Ընթերցողների հարցերը
Եթե Եհովայի վկաները ձգտում են ազնիվ լինել և վստահում են իրար, ինչո՞ւ են կարևորում պայմանագիր կնքելը միմյանց հետ գործարքի մեջ մտնելիս։
Պայմանագիր կնքելու համար աստվածաշնչյան հիմք կա, դա գործնական է և սիրո դրսևորում։ Եկեք ուշադրություն դարձնենք բիզնես պայմանագրերի այդ առանձնահատկություններին։
Աստվածաշնչում գրի է առնվել, թե ինչպես էր Աստված վարվում Իսրայել ժողովրդի հետ։ Այնտեղ գրված է նաև այն գործարքների մասին, որոնք կատարել են ճշմարիտ երկրպագուները։ Այդպիսի մի օրինակ արձանագրված է Ծննդոց 23-րդ գլխում։ Երբ Աբրահամի կին Սառան մահացավ, նա ցանկացավ նրան թաղելու համար տարածք ձեռք բերել։ Աբրահամը խոսեց քանանացիների հետ, որոնք բնակվում էին Քեբրոնի մոտ։ 7–9-րդ համարները ցույց են տալիս, որ նա կոնկրետ գին առաջարկեց այդ հողակտորի համար։ Ըստ 10-րդ համարի՝ առաջարկն արվեց բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր մտնում էին քաղաքի դարպասներով։ 13-րդ համարից իմանում ենք, որ հողատերը ցանկացավ առանց վճարի հողատարածքը տալ Աբրահամին, սակայն վերջինս ասաց, որ կվերցնի միայն վճարելու պայմանով։ 17, 18 և 20-րդ համարները բացատրում են, որ գործարքը կատարվեց ու հաստատվեց «Քետի որդիների, այսինքն՝ բոլոր նրանց աչքի առաջ, ովքեր մտնում էին քաղաքի դարպասներով»։
Արդյոք գործը այլ կերպ կարվե՞ր, եթե երկուսն էլ ճշմարիտ երկրպագուներ լինեին։ Երեմիա 32-րդ գլուխը պատասխանում է այս հարցին։ 6-րդ համարից սկսած՝ տեսնում ենք, որ Երեմիան պետք է արտ գներ իր հորեղբորորդուց։ 9-րդ համարը ցույց է տալիս, որ երկու կողմն էլ գնի հարցում համաձայնության եկան։ Իսկ 10–12-րդ համարներում կարդում ենք. «Այնուհետև մուրհակ կազմեցի, վրան կնիք դրեցի և վկաներ կանչեցի, մինչ կշեռքով փողն էի կշռում։ Ապա վերցրի պատվիրանի ու կանոնների համաձայն կնքված մուրհակը և չկնքվածը։ Հետո մուրհակը Մաասիայի որդի Ներիայի որդի Բարուքին տվեցի հորեղբորս որդի Անամայելի և այն վկաների աչքի առաջ, որոնք ստորագրեցին մուրհակը, նաև այն բոլոր հրեաների աչքի առաջ, որոնք նստած էին Պահակների գավիթում»։
Թեև Երեմիան գործ ուներ իր հավատակցի հետ, որն անգամ իր բարեկամն էր, նա կատարեց որոշ խելամիտ իրավական քայլեր։ Երկու մուրհակ կազմվեց. մեկի վրա կնիք չդրին, որպեսզի հնարավոր լիներ աչքի անցկացնել, իսկ մյուսը կնքեցին, որպեսզի այն ապացույց լիներ, եթե հետագայում կասկածներ առաջանային չկնքված մուրհակի ճշգրտության վերաբերյալ։ Ինչպես նշվում է 13-րդ համարում, իրավական գործարքը տեղի ունեցավ վկաների ներկայությամբ։ Պարզ է ուրեմն, որ ճշմարիտ երկրպագուները աստվածաշնչյան նախադեպ ունենալով են իրենց գործարքները փաստաթղթերով հաստատում ու վավերականացնում։
Պայմանագիր կնքելը գործնական է։ Գիտենք, թե որքան ճշմարիտ են հետևյալ խոսքերը. «Ժամանակ և պատահար բոլորին է լինում» (Ժող. 9։11)։ Սա վերաբերում է նաև հավատարիմ քրիստոնյաներին։ Հակոբոս 4։13, 14-ում ասվում է. «Իսկ հիմա դուք լսեք, որ ասում եք՝ «այսօր կամ վաղը ճանապարհ կընկնենք այսինչ քաղաքը և մի տարի այնտեղ կանցկացնենք, գործ կանենք ու փող կվաստակենք», մինչդեռ դուք չգիտեք, թե վաղը ինչպիսին կլինի ձեր կյանքը»։ Գուցե ինչ-որ մեկի հետ գործարքի մեջ մտնենք, օրինակ՝ որոշենք ինչ-որ բան գնել, գործ դնել կամ որևէ մեկի համար ինչ-որ բան արտադրել։ Բայց ի՞նչ կլինի վաղը, մյուս ամիս կամ մյուս տարի։ Ի՞նչ կլինի, եթե դժբախտություն պատահի մեզ կամ մեր գործընկերոջը։ Գուցե կանգնենք փաստի առաջ, և հնարավոր չլինի կատարել ընդունած պարտավորության որոշ մասերը։ Ի՞նչ կլինի, եթե չկարողանանք կատարել մեր գործը կամ տրամադրել մեր ծառայությունը, կամ մեր գործընկերը մտածի, որ չի կարող կատարել վճարումները կամ իր պարտավորությունները։ Եթե չկա պայմանագիր, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, որոնք հնարավոր կլիներ լուծել կամ որոնցից կարելի էր խուսափել, եթե մի պարզ պայմանագիր կնքվեր։
Նաև չպետք է մոռանանք, որ կյանքը անկայուն է, ինչի պատճառով գուցե կարիք լինի, որ մեր կամ մեր գործընկերոջ փոխարեն՝ մեկ ուրիշը զբաղվի այդ բիզնեսով։ 14-րդ համարում Հակոբոսը շարունակում է. «Դուք մշուշ եք, որը մի կարճ ժամանակով հայտնվում է, ապա անհետանում»։ Բացառված չէ, որ մեզնից որևէ մեկը անսպասելիորեն մահանա։ Այդ դեպքում պայմանագրի հիման վրա գործը կկարողանա շարունակել մեկ ուրիշը։
Պայմանագիր կնքելը նաև սիրո դրսևորում է։ Եթե կողմերից որևէ մեկը մահանա կամ դժբախտ պատահարի պատճառով ի վիճակի չլինի կատարել իր պարտավորությունները, նրա պատասխանատվությունների ու ֆինանսական ակնկալիքների մասին նախօրոք կազմված արձանագրությունը սիրո դրսևորում կլինի այդ քրիստոնյայի հանդեպ։ Ուստի պայմանագիր կնքելով, որտեղ հստակ ու պարզ նշվում է, թե տվյալ եղբայրն այդ դեպքում ինչ է պարտավոր անել կամ ինչ կարող է ստանալ՝ մենք սեր ենք դրսևորում նրա հանդեպ, ոչ թե անվստահություն։ Այսպիսի սիրառատ քայլի շնորհիվ բացասական զգացումներ կամ զայրույթ չի առաջանա, եթե անկատար կողմերից մեկը մոռանա որևէ մանրամասնություն կամ իր պարտավորությունը։ Իսկապես, մեզնից ո՞ր մեկը անկատար ու մոռացկոտ չէ և հակված չէ սխալ հասկանալու գործի որևէ մանրամասնություն կամ ուրիշի մտադրությունները (Մատթ. 16։5)։
Պայմանագիր կնքելը սիրո դրսևորում է նաև մեր հավատակիցների, ընտանիքի անդամների ու ժողովի հանդեպ։ Փաստորեն, մանրամասնորեն շարադրված պայմանագիրը սիրո դրսևորում է, գործնական է և հիմնված է Աստվածաշնչի վրա։