Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Ովսէէ» գրքից
ՃՇՄԱՐԻՏ երկրպագությունը գրեթե վերացել է Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորությունից։ Հերոբովամ II–ի օրոք Իսրայելը նյութապես բարգավաճում է, սակայն նրա մահից հետո դրությունը փոխվում է։ Հետևում են անհանգիստ և քաղաքական առումով անկայուն ժամանակներ։ Իրար հաջորդող վեց թագավորներից չորսը սպանվում են (Դ Թագաւորաց 14։29; 15։8–30; 17։1–6)։ Ովսեեի 59–ամյա մարգարեական գործունեությունը, որը սկսվում է մ.թ.ա. 804–ին, ընդգրկում է այս փոթորկուն ժամանակները։
Ովսեեի ամուսնությունը վառ կերպով պատկերում է Եհովայի զգացմունքները կամակոր Իսրայել ազգի նկատմամբ։ Նրա մարգարեությունը մերկացնում է Իսրայելի սխալները և ազդարարում դատաստաններ նրա ու Հուդայի դեմ։ Այս գիրքը, որը կրում է հենց մարգարեի անունը, լի է նուրբ զգացմունքներ արտահայտող և զորեղ ու պատկերավոր խոսքերով։ Այն Աստծու ներշնչյալ Խոսքի մի մասն է, ուստի նրա պատգամը կենդանի է և զորեղ (Եբրայեցիներ 4։12)։
«ՔԵԶ ՀԱՄԱՐ ՄԻ ՊՈՌՆԿՈՒԹՅԱՆ ԿԻՆ ԱՌ»
Եհովան Ովսեեին ասում է. «Գնա քեզ համար մի պոռնկության կին առ» (Ովսէէ 1։2)։ Ովսեեն հնազանդվում է և ամուսնանում Գոմեր անունով մի կնոջ հետ։ Վերջինս որդի է ծնում։ Սակայն նրա հաջորդ երկու զավակները ապօրինի են։ Նրանց անուններն են Լո–րուհամա և Լո–ամմի։ Այդ անունները մատնանշում են, որ Եհովան չի ողորմելու Իսրայելին և մերժելու է իր անհավատարիմ ժողովրդին։
Ի՞նչ է իրականում զգում Եհովան իր ապստամբ ժողովրդի հանդեպ։ Նա Ովսեեին ասում է. «Էլի գնա մի շնացող կին սիրիր՝ ընկերիցը սիրուած, ինչպէս որ Տէրը սիրում է Իսրայէլի որդկանցը, իսկ նորանք դառնում են դէպի ուրիշ աստուածներ» (Ովսէէ 3։1)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։1 — Ինչո՞ւ է Ովսեեն հիշատակում Հուդայի բոլոր չորս թագավորներին, որոնք իշխել են իր մարգարե եղած ժամանակ, բայց Իսրայելի թագավորներից միայն մեկի անունն է նշում։ Պատճառն այն է, որ Աստծու ընտրյալ ժողովրդի օրինական ղեկավարներ էին միայն Դավթի տոհմից սերող թագավորները։ Մինչդեռ հյուսիսային թագավորության թագավորները Դավթի տոհմից չէին։
1։2–9 — Արդյո՞ք Ովսեեն ամուսնացավ պոռնիկ կնոջ հետ։ Ո՛չ։ Նա ամուսնացավ մի կնոջ հետ, որը հետագայում շնություն գործեց։ Մարգարեի խոսքերից չի կարելի եզրակացնել, թե իր ընտանիքի մասին պատմած բաները տեղի են ունեցել երազում կամ տեսիլքում։
1։7 — Ե՞րբ Հուդայի տունը ողորմություն ստացավ և փրկվեց։ Դա եղավ մ.թ.ա. 732–ին՝ Եզեկիա թագավորի օրոք։ Այդ ժամանակ ասորեստանցիները եկել էին Երուսաղեմի վրա։ Սակայն Եհովան վերացրեց վտանգը. նրա ուղարկած հրեշտակը մեկ գիշերվա մեջ սպանեց թշնամու 185 000 զինվոր (Դ Թագաւորաց 19։34, 35)։ Այդպես Եհովան ազատեց Հուդային ոչ թե «աղեղով եւ սրով ու պատերազմով՝ ձիերով ու ձիաւորներով», այլ հրեշտակի միջոցով։
1։10, 11 — Ինչպե՞ս իսրայելացիների որդիները «ժողովվեցին մեկտեղ» Հուդայի որդիների հետ, եթե Իսրայելի հյուսիսային թագավորությունը վերացել էր մ.թ.ա. 740–ին։ Նախքան Հուդայի բնակիչները մ.թ.ա. 607–ին գերության կտարվեին Բաբելոն, շատերը Իսրայելի հյուսիսային թագավորությունից տեղափոխվել էին Հուդա (Բ Մնացորդաց 11։13–17; 30։6–12, 18–20, 25)։ Երբ մ.թ.ա. 537–ին հրեա գերիները վերադարձան հայրենիք, նրանց հետ էին նաև հյուսիսային թագավորության նախկին բնակիչների հետնորդները (Եզրաս 2։70)։
2։21–23 — Ի՞նչ էր մարգարեանում Եհովան՝ ասելով. «[Հեզրայելին] պիտի սերմանեմ ինձ համար երկրի վերայ եւ պիտի ողորմեմ [նրան]»։ Ովսեեի՝ Գոմերից ծնված առաջին որդու անունը Հեզրայել էր (Ովսէէ 1։2–4)։ Այդ անունը, որ նշանակում է «Աստված սերմ է ցանելու», մարգարեական իմաստ ունի, այն է՝ Եհովան մ.թ.ա. 537–ին հավաքելու էր իսրայելացիների հավատարիմ մնացորդին և նրանց սերմի պես ցանելու էր Հուդայում։ Երկիրը, որ ամայի էր մնացել 70 տարի, այժմ պիտի տար ցորեն, գինի և յուղ։ Բանաստեղծական ոճով՝ մարգարեությունն ասում է, որ այդ բարիքները հողին խնդրելու էին, որ իր սննդարար նյութերն արձակի, իսկ հողն իր հերթին երկնքից անձրև էր խնդրելու։ Երկինքն էլ խնդրելու էր Աստծուն, որ անձրևային ամպեր տա։ Այս ամենը լինելու էր այն նպատակով, որ առատորեն բավարարվեին հայրենիք վերադարձողների կարիքները։ Պողոս և Պետրոս առաքյալները հղում են արել Ովսէէ 2։23 համարին հոգևոր Իսրայելի մնացորդի հավաքման հետ կապված (Հռոմեացիներ 9։25, 26; 1 Պետրոս 2։10)։
Դասեր մեզ համար
1։2–9; 3։1, 2. Խորհիր, թե ինչ զոհողության գնաց Ովսեեն՝ հնազանդվելով Եհովայի կամքին և չամուսնալուծվելով իր կողակցից։ Աստծու կամքը կատարելու համար ի՞նչ չափով ենք պատրաստ զոհելու մեր անձնական նախընտրությունները։
1։6–9. Եհովան ատում է հոգևոր շնությունը, ճիշտ ինչպես որ ատում է ամուսնական դավաճանությունը։
1։7, 10, 11; 2։14–23. Իսրայելի և Հուդայի վերաբերյալ Եհովայի բոլոր մարգարեություններն իրականացան։ Աստծու խոսքը միշտ կատարվում է։
2։16, 19, 21–23; 3։1–4. Եհովան պատրաստ է ներելու նրանց, ովքեր սրտանց զղջում են (Նէեմիա 9։17)։ Եհովայի պես՝ մենք ուրիշների հանդեպ պետք է կարեկից և ողորմած լինենք։
ԵՀՈՎԱՆ «ՎԷՃ ՈՒՆԻ»
«Տէրը վէճ ունի երկրի բնակիչների հետ»։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ, ողորմութիւն չ’կայ, եւ Աստուծոյ գիտութիւն չ’կայ երկրի մէջ» (Ովսէէ 4։1)։ Ուխտադրուժ իսրայելացիները խարդախություն և արյունահեղություն էին անում, զբաղվում էին պոռնկությամբ՝ թե՛ բառացի, թե՛ հոգևոր։ Փոխանակ Աստծուց օգնություն խնդրելու՝ նրանք «եգիպտացիներին կանչեցին, Ասորեստան գնացին» (Ովսէէ 7։11)։
Եհովան հայտնում է իր դատաստանը՝ ասելով. «Իսրայէլը կուլ գնաց» (Ովսէէ 8։8)։ Հուդայի թագավորությունը նույնպես զերծ չէ մեղքից։ «Յուդայի հետ էլ վէճ ունի Տէրը, եւ պիտի այցելէ Յակոբին նորա ճանապարհներին համեմատ, նորա գործերին համեմատ պիտի հատուցանէ նորան» (Ովսէէ 12։3)։ Բայց վերականգնում անպայման լինելու է, քանի որ Աստված խոստանում է. «Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նորանց, մահուանից պիտի պրծեցնեմ նորանց» (Ովսէէ 13։14)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
6։1–3 — Ո՞վ էր ասում. «Եկէք եւ ետ դառնանք Տիրոջ մօտ»։ Հնարավոր է՝ անհավատարիմ իսրայելացիները միմյանց քաջալերում էին վերադառնալ Եհովայի մոտ։ Եթե այդպես է, ապա նրանք պարզապես ձևացնում էին, թե զղջում են։ Նրանց բարությունը կարճատև էր ու վաղանցիկ, ինչպես «առավոտյան ամպ և վաղահաս ցող» (Ովսէէ 6։4)։ Կամ գուցե խոսողը Ովսեեն էր, որը խնդրում էր ժողովրդին վերադառնալ դեպի Եհովան։ Ամեն դեպքում, Իսրայելի տասցեղ թագավորության կամակոր բնակիչները պետք է անկեղծորեն զղջային և իրենց սրտով վերադառնային Եհովայի մոտ։
7։4 — Ինչո՞վ էին շնացող իսրայելացիները նման «վառված թոնրի»։ Այս համեմատությունն ընդգծում է, թե որքա՛ն չար էին նրանց սրտերի ցանկությունները։
Դասեր մեզ համար
4։1, 6. Եթե ուզում ենք շարունակել ունենալ Եհովայի բարեհաճությունը, պետք է միշտ գիտելիքներ ձեռք բերենք նրա մասին և ապրենք մեր սովորածի համաձայն։
4։9–13. Եհովան հաշիվ կպահանջի նրանցից, ովքեր սեռական անբարոյությամբ են զբաղվում և մասնակցում են անմաքուր երկրպագության (Ովսէէ 1։4)։
5։1. Աստծու ժողովրդի մեջ առաջնորդություն վերցնողները պետք է լիովին մերժեն հավատուրացությունը։ Այլապես նրանք գուցե դրդեն ոմանց ներքաշվել կեղծ երկրպագության մեջ և այդպիսով «որոգայթ ու վարմ» դառնան նրանց համար։
6։1–4; 7։14, 16. Միայն խոսքերով զղջալը իսկական զղջում չէ և օգուտ չունի։ Աստծու ողորմածությանն արժանանալու համար մեղք գործած անհատը պետք է սրտանց զղջա՝ դա ակնհայտ դարձնելով նրանով, որ վերադառնա դեպի «Բարձրեալը», դեպի ճշմարիտ երկրպագությունը։ Նրա գործերը պետք է ներդաշնակ լինեն Աստծու բարձր չափանիշներին (Ովսէէ 7։16)։
6։6. Շարունակ մեղք գործելը նշան է, որ անհատը նվիրված չէ Աստծուն և չի սիրում նրան։ Այս թերությունը չի կարող ծածկվել հոգևոր զոհաբերությունների շատությամբ։
8։7, 13; 10։13. «Մարդ ինչ որ ցանում է, այն էլ կհնձի» սկզբունքի ճշմարտացիությունը հաստատվեց կռապաշտ իսրայելացիների դեպքում (Գաղատացիներ 6։7)։
8։8; 9։17; 13։16. Հյուսիսային թագավորության վերաբերյալ մարգարեություններն իրականացան, երբ Ասորեստանը գրավեց նրա մայրաքաղաք Սամարիան (Դ Թագաւորաց 17։3–6)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված անպայման կկատարի իր ասածը (Թուոց 23։19)։
8։14. Մ.թ.ա. 607–ին Եհովան բաբելոնացիների ձեռքով «կրակ ուղարկեց Հուդայի քաղաքների մեջ» և կատարեց իր խոստումը Երուսաղեմն ու Հուդան կործանելու մասին (Բ Մնացորդաց 36։19)։ Աստծու խոսքը երբեք «գետինը չի ընկնի» (Յեսու 23։14)։
9։10. Ճշմարիտ Աստծուն նվիրված ազգ լինելով հանդերձ՝ իսրայելացիները «եկան Բաալփեգովր, եւ իրանց նուիրեցին ամօթի [«ամօթալից գործերու», ԱԱ]»։ Մենք իմաստուն կլինենք, եթե զգուշանանք նրանց պես վարվելուց, այլապես մեր նվիրման համաձայն ապրած չենք լինի (1 Կորնթացիներ 10։11)։
10։1, 2, 12. Մենք պետք է կեղծավորությունից զերծ սրտով երկրպագենք Եհովային։ Եթե «սերմենք մեզ համար արդարությամբ, կհնձենք Աստծու ողորմության համեմատ»։
10։5. «Բեթավանը» (նշանակում է «վնասաբեր տուն») Բեթելին (նշանակում է «Աստծու տուն») տրված նսեմացուցիչ անվանումն է։ Երբ թշնամիները տարան Բեթավանի հորթի կուռքը, Սամարիայի բնակիչները ողբացին իրենց պաշտամունքի առարկայի կորուստը։ Որքա՜ն անիմաստ է հույս դնել անկենդան կուռքի վրա, որը չի կարող պաշտպանել անգամ իրեն (Սաղմոս 135։15–18; Երեմիա 10։3–5)։
11։1–4. Եհովան միշտ սիրով է վարվում իր ժողովրդի հետ։ Աստծուն հնազանդվելը երբեք ճնշող չէ։
11։8–11; 13։14. Ճշմարիտ երկրպագության վերականգնման մասին Եհովայի ասածը «պարապ ետ չդարձավ նրա մոտ» (Եսայիա 55։11)։ Մ.թ.ա. 537–ին բաբելոնյան գերությունն ավարտվեց, և մի մնացորդ վերադարձավ Երուսաղեմ (Եզրաս 2։1; 3։1–3)։ Այն, ինչ Եհովան ասել է իր մարգարեների միջոցով, անպայման կկատարվի։
12։7. Մենք պետք է վճռականորեն տրամադրված լինենք «ողորմութիւն»՝ սիրառատ բարություն ցուցաբերելու, արդարություն գործադրելու և Եհովային միշտ հուսալու։
13։6. Իսրայելացիները «կշտացան եւ նորանց սիրտը հպարտացաւ. [ահա թե ինչու Եհովային] մոռացան»։ Մենք պետք է ճնշենք մեր մեջ հպարտության ցանկացած հակում։
«ՈՒՂԻՂ ԵՆ ՏԻՐՈՋ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ»
Ովսեեն աղերսում է. «Ետ դարձիր, ով Իսրայէլ, քո Տէր Աստուծուն մօտ. որովհետեւ դու գլորուել ես անօրէնութեան պատճառով»։ Նա հորդորում է, որ ժողովուրդը Եհովային խնդրի. «Ամեն անօրէնութիւն վեր առ, եւ ընդունիր բարութեամբ, եւ մենք պիտի մատուցանենք մեր շրթունքների զուարակները» (Ովսէէ 14։1, 2)։
Իր մեղքի համար զղջացող անհատը պետք է գա դեպի Եհովան, ընդունի նրա ուղիները և գովաբանության զոհեր մատուցի։ Ինչո՞ւ։ Քանի որ «ուղիղ են Տիրոջ ճանապարհները եւ արդարները գնում են նորանցով» (Ովսէէ 14։9)։ Որքա՜ն ենք ուրախանում, որ դեռ շատերը «դողալով [կ]մօտենան Տիրոջը եւ նորա բարութեանը վերջի օրերումը» (Ովսէէ 3։5)։
[նկար 15–րդ էջի վրա]
Ովսեեի ընտանեկան կյանքը պատկերում էր Եհովայի փոխհարաբերությունները Իսրայելի հետ
[նկար 17–րդ էջի վրա]
Մ.թ.ա. 740–ին Սամարիայի անկումով Իսրայելի տասցեղ թագավորությունը դադարեց գոյություն ունենալուց