւմ է հիշեցնում ‘վիշապը’, և ի՞նչ է մեզ հարկավոր անել, եթե նա հարձակվում է մեզ վրա։
18 «Վիշապ» բառը մեզ միանգամից հիշեցնում է «մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում» (ԱԹ) (Յայտնութիւն 12։7–9; Ծննդոց 3։15)։ Նա նման է հրեշ–սողունի, որն ընդունակ է ճզմելու և կուլ տալու իր զոհին (Երեմիա 51։34)։ Երբ Սատանան փորձում է փաթաթվել մեզ վրա, այս աշխարհի ճնշումներով ճզմել մեզ և կուլ տալ, այդ ժամանակ եկեք թոթափենք նրա կապանքները և ոտնակոխ անենք այս «վիշապին» (Ա Պետրոս 5։8)։ Օծյալ մնացորդի անդամները պետք է այսպես վարվեն, եթե ցանկանում են բաժին ունենալ Հռովմայեցիս 16։20–ի կատարման մեջ։
Եհովան մեր փրկությունն է
19. Ինչո՞ւ ենք ապավինում Եհովային։
19 Աստված ճշմարիտ երկրպագության վերաբերյալ սաղմոսերգուի բերանով ասում է. «Որովհետեւ նա ինձ ցանկացաւ՝ եւ ես կ’փրկեմ նորան. ես բարձր կ’անեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը» (Սաղմոս 91։14)։ «Ես բարձր կ’անեմ նորան» թարգմանված արտահայտությունը բառացի նշանակում է՝ ես բարձր տեղ կդնեմ նրան, այսինքն՝ անհասանելի կանեմ։ Եհովան մեր՝ իր երկրպագուների ապավենն է հատկապես այն պատճառով, որ ‘մենք նրան ցանկացել ենք’՝ սիրել ենք նրան (Մարկոս 12։29, 30; Ա Յովհաննէս 4։19)։ Իր հերթին Աստված ‘փրկում է մեզ’ թշնամիներից։ Մենք երբեք չենք բնաջնջվի, այլ, ընդհակառակը, կփրկվենք, քանի որ ճանաչում և հավատով կանչում ենք Աստծո անունը (Հռովմայեցիս 10։11–13)։ Եվ հաստատապես վճռել ենք ‘մեր Աստծո անունով գնալ հավիտյան’ (Միքիա 4։5; Եսայիա 43։10–12)։
20. Սաղմոս 91–ի վերջում ի՞նչ է խոստանում Եհովան իր հավատարիմ ծառաներին։
20 Սաղմոս 91–ը ավարտվում է Եհովայի՝ իր հավատարիմ ծառաներին ուղղված հետևյալ խոսքերով. «Նա կ’կանչէ դէպի ինձ՝ եւ ես կը լսեմ նորան. ես նորա հետ կ’լինիմ նեղութեան մէջ. կ’ապրեցնեմ նորան եւ փառաւոր կ’անեմ նորան։ Երկայն օրերով կ’կշտացնեմ նորան. եւ իմ փրկութիւնը ցոյց կ’տամ նորան» (Սաղմոս 91։15, 16)։ Երբ աղոթքով իր կամքի համաձայն կանչում ենք Աստծուն, նա պատասխանում է մեզ (Ա Յովհաննէս 5։13–15)։ Մենք արդեն անցել ենք Սատանայի պատճառած թշնամության ու բազմաթիվ նեղությունների միջով։ Սակայն «նորա հետ կ’լինիմ նեղութեան մէջ» խոսքերը մեզ նախապատրաստում են ապագա փորձություններին ու վստահեցնում, որ Աստված կպաշտպանի մեզ այս ամբարիշտ համակարգի կործանման ժամանակ։
21. Ի՞նչ առումով են օծյալներն արդեն փառավորվել։
21 Չնայած Սատանան կատաղի դիմադրություն է ցույց տալիս, մեր շարքերում գտնվող օծյալները Եհովայի նշանակած ժամին երկնքում կամբողջանան մյուսների հետ ու կփառավորվեն՝ «երկայն օրեր» երկրի վրա մնալուց հետո։ Սակայն արդեն այսօր Աստված ուշագրավ կերպով ազատագրել է օծյալներին և հոգևոր առումով փառավորել նրանց։ Ի՜նչ մեծ պատիվ է նրանց համար՝ որպես Եհովայի վկաներ, առաջնորդություն վերցնել այս վերջին օրերում երկրի վրա (Եսայիա 43։10–12)։ Իսկ Եհովայի տված ամենաուշագրավ ազատագրումը տեղի կունենա Արմագեդոն մեծ պատերազմում, երբ նա կարդարացնի իր գերիշխանությունը ու կսրբացնի իր սուրբ անունը (Սաղմոս 83։18; Եզեկիէլ 38։23; Յայտնութիւն 16։14, 16)։
22. Ո՞ւմ է Եհովան ‘իր փրկությունը ցույց տալու’։
22 Անկախ նրանից՝ օծյալ քրիստոնյաներ ենք, թե նրանց աստվածանվեր ընկերակիցներ՝ մենք Աստծուց ենք փրկություն սպասում։ Եհովային հավատարմորեն ծառայողները կփրկվեն ‘Տիրոջ մեծ և ահեղ օրվա’ ընթացքում (Յովէլ 2։30–32)։ Նրանք, ովքեր կլինեն ‘մեծ բազմության’ մեջ, որը վերապրելու է այդ օրը ու մտնելու է Աստծո նոր աշխարհ, և ովքեր հավատարիմ կմնան վերջնական փորձության ժամանակ, ‘երկայն օրերով կկշտանան’՝ անվերջ կյանք կունենան։ Նա նաև հարություն կտա բազմաթիվ մարդկանց (Յայտնութիւն 7։9; 20։7–15)։ Եհովային իսկապես մեծ ուրախություն է պատճառում ‘ցույց տալ մեզ իր փրկությունը’ Հիսուս Քրիստոսի միջոցով (Սաղմոս 3։8)։ Մեր առջև ունենալով նման վիթխարի հեռանկարներ՝ եկեք շարունակենք Աստծուց օգնություն խնդրել, թե ինչպես հաշվենք մեր օրերը ի փառս նրա։ Մեր խոսքերով և գործերով թող որ շարունակենք ցույց տալ, որ Եհովան մեր ապավենն է։
[ծանոթագրություն]
a Քրիստոնեական Հունարեն գրությունները գրողները Սաղմոս 91–ը չեն քննարկել որպես Մեսիային վերաբերող մարգարեություն։ Կասկած չկա, որ Եհովան ապավեն ու ամրոց է եղել մարդ Հիսուս Քրիստոսի, ինչպես նաև վերջինիս օծյալ հետևորդների և նրանց աստվածանվեր ընկերների համար՝ որպես խմբի, ‘վերջի այս ժամանակներում’ (Դանիէլ 12։4)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ է ‘Բարձրյալի ծածկոցը’։
• Ինչո՞ւ մենք չենք վախենում։
• Ինչպե՞ս մեզ «չար բան չի հասնիլ»։
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան է մեր փրկությունը։
[նկար 17–րդ էջի վրա]
Գիտե՞ք, թե Եհովայի ճշմարտությունը ինչ մեծ վահան է մեզ համար
[նկարներ 18–րդ էջի վրա]
Չնայած անսպասելի հարձակումներին ու բացահայտ հակառակությանը՝ Եհովան օգնում է իր երկրպագուներին՝ կատարելու իրենց ծառայությունը
[թույլտվությամբ]
Իժ. A. N. Jagannatha Rao, Trustee, Madras Snake Park Trust