Ապավինիր Եհովային, մինչ մոտենում է վերջը
«Ամեն ժամանակ Եհովային ապավինեք» (ԵՍ. 26։4)։
1. Ի՞նչ տարբերություն կա Աստծու ծառաների և մյուս մարդկանց միջև։
ԱՇԽԱՐՀՈՒՄ միլիոնավոր մարդիկ տարակուսանքի մեջ են ու չգիտեն, թե ում կամ ինչին վստահեն, քանի որ բազում անգամներ նրանց խաբել են և հիասթափեցրել։ Ի տարբերություն նրանց՝ Եհովայի ծառաները, որոնք առաջնորդվում են Աստծու իմաստությամբ, չեն ապավինում այս աշխարհին և նրա «իշխանավորներին» (Սաղ. 146։3)։ Նրանք իրենց կյանքն ու ապագան վստահել են Եհովային, որովհետև նա սիրում է նրանց և միշտ կատարում է իր խոսքը (Հռոմ. 3։4; 8։38, 39)։
2. Ինչո՞ւմ Հեսուն հավաստիացրեց իր ազգակիցներին։
2 Հնում ապրած Աստծու ծառաներից մեկը՝ Հեսուն, մահանալուց առաջ հավաստիացրեց իր ազգակիցներին, որ ամեն ինչում Եհովային կարող են վստահել։ Նա ասաց. «Դուք լավ գիտեք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով, որ այն բարի խոսքերից և ոչ մեկը, որ ձեր Աստված Եհովան խոսեց ձեզ հետ, առանց կատարվելու չմնաց։ Բոլորն էլ կատարվեցին ձեզ համար» (Հեսու 23։14)։
3. Ի՞նչ է հայտնում մեզ Աստծու անունը նրա մասին։
3 Եհովան իր խոստումները կատարում է ոչ միայն իր ծառաների հանդեպ սիրուց մղված, այլև հատկապես իր մեծ անվան համար (Ելք 3։14; 1 Սամ. 12։22)։ Աստծու անվան վերաբերյալ Աստվածաշնչի Ռոդերհամի թարգմանության նախաբանում (անգլ.) գրված է. «[Այն] ամենամեծ երաշխիքն է այն բանի, որ ցանկացած իրավիճակում, դժվարության ժամանակ և անհրաժեշտության դեպքում Աստված կարող է ստանձնել համապատասխան դեր.... [Այն] խոստում է, ....հայտնություն, հիշեցում, ուխտ։ Այս Անվանը Աստված միշտ հավատարիմ կմնա, իր Անունից նա երբեք չի ամաչի»։
4. ա) Ի՞նչ է հորդորում անել Եսայիա 26։4 համարը։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։
4 Հարցրու ինքդ քեզ. «Ճանաչո՞ւմ եմ Եհովային այնքան լավ, որ լիովին ապավինեմ նրան։ Վախո՞վ եմ նայում ապագային, թե՞ վստահ եմ, որ Եհովան ամեն բան վերահսկում է»։ Եսայիա 26։4-ում կարդում ենք. «Ամեն ժամանակ Եհովային ապավինեք, որովհետև Յահ Եհովան Վեմ է հավիտյան»։ Ինչ խոսք, հիմա Աստված հրաշքով չի միջամտում մարդկանց կյանքին, ինչպես արել է աստվածաշնչյան ժամանակներում։ Սակայն որպես հավիտենական Վեմ՝ նա «ամեն ժամանակ» վստահելի է, և մենք միշտ կարող ենք ապավինել նրան։ Ինչպե՞ս է այսօր մեր Ապավենը օգնում մեզ՝ իր հավատարիմ ծառաներին։ Եկեք քննենք երեք միջոց։ Առաջին՝ նա զորացնում է, երբ խնդրում ենք օգնել փորձությունների ժամանակ։ Երկրորդ՝ նա աջակցում է, երբ անտարբերության կամ հակառակության ենք հանդիպում։ Երրորդ՝ նա ուժ է տալիս, երբ մտահոգություններն ու հոգսերը խեղդում են մեզ։ Ուսումնասիրության ընթացքում մտածիր, թե ինչպես կարող ես ավելացնել վստահությունդ Եհովայի հանդեպ։
Ապավինիր Եհովային փորձության ժամանակ
5. Ո՞ր հարցում թերևս դժվար լինի ապավինել Աստծուն։
5 Մի բան է հավատալ ու վստահել Եհովային, երբ խոսքը գնում է, օրինակ, դրախտի կամ հարության խոստման մասին, որոնց մենք անհամբերությամբ ենք սպասում, բոլորովին այլ բան է հավատալ ու վստահել նրան, երբ հարցը վերաբերում է նրա հաստատած բարոյական չափանիշներին հետևելուն։ Թերևս դժվար է սրտում լիովին համոզված լինել, որ նրա չափանիշների համաձայն ապրելը կյանքի լավագույն ուղին է, որը երջանկության է տանում։ Սողոմոն թագավորը հետևյալ հորդորը տվեց. «Ամբողջ սրտովդ Եհովային ապավինիր և քո սեփական հասկացողությանը մի՛ վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում հաշվի առ նրան, և նա կուղղի քո շավիղները» (Առակ. 3։5, 6)։ Սողոմոնն այստեղ նշում է մեր «ճանապարհների» և «շավիղների» մասին։ Ուստի ոչ թե մեր ունեցած հույսը, այլ մեր ապրելակերպն է, որ պետք է արտացոլի Աստծու հանդեպ մեր վստահությունը։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ փորձությունների ժամանակ ապավինում ենք Աստծուն։
6. Ինչպե՞ս կարող ենք վճռական լինել՝ մերժելու սխալ մտքերը։
6 Վատ գործերից խուսափելու համար հարկավոր է հսկել միտքը (կարդա՛ Հռոմեացիներ 8։5; Եփեսացիներ 2։3)։ Ինչպե՞ս կարող ես վճռական լինել՝ մերժելու սխալ մտքերը։ 1. Աղոթքով Աստծուց օգնություն խնդրիր (Մատթ. 6։9, 13)։ 2. Խորհրդածիր այն մարդկանց օրինակների շուրջ, ովքեր հնազանդվել են Եհովային և ովքեր չեն հնազանդվել։ Ուշադրություն դարձրու, թե ինչ հետևանքներ են ունեցել նրանց արարքներըa (1 Կորնթ. 10։8–11)։ 3. Մտածիր, թե քո սխալ արարքը ինչ հոգեկան և էմոցիոնալ ցավ կարող է պատճառել թե՛ քեզ, թե՛ քեզ սիրող մարդկանց։ 4. Մտածիր, թե Աստված ինչ կզգա, երբ նրա ծառաներից որևէ մեկը լուրջ մեղք գործի (կարդա՛ Սաղմոս 78։40, 41)։ 5. Պատկերացրու՝ ինչ ուրախությամբ է լցվում Եհովայի սիրտը, երբ տեսնում է, որ իրեն նվիրված ծառաները մերժում են սխալ գործերը և անում են ճիշտը թե՛ մարդկանց միջավայրում, թե՛ մենակ (Սաղ. 15։1, 2; Առակ. 27։11)։ Դու նույնպես կարող ես ցույց տալ, որ ապավինում ես Եհովային։
Ապավինիր Աստծուն անտարբերության և հակառակության հանդիպելիս
7. Ի՞նչ փորձությունների էր բախվում Երեմիան և ինչպե՞ս էր երբեմն զգում իրեն։
7 Մեր եղբայրներից շատերը ծառայում են այնպիսի տարածքներում, որտեղ հատկապես կարիք կա տոկունություն դրսևորելու։ Երեմիա մարգարեն նույնպես ծառայել է տագնապալից ժամանակաշրջանում՝ Հուդայի թագավորության վերջին օրերում։ Ամեն օր նա բախվում էր հավատի փորձությունների, քանի որ հնազանդվելով Եհովային՝ նրա դատաստանական պատգամն էր հայտնում ժողովրդին։ Մի անգամ նույնիսկ իր հավատարիմ գրագիրը՝ Բարուքը, բողոքեց, որ այլևս չի դիմանում և արդեն հոգնել է (Երեմ. 45։2, 3)։ Իսկ Երեմիա՞ն։ Արդյոք նա հուսալքվե՞ց։ Նրա խոսքերից հասկանում ենք, որ մի պահ մարգարեն նույնպես ընկճված է եղել։ «Անիծյալ լինի այն օրը, երբ ես ծնվեցի,— ասաց նա։— Ինչո՞ւ դուրս եկա արգանդից. որ ծանր աշխատանք ու վի՞շտ տեսնեմ, և իմ օրերը ամոթալի վախճա՞ն ունենան» (Երեմ. 20։14, 15, 18)։
8, 9. Ըստ Երեմիա 17։7, 8 և Սաղմոս 1։1–3 համարների՝ ի՞նչ պետք է անենք, որպեսզի շարունակ պտուղ բերենք։
8 Այդուհանդերձ, Երեմիան չէր հանձնվում։ Նա շարունակում էր ապավինել Եհովային։ Արդյունքում՝ այս հավատարիմ մարգարեն ականատես եղավ Եհովայի խոսքերի իրականացմանը, ինչպես որ գրված է Երեմիա 17։7, 8 համարներում. «Օրհնված է այն մարդը, որն իր հույսը Եհովայի վրա է դնում, և որի ապավենը Եհովան է։ Նա նման կլինի ջրերի մոտ տնկված ծառի, որն իր արմատները ջրի հոսանքի մոտ է գցում։ Տոթը նա չի տեսնի, և նրա տերևները միշտ խիտ կլինեն։ Երաշտի տարում չի անհանգստանա և չի դադարի պտուղ տալուց»։
9 Սաղարթախիտ պտղատու ծառի պես, որը տնկված է ջրերի մոտ, կամ՝ ջրարբի այգում՝ Երեմիան երբեք չդադարեց «պտուղ տալուց»։ Նա թույլ չտվեց, որ չարամիտ ծաղրողները որևէ ազդեցություն ունենան իր վրա։ Այլ շարունակեց սնվել կենսատու «ջրերի» Աղբյուրից։ Եհովայի խոսքերը նրա սրտում էին (կարդա՛ Սաղմոս 1։1–3; Երեմ. 20։9)։ Ի՜նչ լավ օրինակ է Երեմիան բոլորիս, հատկապես նրանց համար, ովքեր շատ դժվարությունների են հանդիպում իրենց տարածքում։ Եթե դու էլ ես նրանց թվում, ամբողջովին ապավինիր Եհովային, որը կտա քեզ բավականաչափ տոկունություն, մինչ «հրապարակորեն հռչակում ես նրա անունը» (Եբր. 13։15)։
10. Ի՞նչ պայմաններ են ստեղծված մեզ համար, և ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։
10 Եհովան հոգևոր առումով դրախտային պայմաններ է ստեղծել մեզ համար, որպեսզի այս վերջին օրերում կարողանանք դիմանալ դժվարություններին ու խնդիրներին։ Նրա սիրառատ հոգածության դրսևորումներից մեկը իր Խոսքն է, որը շարունակում է ճշգրտորեն թարգմանվել ավելի շատ լեզուներով։ Եհովան նաև իր ժամանակին առատ հոգևոր սնունդ է տալիս մեզ հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով։ Նա տվել է հոգևոր քույրեր ու եղբայրներ, որոնք աջակցում են մեզ ամեն ժամանակ։ Ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ տեսնում ենք, թե որքան շատ են նրանք։ Լիովին օգտվո՞ւմ ես քեզ համար ստեղծված այս դրախտային պայմաններից։ Ովքեր վայելում են այդ պայմանները, «սրտի բերկրանքից ուրախ կբացականչեն»։ Իսկ ովքեր չեն լսում Աստծուն, «սրտի ցավից կաղաղակեն ու ոգու կսկիծից կոռնան» (Ես. 65։13, 14)։
Ապավինիր Աստծուն, երբ մտահոգություններն ու հոգսերը խեղդում են քեզ
11, 12. Երբ աշխարհում խնդիրները շատանում են, ի՞նչ անելու է մղում մեզ իսկական իմաստությունը։
11 Ինչպես մարգարեացվել էր, «վայերը» հեղեղելու էին ողջ աշխարհը (Մատթ. 24։6–8; Հայտն. 12։12)։ Երբ որևէ տարածքում ջրհեղեղ է լինում, սովորաբար մարդիկ բարձրանում են շենքերի տանիքների վրա, կամ էլ փախչում են բարձրադիր գոտիներ։ Նմանապես, երբ աշխարհում խնդիրներն ավելանում են, միլիոնավոր մարդիկ ապաստան են փնտրում թվացյալ բարձրադիր գոտիներում՝ ֆինանսական, քաղաքական և կրոնական կառույցներում, ինչպես նաև գիտության կամ տեխնիկայի զարգացման մեջ։ Բայց սրանցից ոչ մեկը իրական պաշտպանություն չի ապահովում (Երեմ. 17։5, 6)։ Սակայն Եհովայի ծառաները ունեն իրական պաշտպանություն, որ ապահովում է Եհովան, որը «Վեմ է հավիտյան» (Ես. 26։4)։ Սաղմոսերգուն գրում է. «[Եհովան] է իմ ժայռը և իմ փրկությունը, իմ ապահով բարձունքը» (կարդա՛ Սաղմոս 62։6–9)։ Ինչպե՞ս կարող ենք Եհովային մեր ապաստանը դարձնել։
12 Մենք կառչում ենք այս Վեմին, երբ հետևում ենք Աստծու Խոսքին, որը հաճախ հակառակ է այն ամենին, ինչ թելադրում է մարդկային իմաստությունը (Սաղ. 73։23, 24)։ Օրինակ՝ մարդկային իմաստությունը մղում է այսպես մտածելու՝ «քեզ մի կյանք է տրված, վայելիր այն, ինչպես ուզում ես», «լավ կարիերա ստեղծիր», «շատ փող ունեցիր», «այս ու այն բանն առ քեզ համար», «ճամփորդիր և աշխարհ տես»։ Սակայն աստվածային իմաստությունը հորդորում է. «[Թող] աշխարհից օգտվողները լինեն ինչպես լիովին չօգտվողներ, քանի որ այս աշխարհի տեսարանը փոխվում է» (1 Կորնթ. 7։31)։ Հիսուսը նույնպես հորդորեց մեզ, որ Թագավորության շահերը միշտ առաջին տեղում դնենք և այդպիսով «գանձեր դիզենք երկնքում», որտեղ դրանք բացարձակապես ապահով կլինեն (Մատթ. 6։19, 20)։
13. Ի մտի ունենալով 1 Հովհաննես 2։15–17 համարները՝ ի՞նչ պետք է հարցնենք ինքներս մեզ։
13 Աշխարհի և նրա մեջ եղած բաների հանդեպ մեր վերաբերմունքը ցույց տալի՞ս է, որ ամբողջովին ապավինում ենք Աստծուն (1 Հովհ. 2։15–17)։ Հոգևոր գանձերը և Թագավորության գործում ունեցած մեր առանձնաշնորհումները ավելի ցանկալի ու կարևո՞ր են մեզ համար, քան այն ամենն, ինչ առաջարկում է աշխարհը (Փիլիպ. 3։8)։ Ջանո՞ւմ ենք մեր «աչքը պարզ» պահել (Մատթ. 6։22)։ Ինչ խոսք, Աստված չի ուզում, որ անտարբեր լինենք մեր պարտականությունների հանդեպ, հատկապես եթե ընտանիք ունենք (1 Տիմոթ. 5։8)։ Սակայն նա ուզում է, որ իր ծառաները ամբողջովին ապավինեն իրեն, ոչ թե իրենց հույսը դնեն Սատանայի մեռնող աշխարհի վրա (Եբր. 13։5)։
14-16. Ի՞նչ օգուտներ են ստացել ոմանք իրենց «աչքը պարզ» պահելու և Թագավորության շահերը առաջին տեղը դնելու շնորհիվ։
14 Քննենք Ռիչարդի և Ռութի օրինակը, որոնք երեք երեխա ունեն։ Ռիչարդը պատմում է. «Մենք հարմարավետ կյանքով էինք ապրում։ Սակայն սրտիս խորքում հասկանում էի, որ կարող եմ ավելին անել Եհովայի համար։ Զգում էի, որ Աստծուն տալիս եմ ընդամենը այն, ինչն ինձ պետք չէ։ Այդ մասին աղոթելուց և «ծախսը հաշվելուց» հետո ես ու Ռութը որոշեցինք, որ ես իմ գործատիրոջը խնդրեմ, որ շաբաթը միայն չորս օր աշխատեմ՝ չնայած այն բանին, որ երկրում տնտեսական ճգնաժամ էր։ Իմ խնդրանքն ընդունվեց, և ես մեկ ամիս անց սկսեցի աշխատել նոր գրաֆիկով»։ Ի՞նչ զգացումներ ունեցավ Ռիչարդը հետագայում։
15 «Հիմա ես 20 տոկոսով պակաս աշխատավարձ եմ ստանում,— ասում է նա,— բայց տարվա մեջ ունեմ լրացուցիչ 50 ազատ օր, որ կարող եմ անցկացնել ընտանիքիս հետ և կրթել երեխաներիս։ Այդ փոփոխության արդյունքում քարոզչական ծառայությանը հատկացվող ժամերս կրկնապատկվել են, ուսուցումներս՝ եռապատկվել։ Այժմ ժողովում կարողանում եմ ավելի շատ պատասխանատվություններ ստանձնել։ Եվ քանի որ ավելի շատ եմ երեխաներիս կողքին լինում, Ռութը ժամանակ առ ժամանակ ծառայում է որպես ենթառահվիրա։ Որոշել եմ այս գրաֆիկով աշխատել որքան հնարավոր է երկար»։
16 Ռոյն ու Փեթինան, որոնց աղջիկը դեռ իրենց հետ է ապրում, կարողացան կրճատել իրենց աշխատանքային ժամերը, որպեսզի ռահվիրա ծառայեն։ Ռոյը պատմում է. «Ես շաբաթը երեք օր եմ աշխատում, իսկ Փեթինան՝ երկու։ Բացի այդ, մենք տեղափոխվել ենք ավելի փոքր բնակարան, որպեսզի տան մասին հոգ տանելն ավելի հեշտ լինի։ Նախքան մեր տղայի և աղջկա ծնվելը մենք ռահվիրաներ էինք ու նրանց ծնվելուց հետո միշտ ցանկացել ենք վերականգնել մեր ծառայությունը։ Ուստի երբ երեխաները մեծացան, նորից սկսեցինք լիաժամ ծառայել։ Այն օրհնությունները, որ ստացանք մենք, հնարավոր չէ փողով գնել»։
Թող «Աստծու խաղաղությունը» պահպանի քո սիրտը
17. Թեև չգիտենք, թե ինչ կբերի իր հետ վաղվա օրը, սակայն ինչպե՞ս է Աստծու Խոսքը հույս ներշնչում մեզ։
17 Ոչ ոք չգիտի, թե վաղվա օրն իր հետ ինչ կբերի, քանի որ «ժամանակ և պատահար» բոլորին է հանդիպում (Ժող. 9։11)։ Սակայն չպետք է թույլ տանք, որ վաղվա օրվա անորոշությունը այսօր խլի մեր մտքի խաղաղությունը, ինչպես որ հաճախ պատահում է նրանց, ովքեր չունեն այն ապահովության զգացումը, որն ունեն Աստծու հետ ջերմ փոխհարաբերություններ վայելողները (Մատթ. 6։34)։ Պողոս առաքյալը գրեց. «Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը» (Փիլիպ. 4։6, 7)։
18, 19. Ինչպե՞ս է Աստված մխիթարում մեզ։ Բե՛ր օրինակ։
18 Շատ քույրեր ու եղբայրներ փորձությունների ժամանակ Եհովայի օգնությամբ կարողացել են պահպանել իրենց ներքին խաղաղությունը։ Մի քույր պատմում է. «Վիրաբույժներից մեկը շարունակ փորձում էր ինձ վախեցնել, որ համաձայնվեմ արյան փոխներարկման։ Ինձ տեսնելիս նա ամեն անգամ ասում էր. «Ասում ես՝ առանց արյա՞ն։ Է՛դ ինչ հիմարություն է»։ Ես լուռ աղոթում էի Եհովային, և ներսս լցվում էր խաղաղությամբ։ Ես ժայռի պես անսասան էի։ Չնայած իմ արյան տոկոսը ցածր էր և այդ պատճառով ինձ թույլ էի զգում, կարողանում էի Աստվածաշնչի հիման վրա նրան հստակ ցույց տալ, թե ինչու եմ նման որոշում կայացրել»։
19 Երբեմն Աստված անհրաժեշտ օգնությունը ցույց է տալիս հավատակցի մխիթարական խոսքերի կամ էլ ժամանակին տրվող հոգևոր կերակուրի միջոցով։ Հավանաբար լսել ես այսպիսի խոսքեր. «Այս հոդվածը հենց այն էր, ինչ ինձ պետք էր։ Այն ինձ համար էր գրված»։ Ինչ իրավիճակում էլ որ լինենք և ինչի կարիք էլ որ ունենանք, եթե ապավինում ենք Եհովային, նա անպայման կփաստի իր սերը մեր հանդեպ։ Չէ՞ որ մենք նրա «արոտի ոչխարներն» ենք և նրա անունն ենք կրում (Սաղ. 100։3; Հովհ. 10։16; Գործ. 15։14, 17)։
20. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովայի ծառաները ապահով կլինեն, երբ Սատանայի աշխարհը կործանվի։
20 Սրընթաց մոտեցող «Եհովայի ցասման օրվա» ընթացքում այն ամենը, ինչին ապավինում է Սատանայի աշխարհը, ոչինչ կդառնա։ Ո՛չ ոսկին, ո՛չ արծաթը, ո՛չ էլ որևէ թանկարժեք բան ապաստան չի լինի մարդկանց համար կործանման ժամանակ (Սոփ. 1։18; Առակ. 11։4)։ Միակ հուսալի ապաստանը Եհովա Աստվածն է, որը «Վեմ է հավիտյան» (Ես. 26։4)։ Ուստի եկեք լիովին ապավինենք Եհովային՝ հնազանդվելով նրա Խոսքին, հռչակելով նրա Թագավորության պատգամը՝ չնայած անտարբերությանն ու հակառակությանը, և մեր հոգսը նրա վրա գցելով։ Եթե այդպես վարվենք, «ապահով կբնակվենք, և փորձանքի հանդեպ սարսափը մեզ չի անհանգստացնի» (Առակ. 1։33)։
[ծանոթագրություն]
Կարո՞ղ ես բացատրել
Ինչպե՞ս կարող ենք ապավինել Աստծուն...
• փորձության ժամանակ։
• անտարբերության և հակառակության հանդիպելիս։
• երբ հոգսերը խեղդում են։
[նկար 13-րդ էջի վրա]
Աստծու հաստատած չափանիշների համաձայն ապրելը երջանկություն է բերում
[նկար 15-րդ էջի վրա]
«Եհովան Վեմ է հավիտյան»