ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ
Ո՞վ է «Եզեկիել» գրքի Մագոգի Գոգը
Տարիներ շարունակ մեր հրատարակություններում բացատրվել է, որ Մագոգի Գոգը Բանսարկու Սատանայի անունն է, որը նա ստացավ այն բանից հետո, երբ վայր գցվեց երկնքից։ Այս բացատրությունը հիմնված էր այն փաստի վրա, որ «Հայտնություն» գիրքը բնորոշում էր Բանսարկու Սատանային որպես մեկը, ով ղեկավարելու է Աստծու ժողովրդի վրա համաշխարհային հարձակումը (Հայտն. 12։1–17)։ Ուստի մտածում էինք, որ Գոգը պետք է որ լինի Սատանայի մեկ այլ մարգարեական անունը։
Սակայն այս բացատրությունը մի քանի կարևոր հարցեր է առաջացնում։ Ինչո՞ւ։ Նկատի առնենք հետևյալը։ Անդրադառնալով այն ժամանակին, երբ Գոգը պետք է պարտության մատնվի, Եհովան ասում է Գոգի մասին. «Քեզ որպես կերակուր կտամ գիշատիչ թռչուններին, ամեն տեսակ թռչուններին ու դաշտի գազաններին» (Եզեկ. 39։4)։ Հետո Եհովան ավելացնում է. «Այդ օրը ես այնտեղ Գոգին տեղ կտամ՝ թաղվելու տեղ Իսրայելում.... Այնտեղ նրանք կթաղեն Գոգին ու նրա ողջ ամբոխին» (Եզեկ. 39։11)։ Բայց ինչպե՞ս կարող է ոգեղեն էակը կերակուր դառնալ «գիշատիչ թռչունների» և «դաշտի գազանների» համար։ Ինչպե՞ս է հնարավոր Սատանային «թաղվելու տեղ» տալ երկրի վրա։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Սատանան 1000 տարով անդունդն է գցվելու, ոչ թե կերակուր է դառնալու կամ թաղվելու է (Հայտն. 20։1, 2)։
Մենք գիտենք, որ 1000 տարվա վերջում Սատանան դուրս կգա անդունդից և «կմոլորեցնի երկրի չորս անկյուններում գտնվող ազգերին՝ Գոգին ու Մագոգին, որպեսզի հավաքի նրանց պատերազմի համար» (Հայտն. 20։8)։ Բայց ինչպե՞ս կարող է Սատանան մոլորեցնել Գոգին, եթե Գոգը հենց ինքն է։ Ուրեմն, ո՛չ Եզեկիելի մարգարեության մեջ, ո՛չ էլ «Հայտնություն» գրքում «Գոգը» Սատանան չէ։
Այդ դեպքում ո՞վ է Մագոգի Գոգը։ Այս հարցին պատասխանելու համար մենք պետք է ուսումնասիրենք Սուրբ Գիրքը, որպեսզի պարզենք, թե ով է հարձակվելու Աստծու ժողովրդի վրա։ Աստվածաշունչը խոսում է ոչ միայն Մագոգի Գոգի հարձակման մասին, այլև «հյուսիսի թագավորի» և «երկրի թագավորների» հարձակումների մասին (Եզեկ. 38։2, 10–13; Դան. 11։40, 44, 45; Հայտն. 17։14; 19։19)։ Արդյոք դրանք առանձի՞ն հարձակումներ են։ Ինչպես երևում է՝ ոչ։ Անկասկած, Աստվածաշունչը խոսում է նույն հարձակման մասին տարբեր անուններով։ Ինչո՞ւ ենք նման եզրահանգման գալիս։ Քանի որ Սուրբ Գիրքն ասում է, որ երկրի բոլոր ազգերը ներգրավված են լինելու այս վերջնական հարձակման մեջ, որն առաջնորդելու է դեպի Արմագեդոն պատերազմը (Հայտն. 16։14, 16)։
Աստծու ժողովրդի վրա վերջնական հարձակման մասին այս բոլոր սուրբգրային համարների համեմատությունից ակնհայտ է դառնում, որ Մագոգի Գոգ անունը վերաբերում է ոչ թե Սատանային, այլ ազգերի կոալիցիային։ Արդյոք այս կոալիցիային կառաջնորդի փոխաբերական «հյուսիսի թագավո՞րը»։ Համոզվածությամբ չենք կարող ասել։ Բայց այս միտքը թվում է՝ ներդաշնակ է այն բանին, ինչ Եհովան ասում է Գոգին. «Դու կգաս քո տեղից՝ հյուսիսի ամենահեռավոր վայրերից, դու և շատ ժողովուրդներ քեզ հետ. բոլորը ձիեր հեծած կգան՝ մի մեծ բազմություն, բազմաթիվ զորք» (Եզեկ. 38։6, 15)։
Իսկ Դանիել մարգարեն, որը Եզեկիելի ժամանակակիցն էր, հյուսիսի թագավորի մասին ասում է. «Արևելքից և հյուսիսից լուրեր կգան, որոնք կանհանգստացնեն նրան, և նա մեծ ցասումով դուրս կգա, որպեսզի շատերին ոչնչացնի ու կործանման մատնի։ Իր շքեղ վրանները կդնի մեծ ծովի ու փառահեղ սուրբ լեռան միջև։ Նա կգնա իր վախճանին, և նրան օգնող չի լինի» (Դան. 11։44, 45)։ Սա լիովին համապատասխանում է այն բանին, ինչ «Եզեկիել» գիրքն ասում է Գոգի քայլերի մասին (Եզեկ. 38։8–12, 16)։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում այս վերջնական հարձակման արդյունքում։ Դանիելն ասում է. «Այդ ժամանակ մեծ իշխան Միքայելը [Հիսուս Քրիստոսը], որը կանգնած է [1914-ից սկսած] քո ժողովրդի որդիների թիկունքին, վեր կկենա [Արմագեդոնի ժամանակ]։ Եվ նեղության ժամանակ կլինի [մեծ նեղություն], որի նմանը չի եղել ազգը առաջ գալու ժամանակվանից մինչև այդ ժամանակը։ Քո ժողովուրդը կփրկվի այդ ժամանակ՝ բոլոր նրանք, ովքեր գրի են առնված գրքում» (Դան. 12։1)։ Աստծու ներկայացուցչի՝ Հիսուսի այս քայլը նաև նկարագրված է Հայտնություն 19։11–21-ում։
Բայց ո՞ւմ է ներկայացնում Հայտնություն 20։8 համարում նշված «Գոգն ու Մագոգը»։ 1000 տարվա վերջում՝ վերջնական փորձության ընթացքում, նրանք, ովքեր ապստամբել են Եհովայի դեմ, նույն մահաբեր վերաբերմունքը կդրսևորեն, ինչ «Գոգը, որը Մագոգ երկրից է», այսինքն՝ այն ազգերը, որ հարձակվել էին Աստծու ժողովրդի վրա մեծ նեղության վերջում։ Երկու խմբի վախճանը ճիշտ և ճիշտ նույնը կլինի՝ հավիտենական մահ (Հայտն. 19։20, 21; 20։9)։ Ուստի տեղին է, որ Հազարամյակի վերջում բոլոր ապստամբողները կոչվեն «Գոգ ու Մագոգ»։
Որպես Աստծու Խոսքի ժրաջան ուսումնասիրողներ՝ մենք անձկությամբ սպասում ենք, որ տեսնենք, թե մոտ ապագայում ով է ստանձնելու «հյուսիսի թագավորի» դերը։ Սակայն անկախ այն բանից, թե ով կառաջնորդի ազգերի կոալիցիային, երկու բանում համոզված ենք. 1) Մագոգի Գոգը և իր զորքը կպարտվեն ու կբնաջնջվեն, 2) մեր Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, կփրկի Աստծու ժողովրդին և կառաջնորդի դեպի խաղաղ նոր աշխարհ, որտեղ իրական ապահովություն կլինի (Հայտն. 7։14–17)։