Եհովայի Խոսքը կենդանի է
Ուշագրավ մտքեր «Յովէլ» և «Ամովս» գրքերից
ՆԱ ԸՆԴԱՄԵՆԸ ասում է, որ ինքը «Փաթուելի որդի Հովելն» է (Յովէլ 1։1)։ Իր անունը կրող գրքում Հովելը ուրիշ բաների մասին գրեթե չի խոսում, բացի իր մարգարեությունից։ Ուստի միայն մոտավոր կարելի է ասել, թե երբ է գրվել մարգարեությունը։ Ըստ ամենայնի, դա եղել է մ.թ.ա. 820–ին. այդ ժամանակ Ոզիան արդեն ինը տարի էր, ինչ Հուդայի թագավոր էր։ Ինչո՞ւ է Հովելն այդքան քիչ խոսում իր մասին։ Հավանական է՝ նա ցանկանում է ընդգծել մարգարեությունը և ոչ թե մարգարեին։
Ոզիայի օրերում մեկ ուրիշ մարգարե էլ կար՝ Ամովսը։ Նա «տավարած էր և մոլաթուզ քաղող [«ծակող», ՆԱ]»։ Ամովսն ապրում էր Հուդայում (Ամովս 7։14)։ Ի տարբերություն Հովելի, որը մարգարեանում էր Հուդայում՝ նա Աստծուց հանձնարարություն ստացավ գնալ հյուսիս՝ Իսրայելի տասցեղ թագավորություն, և այնտեղ մարգարեանալ։ Ամովսի մարգարեության գրությունը ավարտվել է, հավանաբար, մ.թ.ա. 804–ին։ Այդ ժամանակ մարգարեն արդեն վերադարձել էր Հուդա։ Գիրքը գրված է պարզ, բայց պատկերավոր լեզվով։
«ՎԱ՜Յ ԱՅՆ ՕՐԻՆ». ԻՆՉՈ՞Ւ
(Յովէլ 1։1–3։21)
Հովելը տեսիլք է տեսնում. միջատները՝ խառնիճը, մորեխը և երևիլը, մեծ բանակով հարձակվում են։ Նրանք «մի բազմութիւն եւ զօրաւոր ազգ» են, «զորավորներ» (Յովէլ 1։4; 2։2–7)։ «Վա՜յ այն օրին,— հառաչում է Հովելը,— որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. եւ իբրեւ աւերմունք է գալիս Ամենակարողի կողմից» (Յովէլ 1։15)։ Եհովան Սիոնի բնակիչներին հորդորում է. «Դէպի ինձ դարձէք ձեր սրտովը»։ Եթե նրանք այդպես անեն, ապա նա «կողորմի իր ժողովրդին» և կհեռացնի «հիւսիսացուն», այսինքն՝ միջատների հարձակումը։ Եհովայի մեծ օրը դեռ չեկած՝ նա «իր հոգին պիտի թափի ամեն մարմնի վրա» և «նշաններ պիտի տա երկնքում ու երկրի վրա» (Յովէլ 2։12, 18–20, 28–31)։
Ազգերին մարտահրավեր է նետվում. «Ձեր խոփերը սուրեր շինեցէք եւ ձեր յօտոցները՝ նիզակներ». նրանք պետք է պատրաստվեն պատերազմի։ Նրանց հրաման է տրվում «գալ Հովսափատի հովիտը», որտեղ նրանք կդատվեն ու կկործանվեն։ «Բայց Յուդան յաւիտեան պիտի բնակուէ» (Յովէլ 3։10, 12, 20)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
1։15; 2։1, 11, 31; 3։14 — Ի՞նչ է «Տիրոջ օրը»։ Տիրոջ՝ Եհովայի օրը այն ժամանակն է, երբ Աստված դատաստան կտեսնի իր թշնամիների հետ։ Նրանք կկործանվեն, իսկ ճշմարիտ երկրպագուները կփրկվեն։ Օրինակ՝ հենց այդպիսի օր եկավ հին Բաբելոնի վրա մ.թ.ա. 539–ին, երբ մարերն ու պարսիկները գրավեցին այն (Եսայիա 13։1, 6)։ Այդպիսի մեկ օր էլ լինելու է մեր ժամանակներում, երբ Եհովան դատաստան տեսնի «Մեծ Բաբելոնի»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության նկատմամբ (Հայտնություն 18։1–4, 21)։
2։1–10, 28 — Ինչպե՞ս կատարվեց միջատների հարձակման մասին մարգարեությունը։ Բացի «Յովէլ» գրքից, Աստվածաշնչում ուրիշ ոչ մի տեղ չի նշվում, որ այդքան մեծ թվով միջատներ են հարձակվել Քանանի երկրի վրա։ Ըստ ամենայնի, Հովելի մարգարեական նկարագրությունը վերաբերում է մ.թ. 33–ին, երբ Եհովան իր սուրբ ոգին թափեց Քրիստոսի վաղ հետևորդների վրա, և նրանք սկսեցին քարոզել մի այնպիսի բան, որից կեղծ կրոնական առաջնորդները տանջվում էին (Գործեր 2։1, 14–21; 5։27–33)։ Մեզ համար մեծ պատիվ է նման գործ կատարել այսօր։
2։32 — Ի՞նչ է նշանակում «կանչել Եհովայի անունը»։ Եհովայի անունը կանչել նշանակում է իմանալ, ճանաչել այդ անունը, խորապես հարգել այն, ապավինել ու վստահել այդ անունը կրողին (Հռոմեացիներ 10։13, 14)։
3։14 — Ի՞նչ է «Վճռի հովիտը»։ Այն խորհրդանշական վայր է, որտեղ իրագործվում է Աստծու դատավճիռը։ Հուդայի թագավոր Հովսափատի օրոք, որի անունը նշանակում է «Եհովան Դատավոր է», Աստված ազատեց Հուդան հարևան ազգերի ձեռքից՝ խառնաշփոթ առաջացնելով վերջիններիս զորքերի մեջ։ Ուստի այդ վայրը կոչվեց նաև «Հովսափատի հովիտ» (Յովէլ 3։2, 12)։ Իսկ այսօր «Վճռի հովիտը» խորհրդանշում է այն վայրը, որտեղ ազգերը կոխկրտվելու են, ինչպես խաղողը հնձանում (Հայտնություն 19։15)։
Դասեր մեզ համար
1։13, 14. Փրկվելու համար շատ կարևոր է անկեղծորեն զղջալ և ընդունել, որ Եհովան ճշմարիտ Աստվածն է։
2։12, 13. Անկեղծ զղջումը սրտից է բխում։ Դրա համար պետք է «պատռենք մեր սրտերը» և ոչ թե «մեր հանդերձները»։
2։28–32. Միայն նա, «ով որ կանչէ Տիրոջ անունը, կ’փրկուի.... Տիրոջ մեծ եւ ահեղ օրը»։ Որքա՜ն երախտապարտ կարող ենք լինել, որ Եհովան իր ոգին թափում է ամեն մարմնի վրա և թույլ է տալիս, որ երիտասարդ թե տարեց, կին թե տղամարդ մասնակցեն մարգարեանալու գործին, այսինքն՝ հռչակեն «Աստծու մեծամեծ բաները» (Գործեր 2։11)։ Եհովայի օրը մոտենում է, ուրեմն չպե՞տք է արդյոք առատ լինենք «սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով» (2 Պետրոս 3։10–12)։
3։4–8, 19. Հովելը մարգարեացել էր, որ Հուդայի հարևան ազգերը հաշիվ էին տալու Աստծուն նրա ընտրյալ ժողովրդի հետ վատ վերաբերվելու համար։ Ի կատարումն այդ մարգարեության՝ Տյուրոս քաղաքի՝ մայրցամաքում գտնվող հատվածը ավերվեց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի կողմից։ Ավելի ուշ, երբ Ալեքսանդր Մակեդոնացին գրավեց քաղաքի՝ կղզում գտնվող հատվածը, հազարավոր զինվորներ ու հայտնի մարդիկ սպանվեցին, իսկ 30 000 բնակիչներ վաճառվեցին ստրկության։ Ալեքսանդրը և նրա հաջորդները նույն բանը արեցին փղշտացիներին։ Եդովմն ամայի էր արդեն մ.թ.ա. չորրորդ դարում (Մաղաքիա 1։3)։ Այս մարգարեությունների կատարումը զորացնում է մեր հավատը Եհովայի՝ իր խոստումները Կատարողի նկատմամբ։ Դրանք նաև ցույց են տալիս, թե Եհովան ինչպես է վարվելու այն ազգերի հետ, որոնք այսօր հալածում են իր երկրպագուներին։
3։16–21. «Երկինքը ու երկիրը պիտի դողան», և ազգերը կտեսնեն Եհովայի դատաստանը։ «Բայց Տէրը ապաւէն կ’լինի իր ժողովրդի համար» ու նրան կյանք կշնորհի դրախտային պայմաններում։ Չպե՞տք է արդյոք հաստատ վճռենք պահպանել նրա հետ մեր մտերիմ փոխհարաբերությունները, մինչ մոտենում է այն օրը, երբ Եհովան կկործանի չարերին։
«ՊԱՏՐԱՍՏՈՒԻՐ ՔՈ ԱՍՏՈՒԾՈՒՆ ԴԻՄԱՒՈՐԵԼՈՒ»
Ամովսի պատգամն ուղղված է Իսրայելի թշնամի ազգերին, ինչպես նաև Հուդային և Իսրայելին։ Ասորիքին, փղշտացիների երկրին, Տյուրոսին, Եդովմին և Մովաբին կործանում է սպասում, քանի որ նրանք դաժանաբար են վարվել Աստծու ժողովրդի հետ։ Պատժից չեն խուսափի նաև Հուդայի բնակիչները, «որովհետեւ նորանք անարգեցին Տիրոջ օրէնքը» (Ամովս 2։4)։ Իսկ ի՞նչ է սպասում Իսրայելի տասցեղ թագավորությանը։ Նա մեղավոր է, քանի որ աղքատներին ագահաբար հարստահարում է, անբարոյություն է գործում և Աստծու մարգարեներին անարգում է։ Ամովսը զգուշացնում է, որ Եհովան «կպատժի Բեթելի սեղանները» ու «կջարդի ձմեռային տունը և ամառային տունը» (Ամովս 3։14, 15)։
Չնայած պատիժներին՝ կռապաշտ իսրայելացիները համառորեն չեն փոխվում։ Ամովսը Իսրայելին ասում է. «Պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու» (Ամովս 4։12)։ Իսրայելացիների համար Եհովայի օրը նշանակելու է, որ նրանք գերի են գնալու «Դամասկոսից այն կողմ»՝ Ասորեստան (Ամովս 5։27)։ Բեթելի մի քահանա հակառակվում է Ամովսին, բայց մարգարեն չի վախենում նրանից։ «Վերջը եկել է իմ Իսրայէլ ժողովրդի վերայ»,— ասում է Եհովան Ամովսին։ «Ա՛լ անոնց անօրէնութիւնը անտես պիտի չընեմ» (ԱԱ) (Ամովս 8։2)։ Ո՛չ դժոխքը՝ գերեզմանը, ո՛չ էլ բարձր սարերը չեն կարող պաշտպանել նրանց Աստծու դատաստանից (Ամովս 9։2, 3)։ Այդուհանդերձ, Եհովան խոստանում է. «Ես ետ կ’դարձնեմ իմ Իսրայէլ ժողովրդի գերութիւնը, եւ նորանք պիտի շինեն աւերակ քաղաքները, եւ բնակուեն, եւ այգիներ պիտի տնկեն եւ խմեն նորանց գինին, եւ պարտեզներ պիտի շինեն եւ ուտեն նորանց պտուղները» (Ամովս 9։14)։
Սուրբգրային հարցեր և պատասխաններ
4։1 — Ովքե՞ր են «Բասանի էգ երինջները»։ Բասանի բարձրավանդակը, որն ընկած էր Գալիլեայի ծովից արևելք, հայտնի էր ազնվացեղ կենդանիներով՝ այդ թվում նաև կովերով։ Դա պայմանավորված էր նրանով, որ այդ տարածքում հարուստ արոտավայրեր կային։ Ամովսը Սամարիայի պերճասեր կանանց նմանեցրեց Բասանի «էգ երինջներին»՝ կովերին։ Այս կանայք անհագաբար սիրում էին հարստությունը, ուստի ստիպում էին իրենց «տէրերին»՝ ամուսիններին, որ «զրկեն աղքատներին»։
4։6 — Ի՞նչ է նշանակում «ատամների մաքրութիւնը»։ «Հացի կարօտութիւն» արտահայտության հետ օգտագործվելով՝ այն կարող է վերաբերել սովի ժամանակների, երբ ուտելիքի պակասի պատճառով ատամները մաքուր են մնում։
5։5 — Ի՞նչ իմաստով Իսրայելը չպիտի «որոներ Բեթելը»։ Հերոբովամը հորթի պաշտամունք էր հաստատել Բեթելում։ Այդ ժամանակից ի վեր Բեթելը կեղծ երկրպագության կենտրոն էր։ Ըստ ամենայնի, Գաղգաղան ու Բերսաբեեն նույնպես եղել են կեղծ երկրպագության վայրեր։ Կանխագուշակված կործանումից փրկվելու համար իսրայելացիները պետք է դադարեցնեին ուխտագնացությունները դեպի այդ քաղաքներ և սկսեին որոնել Եհովային։
7։1 — Ի՞նչ է նշանակում «թագավորի հունձքը»։ Այս արտահայտությունը, հավանաբար, վերաբերում է այն բանին, որ թագավորը իր ձիավորներին ու կենդանիներին պահելու համար հարկ էր հավաքում։ Այդ հարկը պետք է վճարվեր «յետին խոտի բուսնելու սկզբումը»։ Դրանից հետո մարդիկ կարող էին հնձել իրենց արտերը։ Սակայն նախքան դա մորեխները խժռելու էին իսրայելացիների բերքը մյուս բույսերի հետ միասին։
8։1, 2 — Ի՞նչ էր նշանակում «մի կողով ամառային պտուղը»։ Դա նշանակում էր, որ Եհովայի օրը մոտ է։ Ամառային պտուղը քաղում էին բերքահավաքի, այսինքն՝ հողագործական տարվա վերջում։ Ամովսին ցույց տալով «մի կողով ամառային պտուղ»՝ Եհովան ուզում էր ասել, որ Իսրայելի վերջը մոտ է։ Ահա թե ինչու նա մարգարեին ասաց. «Վերջը եկել է իմ Իսրայէլ ժողովրդի վերայ, այլեւս չեմ անց կենալ միւսանգամ նորա մօտով [«ա՛լ անոնց անօրէնութիւնը անտես պիտի չընեմ», ԱԱ]»։
Դասեր մեզ համար
1։3, 6, 9, 11, 13; 2։1, 4, 6. Եհովան բարկացել էր Իսրայելի, Հուդայի և շրջակա վեց ազգերի վրա։ Դա է պատճառը, որ նա ասաց. «Ետ չեմ դարձնելու»։ Հնարավոր չէ խուսափել Եհովայի դատաստանից (Ամովս 9։2–5)։
2։12. Մենք չպետք է խոսենք այնպիսի բաներ, որոնք կմղեն ռահվիրաներին, շրջագայող վերակացուներին, միսիոներներին կամ Բեթելում ծառայողներին թողնելու լիաժամ ծառայությունը և ապրելու այսպես կոչված նորմալ կյանքով։ Հակառակը՝ պետք է քաջալերենք նրանց շարունակել իրենց եռանդուն ծառայությունը։
3։8. Ինչպես որ մարդը վախով է լցվում առյուծի մռնչոց լսելիս, այնպես էլ Ամովսը իրեն պարտավոր զգաց քարոզելու, երբ լսեց, թե ինչ ասաց Եհովան իրեն. «Գնա մարգարէացիր իմ Իսրայէլ ժողովրդին» (Ամովս 7։15)։ Աստվածավախությունը պետք է մղի մեզ լինելու Թագավորության բարի լուրի եռանդուն քարոզիչներ։
3։13–15; 5։11. Եհովայի օգնությամբ Ամովսը, որ մի խոնարհ հովիվ էր, կարողացավ «վկայել» ունևոր, հետևաբար ինքնագոհ մարդկանց։ Եհովան կարող է նույն ձևով էլ մեզ օգնել, որ Թագավորության բարի լուրը քարոզենք անգամ դժվար տարածքներում։
4։6–11; 5։4, 6, 14. Թեև իսրայելացիները «ետ չէին դառնում» դեպի իրենց Աստվածը, նրանք այսպիսի հորդոր ստացան. «Տիրոջը որոնեցէք եւ կ’ապրիք»։ Մենք պետք է հորդորենք մարդկանց «ետ դառնալու» դեպի Աստված, քանի դեռ նա, համբերատար լինելով, թույլ է տալիս, որ իրերի այս ամբարիշտ համակարգը շարունակի գոյություն ունենալ։
5։18, 19. Անհատի կողմից անմտություն կլինի ցանկանալ «Տիրոջ օրվան», եթե նա պատրաստ չէ այն դիմավորելու։ Այդպիսի մարդը նման է այն անձնավորությանը, ով փախչելով առյուծից՝ հանդիպում է արջի, իսկ արջից փախչելով՝ հանդիպում է օձի, որն էլ խայթում է նրան։ Մենք իմաստուն կլինենք, եթե հոգևորապես «արթուն մնանք» և միշտ պատրաստ լինենք (Ղուկաս 21։36)։
7։12–17. Մենք պետք է քաջ ու անվախ լինենք Աստծու պատգամները հռչակելիս։
9։7–10. Հավատարիմ նահապետների, ինչպես նաև Եգիպտոսի գերությունից ազատվածների հետնորդներ լինելը երաշխիք չէր անհավատարիմ իսրայելացիների համար, որ ունենային Աստծու բարեհաճությունը։ Նրանք, որ Եհովայի ընտրյալ ազգն էին, դարձել էին «եթէովպացիների որդկանց պէս»։ Անաչառ Աստծու բարեհաճությունը վայելելու համար անհրաժեշտ չէ ունենալ ուշագրավ տոհմաբանություն, այլ հարկավոր է «վախենալ նրանից և արդարություն գործել» (Գործեր 10։34, 35)։
Ինչ պետք է անենք
Մոտ է այն օրը, երբ Եհովան դատաստան կտեսնի Սատանայի աշխարհի հետ։ Աստված, իր սուրբ ոգին թափելով իր երկրպագուների վրա, նրանց տալիս է անհրաժեշտ ամեն բան, որ մարդկանց նախազգուշացնեն իր գալիք օրվա մասին։ Ինչ խոսք, մենք պետք է ամեն ջանք անենք, որ օգնենք մարդկանց ճանաչելու Եհովային և «կանչելու նրա անունը» (Յովէլ 2։31, 32)։
«Ատեցէք չարութիւնը եւ սիրեցէք բարին, եւ դռան մէջ հաստատեցէք իրաւունքը»,— հորդորում է Ամովսը (Ամովս 5։15)։ Մինչ Եհովայի օրը մոտենում է, իմաստուն կլինի մտերիմ փոխհարաբերություններ պահպանել Աստծու հետ և հեռու մնալ այս ամբարիշտ աշխարհից, օրինակ՝ ապականող ընկերակցություններից։ Այդ նպատակին հասնելու համար, անշուշտ, մենք պետք է կիրառենք այն ժամանակահարմար խորհուրդները, որ ստանում ենք «Յովէլ» և «Ամովս» գրքերից (Եբրայեցիներ 4։12)։
[նկար 12–րդ էջի վրա]
Հովելը մարգարեցավ. «Մօտ է Տիրոջ օրը»
[նկարներ 15–րդ էջի վրա]
Ամովսի պես՝ մենք պետք է քաջ ու անվախ լինենք Աստծու պատգամները հռչակելիս