Եհովան սովորեցնում է մեզ, թե ինչպես հաշվենք մեր օրերը
«Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք» (Սաղմոս 90։12)։
1. Ինչո՞ւ է տեղին Եհովային խնդրել, որ սովորեցնի մեզ, թե ինչպես «համարենք մեր օրերը»։
ԵՀՈՎԱ Աստված մեր Արարիչն ու Կենսատուն է (Սաղմոս 36։9; Յայտնութիւն 4։11)։ Այդ իսկ պատճառով ուրիշ ոչ ոք չի կարող նրանից ավելի լավ մեզ սովորեցնել, թե ինչ անենք, որպեսզի մեր կյանքի տարիները իմաստուն կերպով ապրենք։ Ուստի՝ միանգամայն հիմնավոր կերպով սաղմոսերգուն խնդրեց Աստծուն. «Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք» (Սաղմոս 90։12)։ Այս խնդրանքը գրված է 90–րդ սաղմոսում, որն, անշուշտ, արժանի է մեր մանրակրկիտ ուսումնասիրությանը։ Բայց նախևառաջ եկեք համառոտակի քննարկենք Աստծո կողմից այս ներշնչված երգի բովանդակությունը։
2. ա) Ո՞վ է համարվում 90–րդ սաղմոսի կազմողը, և հավանաբար ե՞րբ է այն գրվել։ բ) Ինչպե՞ս պետք է 90–րդ սաղմոսը ազդի կյանքի վերաբերյալ մեր հայացքների վրա։
2 Սաղմոս 90–ի վերնագիրն է՝ «Աստուծոյ մարդ Մովսէսի Աղօթքը»։ Քանի որ այս սաղմոսը շեշտում է մարդկային կյանքի անցողիկությունը, ապա, հավանաբար, կազմվել է այն ժամանակ, երբ իսրայելացիներն արդեն ազատվել էին Եգիպտոսի գերությունից և 40 տարի շարունակ շրջում էին անապատում։ Այդ ընթացքում հազարավոր մարդիկ՝ որպես մի անհավատարիմ սերունդ, իրենց վախճանն ունեցան (Թուոց 32։9–13)։ Անկախ նրանից, թե երբ է կազմվել՝ 90–րդ սաղմոսը ցույց է տալիս, որ անկատար մարդու կյանքը կարճատև է։ Այստեղից կարելի է հետևություն անել, որ մենք պետք է մեր կյանքի թանկարժեք օրերը իմաստուն կերպով օգտագործենք։
3. Ի՞նչ է հիմնականում իր մեջ բովանդակում Սաղմոս 90–ը։
3 Սաղմոս 90–ի 1–6 համարներում Եհովան նկարագրվում է որպես մեր հավիտենական «ապաստան»։ 7–12 համարները ցույց են տալիս, թե ինչ է մեզ հարկավոր անել կյանքի վաղանցիկ տարիները նրան հաճելի ձևով ապրելու համար։ Եվ ինչպես 13–17 համարներում է գրված, մենք փափագում ենք արժանի լինել Եհովայի ողորմածությանն ու օրհնությանը։ Իհարկե, այս սաղմոսը ուղղակիորեն չի վերաբերում անձամբ մեզ՝ որպես Եհովայի ծառաների։ Բայցևայնպես մենք պետք է սրտանց որդեգրենք սաղմոսերգուի նվիրվածությունը։ Եկեք մոտիկից քննարկենք Սաղմոս 90–ը Աստծուն նվիրված մարդու աչքերով։
Եհովան մեր «ապաստանն» է
4–6. Ի՞նչ իմաստով է Եհովան «ապաստան» մեզ համար։
4 Սաղմոսերգուն իր երգը սկսում է հետևյալ խոսքերով. «Ով Տէր, դու մեզ համար ապաւէն [«ապաստան», ՆԱ] ես ազգից մինչեւ ազգ։ Դեռ որ սարերը չէին ծնուած, եւ երկիրս ու աշխարհքս չէիր ստեղծել [«երկունքի ցավերով», ՆԱ]. յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած» (Սաղմոս 90։1, 2)։
5 ‘Հավիտենական Աստված’ Եհովան մեզ համար «ապաստան» է՝ հոգևոր թաքստոց (Հռովմայեցիս 16։26, ԱԹ)։ Մենք մեզ ապահով ենք զգում, քանի որ նա միշտ պատրաստ է օգնել մեզ՝ որպես «աղօթքի լսող» (Սաղմոս 65։2, Արևմտ. Աստ.)։ Քանի որ մեր բոլոր անհանգստությունները իր սիրելի Որդու միջոցով «գցում» ենք մեր երկնային Հոր վրա, ապա «Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի [մեր] սրտերը եւ մտածումները» (Փիլիպպեցիս 4։6, 7; Մատթէոս 6։9; Յովհաննէս 14։6, 14)։
6 Մեզ հոգևոր առումով վտանգ չի սպառնում, քանի որ Եհովան մեր «ապաստանն» է։ Նա նաև ապահովում է «սենեակներով», որոնք ամենայն հավանականությամբ վերաբերում են իր ժողովրդի ժողովներին. հոգևոր հանգրվաններ, որտեղ սիրառատ հովիվները ջանք չեն խնայում, որպեսզի մենք մեզ ապահով զգանք (Եսայիա 26։20; 32։1, 2; Գործք 20։28, 29)։ Բացի դրանից մեզանից ոմանք մեծացել են այնպիսի ընտանիքներում, որոնք երկար տարիներ է, ինչ ծառայում են Աստծուն, և նրանք անձամբ համոզվել են, որ նա ‘ապաստան է ազգից մինչև ազգ’։
7. Ի՞նչ իմաստով են սարերը ‘ծնվել’ և երկիրը «երկունքի ցավերով» ստեղծվել։
7 Եհովան գոյություն ուներ նախքան սարերի ‘ծնվելը’, նախքան երկրի ստեղծվելը։ Եթե դատենք մարդկային տեսանկյունից, ապա երկիր մոլորակի ստեղծման համար՝ իր բոլոր առանձնահատկություններով, քիմիական բաղադրությամբ և բարդ կառուցվածքով, ահռելի ջանքեր են պահանջվել։ Ասելով, որ սարերը ‘ծնվել’ են և երկիրն, ասես թե, «երկունքի ցավերով» է ստեղծվել՝ սաղմոսերգուն իր խոր հարգանքն է ցույց տալիս այն աշխատանքի հանդեպ, որը կատարել է Եհովան այդ բաները ստեղծելիս։ Չպե՞տք է արդյոք մենք էլ նման հարգանք ու գնահատանք ցուցաբերենք Արարչի ձեռքի գործերի հանդեպ։
Եհովան միշտ պատրաստ է մեզ օգնելու
8. Ի՞նչ է նշանակում այն խոսքը, թե Եհովան Աստված է «յաւիտենից մինչեւ յաւիտեան»։
8 «Յաւիտենից մինչեւ յաւիտեան դու ես Աստուած»,— երգեց սաղմոսերգուն։ Բնագրի լեզվում նշված բառը, որը թարգմանվել է «յաւիտեան», կարող է վերաբերել այն բաներին, որոնք վերջ ունեն, բայց դրանց գոյության ժամանակը հատկորոշված չէ (Ելից 31։16, 17; Եբրայեցիս 9։15)։ Սակայն Սաղմոս 90։2–ում և Եբրայերեն գրությունների մի քանի այլ համարներում այն հավիտենականության իմաստն է կրում, ինչին որ մատնանշում է այդ բառը (Ժողովող 1։4)։ Մեր ուղեղը չի կարող ըմբռնել, թե ինչպես է հնարավոր, որ Աստված միշտ գոյություն ունենա։ Այսպես թե այնպես, Եհովան ո՛չ սկիզբ է ունեցել և ո՛չ էլ վերջ կունենա (Ամբակում 1։12, ՆԱ)։ Նա միշտ կենդանի կլինի և պատրաստ՝ մեզ օգնելու։
9. Ինչի՞ հետ է սաղմոսերգուն համեմատում մարդկային գոյության հազար տարին։
9 Ներշնչված սաղմոսերգուն մարդկային գոյության հազար տարին հավասարեցնում է մի այնպիսի ժամանակահատվածի, որը, ըստ հավիտենական Արարչի, չափազանց կարճ է։ Նկատի ունենալով Աստծուն՝ նա գրում է. «Դու մարդին փոշի ես դարձնում եւ ասում՝ ետ դարձէք, մարդկանց որդիք։ Որովհետեւ հազար տարին քո առաջին ինչպէս երէկուան օրն է, որ անց կացաւ. եւ ինչպէս մին պահ գիշերումը» (Սաղմոս 90։3, 4)։
10. Ինչպե՞ս է Աստված մարդուն ‘փոշի դարձնում’։
10 Մարդը մահկանացու է, և Աստված նրան ‘փոշի է դարձնում’։ Այսինքն՝ մարդը վերադառնում է «դէպի հողը». նա փոշիանում է։ Փաստորեն, Եհովան ասում է. «Ետ դարձիր դեպի հողի փոշին, որից դու շինվել ես» (Ծննդոց 2։7; 3։19)։ Սա վերաբերում է բոլորին՝ թույլին և ուժեղին, հարուստին և աղքատին, քանզի ոչ մի անկատար մարդ ‘չի կարող իր եղբորը փրկել, ոչ էլ նրա փրկանքը տալ Աստծուն, [որպեսզի] նա հավիտյան ապրի’ (Սաղմոս 49։6–9)։ Բայց որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել, որ ‘Աստված իր միածին Որդուն տվեց, որպեսզի նրան հավատացողն ընդունի հավիտենական կյանքը’ (Յովհաննէս 3։16; Հռովմայեցիս 6։23)։
11. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ մեր աչքին երկարատև թվացող ժամանակը չափազանց կարճատև է Աստծո համար։
11 Եհովայի տեսակետից նույնիսկ 969–ամյա Մաթուսաղան մեկ օրից էլ քիչ է ապրել (Ծննդոց 5։27)։ Աստծո համար հազար տարին երեկվա օրվա՝ ընդամենը 24 ժամվա պես է, որն անցել–գնացել է արդեն։ Սաղմոսերգուն նաև նշում է, որ Աստծո համար հազար տարին նման է գիշերվա մի «պահի»՝ ժամապահի չորս ժամանոց պահակությանը բանակատեղում (Դատաւորաց 7։19)։ Հստակ է, ուրեմն, որ մեր աչքին երկարատև թվացող ժամանակը չափազանց կարճատև է հավիտենական Աստծո՝ Եհովայի համար։
12. Ինչպե՞ս են մարդիկ ‘քշվում–տարվում’ Աստծո կողմից։
12 Ի հակադրություն Աստծո հավիտենական գոյության՝ մարդկանց ներկայիս կյանքը իսկապես կարճատև է։ Ահա թե ինչ է ասում սաղմոսերգուն. «Ջրհեղեղով ողողում ես նորանց, եւ նորանք քուն են լինում. ինչպէս խոտ, որ առաւօտանց կանանչանում է։ Առաւօտանց ծաղկում է եւ անցնում. իրիկունը կտրվում [‘թոռոմում’, ԷԹ (89։6)] է եւ չորանում» (Սաղմոս 90։5, 6)։ Մովսեսը անապատում ականատես եղավ հազարավոր իսրայելացիների մահվանը, որոնց ասես թե Աստված ‘ջրհեղեղով ողողել’, սրբել–տարել էր։ Աստվածաշնչի մեկ ուրիշ թարգմանության մեջ այս հատվածը հետևյալ կերպ է հնչում. «Դու քշում–տանում ես մարդկանց մահվան քնով» («New International Version»)։ Իսկ անկատար մարդկանց կյանքի տևողության վերաբերյալ կարելի է ասել, որ դա ընդամենը կարճատև գիշերային «քուն» է։
13. Ինչպե՞ս ենք նման ‘կանաչ խոտի’, և այս հանգամանքն ինչպե՞ս պետք է ազդի մեր մտածողության վրա։
13 Մենք ‘ինչպես խոտ ենք, որն առավոտյան ծաղկում է’, իսկ երեկոյան՝ թոռոմում արևի կիզիչ ճառագայթների տակ։ Այո, մեր կյանքն անցողիկ է խոտի պես, որը թոշնում է մեկ օրվա մեջ։ Ուստի՝ եկեք անտեղի չվատնենք մեր թանկարժեք տարիները։ Դրա փոխարեն՝ մենք պետք է Աստծո առաջնորդությունը փնտրենք, թե ինչպես է հարկավոր ապրել կյանքի մնացած տարիները իրերի այս համակարգում։
Եհովան օգնում է մեզ ‘համարել մեր օրերը’
14, 15. Սաղմոս 90։7–9-ը ինչպե՞ս է իրականացել իսրայելացիների վրա։
14 Սաղմոսերգուն Աստծո վերաբերյալ ավելացնում է. «Մաշուեցանք քո բարկութիւնովը, եւ քո սրտմտութիւնովը շփոթուեցանք [«կը խռովինք», Արևմտ. Աստ.]։ Մեր անօրէնութիւնները դրիր քո առաջին, մեր ծածուկ մեղքերը քո երեսի լուսի մէջ. որովհետեւ մեր բոլոր օրերը փչանում են քո բարկութիւնովը. մեր տարիներն անց ենք կացնում ինչպէս ափեղցփեղ խօսք» (Սաղմոս 90։7–9)։
15 Անհավատ իսրայելացիները ‘մաշվեցին Աստծո բարկությունից’, այսինքն՝ մահացան։ Նրանք ‘նրա սրտմտությունից խռովեցին’ կամ, այլ կերպ ասած, «սարսափահար եղան նրա զայրույթից» («New International Version»)։ Ոմանք աստվածային դատաստանի արդյունքում «անապատում ընկան մեռան» (Ա Կորնթացիս 10։5)։ Եհովան ‘նրանց անօրենությունները դրեց իր առաջ’։ Թեև նա նրանց պատասխանատվության կանչեց ազգովին մեղք գործելու համար, բայց, այսպես թե այնպես, նույնիսկ նրանց «ծածուկ մեղքերը» ‘նրա երեսի լույսի’ առաջ էին (Առակաց 15։3)։ Որպես Աստծո «բարկության առարկաներ»՝ չզղջացող իսրայելացիները անիմաստ ‘անցկացրին իրենց տարիները’։ Իսկապես մեր կարճատև կյանքը նման է արտաշնչումի։
16. Եթե ոմանք գաղտնի մեղքեր են գործում, ապա ի՞նչ պետք է անեն։
16 Եթե սովորություն ունենք գաղտնի մեղքեր գործելու, ապա գուցեև ժամանակավորապես մեզ հաջողվի մարդկանցից թաքցնել նման արարքը։ Բայց մեր գաղտնի մեղքերը Եհովայի ‘երեսի լույսի’ առաջ կլինեն, և մեր արարքներով կվնասենք նրա հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Որպեսզի կրկին կարողանանք մտերմանալ Եհովայի հետ, անհրաժեշտ կլինի նրանից աղոթքով ներում խնդրել, թողնել մեր մեղավոր ընթացքը և երախտագիտությամբ ընդունել քրիստոնյա երեցների հոգևոր օգնությունը (Առակաց 28։13; Յակոբոս 5։14, 15)։ Որքա՜ն ավելի լավ կլիներ այդպես վարվել, քան թե անիմաստ անցկացնել կյանքի տարիները՝ վտանգի ենթարկելով հավիտենական կյանքի մեր հույսը։
17. Ընդհանուր առմամբ՝ որքա՞ն է ապրում մարդը, և ինչո՞վ են լի մեր տարիները։
17 Անկատար մարդու կյանքի տևողության վերաբերյալ սաղմոսերգուն ասում է. «Մեր տարիների օրերը եօթանասուն տարի են, եւ եթէ զօրութիւնով ութսուն տարի էլ լինին, նորանց փառքն աշխատանք է եւ ցաւ. որովհետեւ շուտով է անց կենում, եւ մենք թռչում ենք» (Սաղմոս 90։10)։ Միջին հաշվով մարդն ապրում է մոտ 70 տարի։ Մինչդեռ Քաղեբը, օրինակ, 85 տարեկանում խոսեց իր անսովոր զորության մասին։ Եղել են բացառություններ, ինչպես, ասենք, Ահարոնը, որն ապրեց 123 տարի, Մովսեսը՝ 120, իսկ Հեսուն՝ 110 (Թուոց 33։39; Բ Օրինաց 34։7; Յեսու 14։6, 10, 11; 24։29)։ Բայց Եգիպտոսից դուրս եկած անհավատարիմ սերունդը՝ քսան և ավելի բարձր տարիքի մարդիկ, մահացան քառասուն տարվա ընթացքում (Թուոց 14։29–34)։ Այսօր շատ երկրներում, ընդհանուր առմամբ, մարդու կյանքի տևողությունը ճիշտ այնքան է, ինչքան որ նշել էր սաղմոսերգուն։ Մեր տարիները լի են ‘ցավով’։ Նրանք արագ անցնում են, «եւ մենք թռչում ենք» (Յոբ 14։1, 2)։
18, 19. ա) Ի՞նչ է նշանակում «այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք» արտահայտությունը։ բ) Ի՞նչ անելով ցույց կտանք, որ իմաստություն ենք դրսևորում։
18 Սաղմոսերգուն շարունակում է. «Ո՞վ գիտէ քո բարկութեան զօրութիւնը, եւ քո սրտմտութիւնը՝ քո վախի պէս։ Սովորեցրու մեզ, որ այնպէս համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք» (Սաղմոս 90։11, 12)։ Մեզանից ոչ մեկը լիովին չգիտի, թե ինչ զորություն ունի Աստծո բարկությունը կամ սրտմտությունը, և դա պետք է մեր սրտերն ավելի լցնի Եհովայի հանդեպ ակնածալից վախով։ Ըստ էության, դա պետք է մղի մեզ հարցնելու նրան, թե ինչպես կարող ենք ‘համրել մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք’։
19 Սաղմոսերգուի խոսքերը աղոթք են այն մասին, որ Եհովան սովորեցնի իր ժողովրդին, թե ինչպես իմաստություն դրսևորել՝ ճիշտ գնահատելով կյանքի մնացած օրերը ու անցկացնելով դրանք իրեն հաճելի ձևով։ 70 տարվա կյանքը կազմում է մոտ 25 500 օր։ Բայց, անկախ մեր տարիքից, ‘մենք ոչինչ չգիտենք վաղվա մասին, որովհետև մեր կյանքը մի մշուշ է, որ մի պահ երևում է և ապա անհետանում’ (Յակոբոս 4։13–15)։ Քանի որ ‘ժամանակ և դիպված է պատահում ամենքիս’, չենք կարող ասել, թե դեռ ինչքան կապրենք։ Ուստի եկեք աղոթենք Եհովային, որ մեզ իմաստություն տա փորձություններին դիմանալու, ուրիշների հետ ճիշտ կերպով վարվելու և այսօր ևեթ իր ծառայության մեջ մեր ուժերից եկածն անելու համար (Ժողովող 9։11; Յակոբոս 1։5–8)։ Եհովան առաջնորդում է մեզ իր Խոսքի, ոգու և կազմակերպության միջոցով (Մատթէոս 24։45–47; Ա Կորնթացիս 2։10; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Իմաստություն դրսևորելով՝ մենք նախևառաջ կփնտրենք Աստծո Թագավորությունը ու կօգտագործենք մեր օրերն այնպես, որ փառք բերենք Եհովային և ուրախացնենք նրա սիրտը (Մատթէոս 6։25–33; Առակաց 27։11)։ Թեև նրան սրտանց ծառայելը չի վերացնի մեր բոլոր խնդիրները, բայց, անտարակույս, մեծ ուրախություն կպարգևի մեզ։
Եհովայի օրհնությունը մեզ ուրախություն է բերում
20. ա) Ի՞նչ առումով է Աստված ‘զղջում’։ բ) Ինչպե՞ս Եհովան կվարվի մեզ հետ, եթե լուրջ սխալ ենք գործում, բայց իսկապես զղջում ենք արածի համար։
20 Ի՜նչ հրաշալի կլիներ, եթե կարողանայինք ուրախանալ մեր կյանքի մնացած բոլոր օրերում։ Մովսեսը հենց այս մասին է խնդրում. «Դարձիր, Տէր, մինչեւ ե՞րբ. խղճացիր [«զղջա», ՆԱ] քո ծառաների վերայ։ Կշտացրու մեզ առաւօտանց քո ողորմութիւնովը որ ցնծանք եւ ուրախ լինինք մեր ամեն օրերումը» (Սաղմոս 90։13, 14)։ Աստված սխալներ չի գործում։ Բայցևայնպես նա ‘զղջում’ է ու ետ է ‘դառնում’ իր բարկությունից և պատժելուց, երբ մեղավորները զղջալով անսում են իր նախազգուշացումներին ու փոփոխություններ կատարում իրենց մտածողության ու գործերի մեջ (Բ Օրինաց 13։17)։ Ուրեմն՝ եթե նույնիսկ լուրջ սխալ ենք գործում, բայց իսկապես զղջում ենք արածի համար, ապա Եհովան ‘կկշտացնի մեզ իր ողորմությամբ’, և մենք պատճառ կունենանք ‘ցնծալու’ (Սաղմոս 32։1–5)։ Արդար ընթացք բռնելով՝ մենք կզգանք Աստծո հավատարիմ սերը մեր հանդեպ և ‘ուրախ կլինենք մեր ամեն օրերում’, այո, մեր կյանքի մնացած ժամանակը։
21. Սաղմոս 90։15, 16–ում գրված խոսքերում, հավանաբար, ի՞նչ էր Մովսեսը խնդրում։
21 Սաղմոսերգուն ջերմեռանդորեն աղոթում է. «Ուրախացրու մեզ այն օրերի չափովը, որ տրտմացրիր մեզ. այն տարիների չափովը, որ նեղութիւն տեսանք։ Թող երեւի քո ծառաներին քո գործը, եւ քո փառքը նորանց որդկանցը» (Սաղմոս 90։15, 16)։ Հավանաբար, Մովսեսը խնդրում էր Աստծուն ուրախություն տալ Իսրայելին նրա տրտմության օրերի և նեղության տարիների չափով։ Նա խնդրում էր, որ Աստծո՝ իսրայելացիներին օրհնելու «գործը» ակնհայտ լինի իր ծառաների համար, և իր փառքը երևա նրանց որդիներին կամ՝ սերունդներին։ Ուստի պատշաճ է աղոթել, որ Աստծո խոստացած նոր աշխարհում օրհնություններ տեղան հնազանդ մարդկության վրա (Բ Պետրոս 3։13)։
22. Համաձայն Սաղմոս 90։17–ի՝ ինչի՞ համար կարող ենք աղոթել։
22 90–րդ սաղմոսն ավարտվում է հետևյալ խնդրանքով. «Մեր Աստուծոյ վայելչութիւնը [«հաճությունը», ՆԱ] լինի մեզ վերայ. եւ մեր ձեռքի գործերը հաստատիր մեզանում, եւ մեր ձեռքի գործը հաստատիր» (Սաղմոս 90։17)։ Այս խոսքերը ցույց են տալիս, որ մենք միանգամայն տեղին կարող ենք աղոթել Աստծուն, որ օրհնի իրեն ծառայելու համար մեր ներդրած ջանքերը։ Որպես օծյալ քրիստոնյաներ կամ նրանց ուղեկիցներ՝ «այլ ոչխարներ», մենք ուրախանում ենք, որ Եհովայի «հաճությունը» մեզ վրա է մնում (Յովհաննէս 10։16)։ Որքա՜ն երջանիկ ենք, որ Աստված մեր՝ որպես Թագավորության քարոզիչների, ‘ձեռքի գործերը հաստատել է’։
Շարունակենք հաշվել մեր օրերը
23, 24. Ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել Սաղմոս 90–ի շուրջ խորհրդածելուց։
23 Սաղմոս 90–ի շուրջ խորհրդածելը պետք է մեր մեջ ուժեղացնի այն զգացումը, որ մենք կախում ունենք Եհովայից՝ մեր ‘ապաստանից’։ Կյանքի կարճատևության մասին այդ սաղմոսում գրված խոսքերի շուրջ խորհրդածելով՝ մենք պետք է ավելի խորը գիտակցենք, որ մեր օրերը հաշվելու մեջ Աստծո առաջնորդության կարիքն ունենք։ Եվ եթե առանց որևէ ջանք խնայելու փնտրենք Աստծո իմաստությունն ու այն կիրառենք կյանքում, ապա կարող ենք վստահ լինել, որ կարժանանանք Եհովայի սիրով լի բարությանն ու օրհնությանը։
24 Եհովան շարունակելու է մեզ սովորեցնել, թե ինչպես հաշվենք մեր օրերը։ Եթե հնազանդվենք նրա պատվերներին, ապա կկարողանանք հաշվել մեր օրերը ողջ հավիտենության ընթացքում (Յովհաննէս 17։3)։ Իսկ եթե իսկապես մտադիր ենք հավիտյան ապրել ապագայում, ուրեմն Եհովան պետք է մեր ապավենը լինի (Յուդա 20, 21)։ Ինչպես կտեսնենք հաջորդ հոդվածում, այս վերջին հանգամանքը բազմիցս շեշտվում է Սաղմոս 91–ի քաջալերական խոսքերում։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ իմաստով է Եհովան «ապաստան» մեզ համար։
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովան միշտ պատրաստ է մեզ օգնելու։
• Ինչպե՞ս է Եհովան օգնում մեզ ‘հաշվել մեր օրերը’։
• Ի՞նչն է հնարավորություն տալիս մեզ ‘ուրախ լինել մեր ամեն օրերում’։
[նկար 10–րդ էջի վրա]
Եհովա Աստված գոյություն ուներ «դեռ որ սարերը չէին ծնուած»
[նկար 12–րդ էջի վրա]
Եհովայի տեսակետից 969–ամյա Մաթուսաղան մեկ օրից էլ քիչ է ապրել
[նկարներ 14–րդ էջի վրա]
Եհովան ‘հաստատել է մեր ձեռքի գործերը’